Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2006
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 3-2440 (ՎԴ)

Քաղաքացիական գործ թիվ 06-2811
2006 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան
Դատավորներ՝

Գ. Մատինյան

Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

 

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2006 թվականի դեկտեմբերի 21-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 06-2811 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Լևոն Ղազարյանի դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 18.11.2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2453-Ա որոշման 3-րդ կետի պահանջը կատարելու, Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի թիվ 14 շենքի մոտ գտնվող 51,9 քմ ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Լևոն Ղազարյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանմանը (այսուհետ նաև` Կադաստր) կատարել Երևանի քաղաքապետի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2453-Ա որոշման 3-րդ կետի պահանջը, ինչպես նաև գրանցել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի թիվ 14 շենքի մոտ գտնվող 51,9 քմ ավտոտնակի նկատմամբ:

Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 17-ի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 28-ի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը չի կիրառել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի, 11-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 936-Ա որոշման պահանջները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի ա) ենթակետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Երևանի քաղաքապետի թիվ 268-Ա որոշումը, ըստ որի մերժվել է ինքնակամ շինությունը օրինական ճանաչելու վերաբերյալ Լևոն Ղազարյանի դիմումը, կայացվել է 2005 թվականի փետրվարի 21-ին, այսինքն՝ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետում: Այնուհետև, Երևանի քաղաքապետի մեկ այլ, 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2453-Ա որոշմամբ փոփոխություն է կատարվել վերը նշված թիվ 268-Ա որոշման մեջ. ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է սեփականության իրավունքը, իսկ հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով:

Ըստ բողոք բերած անձի` տվյալ դեպքում ոչ թե փոփոխություն է կատարվել օրենքի գործողության ժամկետում կայացված թիվ 268-Ա որոշման մեջ, այլ Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է նոր որոշում «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետի ավարտից հետո՝ 2005 թվականի նոյեմբերի 18-ին:

ՀՀ վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 936-Ա որոշմամբ իրավունքի գրանցման օրենքով նախատեսված ժամկետը ավարտվել է 2006 թվականի մարտի 1-ին: Այսպիսով, Երևանի քաղաքապետի կողմից օրինականացման մասին որոշում կարող էր կայացվել մինչև 2005 թվականի ապրիլի 22-ը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման մինչև 2006 թվականի մարտի 1-ը, որից բխում է, որ Երևանի քաղաքապետի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2453-Ա որոշման հիման վրա իրավունքների պետական գրանցում կատարելը կհակասի ՀՀ օրենսդրության պահանջներին:

2) Դատարանը սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի ա) ենթակետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի ա) ենթակետի իրավունքների պետական գրանցում կատարելը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան: Տվյալ դեպքում Երևանի քաղաքապետի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2493-Ա որոշմամբ խախտվում են ՀՀ օրենսդրության պահանջները:

3) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված պայմաններին բավարարող շենքերի, շինությունների նկատմամբ օրենքի գործողության ժամկետում իրավունքները չգրանցելու դեպքում դրանց հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված է այդ կառույցը: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետական կամ համայնքային սեփականության իրավունքը: Ըստ բողոք բերած անձի` դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վեճի առարկա հանդիսացող ինքնակամ շինությունները, չգրանցվելով օրենքի գործողության ժամկետում, համարվում են պետական սեփականություն:

 

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 28-ի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո քաղաքացի Լևոն Ղազարյանը Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի թիվ 14 շենքի մոտ տարիներ առաջ իր կողմից կառուցված ավտոտնակի սեփականաշնորհման համար դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանմանը:

2) Երևանի քաղաքապետի 2005 թվականի փետրվարի 21-ի թիվ 268-Ա որոշման համաձայն` մերժվել է Լևոն Ղազարյանի դիմումը. մայթը փակելու պատճառով չճանաչել ինքնակամ շինության՝ 69,3 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը:

3) «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի կարգավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Երևանի քաղաքապետի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2453-Ա որոշման 3-րդ կետի համաձայն` ճանաչվել է Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի 14-րդ շենքի մոտ տեղակայված՝ 51,9 քմ շինության նկատմամբ Լևոն Ղազարյանի սեփականության իրավունքը (17,4 քմ շինությունը մեկամսյա ժամկետում քանդելու պայմանով), զբաղեցրած 51,9 քմ հողատարածքը տրամադրվել է վարձակալության 5 տարի ժամկետով:

4) 2005 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետի կողմից լիազորված՝ Նոր Նորք թաղային համայնքի ղեկավար Դ.Պետրոսյանի և Լևոն Ղազարյանի միջև կնքվել է վերը նշված ինքնակամ կառուցված ավտոտնակով զբաղեցված 51,9 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր:

5) 2006 թվականի հունվարի 11-ին վերը նշված պայմանագիրը ստացել է նոտարական վավերացում:

6) 2006 թվականի հունվարի 11-ին Լևոն Ղազարյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանմանը նշված ավտոտնակի նկատմամբ Երևանի քաղաքապետի որոշումից և հողամասի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու վերաբերյալ դիմումով:

7) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման կողմից 2006 թվականի հունվարի 13-ին մերժվել է Լևոն Ղազարյանի դիմումը` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի «ա» կետի պահանջների համաձայն, գրանցման համար ներկայացված փաստաթղթերն օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան կազմված լինելու պատճառաբանությամբ, այն է` «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով Երևանի քաղաքապետի կողմից որոշում կայացնելու ժամկետ է սահմանվել մինչև 2005 թվականի օգոստոսի 22-ը, սակայն Լ.Ղազարյանի կողմից ներկայացված Երևանի քաղաքապետի որոշումը կայացվել է 2005 թվականի նոյեմբերի 18-ին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքերի բավարարման կամ մերժման համար Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ իրավական հարցին.

Արդյո՞ք Կադաստրը իրավունք ունի մերժելու վարչական ակտերի հիման վրա ծագած անձանց իրավունքների պետական գրանցումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի հիմքով:

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

ՀՀ Սահմանադրության համաձայն` իրավական պետությունում պետական մարմինների գործունեության հիմնարար սկզբունքներ են հանդիսանում` ի թիվս այլ սկզբունքների.

- պետության uահմանափակված լինելը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպեu անմիջականորեն գործող իրավունք,

- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավաuությունը կատարելու միայն այնպիuի գործողություններ, որոնց համար լիազորված են Uահմանադրությամբ կամ oրենքներով.

- անձանց ազատությունը այնպիսի պարտականություններից, որոնք uահմանված չեն oրենքով:

Վերոգրյալ սահմանադրական սկզբունքների կիրառման, անձանց և պետական մարմինների օրենքներով ամրագրված իրավունքների ու պարտականությունների ներքոշարադրյալ վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

 

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Սույն վեճի հիմք հանդիսացող Երևանի քաղաքապետի որոշումը վարչական ակտ է, որով ճանաչվել է Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի 14-րդ շենքի մոտ տեղակայված՝ 51,9 քմ շինության նկատմամբ Լևոն Ղազարյանի սեփականության իրավունքը, և զբաղեցրած 51,9 քմ հողատարածքը տրամադրվել է վարձակալության 5 տարի ժամկետով:

Սույն քաղաքացիական գործով նշված վարչական ակտը չի վիճարկվում, չի հաստատվել դրա առոչինչ լինելը, չի ճանաչվել ոչ իրավաչափ` անվավեր, չի կորցրել իր ուժը, հետևաբար յուրաքանչյուր ոք, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետի որոշումն ընդունվել է Uահմանադրությամբ կամ oրենքներով իր լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ Երևանի քաղաքապետի որոշումը իրավաչափ է, և որևէ անձ, մասնավորապես, պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ ակտի իրավաչափությունը:

Նշված պատճառաբանությամբ հիմնավոր չեն դատարանի կողմից «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների սխալ մեկնաբանման և ՀՀ վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 936-Ա որոշման պահանջները չկիրառելու մասին բողոքում նշված պատճառաբանությունները:

 

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են oրենքով ու այլ իրավական ակտերով նախատեuված հիմքերից, մասնավորապես` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք oրենքով նախատեuված են որպեu քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք:

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի և Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա (պետական մարմնի ակտով) ծագել են Լևոն Ղազարյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի 14-րդ շենքի մոտ տեղակայված՝ 51,9 քմ շինության նկատմամբ և վարձակալության իրավունքը այդ շինությամբ զբաղեցրած 51,9 քմ հողատարածքի նկատմամբ 5 տարի ժամկետով:

Հետևաբար, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի ուժով` Հայաստանի Հանրապետությունը uահմանափակված է Լևոն Ղազարյանի վերը նշված իրավունքներով (այդ թվում նաև` սեփականության)` որպեu անմիջականորեն գործող իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

Երևանի քաղաքապետարանի որոշումից ծագած Լևոն Ղազարյանի գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` oրենքի դրույթները տարածվում են պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ իրավունքների և uահմանափակումների վրա` անկախ uեփականության ձևից:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն՝

ա) չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան,

բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը,

գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:

Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում՝ աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

Տվյալ դեպքում Կադաստրը միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով չնախատեսված պարտականություններ:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով oրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաuտը:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված պետական գրանցման մերժման հիմքը, այն է՝ գրանցման համար ներկայացված փաստաթղթերն օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան կազմված լինելը, պետք է մեկնաբանվի արտահայտության և դրանում պարունակվող բառերի տառացի նշանակությամբ՝ չփոփոխելով դրա իմաստը, չնեղացնելով կամ չընդլայնելով այն: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրանցման համար ներկայացված փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգին համապատասխան կազմված լինելու հանգամանքի ստուգումը պետք է հանգի փաստաթղթերի կազմի, դրանցից յուրաքանչյուրի ձևի և բովանդակության խնդիրներին, այլ ոչ թե այդ փաստաթղթերի հետ չառնչվող այլ փաստաթղթերի ուսումնասիրությանը, այդ փաստաթղթերից զատ այլ փաստաթղթեր ներկայացնելու պահանջին, որևէ սուբյեկտի՝ օրենքով չնախատեսված կարծիքին կամ եզրակացությանը հղելուն կամ որևէ սուբյեկտի (այդ թվում նաև՝ այլ վարչական մարմնի) իրավասության խնդիրներին:

Սույն գործով Լևոն Ղազարյանի՝ ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի և հողամասի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքի գրանցման մերժման համար, հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի «ա» կետը, Կադաստրն իր մերժումը հիմնավորել է գրանցման համար ներկայացված փաստաթղթերն օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան կազմված լինելու հանգամանքով: Որպես նշված փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան կազմված լինելու փաստարկ Կադաստրը նշել է, որ Երևանի քաղաքապետի որոշումը կայացվել է օրենքով սահմանված ժամկետից ուշ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման կողմից կայացվել է վարչական ակտ, որը որևէ կապ չունի Լևոն Ղազարյանի իրավունքների կամ պարտականությունների հետ:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, քան նրանց, որոնք սահմանված են այդ օրենքով, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մերժումը պետք է լինի oրենքի կամ նորմատիվային ակտի խախտման պարտադիր նշումներով:

Տվյալ դեպքում օրենսդիրն ի նկատի ունի դիմողի կողմից oրենքի կամ նորմատիվային ակտի խախտումը, և որևէ ձևով այն չի կարող այլ կերպ մեկնաբանվել: Ավելին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն (վարչական ակտի որոշակիությունը)` վարչական ակտը պետք է ձևակերպվի հuտակ և հաuկանալի: Վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպեu, որ դրա հաuցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է uահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լևոն Ղազարյանի կողմից որևէ օրենք կամ նորմատիվ ակտ չի խախտվել:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի գ) և դ) կետերի համաձայն` առոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մաuնավորապեu` հետևյալ ակնառու կոպիտ uխալները. ակտից հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում, և ակտով դրա հաuցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն:

Տվյալ դեպքում անձը, ստանալով իրեն վերագրվող վարչական ակտը, որպես հիմնավորում տեսել է այլ պետական մարմնի կողմից օրենքի հնարավոր խախտման մասին պատճառաբանություններ:

Կադաստրի կողմից կայացված վարչական ակտից հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում այն: Միաժամանակ, ակտով դրա հաuցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն: Հետևաբար, Լևոն Ղազարյանի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մերժման մասին Կադաստրի կողմից կայացված վարչական ակտն առոչինչ է:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` վավերացված միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում: Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք:

Սույն գործով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում Կադաստրը խախտել է Լևոն Ղազարյանի՝ ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով երաշխավորված իրավունքը:

 

3) բողոքը երրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնները տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն, քանի որ Լ.Ղազարյանի վերաբերյալ կայացված վարչական ակտերը կայացվել են «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հիման վրա:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 28-ի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան