Գլխավոր տեղեկություն
Համար
N 1593-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1593-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Յուրաքանչյուր առանձին դեպքում, հիմնավորելով գնման գործընթացի առանձնահատկությունը, պատվիրատուն կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը (սահմանված կարգով ներկայացնելով համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ)` հայցելով վերջինիս թույլտվությունը՝ գնումն իրականացնել առանց սույն կարգով սահմանված պայմաններից մեկի կամ մի քանիսի պահպանման՝ կիրառելով կամ չկիրառելով դրան փոխարինող այլ պայման (պայմաններ):

Այս դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով գնման գործընթացի առանձնահատկությունը, կարող է որոշում կայացնել, թույլատրելու պատվիրատուին կազմակերպելու գնման գործընթացը՝ առանց սույն կարգով սահմանված պայմաններից մեկի կամ մի քանիսի պահպանման, անհրաժեշտության դեպքում, կիրառելով դրան փոխարինող այլ պայման (պայմաններ):

Սույն կետը չի վերաբերում ինչպես սույն կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «թ» պարբերությամբ և 43-րդ կետով նախատեսված, այնպես էլ այն դեպքերին, երբ պայմանը (պայմանները) սահմանված է օրենքով կամ բխում է օրենքի պահանջից:

Ընդ որում, սույն կետով նախատեսված պայմանը կարող է կիրառվել, եթե հրապարակված կամ մասնակցին տրամադրված չէ հրավեր, բացառությամբ գնումն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա կազմակերպվելու դեպքի:».

2) 11-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե էլեկտրոնային աճուրդի ձևով կազմակերպված գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվում օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով, ապա տվյալ գնումը կարող է կատարվել գնման այլ ընթացակարգով՝ հաշվի առնելով տվյալ գնման ձևի կիրառման համար սահմանված պահանջները:».

3) 18-րդ կետում «գնման ընդհանուր գումարի» բառերը փոխարինել «պլանավորված (կանխատեսվող) գնման ընդհանուր գնի» բառերով.

4) 21-րդ կետի 1-ին ենթակետի՝

ա. «ա» պարբերության մեջ «մակնիշի» բառը փոխարինել «մոդելի» բառով,

բ. «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. մեկ անձից գնումներ կատարելու դեպքում այն անձի կամ անձանց (հնարավոր մասնակից) տվյալները (անվանումը, գտնվելու վայրը, հնարավորության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն), որոնց պետք է ուղարկվի տվյալ գնման հրավերը: Եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, ապա ներկայացվող անձանց (հնարավոր մասնակից) թիվը չի կարող պակաս լինել երեքից, բացառությամբ ընթացակարգն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կազմակերպվելու դեպքի: Ընդ որում, օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառման պարագայում, եթե առկա է պատվիրատուի ղեկավարի գրավոր համաձայնությունը, ապա հրավեր տրամադրվում է միայն գնման հայտում նշված անձին (հնարավոր մասնակցին): Սույն պարբերությամբ նախատեսված, ինչպես նաև գնումների պլանը հաստատելու (փոփոխություններ և լրացումներ կատարելու) պատվիրատուի ղեկավարի լիազորությունն իրականացնում է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մարմնի ղեկավարը, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պատվիրատուների դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարը:»,

գ․ «ը» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գնման ընթացակարգն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով կազմակերպվելու դեպքում կնքվելիք պայմանագրով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետի հաշվարկը սահմանվում է օրացուցային օրերով՝ հաշվարկն իրականացնելով սույն կարգի 18-րդ կետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից,»,

դ. «թ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ․ խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև գնման ընթացակարգը երկու փուլով մրցույթի ձևով կազմակերպվելու դեպքում՝ հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև մասնակցին ներկայացվող որակավորման չափանիշները և դրանց գնահատման համար հայտով ներկայացվելիք փաստաթղթերը: Ընդ որում, շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման և (կամ) տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում գնային պայմանի համար սահմանվող չափանիշը չի կարող պակաս լինել քսան և ավելի երեսուն միավորից.».

5) 21-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա, հայտով ներկայացվում է նաև ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման համար պլանավորված (կանխատեսվող) գնման ընդհանուր գինը.».

6) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Գնման առարկայի բնութագրերը սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ՝ բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով և նույն կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված՝ պատվիրատուի ղեկավարի հետ համաձայնեցված դեպքերում կատարվող գնումների: Ապրանքների գնման դեպքում հղումներ օգտագործելիս ներկայացվում են որպես համարժեք առաջարկվող ապրանքների ֆիրմային անվանումը, մոդելը և արտադրողը:».

7) 23-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե գնումների միասնական անվանացանկի 2-րդ մակարդակում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերում ներառված՝ վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում մեկ հարյուր հազար դրամը, ապա գնումը կարող է կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա` անկախ գնման առարկան էլեկտրոնային աճուրդով կամ կենտրոնացված եղանակով կամ փակ պարբերական մրցույթով իրականացվող գնումների ցուցակում ներառված լինելու հանգամանքի.»,

բ․ 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 5-րդ տողը «ծառայությունների,» բառից հետո լրացնել «կառավարական և օպերատիվ կապի ապահովման համար անհրաժեշտ ծառայությունների» բառերով, իսկ 33-րդ տողը «հեռուստահաղորդումների» բառից հետո լրացնել «, ռադիոհաղորդումների» բառով,

գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ռազմական դրություն հայտարարելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում զինված ուժերում ուժեղացված աշխատանքային ռեժիմ սահմանելու, ինչպես նաև մատակարարումը, կատարումը և մատուցումը դադարեցված՝ կենսական նշանակություն ունեցող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների՝ այլընտրանքային ապրանքներով, աշխատանքներով և ծառայություններով փոխարինելու անհնարինության կամ ապրանքների դեպքում՝ պահուստներում բացակայության հետևանքով առաջացած և պետության կարիքների բավարարման նպատակով հրատապ համարվող գնումների կատարման դեպքում անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարները նախատեսելու պայմանով:»,

դ. 6-րդ ենթակետում «ծրագրային ապահովման» բառերը փոխարինել «մասնագիտական վերապատրաստման, ծրագրային ապահովման մշակման (սպասարկման)» բառերով,

ե․ 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8) գնման ընթացակարգը որպես ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերում որակելու համար հաշվի է առնվում կնքվելիք պայմանագրի գնի մեջ դրանցից որևէ մեկի մեծ տեսակարար կշիռ ունենալու հանգամանքը, բացառությամբ շինարարական աշխատանքների, ավտոմեքենաների, սարքերի և սարքավորումների վերանորոգման ծառայությունների գնման դեպքերի:».

8) 32-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. իր կողմից հաստատված հավաստում՝ հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր և իրեն փոխկապակցված անձանց համապատասխանության մասին,»,

բ․ 1-ին ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. հրավերով նախատեսված դեպքերում հայտի ապահովում, որի չափը հավասար է գնման գնի, իսկ ընթացակարգն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարականի հիման վրա ընթացակարգն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետերի հիման վրա կազմակերպվելու դեպքում՝ պլանավորված (կանխատեսվող) գնման ընդհանուր գնի հինգ տոկոսին: Եթե մասնակցի գնային առաջարկը գերազանցում է գնման ընդհանուր գինը (պլանավորված կամ կանխատեսվող գնման գինը), ապա հայտի ապահովման չափը հավասար է գնային առաջարկի հինգ տոկոսին: Գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում բանկային երաշխիքի ձևով հայտի ապահովումը ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով՝ պայմանով, որ դրա բնօրինակը մասնակիցը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00-ն՝ ուղեկցող գրությամբ, եթե այլ բան չի բխում լիազորված մարմնի անհատական իրավական ակտով հաստատված երաշխիքի օրինակելի ձևից: Հայտի ապահովումը վերադարձվում է պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում հայտի ապահովումը վերադարձվում է անգործության ժամկետն ավարտվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե գնման ընթացակարգի արդյունքները բողոքարկված չեն: Բողոքի առկայության դեպքում հայտի ապահովումը վերադարձվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին գնահատող հանձնաժողովի որոշումն անփոփոխ թողնելու մասին դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա, հայտի ապահովումը պայմանագիրը կնքած անձին վերադարձվում է սույն կարգի 18-րդ կետով նախատեսված համաձայնագիրը կնքվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում,»,

գ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը (պլանավորված (կանխատեսվող) գնման ընդհանուր գինը) չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Ընդ որում, պայմանագրի ապահովման չափը կազմում է պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գնի տասը տոկոսը: Եթե պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գինը պակաս է կնքվելիք պայմանագրի գնից, ապա պայմանագրի ապահովման չափը հաշվարկվում է պայմանագրի գնի նկատմամբ: Շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսահինգապատիկը, ապա ինչպես հայտի, այնպես էլ պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Գնման ընթացակարգն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվելու դեպքում, եթե պլանավորված (կանխատեսվող) գնման ընդհանուր գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով:

Եթե մասնակիցը հայտի ապահովումը ներկայացրել է սույն կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված չափից ավելի, ապա հայտը համարվում է հրավերի պահանջները բավարարող և ենթակա չէ մերժման.»,

դ․ 20-րդ կետը «օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի» բառերից հետո լրացնել «1-ին կետի» բառերով,

ե. 28-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28) խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև գնման ընթացակարգը երկու փուլով մրցույթի ձևով կազմակերպվելու դեպքում հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև մասնակցի կողմից հայտով ներկայացվելիք փաստաթղթերը:»,

9) 33-րդ կետի 12-րդ ենթակետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«եթե պայմանագիրը կնքվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, սակայն տվյալ տարում նախատեսված չեն կամ նախատեսված են ավելի քիչ ֆինանսական միջոցներ, քան պայմանագրի գինն է, ապա պայմանագրում նախատեսվում է, որ՝

- հետագայում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումն իրականացվում են համաձայնագիր կնքելու միջոցով,

- յուրաքանչյուր հաջորդ համաձայնագիրը կնքելու համար ֆինանսական միջոցների նախատեսման համար օրենքի նույն մասով տրված վեցամսյա ժամանակահատվածի հաշվարկն սկսվում է նախորդ համաձայնագրի կատարման ավարտից:».

10) 40-րդ կետի՝

ա. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5) հանձնաժողովը հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից որոշում և հայտարարում է ընտրված և այդպիսին չճանաչված մասնակիցներին: Ապրանքների գնման դեպ քում հանձնաժողովը գնահատում է նաև ներկայացված ապրանքի ամբողջական նկարագրերի համապատասխանությունը հրավերի պահանջներին: Առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում ՝

ա. ընտրված և այդպիսին չճանաչված մասնակիցներին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում հավասար գներ ներկայացրած մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են այդ մասնակիցները (համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցիչները),

բ. հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը հավասար գներ ներկայացրած մասնակիցներին էլեկտրոնային ձևով միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման պայմանների, տևողության, օրվա, ժամի և վայրի մասին,

գ. բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից երկրորդ և ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը,

դ. յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակցի (մասնակիցների) համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը,

ե. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ դրան ներկա մասնակիցների ներկայացրած գների, որոշվում ու հայտարարվում են ընտրված և այդպիսին չճանաչված մասնակիցները: Եթե բանակցությունների արդյունքում մասնակիցների ներկայացրած գները մնում են հավասար, գնման ընթացակարգն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայտարարվում է չկայացած.»,

բ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6) եթե հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների գները գերազանցում են գնման գինը, ապա գնահատող հանձնաժողովը կարող է ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հայտարարել ընտրված մասնակից՝ պայմանով, որ վերջինիս հետ կնքվող պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ են մտնում գնման գինը գերազանցող չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսվելու և դրա հիման վրա կողմերի միջև համաձայնագիր կնքելու դեպքում: Ընդ որում, համաձայնագիրը կնքվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները նախատեսվելուն հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետները երկարաձգելով պայմանագրի կնքման օրվանից մինչև համաձայնագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածով: Սույն պարբերության համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե կնքելուն հաջորդող վաթսուն օրացուցային օրվա ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում: Սույն պարբերության պահանջները չեն կիրառվում էլեկտրոնային աճուրդով գնում կատարելու ընթացակարգի դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հրավերի պահանջներին բավարար է գնահատվել միայն մեկ մասնակցի հայտ,»,

գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև գնման ընթացակարգը երկու փուլով մրցույթի ձևով կազմակերպվելու դեպքում ընտրված մասնակից է ճանաչվում այն մասնակիցը, որին տրված գնահատականն ամենաբարձրն է: Մասնակիցներին տրված գնահատականների հավասարության դեպքում՝

ա. ընտրված և այդպիսին չճանաչված մասնակիցներին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում հավասար գնահատականներ ստացած մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են մասնակիցները (համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցիչները),

բ. հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը հավասար գնահատականներ ստացած մասնակիցներին էլեկտրոնային ձևով միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման պայմանների, տևողության, օրվա, ժամի և վայրի մասին,

գ. բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից երկրորդ և ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը,

դ. յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակցի (մասնակիցների) համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը,

ե. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ դրան ներկա մասնակիցների ներկայացրած գների, հրավերով սահմանված չափանիշների գնահատման հիման վրա որոշվում ու հայտարարվում են ընտրված և այդպիսին չճանաչված մասնակիցները: Եթե բանակցությունների արդյունքում մասնակիցների ներկայացրած գները մնում են հավասար, գնման ընթացակարգն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայտարարվում է չկայացած:».

11) 51-րդ և 53-րդ կետերում «երեք» բառերը փոխարինել «մեկ» բառերով.

12) 56-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերության կամ» բառերը, իսկ «5» թիվը փոխարինել «7» թվով.

13) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 57.1-ին կետով.

«57.1. Յուրաքանչյուր առանձին դեպքում, հիմնավորելով պայմանագրի կատարման և (կամ) կառավարման առանձնահատկությունը, պատվիրատուն կարող է պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ընթացքում դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը (սահմանված կարգով ներկայացնելով համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ)` հայցելով վերջինիս թույլտվությունը պայմանագրում սույն կարգի 56-րդ կետով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններ սահմանելու կամ սահմանված պայմանները չկիրառելու համար:

Այս դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով պայմանագրի կատարման և (կամ) կառավարման առանձնահատկությունը, կարող է իր որոշմամբ թույլատրել սահմանել պայմանագրում սույն կարգի 56-րդ կետով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններ կամ չկիրառել սահմանված պայմանները:

Սույն կետը չի վերաբերում այն դեպքերին, երբ պայմանը սահմանված է օրենքով կամ բխում է օրենքի պահանջից:».

14) 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«59. Մասնակիցների՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «Մասնակցության իրավունքը» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) եթե մասնակիցը հայտով ներկայացրել է հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցն իրավունք է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին.

2) բացի հայտարարությունից, սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով մասնակցից, այդ թվում՝ ընտրված մասնակցից այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել:».

15) 69-րդ կետի 1-ին ենթակետում «հինգ» բառը փոխարինել «յոթ» բառով.

16) 71-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «եթե գնումն իրականացվում է սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ», «գ», «դ» և «ե» պարբերություններով նախատեսված հիմքերով, ապա՝» բառերը փոխարինել «եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, ապա՝» բառերով,

բ. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. հրավերը գնման հայտում նշված մասնակիցներին ուղարկվում է միաժամանակյա ծանուցմամբ՝ այն նույն օրը հրապարակելով նաև տեղեկագրում, բացառությամբ սույն կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված դեպքի,»,

գ. 2-րդ ենթակետից հանել «ա» պարբերության» բառերը,

դ․ 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ա. հայտի, ինչպես նաև որակավորման և պայմանագրի ապահովումներ չի ներկայացնում, իսկ կանխավճարի ապահովում ներկայացնում է հրավերով նախատեսված դեպքում.».

17) 82-րդ կետում «տասնհինգ» բառը փոխարինել «հինգ» բառով.

18) 84-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով,

բ. 2-րդ ենթակետում «տասն» բառը փոխարինել «երեք աշխատանքային» բառերով, իսկ «նշելով բանակցությունների անցկացման» բառերից հետո լրացնել «պայմանները,» բառով.

19) 85-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով, իսկ «երեսուն» բառը փոխարինել «տասն» բառով.

20) 86-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) գնման վերանայված հայտն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում երկրորդ փուլի հրավերը (վերջնական հրավերը)` կից գրությամբ, էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է առաջին փուլի հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին և առաջարկում ներկայացնել երկրորդ փուլի հայտ:».

21) 87-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Երկրորդ փուլի հայտերը հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում բացվում են մինչև հրավերում նշված ժամկետը լրանալու օրը։».

22) 93-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Ծանուցմամբ նաև նշանակվում են գնային առաջարկների բացման նիստի օրը, վայրը և ժամը, բայց ոչ ուշ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:».

23) 96-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«96. Մասնակիցների հայտերը գնահատվում են հետևյալ կարգով`

1) նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի ֆինանսական առաջարկը գնահատվում է հարյուր միավոր, իսկ մյուս մասնակիցների ֆինանսական առաջարկներին տրվող միավորները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`

ԳՄ= ՆԳ X 100/ԳԳ,

որտեղ`

ԳՄ-ն գնային առաջարկին տրվող միավորն է, ՆԳ-ն նվազագույն գինն է,

ԳԳ-ն գնահատվող մասնակցի առաջարկած գինն է.

2) տեխնիկապես բավարար գնահատված յուրաքանչյուր մասնակցին տրվող գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՄԳ = (ԳՄ X ԳԳ) + (ՏԱ X ՏԳ),

որտեղ`

ՄԳ-ն մասնակցին տրվող գնահատականն է,

ԳՄ-ն մասնակցի գնային առաջարկին տրված միավորն է,

ՏԱ-ն մասնակցի տեխնիկական առաջարկին տրված միավորն է,

ԳԳ-ն երկրորդ փուլի հրավերով սահմանված՝ գնային առաջարկին տրվող միավորն է,

ՏԳ-ն երկրորդ փուլի հրավերով սահմանված՝ տեխնիկական առաջարկին և որակավորման չափանիշներին տրվող միավորն է:».

24) 98-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«98. Եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա պատվիրատուն կարող է ընտրված մասնակցին առաջարկել նվազեցնել իր գնային առաջարկը: Անհամաձայնության դեպքում տվյալ մասնակցի հայտը մերժվում է, և պատվիրատուն բանակցությունների է հրավիրում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակցին, որի անհամաձայնության դեպքում այդ մասնակցի հայտը ևս մերժվում է, և բանակցությունների է հրավիրվում հաջորդաբար տեղ զբաղեցրած մասնակիցը, որի անհամաձայնության դեպքում էլ մրցույթը հայտարարվում է չկայացած:».

25) 20-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«XX. ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՎ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ՝ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ».

26) 120-րդ կետը «քրոջ» բառից առաջ լրացնել «թոռները,» բառով.

27) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 121-րդ կետով.

«121. Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման N 12 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 20-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2022 թվական: