Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1662
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2022

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

4 հոկտեմբերի 2022 թ.

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2022 թվականի հունիսի 9-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2022 թվականի հուլիսի 14-ի N 1070-Ա որոշմամբ հավանություն է տվել 2022 թվականի հունիսի 9-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել նշված միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2022 թվականի հուլիսի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի հունիսի 9-ին` տարրական կրթություն ստացող երեխաների պատրաստվածությունը դպրոցին բարելավելու, հանրակրթական դպրոցում ֆիզիկական պայմանները և կրթական ռեսուրսների առկայությունը բարելավելու և ՀՀ տարածքում բարձրագույն ուսումնական հաստատություններում որակի և համապատասխանության բարելավմանն աջակցելու նպատակով:

 

2. Ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմին է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ ԿԳՄՍՆ):

 

3. Համաձայնագիրն ունի երեք Առդիր՝ Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2. «Ծրագրի իրականացում» և Առդիր 3. «Հանձնառության հետ կապված մարման ժամանակացույց» և մեկ Հավելված` «Սահմանումներ»:

 

4. Ըստ Համաձայնագրի` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ՝ Բանկ) համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել քսաներկու միլիոն վեց հարյուր հազար եվրո (€22.600.000) գումարի չափով վարկ (այսուհետ՝ Վարկ)՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորմանն աջակցելու նպատակով: Վարկի մարումը սկսվում է 2037 թ. փետրվարի 15-ից և ավարտվում է 2047 թ. փետրվարի 15-ին: Ծրագրի ավարտի ամսաթիվն է 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի:

 

5. Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից` Մաս Ա. Հանրակրթության որակի բարելավում, Մաս Բ. Բարձրագույն ուսումնական հաստատությունների նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) լիամասշտաբ գործարկում, Մաս Գ. Ծրագրի կառավարում, մշտադիտարկում և գնահատում:

 

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) վճարել սկզբնավճար, որը հավասար է Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%) (Հոդված II, բաժին 2.03),

բ) վճարել պարտավճար, որը սահմանվում է տարեկան Վարկի չառհանված մնացորդի մեկ քառորդ տոկոսի չափով (0.25%) (Հոդված II, բաժին 2.04),

գ) յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին` սկսած 2037 թ. փետրվարի 15-ից մինչև 2046 թ. օգոստոսի 15-ը մարել Վարկի մայր գումարը 4.76% մասնաբաժնով, իսկ 2047 թ. փետրվարի 15-ին` 4.8% մասնաբաժնով (Հոդված II, բաժին 2.07, Առդիր 3),

դ) Ծրագրի իրականացումն ապահովելու համար, ի դեմս ԿԳՄՍՆ-ի, Ծրագրի իրականացման ընթացքում ունենալ ստորաբաժանում (Ծրագրի իրականացման գրասենյակ) այնպիսի լիազորություններով, կառուցվածքով, անձնակազմով, գործառույթներով, պարտականություններով և համապատասխան ռեսուրսներով, ինչպես սահմանված է Ծրագրի գործառնական ձեռնարկում, և այս բոլորը Բանկի համար ընդունելի պայմաններով (Առդիր 2, բաժին I, մաս «Ա»),

ե) Ծրագրի պատշաճ իրականացումն ապահովելու համար Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ, ԿԳՄՍՆ-ի միջոցով պատրաստել և ընդունել ձեռնարկ (Ծրագրի գործառնական ձեռնարկ), որը կներառի Ծրագրի վարչական, ֆինանսական կառավարման, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման ընթացակարգերն ու պայմանավորվածությունները, Ծրագրի կատարողականի ցուցանիշները, Ծրագրի իրականացման գրասենյակի անձնակազմի դերերն ու պարտականությունները, Ծրագրի մանրամասն նկարագրությունը, Ծրագրի իրականացման մեխանիզմները և մեթոդաբանությունը, նախադպրոցական միկրոծրագրերի և ՆՄՀ ենթածրագրերի ընտրության և դրանց համապատասխան ֆինանսավորման պահանջները, չափանիշները և որոշումների ընդունման գործընթացը (Առդիր 2, բաժին I, մաս «Բ», պարբերություն 1),

 զ) ի դեմս ԿԳՄՍՆ-ի` իրականացնել Ծրագիրը Համաձայնագրին և Ծրագրի գործառնական ձեռնարկին համապատասխան: Բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ բան նախատեսի, չպատվիրակել, չփոփոխել, չեղյալ չհայտարարել կամ չհրաժարվել Ծրագրի գործառնական ձեռնարկի դրույթներից՝ առանց Բանկի նախնական հաստատման (Առդիր 2, բաժին I, մաս «Բ», պարբերություն 2),

 է) ի դեմս ԿԳՄՍՆ-ի` Ենթադրամաշնորհներ տրամադրել Շահառուներին՝ Միկրոծրագրեր կամ Ենթածրագրեր ֆինանսավորելու համար՝ Բանկի համար ընդունելի համապատասխանության չափանիշների և ընթացակարգերի համաձայն, որոնք ավելի մանրամասն ներկայացվում են Ծրագրի գործառնական ձեռնարկում (Առդիր 2, բաժին I, մաս «Գ», պարբերություն 1),

 ը) ի դեմս ԿԳՄՍՆ-ի` իրացնել յուրաքանչյուր Ենթադրամաշնորհային Համաձայնագրով նախատեսված ՀՀ իրավունքներն այնպես, որ պաշտպանի ՀՀ և Բանկի շահերը և իրագործի Վարկի նպատակները, ինչպես նաև բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ կերպ կհամաձայնի և, ի դեմս ԿԳՄՍՆ-ի, չպատվիրակել, չփոփոխել, չեղյալ չհայտարարել որևէ Ենթադրամաշնորհային համաձայնագիր կամ դրա որևէ դրույթ կամ չհրաժարվել դրանից (Առդիր 2, բաժին I, մաս «Գ», պարբերություն 3),

 թ) ի դեմս ԿԳՄՍՆ-ի` գնահատել, վերանայել, հաստատել և մշտադիտարկման ենթարկել Նախադպրոցական միկրոծրագրերը և ՆՄՀ ենթածրագրերը՝ Ծրագրի գործառնական ձեռնարկի և Համաձայնագրի համաձայն (Առդիր 2, բաժին I, մաս Գ, պարբերություն 4),

 ժ) առանց սահմանափակվելու Համաձայնագրի շրջանակներում հաշվետվողականության այլ պարտավորություններով, ի դեմս ԿԳՄՍՆ-ի, անհապաղ Բանկին տրամադրել առաջընթացի վերաբերյալ ամսական յուրաքանչյուր հաշվետվության պատճենը, որը պատրաստվել և ներկայացվել է Ծրագրի ինժեներաշինարարական աշխատանքները վերահսկող ցանկացած կազմակերպության (ներառյալ՝ ցանկացած ինժեների), Ծրագրի կապալառուների և/կամ ենթակապալառուների կողմից և անհապաղ տեղեկացնել Բանկին Ծրագրի հետ կապված կամ դրա վրա ազդեցություն ունեցող ցանկացած միջադեպի կամ պատահարի մասին, որն ունի կամ կարող է զգալի բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի, ազդակիր համայնքների, հանրության կամ աշխատողների վրա (Առդիր 2, բաժին I, մաս «Դ», պարբերություն 4, ենթապարբերություններ «բ», «գ»),

 ի) ի դեմս ԿԳՄՍՆ-ի` Ծրագրի իրականացման ողջ ընթացքում Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ ունենալ և հրապարակել բողոքարկման մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրելու և արդարացիորեն և բարեխղճորեն լուծելու Ծրագրի հետ կապված բոլոր բողոքները, և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ ընթացակարգի կիրառման արդյունքում կայացրած որոշումները Բանկի կողմից բավարար դիտարկվող ձևով իրագործելու համար (Առդիր 2, բաժին I, մաս «Դ», պարբերություն 5),

 լ) Ծրագրի յուրաքանչյուր Հաշվետվություն, որն ընդգրկում է օրացուցային կիսամյակը, Բանկ ներկայացնել յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում (Առդիր 2, բաժին II),

 խ) որևէ առհանում չիրականացնել մինչև Համաձայնագրի ստորագրման ամսաթիվը կատարված վճարումների համար` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդ ամսաթիվը կարող են կատարվել առհանումներ, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում €450,000 եվրոն, սակայն դրանք անել 2022թ. մայիսի 1-ին կամ դրանից հետո կատարված 1-ին Կատեգորիայի ներքո Թույլատրելի ծախսերի մասով (Առդիր 2, բաժին III, մաս «Բ»):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «2022 թվականի հունիսի 9-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները` համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

4 հոկտեմբերի 2022 թվականի

ՍԴՈ-1662

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2022 թվական: