Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-1-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.06.2006-14.04.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.22/52(287) Հոդ.970
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի սեպտեմբերի 24-ին

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց ու փախստականի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) տրամադրվող սոցիալական ապահովության քարտեր (այսուհետ` սոցիալական քարտ) հատկացնելու, կիրառելու և սոցիալական քարտի համարի կիրառման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սոցիալական քարտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սոցիալական քարտը քաղաքացիներին հատկացվող փաստաթուղթ է, որի միջոցով ապահովվում է քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը:

2. Սոցիալական քարտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սոցիալական քարտը տրվում է անվճար:

3. Սոցիալական քարտը հատկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

 

Հոդված 4.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ

 

1. Քաղաքացուն հատկացվող սոցիալական քարտի համարը եզակի է և փոփոխման ենթակա չէ:

2. Սոցիալական քարտի համարի ձևավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 5.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Սոցիալական քարտերի համակարգի ստեղծման նպատակը տեղեկատվական համակարգերում անհատական տվյալների մշակման ընթացքում քաղաքացու նույնականացումը (իդենտիֆիկացումը), օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության փոխանակման գործընթացների կանոնակարգումը, բարելավումը և քաղաքացու անհատական տվյալների գաղտնիության ապահովումն է:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Հոդված 6.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ

 

1. Սոցիալական քարտերի տեղեկատվական բազան (այսուհետ` տեղեկատվական բազա) սոցիալական քարտեր ստացած քաղաքացիների` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անհատական տվյալների ամբողջությունն է:

2. Տեղեկատվական բազան ձևավորվում է քաղաքացիների ներկայացրած և համապատասխան պետական կառավարման մարմինների տրամադրած տվյալների հիման վրա:

(6-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 7.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ և ԲԱԶԱՅԻ ՎԱՐՈՒՄԸ

 

1. Տեղեկատվական բազան ներառում է քաղաքացիների սոցիալական քարտերի համարները, ինչպես նաև քաղաքացիներին վերաբերող հետևյալ տվյալները.

1) անունը, ազգանունը և հայրանունը.

2) ծննդյան օրը, ամիսը և տարին.

3) սեռը.

4) Հայաստանի Հանրապետության մինչև 16 տարեկան քաղաքացիների համար ծննդյան վկայականի, իսկ 16 տարին լրացած քաղաքացիների համար անձնագրի սերիան և համարը.

5) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի սերիան և համարը.

6) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող և բնակվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան և համարը.

7) փախստականի կարգավիճակ ունեցողների համար փախստականի վկայականի սերիան և համարը.

8) այն իրավասու մարմնի անվանումը, գտնվելու վայրը, որտեղ ներկայացվել է սոցիալական քարտ ստանալու հայտը (այսուհետ` հայտ).

9) սոցիալական քարտի հատկացման օրը, ամիսը և տարին.

10) մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարին:

2. Պետական կառավարման մարմինների կողմից տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները լիազորված մարմնին տրամադրելու և տեղեկատվական բազան վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սոցիալական քարտ ստանալու համար ներկայացված անհատական տվյալների գաղտնիությունը պաշտպանվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 8.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Քաղաքացիները, սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերում նշված տվյալները` հայտերում լրացնելու միջոցով, ներկայացնում են համապատասխան իրավասու մարմնին, որն այդ տվյալները փոխանցում է լիազորված մարմնին:

2. Իրավասու մարմինների ցանկը, քաղաքացիների կողմից տվյալներ ներկայացնելու և իրավասու մարմինների կողմից քաղաքացիների անհատական տվյալները լիազորված մարմին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սոցիալական քարտ ստանալու համար ներկայացվող տվյալներն անհրաժեշտության դեպքում հաստատվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերում նշված փաստաթղթերով:

 

Հոդված 9.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ ՄԵՐԺԵԼԸ

 

1. Ներկայացված հայտի հիման վրա լիազորված մարմինը, 30 օրվա ընթացքում, տեղեկատվական բազա է մուտքագրում քաղաքացու անհատական տվյալները և`

1) ձևավորում է քաղաքացու սոցիալական քարտի համարը և սոցիալական քարտը փոխանցում է այն մարմնին, որից ստացվել է քաղաքացու հայտը.

2) մերժում է քաղաքացու հայտը` այդ մասին տեղեկացնելով այն մարմնին, որից ստացվել է քաղաքացու հայտը:

2. Սոցիալական քարտ ստանալու հայտը մերժվում է, եթե`

1) քաղաքացուն արդեն հատկացվել է սոցիալական քարտ.

2) հայտը պարունակում է անճշտություններ:

Հայտը մերժելու մասին հայտնվում է գրավոր` նշելով դրա պատճառը և կրկին դիմելու ընթացակարգերը:

3. Քաղաքացին իրավասու մարմնից անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով ստանում է իր սոցիալական քարտը կամ սոցիալական քարտ տալը մերժելու մասին փաստաթուղթը:

4. Քաղաքացուն սոցիալական քարտ հատկացնելու և դրան առնչվող փաստաթղթերը պահպանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10.

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼԸ, ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ

 

1. Տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալները փոփոխվում են`

1) պետական կառավարման համապատասխան մարմնից ստացված` մահացած անձանց վերաբերող տեղեկատվության հիման վրա.

2) քաղաքացու դիմելու դեպքում, եթե բազայում ներառված` քաղաքացու անհատական տվյալներում առկա են անճշտություններ, կամ փոխվել է քաղաքացուն վերաբերող` տեղեկատվական բազայում ներառված որևէ անհատական տվյալ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացուն հատկացվում է նոր սոցիալական քարտ:

3. Քաղաքացուն հատկացվում է սոցիալական քարտի կրկնօրինակ, եթե`

1) կորել է քաղաքացու սոցիալական քարտը.

2) սոցիալական քարտը գործածության համար դարձել է ոչ պիտանի:

4. Տեղեկատվական բազայում ներառված` քաղաքացիների անհատական տվյալներում փոփոխություններ կատարելու, նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 11.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Սոցիալական քարտի համարը կիրառվում է քաղաքացիների անհատական տվյալները մշակելիս`

1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության և ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.

2) հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, ինչպես նաև պարտադիր այլ վճարներ վճարելու ժամանակ.

3) կազմակերպությունների կողմից այն տեղեկատվական բազաները վարելու ժամանակ, որտեղից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործառնություններն իրականացնելու համար օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվություն է տրամադրվում պետական կառավարման մարմիններին.

4) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների թղթային ու ինքնաշխատ տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործառնությունների հաշվառման ու հաշվետվական փաստաթղթերը` սոցիալական քարտ չունեցող անձանց մասով, համարվում են անվավեր, եթե դրանցում նշված չեն սոցիալական քարտերի համարները:

3. Սոցիալական քարտի և սոցիալական քարտի համարի կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սոցիալական քարտը հոգևոր խնդիրներին չի առնչվում և մարդու խղճի ու կրոնական համոզմունքների դեմ չի կարող օգտագործվել:

(11-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-94-Ն)

Ներմուծեք նկարագրությունը_21506 (11 հոդվածի 2-րդ մասի դրույթները` ՀՀ Սահմանադրության 31, 32 (2-րդ մաս) և 37 հոդվածներով ամրագրված իրավունքների իրականացման արգելափակման առումով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին, 2-րդ մասեր), 42, 43 և 48 (կետ 12) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 04.10.06 ՍԴՈ-649 որոշմամբ:)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 12.

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Լիազորված մարմինն իրավունք ունի`

1) իրավասու մարմիններից ստանալ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները.

2) ճշտել տեղեկատվական բազա մուտքագրվող տվյալների հավաստիությունը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ տեղեկատվական բազան վարելու և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները ճշտելու համար:

2. Լիազորված մարմինը պարտավոր է`

1) սույն օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն` ապահովել տեղեկատվական բազայի բնականոն գործունեությունը, իր իրավասության շրջանակներում ընդունել նորմատիվ ակտեր և տալ պարզաբանումներ սոցիալական քարտերի համակարգի աշխատանքների կազմակերպման ու տեղեկատվական բազան վարելու վերաբերյալ.

2) սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում ձևավորել սոցիալական քարտերի համարները, իրավասու մարմիններ փոխանցել քաղաքացիների սոցիալական քարտերը.

3) տեղեկատվական բազայից տվյալներ տրամադրել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

4) քաղաքացու դիմելու դեպքում նրան տրամադրել տեղեկատվական բազայում ներառված` նրա անհատական տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն.

5) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա կամ քաղաքացու դիմելու դեպքում փոփոխություններ կատարել քաղաքացու` տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալներում.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քաղաքացուն տրամադրել նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ:

(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 13.

ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Քաղաքացին իրավունք ունի`

1) ստանալ սոցիալական քարտ.

2) իրավասու մարմիններից անվճար ստանալ սոցիալական քարտ ստանալու հայտի ձևաթուղթ.

3) դիմել լիազորված մարմին` տեղեկատվական բազայում ներառված իր անհատական տվյալներին ծանոթանալու կամ դրանցում փոփոխություններ կատարելու համար ստանալ այդ տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն.

4) դիմել լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ ստանալու համար:

2. Քաղաքացին պարտավոր է`

1) սոցիալական քարտ ստանալու համար դիմելիս համապատասխան իրավասու մարմին ներկայացնել հավաստի տվյալներ և անհրաժեշտ փաստաթղթեր.

2) իր սոցիալական քարտը ներկայացնել այն մարմիններ, որոնց դա անհրաժեշտ է սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները կատարելու համար:

(13-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 14.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 15.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Սոցիալական քարտին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 16.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 17.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքի 11-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հատկացված անհատական քարտերը համարվում են վավեր: Անհատական քարտերը սոցիալական քարտերով փոխանակելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի սեպտեմբերի 24-ի «Անհատական ծածկագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հոկտեմբերի 8
Երևան
ՀՕ-1-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.11.2011, ՀՕ-288-Ն 01.06.2012, ՀՕ-1-Ն
22.12.2010, ՀՕ-263-Ն 31.12.2010, ՀՕ-1-Ն
22.02.2007, ՀՕ-102-Ն 14.04.2007, ՀՕ-1-Ն
23.05.2006, ՀՕ-94-Ն 29.06.2006, ՀՕ-1-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան