Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-61
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2001-01.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.06.23/14(112)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.06.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2000 թվականի հունիսի 5-ին

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է պարզեցված հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափը, հաշվարկման և վճարման կարգը:

 

Հոդված 2. Պարզեցված հարկի հասկացությունը

 

1. Պարզեցված հարկը օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում ձեռնարկատիրական գործունեության համար պետական բյուջե վճարվող` ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հարկ է:

2. Իրավաբանական անձանց համար պարզեցված հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին:

3. Անհատ ձեռնարկատերերի համար պարզեցված հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) եկամտահարկին:

 

Հոդված 3. Հարկային արտոնությունների կասեցումը

 

Պարզեցված հարկ վճարողների համար սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են ԱԱՀ-ի և շահութահարկի (եկամտահարկի) գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հարկվող շահույթը կամ եկամուտը որոշելիս հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները և ԱԱՀ վճարող համարվելու համար օրենքով սահմանված չափը:

 

Հոդված 4. Պարզեցված հարկ վճարողները

 

1. Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հայտարարագիր ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները բավարարող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների:

2. Պարզեցված հարկ վճարողներ կարող են համարվել անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 30 մլն դրամը: Սույն կետում նշված սահմանափակումը չի տարածվում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության և հանրային սննդի ոլորտում գործունեության վրա:

3. Պարզեցված հարկ վճարողներ չեն կարող համարվել`

ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք` գործունեության այդ մասով.

բ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները.

գ) անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին գերազանցում է մեկ մլն դրամը.

դ) դիմումի ներկայացման պահին 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը) ունեցող անձինք.

ե) վարկային կամ ապահովագրական կազմակերպությունները, ներդրումային հիմնադրամները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական կամ խորհրդատվական ծառայություններ մատուցողները.

զ) այն անձինք, որոնք հայտարարագրի ներկայացմանը նախորդող վեց ամիսների ընթացքում դադարել են համարվել այդպիսիք:

4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ժամկետներից, պարզեցված հարկ վճարողներ կարող են համարվել նաև նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների)` համապատասխան հայտարարագիր ներկայացնելու եռամսյակից սկսած:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-131)

 

Հոդված 5. Պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիր ներկայացնելը

 

1. Սույն օրենքի 4 հոդվածով սահմանված պայմաններին բավարարող պարզեցված հարկ վճարողներն այդպիսիք համարվելու համար իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով հայտարարագիր:

2. Տվյալ տարում հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում հունվարի 1-ից 25-ը ներառյալ:

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթից` խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության և հանրային սննդի ոլորտում գործունեության մասով որևէ եռամսյակում հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում եռամսյակի առաջին ամսվա 1-ից 25-ը ներառյալ:

 

Հոդված 6. Հարկի գործողության դադարումը

 

1. Պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե նա`

ա) գրավոր դիմում է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգի անցնելու վերաբերյալ.

բ) պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում թույլ է տվել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին վերաբերող` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1707, 1708 կամ 1709 հոդվածների մեկից ավելի խախտման դեպքեր.

գ) գերազանցում է սույն օրենքի 4 հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետում նշված` ժամկետանց հարկային պարտավորությունների սահմանաչափը.

դ) իրականացնում է սույն օրենքի 4 հոդվածի 3-րդ կետի «բ» կամ «ե» ենթակետերով նախատեսված գործունեություն.

ե) եռամսյակի ընթացքում իր կողմից Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին գերազանցում է 250 հազար դրամը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին նշված ենթակետերով սահմանված փաստը տեղի ունենալու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ից, իսկ «դ» և «ե» ենթակետերում նշված դեպքերում` դրանցում նշված փաստը տեղի ունենալու պահից:

(6-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-131)

 

Հոդված 7. Հարկվող օբյեկտը

 

1. Հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պարզեցված հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը:

2. Հարկվող օբյեկտը որոշելիս իրացման շրջանառության մեջ չի ներառվում պարզեցված հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող` գործունեության իրականացումն ապահովելու նպատակով ձեռք բերված և հաշվառված հիմնական միջոցների իրացման շրջանառությունը: Նշված մասով պարզեցված հարկ վճարողները ԱԱՀ-ն և շահութահարկը վճարում են սահմանված ընդհանուր կարգով և վարում են առանձնացված հաշվառում` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 8. Հարկի դրույքաչափերը և հաշվարկումը

 

1. Ընթացիկ տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության նկատմամբ 4 տոկոս դրույքաչափով, իսկ հանրային սննդի ոլորտում գործունեության մասով` 7 տոկոս դրույքաչափով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում չնշված գործունեության մասով պարզեցված հարկ վճարողները ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով`

ա) մինչև 30 մլն դրամ գումարի նկատմամբ` 7 տոկոս.

բ) 30 մլն դրամը գերազանցող գումարի նկատմամբ` 12 տոկոս:

3. Հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:

4. Հարկ վճարողները պարզեցված հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով սույն օրենքի 9 հոդվածով սահմանված դրույթները:

5. Հարկի ընդհանուր գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոս:

(8-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-131)

 

Հոդված 9. Պարզեցված հարկի գումարի նվազեցումը

 

1. Հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված պարզեցված հարկի գումարը նվազեցվում է տվյալ ժամանակաշրջանում ձեռք բերված` գործունեության իրականացումն ապահովելու նպատակով հիմնական միջոց չհանդիսացող ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատանքի վարձատրության համար կատարված` փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` անուղղակի հարկերը)`

ա) 2 տոկոսը կազմող գումարի չափով` խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով.

բ) 4 տոկոսը կազմող գումարի չափով` սույն կետի «ա» ենթակետում չնշված գործունեության մասով:

2. Եթե սույն հոդվածի համաձայն նվազեցումներից հետո պարզեցված հարկի գումարը տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար կազմում է խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով իրացման շրջանառության 2 տոկոսից պակաս, իսկ գործունեության մնացած տեսակների մասով 3,5 տոկոսից պակաս, ապա պարզեցված հարկը վճարվում է համապատասխանաբար 2 տոկոս և 3.5 տոկոս դրույքաչափերով, իսկ հարկի գումարի չնվազեցված մասը նվազեցվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված հարկի գումարից:

 

Հոդված 10. Համախառն եկամտի և ծախսերի հաշվառման եղանակը

 

Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով (հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է համապատասխանաբար ելնելով իր կողմից եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից):

 

Հոդված 11. Հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները

 

Պարզեցված հարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հարկի հաշվարկը:

 

Հոդված 12. Պարզեցված հարկի վճարման կարգը և ժամկետները

 

1. Պարզեցված հարկ վճարողները հարկի գումարը պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:

2. Հարկ վճարողներն այդ գործունեության մասով շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարներ չեն կատարում:

 

Հոդված 13. Պարզեցված հարկ վճարողների կողմից այլ հարկերի վճարումը

 

1. Պարզեցված հարկ վճարողների համար պահպանվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում գույքահարկի, հողի հարկի վճարման, աշխատավարձին և դրան հավասարեցված եկամուտներից հարկերի հաշվարկման, գանձման և վճարման (այդ թվում` որպես հարկային գործակալ), մաքսային սահմանում գանձվող ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում այլ պարտադիր վճարների հաշվարկման և վճարման կարգը:

2. Պարզեցված հարկ վճարողները ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարած (ինչպես նաև ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում վճարած) ԱԱՀ-ի գումարները միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին):

3. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով պարզեցված հարկ վճարողներն ազատվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:

4. Բացառությամբ սույն օրենքի 15 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի, անհատ ձեռնարկատեր պարզեցված հարկ վճարողները հարկային մարմիններին «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն եկամտահարկի հայտարարագրում չեն ներառում հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում այդ հարկով հարկված` ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտները, ինչպես նաև դրանց ստացման հետ կապված ծախսերը:

5. Հարկ վճարողները իրենց կողմից որպես գործատու և վարձու աշխատողների համար որպես գործակալ վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով վճարում են հաստատագրված վճար` յուրաքանչյուր վարձու աշխատողի (անհատ ձեռնարկատիրոջ) համար ամսական 6 հազար դրամի չափով, որը փոխարինում է նրանց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների համար օրենքով սահմանված կարգով և չափով վճարվող վճարներին:

 

Հոդված 14. Պարզեցված հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը

 

1. Պարզեցված հարկ վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Պարզեցված հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում), այդ թվում` նաև հայտարարագրի ներկայացման համար սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ և 3-րդ կետով սահմանված ժամանակահատվածում:

 

Հոդված 15. Հարկման ընդհանուր կարգից պարզեցված հարկով հարկման և պարզեցված հարկով հարկումից հարկման ընդհանուր կարգին անցումը

 

1. Պարզեցված հարկ վճարող դարձած անձինք որպես այդպիսիք դառնալու պահին նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների մնացորդը միացնում են ծախսերին:

2. ԱԱՀ-ով հարկման ընդհանուր կարգի անցնելու պահից իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից չեն հաշվանցվում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

3. Պարզեցված հարկման կարգից սույն հարկման ընդհանուր կարգին անցնելիս հարկ վճարողները շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարները հաշվարկում են շահութահարկի (եկամտահարկի) և (կամ) պարզեցված հարկի գումարում ներառված շահութահարկի (եկամտահարկի)` սույն օրենքի 8 հոդվածով որոշվող համամասնությամբ որոշվող հարկի գումարի հիման վրա` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

4. Սույն օրենքի 6 հոդվածի 2-րդ կետի համաձայն պարզեցված հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում հարկ վճարողները շահութահարկը (եկամտահարկը), այդ թվում` կանխավճարները և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

5. Եթե անձը տվյալ տարվա մի մասի ընթացքում համարվել է պարզեցված հարկ վճարող, ապա հարկման ընդհանուր կարգին անցնելիս շահութահարկի (եկամտահարկի) դրույքաչափը որոշվում է տվյալ տարում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հաշվարկված հարկի գումարի կազմում շահութահարկի (եկամտահարկի) սույն օրենքի 8 հոդվածով որոշվող համամասնությամբ որոշվող հարկի գումարին համապատասխանող հաշվարկային շահույթի (եկամտի)` «Շահութահարկի մասին» կամ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված սանդղակներով:

6. Հարկ վճարողը նախորդ տարիների ընթացքում ստացած վնասը կարող է նվազեցնել պարզեցված հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից: Պարզեցված հարկով հարկման ժամանակաշրջանում ստացած վնասը ենթակա չէ նվազեցման:

7. Պարզեցված հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս ստացվող եկամուտներից չեն նվազեցվում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հարկ վճարողների ձեռք բերած ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատանքի վարձատրության համար կատարած` փաստաթղթերով հիմնավորված այն ծախսերը, որոնց համար սույն օրենքի 9 հոդվածի համաձայն իրականացվել է հարկի գումարի նվազեցում:

8. Պարզեցված հարկ վճարողները վարում են եկամուտների և ծախսերի հաշվառում, ինչպես նաև հարկային օրենսդրությանն առնչվող գրանցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

9. Պարզեցված հարկ վճարողները սույն օրենքով սահմանված հաշվառումից բացի կարող են հարկման նպատակով այլ հաշվառում չվարել:

(15-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-131)

 

Հոդված 16. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքը խախտելու համար հարկ վճարողները պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

2. Պարզեցված հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում կատարելու դեպքում տվյալ եռամսյակի համար հարկը վճարելու ժամկետում բյուջե են վճարում հաշվարկային փաստաթղթերում առանձին նշված ԱԱՀ-ի գումարը, առանց այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար մատակարարներին վճարած ԱԱՀ-ի գումարների նվազեցման:

3. Պարզեցված հարկ վճարողները սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով նախատեսվող հայտարարագրի մեջ սույն օրենքի 4 հոդվածի`

ա) 2-րդ կետով նախատեսվող սահմանաչափի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափը գերազանցող մասի 20 տոկոսի չափով.

բ) 3-րդ կետի «բ» և «ե» ենթակետերով նախատեսվող գործունեություն չիրականացնելու վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` 100 հազար դրամի չափով,

գ) 3-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված` մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ներմուծված և չիրացված ապրանքների վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափի նկատմամբ ներմուծման փաստացի ծավալը գերազանցող մասի 50 տոկոսի չափով:

4. Վարձու աշխատողների թվաքանակը թերհայտարարագրելու համար հարկ վճարողները վճարում են տուգանք` յուրաքանչյուր չհայտարարագրված աշխատողի համար 50 հազար դրամի չափով:

 

Հոդված 17. Օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներին վերաբերող մասով` նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ:

 

Հոդված 18. Անցումային դրույթներ

 

1. 2000 թվականի երկրորդ կիսամյակում պարզեցված հարկ վճարող համարվելու համար`

ա) հայտարարագիր ներկայացրած անձինք 2000 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը համարվում են այդպիսիք, եթե հայտարարագիրն իրենց հաշվառման հարկային մարմիններին են ներկայացրել 2000 թվականի հուլիսի 1-ից 25-ը ներառյալ.

բ) սույն օրենքի 4 հոդվածի 2-րդ կետով նախատեսվող պայմանը հարկ վճարողների համար համարվում է բավարարված, եթե 2000 թվականի առաջին կիսամյակում իրացման շրջանառությունը չի գերազանցել 15 մլն դրամը.

գ) սույն օրենքի 4 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետով նախատեսվող պայմանները հարկ վճարողների համար համարվում են բավարարված, եթե 2000 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության ներմուծված` մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների ներմուծման ծավալը չի գերազանցում 500 հազար դրամը.

դ) սույն օրենքի 4 հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված պահանջը հաշվի չի առնվում:

2. 2001 թվականի հունվարի 1-ից սկսած յուրաքանչյուր հաջորդ (այդ թվում` 2001 թվականի առաջին) կիսամյակի համար սույն օրենքի 8 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով և 9 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափերն ավելանում են լրացուցիչ 0.5 տոկոսային կետով:

 

Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
19 հունիսի 2000 թ.
ՀՕ-61

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան