ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2022 թվականի N 1091-Ն
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն):
2. Սահմանել, որ կազմակերպության՝
1) գործունեության նպատակն է տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) օգտագործմամբ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերումը.
2) գործունեության առարկան է տեխնիկական միջոցներ (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) տեղադրելու աշխատանքներ իրականացնելը, շահագործելը, սպասարկելը (այդ թվում՝ վերանորոգելը), դրանց օգտագործմամբ հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ամրագրելը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ օրենքով սահմանված կարգով տվյալ մարմնին տրամադրելը.
3) գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքը:
3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել իր կողմից հավաքված օրենքով չարգելված տեղեկատվության (տեսանյութեր, լուսանկարներ և այլն)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարովի տրամադրում։
4. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ու Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված՝ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու 74 հասցեում գտնվող՝ 0.11494 հեկտար մակերեսով հողատարածքը՝ 578.6 քառ. մետր, 51․9 քառ․ մետր, 177․4 քառ․ մետր, 8․1 քառ․ մետր, 4․4 քառ․ մետր մակերես ունեցող շենք-շինություններով (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ 2189829, տրված՝ 30․03․2007 թ․) և Երևան քաղաքի Ջուղայի 1/9 հասցեում գտնվող՝ 0.276539 հեկտար մակերեսով հողատարածքը՝ 446.25 քառ. մետր, 288.32 քառ. մետր, 119.48 քառ. մետր, 68.11 քառ. մետր, 6.72 քառ. մետր, 161.9 քառ. մետր, 6.0 քառ. մետր և 14.92 քառ. մետր մակերես ունեցող շենք-շինություններով (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ 2475519, տրված՝ 12․11․2010 թ․), անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել կազմակերպությանը:
5. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և վերջինիս վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև կազմակերպության մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ ստեղծելու լիազորությունները:
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության և «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված «Գույքի հավատարմագրային կառավարման» ԲԸԱՀԾՁԲ-03/2017 պայմանագրից հրաժարվելու և 90-օրյա ժամկետում պայմանագիրը դադարելու մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը և ապահովել սահմանված կարգով կազմակերպության պետական գրանցումը.
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված «Գույքի հավատարմագրային կառավարման» ԲԸԱՀԾՁԲ-03/2017 պայմանագիրը դադարելու մասին ծանուցելուց հետո եռամսյա ժամկետում պայմանագիրը դադարելուց հետո Հայաստանի Հանրապետությանը փոխանցված գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել և հաստատել կազմակերպության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ գույքի կազմը և արժեքը.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել կազմակերպությանն ամրացվող գույքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրի կնքման աշխատանքները:
7․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
(7-րդ կետը փոփ. 17.11.22 N 1757-Ն)
8․ Կազմակերպության պետական գրանցման և կնիքի ձեռքբերման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
19.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2022 թվական: