Գլխավոր տեղեկություն
Համար
N 743-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.08.06/42(1055) Հոդ.701
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 27.10.22 N 1644-Ն)

 

17 հուլիսի 2014 թվականի N 743-Ն

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 27.10.22 N 1644-Ն)

 

Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կազմման գործընթացի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված բյուջետային հայտի առկայության պայմաններում:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 17-ի N 743-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական նպատակը երեխաների՝ որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ և լիարժեք քաղաքացի կայանալու գործընթացին աջակցելն է` սոցիալական իրավունքների արդյունավետ իրացման նախապայմանների ձևավորման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավման և նրանց՝ հասարակության մեջ ներառման միջոցով: Ոլորտի քաղաքականության հիմնական գերակայություններից է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը:

2. Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման, շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2006 թվականից իրականացնում է Հայաստանի Հանրապետության երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում (այսուհետ` հաստատություն) խնամվող երեխաներին ընտանիքների հետ վերամիավորման ծառայություններ: 2020 թվականից ծառայություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով։

 

2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

3. Ծրագրի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության ապահովումն է ընտանիքում՝ ցերեկային խնամքի, ինչպես նաև այլ ծառայությունների տրամադրման միջոցով:

 

3. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

4. Ծրագրից ակնկալվող արդյունքներն են`

1) հաստատություններից երեխաների դուրսբերումը և ընտանիքների հետ վերամիավորումը.

2) երեխաների մուտքի կանխարգելումը հաստատություններ.

3) երեխայի և նրա ընտանիքի կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարումը, այդ թվում՝ սոցիալական վիճակի բարելավման միջոցով։

 

4. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

5. Ծրագրի շահառուներն են`

1) «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում, «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում, «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ում, «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամվող երեխաները և նրանց ընտանիքները.

2) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները, որոնց ծնողները (կամ միակ ծնողը կամ օրինական այլ ներկայացուցիչը) դիմել են երեխային հաստատություն տեղավորելու համար, և այդ երեխաների ընտանիքները.

3) այն երեխաները (ներառյալ՝ նրանց ընտանիքները), ովքեր հաստատությունից վերամիավորվել են ընտանիքների հետ և անհատական սոցիալական ծրագրի մոնիթորինգի արդյունքների համաձայն կարիք ունեն ստանալու սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական ծառայություններ, որոնց մատուցման տևողությունը մինչև 12 ամիս է.

4) այն երեխաները (ներառյալ՝ նրանց ընտանիքները), ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում և ունեն ցերեկային խնամքի կենտրոնում մասնագիտական աջակցություն ստանալու կարիք:

 

5. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

6. Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումներն են`

1) սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցում.

2) առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատվության և ուղղորդման ծառայությունների մատուցում (ուղղորդում կրթական գործընթացում ընդգրկելու նպատակով, մասնագիտական կողմնորոշում, ուղղորդում առողջապահական ծառայություններից օգտվելու նպատակով և այլն).

3) ծրագրում ընդգրկված երեխաներին սննդային փաթեթի տրամադրում.

4) աջակցության տրամադրում՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն), մարզպետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ ուղղորդելու միջոցով.

5) ընտանիքների չափահաս աշխատանք փնտրող անդամներին ուղղորդում տարածքային կենտրոն` զբաղվածության ծրագրերում ընդգրկելու նպատակով:

7. Հաստատություններում խնամվող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորումն ապահովող միջոցառումների իրականացման քայլերն են`

1) հաստատություններում գտնվող երեխաների տվյալների ուսումնասիրություն, վերլուծություն և երեխայի կարիքների գնահատում.

2) ընտանիքներ տունայցի կազմակերպում՝ ընտանիքի գտնվելու վայրի տարածքային կենտրոնի հետ համատեղ.

3) ընտանիքների սոցիալական կարիքների գնահատում.

4) գնահատված կարիքների հիման վրա տարածքային կենտրոնի հետ համագործակցությամբ ծրագրի շահառուների ընտրություն.

5) ծրագրի ընտրված շահառուների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետների կամ կառույցների (խնամակալության և հոգաբարձության մարմին, ուսումնական հաստատություն, մարզպետարան, Երևանում՝ Երևանի քաղաքապետարան, տարածքային կենտրոն և այլն) հետ աշխատանքների կազմակերպում.

6) երեխայի՝ ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի, առողջապահական հաստատության, տարածքային կենտրոնի, մարզպետարանի, Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ վերամիավորման նպատակով անհատական սոցիալական ծրագրի մշակում և իրականացում.

7) երեխային ցերեկային կենտրոնում սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված ծառայությունների տրամադրում:

8. Երեխայի մուտքը հաստատություններ կանխարգելման միջոցառումների իրականացման քայլերն են`

1) ընտանիքի գտնվելու վայրի տարածքային կենտրոնի հետ համատեղ սույն ծրագրի 5-րդ կետի 2-4-րդ ենթակետերով նախատեսված ընտանիքների ուսումնասիրություն և սոցիալական կարիքների գնահատում.

2) գնահատված կարիքների հիման վրա տարածքային կենտրոնի հետ համագործակցությամբ ծրագրի շահառուների ընտրություն.

3) երեխաների անհատական սոցիալական ծրագրի մշակում և իրականացում.

4) երեխային ցերեկային կենտրոնում սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված ծառայության տրամադրում:

9. Երեխաների անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1444-Ն որոշմամբ:

10. Սույն ծրագրի 5-րդ կետով նախատեսված երեխաներին ծրագրի շրջանակներում տրամադրվում է նախատեսված սննդային փաթեթ, եթե երեխան ծառայություն է ստանում ցերեկային կենտրոնում:

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

11. Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին` հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով, որոնց հետ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնքում է պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշման համաձայն հավաստագրված և դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում: Ծրագրի կատարման նկատմամբ մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.10.2022, N 1644-Ն 28.10.2022, N 743-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան