Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.06.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1653/02/18

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1653/02/18

Նախագահող դատավոր՝  Կ Համբարձումյան

Դատավորներ՝

 ՆՄարգարյան

 Հ. Ենոքյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հակոբ Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2021 թվականի որոշման դեմ ըստ հայցի Սյուզաննա Բադոյանի ընդդեմ Հակոբ Ավագյանի՝ երեխայի սերման փաստը հաստատելու և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Սյուզաննա Բադոյանը պահանջել է հաստատել երեխայի սերման փաստը, ինչպես նաև իր խնամքին գտնվող երեխայի օգտին Հակոբ Ավագյանից բռնագանձել ալիմենտ՝ յուրաքանչյուր ամիս 100.000 ՀՀ դրամի չափով, մինչև երեխայի չափահաս դառնալը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյան) (այսուհետ` Դատարան) 08.02.2021 թվականի վճռով Հակոբ Ավագյանը ճանաչվել է երեխայի կենսաբանական հայրը, իսկ ալիմենտի բռնագանձման պահանջը բավարարվել է մասնակիորեն՝ կայուն դրամական գումարով՝ ամսական 25.000 ՀՀ դրամի չափով՝ սկսած 23.10.2018 թվականից մինչև երեխայի չափահաս դառնալը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.10.2021 թվականի որոշմամբ Սյուզաննա Բադոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 08.02.2021 թվականի վճիռը ալիմենտի բռնագանձման մասով բեկանվել և փոփոխվել է՝ Հակոբ Ավագյանից բռնագանձվել է ալիմենտ` կայուն դրամական գումարով` յուրաքանչյուր ամիս 100.000 ՀՀ դրամի չափով (դատավոր Ն. Մարգարյանը շարադրել է հատուկ կարծիք):

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Ավագյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 62-րդ, 66-րդ, 378-րդ, 379-րդ, 380-րդ, 381-րդ հոդվածները, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ, 95-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բողոքի քննության փուլում հայցվորի կողմից ընդունել է ապացույց պատասխանողի գործունեության վերաբերյալ, և որպես Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ նշել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջի տվյալն այն մասին, որ Հակոբ Ավագյանը 05.09.2019 թվականից զբաղեցնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից 17.11.2020 թվականին հրավիրված դատական նիստում կատարվել է ապացուցման բեռի բաշխում, որի համաձայն հայցվորը կրել է իր կողմից պահանջվող ալիմենտի գումարի չափի վերաբերյալ հաշվարկ և հիմնավորումներ ներկայացնելու պարտականություն, սակայն այդպիսիք հայցվորի կողմից չեն ներկայացվել, ավելին, որևէ փաստարկ ապացույց ձեռք բերելու անհնարինության կամ միջնորդություն պատասխանողից ապացույց պահանջելու վերաբերյալ, ինչպես նաև ապացույց պահանջելու մասին միջնորդություն Դատարանին չի ներկայացվել և գործում առկա չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքում բարձրացվող հարցերը՝ պատասխանողի պետական պաշտոն զբաղեցնելու և ձեռք բերվող եկամտի վերաբերյալ, քննարկման առարկա չեն դարձել առաջին ատյանի դատարանում, չեն ներկայացվել հայցվորի կողմից, ուստի տվյալ դեպքում այդ հարցերը չեն կարող քննարկման առարկա դառնալ Վերաքննիչ դատարանում:

Վերաքննիչ դատարանը, որպես ալիմենտի բռնագանձման պահ, նշել է 23.10.2018 թվականը, որպես հայցվորի կողմից դատարան դիմելու պահ, հաշվի չառնելով, որ գործի փաստերի համաձայն` ալիմենտի պահանջով հայցադիմումի լրացումը հայցվոր Սյուզաննա Բադոյանը ներկայացրել է Դատարանին 10.06.2019 թվականին, իսկ պատասխանողը պետական պաշտոն զբաղեցրել է 2019 թվականի սեպտեմբեր ամսին:

Վերաքննիչ դատարանը կատարել է բողոքի և գործի մակերեսային քննություն, ուսումնասիրության չի ենթարկել գործում առկա փաստաթղթերը, կողմերի դիրքորոշումները, ապացուցման պարտականության բաշխումից հետո հայցվորի վկայակոչած և այդ կապակցությամբ ներկայացված փաստարկներն ու ապացույցները: Վերաքննության փուլում, կողմից ընդունելով ապացույց, անգամ չի անդրադարձել այն ներկայացնելու իրավունք ունենալու հնարավորությանը վերադաս ատյանում, որևէ գնահատական չի տվել դրան:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 04.10.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.02.2021 թվականի վճռին, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Հայցվորի կողմից Վերաքննիչ դատարան նոր ապացույց չի ներկայացվել, հիշատակվել են միայն այն ապացույցները, որոնց մասին տեղեկություն է տրամադրել պատասխանողը և որոնց Դատարանը չի անդրադարձել և գնահատել:

Պատասխանողը գրավոր հայտնել է, որ ինքը պետական պաշտոնյա է, ինչով էլ փաստել է, որ ունի աշխատանք և եկամուտ, իսկ պետական պաշտոնյաների եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունն առկա է հայտարարագրերի ռեեստրում:

Դատարանի կողմից սահմանված ալիմենտի բռնագանձման պահի մասով պատասխանողի կողմից վերաքննիչ բողոք չի ներկայացվել, ուստի վերջինս զրկված է վճռաբեկ բողոքի շրջանակներում մատնանշել նշված փաստը:

Հայցվորի կողմից վերաքննիչ բողոքում որպես դատավարական իրավունքի նորմի խախտման փաստ նշվել է այն հանգամանքը, որ Դատարանը չի իրականացրել ապացուցման բեռի բաշխում, իսկ պատասխանողի կողմից մատնանշված հոդվածների խախտում Դատարանը թույլ չի տվել, նշված հոդվածներով պահանջվող փաստեր գործում առկա չեն, Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է և իրավաչափ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 29.08.2017 թվականին տրված թիվ ԱԲ 580281 ծննդյան վկայականի համաձայն՝ Միքայել Հակոբ Բադոյանը ծնվել է 23.08.2017 թվականին, որի վերաբերյալ 29.08.2017 թվականին կատարվել է թիվ 273 գրանցումը, «Մայրը» տողում նշված է Սյուզաննա Միշա Բադոյան, «Հայրը» տողում նշված է Հակոբ Բադոյան (հատոր 1-ին, գ.թ. 10).

2. ՀՀ Առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործական կենտրոնի թիվ 217 փորձագետի եզրակացության համաձայն՝ դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել Հակոբ Սերյոժայի Ավագյանի և Միքայել Հակոբի Բադոյանի արյան նմուշները և հանգել այն հետևության, որ մոլեկուլային գենետիկական հայրության հաստատման փորձաքննությունը ցույց է տվել, որ Հակոբ Սերյոժայի Ավագյանին և Միքայել Հակոբի Բադոյանին բնորոշ ԴՆԹ-ների միջև բոլոր հետազոտված լոկուսներով հայտնաբերված է համընկնում առնվազն մեկ ալելով: Հակոբ Սերյոժայի Ավագյանի հայրության ցուցիչը Միքայել Հակոբի Բադոյանի նկատմամբ կազմում է 27849642,719, իսկ հայրության հավանականությունը՝ 99,99999 տոկոս, որը համապատասխանում է բանավոր ձևակերպմանը՝ հայրությունը գործնականորեն ապացուցված է (հատոր 1-ին, գ.թ. 118-119).

3. Սույն գործով հայցվորը 23.10.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան` պահանջելով դատական կարգով հաստատել Միքայել Հակոբի Բադոյանի` Հակոբ Սերյոժայի Ավագյանից սերված լինելու և վերջինիս` երեխայի հայրը հանդիսանալու փաստը (հատոր 1-ին, գ.թ. 1-5), իսկ ալիմենտի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջ ավելացնելու մասին դիմումը դատարան է ներկայացվել 10.06.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 69-73:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ, 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծնողը(ները) կամ երեխայի համար պատասխանատու այլ անձինք, իրենց կարողությունների և ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կրում են երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններն ապահովելու հիմնական պատասխանատվությունը:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները (…):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝

ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.

բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.

գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն՝ ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և՛ դրամական կայուն գումարով, և՛ բաժիններով:

Նույն մասի առաջին պարբերության նորմերը կիրառվում են, եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը՝

ա) ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ.

բ) վաստակ և (կամ) այլ եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով.

գ) վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը երեխայի ծնողից ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ գործեր քննելիս բռնագանձման ենթակա ալիմենտի չափը որոշելու համար նախևառաջ պետք է պարզի և գնահատման առարկա դարձնի ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի առկայությունը և դրա չափը: Այսինքն՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ալիմենտի չափի որոշման կանոնը կիրառվում է այն բոլոր դեպքերում, երբ դատարանի կողմից հաստատվում է ծնողի վաստակի և (կամ) այլ եկամտի կամ դրանցից որևէ մեկի առկայությունը, իսկ կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման հնարավորությունը նախատեսվում է բացառիկ դեպքերում, այն է՝ եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը՝

-ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ,

-վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանում է բնամթերքի տեսքով կամ արտարժույթով,

-վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի (տես, նաև Գոհար Կիրակոսյանն ընդդեմ Լևոն Զազյանի թիվ ԵԱՆԴ/2775/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ հավելել է, որ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի չափը որոշելը հանդիսանում է երեխայի ապրուստի միջոցի սահմանման հիմնական և առավել տարածված եղանակն այն դեպքերում, երբ ծնողներն ունեն կայուն վաստակ (եկամուտ): Ի տարբերություն բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի չափը սահմանելուն` կայուն դրամական գումարի չափը դատարանը որոշում է՝ ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից։ Կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման չափը սահմանելիս դատարանների կողմից պետք է հաշվի առնվեն ալիմենտ վճարող ծնողի իրական գույքային հնարավորությունները, ինչպես նաև ուշադրության արժանի այլ հանգամանքներ կամ շահեր (օրինակ՝ ընտանիքի անդամի անաշխատունակությունը, որին ալիմենտ վճարող կողմը պարտավոր է տրամադրել ապրուստի միջոց, հաշմանդամության ձեռքբերումը կամ երեխայի կողմից աշխատանքի անցնելը կամ ձեռնարկատիրությամբ զբաղվելը), որոնք նաև անհրաժեշտ են ալիմենտ վճարող ծնողի և նրա ընտանիքի մյուս անդամների գոյության նվազագույն պայմաններն ապահովելու համար: Ընդ որում, նման գործերով կողմերի գույքային դրությունը պարզելու համար դատարանները պետք է միաժամանակ հաշվի առնեն բոլոր աղբյուրները, որոնցից գոյանում է անձի ընդհանուր եկամուտը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ եթե բաժնային հարաբերակցությամբ ալիմենտ սահմանելիս դատարանը հիմք է ընդունում միայն օրենսդրի կողմից սահմանված բաժնային չափը, ապա կայուն դրամական գումարով ալիմենտ սահմանելիս հաշվի են առնվում մի շարք գործոններ, ընդ որում, ինչպես երեխայի լավագույն շահը, այնպես էլ ալիմենտ վճարող անձի բավարար կենսամակարդակն ապահովելու անհրաժեշտությունը: Հաշվի առնելով կայուն դրամական գումարով ալիմենտ սահմանելիս գումարի չափը որոշելու նշված առանձնահատկությունը՝ օրենսդիրը որոշ դեպքերում հնարավորություն է տվել կանոնավոր վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանալու պայմաններում նույնպես սահմանելու կայուն դրամական գումարի չափով ալիմենտ: Մասնավորապես` այդ դեպքերից է, երբ ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը ստանում է ալիմենտ արտարժույթով, կամ եթե բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին: Նման կարգավորման նպատակն անձանց բավարար կենսամակարդակի ապահովումն է, երեխայի լավագույն շահի և ալիմենտ վճարող ծնողի ուշադրության արժանի շահերի հավասարակշռությունը:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողի կողմից կայուն վաստակի և (կամ) այլ եկամտի առկայության պայմաններում օրենսդիրը հնարավորություն է տալիս բռնագանձելու ալիմենտ նաև կայուն դրամական գումարով, որի դեպքում դատարանը պետք է հաշվի առնի կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը (տես, Ղազար Գեորգեսն (Ղազար Ջորջ) ընդդեմ Մարալ Քեշիշoղլյանի թիվ ԵԱԴԴ/0473/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պետք է լինի օրինական:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով՝ բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել վերացական դատողություններով: Դատարանը չի կարող փաստել, որ գործին մասնակցող որևէ անձ չի կատարել որևէ փաստական հանգամանք ապացուցելու պարտականությունը՝ առանց ցույց տալու, թե տվյալ փաստական հանգամանքն ինչ պատճառով չի կարող ապացուցված համարվել գործում առկա ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր կողմից նախկինում կայացված որոշումներից մեկով փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տես, Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Միքայել Հակոբ Բադոյանը ծնվել է 23.08.2017 թվականին, որի վերաբերյալ 29.08.2017 թվականին կատարվել է թիվ 273 գրանցումը, «Մայրը» տողում նշված է Սյուզաննա Միշա Բադոյան, «Հայրը» տողում նշված է Հակոբ Բադոյան: ՀՀ Առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործական կենտրոնի թիվ 217 փորձագետի եզրակացության համաձայն՝ դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել Հակոբ Սերյոժայի Ավագյանի և Միքայել Հակոբի Բադոյանի արյան նմուշները և հանգել այն հետևության, որ մոլեկուլային գենետիկական հայրության հաստատման փորձաքննությունը ցույց է տվել, որ Հակոբ Սերյոժայի Ավագյանին և Միքայել Հակոբի Բադոյանին բնորոշ ԴՆԹ-ների միջև բոլոր հետազոտված լոկուսներով հայտնաբերված է համընկնում առնվազն մեկ ալելով: Հակոբ Սերյոժայի Ավագյանի հայրության ցուցիչը Միքայել Հակոբի Բադոյանի նկատմամբ կազմում է 27849642,719, իսկ հայրության հավանականությունը՝ 99,99999 տոկոս, որը համապատասխանում է բանավոր ձևակերպմանը՝ հայրությունը գործնականորեն ապացուցված է: Սույն գործով հայցվորը 23.10.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան` պահանջելով դատական կարգով հաստատել Միքայել Հակոբի Բադոյանի` Հակոբ Սերյոժայի Ավագյանից սերված լինելու և վերջինիս` երեխայի հայրը հանդիսանալու փաստը, իսկ ալիմենտի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջն ավելացնելու մասին դիմումը դատարան է ներկայացվել 10.06.2019 թվականին

Դատարանը վճռել է Հակոբ Ավագյանին ճանաչել երեխայի կենսաբանական հայրը, իսկ ալիմենտի բռնագանձման պահանջը բավարարվել է մասնակիորեն` պատճառաբանելով, որ գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ պատասխանողն ունի աշխատանք և կայուն եկամուտ, հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ երեխայի՝ նախկինում ունեցած կենսամակարդակի ապահովման համար անհրաժեշտ և բավարար չափ կարող է հանդիսանալ երեխայի համար ամսական 100.000 ՀՀ դրամը, ուստի Դատարանը գտել է, որ երեխայի նախկինում ունեցած կենսամակարդակի ապահովման համար բավարար չափ է հանդիսանում ամսական 25.000 ՀՀ դրամը։

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը ալիմենտի բռնագանձման մասով բեկանել և փոփոխել է՝ որոշել է Հակոբ Ավագյանից բռնագանձել ալիմենտ` կայուն դրամական գումարով` յուրաքանչյուր ամիս 100.000 ՀՀ դրամի չափով` պատճառաբանելով, որ անչափահաս երեխայի համար ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող անձ Հակոբ Ավագյանի եկամուտը նվազագույնը կարող է կազմել 661.400 ՀՀ դրամ, չհաշված այն հանգամանքը, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող են տրվել նաև հավելավճարներ, հավելումներ, պարգևավճարներ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարներ։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ անչափահաս երեխա Միքայել Հակոբի Բադոյանի համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը` Հակոբ Ավագյանը ստանում է աճման տեսանկյունից փոփոխվող վաստակ։ Եվ քանի որ սույն գործի շրջանակներում բացակայում է երեխայի ծնողների միջև վերջիններիս համատեղ երեխայի համար ալիմենտ վճարելու պայմանների և չափի վերաբերյալ որևէ համաձայնությունը, իսկ երեխայի հայրը, պետական պաշտոն զբաղեցնող անձ է, և, ըստ երևույթին, բացի հիմնական աշխատավարձից (առնվազն 661.400 ՀՀ դրամ), կարող է ունենալ նաև այլ եկամուտ (ինչը հավաստվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով), այսինքն՝ Հակոբ Ավագյանն ունի փոփոխվող վաստակ և ստորադաս դատարանում նշվածի կապակցությամբ որևէ դիրքորոշում չի արտահայտել, ուստի անչափահաս երեխա՝ 23.08.2017 թվականին ծնված Միքայել Բադոյանի համար ամսական 100.000 ՀՀ դրամ ալիմենտի բռնագանձման պահանջը ողջամիտ չափ է և համադրելի է ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող անձ Հակոբ Ավագյանի ամսական նվազագույն եկամտի չափին։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ վիճարկվող դատական ակտը վճարման ենթակա ալիմենտի չափի մասով պետք է փոփոխել՝ սահմանելով կայուն դրամական գումար՝ ամսական 100.000-ական ՀՀ դրամի չափով և ալիմենտը պետք է սկսել բռնագանձել հայցվորի կողմից դատարան դիմելու պահից, այն է` 23.10.2018 թվականից մինչև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` երեխային վճարվող ալիմենտին վերաբերելի հիմքերից որևէ մեկի վրա հասնելը:

Մինչդեռ վերը նշված վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանները գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատեին գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը:

Տվյալ դեպքում ալիմենտի բռնագանձման պահանջի մասով Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով միայն Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջի տվյալներն (https://www.gov.am/am/bodies-under-government-chiefs/979/) այն մասին, որ Հակոբ Ավագյանը 05092019 թվականից զբաղեցնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը` եզրահանգել է, որ երեխայի հոր` Հակոբ Ավագյանի, եկամուտը նվազագույնը կարող է կազմել 661.400 ՀՀ դրամ, ըստ երևույթին, բացի հիմնական աշխատավարձից (առնվազն 661.400 ՀՀ դրամ), կարող է ունենալ նաև այլ եկամուտ, սակայն անտեսել է, որ սույն գործում բացակայում է Հակոբ Ավագյանի վաստակի և (կամ) այլ եկամտի չափի վերաբերյալ որևէ այլ ապացույց:

Փաստորեն, տվյալ դեպքում առանց պարզելու Հակոբ Ավագյանի իրական գույքային դրությունը և հիմնվելով միայն ենթադրությունների վրա՝ Վերաքննիչ դատարանը երեխայի համար սահմանել է ամսական 100.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի կայուն գումար:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործում որևէ ապացույցով հիմնավորված չէ Հակոբ Ավագյանի իրական գույքային դրությունը, իսկ ստորադաս դատարանների դատական ակտերում այդ հարցի վերաբերյալ պատճառաբանությունները թերի են և զուրկ իրավական հիմնավորումից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ դատական ակտը պատճառաբանել է՝ հիմնվելով ենթադրությունների վրա, ինչը հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ պատճառաբանված դատական ակտ ստանալու կողմի իրավունքի խախտման:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հայցվորը երեխայի սերման փաստը հաստատելու մասին հայցադիմումը դատարան է ներկայացրել 23.10.2018 թվականին, իսկ ալիմենտի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջն ավելացնելու մասին դիմումը` 10.06.2019 թվականին, մինչդեռ ստորադաս դատարանները որպես ալիմենտի բռնագանձումը սկսելու պահ են որոշել հայցվորի կողմից դատարան դիմելու պահը` 23.10.2018 թվականը` անտեսելով այն հանգամանքները, որ ալիմենտի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջն ավելացնելու մասին դիմումը հայցվորը դատարան է ներկայացրել 10.06.2019 թվականին, իսկ պատասխանողն էլ վերաքննիչ դատարանի կողմից հիմք ընդունված չափով եկամուտ ստացող պետական պաշտոն է զբաղեցրել ավելի ուշ՝ այդպիսով խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները:

Ելնելով երեխայի լավագույն շահերի առավել ապահովման, երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման և երեխայի նվազագույն կարիքները հոգալու անհրաժեշտությունից, ինչպես նաև ալիմենտ վճարող ծնողի ուշադրության արժանի շահերի հավասարակշռությունից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` երեխայի նախկինում ունեցած կենսամակարդակի ապահովման համար բավարար չափը, ինչպես նաև երեխայի հոր` Հակոբ Ավագյանի իրական գույքային դրությունը հետևաբար և՝ վճարման ենթակա ալիմենտի չափը պարզելու համար:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2021 թվականի որոշումը՝ ալիմենտի բռնագանձման պահանջն ամբողջությամբ բավարարելու մասով, և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական: