Գլխավոր տեղեկություն
Համար
N 1605-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2022-07.07.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1605-Լ

 

ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի N 68-Լ որոշման N 2 հավելվածի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում ընդունել որոշման 1-ին կետով հաստատվող ծրագրից բխող իրավական ակտերը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում ապահովել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև ծրագրից բխող անհրաժեշտ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

4) սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.

5) սույն որոշման գործողության ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակներում ձեռք բերված, սակայն չվաճառված հողերի հետագա տնօրինման և տիրապետման վերաբերյալ։

3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ազգային գեոպորտալում ապահովել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հասանելիությունը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ազգային գեոպորտալում ապահովել որոշման 1-ին կետով հաստատվող ծրագրից բխող գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակը։

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման

 

Փ Ո Ր Ձ Ն Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների փորձնական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է տարբեր գործիքների կիրառմամբ (գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում, օտարում, միջնորդությունների իրականացում, փոխանակում) նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով։ Ծրագիրը կիրականացվի սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2023 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակը։ Ծրագրի հետագա շարունակականությունը պայմանավորված է ծրագրի իրականացման արդյունքներով։

2. 2014 թվականին իրականացված գյուղատնտեսական համատարած հաշվառման տվյալներով գյուղացիական տնտեսությունների 45 տոկոսը կազմված է երեք և ավելի հողամասերից, իսկ 20 տոկոսը՝ հինգ և ավելի հողամասերից, ընդ որում, մինչև 1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ կազմում է 60 %, իսկ 10 հա և ավելի մակերեսով հողերը կազմում են ընդամենը 1.2 %:

3. Արմավիրի մարզի Բաղրամյան, Հայթաղ և Մայիսյան բնակավայրերում Միավորված ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հողերի չօգտագործման խնդիրների կարգավորման նպատակով հողերի կառավարման գործիքակազմի և ինստիտուցիոնալ ձևավորում» ծրագրի շրջանակում բացահայտվել և քարտեզագրվել են գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերը: Չօգտագործվող հողերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Բաղրամյան բնակավայրում, որը կազմում է գյուղատնտեսական նշանակության հողերի 73 %-ը: Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ գրեթե նմանատիպ իրավիճակ է նաև Նորակերտ բնակավայրում։ Մայիսյան և Հայթաղ բնակավայրերում չօգտագործվող հողերի ցուցանիշը շուրջ 25 % է։

4. Համաձայն իրականացված ուսումնասիրությունների` գյուղատնտեսությունից ստացված միջին եկամուտը Հայթաղ բնակավայրի գյուղացիական տնտեսությունների ընդհանուր եկամտի 57 %-ն է, Մայիսյանում՝ 37 %-ը, իսկ Բաղրամյանում և Նորակերտում՝ ընդամենը 4 %-ը։ Չորս բնակավայրերում գտնվող գյուղացիական տնտեսությունների կառուցվածքները, ընդհանուր առմամբ, կարելի է բնութագրել որպես փոքրածավալ, որտեղ սեփականատերերի 95 %-ի ունեցած հողերի չափը չի գերազանցում 2 հեկտարը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր բնակավայրում համեմատաբար մեծ է 2 կամ ավելի մասնատված հողակտոր ունեցողների թիվը:

5. Փորձնական չորս բնակավայրերում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են՝

1) Բաղրամյանում՝ 889.87 հա, որից վարելահողեր՝ 532.71 հա կամ 59.8 %-ը, բազմամյա տնկարկներ՝ 57.61 հա կամ 6.5 %-ը, այլ հողատեսքեր 299.55 հա կամ 33.6 %-ը.

2) Մայիսյանում՝ 1266.74 հա, որից վարելահողեր՝ 363.06 հա կամ 28.6 %-ը, բազմամյա տնկարկներ՝ 151.2 հա կամ 11.9 %-ը, արոտավայրեր՝ 204.21 հա կամ 16.1 %-ը, այլ հողատեսքեր՝ 548.74 հա կամ 43.3 %-ը.

3) Հայթաղում՝ 1023.14 հա, որից վարելահողեր՝ 470.15 հա կամ 45.95 %-ը, բազմամյա տնկարկներ՝ 32.42 հա կամ 3.17 %-ը, արոտավայրեր՝ 416.49 հա կամ 40.7 %-ը, այլ հողատեսքեր՝ 104.08 հա կամ 10.2 %-ը.

4) Նորակերտում՝ 1134.47 հա, որից վարելահողեր՝ 610.18 հա կամ 53.78 %-ը, բազմամյա տնկարկներ՝ 42.04 հա կամ 3.7 %-ը, արոտավայրեր՝ 306.50 հա կամ 27.02 %-ը, այլ հողատեսքեր՝ 175.75 հա կամ 15.49 %-ը:

6. Հողերի սեփականության ընդհանուր տվյալները փորձնական չորս բնակավայրերում.

 

Ցուցանիշներ/բնակավայր

Բաղրամյան

Մայիսյան

Հայթաղ

Նորակերտ

Բնակավայրի ընդհանուր մակերեսը, հա

1076

1990

1240.6

1366.9

Ընդհանուր գյուղատնտեսական նշանակության հողերը, հա

889.87

1266.74

1023.14

1134.47

Մասնավոր սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը, հա

715.69

538.37

374

663.06

Մասնավոր սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողակտորների ընդհանուր քանակը

919

938

1202

1800

Գյուղացիական տնտեսությունների քանակը

460

465

625

630

Պետական և համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության հողերը, հա

174.18

728.37

649.14

471.41

 

7. Ծրագրով նախատեսվում է կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա ճշգրտել և բարելավել հողային ռեֆորմի ճանապարհային քարտեզում ընդգրկված միջոցառումների արդյունավետությունը՝ հաջորդ փուլում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառելու համար։ Ծրագրում դիտարկված գործիքները նպատակաուղղված կլինեն՝

1) ներդրողների համար պարզեցված ընթացակարգերով հողերի ձեռքբերմանը կամ վարձակալմանը.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայի զարգացմանը.

3) հողերի չօգտագործման մակարդակի կրճատմանը.

4) հողերի մասնատվածության մակարդակի նվազեցմանը.

5) գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ավելացմանը և արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանը.

6) գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշների և ոռոգման հնարավորությունների բարելավմանը:

8. Ծրագիրն իրականացվում է մասնատված և փոքր չափերով գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող՝ հետևյալ բնակավայրերի վարչական սահմաններում (այսուհետ միասին՝ բնակավայրեր)՝

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայր.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայր.

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայր.

4) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ բնակավայր:

9. Ծրագրի մասնակիցներն են`

1) բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր (այդ թվում՝ բաժնային կամ համատեղ սեփականատերեր) հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, համայնքները, որոնք ցանկանում են իրենց պատկանող հողամասերն օտարել, հանձնել վարձակալության կամ փոխանակել այլ հողամասերի հետ (այսուհետ՝ շահառու).

2) ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման, վարձակալման կամ փոխանակման ցանկություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ներդրողներ).

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

4) «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն).

5) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե).

6) Գնահատման կազմակերպությունը։

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

10. Ծրագրի իրականացումն ապահովելու համար կազմակերպության կողմից վարվում է առցանց էլեկտրոնային հարթակ (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ)՝ կոմիտեի կողմից մշակված ազգային գեոպորտալի միջոցով։ Շահառուների գրավոր համաձայնությամբ կազմակերպության կողմից հավաքագրվում և էլեկտրոնային հարթակում տեղադրվում են բնակավայրերում շահառուներին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) սեփականատիրոջ անվանումը (իրավաբանական անձանց համար), ազգանունը, անունը.

2) հողամասի գտնվելու վայրը, նպատակային նշանակությունը, հողատեսքը, մակերեսը և կադաստրային ծածկագիրը.

3) ոռոգման հնարավորության վերաբերյալ տեղեկություններ.

4) հողերի որակական հատկությունների վերաբերյալ տվյալներ.

5) այլ տվյալներ։

11. Կազմակերպության կողմից հավաքագրվում և էլեկտրոնային հարթակում տեղադրվում են նաև բնակավայրերում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ սույն ծրագրի 10-րդ կետով նախատեսված տեղեկությունները՝ համայնքի ղեկավարի գրավոր համաձայնությամբ։

12. Կազմակերպության կողմից ապահովվում է էլեկտրոնային հարթակում տեղադրված տվյալների հասանելիությունը ծրագրի մասնակիցների համար։

13. Ծրագիրն իրականացվելու է կազմակերպության կողմից ներկայացվող 5 բաղադրիչով։

14. Առաջին բաղադրիչ` հողերի իրավական կարգավիճակի ճշգրտում, չօգտագործվող հողերի գույքագրում։ Այս բաղադրիչով նախատեսվում է նաև կազմակերպության կողմից տրամադրել ֆինանսական աջակցություն փորձնական բնակավայրերում հողերի առուվաճառքի, փոխանակման, վարձակալության, ժառանգության և այլ գործարքների համար՝ գործարքի արժեքի չափով։ Նշված գործարքների իրականացման համար շահառուն կամ ներդրողը դիմում են կազմակերպությանը (էլեկտրոնային կամ թղթային տարբերակով)։ Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ վճարման անդորրագրի հիման վրա։

15. Երկրորդ բաղադրիչ՝ հողերի առուվաճառք։ Այս բաղադրիչով կազմակերպությունն իրականացնում է՝

1) շահառուների կողմից վաճառվող գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում բնակավայրերի տարածքներում՝ ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան.

2) շահառուների կողմից վաճառվող գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում բնակավայրերում գտնվող հողերին սահմանակից այլ բնակավայրերի տարածքներում գտնվող հողամասերի հետ միավորման (կոնսոլիդացման) հնարավորության դեպքում՝ ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան.

3) ծրագրի շրջանակներում ձեռք բերված հողերի վաճառք կամ փոխանակություն:

16. Կազմակերպության կողմից ձեռք բերվող գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել տվյալ հողատեսքի մեկ հեկտարի համար սահմանված կադաստրային արժեքի 200 %-ը։ Եթե կազմակերպության կողմից հողերի ձեռքբերման արժեքը գերազանցում է սույն կետում սահմանված արժեքը, ապա այն նախապես ենթակա է ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 15-ի N 819-Ա որոշմամբ (այսուհետ՝ որոշում) ստեղծված աշխատանքային խմբի համաձայնեցմանը: Ընդ որում, մինչև աշխատանքային խմբի համաձայնեցմանը ներկայացնելը կազմակերպությունն ապահովում է տվյալ հողերի շուկայական արժեքների գնահատման աշխատանքները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված գնահատման կազմակերպության միջոցով։ Որոշմամբ հաստատված աշխատանքային խմբի կողմից համաձայնեցված հողի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել գնահատման կազմակերպության կողմից գնահատված շուկայական արժեքի կրկնապատիկը։

17. Կազմակերպության կողմից հողամասերի ձեռքբերումն իրականացվում է՝

1) կազմակերպության նախաձեռնությամբ.

2) շահառուների նախաձեռնությամբ՝ սեփականությամբ իրենց պատկանող հողամասը կազմակերպությանը վաճառելու առաջարկների ներկայացմամբ։

18. Ծրագրի 17-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ձեռքբերումն իրականացվում է կազմակերպության կողմից բնակավայրերի տարածքում հնարավոր շահառուներին հողամասերի գնման առաջարկների ներկայացմամբ։

19. Ծրագրի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վաճառքի նպատակով շահառուն կազմակերպություն է ներկայացնում դիմում՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով՝ դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը։

20. Կազմակերպության կողմից ձեռք բերված հողերը վաճառվում են հետևյալ նախապատվություններով՝

1) վաճառվող հողին սահմանակից հողի սեփականատիրոջը՝ այդ հողերի միավորման պայմանով.

2) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով ներդրումներ իրականացնելու համար:

21. Երրորդ բաղադրիչ՝ գործարքի միջնորդություն։ Այս բաղադրիչը նախատեսում է շահառուների և ներդրողների միջև միջնորդությունների իրականացում կազմակերպության կողմից՝ գործարքների կատարման համար խորհրդատվության և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում, փաստաթղթերի նախապատրաստում։ Սույն կետում նշված գործարքների իրականացման համար շահառուները և ներդրողները դիմում են կազմակերպությանը՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։

22. Կազմակերպությունը հողերի վաճառքի կամ փոխանակման համար առաջարկվող տեղեկությունները ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տեղադրում է էլեկտրոնային հարթակում և կապ է հաստատում այդ հողին սահմանակից հողերի սեփականատերերի, հնարավոր այլ անձանց և ներդրողների հետ՝ հողի վաճառքը և փոխանակումն առաջարկելու համար։ Միևնույն գործարքի կնքման համար մեկից ավելի առաջարկների ստացման դեպքում սահմանակից հողի սեփականատերն ունի ձեռքբերման նախապատվության իրավունք՝ մյուսների նկատմամբ, իսկ մեկից ավելի սահմանակից հողերի սեփականատերերից միևնույն գործարքի առաջարկն ստանալու դեպքում նախապատվությունը տրվում է այն սեփականատիրոջը, ում հողակտորի հետ միավորման դեպքում կկազմվի առավել մեծ մակերեսով հողակտոր։

23. Չորրորդ բաղադրիչ՝ հողամասերի միավորում (կոնսոլիդացիա)։ Այս բաղադրիչի շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է ծրագրի շրջանակում ձեռք բերված միմյանց սահմանակից առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորում (կոնսոլիդացիա)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Համապատասխան համայնքի ավագանու նախնական համաձայնությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կարող են ներառվել գյուղատնտեսական նշանակության հողերի կոնսոլիդացիայի տարածքում: Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումը հողերի կոնսոլիդացիայի գործընթացի շրջանակներում իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Կազմակերպության կողմից կոնսոլիդացման նպատակով հողամասերը կարող են ձեռք բերվել, եթե այդ հողամասերը սահմանակից են միմյանց, մակերեսների հանրագումարը կազմում է առնվազն 5 հա` բացառելով կոնսոլիդացված տարածքում այլ սուբյեկտներին պատկանող հողամասերի առկայությունը: Ընդ որում, կոնսոլիդացման նպատակով ձեռք բերվող հողերում պետական և համայնքային սեփականության հողերի մակերեսները չեն կարող գերազանցել ձեռք բերվող հողերի ընդհանուր մակերեսի 20 %-ը: Կոնսոլիդացման նպատակով, հետագայում նոր, առանձին գույքային միավոր հանդիսացող հողերը կարող են ձեռք բերվել, եթե դրանք սահմանակից են կոնսոլիդացված հողամասերին՝ բացառելով նոր կոնսոլիդացվող հողամասերի ձեռքբերման ժամանակ այլ սուբյեկտներին պատկանող հողերի առկայությունը կոնսոլիդացվող հողերի պարագծից ներս լինելու հանգամանքը։ Սույն դեպքում կոնսոլիդացման նպատակով ձեռք բերված և ձեռք բերվող հողերում պետական և համայնքային սեփականության հողերի մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել ձեռք բերված և ձեռք բերվող հողերի ընդհանուր մակերեսի 20 %-ը: Կազմակերպության կողմից ապահովվում է առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի սահմանների միավորման պետական գրանցումն իր անվամբ՝ մեկ գույքային միավորի տեսքով։ Կոնսոլիդացված հողատարածքները տեղադրվում են էլեկտրոնային հարթակում վաճառքի համար։

24. Հինգերորդ բաղադրիչ՝ հողերի բարելավում։ Այս բաղադրիչի շրջանակներում կազմակերպությունը կարող է օրենքով սահմանված կարգով իրականացնել իր սեփականությունը հանդիսացող հողերի որակի բարելավման, ոռոգման համակարգերի տեղադրման կամ վերականգնման, ճանապարհաշինության, ինչպես նաև այլ աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են ծրագրով սահմանված նպատակների իրականացման համար։ Հողերի բարելավման աշխատանքները նախապես համաձայնեցվում են որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հետ, ընդ որում, աշխատանքների արժեքը յուրաքանչյուր հեկտարի հաշվով չպետք է գերազանցի հողամասերի ձեռքբերման արժեքի 50 %-ը։

25. Կազմակերպության կողմից ծրագրի շրջանակներում ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի ընդհանուր թվի 80 %-ը պետք է ընդգրկվի կոնսոլիդացման գործընթացում։

26. Կազմակերպության կողմից ձեռք բերված, ինչպես նաև բարելավված հողամասերը կարող են վաճառվել ձեռքբերման արժեքից պակաս արժեքով, բայց ոչ պակաս, քան կադաստրային արժեքը՝ կազմակերպության կողմից համապատասխան տնտեսական հիմնավորումների ներկայացման հիման վրա՝ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի համաձայնեցումն ստանալուց հետո։

27. Կազմակերպության կողմից նախարարություն է ներկայացվում ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն յուրաքանչյուր եռամսյակը մեկ՝ մինչև հաշվետու եռամսյակի ավարտին հաջորդող 15-րդ աշխատանքային օրը։ Հաշվետվության ձևը սահմանվում է էկոնոմիկայի նախարարի հրամանով։

 

III. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

28. Ծրագրով նախատեսված գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից և (կամ) ֆինանսավորման այլ աղբյուրներից: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն շուրջ 5,5 մլրդ դրամ։ 2022 թվականին ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 411.4 մլն դրամ, իսկ 2023 թվականին ծրագրի իրականացման գնահատված արժեքը կկազմի 5.125 մլրդ դրամ:

29. Ծրագրի շրջանակներում կազմակերպության գործունեության արդյունքում ստացված ֆինանսական միջոցներն ու եկամուտները կազմակերպությունն օգտագործելու է բացառապես ծրագրով սահմանված նպատակների իրականացման համար, իսկ ծրագրի արդյունքում ստացված և չծախսված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման պետական բյուջե՝ մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտը։

 

IV. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

30. Ծրագրի իրականացման գործընթացում դիտարկվում են հետևյալ ռիսկերը՝ հողի գնի բարձրացումը, սեփականատերերի կողմից հողը չվաճառելու ցանկությունը, կազմակերպության կողմից բարձր գներով հողերի ձեռքբերումը, ժառանգության գործարքների հետ կապված հնարավոր խնդիրները և այլն։ Ռիսկերի մեղմմանն են ուղղված կազմակերպության կողմից հողի ձեռքբերման առավելագույն արժեքի սահմանումը, շահառուների շրջանում բացատրական աշխատանքների իրականացումը, ժառանգության գործարքների ֆինանսական աջակցությունը՝ գործարքի արժեքի չափով, ինչպես նաև այլ աջակցության ծրագրերի շրջանակում հողօգտագործման խթանումը։

 

V. ԾՐԱԳՐԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

31. Բնակավայրերում ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակի նվազեցում շուրջ 60 %-ով.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածության մակարդակի նվազեցում.

3) գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության բարձրացում.

4) ոռոգելի հողատարածությունների ավելացում շուրջ 60 %-ով.

5) շուրջ 800 հա հողատարածքի շրջանառության մեջ ներառում.

6) հողերի շուկայի զարգացում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.2023, N 1126-Լ 07.07.2023, N 1605-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան