Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-95-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.374
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 21-ին

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-29-Ն) լրացնել հետևյալ բովանդակությամբ 291-րդ հոդվածով.


«Հոդված 291. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանը

 

1. Հավատարմագիրը փաստաբանին տրամադրվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:

2. Հավատարմագիր ստանալու համար փաստաբանը յուրաքանչյուր տարի` նոյեմբերի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածում, գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին:

3. Դիմումի հետ միասին ներկայացվում են հավատարմագիր տրամադրելու վերաբերյալ Պալատի տասը այլ փաստաբանների գրավոր համաձայնությունները: Յուրաքանչյուր փաստաբան օրացուցային տարվա ընթացքում իրավունք ունի միայն մեկ փաստաբանի հավատարմագիր տրամադրելու համար համաձայնություն տալու: Եթե միևնույն փաստաբանը տվել է մեկից ավելի փաստաբանի հավատարմագրման համաձայնություն, ապա նախապատվությունը տրվում է վճռաբեկ դատարան ավելի վաղ ներկայացված համաձայնությանը:

4. Դիմումը և դրան կից փաստաթղթերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի գրասենյակ: Դիմումը և դրան կից փաստաթղթերն ընդունելիս դրանց վրա նշվում են հանձնման օրը և ժամը:

5. Հավատարմագրերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից` տվյալ փաստաբանին հավատարմագրելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, ստանալով փաստաբանի դիմումը և դրան կից փաստաթղթերը, ստուգում է դրանց համապատասխանությունն օրենքով նախատեսված պահանջներին և հավատարմագրում է փաստաբանին դեկտեմբերի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում:

Հավատարմագիրը տրամադրվում է տասներեք ամիս գործողության ժամկետով:

7. Հավատարմագրի գործողությունը դադարեցված է ճանաչվում, եթե՝

ա) լրացել է հավատարմագրի ժամկետը.

բ) դադարեցվել է արտոնագրի գործողությունը.

գ) փաստաբանը գրավոր դիմել է հավատարմագրի գործողությունը դադարեցնելու համար:

8. Եթե վճռաբեկ բողոք բերած փաստաբանի հավատարմագրի գործողությունը դադարեցված է ճանաչվում բողոքը ներկայացնելուց հետո, սակայն մինչև վճռաբեկ դատարանում բողոքի քննության պահը, ապա բերված բողոքը ենթակա է քննության:

9. Փաստաբանական պալատի նախագահը փաստաբանների արտոնագրերի գործողությունը դադարեցված ճանաչելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին:

10. Փաստաբանին տրամադրված փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տրամադրված հավատարմագրի գործողության կասեցման:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 15
Երևան
ՀՕ-95-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան