Գլխավոր տեղեկություն
Համար
N 453-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.12.2022-24.02.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 09.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2022 թվականի N 453-Լ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների միջև համագործակցության պայմանագրի ու հավաստագրի օրինակելի ձևերը։

4. Առաջարկել Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահին Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պոտենցիալ շահառու հանդիսացող ընտանիքների՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բնակարանային ապահովության պետական աջակցության որևէ ծրագրի շրջանակներում բնակտարածքով ապահովված լինելու (չլինելու) մասին տեղեկատվությունն ամենօրյա պարբերականությամբ մուտքագրել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հարթակ։

(4-րդ կետը խմբ. 06.10.22 N 1541-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 7-ի N 453-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից իրականացվող՝ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվող հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված գործընթացները, ինչպես նաև աջակցության դադարեցման հիմքերը և ընթացակարգը:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

1) ծրագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր.

2) դիմող՝ ծրագրի շահառուի կարգավիճակ ստանալու նպատակով դիմում ներկայացրած անձ.

3) շահառու` որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով սահմանված ընտանիք.

4) հիփոթեքային վարկ` Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրվող վարկ.

5) կազմակերպություն` առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, որոնք ծրագրի շրջանակներում համագործակցում են ծառայության հետ.

6) ընտանիքի անդամ՝ որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետով սահմանված անձինք.

7) վարկային պայմանագիր` ծրագրի ներքո հիփոթեքային վարկի վերաբերյալ կազմակերպության և շահառուի միջև կնքված վարկային պայմանագիր.

8) աջակցության գումար` հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված գումարի սուբսիդավորում ծառայության կողմից որոշմամբ հաստատված հավելվածի 16-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված սահմանաչափերով.

9) հավաստագիր՝ սույն որոշման 3-րդ կետով սահմանված, ծառայության կողմից տրամադրվող՝ ծրագրի շահառու հանդիսանալու մասին փաստը հավաստող փաստաթուղթ.

10) հաշիվ՝ կազմակերպության բանկային հաշիվ, որին ծրագրի շրջանակներում ծառայությունը փոխանցում է աջակցության գումարը.

11) պայմանագիր՝ սույն որոշման 3-րդ կետով սահմանված՝ ծրագրի շրջանակներում ծառայության և կազմակերպության միջև կնքված պայմանագիր.

12) շահառուի հաշիվ՝ շահառուի անձնական հաշիվ, որին ծրագրի շրջանակներում ծառայությունը փոխանցում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարների փոխհատուցման գումարը:

(2-րդ կետը լրաց. 06.10.22 N 1541-Լ)

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

3. Ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) դիմողը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը էլեկտրոնային տարբերակով դիմում է ծառայություն՝ դիմումում նշելով ընտանիքի անդամի (անդամների) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ազգակցական կապը), էլեկտրոնային հասցեն.

2) ստացված դիմումի մշակման արդյունքում, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, շրջվարչակազմի ղեկավարի և համայնքների ղեկավարների տրամադրած շահառուների տվյալները, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի կողմից Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հարթակ մուտքագրված տեղեկատվությունը Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բնակարանային ապահովության պետական աջակցության որևէ ծրագրի շահառու չհանդիսանալու մասին, 10 աշխատանքային օրվա ընթացքում որոշման պահանջներին բավարարող դիմողն ինքնաշխատ եղանակով ստանում է շահառուի կարգավիճակ.

3) ծրագրի շահառու հանդիսանալու դեպքում, սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տվյալների հիման վրա, 2-օրյա ժամկետում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հավաստագիրը՝

ա․ Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով, որը տրամադրվում է շահառուին էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին,

բ․ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով, որը տրամադրվում է շահառուին էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին․

4) ընտանիքի անդամները կարող են միավորել հավաստագրերը (առավելագույնը 3 հավաստագիր) համատեղ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, որի դեպքում աջակցության չափը կսահմանվի միավորված հավաստագրերի քանակին համապատասխան.

5) շահառուի հետ համապատասխան վարկային պայմանագիր կնքելուց և հիփոթեքային վարկը փաստացի հատկացնելուց հետո կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.

6) ծառայությունը միանվագ շահառուի հաշվին է փոխանցում սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը, ինչպես նաև ամսական պարբերականությամբ հաշվին է փոխանցում աջակցության գումարները՝ ըստ սույն կետի 5-րդ ենթակետում նշված ժամանակացույցի: Ժամանակացույցով նախատեսված վճարումները (աջակցության գումարի սահմանաչափին համապատասխան) չիրականացնելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը, տուգանքները վճարում է ծառայությունը.

7) եթե հիփոթեքային վարկի գծով ամսական վճարները (մայր գումարը և տոկոսագումարը) գերազանցում են աջակցության գումարի սահմանաչափերը, ապա սույն կետի 5-րդ ենթակետում նշված ժամանակացույցով սահմանված ամսական վճարների և աջակցության գումարի տարբերությունը վճարվում է շահառուի կողմից.

8) ծրագրի իրականացման ողջ գործընթացն (դիմումների ընդունումը, տվյալների նույնականացումը, հաստատումը, շահառուի կարգավիճակի տրամադրումը, աջակցության վճարումը) իրականացվում է համապատասխան ծրագրային ապահովման միջոցով՝ ինքնաշխատ եղանակով.

9) մինչև սույն կետի 8-րդ ենթակետում նշված ծրագրային ապահովման ներդրումը՝ ծրագրի իրականացման գործընթացն իրականացվում է մեխանիկական եղանակով, իսկ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները ծառայության և կազմակերպությունների միջև փոխանակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (ՍիԲիԷյ-նեթ միջբանկային համակարգչային ցանցի միջոցով):

(3-րդ կետը փոփ., խմբ. 06.10.22 N 1541-Լ)

3.1. Սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է փոփոխման՝

1) նախքան Արցախի Հանրապետությունում բնակվելն ընտանիքի որևէ անդամի՝ Երևան քաղաքում հաշվառում ունենալու վերաբերյալ շահառուի կողմից ծառայություն ներկայացված տեղեկանքի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխում է հավաստագիրը՝ շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելով նոր հավաստագիրը Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում, Երևան քաղաքում կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով․

2) սույն որոշման 3-րդ կետով սահմանված տվյալների փոփոխության վերաբերյալ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը Արցախի Հանրապետության 6 տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(3.1-ին կետը լրաց. 06.10.22 N 1541-Լ, փոփ. 01.12.22 N 1842-Լ)

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

4. Աջակցության գումարների տրամադրման վաղաժամկետ դադարեցման հիմքերը սահմանված են որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի 6-11-րդ ենթակետերով, որոնցով սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում, դրամական աջակցության վճարումն ամբողջությամբ դադարում է այդ պահից սկսած։

5. Որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի 6-11-րդ ենթակետերով սահմանված իրավիճակներում աջակցության գումարի վճարումն ամբողջական դադարեցնելու դեպքում, այդ պահի դրությամբ վճարված աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը։

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 06.10.22 N 1541-Լ, փոփ. 01.12.22 N 1842-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ