Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.10.2006
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-2142

2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-2008(ՎԴ)

Նախագահող դատավոր՝  Ա. Խառատյան
դատավորներ`  Տ. Սահակյան

 Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

Է. Հայրիյանի

 

2006թ. հոկտեմբերի 26-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով դիմող Համազասպ Փոստանջյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` նաև դատարան) 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 06-2142 վճռի դեմ` ըստ դիմումի Համազասպ Փոստանջյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձինք Շողիկ Քալաշյան, Արմինե Մեսրոպյան՝ Երևանի քաղաքապետի 2005 թվականի օգոստոսի 2-ի թիվ 1716-Ա որոշումը 4-րդ հավելվածի մասով մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ դիմողը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել քաղաքապետի 2005 թվականի օգոստոսի 2-ի թիվ 1716-Ա որոշումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հունվարի 20-ի թիվ 2-144 վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մարտի 3-ի թիվ 06-1075 վճռով դիմումը մերժվել է:

Վճռաբեկ դատարանի 2006 թվականի ապրիլի 21-ի թիվ 3-799 որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մարտի 3-ի թիվ 06-1075 վճիռն ամբողջությամբ բեկանվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 06-2142 վճռով դիմումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հ.Փոստանջյանը:

Վճռաբեկ բողոքին Արմինե Մեսրոբյանի և Շողիկ Քալաշյանի կողմից ներկայացվել է պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 3-րդ կետի ՙզ՚ ենթակետի համաձայն՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերը, այդ թվում` ընդհանուր օգտագործման տարածքները (զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափներ, լճափեր) ենթակա չեն օտարման, անհատույց օգտագործման կամ վարձակալությամբ տրամադրման:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը:

Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Տվյալ տարածքը հանդիսանում է ըստ իր գործառնական նշանակության կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման համար տրամադրված հող, իսկ այդ գոտիներում հողամասերի վրա արգելվում է հատուկ իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործողություն:

3) Դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշումը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Մինչ հողահատկացման որոշում կայացնելը պետք էր ապահովել տվյալ տարածքի բնակչության իրազեկվածությունը միջավայրի փոփոխության վերաբերյալ: Մինչդեռ, Վրացական 2 տան և Վրացական 4-րդ շենքի բնակիչներն իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն չեն ունեցել: Մասնավորապես, հնարավորություն չեն ունեցել անցկացնելու անկախ փորձաքննություններ:

4) Դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 3-ի թիվ 714-Ն որոշումը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Երևանի քաղաքապետի 2005 թվականի օգոստոսի 2-ի թիվ 1716-Ա որոշման 4-րդ հավելվածի ցանկում նշված՝ առևտրի և սպասարկման տաղավարների տեղադրման նպատակով տրամադրվող հողամասերը, որոնք տրամադրվել են Ա.Մեսրոբյանին և Շ.Քալաշյանին, գտնվել են կողք կողքի, յուրաքանչյուրը՝ 30 քմ: Այսպիսով, Ա.Մեսրոբյանը և Շ.Քալաշյանը, հանդիսանալով հարազատ քույրեր, մասնակցելով աճուրդին միասին, շրջանցել են աճուրդի ընթացակարգը:

5) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը և 132-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը չի հետազոտել և գնահատել գործի նյութերում առկա 2006 թվականի մարտի 3-ի թիվ ՍՀ-24/689 ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ Ս.Հայրապետյանի կողմից տրամադրված փաստաթուղթը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Վարչության պետավտոտեսչության բաժնի կողմից (Մ.Օհանյանի կողմից ստորագրված) տրված փաստաթուղթը:

6) Դատարանը չի կիրառել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական նորմերի ՙՔաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում՚ 2.07.01-89 ՍՆիՊ-ի 6.23 կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Տեղադրվող կրպակները դժվարացնում են հետիոտնի՝ փողոցի անցումը կազմակերպելը Ն.Զարյան և Վրացական փողոցների խաչմերուկի մոտ:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի վճիռը` մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2005 թվականի օգոստոսի 2-ի թիվ 1716-Ա որոշումը 4-րդ հավելվածի 1-ին և 2-րդ կետերի մասով:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը

Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած երրորդ անձիք Շողիկ Քալաշյանը և Արմինե Մեսրոպյանը առարկել են վճռաբեկ բողոքի դեմ՝ միաժամանակ նշելով, որ դատարանը չի խախտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, իսկ ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշման պահանջները սույն գործով կիրառելի չեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձիք պահանջել են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 06-2142 վճիռը թողնել օրինական ուժի մեջ, իսկ վճռաբեկ բողոքը առանց բավարարման:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 2 հասցեում գտնվող բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Համազասպ Փոստանջյանին:

2) Երևանի քաղաքապետի 2005 թվականի օգոստոսի 2-ի թիվ 1716-Ա որոշմամբ Վրացական 4 հասցեում գտնվող շենքի կողային հատվածում (թիվ 2 տան դիմաց) քաղաքացիներ Արմինե Մեսրոբյանին և Շողիկ Քալաշյանին առևտրի տաղավարներ տեղադրելու նպատակով վարձակալական հիմունքներով յուրաքանչյուրին 5 տարի ժամկետով տրամադրվել է 15քմ մակերեսով հողամաս:

3) Նշված որոշման հիման վրա 2005 թվականի հոկտեմբերի 13-ին կազմվել և հաստատվել են Գլխավոր հատակագծերը, իսկ 2005 թվականի նոյեմբերի 16-ին հաստատվել են հողահատկացման սահմանի նշահարման ակտերը:

4) Արմինե Մեսրոբյանին և Շողիկ Քալաշյանին հատկացված հողամասերի վարձակալական իրավունքը 2005 թվականի նոյեմբերի 22-ին գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում և տրվել են իրավունքի գրանցման համապատասխան վկայականներ:

5) Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 2005 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 18-09/2-4143 գրության համաձայն` տրամադրված հողամասերը գտնվում են Վրացական փողոցի հարևանությամբ որոնք թիվ 2 տան սեփականության հետ չեն առնչվում գտնվելով 11 մետր հեռավորության վրա և չեն խոչընդոտում ավտոմեքենաների մոտեցմանը: Երկու տաղավարներից մեկի հողամասը մասամբ ընդգրկում է կոյուղու դիտահորը և նախագծային փաստաթղթերի մշակման ժամանակ հաշվի կառնվի դիտահորի առկայությունը և այն չի ծանրաբեռնվի տաղավարով:

6) ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետի, ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի 2006 թվականի մարտի 3-ի թիվ ՍՀ-24/689 գրության համաձայն` Քաղաքապետի վերը նշված որոշմամբ նախատեսված կրպակները տեղադրվելու են այդ տարածքով անցնող կոյուղագծի և ջրագծերի վրա, ինչի հետևանքով փակվելու է գոյություն ունեցող դիտահորերը, ինչպես նաև դժվարացնում են հետիոտնին փողոցի անցումը կազմակերպել այդ հատվածում: ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերի համաձայն չի թույլատրվում չկարգավորվող խաչմերուկներում, տեսանելիությունն ապահովվող հատվածներում, տեղադրել կրպակներ:

7) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետավտոտեսչության բաժնի պետի 2006 թվականի փետրվարի 23-ի Էլ4-588 գրության համաձայն` վերը նշված հատվածում տաղավարների տեղադրումը հնարավոր չէ, քանի որ դրանք կսահմանափակեն անհրաժեշտ տեսանելիությունը խաչմերուկի սահմանում, կնպաստեն տրանսպորտային միջոցների կանգառին ու կայանմանը խաչմերուկի տարածքում, փողոցների լծորդվող մասերում, լուրջ խոչընդոտ հանդիսանալով տրանսպորտային հիմնական հոսքերին կարող են նպաստել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացմանը: Պետավտոտեսչությունը առարկել է առևտրի տաղավարների տեղադրման կապակցությամբ:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) դիմողի բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները վերաբերում են հողամասերի օտարման հետ կապված սահմանափակումներին: Սույն վեճով ծագած իրավահարաբերությունները վերաբերում են պետական հողի վարձակալության հետ կապված հարցերին:

Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 3-րդ կետի ՙզ՚ ենթակետին, ապա դրա համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերը, այդ թվում` ընդհանուր օգտագործման տարածքները (զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափներ, լճափեր) ենթակա չեն օտարման: Օտարումը նշանակում է գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում, ինչն առկա չէ սույն գործով ծագած իրավահարաբերություններում:

Ուստի, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը և դրան համապատասխան ընդունված ՀՀ կառավարության վերը նշված որոշման 3-րդ կետի քննարկվող ենթակետը սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն:

2) դիմողի բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Իսկ նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մաuնակցող անձինք:

Գործի քննության ընթացքում գործին մաuնակցող անձիք չեն ներկայացրել բավարար ապացույցներ, ինչի արդյունքում չի ապացուցվել համապատասխան հողի՝ էներգետիկայի, կապի, տրանuպորտի, կոմունալ ենթակառուցվածքների oբյեկտների հող հանդիսանալու փաստը: Հետևաբար, ՀՀ հողային օրենսգրքի 14-րդ հոդվածի նորմերի կիրառման անհրաժեշտությունը բացակայել է:

3) դիմողի բողոքն երրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Համաձայն ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշման նախաբանի՝ այդ որոշմամբ սահմանված կարգի գործողությունը տարածվում է քաղաքաշինական ծրագրային ու գոտիավորման փաստաթղթերի և դրանց բացակայության դեպքում՝ կառուցապատման նախագծերի, նոր կառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի վրա:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի ցանկը սահմանված է ՙՔաղաքաշինության մասին՚ ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում:

Սույն գործով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը առկա են եղել նախագծերի տրամադրման ժամանակ: Հետևաբար, կրպակների նախագծերի վերաբերյալ վերը հիշատակված որոշմամբ նախատեսված իրազեկում չի պահանջվում:

4) բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքում նշված փաստարկն այն մասին, որ Ա.Մեսրոբյանին և Շ.Քալաշյանին տրամադրված հողամասերը գտնվել են կողք կողքի, յուրաքանչյուրը՝ 30 քմ և նրանց համատեղ մասնակցությունը աճուրդին նպատակ է ունեցել ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 3-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված աճուրդի ընթացակարգը շրջանցել, սույն վճռաբեկ բողոքի շրջանակներում քննարկման ենթակա չէ, քանի որ նշված փաստական և իրավական հանգամանքները ընդգրկված չեն եղել դիմողի 2005 թվականի նոյեմբերի 17-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացված դիմումի հիմքում և առարկայում, հետևաբար դրանք չեն գնահատվել ստորադաս դատարանների կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանում գործին մասնակցող անձանց կողմից չվկայակոչված իրավական հիմնավորումները և չապացուցված փաստական հանգամանքները (փաստերը), որոնք չեն հետազոտվել և գնահատվել ստորադաս դատարանների կողմից, չեն կարող գնահատվել վճռաբեկության կարգով դատական ակտերը վերանայելիս:

5) բողոքը հինգերորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես 2006 թվականի մարտի 3-ի թիվ ՍՀ-24/689 ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ Ս.Հայրապետյանի կողմից տրամադրված և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Վարչության պետավտոտեսչության բաժնի պետի կողմից (Մ.Օհանյանի կողմից ստորագրված) տրված փաստաթղթերը, որոնցում առկա են քաղաքաշինական նորմերի խախտման մասին տեղեկություններ:

6) բողոքը վեցերորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն` պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց` oրենքին հակաuող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու (այuուհետ` ակտն անվավեր ճանաչելու) համար հիմք են նշված ակտն oրենքին հակաuելը և դիմողի` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ու oրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաuտի առկայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս նշված ակտն ընդունելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման պարտականությունը դրվում է ակտն ընդունած մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վրա:

Հետևաբար, հատուկ հայցային վարույթի կանոններով գործերի քննության ժամանակ դիմողը պարտավոր է հիմնավորել Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ու oրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաuտի առկայությունը, իսկ համապատասխան մարմինը՝ ակտի օրինականությունը:

Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ դատարանը դատական նիստում ստուգում է ակտն ընդունած պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի իրավասությունը, ամբողջ ակտի կամ դրա մի մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին: Այսպիսով, օրենսդիրը՝ նախատեսելով դատարանի ակտիվ դերը հատուկ հայցային վարույթում ակտն օրինականության տեսանկյունից գնահատելու հարցում, և ակտն ընդունելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման պարտականությունը ակտն ընդունած մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վրա դնելով, ըստ էության ամրագրել է հանրային իրավունքի հանրաճանաչ սկզբունքը` հանրային իրավահարաբերություններում անձի իրավունքների գերակայության սկզբունքը:

Սույն գործով հաստատված փաստերի հիման Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմողի կողմից բավարար փաստեր են ներկայացվել, որոնք հիմք պիտի տային դատարանին արձանագրելու,, որ դիմողի իրավունքի հնարավոր խախտումն առկա է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Երևանի քաղաքապետի 2005 թվականի օգոստոսի 2-ի թիվ 1716-Ա որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել նաև Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 2005 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 18-09/2-4143 գրությունը:

Այդ գրությունը չէր կարող հիմք հանդիսանալ Երևանի քաղաքապետի 2005 թվականի օգոստոսի 2-ի թիվ 1716-Ա որոշման ընդունման համար, քանի որ գրությունը ժամանակագրական առումով հաջորդում է քննարկվող որոշման ընդունման տարեթվին: Նշված գրության ուսումնասիրումից կարելի է ենթադրել, որ Երևանի քաղաքապետի կողմից վիճարկվող որոշման ընդունմանը նախորդել են Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության և Արաբկիրի թաղապետարանի հետ համատեղ կատարված ուսումնասիրությունները, որոնք էլ ամփոփվել են վիճարկվող որոշմամբ: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը չի անդրադարձել տվյալ որոշման օրինականությանը՝ քաղաքաշինական նորմերի տեսանկյունից:

ՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՚ ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

ՙՔաղաքաշինության մասին՚ ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերի համակարգը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը uահմանում է հուuալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, uանիտարահիգիենիկ, հաշմանդամների տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպեu նաեւ նախագծման, իրականացման եւ շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ` oբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնuտրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով:

Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերը կազմում են քաղաքաշինական բնագավառի իրավական ակտերի համակարգի բաղկացուցիչ մաuը եւ հիմք են ծառայում փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահuկողության, վիճելի հարցերի լուծման համար:

Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեության uուբյեկտների համար:

ՀՀ տարածքում գործող հանրապետական և միջպետական նորմերի ՙՔաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում՚ 2.07.01-89 ՍՆիՊ-ի 6.23 կետի համաձայն` չի թույլատրվում չկարգավորվող խաչմերուկներում, տեսանելիությունն ապահովվող հատվածներում, տեղադրել կրպակներ: Երևանի քաղաքապետի 2005 թվականի օգոստոսի 2-ի թիվ 1716-Ա որոշումը հակասում է ՙՔաղաքաշինության մասին՚ ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի և ՙՔաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում՚ (2.07.01-89 ՍՆիՊ) ՀՀ տարածքում գործող հանրապետական և միջպետական նորմի պահանջներին և հետևաբար ոչ իրավաչափ է:

Այսպիսով, սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված որոշմամբ խախտվում է դիմողի Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ու oրենքներով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները և վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք են հանդիսանում:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Համազասպ Փոստանջյանի վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ քաղաքացիական

գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 06-2142 վճիռը բեկանել և դատական ակտը փոփոխել` Համազասպ Փոստանջյանի դիմումը բավարարել` Երևանի քաղաքապետի 2005 թվականի օգոստոսի 2-ի թիվ 1716-Ա որոշումը 4-րդ հավելվածի 1-ին և 2-րդ կետերի մասով ճանաչել անվավեր:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող`

Հ. Մանուկյան

դատավորներ`

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան