ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2019 թվականի N 1666-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 26 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են լիազոր մարմնի կողմից հաշվառված՝ Ադրբեջանից բռնագաղթած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և ժամանակավոր կացարաններում կամ մետաղյա, փայտյա կամ կիսաքարաշեն տնակներում (այսուհետ՝ ոչ հիմնական շինություններում) բնակվող անձանց բնակարաններով ապահովման նպատակով պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) տրամադրման կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 01.12.22 N 1860-Ն)
2. Սույն որոշմամբ նախատեսվող աջակցությունից օգտվելու համար սահմանվում են հետևյալ չափանիշները՝
ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայության (այսուհետ՝ միգրացիոն ծառայություն), իսկ մարզերում նաև մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված, իրենց հատկացված ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում փաստացի բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած՝ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած այն ընտանիքները կարող են օգտվել աջակցությունից, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին (այդ թվում՝ որոնք հաշվառվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից 2003 թվականին, իսկ 2003 թվականի հաշվառման մեջ ընդգրկված չլինելու դեպքում՝ 2005 թվականին և/կամ 2008 թվականին, իսկ մարզերում՝ 2003 թվականի հաշվառման մեջ ընդգրկված չլինելու դեպքում՝ 2005 թվականին) (այսուհետ՝ շահառու) այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն կարգով,
բ. այն անձինք, որոնք բնակարանի գնման վկայագրի տրման պահին թեև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չեն բերել, սակայն ներկայացրել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից անհատական ծածկագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումն ընդունված լինելու վերաբերյալ թերթիկ կամ տեղեկանք, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռք բերելն ընթացքի մեջ գտնվելու փաստը, կարող են ստանալ բնակարանի գնման վկայագիր։ Նշված անձանց բնակարանի գնման վկայագրի հիման վրա սույն կարգի 38-րդ կետով սահմանված հասանելիք դրամական միջոցների 40 տոկոսը կփոխանցվի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուց հետո ընդհանուր կարգով,
գ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետների և 2019-2022 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությամբ՝ հաշվառման պահին իրենց հատկացված ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում փաստացի բնակությունը,
դ. սույն կարգի իմաստով՝ անձանց փաստացի բնակությունը հաստատված է համարվում միգրացիոն ծառայության, իսկ մարզերում նաև մարզպետի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությամբ արձանագրված և անձի կողմից իրեն հատկացված ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում ոչ պակաս, քան վերջին երեք տարիներին` յուրաքանչյուր տարվա ընթացքում 183 օր բնակության փաստով,
ե. աջակցությունից չեն օգտվում այն անձինք, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան (բնակելի տուն), կամ այդ բնակարանը (բնակելի տունը) կամ հանրակացարանային սենյակը օտարել են սույն որոշման ընդունմանը, իսկ մարզերում՝ սույն որոշմամբ հաստատված NN 2 և 3 ձևերին համապատասխան դիմումը մարզպետի աշխատակազմ ներկայացնելու օրվան նախորդող 10 տարվա ընթացքում,
զ. մարզերում շահառու ճանաչված անձինք բնակարան (բնակելի տուն) են ձեռք բերում այն մարզի համայնքներից մեկում, որտեղ հաշվառված են որպես շահառու.
է. աջակցությունից կարող են օգտվել նաև այն անձինք, որոնք չեն հաշվառվել սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետներում, սակայն ունեն բնակելի տուն, որի խարխուլ ու քանդված լինելու պատճառով նրանք բնակվում են ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինությունում։ Ծրագրից միայն կարող են օգտվել սույն ենթակետում նշված այն անձինք, որոնց բնակելի տունը քանդվել է, կամ բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն ենթակա է քանդման։ Բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննությունը պատվիրվում և ներկայացվում է բնակելի տների սեփականատերերի կողմից։
(2-րդ կետը խմբ. 27.05.20 N 866-Ն, 26.11.20 N 1888-Ն, 29.04.21 N 697-Ն, խմբ., փոփ., լրաց. 10.03.22 N 283-Ն, լրաց., փոփ. 01.12.22 N 1860-Ն)
2.1. Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքի կազմը` որպես մեկ միասնական ընտանիք, որոշվում է նույն ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում փաստացի բնակվելու և հետևյալ չափանիշներից առնվազն երկուսի առկայության դեպքում.
ա. ընտանիքի անդամ հանդիսանալը (ամուսիններ, ծնողներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ)՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ անկախ հետագայում ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում տրամադրված սենյակների թվի փոփոխությունից, կամ՝
բ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքների հաշվառման փաստաթղթերում որպես մեկ ընտանիք հաշվառված լինելը՝ անկախ հետագայում ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում տրամադրված սենյակների թվի փոփոխությունից, կամ՝
գ. ընտանիքում չափահաս անդամների առկայության դեպքում՝ համատեղ տնտեսություն վարելը (միասնական խոհանոցից կամ սանհանգույցից օգտվելը կամ համատեղ կոմունալ վճարումներ իրականացնելը):
(2.1-ին կետը լրաց. 26.11.20 N 1888-Ն, խմբ. 29.04.21 N 697-Ն, լրաց. 01.12.22 N 1860-Ն)
3. Վկայագիրն անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պատրաստի բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) ստանալու իրավունքը:
4. Վկայագիրը տրամադրվում է կամավորության սկզբունքով՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո զբաղեցված ժամանակավոր կացարանն ազատելու պայմանով: Այն անձանց դեպքում, ում ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհված են իրենց կողմից, սակայն չունեն առանձին խոհանոց և սանհանգույց, վկայագիրը տրամադրվում է բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում սեփականաշնորհած բնակելի տարածքը պետության, իսկ մարզերում ծրագրի իրականացման ժամանակ՝ համայնքային սեփականությանը հանձնելու պայմանով՝ սույն կարգի 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան: Այն անձանց, որոնք բնակվում են ոչ հիմնական շինություններում կամ ունեն բնակելի տուն, որի խարխուլ ու քանդված լինելու պատճառով նրանք բնակվում են ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում, վկայագիրը տրամադրվում է ոչ հիմնական շինությունները և խարխուլ տները` սահմանված կարգով աջակցությամբ ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) գույքային իրավունքների պետական գրանցումից հետո, շահառուի միջոցներով` քանդելու և տարածքն ազատելու պայմանով։ Ոչ հիմնական շինությունները և խարխուլ տները քանդվում, իսկ տարածքներն ազատվում են աջակցությամբ ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) գույքային իրավունքների պետական գրանցումից հետո: Ոչ հիմնական շինությունները և խարխուլ տները շահառուների կողմից գույքային իրավունքների պետական գրանցումից հետո քանդվում են մեկամսյա ժամկետում։ Նշված ժամկետում շահառուի կողմից քանդման և տարածքի ազատման աշխատանքները չկատարվելու դեպքում դրանք իրականացվում են համապատասխան համայնքապետարանի կողմից՝ նույն ժամկետում։
Եթե ոչ հիմնական շինությունը կամ խարխուլ տունը քանդվում և տարածքն ազատվում է շահառուի կողմից, ապա քանդման արդյունքում առաջացած շինանյութը տնօրինվում է շահառուի կողմից։ Եթե այդ աշխատանքներն իրականացվում են համայնքապետարանի կողմից շինանյութը տնօրինվում է համայնքապետարանի կողմից։
Ընտանիքի որևէ անդամի՝ ծրագրին մասնակցելուց հրաժարվելը կամ սույն ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու պատճառով ծրագրից դուրս մնալն ընտանիքին չի ազատում ժամանակավոր կացարանում իրենց զբաղեցրած սենյակների հանձնման կամ ազատման պարտավորությունից, իսկ ոչ հիմնական շինություններում բնակվող անձանց կամ այն անձանց, որոնք ունեն բնակելի տուն, որի խարխուլ լինելու պատճառով նրանք բնակվում են ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում՝ ոչ հիմնական շինությունները և խարխուլ տները քանդելու և տարածքն ազատելու պարտականությունից:
(4-րդ կետը լրաց. 29.04.21 N 697-Ն, խմբ. 01.12.22 N 1860-Ն)
5. Վկայագիրն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման ու այլ անձի փոխանցման՝ ներառյալ ժառանգման կարգով: Վկայագրի հիման վրա ծագած իրավունքներն ու պարտականությունները վկայագրում նշված անձանց հետ անխզելիորեն կապված իրավունքներ և պարտականություններ են։
(5-րդ կետը լրաց. 26.11.20 N 1888-Ն, խմբ. 29.04.21 N 697-Ն)
6. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանը (բնակելի տունը) պետք է համապատասխանի մշտական բնակության համար սահմանված պահանջներին:
7. Վկայագրում նշվող աջակցության գումարը հանդիսանում է աջակցություն ստացողի և պայմանագրում նշված նրա ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականություն, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը` ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:
(7-րդ կետը լրաց. 29.04.21 N 697-Ն)
8. Վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 2 տարվա ընթացքում չի կարող վաճառվել, նվիրվել, գրավ դրվել (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), օտարվել այլ եղանակով կամ տրվել վարձակալության:
9. Վկայագիրը տրամադրվում է մեկ անգամ, մեկ օրինակից:
10. Վկայագրի կորստի դեպքում վկայագիր ստացած անձի դիմումի հիման վրա միգրացիոն ծառայության կողմից գործն ուսումնասիրելուց հետո տրամադրում է նոր վկայագիր՝ նախորդ վկայագրի գործողության մնացած ժամկետով:
11. Վկայագիր ստացած անձի մահվան դեպքում, պայմանագրում նշված նրա ընտանիքի անդամների դիմումի համաձայն, վկայագիրը կարող է վերաձևակերպվել նշված ընտանիքի այլ անդամի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանիքի անդամի կողմից լիազորված անձի անունով: Այդ դեպքում վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկու ամսով:
(11-րդ կետը խմբ. 29.04.21 N 697-Ն)
11․1. Վկայագիր ստացած մեկ անձից բաղկացած ընտանիքի անդամի մահվան դեպքում վկայագիրը մարվում է, և միգրացիոն ծառայության պետի հետ կնքված պայմանագիրը համարվում է լուծված:
(11.1-ին կետը լրաց. 29.04.21 N 697-Ն)
12. Վկայագիր ստացած անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորելու մեկ այլ անձի իր անունից կատարել բնակարանի (բնակելի տան) գնման գործողությունը:
13. Վկայագիրը ներառում է հետևյալ պարտադիր վավերապայմանները՝
1) վկայագրի թողարկման սերիան և համարը.
2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.
3) վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի անձնագրային տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը.
4) վկայագիր ստացող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) և տրամադրվող աջակցության չափը.
5) վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը:
14. Վկայագրում նշվող աջակցության չափը որոշվում է ըստ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով)՝ Կադաստրի կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ավան վարչական շրջանում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները 1 քառ. մետրի համար:
15. Վկայագիր ստանալուն հավակնող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի սենյակների թիվը որոշվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ բաժնի 4-րդ կետով սահմանված նորմերից:
16. Սույն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված նորմերով աջակցության չափի հաշվարկման ժամանակ հասանելիք բնակարանի (սենյակների թվով) ընդհանուր մակերեսն ընդունվում է՝ մեկ սենյականոց բնակարան` 45 քառ. մետր, երկու սենյականոց բնակարան` 55 քառ. մետր, երեք սենյականոց բնակարան՝ 65 քառ. մետր և չորս սենյականոց բնակարան` 75 քառ. մետր:
17. Վկայագրի միջոցով աջակցությունը ցուցաբերվում է միգրացիոն ծառայության պետի և անձի միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա:
18. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է սույն որոշման 34-րդ կետով սահմանված կարգով վկայագիրն ստանալու պահից 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության՝ բացառությամբ 11-րդ կետում նշված դեպքերի:
(18-րդ կետը լրաց. 29.04.21 N 697-Ն)
18․1. Վկայագիրը ստանալուց հետո դրա շուրջ դատական վեճ առաջանալու դեպքում վկայագրի գործողության ժամկետը կասեցվում է՝ հայցադիմումը վարույթ ընդունելու պահից մինչև դատական ակտի օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտնելը։
(18.1-ին կետը լրաց. 29.04.21 N 697-Ն)
19. Վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) չափը (սենյակների թվով) կարող է պակաս լինի սույն կարգի 15-րդ կետով սահմանված նորմերով անձին հասանելիք բնակարանի չափից (սենյակների թվով), սակայն համապատասխանորեն միայն մեկ սենյակ պակաս:
20. Վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է վկայագիր ստացած անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է վկայագիր ստացած անձի սեփական միջոցների հաշվին:
(20-րդ կետը փոփ. 29.04.21 N 697-Ն)
21. Վկայագրի միջոցով աջակցություն ստացող ընտանիքի համար սույն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված նորմերով մեկից ավելի բնակարան նախատեսված լինելու դեպքում վերջիններիս տրամադրվում են վկայագրեր ըստ բնակարանների քանակի։ Մի քանի բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում աջակցություն ստացող ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է լինել վկայագրերի միջոցով ձեռք բերված բնակարաններից (բնակելի տներից) միայն մեկի համասեփականատեր։ Ըստ յուրաքանչյուր բնակարանի՝ սեփականության իրավունքը որոշվում է ընտանիքի անդամների համաձայնությամբ: Վկայագիր ստացած անձանց ընտանիքների չափահաս անդամների համաձայնության դեպքում 2 վկայագրի միջոցով կարող է գնվել մեկ բնակարան (բնակելի տուն), որի չափը չպետք է պակաս լինի սույն կարգի 19-րդ կետում նշված չափերից:
(21-րդ կետը խմբ. 26.11.20 N 1888-Ն)
22. Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման տարբերակ չընտրվելու դեպքում վկայագիրը մարվում է և միգրացիոն ծառայության պետի կնքված պայմանագիրը համարվում է լուծված:
23. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում վկայագիրը մարվում է, իսկ վկայագիր ստացած անձը դադարում է հանդիսանալ սույն կարգի շրջանակներում շահառու:
(23-րդ կետը փոփ. 27.05.20 N 866-Ն)
24. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը միգրացիոն ծառայությունը ներկայացնում է Կադաստրի կոմիտե:
24.1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքը՝ սույն որոշման հավելվածի 18-րդ կետով և սույն որոշման N 4 ձևով սահմանված բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագրի 2.3.1-ին, 4.1-ին, 4.2-րդ կետերով սահմանված 1 տարի (12 ամիս) ժամկետը երկարաձգել արտակարգ դրության ժամկետով:
(24.1-ին կետը լրաց. 27.05.20 N 866-Ն)
II. ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
25. Միգրացիոն ծառայության կողմից սույն կարգի 2-րդ կետով սահմանված աջակցություն ստանալուն հավակնող անձինք՝ գրավոր ծանուցվում են վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին: Միաժամանակ, միգրացիոն ծառայությունը պարտավոր է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել վկայագրերի տրամադրման գործընթացն սկսելու ժամկետի և վկայագրերի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկություններ:
(25-րդ կետը փոփ. 27.05.20 N 866-Ն)
26. Ծանուցում ստանալուց հետո մեկամսյա ժամկետում շահառուն և նրա ընտանիքի չափահաս անդամները միգրացիոն ծառայություն, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմ են ներկայացնում սույն որոշմամբ հաստատված NN 2 և 3 ձևերին համապատասխան դիմում։
(26-րդ կետը խմբ. 29.04.21 N 697-Ն, լրաց. 10.03.22 N 283-Ն, փոփ. 01.12.22 N 1860-Ն)
27. Դիմումին կից ներկայացվում են դիմողի և նրա ընտանիքի անդամների անձնագրային տվյալները, ժամանակավոր բնակության վայրի մասին տեղեկանքներ: Սույն որոշման 26-րդ կետում նշված ժամկետում վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին գրավոր ցանկություն չհայտնած անձինք համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ, որի վերաբերյալ նշում է կատարվում սույն որոշման 25-րդ կետով սահմանված ծանուցման մեջ:
(27-րդ կետը փոփ. 01.12.22 N 1860-Ն)
27.1. Մարզպետի աշխատակազմը` դիմումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի և կից փաստաթղթերի պատճենները «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկում է միգրացիոն ծառայություն: Դիմումի և կից փաստաթղթերի բնօրինակները միգրացիոն ծառայություն են ներկայացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով:
(27.1-ին կետը լրաց. 10.03.22 N 283-Ն)
28. Միգրացիոն ծառայությունը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու պահից եռօրյա ժամկետում հարցում է կատարում Կադաստրի կոմիտե՝ աջակցություն ստանալուն հավակնող անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության պետական ռեգիստրի միջոցով էլեկտրոնային եղանակով ստուգում է անձնագրային հաշվառման (մշտական բնակության) տվյալները:
(28-րդ կետը խմբ. 26.11.20 N 1888-Ն)
28.1. Միգրացիոն ծառայությունը սույն կարգի 28-րդ կետով սահմանված ժամկետում հարցում է կատարում նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն աջակցություն ստանալուն հավակնող անձանց՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։
(28.1-ին կետը լրաց. 27.05.20 N 866-Ն)
29. Միգրացիոն ծառայությունն ստացված դիմումներից և կից տեղեկատվությունից նվազագույնը 20 գործ ձևավորվելու դեպքում ձևավորված գործերի նախնական ցուցակը, վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց ցուցակների հաստատման վերաբերյալ եզրակացության տրամադրելու նպատակով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից ստեղծված հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կադաստրի կոմիտեի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և միգրացիոն ծառայության մեկական ներկայացուցիչները: Մարզերում հավակնորդ շահառու ճանաչված անձանցից ստացված դիմումների քննարկման դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև համապատասխան մարզի մարզպետի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ:
(29-րդ կետը լրաց. 10.03.22 N 283-Ն)
30. Նախնական ցուցակին կից ներկայացվում են՝
1) աջակցություն ստանալուն հավակնող անձանց կողմից տրված դիմումների և կից փաստաթղթերի պատճենները.
2) աջակցություն ստանալուն հավակնող անձանց անձնագրային հաշվառման (մշտական բնակության) և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Կադաստրի կոմիտեի հետ ճշգրտված տեղեկատվությունը.
3) միգրացիոն ծառայության, իսկ մարզերում՝ միգրացիոն ծառայության և համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությամբ փաստացի բնակության վերաբերյալ տեղեկատվությունը:
(30-րդ կետը փոփ. 27.05.20 N 866-Ն, լրաց. 10.03.22 N 283-Ն)
31. Հանձնաժողովը նախնական ցուցակներում ներառված յուրաքանչյուր գործի վերաբերյալ այն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում քննարկում է և տրամադրում եզրակացություն՝ վկայագիր տրամադրելու վերաբերյալ:
32. Հանձնաժողովի եզրակացությունները խորհրդատվական բնույթի են:
33. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում հաստատում է աջակցություն ստացող անձանց վերջնական ցուցակները, որի հիման վրա միգրացիոն ծառայության կողմից այդ մասին ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ժամկետում գրավոր ծանուցում է անձանց՝ նրանց առաջարկելով միգրացիոն ծառայության պետի հետ կնքել պայմանագիր վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին: Միգրացիոն ծառայությունը վերջնական ցուցակները հաստատվելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է նաև այն անձանց, ովքեր չեն ընդգրկվել վերջնական ցուցակներում։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ վերջնական ցուցակները հաստատելու մասին որոշումը կարող են բողոքարկվել դատական կարգով:
34. Աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք ծանուցումն ստանալուց հետո առավելագույնը մեկամսյա ժամկետում միգրացիոն ծառայության պետի հետ կնքում են վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագիր (ձև N 4): Միգրացիոն ծառայության պետի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ միգրացիոն ծառայության կողմից անձին տրամադրում է նաև վկայագիր՝ եռօրյա ժամկետում:
35. Ծանուցումն ստանալուց հետո սահմանված ժամկետում միգրացիոն ծառայության հետ պայմանագիր չկնքելու դեպքում դիմումատուները համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ:
36. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակն ընտրելուց հետո դիմում է միգրացիոն ծառայություն: Միգրացիոն ծառայությունը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Երևանի քաղաքապետարան, իսկ Երևանում իրականացվող ծրագրի շահառուների կողմից մարզի տարածքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) դեպքում՝ մարզպետի աշխատակազմ, ներկայացնելով ստացված դիմումը՝ ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին հնգօրյա ժամկետում եզրակացություն տալու խնդրանքով: Մարզերում իրականացվող ծրագրի դեպքում՝ վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակն ընտրելուց հետո դիմում է համապատասխան մարզի մարզպետի աշխատակազմ, որը դիմումը ստանալու օրվանից հետո՝ հնգօրյա ժամկետում միգրացիոն ծառայություն է ներկայացնում եզրակացություն՝ բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակի մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին:
(36-րդ կետը լրաց. 27.05.20 N 866-Ն, խմբ. 10.03.22 N 283-Ն)
37. Երևանի քաղաքապետարանի կամ մարզպետի աշխատակազմի կողմից սույն կարգի 36-րդ կետով նախատեսված ժամկետում տրված՝ ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակը սահմանված պահանջներին համապատասխանելու մասին եզրակացությունն ստանալուց հետո՝ վկայագրի միջոցով աջակցություն ստացող ընտանիքի չափահաս անդամները 15-օրյա ժամկետում կնքում են բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր՝ նշելով առուվաճառքի պայմանագրի կողմերին պատկանող բանկային հաշվի վավերապայմանները:
37.1. Երևանում շահառու ճանաչված անձանց կողմից ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի բնօրինակներից մեկը 5-օրյա ժամկետում ներկայացվում է միգրացիոն ծառայություն:
Մարզերում շահառու ճանաչված անձանց կողմից ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի բնօրինակներից մեկը 5-օրյա ժամկետում ներկայացվում է մարզպետի աշխատակազմ: Ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի պատճենը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմի կողմից «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկվում է միգրացիոն ծառայություն: Առուվաճառքի պայմանագրի բնօրինակը միգրացիոն ծառայություն է ներկայացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով:
37.2. Վկայագրում ամրագրված աջակցության չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում՝ կցվում է նաև արժեքի տարբերությունը վկայագրի միջոցով աջակցություն ստացողի սեփական միջոցներից վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցելու մասին բանկի կողմից տրված մուտքի քաղվածքի պատճենը կամ նոտարի նշումն առ այն, որ արժեքի տարբերությունը փոխանցվել է կանխիկ՝ իր ներկայությամբ:
(37-րդ կետը լրաց. 27.05.20 N 866-Ն, փոփ., լրաց. 26.11.20 N 1888-Ն, խմբ. 10.03.22 N 283-Ն)
38. Վկայագրի միջոցով Երևանում շահառու ճանաչված անձի կողմից Երևանում կամ մարզում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գնի վճարումը կատարվում է առուվաճառքի պայմանագիրը միգրացիոն ծառայությանն առձեռն ներկայացվելուց, իսկ մարզում շահառու ճանաչված անձի կողմից ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) դեպքում՝ մարզպետի աշխատակազմից «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով առուվաճառքի պայմանագիրը ստացվելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում, միգրացիոն ծառայության միջոցով կամ միգրացիոն ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարների դեպոզիտ հաշիվներից նոտարների միջոցով` հետևյալ ընթացակարգով՝
1) վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված բանկի միջոցով վաճառողի հաշվեհամարին է փոխանցում վկայագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխան գումարը.
2) վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գինը վկայագրում նշված գումարի 60 տոկոսից ցածր լինելու դեպքում փոխանցվում է առուվաճառքի պայմանագրում վաճառողի կողմից վաճառվող բնակարանի (բնակելի տան) գնի 60 տոկոսին համապատասխան գումարը.
3) վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված բանկի միջոցով վաճառողի հաշվեհամարին է փոխանցվում վկայագրում նշված գումարի 40 տոկոսին համապատասխան գումարը, կամ սույն կետի 2-րդ ենթակետի դեպքում՝ առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 40 տոկոսին համապատասխանող գումարը, եթե վկայագիր ստացած անձը վկայագրում նշված գումարի կամ սույն կետի 2-րդ ենթակետի դեպքում՝ առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխանող գումարը ստանալուց հետո 6 ամսվա, բայց ոչ ուշ, քան սույն որոշման 18-րդ կետում նշված ժամկետի ընթացքում միգրացիոն ծառայություն, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմ է ներկայացնում վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան) ստորագրված հանձնման-ընդունման ակտը և
ա. չսեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում վկայագիր ստացած անձի կողմից զբաղեցված ժամանակավոր կացարանն ազատելու մասին ժամանակավոր կացարանի սեփականատերերի կամ Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանի ղեկավարի կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի, իսկ մարզերի դեպքում՝ համայնքի ղեկավարի կամ մարզպետի կողմից տրված տեղեկանքը, կամ՝
բ. սեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում վկայագիր ստացած անձի կողմից կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու համապատասխան դիմումը Պետական գույքի կառավարման կոմիտե, իսկ մարզերում՝ համայնքին նվիրելու համապատասխան դիմումը համայնքապետարան մուտքագրելու վերաբերյալ տեղեկանքը կամ բնակելի տարածքի նվիրատվության պայմանագիրը.
գ. ոչ հիմնական շինությունների և խարխուլ տների դեպքում՝ դրանք քանդելու և տարածքն ազատելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը ներկայացնելուց հետո: Ոչ հիմնական շինությունները կամ խարխուլ տները ենթակա են քանդման վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո շահառուի կամ համապատասխան համայնքապետարանի կողմից։
(38-րդ կետը փոփ. լրաց. 01.12.22 N 1860-Ն)
38.1. Մարզերում իրականացվող ծրագրի դեպքում՝ վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան) ստորագրված հանձնման-ընդունման ակտի և՝ չսեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում մարզպետի կամ համապատասխան համայնքի ղեկավարի տեղեկանքի, իսկ սեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում նաև վկայագիր ստացած անձի կողմից կացարանը համայնքին նվիրելու համապատասխան դիմումը համայնքապետարան մուտքագրելու վերաբերյալ տեղեկանքի կամ բնակելի տարածքի նվիրատվության պայմանագրի, իսկ ոչ հիմնական շինությունների և խարխուլ տների դեպքում՝ քանդելու և տարածքն ազատելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի պատճենները պատճենները 3 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմի կողմից «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկվում են միգրացիոն ծառայություն:
(38.1-ին կետը փոփ. լրաց. 01.12.22 N 1860-Ն)
38.2. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գինը վկայագրում նշված գումարից ցածր լինելու դեպքում տարբերությունը փոխանցվում է վկայագիր ստացած անձի՝ առուվաճառքի պայմանագրում նշված բանկային հաշվեհամարին կամ հաշվեհամարներին միգրացիոն ծառայության միջոցով կամ միգրացիոն ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարների դեպոզիտ հաշիվներից նոտարների միջոցով՝ սույն կետով սահմանված ընթացակարգին համապատասխան։
(38-րդ կետը խմբ. 26.11.20 N 1888-Ն, 29.04.21 N 697-Ն, 10.03.22 N 283-Ն)
39. Երևան քաղաքում շահառու ճանաչված անձը տրամադրված վկայագրով բնակարան ձեռք բերելու դեպքում Պետական գույքի կառավարման կոմիտե գրավոր դիմում է ներկայացնում իր կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու վերաբերյալ: Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում միգրացիոն ծառայություն է ներկայացնում շահառուի կողմից Պետական գույքի կառավարման կոմիտե մուտքագրված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի պատճենները։ Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմումն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կնքում է այդ կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին պայմանագիր՝ սահմանված կարգով իրականացնելով պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ իր միջոցների հաշվին։
Մարզում շահառու ճանաչված անձը տրամադրված վկայագրով բնակարան ձեռք բերելու դեպքում համապատասխան համայնքապետարան գրավոր դիմում է ներկայացնում իր կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը համայնքին նվիրելու վերաբերյալ։ Համայնքապետարանը դիմումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարան է ներկայացնում շահառուի կողմից համայնքապետարան մուտքագրված դիմումի և կից փաստաթղթերի պատճենները, որոնք ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանը ներկայացնում է միգրացիոն ծառայություն։ Համայնքապետարանը դիմումն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կնքում է այդ կացարանը համայնքին նվիրելու մասին պայմանագիր՝ սահմանված կարգով իրականացնելով պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ իր միջոցների հաշվին։ Համայնքապետարանը գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացն ավարտում է շահառուի հետ պայմանագիր կնքելուց հետո մեկամսյա ժամկետում, որի մասին, գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացն ավարտելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկատվություն է ներկայացնում մարզպետարան, իսկ մարզպետարանը նույն ժամկետում՝ միգրացիոն ծառայություն։
Վկայագիր ստացած անձի կողմից դիմումին կից ներկայացվում են նաև անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի նկատմամբ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, կոմունալ ծախսերի վճարման մասին պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև համապատասխան բնակարանի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները։
(39-րդ կետը լրաց. 27.05.20 N 866-Ն, խմբ. 26.11.20 N 1888-Ն, 29.04.21 N 697-Ն, 10.03.22 N 283-Ն, խմբ. 01.12.22 N 1860-Ն)
40. Միգրացիոն ծառայությունը վկայագրերի տրամադրման գործընթացի և վկայագրերի միջոցով բնակարան ձեռք բերած անձանց մասին ամենամսյա տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն: Մարզպետների աշխատակազմը՝ մարզերում վկայագրերի տրամադրման գործընթացի և վկայագրերի միջոցով բնակարան ձեռք բերած անձանց մասին ամենամսյա տեղեկատվությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը, ներկայացնում են միգրացիոն ծառայություն, որն ամփոփում է ստացված տեղեկատվությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(40-րդ կետը լրաց. 10.03.22 N 283-Ն)
III. ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
41. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկություն հայտնելու դեպքում դիմում է միգրացիոն ծառայություն, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմ, իր դիմումի համաձայն հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկմանը միջնորդելու խնդրանքով։ Մարզպետի աշխատակազմը՝ վկայագիր ստացած անձի ներկայացրած հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկմանը միջնորդելու վերաբերյալ դիմումի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկում է միգրացիոն ծառայություն: Դիմումի բնօրինակը միգրացիոն ծառայություն է ներկայացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով:
(41-րդ կետը խմբ. 29.04.21 N 697-Ն, 10.03.22 N 283-Ն)
42. Միգրացիոն ծառայությունը` վկայագիր ստացած անձի դիմումի համաձայն և Երևան քաղաքում՝ քաղաքապետարանի, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմի կողմից տրված դրական եզրակացության դեպքում (36-րդ կետ) դիմողի կողմից ընտրված բանկին է ներկայացնում ստացված դիմումը և միջնորդագիր-գրություն վկայագրում նշված աջակցության չափը որպես կանխավճար վաճառողի բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ` բանկի կողմից դիմողին վարկ տրամադրելու մասին ընդունված որոշման հիման վրա անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր կնքելու դեպքում:
(42-րդ կետը խմբ. 10.03.22 N 283-Ն)
43. Բանկը, միգրացիոն ծառայության միջնորդությունն ստանալով, սահմանված կարգով ուսումնասիրում է դիմողի վճարունակության պայմանները դրանք բանկի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, և ուսումնասիրության արդյունքները դրական լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է միգրացիոն ծառայություն և դիմողին վարկ տրամադրելու ընդունված որոշման մասին, իսկ ուսումնասիրության արդյունքները բացասական լինելու դեպքում տեղեկացնում է վարկի տրամադրման մերժման վերաբերյալ:
44. Վկայագիր ստացած անձը բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի բնօրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է միգրացիոն ծառայություն, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմ, նշելով բանկային վավերապայմանները:
44.1. Մարզպետի աշխատակազմը՝ բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի պատճենները 3 աշխատանքային օրվա ընթացքում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկում է միգրացիոն ծառայություն: Փաստաթղթերի բնօրինակները միգրացիոն ծառայություն են ներկայացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով:
44.2. Համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում միգրացիոն ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն, նոտարների դեպոզիտ հաշիվներից, նոտարների միջոցով կամ միգրացիոն ծառայության միջոցով, պայմանագրերում նշված հաշվեհամարին է փոխանցում վարկառուի վկայագրում նշված աջակցության չափին համապատասխանող գումարը՝ 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան:
(44-րդ կետը խմբ. 29.04.21 N 697-Ն, 10.03.22 N 283-Ն)
IV. ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
45. Միգրացիոն ծառայությունն իրականացնում է՝
1) մամուլում և զանգվածային լրատվության այլ մյուս միջոցներով վկայագրերի տրամադրման գործընթացն սկսելու ժամկետի և վկայագրերի տրամադրման պայմանների հրապարակումը.
2) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց վերաբերող` ներկայացված փաստաթղթերի և աջակցության տրամադրման պայմանների համապատասխանության ստուգումը.
3) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկումը.
4) միգրացիոն ծառայությունը գրանցման մատյաններում (N 1 ձև) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց անձնական գործերի գրանցումը.
5) վճարման հայտի կազմումն ու ներկայացումը նոտարներին կամ ֆինանսների նախարարությանը։
(45-րդ կետը խմբ. 29.04.21 N 697-Ն)
46. Վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու համար աջակցության տրամադրման աշխատանքները կազմակերպվում է միգրացիոն ծառայության պետի կողմից ստեղծված աջակցող աշխատանքային խմբի միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Ձև N 1
ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
——————————————————————————————————
(քաղ. Երևան)
NN ը/կ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձը հաստատող փաստա-թղթի տվյալները |
Նախկինում զբաղեցված բնակարանի սենյակների թիվը |
Աջակցության տրամադրման պահին ընտանիքի հաշվառված անձանց թիվը |
Ընդունված որոշման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Հասանելիք բնակարանի սենյակների թիվը |
Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը |
Ծանո-թագրու-թյուն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ձև N 2
ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
-----------------------------------------------------------
(անունը, ազգանունը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտնում եմ Ձեզ, որ հանդիսանում եմ Ադրբեջանից բռնագաղթած անձ
___________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
___________________________________________________________________________________
(հաշվառման հասցեն)
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
(ընտանիքի անդամների կազմը և հաշվառման հասցեն)
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իմ և ընտանիքիս անդամների անվամբ առկա չէ սեփականության իրավունքով բնակելի տարածություն (կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեմ սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որի պայմաններից ելնելով, սակայն, համապատասխանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին), խնդրում եմ սահմանված կարգով ընդգրկել բնակարանների գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացողների ցուցակում:
3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
Դիմող |
_____________________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը) |
___ __________ 2022 թ. |
(ձևը փոփ. 29.04.21 N 697-Ն, 10.03.22 N 283-Ն)
Ձև N 3
Ընտանիքի անդամների համաձայնությունը
Մենք՝
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
_________________________________________________________________________
ընտանիքի անդամների կազմը
Սույն փաստաթղթով համաձայնում ենք՝
1) բնակարանների գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացողների ցուցակում սահմանված կարգով ընդգրկվելուն.
2) ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N-1666-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին.
3) վերը նշված որոշմամբ սահմանված կարգով կատարել մեզ վերաբերող պարտականությունները և գործողությունները՝ չխոչընդոտելով ընթացակարգի արագ ու արդյունավետ իրականացմանը։
________________________________________ ___ __________ 2022 թ.
________________________________________ ___ __________ 2022 թ.
________________________________________ ___ __________ 2022 թ.
________________________________________ ___ __________ 2022 թ.
________________________________________ ___ __________ 2022 թ.
________________________________________ ___ __________ 2022 թ.
________________________________________ ___ __________ 2022 թ.
________________________________________ ___ __________ 2022 թ.
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
(ձևը փոփ., խմբ. 29.04.21 N 697-Ն, փոփ. 01.12.22 N 1860-Ն)
Ձև N 4
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N -----
ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
քաղ. Երևան |
---- ---------------2022 թ. |
Միգրացիոն ծառայությունը, ի դեմս ծառայության պետ |
_____________________-ի, մի կողմից, և (անունը, հայրանունը, ազգանունը) |
Ադրբեջանից բռնագաղթած անձ
_______________________________________________________________________________________ը
(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
(այսուհետ` շահառու) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը՝ հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Ծառայությունը շահառուի բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարանի գնման վկայագրի միջոցով շահառուին (ընտանիքի անդամների թիվ՝ _____ անձ) տրամադրում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն` ______________________________ դրամ:
(գումարի չափը՝ թվերով և բառերով)
(1.1-ին կետը լրաց. 01.12.22 N 1860-Ն)
1.2. Բնակարանի գնման վկայագրում նշվող աջակցության գումարը հանդիսանում է աջակցություն ստացողի և նրա ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականություն, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը` ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:
2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
2.1. Ծառայությունը պարտավոր է՝
2.1.1. շահառուին տրամադրել բնակարանի գնման վկայագիր.
2.1.2. շահառուի (ընտանիքի անդամների) կողմից նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը (առանձին դեպքերում՝ նաև հիփոթեքի պայմանագիրը) ծառայություն ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման հավելվածի 38-րդ կետով սահմանված կարգով կատարել համապատասխան վճարումները։
2.2. Ծառայությունն իրավունք ունի՝
2.2.1. շահառուից պահանջելու ստորագրել պարտավորագիր այն մասին, որ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու դեպքում, անկախ հետագայում բնակարանային պայմանների վատթարացման պատճառից, շահառուն չի կարող ծառայությանը ներկայացնել բնակարանային պայմանների բարելավման պահանջ:
2.3. Շահառուն պարտավոր է՝
2.3.1. բնակարանի գնման վկայագիրն ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում գնել բնակարան (բնակելի տուն) և առուվաճառքի պայմանագիրը ներկայացնել ծառայություն, իսկ այդ ժամկետի ընթացքում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում` ժամկետի ավարտից հետո բնակարանի գնման մարված վկայագիրը վերադարձնել ծառայությանը.
2.3.2. սույն պայմանագրով սահմանված գումարից ավելի բարձր գին ունեցող բնակարան ձեռք բերելու դեպքում գնի տարբերությունը լրացնել իր միջոցների հաշվին.
2.3.3. վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 2 տարվա ընթացքում չվաճառել, չնվիրել, գրավ չդնել (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), չօտարվել այլ եղանակով կամ չտրամադրել վարձակալության: Սույն կետի խախտմամբ կնքված պայմանագրերն անվավեր են:
2.3.4. Բնակարանի գնման վկայագիրը ստանալուց հետո դեռևս ՀՀ քաղաքացիություն չունենալու դեպքում ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն մինչև սահմանված կարգով բնակարանի գնման վկայագրի հիման վրա դրամական միջոցների փոխանցումը.
2.3.5. Առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխանող գումարն ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահառուին տրամադրված բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետի ավարտը, ազատել զբաղեցված ժամանակավոր կացարանը։ Ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհած լինելու դեպքում նույն ժամկետներում սեփականաշնորհած բնակելի տարածքը պետության, իսկ մարզերում՝ համայնքային սեփականությանը հանձնել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման հավելվածի 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան։ Ոչ հիմնական շինությունների կամ խարխուլ տների դեպքում՝ քանդել դրանք և ազատել տարածքը վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում։ Նշված ժամկետում շահառուի կողմից քանդման և տարածքի ազատման աշխատանքները չկատարվելու դեպքում դրանք իրականացվում են համապատասխան համայնքապետարանի կողմից՝ նույն ժամկետում։
Եթե ոչ հիմնական շինությունը կամ խարխուլ տունը քանդվում և տարածքն ազատվում է շահառուի կողմից, ապա քանդման արդյունքում առաջացած շինանյութը տնօրինվում է շահառուի կողմից։ Եթե այդ աշխատանքներն իրականացվում են համայնքապետարանի կողմից շինանյութը տնօրինվում է համայնքապետարանի կողմից։
(2.3.5-րդ կետը խմբ. 01.12.22 N 1860-Ն)
2.4. Շահառուն իրավունք ունի՝
2.4.1. նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը (առանձին դեպքերում՝ նաև հիփոթեքի պայմանագիրը) և 38-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը ծառայություն ներկայացնելուց հետո պահանջելու ծառայությունից կատարելու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարումները:
(2.4.1-ին կետը լրաց. 29.04.21 N 697-Ն)
3. Վեճերի լուծումը և պայմանագրի կնքումը
3.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:
3.2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ:
4. Եզրափակիչ և այլ դրույթներ
4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է 12 ամիս ժամկետով:
4.2. Սույն պայմանագրի համաձայն շահառուի կողմից բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու ժամկետը սահմանվում է 12 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:
4.3. Սույն պայմանագրի 4.2-րդ կետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում բնակարանի գնման վկայագիրը մարվում է, և սույն պայմանագիրը համարվում է լուծված:
(ձևը լրաց. 27.05.20 N 866-Ն, փոփ. 26.11.20 N 1888-Ն, փոփ., լրաց. 29.04.21 N 697-Ն, փոփ. 10.03.22 N 283-Ն, փոփ. 01.12.22 N 1860-Ն, լրաց., խմբ. 01.12.22 N 1860-Ն)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 27.05.20 N 866-Ն, 26.11.20 N 1888-Ն, 29.04.21 N 697-Ն, 10.03.22 N 283-Ն, լրաց., փոփ., խմբ. 01.12.22 N 1860-Ն)