Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 48
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.06.2015-10.03.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 19.08.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.06.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2012

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

 ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2012 թվական

          թիվ 48

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման եՎ չեղարկման կարգի վերաբերյալ հիմնադրույթի մասին

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի վերաբերյալ» հիմնադրույթը (կցվում է)։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

- Մաքսային միության հանձնաժողովի՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգման ոլորտում փաստաթղթերի նախագծերի մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 453 որոշման 1-ին կետի 3-րդ պարբերությունը,

- Մաքսային միության հանձնաժողովի՝ «Տեխնիկական կանոնակարգման ոլորտում Մաքսային միության հանձնաժողովի նորմատիվ ակտերի մասին» 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 527 որոշման 2-րդ կետը,

- Մաքսային միության հանձնաժողովի՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի վերաբերյալ» հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 606 որոշումը,

- Մաքսային միության հանձնաժողովի՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի վերաբերյալ» հիմնադրույթում փոփոխություն կատարելու նախագծի մասին» 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 752 որոշումը։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ սույն Որոշման 1-ին կետին համապատասխանեցնել «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող և համապատասխանության գնահատում իրականացնելու (հաստատելու) համար անհրաժեշտ՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի ձևավորման կարգի մասին» հիմնադրույթը, որը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 629 որոշմամբ՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 31-ի թիվ 57 որոշմամբ հաստատված փոփոխությունը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները՝

 

Բելառուսի Հանրապետությունից
Ս. Ռումաս

Ղազախստանի Հանրապետությունից
Կ. Կելիմբետով

Ռուսաստանի Դաշնությունից
Ի. Շուվալով

 

Հավելված
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի
հունիսի 20-ի թիվ 48
որոշման

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի վերաբերյալ

 

1. Սույն Հիմնադրույթը մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) դրույթներն իրականացնելու նպատակով՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի աշխատանքի կանոնակարգին համապատասխան, և դրանով սահմանվում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգը (այսուհետ՝ Կարգ)։

Սույն Կարգի նպատակներով «Կողմեր» ասելով պետք է հասկանալ Մաքսային միության անդամ պետությունների կառավարությունները։

2. Սույն Կարգով նախատեսված ընթացակարգերի մասնակիցներն են.

- տեխնիկական կանոնակարգման մարմինները՝ Կողմերի՝ լիազորություններով օժտված ազգային մարմինները, որոնք իրականացնում և (կամ) համակարգում են տեխնիկական կանոնակարգման աշխատանքները,

- ստանդարտացման մարմինները՝ Կողմերի՝ ստանդարտացման ազգային մարմինները,

- չափումների միասնականության ապահովման բնագավառի մարմինները՝ Կողմերի՝ չափումների միասնականության ապահովման բնագավառում լիազորված մարմինները,

- տեխնիկական կանոնակարգերի նախագծերը մշակողները՝ Կողմերի մարմինները և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները (այսուհետ՝ Հանձնաժողով), որոնք պատասխանատու են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման համար,

- մշակմանը մասնակցող մարմինները՝ Կողմերի մարմինները, որոնք մասնակցում են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մշակմանը և համաձայնեցմանը,

- Եվրասիական տնտեսական հանձնաժողովը,

- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ՝ Հանձնաժողովի կոլեգիա),

- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհուրդ),

- Մաքսային միության անդամ պետությունների շահագրգիռ անձինք։

3. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի նախագծերը (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգեր) մշակվում են սահմանված կարգով հաստատված՝ Արտադրանքի միասնական ցանկում ներառված այն արտադրանքի համար, որի մասով Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանին (ծրագրին, ժամանակացույցին) համապատասխան։

Տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանը (ծրագիրը, ժամանակացույցը) ձևավորվում է Կողմերի կամ Հանձնաժողովի առաջարկների հիման վրա՝ Կողմերի համաձայնեցմամբ, և հաստատվում է Հանձնաժողովի

խորհրդի կողմից։

Տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանի (ծրագրի, ժամանակացույցի) մեջ սահմանվում է տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մշակման համար պատասխանատու Կողմը կամ Հանձնաժողովը։

Տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակվում է՝ հաշվի առնելով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տիպային կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունների դրույթները, որոնք հաստատված են սահմանված կարգով։

4. Տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման համար պատասխանատու Կողմի կողմից սահմանվում է տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման համար պատասխանատու մարմինը։

Տեխնիկական կանոնակարգի մշակման ֆինանսավորումն իրականացնում է տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման համար պատասխանատու Կողմը։

Կողմերի կողմից սահմանվում են տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակմանը մասնակցող մարմինները։

Կողմերը Հանձնաժողով են ներկայացնում Կողմի՝ տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողը հանդիսացող մարմնի և Կողմերի՝ մշակմանը մասնակցող մարմինների մասին տեղեկություններ։

5. Տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումն իրականացնում է Հանձնաժողովը։

6. Տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողը, հաշվի առնելով մշակմանը մասնակցող մարմինների առաջարկները, պատրաստում է տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրությունը, միջազգային, տարածաշրջանային և ազգային (պետական) ստանդարտների, այլ փաստաթղթերի (կանոնների, հրահանգների և առաջարկությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, կանոնների և այլ փաստաթղթերի)), ազգային տեխնիկական կանոնակարգերի պահանջների ցանկը, որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական կանոնակարգի նախագիծը, Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ստանդարտների ցանկերի վերաբերյալ առաջարկները, ինչպես նաև Հանձնաժողովի կոլեգիայի՝ «Տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու կարգի մասին» որոշման նախագիծը։

Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծով սահմանվում են տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու կարգը և (կամ) անցումային դրույթները։

Տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողը, հաշվի առնելով Կողմերի լիազոր մարմինների առաջարկները, կազմավորում է տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման հարցերով աշխատանքային խումբ՝ դրանում ընդգրկելով ստանդարտացման մարմինների, ստանդարտացման, արդյունաբերության և գործարար համայնքի հարցերով մասնագիտացված տեխնիկական կոմիտեների ներկայացուցիչների (այսուհետ՝ Աշխատանքային խումբ)։ Աշխատանքային խմբի կազմավորման և կազմի մասին տեղեկությունները տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողի կողմից ուղարկվում են Կողմերին և Հանձնաժողով։

7. Տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողը տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրության, սույն Կարգի 6-րդ կետի 1-ին պարբերության մեջ նշված փաստաթղթերի, տեխնիկական կանոնակարգի նախագծի բացատրագրի (այսուհետ՝ դրան կից փաստաթղթերի հավաքակազմ) մշակումն ավարտելուց հետո դրանք և տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման մասին ծանուցման նախագիծն ուղարկում է Հանձնաժողով (էլեկտրոնային տարբերակով և թղթային կրիչով)։

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման մասին ծանուցման նախագծի ձևը ներկայացված է 1-ին հավելվածում։

Տեխնիկական կանոնակարգի նախագծի բացատրագրի մեջ նշվում են.

- տեխնիկական կանոնակարգի ընդունման նպատակները,

- տեխնիկական կանոնակարգման օբյեկտների կազմն ու ընդհանուր բնութագիրը,

- ձեռնարկատիրական և այլ գործունեության հիմնական խմբերը, շահագրգիռ այլ անձինք, որոնց շահերին առնչվելու է տեխնիկական կանոնակարգը,

- միջազգային, տարածաշրջանային և ազգային (պետական) այն ստանդարտների, այլ փաստաթղթերի (կանոնների, հրահանգների և առաջարկությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, կանոնների և այլ փաստաթղթերի)), ազգային տեխնիկական կանոնակարգերի ցանկը, որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական կանոնակարգի նախագիծը,

- պահանջները, որոնք տարբերվում են Կողմերի տարածքներում գործող միջազգային, տարածաշրջանային ստանդարտների կամ պարտադիր պահանջների դրույթներից՝ դրանց ներդրման համառոտ հիմնավորմամբ,

- չափումների միասնականության ապահովման բնագավառի պահանջներին տեխնիկական կանոնակարգի նախագծի համապատասխանության մասին տեղեկությունները,

- տեխնիկական կանոնակարգով նախատեսված պահանջների ներդրման ենթադրվող ժամկետը։

Հանձնաժողովը սույն կետում նշված նյութերի ստացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուսումնասիրության համար ուղարկում է Կողմերին։

Հանձնաժողովն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրության և դրան կից փաստաթղթերի հավաքակազմի ուսումնասիրությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման գծով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե) նիստում։

Խորհրդատվական կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով ընդունվում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և դրան կից փաստաթղթերի հավաքակազմի հանրային քննարկման հնարավորության, մեկնարկի ամսաթվի և ժամկետի մասին որոշում, որը ձևակերպվում է արձանագրությամբ։

Անհրաժեշտության դեպքում տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողի կողմից Խորհրդատվական կոմիտեի սահմանած ժամկետում իրականացվում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և դրան կից փաստաթղթերի հավաքակազմի լրամշակում։

8. Հանձնաժողովը հանրային քննարկման նպատակով ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և դրան կից փաստաթղթերի հավաքակազմի առաջին խմբագրության տեղադրումը Հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Տեխնիկական կանոնակարգի նախագծի և դրան կից փաստաթղթերի հավաքակազմի հանրային քննարկման ժամկետը չի կարող պակաս լինել տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման մասին ծանուցումը Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու օրվանից սկսած 60 օրից։ Հանրային քննարկման ավարտի ամսաթիվ է համարվում տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտի մասին ծանուցումը Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու ամսաթիվը։

9. Տեխնիկական կանոնակարգի նախագծին և դրան կից փաստաթղթերի հավաքակազմին առնչվող՝ Մաքսային միության անդամ պետությունների և երրորդ երկրների շահագրգիռ անձանցից ստացված դիտողություններն ու առաջարկները (արձագանքները) ուղարկվում են Հանձնաժողով։

Հանձնաժողովն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծին և դրան կից փաստաթղթերի հավաքակազմին առնչվող ստացված դիտողությունների և առաջարկների (արձագանքների) տեղադրումը Հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ ըստ դրանց ստացման հերթականության։

Տեխնիկական կանոնակարգի նախագծին և դրան կից փաստաթղթերի հավաքակազմին առնչվող դիտողություններն ու առաջարկները (արձագանքները)՝ ըստ ստացման հերթականության, սակայն հանրային քննարկման ավարտից սկսած 10 աշխատանքային օրից ոչ ուշ, Հանձնաժողովի կողմից փոխանցվում են տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողին՝ արձագանքների ամփոփագիր պատրաստելու համար։

10. Հանրային քննարկման ավարտից հետո տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողը կազմում և Հանձնաժողով է ուղարկում տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտի մասին ծանուցման նախագիծը։ Հանձնաժողովն ապահովում է դրա տեղադրումը Հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտի մասին ծանուցման ձևը ներկայացված է 2-րդ հավելվածում։

11. Տեխնիկական կանոնակարգի նախագծին և դրան կից փաստաթղթերի հավաքակազմին առնչվող դիտողություններն ու առաջարկները (արձագանքները) Հանձնաժողովից ստանալու ամսաթվից սկսած 20 աշխատանքային օրվա ընթացքում տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողը 3-րդ հավելվածում սահմանված ձևով կազմում է արձագանքների ամփոփագիրը և ներկայացնում Հանձնաժողով։

Արձագանքների ամփոփագրում ներառված յուրաքանչյուր դիտողության և առաջարկի մասով տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողը նշում է դրա ընդունման մասին տեղեկությունները կամ դրա մերժման հիմնավորումը։

Հանձնաժողովն իրականացնում է հանրային քննարկման ընթացքում ստացված բոլոր դիտողությունները և առաջարկները արձագանքների ամփոփագրում ներառելու գործընթացի հսկողությունը։

Հանձնաժողովն ապահովում է արձագանքների ամփոփագրի տեղադրումը Հանձնաժողովի պաշտոնական կայքում։

12. Տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողը արձագանքների ամփոփագիրը Հանձնաժողով ներկայացնելու ամսաթվից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է տեխնիկական կանոնակարգի նախագիծը և դրան կից փաստաթղթերի հավաքակազմը՝ ըստ հանրային քննարկման ժամանակահատվածում ստացված դիտողությունների և առաջարկների։

Տեխնիկական կանոնակարգի նախագիծը և դրան կից փաստաթղթերի հավաքակազմը լրամշակելիս տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողը, Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխան, ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և դրան կից փաստաթղթերի հավաքակազմի չափագիտական փորձաքննությունն անցկացնելը չափումների միասնականության ապահովման բնագավառի մարմնում կամ չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացություն ներկայացնելը։ Չափագիտական փորձաքննության արդյունքներով ձևակերպվում է համապատասխան եզրակացություն։

Տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողը նաև ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի տեխնիկական խմբագրումն անցկացնելը։

Տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողը տեխնիկական կանոնակարգի լրամշակված նախագիծը՝ դրան կից փաստաթղթերի հավաքակազմի, Աշխատանքային խմբի՝ դրանց ուսումնասիրության համար անցկացված նիստի արձանագրության հետ միասին, ինչպես նաև արձագանքների ամփոփագիրը ներկայացնում է Հանձնաժողով։

Տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողը տեխնիկական կանոնակարգի նախագծի լրամշակումն ավարտելուց հետո Կողմերի ստանդարտացման մարմինների հետ համատեղ սկսում է Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ստանդարտների ցանկերի մշակումը՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից սահմանված կարգով, որով նախատեսվում է նշված ստանդարտների ցանկերի նախագծերի հանրային քննարկման գործընթացի պարտադիր անցկացումը։ Ստանդարտների ցանկերը հաստատվում են Հանձնաժողովի կոլեգիայի կողմից՝ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ։

Հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողի կողմից ներկայացված փաստաթղթերը և ուսումնասիրության համար դրանք ուղարկում Կողմերին։

Կողմերը նշված փաստաթղթերն ստանալու օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում են դրանց ուսումնասիրությունը և դիտողություններն ու առաջարկները ներկայացնելը Հանձնաժողովին։

Տեխնիկական կանոնակարգի նախագծին և դրան կից փաստաթղթերի հավաքակազմին առնչվող՝ Կողմերի դիտողություններն ու առաջարկներն ստանալուց հետո Հանձնաժողովն ապահովում է Կողմերի մարմինների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) կամ բացառման կարգով՝ Կողմերի մարմինների լիազոր ներկայացուցիչների բանակցությունների անցկացումը։

Բանակցությունների արդյունքներով ընդունված որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ, որն ստորագրվում է Կողմերի մարմինների լիազոր ներկայացուցիչների կողմից և 5 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի կողմից ուղարկվում Կողմերին։

13. Բանակցությունների արդյունքներով, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովը, տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողի հետ համատեղ, արձանագրությունն ստորագրելու ամսաթվից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և 4-րդ հավելվածում նշված փաստաթղթերի լրամշակումը։

14. Հանձնաժողովը ներպետական համաձայնեցում անցկացնելու համար ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի ուղարկումը Կողմերին՝ 4-րդ հավելվածում նշված փաստաթղթերի հետ միասին, և դրա տեղադրումը Հանձնաժողովի պաշտոնական կայքում։

15. Տեխնիկական կանոնակարգի նախագծի և 4-րդ հավելվածում նշված փաստաթղթերի ներպետական համաձայնեցումն իրականացվում է Կողմերի կողմից որոշվող կարգով։

Տեխնիկական կանոնակարգի նախագծի և 4-րդ հավելվածում նշված փաստաթղթերի ներպետական համաձայնեցման արդյունքներով Կողմի ընդունած որոշումն ուղարկվում է Հանձնաժողով։

Ի լրումն Կողմի որոշման՝ կարող է ներկայացվել եզրակացություն՝ տեխնիկական կանոնակարգի ընդունման սոցիալ-տնտեսական, ֆինանսական և այլ հետևանքների գնահատման մասին։

16. Կողմերի կողմից ներպետական համաձայնեցման արդյունքներով՝ տեխնիկական կանոնակարգի նախագիծը՝ 4-րդ հավելվածում նշված փաստաթղթերի հետ միասին, ուսումնասիրվում է Խորհրդատվական կոմիտեի նիստում՝ Հանձնաժողովի կոլեգիայի նիստին ուսումնասիրության համար ներկայացվելու նպատակով։

17. Հանձնաժողովն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և 4-րդ հավելվածում նշված փաստաթղթերի իրավաբանական փորձաքննության անցկացումը՝ վերջինիս արդյունքներով խմբագրական բնույթի փոփոխություններ կատարելու իրավունքով, և ապահովում է կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների ուղարկումը Կողմերին։

18. Տեխնիկական կանոնակարգի նախագիծը և 4-րդ հավելվածում նշված փաստաթղթերը, ինչպես նաև Կողմերի միջև տարաձայնությունները, որոնք չեն կարգավորվել բանակցությունների միջոցով, ուսումնասիրվում են Հանձնաժողովի կոլեգիայի կողմից։

19. Կոլեգիայի կողմից ուսումնասիրված տեխնիկական կանոնակարգի նախագիծը՝ 4-րդ հավելվածում նշված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում է Հանձնաժողովի խորհրդի նիստին կամ ուղարկվում լրամշակման։

20. Տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին Հանձնաժողովի խորհրդի որոշումն ընդունվում է Հանձնաժողովի խորհրդի նիստում։

Հանձնաժողովի խորհրդի «Տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» որոշման մեջ սահմանվում է տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու ժամկետ, որը չի կարող լինել տեխնիկական կանոնակարգն ընդունելու օրվանից 180 օրացուցային օրից պակաս:

Տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին Հանձնաժողովի խորհրդի որոշումը, տեխնիկական կանոնակարգի նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը և տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու կարգի մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը տեղադրվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում։

(20-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 28.05.15 թիվ 32)

21. Տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների կատարման մասին որոշումն ընդունվում է Կողմի կամ Հանձնաժողովի առաջարկների հիման վրա՝ Կողմերի հետ համաձայնեցմամբ։

Տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների կատարումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգի մշակման կարգին նույնանման կարգով։

«Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» որոշման մեջ սահմանվում է տեխնիկական կանոնակարգում փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետ, որը չի կարող լինել տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների ընդունման օրվանից 180 օրացուցային օրից պակաս:

(21-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 28.05.15 թիվ 32)

22. Տեխնիկական կանոնակարգը չեղարկելու մասին որոշումն ընդունվում է Կողմի կամ Հանձնաժողովի առաջարկների հիման վրա՝ Կողմերի հետ համաձայնեցմամբ։

Տեխնիկական կանոնակարգի չեղարկումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգի մշակման կարգին նույնանման կարգով։

23. Հանձնաժողովը վարում է տեխնիկական կանոնակարգերի ռեեստրը։ Յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի տրվում է «ՄՄ ՏԿ» հապավումից, հերթական համարից և ընդունման տարեթվից բաղկացած նշում։

Հանձնաժողովն իրականացնում է տեխնիկական կանոնակարգի գործի ձևավորումը և պահպանումը սահմանված կարգով։

 

Հավելված 1

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման մասին

 

1

Նախագծի մշակման համար պատասխանատու Կողմը.

 

2

Կողմի՝ նախագծի մշակման համար պատասխանատու մարմինը (տեխնիկական կանոնակարգը մշակողը).

 

3

Նախագծի անվանումը.

 

4

Տեխնիկական կանոնակարգման օբյեկտը.

 

5

Մշակման նպատակը.

 

6

Մշակման հիմքը.

 

7

Ըստ նախագծի՝ դիտողություններ և առաջարկներ (արձագանքներ) ուղարկելու համար էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսի, ֆաքսի համարները, փոստային հասցեն.

 

8

Հանրային քննարկման ավարտի ենթադրվող ամսաթիվը (Ըստ նախագծի՝ դիտողություններ և առաջարկներ (արձագանքներ) ներկայացնելու վերջնական ամսաթիվը).

 

 

 Ծանուցումը կազմելու ամսաթիվը.  

 

———————————

Կոլեգիայի անդամ՝

տեխնիկական

կանոնակարգման հարցերով

նախարար

———————————

անձնական ստորագրություն

 

 

Կ.Տ.

———————————

ստորագրության վերծանում

 

Հավելված 2

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտի մասին

 

1

Նախագծի մշակման համար պատասխանատու Կողմը

(տեխնիկական կանոնակարգը մշակողը).

 

2

Կողմի՝ նախագծի մշակման համար պատասխանատու

մարմինը.

 

3

Նախագծի անվանումը.

 

4*

Տեխնիկական կանոնակարգման օբյեկտը.

 

5

Նախագծի մշակման ավարտի ենթադրվող ամսաթիվը.

 

 

 Ծանուցումը կազմելու ամսաթիվը.  

 

———————————

Կոլեգիայի անդամ՝

տեխնիկական

կանոնակարգման հարցերով

նախարար

———————————

անձնական ստորագրություն

 

 

Կ.Տ.

———————————

ստորագրության վերծանում

 

* Լրացվում է այն դեպքում, եթե տեխնիկական կանոնակարգման

օբյեկտները փոփոխվել են տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման արդյունքներով։

 

Հավելված 3

 

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նախագծին առնչվող արձագանքների ամփոփագրի ձև

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

—————————————————————————————————————

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նախագծի անվանումը

 

Համարը՝
ը/կ

Տեխնիկական
կանոնակարգի նախագծի կառուցվածքային տարրը

Կազմակերպության
անվանումը, որից ստացվել է արձագանքը (գրության համարը և ամսաթիվը՝ առկայության դեպքում)

Դիտողությունը
և (կամ)
առաջարկը

Տեխնիկական
կանոնակարգը մշակողի եզրակացությունը

1

2

3

4

5

1.

       

2.

       

n…

       

 

Արձագանքների ամփոփագիրը լրացնելու վերաբերյալ առաջարկություններ.

 

1. 2-րդ սյունակում նշվում է հոդվածի, կետի, ենթակետի, հավելվածի համարը։ Արձագանքների ամփոփագիրը կազմվում է ստացված դիտողությունների և առաջարկների հիման վրա՝ հետևյալ հերթականությամբ.

- ըստ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նախագծի՝ ընդհանուր առմամբ,

- ըստ հոդվածների, կետերի, ենթակետերի, հավելվածների՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի շարադրման կարգով։

3. 3-րդ սյունակում նշվում է Մաքսային միության անդամ պետության անվանումը, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետության կամ երրորդ երկրի այն մարմնի, կազմակերպության կամ այլ անձի անվանումը, որը ներկայացրել է դիտողությունները և (կամ) առաջարկները։

4. 4-րդ սյունակում նշվում է յուրաքանչյուր դիտողության կամ առաջարկի բովանդակությունը։ Նպատակահարմար է միատեսակ դիտողությունները խմբավորել արձագանքների ամփոփագրի ընդհանուր դիրքի մեջ՝ թվարկելով նշված դիտողությունները կամ առաջարկները ներկայացրած բոլոր շահագրգիռ մարմինները, կազմակերպությունները և անձանց։

5. 5-րդ սյունակում նշվում են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը մշակողի առաջարկներն ըստ ներկայացված յուրաքանչյուր դիտողության կամ առաջարկի՝ համապատասխան հիմնավորմամբ։

Նպատակահարմար է շահագրգիռ անձանց դիտողությունների և առաջարկների վերաբերյալ առաջարկները կազմել՝ կիրառելով հետևյալ ձևակերպումները.

«Ընդունված է», եթե դիտողությունները և (կամ) առաջարկներն ամբողջությամբ են ընդունվում։

«Ընդունված է մասամբ», եթե դիտողությունները և (կամ) առաջարկներն ամբողջությամբ չեն ընդունվում։ Ընդ որում, անհրաժեշտ է շարադրել դիտողության կամ առաջարկի որևէ մասը մերժելու հիմնավորումը և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նախագծի նոր խմբագրության կետի համարը, որով հաշվի է առնվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նախագծի նախորդ խմբագրությանն առնչվող դիտողությունը կամ առաջարկը։

«Ընդունված է՝ ի գիտություն», եթե մշակողը դիտողությունների և (կամ) առաջարկների հետ համաձայն է, սակայն դրանք Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տվյալ նախագծի հետ անմիջական առնչություն չունեն։

«Մերժված է», եթե դիտողությունները և (կամ) առաջարկները չեն ընդունվում։ Այնուհետև շարադրվում են դիտողությունները և (կամ) առաջարկները մերժելու հիմնավորումները։

 

Հավելված 4

 

Ցանկ

 

փաստաթղթերի՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար

 

1. Տեխնիկական կանոնակարգի նախագիծ։

2. Տեխնիկական կանոնակարգի նախագծի բացատրագիր։

3. Տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ արձագանքների ամփոփագիր։

4. Տեխնիկական կանոնակարգի նախագծի չափագիտական փորձաքննության արդյունքների հիման վրա եզրակացություն կամ եզրակացություն այն մասին, որ չափագիտական փորձաքննություն չի պահանջվում։

5. «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նախագծի մասին» Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծ։

6. «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու կարգի մասին» Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծ։

7. «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծ։

(հավելվածը լրաց. ԵՏՀԽ 28.05.15 թիվ 32)

 

Հրապարակվել է կայքում 19 օգոստոսի 2015 թվական: