Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.07.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ  ԱՐԴ/0307/02/21 

2022 թ.       

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0307/02/21 

Նախագահող դատավոր՝

 Կ. Չիլինգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հուլիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ` Բյուրո) հայցի ընդդեմ Շալիկո Գևորգյանի և Ալիկ Պետրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Բյուրոյի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Շալիկո Գևորգյանից և Ալիկ Պետրոսյանից համապարտության կարգով բռնագանձել 1.257.045 ՀՀ դրամ, որից 1.191.960 ՀՀ դրամը որպես ավտոմեքենային պատճառված և իր կողմից հատուցված վնաս, 35.760 ՀՀ դրամը` որպես գործավարման ծախսերի փոխհատուցման հետ կապված ծախսեր, 29.325 ՀՀ դրամը` որպես 1.191.960 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներով հաշվարկված տոկոսագումար մինչև 29.01.2021 թվականը ներառյալ, ինչպես նաև 1.191.960 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած հայցադիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից` 30.01.2021 թվականից, մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, և 140.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.05.2021 թվականի վճռով Բյուրոյի հայցն ընդդեմ Ալիկ Պետրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է, ինչպես նաև վճռվել է վերջինիցս հօգուտ Բյուրոյի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, իսկ Շալիկո Գևորգյանից գումար բռնագանձելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ մինչև հայցի հարուցումը մահացած պատասխանողի դեմ հայց հարուցված լինելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2021 թվականի որոշմամբ Դատարանի 27.05.2021 թվականի վճռի դեմ Բյուրոյի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Աստղիկ Անտոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ, 84-րդ և 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ, այն հիմնված է ենթադրությունների և վերացական դատողությունների վրա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը գործը քննել և վճիռը կայացրել է նույն լիազորագրի առկայության պայմաններում, որը Վերաքննիչ դատարանի կողմից կասկածի տակ է դրվել։ Ներկայացված լիազորագրի վրա առկա է լիազորող անձի՝ Բյուրոյի գլխավոր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը, որպիսի փաստը Դատարանում չի վիճարկվել ինչպես Դատարանի, այնպես էլ՝ կողմերի կողմից: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, ու քննության առարկա է դարձրել լիազորագրի հավաստիությունը և իսկությունը:

Անհասկանալի է Վերաքննիչ դատարանի կողմից ստորագրության իսկությանը մասնագիտական որակում տալու ունակությունը: Վերաքննիչ դատարանը ոչ փորձաքննություն է նշանակել, ոչ էլ լիազորագրի պատշաճության հետ կապված հարցին պատասխանել է փորձագետը, և այս պարագայում անհասկանալի է, թե ինչպես է Վերաքննիչ դատարանը եզրահանգում արել, որ լիազորագրի վրա առկա ստորագրությունը պատճեն է:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, մինչև 29.10.2021 թվականը գործող խմբագրությամբ  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ  բողոքը է բերվել միայն փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի մասով, ուստի Բյուրոն ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, քանի որ վերաքննիչ բողոքը բերվել է միայն դատական  ծախսերի մասով։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, մինչև 29.10.2021 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքրոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ ՝

  1) լիազորագրի ձևին՝ այն ստորագրված լինելու փոխարեն գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիքով ներկայացված լինելու պայմաններում,

  2) դատական ակտը վերաքննության կարգով մասնակիորեն՝ դատական ծախսերի մասով, բողոքարկելիս դրա համար պետական տուրքից ազատված լինելու առանձնահատկություններին:

 

1)  Բողոքն առաջին հիմքով անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ բացահայտել է «ստորագրություն» եզրույթի ստուգաբանական բովանդակությունը՝ արձանագրելով, որ ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի՝ «ստորագրություն» է համարվում   անուն-ազգանվան կամ դրանց կրճատումով կազմվող տառերի յուրահատուկ  գրային-գծագրական ինքնագիրը, անուն-ազգանուն կամ կեղծանունը, որը մեկը դնում է իր գրածների տակ1: Մեկ այլ աղբյուրի համաձայն` «ստորագրություն» է համարվում որևէ բանի տակ սեփական ձեռքով գրված անուն-ազգանունը2:

Ընդհանրացնելով վերը նշվածը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ստորագրությունը դա անձի անվան, մականվան կամ այլ բառերի, նշանների ձեռագիր պատկերումն է (ինքնագիր), որի միջոցով տվյալ անձը հաստատում է իր ինքնությունը, միաժամանակ այլ անձանց հնարավորություն է ընձեռում նույնականացնել ստորագրողի անձը (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հենրիխ Կարապետյանի, Մարինե Բալասանյանի, Հայկ, Արմեն, Հրայր, Գայանե, Լիանա և Ռուբեն Կարապետյանների թիվ ԵՄԴ/2035/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15052020 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ԱՎԴ1/0209/02/21 քաղաքացիական գործով քննելով Բյուրոյի վճռաբեկ բողոքը, 21.01.2022 թվականին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը մերժելու և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03062021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին՝ պատճառաբանելով, որ Բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին 20112020 թվականին տրված  լիազորագիրը ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք, ու նաև այդ հիմքով տվյալ լիազորագիրը համարել է ոչ պատշաճ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Բյուրոն հայցադիմում է ներկայացրել Դատարան, որը ստորագրել է  Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանը: Վերջինս հայցադիմումին կից  ներկայացրել է նաև Բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից իրեն և փաստաբան Աստղիկ Անտոնյանին 20.11.2020 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր (գ.թ. 23)։

Դատարանի 27.05.2021 թվականի վճռով Բյուրոյի հայցն ընդդեմ Ալիկ Պետրոսյանի բավարարվել է, իսկ Շալիկո Գևորգյանից գումար բռնագանձելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ մինչև հայցի հարուցումը մահացած պատասխանողի դեմ հայց հարուցված լինելու հիմքով (գ.թ. 43-50):

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բյուրոն, որի անունից բողոքը ստորագրել է Բյուրոյի ներկայացուցիչ Աստղիկ Անտոնյանը (գ.թ. 59-66):

Վերաքննիչ դատարանի 02.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Բյուրոյի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ «վերաքննիչ բողոքին չի կցվել այն ստորագրած անձի` Աստղիկ Անտոնյանի՝ հայցվորի անունից բողոք բերելու լիազորությունը հավաստող թույլատրելի ապացույց (գործում առկա է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի անունից 20.11.2020 թվականին կազմված լիազորագիրը, որն ստորագրված չէ (դրանում առկա է պատճենահանված «ստորագրություն» միայն)»:

Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի՝ վերը նշված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա նյութերից բխում է, որ Բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից 20.11.2020 թվականին Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված  լիազորագիրը  ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք, ու թեև Վերաքննիչ դատարանն այդ դրոշմակնիքը դիտել է որպես ստորագրության պատճեն, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ լիազորագիրը ստորագրության փոխարեն գրաֆիկական պատկերով դրոշմակնքելու և թե՛ լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճենի տեսքով ներկայացվելու դեպքում տվյալ լիազորագիրը համարվում է ոչ պատշաճ լիազորագիր և վերաքննիչ բողոքի վերադարձի հիմք, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից որպես Բյուրոյի ներկայացուցիչ Աստղիկ Անտոնյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելն այդ հիմքով հիմնավոր է։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագիրը պատշաճ ստորագրված չլինելու մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է, հետևաբար դատական ակտն այդ մասով պետք է թողնել անփոփոխ:

 

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս թիվ ՍԴՈ-652, թիվ  ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (...)։

Շարադրված նորմի մեկնաբանությունից բխում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում բողոքաբերը կրում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարված լինելու փաստն հաստատող ապացույց ներկայացնելու պարտականություն: Պետական տուրքի վճարման արտոնություն ակնկալելու պայմաններում բողոքին կցվում կամ բողոքում ներառվում է համապատասխան միջնորդություն, եթե բողոքաբերն օրենքով արդեն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: Որոշակի խումբ անձանց՝ պետական տուրք վճարելու պարտականությունից օրենքով ազատված լինելու դեպքերում բացակայում է այդպիսի միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ որոշ հանգամանքների հաշվառմամբ օրենսդիրն այդ խումբ անձանց համար արդեն իսկ սահմանել է արտոնություն, ինչն իմաստազրկում է այդպիսի միջնորդությամբ դատարանին դիմելու և կրկնակի արտոնություն ակնկալելու գործողության կատարումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

  Մինչև 29.10.2021 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:

  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.04.2021 թվականին ընդունված (ուժի մեջ է մտել 29.10.2021 թվականին) ՀՕ-178-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել։ Միաժամանակ նույն օրենքով սահմանվել են եզրափակիչ և անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ նույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: Նույն օրենքը տարածվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա։

  Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը մինչև 29.10.2021 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանել էր, որ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում։ Այնուհետև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.04.2021 թվականին ընդունված (ուժի մեջ է մտել 29.10.2021 թվականին) ՀՕ-178-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել։ Միաժամանակ օրենսդիրը սահմանել է, որ նույն օրենքը տարածվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա։ Այսինքն՝ այն հայցադիմումները (դիմումները), որոնք դատարան են ներկայացվել մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.04.2021 թվականին ընդունված (ուժի մեջ է մտել 29.10.2021 թվականին) ՀՕ-178-Ն օրենքը, ապա այդ գործերով դատակա ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում։

 

  Վերը նշված դիրքորոշման համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

  Սույն գործի փաստերի համաձայն` ներկայացված հայցով Բյուրոն պահանջել է Շալիկո Գևորգյանից և Ալիկ Պետրոսյանից համապարտության կարգով, ի թիվս այլնի, բռնագանձել 140.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար(գ.թ. 2-5):

  Դատարանը, վճռի եզրափակիչ մասի 4-րդ կետում, ի թիվս այլնի, նշել է. «Ալիկ Պետրոսյանից հօգուտ Բյուրոյի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար» (գ.թ. 43-50):

  Դատարանի 27.05.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բյուրոն բացառապես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջի մասով՝ վերաքննիչ բողոքի խնդրամասում նշելով հետևյալը. «Վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, ամբողջությամբ բավարարել բողոքը՝ բեկանել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԴ/0307/02/21 գործով 27.05.2021 թվականի վճիռը և փոփոխել հետևյալ կերպ` պատասխանող Ալիկ Տիգրանի Պետրոսյանից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության բռնագանձել նաև 140.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար» (գ.թ.59-66):

  Վերաքննիչ դատարանը 02.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը վերադարձրել է նաև այն պատճառաբանությամբ, որ «վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հաստատող որևէ ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (պահանջի ձևակերպումը վերաբերում է ամբողջ վճռին)» (գ.թ.83):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ թեպետև Բյուրոն ներկայացված վերաքննիչ բողոքով պահանջել է բեկանել Դատարանի 27.05.2021 թվականի վճիռը՝ առանց հստակ նշելու դրա որևէ մասը, սակայն նշված պահանջն ունի շարունակություն, որի բովանդակությունից բխում է, որ բողոք բերած անձն, ըստ էության, պահանջել է փոփոխել Դատարանի 27.05.2021 թվականի դատական ակտն այն առումով, որ պատասխանողից հօգուտ Բյուրոյի բռնագանձվի նաև 140.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Ավելին, վերաքննիչ բողոքի ամբողջական բովանդակությունից ևս հասկանալի է, որ բողոքը ներկայացվել է փաստաբանի խելամիտ վարձատրության հետ կապված ծախսերի մասով : Այսինքն՝ բողոք բերած անձը Դատարանի 27.05.2021 թվականի վճիռը բողոքարկել է միայն վերը նշված պահանջի մասով: Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով Բյուրոն հայցադիմումը դատարան է ներկայացրել 01.02.2021 թվականին, այսինքն՝ այն ժամանակ, երբ վերջինիս վրա տարածվում էր մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.04.2021 թվականին ընդունված (ուժի մեջ է մտել 29.10.2021 թվականին) ՀՕ-178-Ն օրենքը, ապա ներկայացված վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը վճարված չլինելը, ինչպես նաև պետական տուրքի գծով միջնորդության առկայությունը կամ բացակայությունը որևէ նշանակություն չունեն պետական տուրքի մասով Բյուրոյի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման համար, քանի որ Բյուրոն սույն գործով վճիռը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում չի կրել պետական տուրք վճարելու պարտականություն՝ օրենքի ուժով այդ պարտականությունից ազատված լինելու հիմքով:

  Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը` կապված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված երկրորդ հիմքի հետ, չի բխում վերը նշված դիրքորոշումներից, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը, դատական ծախսերի մասով վերաքննիչ բողոք ներկայացնելիս բողոքաբերի կողմից պետական տուրք չվճարելու և/կամ պետական տուրք գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու հանգամանքով պայմանավորված կայացնելով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, սահմանափակել է Բյուրոյի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի  1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

  Այսպիսով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու` Վերաքննիչ դատարանի 02.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերաքննիչ բողոքին պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց և պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն կցված չլինելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով, վերացնելու համար:

 

  Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերաքննիչ բողոքին պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց և պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն կցված չլինելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

__________________________

1 Տե՛ս «Արդի հայերենի բացատրական բառարան», Էդուարդ Բագրատի Աղայան (1976):

2 Տե՛ս «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ (1969):

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական: