Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.11.2006
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-1713

2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-2133 (ՏԴ)

Նախագահող դատավոր՝

 Ա. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2006 թվականի նոյեմբերի 17-ին

 

դռնբաց դատական նիստում քննելով պատասխանող ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի (այսուհետ՝ նաև կոմիտե) կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն ըստ Ջավադ Ջաֆարիի (այսուհետ՝ նաև դիմող) հայցի ընդդեմ ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի՝ վարչական տույժ նշանակելու մասին ՀՀ ԿԱ ՄՊԿ հետաքննության և իրավաբանական վարչության պետի 26.04.2006 թվականի որոշումը վերացնելու պահանջի մասին թիվ Տ-1713 քաղաքացիական գործով ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ նաև դատարան) 28.06.2006 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ դիմողը պահանջել է վերացնել ՀՀ ԿԱ ՄՊԿ հետաքննության և իրավաբանական վարչության պետի 26.04.2006 թվականի որոշումը՝ դիմողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։։

ՀՀ տնտեսական դատարանի 28.07.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է։։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեն։։

Վճռաբեկ բողոքներին պատասխան չի ներկայացվել։։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 226-րդ հոդվածը։։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բեռի վերջնական հայտարարագրումից հետո մաքսային աշխատակիցների կողմից կատարված բեռի զննման արդյունքում հայտնաբերվել է 71 հատ տարբեր հզորության բոցամուղներ։։ Այդ առիթով մաքսային մարմնին տրված իր բացատրություններում դիմողը նշել է, որ հայտարարագրումը կատարել է ինվոյսում եղած տվյալների հիման վրա և ներողամտություն է հայցել իր կողմից թույլ տրված սխալի համար, քանի որ տեղյակ չի եղել փաստացի բեռի մասին։։

Ջ.Ջաֆարին ներկա է եղել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակ՝ գործում առկա են նրա կողմից տրված երկու գրավոր բացատրություններ, և նա, հստակ իմանալով գործի հանգամանքները, հնարավորություն է ունեցել օգտվել ՀՀ մաքսային օրենսգրքի 226-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներից և պարտականություններից։։

Վարչական վարույթն սկսվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով, որին դիմողը ներկա է գտնվել։։

Բացի այդ, դիմողն իր բացատրություններում ըստ էության անդրադարձել է իրեն վերագրվող մաքսային կանոնների խախտման դեպքին և վարչական տուգանքի որոշման դեմ դատարան ներկայացված դիմումում ոչ մի նոր փաստարկ չի նշել։։

 

2) ՀՀ տնտեսական դատարանը չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ կետը, 132-րդ հոդվածի 1-ին կետը, 203-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր։։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Փաստացի ներմուծված բեռի մասին տեղյակ չլինելու վերաբերյալ դիմողի փաստարկներն անհիմն են, քանի որ համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի, մինչև հայտարարագրելը հայտարարատուն իրավունք ունի մաքսային հսկողության ներքո կատարել նախնական զննում, որը վերջինս չի կատարել, իսկ ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, հայտարարատուն կրում է պատասխանատվություն հայտարարագրված տեղեկությունների համար։։ Հետևաբար, եթե անգամ նա չի կանխատեսել իր գործողության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք, միևնույն է՝ ենթակա է վարչական պատասխանատվության որպես վարչական իրավախախտումը անզգուշությամբ կատարած։։

Բողոքարկվող վճռի պատճառաբանական մասում նշված այն եզրակացությունները, թե Ջ.Ջաֆարիի կողմից հայտարարագրված ապրանքատեսակը վերջինիս համար եղել է անծանոթ, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել սխալ հայտարարագրումը և որ հայտարարագրումն իրականացրել է ոչ թե Ջ.Ջաֆարին, այլ մաքսային տեսուչը, անհիմն են։։ Պատասխանողը դատարանին ներկայացրել է տվյալ ներմուծմանը նախորդող ժամանակահատվածի ընթացքում Ջ.Ջաֆարիի կողմից ներկայացված հայտարարագրերի օրինակները, որոնցով հաստատվում է այն հանգամանքը, որ դիմումատուն հստակ ծանոթ է այդ ապրանքատեսակին և նախկինում բազմիցս ճիշտ, իրենց անվամբ հայտարարագրել է դրանք։։

Ինչ վերաբերվում է ապրանքը մաքսային տեսուչի կողմից հայտարարագրվելու վերաբերյալ վճռի փաստարկին, ապա բողոք բերած անձի կարծիքով այն նույնպես անհիմն է, քանի որ ««Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպման մասին» 1998 թվականի հունիսի 11-ին հաստատված կարգի համաձայն՝ մաքսային տեսուչը հայտարարատուի կողմից հայտարարագրված տվյալները մուտքագրում է համակարգիչ և հայտարարագիրը տպվելուց հետո հայտարարատուն իր ստորագրությամբ հաստատում է հայտարարագրված տեղեկությունների իսկությունը, որից հետո միայն հայտարարագիրն ընդունվում է մաքսային մարմնի կողմից։։ Իսկ ՀՀ մաքսային օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ ընդունման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ։։

 

3) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածը և 156-րդ հոդվածի 2-րդ մասը, 53-րդ հոդվածը, 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 132-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունը, 218-րդ հոդվածի 4-րդ մասը։։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով։։

Ջավադ Ջաֆարիի դիմումը վարույթ է ընդունել ընդդատության կանոնների խախտմամբ, քանի որ Ջավադ Ջաֆարին իր կողմից կատարված խախտման համար տուգանվել է որպես ֆիզիկական անձ և պետք է պատասխանատվություն կրի իր անձնական գույքով։։

Եթե դատավարության մի կողմը քաղաքացի է, ապա տվյալ գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 81-րդ և 82-րդ հոդվածների համաձայն՝ գործն ընդդատյա է պատասխանողի գտնվելու վայրի քաղաքացիական գործեր քննող դատարանին։։

Բացի այդ, բողոք բերած անձի կարծիքով, դատարանը գործում առկա ապացույցները չի գնահատել բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա ձևավորված ներքին համոզմամբ, չի նշել, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել, ինչպես նաև, վճռի պատճառաբանական մասում չեն նշվել դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցը մերժելու փաստարկները։։ Այս պնդումը հիմնավորող որևէ փաստարկ բողոք բերած անձը չի ներկայացրել։։

 

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 28.06.2006 թվականի վճիռն ամբողջությամբ և գործն ուղարկել նոր քննության։։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ««Մանաս» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետություն ներկրված բեռի զննման արդյունքում պարզվել է, որ ընկերության լիազոր ներկայացուցիչ Ջ.Ջաֆարին 71 հատ տարբեր չափսերի և հզորության բոցամուղները հայտարարագրել է ոչ իրենց անվանմամբ։։

2) Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և Ջ.Ջաֆարիի կողմից փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով բոցամուղների ներմուծման վերաբերյալ նյութերն ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ըստ ենթակայության ուղարկվել են ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն։։

3) ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչի որոշմամբ 03.04.2006 թվականին քրեական գործի հարուցումը մերժվել է՝ Ջ.Ջաֆարիի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով։։

4) Կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի 26.04.2006 թվականի որոշմամբ Ջ.Ջաֆարին ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն 71 հատ բոցամուղներն իրենց անվանմամբ չհայտարարագրելու համար՝ ճանաչվել է զանցառու և ենթարկվել է վարչական պատասխանատվության ներմուծված ապրանքի մաքսային արժեքի՝ 11.791.465 դրամի չափով։։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Նշված հիմքերի սահմաններում քննելով վճռաբեկ բողոքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունն իրենից ներկայացնում է վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմնի գործողություններ՝ ուղղված վարչական իրավախախտմամբ գործի վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերի հիման վրա վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացմանը։։

ՀՀ մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ։։ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։։

Վերը հիշատակված նորմերը սահմանում են վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցության պարտադիր բնույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործի քննության բոլոր փուլերում (ներառյալ՝ որոշման կայացման փուլը)։։

Սույն գործով դիմողը օրենքով սահմանված կարգով տեղեկացվել է մաքսային կանոնների խախտման մասին 30.11.2005 թվականի թիվ 004401 արձանագրությանը, արձանագրությունը հրապարակվել է վերջինիս համար, ինչը հաստատվում է արձանագրության տակ Ջ.Ջաֆարիի դրած ստորագրությամբ։։ Արձանագրության վերաբերյալ դիմողը տվել է բացատրություններ, որոնց համաձայն, ընդունել է իր կողմից մաքսային կանոնների խախտման փաստը։

Սակայն, ինչպես վկայում են սույն գործի փաստեր, սույն գործով վարչական պատասխանատվության ենթարկվող անձը գործի քննության բոլոր փուլերին, մասնավորապես որոշման կայացման փուլին մասնակից չի դարձվել։։ Սա պատճառ է Կոմիտեի կողմից ՀՀ մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջների խախտման։։

Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու հիմքերը սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածով, որի համաձայն՝ պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը։։

Նշված նորմը սահմանում է վարչական ակտի՝ դատարանի կողմից անվավեր ճանաչման հնարավորություն՝ բացառապես այն դեպքերում, երբ միաժամանակ առկա են երկու հիմքեր (պայմաններ)։։ Այդ հիմքերն են՝

1. ակտի հակասելն օրենքին,

2. դիմողի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտումը։։

Յուրաքանչյուր դեպքում վարչական ակտի իրավաչափությունը վերը նշված հիմքերի սահմաններում որոշելիս դատարանը պետք է ստուգի՝

1.ակտն ընդունած մարմնի (դրա պաշտոնատար անձի) իրավասությունը նման ակտ ընդունելու,

2. տվյալ ակտի նյութական իրավաչափությունը։։

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ակտի նյութական իրավաչափությունը գնահատելիս դատարանը պետք է ստուգի գործի փաստերը (այդ թվում նաև՝ վարչական ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերը) և գնահատի յուրաքանչյուր փաստի իրավական հետևանքները։։

Վարչական ակտերի իրավաչափության դատական ստուգման վերը շարադրված կանոններում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանել է առանձնահատկություն։։ Նշված օրինադրույթը սահմանում է, որ ըստ էության ճիշտ ակտը չի կարող անվավեր ճանաչվել միայն ձևական նկատառումներով։։

Հետևաբար, վարչական ակտի անվավերության հարցի քննարկման ժամանակ դատարանը պարտավոր է ստուգել նաև հետևյալ իրավական հարցը. արդյոք ակտի անվավերության հիշատակված հիմքը ««ձևական նկատառում» է, թե՞ ոչ։։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածը` սահմանելով վարչական ակտի անվավերության հիմքերը, սահմանում է անձի այն հիմնարար իրավունքներն և ազատությունները, որոնք երաշխավորում են անձի իրավունքների արդյունավետ իրագործումը և որոնց խախտումը կարող է ստեղծել անձի օրինական շահերի խախտման իրական վտանգ։։

Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստով ««ձևական նկատառում» չեն կարող հանդիսանալ, մասնավորապես այն խախտումները, երբ՝

1. վարչական ակտի համար հիմք են հանդիսացել օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները,

2. խախտվել է անձի որևէ հիմնարար իրավունք կամ ազատություն,

3. խախտման արդյունքում անձը զրկվել է վարչական մարմնի հետ հարաբերությունում արդյունավետ պաշտպանության հնարավորությունից։։

Սույն գործով դիմողը՝ հանդիսանալով վարչական պատասխանատվության ենթարկվող անձ, մասնակցել է վարչական վարույթին, օրենքով սահմանված կարգով հնարավորություն ունեցել է ներկայացնելու առարկություններ և բացատրություններ և օգտվել է նման հնարավորությունից։։

Այն հանգամանքը, որ Ջ.Ջաֆարին հնարավորություն ունեցել է ներկայացնելու առարկություններ և բացատրություններ և օգտվել է նման հնարավորությունից հիմնավորվում է նաև տնտեսական դատարանում գործի ըստ էության քննության ընթացքում պատասխանողի հարցին տրված այն պատասխանով, թե նախկինում ներկայացված փաստարկներից բացի ուրիշ փաստարկ կամ բացատրություն վարչական պատասխանատվության ենթարկված անձը չունի։։

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա՝ արձանագրության կազմմանը դիմողը մասնակից է դարձվել, պետական մարմինը ապացույցները ձեռք է բերել օրենքի պահանջներին համապատասխան, արձանագրությունը հրապարակվել է դիմողի ներկայությամբ, հետևաբար վերջինս տեղյակ է եղել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությանը և կարող էր օգտվել օրենքով սահմանված իր իրավունքներից։։

Քանի որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործով ապացույցները ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգով և չի խախտվել ակտը վիճարկելու անձի իրավունքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացմանը Ջ.Ջաֆարիին մասնակից չի դարձվել, այնուամենայնիվ այս խախտումն իր էությամբ չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ և 162-րդ հոդվածի 7-րդ մասի համակցությամբ որպես վարչական ակտի անվավերության հիմք բնութագրվող խախտմանը և հետևաբար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն սույն գործով վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու հիմք չի կարող հանդիսանալ։։

 

2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, այսինքն՝ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելը, ինչպես նաև հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով։։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենքով սահմանված է վարչական պատասխանատվություն։։ Իսկ նույն օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք, կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունը, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք։։

ՀՀ մաքսային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ հայտարարագիրը լրացվում և մաքսային մարմնին է ներկայացվում միմիայն հայտարարատուի կողմից։։ Վերջինս էլ կրում է դրանում սխալ տեղեկություններ գրանցելու համար սահմանված պատասխանատվություն։։

Այսպիսով, վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ հայերեն լեզվի վատ իմացության պատճառով Ջ.Ջաֆարին չի գիտակցել, որ մաքսային աշխատակցի կողմից ապրանքի անվանումը սխալ է մուտքագրված, վերջինիս գործողություններում առկա է վարչաիրավական զանցանքի տարր հանդիսացող մեղքը, քանի որ նա ստորագրել է տվյալ հայտարարագիրը։։ Թեև նա չի գիտակցել տվյալ տեղեկությունների սխալ լինելը և դրանց հետևանքով վնասակար հետևանքների առաջանալու հնարավորության հանգամանքը, սակայն պարտավոր էր և կարող էր գիտակցել դրանք։։

 

3) բողոքն երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դիմումը, վարչական տույժ կիրառելու մասին որոշման պատճենը հանձնելու օրվանից տասն օրվա ընթացքում, գործերի ենթակայությանը համապատասխան տրվում է քաղաքացիական գործեր քննող դատարան կամ տնտեսական դատարան։։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնտեսական դատարանի իրավասությանը ենթակա են առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի միջև ձեռնարկատիրական գործունեության ոլորտում ծագող վեճերը։։

ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը։։ Հայտարարատուն կրում է պատասխանատվություն՝ հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար։։

Սույն գործի փաստերով հաստատված է, որ որպես հայտարարատու է հանդես եկել ««Մանաս» ՍՊԸ-ի լիազորված անձ Ջ.Ջաֆարին, հետևաբար վերջինս որպես լիազորված անձ հանդիսացող հայտարարատու, ենթարկվել է վարչական պատասխանատվության։։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական գործեր քննող դատարանը մասնավորապես, քննում է պետաիրավական, վարչաիրավական, հարկային և այլ իշխանական ենթակայության վրա հիմնված իրավահարաբերություններից ծագող գործերը, եթե մի կողմը քաղաքացի է։։ Սույն գործով Ջ.Ջաֆարին պատասխանատվության է ենթարկվել որպես ‎‎ֆիզիկական անձ։։ Հետևաբար, սույն քաղաքացիական գործի քննությունը ենթակա է քաղաքացիական գործեր քննող դատարանին։։ Ուստի, հիմնավոր են վճռաբեկ բողոքի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի և 156-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստարկները։։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է գտնում և դրանց առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, տնտեսական դատարանի վճիռը բեկանելու բավարար հիմք է համարում։։ Միաժամանակ, հիմք ընդունելով բողոքի երրորդ հիմքի պատճառաբանությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ենթակայության կանոններին համապատասխան պետք է ուղարկել նոր քննության՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան։։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարել։։ Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 28.04.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան՝ նոր քննության։։

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։։

 

նախագահող`

Հ. Մանուկյան

դատավորներ`

Ս. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան