Գլխավոր տեղեկություն
Համար
N 1168-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1168-Լ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման (այսուհետ՝ ծրագիր) կարգը` համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ՝

1) բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց ապահովման լրացուցիչ միջոցների.

2) շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով ուղղվում են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը.

3) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) ուղղության համար բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը մինչև երկու տարի մարման ժամկետով՝ 2021 թվականի վարկերի համար, առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը տրամադրված վարկերի համար, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար՝ առավելագույնը մինչև երեք տարի երեք ամիս մարման ժամկետով.

4) բացի խաղողից այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը մինչև մեկ տարի մարման ժամկետով՝ 2021 թվականի վարկերի համար, իսկ 2022 թվականի վարկերի համար՝ առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով.

5) բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը՝

ա. 2021 թվականին տրամադրվող վարկերի նկատմամբ՝ 2022 թվականի հունիսի 15-ից հետո,

բ. 2022 թվականին տրամադրվող վարկերի նկատմամբ՝ 2024 թվականի հունվարի 15-ից հետո.

6) յուրաքանչյուր շահառուին և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2021 թվականին տրամադրված և 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը.

7) 2022 թվականին բյուջետային երաշխիքը կարող է տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերից վարկային միջոցներ ներգրավող շահառուներին։

(2-րդ կետը խմբ. 30.09.21 N 1636-Լ, փոփ., խմբ., լրաց. 09.06.22 N 854-Լ, փոփ. 06.10.22 N 1540-Լ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը և 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի նկատմամբ։

(3-րդ կետը լրաց. 09.06.22 N 854-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


19.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1168-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է գյուղատնտեսական հումքի մթերումների (այսուհետ՝ գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման ընթացակարգը։

2. Սույն կարգի իմաստով օգտագործվող հասկացությունները և հապավումները՝

1) ծրագիր՝ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրում.

2) շահառու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, գնումներ իրականացնող և 2021 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2020 թվականին, իսկ 2022 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2021 թվականին արտահանումներ իրականացրած կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի դրական վարկային (վարկի համար դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում շահառուն և (կամ) իր հետ փոխկապակցված որևէ անձ չպետք է ունենա 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություն կամ «ոչ ստանդարտ» դասով դասակարգված վարկեր) պատմություն և դիմումի ներկայացման նախորդող օրվա դրությամբ չունի ժամկետանց հարկային պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի).

3) ԳՖԿ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույց.

4) ՖԿ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկեր կամ վարկային կազմակերպություններ, որոնք գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկերի տրամադրման համար սահմանված ընթացակարգով ԳՖԿ-ի հետ կնքել են պայմանագրեր.

5) բյուջետային երաշխիք՝ որոշմամբ հաստատված գնումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում ՖԿ-ներից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվող վարկի հիմնական գումարի վերադարձի ապահովման միջոց։

(2-րդ կետը փոփ. 09.06.22 N 854-Լ)

3. Սույն կարգի հիման վրա բյուջետային երաշխիքներն առանց ապահովման միջոցի կարող են տրամադրվել, 2021 թվականին տրամադրվող վարկերի համար՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ 2022 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանն ուղղելու պայմանով՝

1) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) ուղղության համար` առավելագույնը մինչև երկու տարի մարման ժամկետով՝ 2021 թվականի վարկերի համար, առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը տրամադրված վարկերի համար, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար՝ առավելագույնը մինչև երեք տարի երեք ամիս մարման ժամկետով.

2) բացի խաղողից այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին՝ առավելագույնը մինչև մեկ տարի մարման ժամկետով՝ 2021 թվականի վարկերի համար, իսկ 2022 թվականի վարկերի համար՝ առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով:

(3-րդ կետը խմբ. 30.09.21 N 1636-Լ, փոփ. 09.06.22 N 854-Լ, լրաց. 06.10.22 N 1540-Լ)

4. Տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ծրագրի շրջանակներում ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2021 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2020 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը, իսկ 2022 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2021 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը։ Ընդ որում, տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարի նվազագույն չափը կազմում է 100.0 մլն դրամ։

(4-րդ կետը փոփ. 09.06.22 N 854-Լ)

5. Բյուջետային երաշխիքով ապահովված վարկի գծով կնքված պայմանագրի կրկնօրինակը և մարման ժամանակացույցը հաստատումից հետո ՖԿ-ն եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և ԳՖԿ-ին:

6. Բյուջետային երաշխիքով ապահովված վարկի հիմնական գումարի ամբողջական մարումից հետո եռօրյա ժամկետում ՖԿ-ն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն է վերադարձնում բյուջետային երաշխիքի բնօրինակը, ինչի վերաբերյալ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։

7. Ծրագրի ավարտի վերջում տրամադրված բյուջետային երաշխիքի դիմաց որպես վճար շահառուի կողմից վճարվում է միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 1 տոկոսի չափով:

7.1. Այն դեպքում, երբ 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակներում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ՖԿ-ի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը:

(7.1-ին կետը լրաց. 09.06.22 N 854-Լ)

 

II. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

8. Շահառուները վարկավորման նպատակով ծրագրով սահմանված ընթացակարգով դիմում են ՖԿ-ին։

9. ՖԿ-ն իրականացնում է շահառուների վարկունակության գնահատում և կայացնում նախնական որոշում՝ ծրագրի ներքո վարկ տրամադրելու վերաբերյալ (վարկի նախահաստատում):

10. Եթե շահառուի կողմից հայցվող վարկի գումարը գերազանցում է վերջինիս կողմից առաջարկվող գրավի առարկայի կամ բանկային երաշխիքի դիմաց ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարին, ապա շահառուն հայցվող վարկի գումարի չբավարարող մասի համար բյուջետային երաշխիք ստանալու նպատակով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ համաձայն N 1 ձևի։

(10-րդ կետը լրաց. 30.09.21 N 1636-Լ)

11. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) տեղեկանք ՖԿ-ից՝ վարկի ապահովման միջոցի չբավարարող մասի և ՖԿ-ի կողմից գնահատված վարկի ապահովման միջոցի շուկայական արժեքի վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ 2021 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2020 թվականին, իսկ 2022 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2021 թվականին արտահանված արտադրանքի տեսականու, ծավալների և ընդհանուր արժեքի մասին.

3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ դիմումի ներկայացման նախորդող օրվա դրությամբ ժամկետանց հարկային պարտավորությունների (առանց դրոշմանիշային վճարի) բացակայության մասին.

4) ԱՌՔԱ վարկային բյուրոյից տեղեկատվություն՝ վարկային պատմության վերաբերյալ.

5) տեղեկատվություն՝ նախորդ երկու տարվա տնտեսական գործունեության մասին՝ համաձայն N 2 ձևի:

(11-րդ կետը փոփ. 09.06.22 N 854-Լ)

12. Եթե ներկայացված դիմումը թերի է կամ սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական չեն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը երկօրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին՝ թերությունները և անհամապատասխանությունները վերացնելու և նոր դիմում ներկայացնելու մասին։ Դիմումատուն պարտավոր է սույն կետով նախատեսված կարգով տեղեկացումն ստանալու պահից երկու օրվա ընթացքում ներկայացնել սույն կարգի պահանջներին համապատասխան նոր դիմում։

13. Սույն կարգի պահանջներին համապատասխան դիմումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ԳՖԿ-ի հետ համատեղ 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և

1) ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում գրությամբ պատասխանում է դիմումատուին` նշելով դիմումի մերժման պատճառները.

2) հիմնավոր ճանաչելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը շահառուին բյուջետային երաշխիք տրամադրելու մասին իր առաջարկություններով միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ կցելով շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը և դրա մասին գրությամբ տեղեկացնում է դիմումատուին։

14. Դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ հավաստի տվյալներ.

2) շահառուն չունի սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրական վարկային պատմություն կամ ունի ժամկետանց հարկային պարտավորություն.

3) պահանջվող բյուջետային երաշխիքի գումարի չափը գերազանցում է ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 50%-ը կամ 2021 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2020 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը, իսկ 2022 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2021 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը.

4) դիմումատուի կողմից սույն կարգի 12-րդ կետով նախատեսված ժամկետում սույն կարգի պահանջներին համապատասխան նոր դիմում չներկայացնելու դեպքում։

(14-րդ կետը փոփ. 09.06.22 N 854-Լ)

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

15. Շահառուի կողմից հայցվող վարկի գծով ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարը չբավարարող մասի համար բյուջետային երաշխիք տրամադրելու մասին միջնորդությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է այն և

1) միջնորդությունը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում այն գրությամբ վերադարձնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ նշելով միջնորդությունը մերժելու պատճառները.

2) միջնորդությունը հիմնավոր ճանաչելու դեպքում՝ 3-օրյա ժամկետում շահառուի հետ կնքում է բյուջետային երաշխիքի տրամադրման մասին պայմանագիր և վերջինիս տրամադրում թողարկված բյուջետային երաշխիքի բնօրինակը՝ դրա մասին ծանուցելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

16. Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն.

ա. շահառուից՝ առկա վարկային պարտավորությունների կառուցվածքի վերաբերյալ,

բ. ՖԿ-ից՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շահառուի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ:

(16-րդ կետը խմբ. 09.06.22 N 854-Լ)

17. Միջնորդությունը մերժվում է, եթե`

1) սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական չեն կամ դրանցում նշված տվյալները չեն համապատասխանում սույն կարգով նախատեսված պահանջներին:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

………………………………………………………...............………………………… ....-ԻՑ

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՐԱՎԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՉԲԱՎԱՐԱՐՈՂ ՄԱՍԻ ՉԱՓՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ................................................................................…………………………..-ին

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում

........................................................-ից ............................. (...............................) դրամ

(նշել ֆինանսական կառույցի անվանումը) նշել գումարի չափը թվերով (նշել գումարի չափը տառերով)

 

վարկի ներգրավման նպատակով գրավի ապահովման չբավարարող

.............................(..............................) դրամի չափով տրամադրել բյուջետային երաշխիք։

նշել գումարի չափը թվերով (նշել գումարի չափը տառերով)

 

Առդիր .... էջ։

 

Ստորագրող

 

.............................

(պաշտոնը)

…….........................

(անունը, ազգանունը)

..................................

(ստորագրությունը)

 

..... ..................... 202... թ.

 

(ձևը փոփ. 09.06.22 N 854-Լ)

 

Ձև N 2

 

Տեղեկատվություն ..................................... տնտեսական գործունեության մասին

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

NN

ը/կ

1

2

3

 

Ցուցանիշը

20... թվական

20... թվական

1.

Արտադրանք (մլն դրամ)

 

 

2.

Իրացում (մլն դրամ)

 

 

3.

Արտահանում (մլն դրամ)

 

 

4.

Արտահանման երկրներ

 

 

5.

ԱԱՀ

 

 

6.

Շահութահարկ

 

 

7.

Եկամտային հարկ

 

 

8.

Այլ հարկեր և տուրքեր

   

 

Ստորագրող

 

.............................

(պաշտոնը)

…….........................

(անունը, ազգանունը)

 

..................................

(ստորագրությունը)

 

..... ..................... 202... թ.

 

Կ.Տ.

 

(ձևը փոփ. 09.06.22 N 854-Լ)

(հավելվածը խմբ., լրաց. 30.09.21 N 1636-Լ, փոփ., լրաց., խմբ. 09.06.22 N 854-Լ, լրաց. 06.10.22 N 1540-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2021 թվական: