ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2022 թվականի N 1659-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 570-Ն որոշման (այսուհետ` որոշում) վերնագիրը «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և տրանսֆերային գնագոյացման» բառերով:
2. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հաստատել՝
1) հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2) հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված տրանսֆերային գնագոյացման ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:»:
3. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով:
4. Որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի N 1659-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 570-Ն որոշման |
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում է հարկային մարմնի կողմից` ռիսկի վրա հիմնված տրանսֆերային գնագոյացման ստուգումների համակարգի (այսուհետ` ռիսկի համակարգ) կիրառման ընդհանուր նկարագիրը:
2. Ռիսկի համակարգի նպատակն է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա:
II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
3. Սույն հավելվածի իմաստով ռիսկը հարկ վճարողի կողմից իրականացված վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանելու արդյունքում շահութահարկի և (կամ) բնօգտագործման վճար ռոյալթիի հաշվարկման և վճարման ոչ ամբողջական լինելու հավանականությունն է:
III. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
4. Ռիսկի համակարգը հիմնված է հարկ վճարողների կողմից իրականացված գործարքների տվյալներով հարկ վճարողի գործունեության, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման մասով ներկայացման ենթակա փաստաթղթերի` ըստ ռիսկայնության աստիճանի գնահատման և դասակարգման վրա:
5. Հարկ վճարողների կողմից իրականացված գործարքների հիման վրա ռիսկի համակարգի միջոցով ռիսկերը գնահատվում են հետևյալ քայլերի հաջորդականությամբ`
Քայլ 1. հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների խմբավորում (դասակարգում).
Քայլ 2. ռիսկային չափանիշների ձևավորում և դրանց հիման վրա` ըստ գործարքների հարկ վճարողների ռիսկայնության աստիճանի որոշում.
Քայլ 3. ռիսկայնության աստիճանի որոշման արդյունքներով` հարկ վճարողների` բարձր, միջին և ցածր խմբերի դասակարգում:
IV. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ (ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ)
6. Հարկ վճարողների խմբեր ձևավորելու նպատակով հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների ամբողջ բազան դասակարգվում է հետևյալ երկու խմբի`
1) ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներ.
2) 1-ին ենթակետում չնշված այլ հարկ վճարողներ:
7. Հարկ վճարողների ռիսկայնության աստիճանի գնահատման նպատակով ընտրվում է 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված հարկ վճարողների խումբը` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 360-րդ հոդվածի 3-րդ մասը:
V. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
8. Ռիսկային չափանիշների ընտրությունը հիմնված է հարկային մարմնում առկա տեղեկատվության, ինչպես նաև այլ տեղեկատվական աղբյուրներում (այդ թվում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 367-րդ հոդվածով սահմանված) առկա հարկ վճարողի կողմից իրականացված գործարքների, տրանսֆերային գնագոյացման մասով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերլուծության արդյունքների վրա:
9. Ռիսկի համակարգի կիրառման առումով հիմք են վերցվել հետևյալ ռիսկային չափանիշները`
1) ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման (ձեռքբերման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ծավալը ոչ ռեզիդենտ անձանց հետ.
2) փոխկապակցված կողմերի միջև գործարքների առկայությունը և դրանց ծավալը.
3) գործարքի կողմերից մեկի շահութահարկի և (կամ) ռոյալթիի գծով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու հանգամանքը.
4) գործարքի կողմերից մեկի ռոյալթի վճարող համարվելու հանգամանքը.
5) հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների հետ գործարքների առկայությունը.
6) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ոչ ռեզիդենտ անձի միջև ծախսերի բաշխման և գործարքի իրականացման առկայությունը և ծավալը.
7) վերահսկվող գործարքների վերաբերյալ հարկ վճարողի ծանուցման առկայությունը.
8) տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման չներկայացումը հարկային մարմին.
9) տրանսֆերային գնագոյացման հաշվարկի առկայությունը.
10) նախկինում կատարված տրանսֆերային գնագոյացման ստուգումների առկայությունը և դրանց արդյունքները:
VI. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄԸ
10. Ռիսկային չափանիշներն ըստ իրենց կարևորության ենթակա են տարբերակման երեք խմբի` բարձր, միջին և ցածր: Տարբերակումը կատարվում է ռիսկային չափանիշներին համապատասխան կշիռներ տալու եղանակով, որն ընդգրկում է 0.5-1.5 թվերի միջակայքը, այդ թվում`
1) բարձր խումբ. ընդգրկում է 1.3 - 1.5 թվերի միջակայքը.
2) միջին խումբ. ընդգրկում է 0.8 - 1.2 թվերի միջակայքը.
3) ցածր խումբ. ընդգրկում է 0.5 - 0.7 թվերի միջակայքը:
VII. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
11. Ռիսկային չափանիշների` ըստ կարևորության տարբերակումից հետո հաշվարկվում է դրանց ռիսկայնության առավելագույն միավորը: Վերջինիս որոշման նպատակով, սույն մեթոդաբանության կիրառման առումով, որպես առավելագույն սահման, հիմք է վերցվել ամենաբարձր եռանիշ թիվը` 999-ը:
12. Յուրաքանչյուր ռիսկային չափանիշի առավելագույն միավորը հաշվարկ- վում է հետևյալ բանաձևի միջոցով`
ՉԱՄ = ԱՍ x (ՉԿ/ԿՀ),
որտեղ`
ՉԱՄ-ը չափանիշի առավելագույն միավորն է,
ԱՍ-ն առավելագույն սահմանն է,
ԿՀ-ն բոլոր չափանիշների կշիռների հանրագումարն է,
ՉԿ-ն տվյալ չափանիշին տրված կշիռն է:
13. Հնարավոր է, որ չափանիշներն ունենան գնահատման մի քանի միջակայքեր, հետևաբար, ըստ այդ միջակայքերի՝ ռիսկային տարբեր միավորներ: Նման դեպքերում ավելի բարձր միավորը ցույց է տալիս ավելի բարձր ռիսկ:
14. Յուրաքանչյուր չափանիշի առավելագույն միավորի հաշվարկումից հետո որոշվում են տվյալ չափանիշի միջակայքերի ռիսկային միավորները:
15. Հարկ վճարողի ռիսկայնության ընդհանուր միավորը հաշվարկվում է որպես առանձին չափանիշների ռիսկային միավորների հանրագումար:
16. Ստուգումների պլանավորման նպատակով հիմք է ընդունվում հարկ վճարողի ռիսկայնության ընդհանուր միավորը:
VIII. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻԱՎՈՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ՝ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
17. Ըստ ռիսկայնության ընդհանուր միավորների նվազման հաջորդականության` հարկ վճարողները դասակարգվում են բարձր, միջին և ցածր խմբերի:
18. Բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում են հարկ վճարողների 20 տոկոսը, միջին ռիսկայնության խմբում` 30 տոկոսը, իսկ ցածր ռիսկայնության խմբում` 50 տոկոսը:
19. Ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգումների պլանավորման գործընթացի նկարագրությունը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որով կանոնակարգվող գործընթացի հիմնական քայլերն են՝
1) պլանավորվող ժամանակահատվածի համար ստուգման ենթակա հարկ վճարողների թվի որոշումը.
2) ըստ ռիսկայնության ընդհանուր միավորի ստուգման ենթակա հարկ վճարողների թվի՝ հարկ վճարողների ընտրանքը, որի ժամանակ նախապատվությունը տրվում է ավելի բարձր ռիսկայնության միավոր ունեցող հարկ վճարողներին, իսկ միևնույն ռիսկային միավորներ հավաքած հարկ վճարողներից առաջնահերթությունը տրվում է ավելի մեծ շրջանառություն ունեցող հարկ վճարողներին.
3) տրանսֆերային գնագոյացման ստուգումների տարեկան ծրագրի կազմման համար հարկ վճարողների միասնական ցանկի ձևավորումը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 336-րդ և 337-րդ հոդվածների պահանջները:»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|