ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2022 թվականի N 1626-Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) պետական կառավարման մարմինների կարիքների համար ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի հիման վրա կազմակերպվող երկու փուլով մրցույթի ընթացակարգի՝
ա. շրջանակում նախաորակավորված մասնակիցների հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, մասնակիցների կողմից հայտերով ներկայացվելիք փաստաթղթերը, ինչպես նաև ընտրված մասնակցի (մասնակիցների) կողմից ներկայացվելիք որակավորման կամ պայմանագրի ապահովման չափերին ներկայացվող պահանջները սահմանվում են երկրորդ փուլի հրավերով՝ գնահատող հանձնաժողովի որոշմամբ: Ընդ որում որակավորման ապահովում ներկայացնելու պահանջը սահմանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետև՝ կարգ) 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության 2-րդ նախադասությամբ սահմանված պայմանը,
բ. երկրորդ փուլի հրավերով նախատեսվում է նաև, որ հայտերը հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում կարող են բացվել մինչև հրավերում նշված ժամկետը լրանալու օրը,
գ. կազմակերպման նկատմամբ չեն կիրառվում կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետի պահանջները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2022 թվական: