Գլխավոր տեղեկություն
Համար
N 399-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.10.2022-14.04.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 25.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2022 թվականի N 399-Լ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

25.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 24-ի N 399-Լ որոշման

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանումներին) և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

1.1. Սույն կարգը չի տարածվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագիր ստացած տնտեսավարող սուբյեկտների վրա՝ հավաստագրի գործողության ընթացքում:

(1.1-ին կետը լրաց. 22.04.22 N 558-Լ, խմբ. 20.10.22 N 1616-Լ)

2. Պետական աջակցությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերի և սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվության հիման վրա։

3. Պետական աջակցությունը տրամադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ շահառու), որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմանները՝

1) իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 90 և ավելի տոկոսը կազմում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի 1-ին կետով հաստատված՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 26.1, 26.2, 26.3, 30.3, 58.2, 62.0, 63.1 խմբերում ներառված գործունեությունից եկամուտները (իրացման շրջանառությունը).

2) պետական աջակցության տրամադրման համապատասխան ամսվա՝ աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով ներգրավված աշխատողների թվաքանակն ավելացել է առնվազն 10-ով՝ 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով տվյալ շահառուի աշխատողների թվաքանակի համեմատ.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված՝ նոր ընդունված աշխատողները 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ չեն հանդիսացել.

4) սույն կարգի 8-րդ կետով սահմանված դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

(3-րդ կետը փոփ., լրաց. 22.04.22 N 558-Լ, խմբ., փոփ. 20.10.22 N 1616-Լ)

4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանը բավարարված համարվելու համար հիմք է ընդունվում սույն կարգի 8-րդ կետով սահմանված դիմումի ներկայացման օրվա դրությամբ աջակցության ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկ վճարողների կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի կամ շրջանառության հարկի հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը։ Եկամուտների (իրացման շրջանառության) բացակայության դեպքում սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանը բավարարված համարվելու համար հիմք են ընդունվում շահառուի կողմից նախարարություն ներկայացված տեղեկությունները։

5․ Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանը բավարարված համարվելու համար հիմք է ընդունվում մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներառյալ ներկայացված 2022 թվականի փետրվար ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված աշխատողների թվաքանակը, որը համեմատվում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված դիմումի ներկայացման օրվա դրությամբ աջակցության տրամադրման համապատասխան ամսվա աշխատողների թվաքանակի հետ։

2022 թվականի մարտի 1-ից հետո պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունների կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերի համար սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանը բավարարված համարվելու համար հիմք է ընդունվում պետական աջակցության տրամադրման համապատասխան ամսվա համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված աշխատողների թվաքանակն առնվազն 10 կազմելը:

Սույն կետում նշված աշխատողների թվաքանակները որոշվում են եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված տվյալների և շահառուի ներկայացրած տվյալների հիման վրա։

(5-րդ կետը փոփ. 22.04.22 N 558-Լ)

6․ Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պայմանը բավարարված համարվելու համար հիմք են ընդունվում 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալները:

7․ Շահառուին պետական աջակցությունը տրամադրվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված պայմանները բավարարող ամսվա (ամիսների) համար, սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան նոր ընդունված աշխատողներին հաշվեգրված աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց վճարված եկամուտներից պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով: Պետական աջակցությունը շահառուներին կարող է հաշվարկվել և տրամադրվել 2022 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար։

8․ Պետական աջակցությունն ստանալու նպատակով շահառուն նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) պետական աջակցությունն ստանալու համար դիմում՝ համաձայն սույն կարգի ձևի.

2) յուրաքանչյուր ամսվա համար սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան նոր ընդունված աշխատողների, նրանց հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի, ինչպես նաև աշխատողների մասնագիտական անձնակազմի վերաբերյալ նախարարության կողմից սահմանված ձևով տեղեկություններ.

3) աշխատողներին եկամուտների վճարումը հավաստող փաստաթղթեր։

9. Նախարարությունը սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանում է հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդի և գործունեության տեսակների տեսակարար կշռի, մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներառյալ ներկայացված՝ 2022 թվականի փետրվար ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված աշխատողների թվաքանակը, նոր ընդունված աշխատողների՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում աշխատելու վերաբերյալ հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալների (թվաքանակ), 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում որևէ գործատուի մոտ աշխատող չհանդիսանալու վերաբերյալ հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալների (թվաքանակ, աջակցման ամսվա համար հաշվարկված եկամտային հարկ), համապատասխան ամսվա համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված աշխատողների թվաքանակի, հաշվարկված և վճարված եկամտային հարկի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների և եկամտային հարկի գծով պարտավորություններն ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ փոխհամաձայնեցված եղանակով:

(9-րդ կետը խմբ. 22.04.22 N 558-Լ, 20.10.22 N 1616-Լ)

10․ Պետական աջակցության տրամադրման համար յուրաքանչյուր ամիսը սույն կարգի 3-րդ կետով սահմանված պայմանները բավարարելու առումով դիտարկվում է առանձին, սակայն դիմումը կարող է ներկայացվել մեկից ավելի ամիսների համար: Սույն կարգի 8-րդ կետով սահմանված դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 1-ն է:

11․ Սույն կարգի 7-րդ կետով սահմանված պետական աջակցության գումարները շահառուին փոխանցելու նպատակով նախարարությունը սույն կարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո սույն կարգով սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական, որում նշվում են հետևյալ տվյալները`

1) շահառուի անվանումը.

2) շահառուի ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) պետական աջակցության գումարի չափը։

(11-րդ կետը փոփ. 22.04.22 N 558-Լ)

12. Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական աջակցության գումարը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Կազմակերպության անվանումը

կամ անհատ ձեռնարկատիրոջ

անունը, ազգանունը

 

Կազմակերպության կամ

անհատ ձեռնարկատիրոջ

ՀՎՀՀ-ն

               

Կազմակերպության կամ

անհատ ձեռնարկատիրոջ

գտնվելու վայրը (բնակության

վայրը)

 

Քաղաքային հեռախոսահամարը (Բջջային հեռախոսահամարը)

+(374)00000000/

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

Դիմումի ներկայացման ամսաթիվը

 

Խնդրում եմ 20  թվականի ________ ամսվա (ամիսների) համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական աջակցություն:

 

Բանկը, որին փոխանցվելու է

աջակցության գումարը

Հաշվի համարը, որին փոխանցվելու է աջակցության

գումարը

   

 

Պաշտոնատար անձ

 

_________________________

(ստորագրությունը)

_________________________

(անունը, ազգանունը)

 

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 22.04.22 N 558-Լ, խմբ., փոփ 20.10.22 N 1616-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2022 թվական: