Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 300-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.12.03/31(510).1 Հոդ.322.4
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.11.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014515

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 նոյեմբերի 2014 թ.

թիվ 300-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտ կարող են թողարկել, սպասարկել և իրացնել (տարածել) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը (այսուհետ` բանկեր),

նպատակ ունենալով հստակեցնել վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման հետ առնչվող բանկերի կողմից բարձրացված հարցադրումները` կապված վճարային քարտի տեսակների հետ,

հնարավորինս պարզեցնել բանկերի կողմից թողարկված վճարային քարտի տրամադրման ընթացակարգը` ապահովելով հաճախորդների նույնականացման պահանջը,

առավել արդյունավետ կերպով կառավարել բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են պայմանավորված լինել բանկերի ներքին ընթացակարգերի և իրենց հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորող փաստաթղթերի բացակայությամբ կամ դրանցում առկա թերություններով և բացերով, որոնց առկայությունը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային ծառայությունների մատուցման նկատմամբ հանրության վստահության վրա,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, 2-րդ կետի «ե» ենթակետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իդ» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգը»` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտերի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտերով գործառնությունների իրականացման կարգը»:

3. Սույն որոշմամբ հաստատված կարգը չի տարածվում բանկերի կողմից թողարկված և տրամադրված այն կանխավճարային քարտերի վրա, որոնք թողարկվել են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը` մինչև տվյալ կանխավճարային քարտերի գործողության ավարտը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

 2014 թ. նոյեմբերի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի նոյեմբերի 4-ի

թիվ 300-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 08.12.15 թիվ 255-Ն)

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման և դրանց հետ կապված անվտանգության կանոնները:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից լիցենզավորված և վճարային քարտ թողարկելու և սպասարկելու թույլտվություն ստացած կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) վրա:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

1) թողարկող` Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտ թողարկող բանկեր,

2) քարտապան՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, որը թողարկողի հետ կնքել է վճարային քարտի թողարկման և սպասարկման համար բանկային հաշվի գրավոր պայմանագիր,

3) վճարային քարտի թողարկման և սպասարկման համար բանկային հաշվի գրավոր պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որը կնքվում է`

ա. կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, կամ

բ. բանկի կողմից հրապարակված` վճարային քարտի թողարկման և սպասարկման պայմանագիր կնքելու հրապարակային առաջարկին միանալու վերաբերյալ հաճախորդի գրավոր դիմումը բանկի աշխատակցի կողմից հաստատելու և հաստատված դիմումի բնօրինակը հաճախորդին հանձնելու միջոցով, կամ

գ. ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներով:

Սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված պայմանագիրը կամ գրավոր դիմումը հաճախորդին հանձնելը հավաստվում է բանկի օրինակի վրա այդ մասին հաճախորդի կողմից ձեռագիր գրառում կատարելու միջոցով,

4) ավտոմատ գանձման մեքենա (այսուհետ՝ ԱԳՄ)` ըստ ՀՀ ԿԲ խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգով» սահմանված իմաստի,

5) ՊՈՍ տերմինալ` էլեկտրոնային սարք, որը նախատեսված է առևտրի և (կամ) սպասարկման կետում վճարային քարտով անկանխիկ գործառնություն կատարելու կամ բանկի և (կամ) վերջինիս տարածքային ստորաբաժանման տարածքում վճարային քարտով կանխիկացման գործառնություն կատարելու համար,

6) սպասարկող (merchant)` առևտրի և (կամ) ծառայությունների մատուցման կետ, որը վճարային քարտի սպասարկում իրականացնող բանկի հետ կնքել է պայմանագիր` իր կողմից վաճառվող ապրանքների և (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարային քարտը, որպես վճարամիջոց ընդունելու վերաբերյալ,

7) վճարային քարտի սպասարկում (acquiring)` բանկի կողմից մատուցվող ծառայություն, որի արդյունքում ապահովվում է սպասարկողների մոտ վճարային քարտով իրականացված գործառնությունների և դրանց դիմաց հաշվարկների կատարումը, ինչպես նաև բանկի կողմից ծառայությունների մատուցման թույլատրելի տարածքում տվյալ բանկի քարտապանների և (կամ) քարտապան չհանդիսացող հաճախորդների կողմից կանխիկի մուտքագրումը, դրամական միջոցների փոխանցումը և (կամ) դրամական միջոցների կանխիկ տրամադրումը,

8) անվանագրում` վճարային քարտի դաջման (էմբոսացման, ինջինիրինգի)` մագնիսական ժապավենի վրա և (կամ) միկրոպրոցեսորային հիշողության մեջ տեղեկատվության գրառման ընթացակարգ` համաձայն քարտային վճարահաշվարկային համակարգի կանոնների,

9) վճարումների գրանցամատյան` փաստաթուղթ կամ փաստաթղթերի ամբողջություն, որը պարունակում է քարտային վճարահաշվարկային համակարգի կանոնով և (կամ) այլ փաստաթղթերով սահմանված ժամանակահատվածի համար վճարային քարտի միջոցով իրականացված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն` կազմված պրոցեսինգ իրականացնող իրավաբանական անձի կամ թողարկողի կողմից, որի արդյունքում իրականացնում է վճարային քարտի միջոցով իրականացված գործառնությունների տեղեկատվության հավաքագրում, մշակում և փոխանցում/տրամադրում (պրոցեսինգ) բանկերին և ներկայացվում է էլեկտրոնային և (կամ) թղթային եղանակով,

10) էլեկտրոնային մատյան` քարտային վճարահաշվարկային համակարգի կանոնով և (կամ) այլ փաստաթղթով սահմանված ժամանակահատվածի համար վճարային քարտով իրականացված գործառնությունների ժամանակ ԱԳՄ-ի, ՊՈՍ տերմինալի կամ վճարային քարտ սպասարկող այլ տեխնիկական սարքավորման միջոցով ձևավորված էլեկտրոնային փաստաթուղթ կամ փաստաթղթերի ամբողջություն,

11) անհատական նույնականացման համար (ՊԻՆ-կոդ)` թողարկողի կողմից տրամադրված քարտապանին նույնականացնող ծածկագիր, որը կիրառվում է քարտապանի կողմից քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված դեպքերում,

12) հավաստագրում (ավտորիզացիա)` թողարկողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից վճարային քարտով գործառնությունների կատարման թույլտվության ստացման գործընթաց,

13) նույնականացում՝ գործընթաց, համաձայն որի վճարային քարտով գործառնությունների կատարման ժամանակ թողարկողի կողմից իրականացվում է քարտապանին տրամադրված ՊԻՆ-կոդի, ստորագրության կամ վճարային քարտային համակարգի կանոնով նախատեսված անձը նույնականացնող այլ ծածկագրի ստուգում, նախապես սահմանված ընթացակարգով,

14) հաշվետու ժամանակաշրջան` քարտապանի վճարային քարտով կատարված գործառնությունների ժամանակաշրջան, որի վերաբերյալ բանկը քարտապանին ներկայացնում է քաղվածք,

15) քարտապանի կողմից չվավերացված գործարքներ՝ Թողարկողի կողմից քարտապանին տրամադրված քաղվածքում արտացոլված կամ այլ եղանակով քարտապանին հայտնի դարձած գործարքներ, որոնց կատարումը իրականացվել է առանց քարտապանի համաձայնության/թույլտվության,

16) օֆլայն գործարքներ՝ վճարային քարտով կատարված գործարքներ, որոնց կատարման համար չի պահանջվում թողարկողի հավաստագրումը,

17) օնլայն գործարքներ՝ վճարային քարտով կատարված գործարքներ, որոնք իրական ժամանակում հավաստագրվում են թողարկողի կողմից,

18) առանց շփման (contactless) կատարված և քարտապանի նույնականացումը չպահանջող գործարքներ՝ թողարկողի կողմից սահմանված գումարային սահմանաչափը չգերազանցող վճարային քարտով կատարված օնլայն կամ օֆլայն գործարքներ, որոնց կատարման ժամանակ քարտապանը չի նույնականացվում:

4. Սույն կարգում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:

 

ԳԼՈՒԽ 3. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Թողարկողները թողարկում են անձնականացված/նույնականացված վճարային գործիք, որը թույլ է տալիս քարտապանին թողարկողի հետ կնքված համապատասխան Պայմանագրի հիման վրա կատարել վճարային քարտում առկա միջոցների կանխիկացում և/կամ անկանխիկ գործառնություններ:

6. Վճարային քարտերը դասակարգվում են.

1) ըստ քարտապանների.

ա. ֆիզիկական անձ,

բ. իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

2) ըստ տեղեկատվության պահպանման (գրառման).

ա. մագնիսական,

բ. միկրոպրոցեսորային (չիպային),

գ. հիբրիդ (համատեղված),

դ. վիրտուալ.

3) ըստ վճարման տեսակի (սխեմայի).

ա. դեբետային,

բ. հաշվարկային,

գ. վարկային.

4) ըստ կիրառման միջավայրի.

ա. իրական միջավայրում կիրառվող,

բ. վիրտուալ (ինտերնետ) միջավայրում կիրառվող:

7. Բանկը կարող է քարտապանի համար թողարկել հետևյալ տեսակների վճարային քարտեր.

1) դեբետային քարտ, որը նախատեսված է քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում գործառնություններ իրականացնելու համար` քարտապանի բանկային հաշվում առկա դրամական միջոցների հաշվին,

2) հաշվարկային քարտ, որը նախատեսված է քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում գործառնություններ իրականացնելու համար` քարտապանի բանկային հաշվում առկա դրամական միջոցների և սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված Պայմանագրի հիման վրա թողարկողի կողմից տրամադրված վարկի (օվերդրաֆտի) հաշվին,

3) վարկային (կրեդիտային) քարտ, որը նախատեսված է քարտապանի կողմից գործառնություններ իրականացնելու համար` թողարկողի կողմից քարտապանին տրամադրված վարկային պայմանագրի պայմանների համաձայն վարկային միջոցների հաշվին:

(7-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 168-Ն)

8. Վճարային քարտի վավերապայմաններն են՝

1) վճարային քարտի քարտապանի անուն, ազգանուն (իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր քարտապանի դեպքում` իրավասու (լիազորված) անձի անուն, ազգանուն),

2) վճարային քարտ թողարկողի անվանում (ապրանքային նշան),

3) քարտային վճարահաշվարկային համակարգի անվանում (ապրանքային նշան), որին պատկանում է տվյալ վճարային քարտը (սահմանված լինելու դեպքում),

4) վճարային քարտի համար,

5) վճարային քարտի գործողության ժամկետ (սահմանված լինելու դեպքում),

6) քարտապանի ստորագրություն և (կամ) քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով սահմանված այլ տվյալներ (օրինակ` CVV2 կամ CVC2):

9. Վճարային քարտի վավերապայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վճարային քարտը համարվում է անվավեր, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերի:

10. Սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վավերապայմանը կարող է բացակայել, եթե ապահովված է հետևյալ պայմանների ամբողջությունը.

1) վճարային քարտը`

ա. թողարկվել է ոչ ավելի, քան երկու տարի գործողության ժամկետով` միայն ՀՀ դրամով,

բ. կարող է օգտագործվել բացառապես ՊԻՆ-կոդի կիրառմամբ,

գ. ենթակա չէ նույն անձի անունով վերաթողարկման,

դ. ենթակա չէ օգտագործման վիրտուալ (ինտերնետ) միջավայրում, բացառությամբ սույն կարգի 18-րդ կետով սահմանված պահանջին բավարարելու դեպքում:

11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված պահանջներին բավարարող վճարային քարտը կարող է ձեռք բերվել.

1) ձեռքբերողի կողմից` անձնական օգտագործման նպատակով,

2) ձեռքբերողի կողմից` երրորդ անձի կողմից օգտագործման նպատակով:

12. Վճարային քարտը սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նպատակով ձեռք բերելու դեպքում Պայմանագրի կողմ պետք է հանդիսանա վճարային քարտը ձեռքբերող անձը:

13. Վճարային քարտը սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված նպատակով ձեռք բերելու դեպքում Պայմանագրի կողմ պետք է հանդիսանա վճարային քարտը օգտագործող անձը:

 

ԳԼՈՒԽ 4. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ, ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

14. Թողարկողն իրավասու է միաժամանակ իրականացնել վճարային քարտի թողարկում, սպասարկում և տարածում: Վճարային քարտի թողարկումը, սպասարկումը և տարածումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կարգի և Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև քարտային վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված կանոնների համաձայն:

15. Թողարկողը պարտավոր է մինչև քարտապանի հետ Պայմանագիր կնքելը ծանոթացնել նրան վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև սպասարկումը դադարեցնելու և վճարային քարտով գործառնություններն անվտանգ իրականացնելու հիմնական կանոններին (այսուհետ՝ վճարային քարտով գործառնությունների իրականացման հիմնական կանոններ), որոնք պարտադիր ներառում են`

1) վճարային քարտի և ՊԻՆ-կոդի և (կամ) անձը նույնականացնող` քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրի (ծածկագրերի) տրամադրման, օգտագործման և պահպանման կանոնները,

2) վճարային քարտով իրականացվելիք գործառնությունների տեսակները (եթե քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով առկա են գործառնության կատարման հաճախականության, տեսակների կամ գումարի մեծության սահմանափակումներ, ապա վերջիններս պետք է նույնպես նշված լինեն),

3) վճարային քարտ թողարկողի և քարտապանի պարտավորությունները և նրանց պատասխանատվության չափն ու պայմանները (քարտապանի պատասխանատվությունն իր կողմից չվավերացված գործարքների համար, թողարկողի պատասխանատվությունը քարտապանի նկատմամբ՝ վերջինիս կողմից չվավերացված գործարքների համար, քարտապանի կողմից չվավերացված գործարքների վերաբերյալ թողարկողին տեղեկացման կարգի և պայմանների, պատասխանատվության չափի և վնասների բաշխման, այլ սահմանված ընթացակարգերի վերաբերյալ)՝ հաշվի առնելով սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները, ընդ որում` վճարային քարտով գործառնությունների իրականացման հիմնական կանոններով չի կարող սահմանվել դրույթ, որի համաձայն` թողարկողը պատասխանատվություն չի կրում քարտապանի կողմից չվավերացված այն գործարքների համար, որոնց կատարման ժամանակ կիրառվել է ՊԻՆ կոդ, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքն իրականացվել է միկրոպրոցեսորային (չիպային) քարտի միջոցով,

4) վճարային քարտի բլոկավորման և ապաբլոկավորման կարգն ու պայմանները, ժամկետը` ինչպես քարտապանի նախաձեռնությամբ, այնպես էլ բանկի,

5) քարտային/բանկային հաշվից դեբետագրման/ելքագրման կամ քարտային/բանկային հաշվի կրեդիտագրման/մուտքագրման կարգն ու պայմանները, ժամկետը,

6) տեղեկատվություն ցանկացած տիպի միջնորդավճարների վերաբերյալ, որոնք գանձվում են քարտապանից նրան մատուցված ծառայությունների դիմաց, բացառությամբ այն միջնորդավճարի, որը կարող է գանձվել սպասարկողների կողմից՝ քարտապանի սպասարկման պահին: Միջնորդավճարները ներառում են վճարային քարտի տրամադրման և (կամ) տարեկան սպասարկման գումարները, վճարային քարտով գործառնությունների իրականացման համար գանձվող և կիրառվող սակագներ/միջնորդավճարներ կամ այլ վճարներ,

7) քարտապանի կողմից քարտային գործառնության բողոքարկման ժամանակահատվածը, ինչպես նաև բողոքարկման և ճշգրտման ժամանակ կիրառվող ընթացակարգերը և քարտապանի կողմից դրանց կիրառման կարգն ու պայմանները, ժամկետները` հաշվի առնելով սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները,

8) քարտային/բանկային հաշվի արժույթից տարբերվող արժույթով (արտարժույթով) գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փոխարժեքի որոշման մեխանիզմը,

9) քարտապանի կողմից վճարային քարտի կորստի/գողանալու դեպքում կիրառվող ընթացակարգերը և դրանց կիրառման կարգը, պայմանները և ժամկետները,

10) վճարային քարտի վերաթողարկման կարգն ու պայմանները, ժամկետները,

11) վճարային քարտային հաշվի փակման դեպքում վճարային քարտի վերադարձման կարգն ու պայմանները,

12) վճարային քարտով իրականացված գործառնությունների դիմաց հաշվարկի ընթացակարգերը, մասնավորապես՝

ա. Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով քարտապանին դրամական միջոցների տրամադրման կամ կանխիկի մուտքագրման կարգը, պայմանները և ժամկետները,

բ. համապատասխան դրամական պարտավորությունների վերադարձման (մարման) կարգն ու պայմանները, ժամկետները,

գ. տրամադրված դրամական միջոցների դիմաց հաշվարկվող տարեկան-անվանական և փաստացի տոկոսադրույքները, տոկոսագումարների հաշվարկման և քարտապանի պարտավորությունների մարման կարգն ու պայմանները, ժամկետները,

13) վճարային քարտով գործառնությունների իրականացման ընթացքում առաջացող ռիսկերի կառավարման և զսպման արդյունավետ մեխանիզմները,

14) վճարային քարտի անվտանգ օգտագործման նվազագույն պայմանները,

15) քարտապանին վերաբերող այլ ընթացակարգեր, որոնցով կարգավորվում են վճարային քարտով կատարված գործառնությունները:

(15-րդ կետը լրաց. 14.10.16 թիվ 168-Ն)

16. Թողարկողի վճարային քարտով գործառնությունների իրականացման հիմնական կանոնները պետք է մշակված լինեն գրավոր, հնարավորության դեպքում նաև էլեկտրոնային եղանակով՝ գրված պարզ, մատչելի հայերեն լեզվով, անհրաժեշտության դեպքում նաև այլ լեզուներով:

17. Թողարկողը պարտավոր է վճարային քարտը և ՊԻՆ-կոդը քարտապանին տրամադրել առանձին փակ ծրարներով: Ընդ որում, քարտը թողարկելուց հետո այն քարտապանին տրամադրելու նպատակով թողարկողի մեկ տարածքային ստորաբաժանումից մեկ այլ տարածքային ստորաբաժանում թողարկողի կողմից կամ երրորդ անձանց միջոցով տեղափոխումը, ինչպես նաև մինչև քարտապանին քարտը և ՊԻՆ-կոդը հանձնելը՝ թողարկողի մոտ դրանք պետք է պահվեն փակ ծրարներով: ՊԻՆ կոդը փակ ծրարով քարտապանին տրամադրելու պահանջը համարվում է բավարարված, եթե այն քարտապանին տրամադրվել է էլեկտրոնային եղանակով վերջինիս կողմից նշված հեռախոսին/հեռախոսահամարին (օրինակ՝ էս էմ էս ուղարկելու միջոցով) կամ էլեկտրոնային փոստին՝ ժամանակավոր ՊԻՆ կոդ տրամադրելու միջոցով (քարտապանի կողմից ինքնուրույն նոր ՊԻՆ կոդ ձևավորելու նպատակով)՝ ապահովելով անվտանգության պատշաճ մեխանիզմներ:

(17-րդ կետը լրաց. 26.12.17 թիվ 301-Ն)

18. Քարտապանին և սպասարկողին վիրտուալ (ինտերնետ) միջավայրում վճարային քարտով (բացառությամբ Արքա համակարգում ձևավորված վիրտուալ քարտերի) ծառայություններ մատուցելու հնարավորություն ընձեռելու դեպքում թողարկողը և սպասարկում իրականացնող բանկը պարտավոր են ապահովել միջազգային չափանիշներին համահունչ անվտանգության արդի համակարգի (օրինակ՝ գաղտնագրված փակ բանալիների միջոցով տեղեկատվության փոխանակման 3 d secure, միանգամյա կոդերի ձևավորման և տրամադրման համակարգ) միջոցով քարտապանի և սպասարկողի սպասարկումը՝ վերջիններիս կողմից չվավերացված գործարքներն ի հայտ գալու հնարավորությունը բացառելու նպատակով:

19. Թողարկողը պարտավոր է մշտապես ապահովել վճարային քարտով կատարված գործարքների մոնիթորինգի համակարգի առկայությունը և դրա շուրջօրյա (7/24) սպասարկումը իրական ժամանակում, անհրաժեշտության դեպքում զանգահարելու կամ քարտապանի հետ այլ միջոցով կապ հաստատելու արդյունքում կասկածելի գործարքները բացահայտելու նպատակով:

20. Թողարկողը պարտավոր է մշտապես ապահովել վճարային քարտով տեղի ունեցող միջադեպերին (քարտի կորստի, բլոկավորման, չսպասարկման, բանկոմատի կողմից առգրավմանն և այլ) արագ արձագանքելու ահազանգման համակարգի առկայությունը և դրա շուրջօրյա (7/24) սպասարկումը իրական ժամանակում:

21. Թողարկողը պարտավոր է վճարային քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի կատարման վերաբերյալ (առնվազն քարտային հաշվից ելքերի) կարճ հաղորդագրության (էս էմ էս) միջոցով անհապաղ տեղեկացնել քարտապանին՝ քարտապանի կողմից տվյալ ծառայությունից օգտվելու ցանկություն հայտնելու դեպքում: Ընդ որում, խարդախության/զեղծարարության տեղի ունենալու դեպքում սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ընթացակարգերով խարդախության/զեղծարարության ռիսկը չի կարող դրվել՝

1) բացառապես քարտապանի վրա, եթե քարտապանը համաձայնվել է, սակայն թողարկողը չի տրամադրել կարճ հաղորդագրության (էս էմ էս) միջոցով անհապաղ տեղեկացման ծառայությունը,

2) բացառապես թողարկողի վրա, եթե կատարված գործարքի վերաբերյալ քարտապանին կարճ հաղորդագրության (էս էմ էս) միջոցով թողարկողի անհապաղ տեղեկացնելուց հետո քարտապանի կողմից չի ձեռնարկվել սույն կարգով, Պայմանագրով կամ վճարային քարտով գործառնությունների իրականացման հիմնական կանոններով սահմանված կանխարգելիչ միջոցառումներ (օրինակ՝ անհապաղ չի հայտնել գործարքն իր կողմից կատարելու կամ չկատարելու մասին):

Ընդ որում` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ քարտապանին Էս-Էմ-Էս ծառայության միջոցով գործարքի վերաբերյալ ծանուցումը ժամանակին կամ ընդհանրապես չի տրամադրվել կամ քարտապանը կանխարգելիչ միջոցառումներ չի իրականացրել կապի խափանման կամ հեռահաղորդակցման օպերատորի մոտ ծագած տեխնիկական կամ այլ խնդիրներ առաջանալու հետևանքով:

22. Թողարկողը պարտավոր է քարտապանի կողմից ներկայացված դիմում-պահանջի հիման վրա միջոցների հետգանձման գործընթաց (Chargeback) նախաձեռնել, այդ թվում իր կողմից թողարկված միջազգային քարտային համակարգերի քարտերով (բացառությամբ այն դեպքերի, երբ քարտային վճարային համակարգի կանոններով միջոցների հետգանձման գործընթաց (Chargeback) նախաձեռնելու հնարավորություն ընձեռված չէ:

 

ԳԼՈՒԽ 5. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

23. Քարտապանն իրեն պատկանող դրամական միջոցների շարժը (մուտքագրումներ և (կամ) ելքագրումներ), այդ թվում` վարկային միջոցների, կարող է իրականացնել կանխիկ/անկանխիկ եղանակով` Պայմանագրի և (կամ) քարտային վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն:

24. Քարտապանին տրամադրված մի քանի վճարային քարտերով գործառնությունները կարող են իրականացվել նաև մեկ բանկային հաշվով:

25. Քարտապանին տրամադրված մեկ վճարային քարտով գործառնություններ կարող են իրականացվել նաև մի քանի հաշիվներով:

26. Ֆիզիկական անձ քարտապանի կողմից վճարային քարտով կարող են իրականացվել հետևյալ տեսակի գործառնություններ`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից դուրս ստանալ Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով կանխիկ դրամական միջոցներ,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում վճարել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, մտավոր աշխատանքի արդյունքների) դիմաց Հայաստանի Հանրապետության արժույթով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` նաև արտարժույթով,

3) Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով այլ գործառնություններ, եթե դրանց կատարման համար օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված չեն սահմանափակումներ:

27. Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր (այսուհետ` իրավաբանական անձ) քարտապանի կողմից վճարային քարտով իրականացվում են հետևյալ տեսակի գործառնություններ`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության հետ կապված հաշվարկների, այդ թվում` գործառնական և վարչական ծախսերով կատարված հաշվարկների դիմաց Հայաստանի Հանրապետության արժույթով ստանալ կանխիկ դրամական միջոցներ,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության հետ կապված անկանխիկ հաշվարկների, այդ թվում` գործառնական և վարչական ծախսերով կատարված հաշվարկների դիմաց վճարել Հայաստանի Հանրապետության արժույթով,

3) Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով այլ գործառնություններ, եթե դրանց կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանափակումներ նախատեսված չեն:

28. Քարտապանը վճարային քարտով կարող է իրականացնել գործառնություններ` Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով բացված բանկային հաշիվներով: Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնությունները կատարվում են օրենքով, Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:

29. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը ապահովում են.

1) սպասարկողների մոտ վճարային քարտով կատարված գործառնությունների դիմաց հաշվարկների իրականացումը,

2) բանկի կողմից ծառայությունների մատուցման թույլատրելի տարածքում բանկի հաճախորդների և (կամ) հաճախորդ չհանդիսացող քարտապանների կողմից վճարային քարտով փոխանցման գործառնության իրականացում,

3) բանկի կողմից ծառայությունների մատուցման թույլատրելի տարածքում բանկի հաճախորդների և (կամ) հաճախորդ չհանդիսացող քարտապանների կողմից քարտային հաշվին կանխիկի մուտքագրման գործառնության իրականացում,

4) բանկի կողմից ծառայությունների մատուցման թույլատրելի տարածքում բանկի հաճախորդներին և (կամ) հաճախորդ չհանդիսացող քարտապաններին քարտային հաշվից դրամական միջոցների կանխիկ տրամադրման գործառնության իրականացում:

29.1 Եթե թողարկողների կողմից թողարկված վճարային քարտերի սպասարկումը (այդ թվում՝ թոքեններ կիրառող թվային վճարային լուծումների կիրառմամբ) իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կողմից, ապա այդ գործառնությունների գծով քլիրինգը և վերջնահաշվարկն իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանաբար քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպության կողմից:

(29.1-ին կետը լրաց. 26.07.22 թիվ 125-Ն)

30. Վճարային քարտային հաշվի փակման դիմում ներկայացնելու դեպքում քարտապանի կողմից վճարային քարտը վերադարձնելիս թողարկողը պարտավոր է քարտապանին տրամադրել վճարային քարտը վերադարձնելու մասին գրավոր հավաստում: Քարտապանի կողմից վճարային քարտը չվերադարձնելու դեպքում վճարային քարտային հաշվի փակման դիմումում քարտապանը պարտավոր է իր ստորագրությամբ այդ մասին նշում կատարել: Ընդ որում, վճարային քարտային հաշվի փակման դիմում ներկայացնելուց հետո տեղի ունեցած խարդախության/զեղծարարության տեղի ունենալու դեպքում, բացառությամբ նախքան քարտային հաշվի փակման դիմումը ներկայացնելը քարտապանի կողմից կատարված, սակայն քարտային հաշվի փակման դիմումը ներկայացնելուց հետո ձևակերպում ստացած գործարքների, սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ընթացակարգերով խարդախության/զեղծարարության ռիսկը կրում է թողարկողը, եթե քարտապանը վերադարձրել է վճարային քարտը, իսկ քարտապանի կողմից վճարային քարտը չվերադարձնելու դեպքում սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ընթացակարգերով խարդախության/զեղծարարության ռիսկը չի կարող կրել բացառապես թողարկողը:

 

ԳԼՈՒԽ 6. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

31. Վճարային քարտի կամ վճարային քարտի վավերապայմանների կիրառման ընթացքում թղթային և (կամ) էլեկտրոնային տեսքով ձևավորվում է վճարահաշվարկային փաստաթուղթ, որը վավերացված է քարտապանի ստորագրությամբ կամ ՊԻՆ-կոդի կամ անձը նույնականացնող` քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրերի կիրառմամբ և հիմք է հանդիսանում վճարային քարտով իրականացված գործառնությունների հաշվարկի իրականացման համար և հավաստում է նրանց կատարումը:

32. Վճարային քարտի կիրառման ընթացքում թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով ձևավորվում են հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերը (այսուհետ` քարտային անդորրագիր).

1) ավտոմատ գանձման մեքենայով (այսուհետ` ԱԳՄ-ով) կանխիկացման, կանխիկի մուտքագրման կամ անկանխիկ գործառնության ընթացքում ձևավորված քարտային անդորրագիր,

2) առևտրի և (կամ) ծառայությունների մատուցման կետում տեղադրված ՊՈՍ տերմինալով և (կամ) իմպրինտերով անկանխիկ գործառնության ընթացքում ձևավորված քարտային անդորրագիր,

3) ֆինանսական կազմակերպության և (կամ) վերջինիս տարածքային ստորաբաժանման տարածքում տեղադրված ՊՈՍ տերմինալով և (կամ) իմպրինտերով կանխիկացման գործառնության ընթացքում ձևավորված քարտային անդորրագիր,

4) վիրտուալ (ինտերնետ) կամ այլ էլեկտրոնային միջավայրում` առևտրի և (կամ) ծառայությունների մատուցման կետում վիրտուալ ՊՈՍ տերմինալով անկանխիկ գործառնության ընթացքում ձևավորված քարտային անդորրագիր: Ընդ որում, սույն կետում նշված միջավայրում վճարում կատարելիս կարող է քարտային անդորրագիր չձևավորվել, եթե ձևավորվում է վճարային քարտով վճարման կատարումը հավաստող և (կամ) ծախսը հիմնավորող այլ փաստաթուղթ, որը թույլ է տալիս հաստատել, որ տվյալ գործառնությունը նախաձեռնված է վճարային քարտով:

33. Վճարային քարտի կիրառման ընթացքում ձևավորված վճարահաշվարկային փաստաթղթի (քարտային անդորրագրի) նվազագույն վավերապայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից:

(33-րդ կետը խմբ. 14.10.16 թիվ  168-Ն)

34. Սույն կարգի 31-րդ կետով սահմանված պահանջը կարող է չպահպանվել, եթե վճարահաշվարկային քարտային համակարգի կանոններով նախատեսված է հնարավորություն` տվյալ տեսակի վճարային քարտով կատարել առանց շփման (contactless) և քարտապանի նույնականացում չպահանջող գործարքներ:

(34-րդ կետը խմբ. 14.10.16 թիվ 168-Ն)

35. Թողարկողի կողմից քարտապանին տրամադրված ՊԻՆ-կոդի և (կամ) անձը նույնականացնող` քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրի կիրառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Պայմանագրի և (կամ) քարտային վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն:

36. (կետն ուժը կորցրել է 14.10.16 թիվ  168-Ն)

37. Վճարային քարտի կիրառման ընթացքում ձևավորված վճարահաշվարկային և այլ փաստաթղթերի կազմման հիմք հանդիսացող վճարումների գրանցամատյանը կամ էլեկտրոնային մատյանը բանկում և (կամ) նրան սպասարկող պրոցեսինգային կազմակերպությունում պահպանվում են առնվազն 5 տարի:

 

ԳԼՈՒԽ 7. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ/ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

38. Թողարկողը քարտապանին տեղեկացնում է վճարային քարտով նախորդ ամսվա ընթացքում կատարված գործառնությունների վերաբերյալ` տրամադրելով նրան քաղվածք: Քաղվածքի տրամադրման ժամկետը, պայմանները և կարգը սահմանվում են Պայմանագրով: Պայմանագրում քաղվածքի տրամադրման ժամկետի բացակայության դեպքում քաղվածքը տրամադրվում է առնվազն յուրաքանչյուր ամիս:

39. Քարտապանին տրամադրվող քաղվածքի նվազագույն վավերապայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից:

(39-րդ կետը խմբ. 14.10.16 թիվ 168-Ն)

40. (կետն ուժը կորցրել է 14.10.16 թիվ 168-Ն)

41. Թողարկողը պարտավոր է քարտապանի կողմից չվավերացված գործարքների վերաբերյալ հայտարարության հիման վրա քարտապանին տեղեկացնել թղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում-պահանջ լրացնելու անհրաժեշտության մասին:

42. Քարտապանի կողմից չվավերացված գործարքների վերաբերյալ քարտապանի կողմից դիմում-պահանջ ներկայացնելու դեպքում թողարկողը պարտավոր է ընդունել այն` քարտապանին տրամադրելով դիմում-պահանջը ընդունելու մասին գրավոր հավաստում (թղթային կամ էլեկտրոնային եղանակով): Եթե դիմում-պահանջը թողարկողին ներկայացվում է քաղվածքը քարտապանի կողմից ստանալու օրվանից առնվազն 15 օրվա ընթացքում (Պայմանագրով ավելի երկար ժամկետ սահմանված չլինելու դեպքում), թողարկողը պարտավոր է ապահովել սույն կարգի 44-րդ և 45-րդ կետերով սահմանված պահանջները:

43. Եթե քարտապանի կողմից չվավերացված գործարքները բողոքարկվում են քարտապանի կողմից քաղվածքը ստանալու պահից 55 օրվա ընթացքում, և քարտապանը դիմում-պահանջին կից ներկայացնում է սույն կարգի 42-րդ կետով սահմանված ժամկետում դիմում-պահանջը ներկայացնելու անհնարինությունը հավաստող փաստաթղթեր, թողարկողը պարտավոր է ապահովել սույն կարգի 44-րդ և 45-րդ կետերով սահմանված պահանջները:

44. Առանց շփման (contactless) կատարված և քարտապանի նույնականացում չպահանջող գործարքների վերաբերյալ քարտապանի կողմից դիմում-պահանջ ներկայացնելուց հետո թողարկողը հատուցում է քարտապանի հաշվից դեբետագրված միջոցները ոչ ուշ, քան դիմում-պահանջը ներկայացնելու 5-րդ օրը:

45. Սույն կարգի 42-րդ կամ 43-րդ կետերով սահմանված դեպքերում և կարգով քարտապանի կողմից դիմում-պահանջը ներկայացնելուց հետո թողարկողը ոչ ուշ, քան դիմում-պահանջը ներկայացնելուց հետո 90-րդ օրը.

1) հատուցում է քարտապանի հաշվից դեբետագրված միջոցները, կամ

2) մերժում է քարտապանի կողմից ներկայացված դիմում-պահանջում նշված գումարը հատուցելու պահանջը, եթե.

ա. խախտվել են սույն Կարգի 42-րդ կամ 43-րդ կետերով սահմանված դիմում-պահանջի ներկայացման ժամկետները, կամ

բ. քարտապանի կողմից խախտվել են վճարային քարտով գործառնությունների իրականացման հիմնական կանոններով կամ Պայմանագրով սահմանված դրույթները, որոնց հետևանքով են ի հայտ եկել քարտապանի կողմից չվավերացված գործարքները, կամ

գ. թողարկողն ունի հիմնավոր փաստեր, որոնք հիմք են հանդիսանում բողոքարկված գործարքները, որպես քարտապանի կողմից կատարված զեղծարարություն/խարդախություն բնութագրելու համար:

(հավելվածը խմբ. 08.12.15 թիվ 255-Ն, փոփ., խմբ., լրաց. 14.10.16 թիվ 168-Ն, լրաց. 26.12.17 թիվ 301-Ն, 26.07.22 թիվ 125-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.07.2022, թիվ 125-Ն 01.10.2022, թիվ 300-Ն
26.12.2017, թիվ 301-Ն 11.02.2018, թիվ 300-Ն
14.10.2016, թիվ 168-Ն 15.05.2017, թիվ 300-Ն
08.12.2015, թիվ 255-Ն 18.01.2016, թիվ 300-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան