Գլխավոր տեղեկություն
Համար
N 570-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.10.2022-26.05.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.07/35(1310) Հոդ.580
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2017 թվականի N 570-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց 27.10.22 N 1659-Ն)

 

 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2) հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված տրանսֆերային գնագոյացման ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 27.10.22 N 1659-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 29

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 25-ի N 570-Ն որոշման

(գլխագիրը փոփ. 27.10.22 N 1659-Ն)

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն հավելվածով կանոնակարգվում են հարկային մարմնի կողմից` ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի (այսուհետ` ռիսկի համակարգ) կիրառման հետ կապված ընդհանուր հարաբերությունները:

2. Ռիսկի համակարգի նպատակն է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա` ըստ հարկ վճարողների առանձին խմբերի:

 

II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

3. Սույն հավելվածի իմաստով ռիսկը հարկ վճարողի կողմից հարկման օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելուն կամ դրանք պակաս ցույց տալուն կամ հարկերը ճիշտ չհաշվարկելուն կամ դրանք չվճարելուն կամ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջներ չկատարելուն ուղղված գործողության կամ անգործության և դրանց արդյունքում պետությանը վնաս հասցնելու հավանականությունն է՝ հաշվի առնելով հասցված կամ ակնկալվող վնասների մեծությունն ու ծանրության աստիճանը:

 

III. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ռիսկի համակարգը հիմնված է հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկների, հաշվարկային փաստաթղթերի տվյալների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով այլ տեղեկությունների հիման վրա հարկ վճարողի գործունեության` ըստ ռիսկայնության աստիճանի գնահատման և դասակարգման վրա:

5. Հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների հիման վրա ռիսկի համակարգի միջոցով ռիսկերը գնահատվում են հետևյալ քայլերի հաջորդականությամբ`

Քայլ 1. հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների խմբավորում (դասակարգում).

Քայլ 2. ռիսկային չափանիշների ձևավորում և դրանց ռիսկայնության աստիճանի (միավորի) հաշվարկման բանաձևերի սահմանում.

Քայլ 3. ռիսկային չափանիշների հիման վրա` ըստ հարկային հաշվարկների հարկ վճարողների ռիսկայնության աստիճանի (միավորի) որոշում.

Քայլ 4. ռիսկայնության աստիճանի (միավորի) որոշման արդյունքներով` հարկ վճարողների` բարձր, միջին և ցածր խմբերի դասակարգում:

 

IV. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ (ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ)

 

6. Հարկ վճարողների խմբեր ձևավորելու նպատակով հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների ամբողջ բազան դասակարգվում է հետևյալ երեք խմբի`

1) ավելացված արժեքի հարկ վճարողներ.

2) շրջանառության հարկ վճարողներ.

3) 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված այլ հարկ վճարողներ:

7. Հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկների ռիսկայնության աստիճանի գնահատման նպատակով ընտրվում են 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հարկ վճարողների խմբերը:

 

V. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Ռիսկային չափանիշների ընտրության և դրանց ռիսկային միավորների արդյունավետ հաշվարկման նպատակով հաշվի են առնվում հետևյալ հիմնական սկզբունքները`

1) հարկ վճարողների կողմից ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկ պետք է ունենա այդ հաշվարկի համար բնորոշ և կիրառելի ռիսկային չափանիշներ.

2) ռիսկային չափանիշներն ըստ իրենց կարևորության ենթակա են տարբերակման:

 

VI. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

9. Ռիսկային չափանիշների ընտրությունը հիմնված է հարկային մարմնի կենտրոնական տվյալների բազայում առկա հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների, դրանց վերլուծության արդյունքների, հարկ վճարողի թույլ տված օրենսդրական պահանջների խախտումների և այլ տեղեկությունների վրա:

10. Ռիսկային չափանիշների ընտրության ժամանակ հաշվի է առնվում, թե որքանով է տվյալ չափանիշն ընդգծում և վեր հանում ռիսկը:

11. Ռիսկի համակարգի կիրառման առումով հիմք են վերցվել հետևյալ ռիսկային չափանիշները`

1) շահութաբերության (եկամտաբերության) մակարդակը.

2) ստուգման արդյունքները.

3) նախկինում կատարված ստուգումների առկայությունը.

4) շահույթի բացակայությունը կամ վնասի առկայությունը.

5) նախորդ տարիների շահութաբերության (եկամտաբերության) մակարդակների համադրման ցուցանիշները.

6) ակտիվների, նվազեցվող կորուստների, փոխառությունների, հիմնական միջոցների, հարկվող շահույթի, վնասի, համախառն եկամտի ցուցանիշների համադրման արդյունքները.

7) հաշվարկային փաստաթղթերի և հարկային հաշվարկների տվյալների համադրման ցուցանիշները.

8) ներմուծման տվյալների և հարկային հաշվարկների տվյալների համադրման ցուցանիշները.

9) գործունեության ոլորտները, ինչպես նաև տարբեր վայրերի առկայությունը.

10) իրացման շրջանառության, ձեռքբերումների, համախառն եկամտի տեսակները և ծավալները.

11) հարկային հաշվարկների ուշացման կամ ճշգրտված հաշվարկների առկայությունը, որոնց դեպքում առկա է հայտարարագրված հարկային պարտավորության նվազում.

12) հարկային արտոնությունների կիրառման առկայությունը.

13) իրացման և ձեռքբերման ցուցանիշների համադրման արդյունքները.

14) հետաձգված հարկերի առկայությունը.

15) արտաքին տնտեսական գործունեության առկայությունը.

16) ընդհանուր ծախսերի և որոշ ծախսերի համադրման ցուցանիշները, տեսակարար կշիռները.

17) միաժամանակ հարկման տարբեր ռեժիմների առկայությունը (ընդհանուր հարկման, հատուկ հարկման և այլն).

18) միջին ամսական աշխատավարձի համադրման արդյունքները.

19) մեկ աշխատողի հաշվով իրացման շրջանառության, հարկվող շահույթի (եկամտի) ցուցանիշները:

 

VII. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄԸ

 

12. Ռիսկային չափանիշներն ըստ իրենց կարևորության ենթակա են տարբերակման երեք խմբի` բարձր, միջին և ցածր: Տարբերակումը կատարվում է ռիսկային չափանիշներին համապատասխան կշիռներ տալու եղանակով, որն ընդգրկում է 0.5-1.5 թվերի միջակայքը, այդ թվում`

1) բարձր խումբ. ընդգրկում է 1.3 - 1.5 թվերի միջակայքը.

2) միջին խումբ. ընդգրկում է 0.8 - 1.2 թվերի միջակայքը.

3) ցածր խումբ. ընդգրկում է 0.5 - 0.7 թվերի միջակայքը:

 

VIII. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

13. Ռիսկային չափանիշների` ըստ կարևորության տարբերակումից հետո հաշվարկվում է դրանց ռիսկայնության առավելագույն միավորը: Վերջինիս որոշման նպատակով, սույն մեթոդաբանության կիրառման առումով, որպես առավելագույն սահման, հիմք է վերցվել ամենաբարձր եռանիշ թիվը` 999-ը:

14. Յուրաքանչյուր ռիսկային չափանիշի առավելագույն միավորը հաշվարկվում է հետևյալ բանաձևի միջոցով`

ՉԱՄ = ԱՍ x (ՉԿ/ԿՀ),

որտեղ`

ՉԱՄ-ը չափանիշի առավելագույն միավորն է,

ԱՍ-ն առավելագույն սահմանն է,

ԿՀ-ն բոլոր չափանիշների կշիռների հանրագումարն է,

ՉԿ-ն տվյալ չափանիշին տրված կշիռն է:

15. Հնարավոր է, որ չափանիշներն ունենան գնահատման մի քանի միջակայքեր, հետևաբար, ըստ այդ միջակայքերի՝ ռիսկային տարբեր միավորներ: Նման դեպքերում ավելի բարձր միավորը ցույց է տալիս ավելի բարձր ռիսկ:

16. Յուրաքանչյուր չափանիշի առավելագույն միավորի հաշվարկումից հետո որոշվում են տվյալ չափանիշի միջակայքերի ռիսկային միավորները:

 

IX. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՌԻՍԿԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

17. Հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկի ռիսկայնության միավորը հաշվարկվում է որպես առանձին չափանիշների ռիսկային միավորների հանրագումար:

18. Գնահատված հարկային հաշվարկների ռիսկային միավորները պահվում են հարկային մարմնի կենտրոնական տվյալների բազայում:

19. Հարկային հաշվարկների ռիսկային միավորը հաշվարկվում է այդ հաշվարկները ներկայացվելու համար օրենքով սահմանված ժամկետին հաջորդող առաջին աշխատանքային օրը: Օրենքով սահմանված ժամկետից հետո ներկայացված, ինչպես նաև ճշգրտված հաշվարկների ռիսկային միավորը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա կտրվածքով, դրանք ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը:

20. Ճշգրտված հարկային հաշվարկները ներկայացվելու դեպքում հիմք է ընդունվում այդ հաշվարկների ռիսկային միավորը:

21. Ստուգումների պլանավորման նպատակով հիմք է ընդունվում գնահատված հարկային հաշվարկների տարեկան ռիսկային միավորը:

22. Յուրաքանչյուր հարկային հաշվարկի տարեկան ռիսկային միավորը տվյալ տարում ամսական (եռամսյակային) կտրվածքով հարկային հաշվարկների ռիսկային միավորների միջին թվաբանականն է (միջին թվաբանականի հաշվարկին մասնակցում են այն ամիսների համար ներկայացված հաշվարկները, որոնց ներկայացվելուն վերաբերող ժամանակահատվածում ստուգում չի եղել), իսկ տարեկան կտրվածքով հարկային հաշվարկների համար` տվյալ հաշվարկի ռիսկային միավորը:

23. Սույն համակարգի կիրառման առումով գնահատման ենթակա բոլոր հարկային հաշվարկները պարտադիր գնահատվում են:

 

X. ԳՆԱՀԱՏՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ՝ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

24. Ըստ ռիսկային միավորների նվազման հաջորդականության` հարկ վճարողները դասակարգվում են բարձր, միջին և ցածր խմբերի:

25. Ըստ հաշվարկների՝ բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում են հարկ վճարողների 20 տոկոսը, միջին ռիսկայնության խմբում` 30 տոկոսը, իսկ ցածր ռիսկայնության խմբում` 50 տոկոսը:

26. Սույն հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված, ինչպես նաև հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիթորինգի համաձայնագիր կնքած կազմակերպությունները, համաձայնագրի գործողության ժամանակահատվածում, անկախ ռիսկի համակարգով գնահատման արդյունքներից, ներառվում են ցածր ռիսկայնության խմբում:

27. Օրենքով պարտադիր աուդիտի ենթակա, սակայն աուդիտ չանցած, ինչպես նաև «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տարեկան ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պարտավորություն ունեցող, սակայն ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակած հարկ վճարողները, անկախ ռիսկի համակարգով գնահատման արդյունքներից, ներառվում են բարձր ռիսկայնության խմբում:

28. Հարկ վճարողների ռիսկայնության գնահատման նպատակով տարբեր հարկային հաշվարկների ռիսկայնության գնահատականները չեն ընդհանրացվում կամ միջինացվում: Եթե հարկ վճարողը հարկային հաշվարկների տարեկան ռիսկային միավորների արդյունքում միաժամանակ տարբեր հաշվարկների մասով ընդգրկվել է տարբեր ռիսկային խմբերում, ապա տվյալ հարկ վճարողի ռիսկային խումբը որոշվում է դրանցից ամենաբարձրով:

29. Ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգումների պլանավորման գործընթացի նկարագրությունը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որով կանոնակարգվող գործընթացի հիմնական քայլերն են՝

1) պլանավորվող ժամանակահատվածի համար ստուգման ենթակա հարկ վճարողների թվի որոշումը, այդ թվում՝ նաև ըստ հարկ վճարողների հաշվառման հարկային տեսչությունների.

2) ռիսկի համակարգով գնահատվող հարկային հաշվարկների համամասնության որոշումը.

3) ըստ հարկային հաշվարկների սահմանված համամասնության և ըստ որոշված ստուգման ենթակա հարկ վճարողների թվի՝ հարկ վճարողների ընտրանքը, որի ժամանակ նախապատվությունը տրվում է ավելի բարձր ռիսկայնության միավոր ունեցող հարկ վճարողներին, իսկ միևնույն ռիսկային միավորներ հավաքած հարկ վճարողներից առաջնահերթությունը տրվում է՝

ա. ավելի մեծ շրջանառություն ունեցող հարկ վճարողներին,

բ. ավելի վաղ ստուգված հարկ վճարողներին.

4) համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրի կազմման համար հարկ վճարողների միասնական ցանկի ձևավորումը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 336-րդ և 337-րդ հոդվածների պահանջները:

 

XI. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ

 

30. Ռիսկի համակարգի համար հիմք է հարկային մարմնի կենտրոնական տեղեկատվական բազան, որում առկա են ռիսկի համակարգի կիրարկման համար անհրաժեշտ տվյալները, այդ թվում` հարկ վճարողների մասին անհրաժեշտ տեղեկատվություն (ռեգիստր), նրանց կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներ, ինչպես նաև այլ տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 27.10.22 N 1659-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի առաջին

տեղակալ

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2 

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 25-ի N 570-Ն որոշման

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է հարկային մարմնի կողմից` ռիսկի վրա հիմնված տրանսֆերային գնագոյացման ստուգումների համակարգի (այսուհետ` ռիսկի համակարգ) կիրառման ընդհանուր նկարագիրը:

2. Ռիսկի համակարգի նպատակն է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա:

 

II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

3. Սույն հավելվածի իմաստով ռիսկը հարկ վճարողի կողմից իրականացված վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանելու արդյունքում շահութահարկի և (կամ) բնօգտագործման վճար ռոյալթիի հաշվարկման և վճարման ոչ ամբողջական լինելու հավանականությունն է:

 

III. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ռիսկի համակարգը հիմնված է հարկ վճարողների կողմից իրականացված գործարքների տվյալներով հարկ վճարողի գործունեության, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման մասով ներկայացման ենթակա փաստաթղթերի` ըստ ռիսկայնության աստիճանի գնահատման և դասակարգման վրա:

5. Հարկ վճարողների կողմից իրականացված գործարքների հիման վրա ռիսկի համակարգի միջոցով ռիսկերը գնահատվում են հետևյալ քայլերի հաջորդականությամբ`

Քայլ 1. հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների խմբավորում (դասակարգում).

Քայլ 2. ռիսկային չափանիշների ձևավորում և դրանց հիման վրա` ըստ գործարքների հարկ վճարողների ռիսկայնության աստիճանի որոշում.

Քայլ 3. ռիսկայնության աստիճանի որոշման արդյունքներով` հարկ վճարողների` բարձր, միջին և ցածր խմբերի դասակարգում:

 

IV. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ (ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ)

 

6. Հարկ վճարողների խմբեր ձևավորելու նպատակով հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների ամբողջ բազան դասակարգվում է հետևյալ երկու խմբի`

1) ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներ.

2) 1-ին ենթակետում չնշված այլ հարկ վճարողներ:

7. Հարկ վճարողների ռիսկայնության աստիճանի գնահատման նպատակով ընտրվում է 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված հարկ վճարողների խումբը` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 360-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

V. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

8. Ռիսկային չափանիշների ընտրությունը հիմնված է հարկային մարմնում առկա տեղեկատվության, ինչպես նաև այլ տեղեկատվական աղբյուրներում (այդ թվում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 367-րդ հոդվածով սահմանված) առկա հարկ վճարողի կողմից իրականացված գործարքների, տրանսֆերային գնագոյացման մասով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերլուծության արդյունքների վրա:

9. Ռիսկի համակարգի կիրառման առումով հիմք են վերցվել հետևյալ ռիսկային չափանիշները`

1) ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման (ձեռքբերման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ծավալը ոչ ռեզիդենտ անձանց հետ.

2) փոխկապակցված կողմերի միջև գործարքների առկայությունը և դրանց ծավալը.

3) գործարքի կողմերից մեկի շահութահարկի և (կամ) ռոյալթիի գծով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու հանգամանքը.

4) գործարքի կողմերից մեկի ռոյալթի վճարող համարվելու հանգամանքը.

5) հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների հետ գործարքների առկայությունը.

6) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ոչ ռեզիդենտ անձի միջև ծախսերի բաշխման և գործարքի իրականացման առկայությունը և ծավալը.

7) վերահսկվող գործարքների վերաբերյալ հարկ վճարողի ծանուցման առկայությունը.

8) տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման չներկայացումը հարկային մարմին.

9) տրանսֆերային գնագոյացման հաշվարկի առկայությունը.

10) նախկինում կատարված տրանսֆերային գնագոյացման ստուգումների առկայությունը և դրանց արդյունքները:

 

VI. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄԸ

 

10. Ռիսկային չափանիշներն ըստ իրենց կարևորության ենթակա են տարբերակման երեք խմբի` բարձր, միջին և ցածր: Տարբերակումը կատարվում է ռիսկային չափանիշներին համապատասխան կշիռներ տալու եղանակով, որն ընդգրկում է 0.5-1.5 թվերի միջակայքը, այդ թվում`

1) բարձր խումբ. ընդգրկում է 1.3 - 1.5 թվերի միջակայքը.

2) միջին խումբ. ընդգրկում է 0.8 - 1.2 թվերի միջակայքը.

3) ցածր խումբ. ընդգրկում է 0.5 - 0.7 թվերի միջակայքը:

 

VII. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

11. Ռիսկային չափանիշների` ըստ կարևորության տարբերակումից հետո հաշվարկվում է դրանց ռիսկայնության առավելագույն միավորը: Վերջինիս որոշման նպատակով, սույն մեթոդաբանության կիրառման առումով, որպես առավելագույն սահման, հիմք է վերցվել ամենաբարձր եռանիշ թիվը` 999-ը:

12. Յուրաքանչյուր ռիսկային չափանիշի առավելագույն միավորը հաշվարկվում է հետևյալ բանաձևի միջոցով`

 

ՉԱՄ = ԱՍ x (ՉԿ/ԿՀ),

 

որտեղ`

ՉԱՄ-ը չափանիշի առավելագույն միավորն է,

ԱՍ-ն առավելագույն սահմանն է,

ԿՀ-ն բոլոր չափանիշների կշիռների հանրագումարն է,

ՉԿ-ն տվյալ չափանիշին տրված կշիռն է:

13. Հնարավոր է, որ չափանիշներն ունենան գնահատման մի քանի միջակայքեր, հետևաբար, ըստ այդ միջակայքերի՝ ռիսկային տարբեր միավորներ: Նման դեպքերում ավելի բարձր միավորը ցույց է տալիս ավելի բարձր ռիսկ:

14. Յուրաքանչյուր չափանիշի առավելագույն միավորի հաշվարկումից հետո որոշվում են տվյալ չափանիշի միջակայքերի ռիսկային միավորները:

15. Հարկ վճարողի ռիսկայնության ընդհանուր միավորը հաշվարկվում է որպես առանձին չափանիշների ռիսկային միավորների հանրագումար:

16. Ստուգումների պլանավորման նպատակով հիմք է ընդունվում հարկ վճարողի ռիսկայնության ընդհանուր միավորը:

 

VIII. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻԱՎՈՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ՝ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

17. Ըստ ռիսկայնության ընդհանուր միավորների նվազման հաջորդականության` հարկ վճարողները դասակարգվում են բարձր, միջին և ցածր խմբերի:

18. Բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում են հարկ վճարողների 20 տոկոսը, միջին ռիսկայնության խմբում` 30 տոկոսը, իսկ ցածր ռիսկայնության խմբում` 50 տոկոսը:

19. Ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգումների պլանավորման գործընթացի նկարագրությունը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որով կանոնակարգվող գործընթացի հիմնական քայլերն են՝

1) պլանավորվող ժամանակահատվածի համար ստուգման ենթակա հարկ վճարողների թվի որոշումը.

2) ըստ ռիսկայնության ընդհանուր միավորի ստուգման ենթակա հարկ վճարողների թվի՝ հարկ վճարողների ընտրանքը, որի ժամանակ նախապատվությունը տրվում է ավելի բարձր ռիսկայնության միավոր ունեցող հարկ վճարողներին, իսկ միևնույն ռիսկային միավորներ հավաքած հարկ վճարողներից առաջնահերթությունը տրվում է ավելի մեծ շրջանառություն ունեցող հարկ վճարողներին.

3) տրանսֆերային գնագոյացման ստուգումների տարեկան ծրագրի կազմման համար հարկ վճարողների միասնական ցանկի ձևավորումը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 336-րդ և 337-րդ հոդվածների պահանջները:

(հավելվածը լրաց. 27.10.22 N 1659-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.03.2024, N 420-Ն 29.03.2024, N 570-Ն
25.05.2023, N 807-Ն 26.05.2023, N 570-Ն
27.10.2022, N 1659-Ն 28.10.2022, N 570-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան