Գլխավոր տեղեկություն
Համար
N 1502-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1502-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանելու մասին» N 546-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Մաքսային հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունները հայտարարատուի կողմից էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացվել մաքսային մարմին՝ որպես էլեկտրոնային փաստաթուղթ` էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված կամ թղթային կրիչով փաստաթղթերի առկայության պարագայում՝ այդ փաստաթղթերի լուսապատճենված էլեկտրոնային տարբերակները ներկայացնելու միջոցով։».

2) հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Մաքսային մարմնի կողմից ՄՄԱՏՀ-ում կարող են ձևավորվել և (կամ) մուտքագրվել օրենսգրքով և մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը` որպես էլեկտրոնային փաստաթուղթ՝ էլեկտրոնային ձևաչափով կամ նշված փաստաթղթերի թղթային կրիչով առկայության պարագայում՝ այդ փաստաթղթերի լուսապատճենված էլեկտրոնային տարբերակները։».

3) հավելվածը 12-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ կետերով՝

«12.1. Հայտարարատուի կողմից ՄՄԱՏՀ-ի միջոցով կարող են ձևավորվել և (կամ) ներկայացվել Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային մարմիններին ներկայացվող սույն կարգի 11-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերում չներառված այլ փաստաթղթեր։

12.2. Սույն կարգի 11-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերում և սույն կարգի 12-րդ, 12.1-ին կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները որպես էլեկտրոնային փաստաթուղթ էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված կամ թղթային կրիչով փաստաթղթերի առկայության պարագայում՝ այդ փաստաթղթերի լուսապատճենված տարբերակները հայտարարատուի, մաքսային ներկայացուցիչների և մաքսային մարմինների կողմից մուտքագրվում, օգտագործվում և պահպանվում են ՄՄԱՏՀ-ում` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) ներդրված «Փաստաթղթերի միասնական արխիվ» համակարգում` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2022 թվական: