Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28124/02/20

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28124/02/20

Նախագահող դատավոր՝  Ն. Մարգարյան

Դատավորներ՝

 Կ. Համբարձումյան

 Հ. Ենոքյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

 

2022 թվականի հունիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ամատունի Վիրաբյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարի՝ 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ամատունի Վիրաբյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարի 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ՝ Դատարան) 15.01.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է, վճռվել է՝ անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը և Ամատունի Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.06.2021 թվականի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.01.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ամատունի Վիրաբյանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Գրիգորյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, և սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 

Ամատունի Վիրաբյան հետ 27.11.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 7.1 կետով սահմանված է եղել դրա գործողության հնգամյա ժամկետ, այսինքն՝ մինչև 27.11.2020 թվականը ներառյալ: Այս գործով վճիռը կայացվել է 15.01.2021 թվականին, որպիսի պահի դրությամբ լրացած է եղել նշված աշխատանքային պայմանագրի ժամկետը, բայց Վերաքննիչ դատարանն անտեսել է այդ փաստը և կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը՝ հայցվորին վերականգնելով նախկին աշխատանում: Նման պայմաններում պետք է կիրառվեր նշված հոդվածի 2-րդ մասը:

Վերաքննիչ դատարանն, ըստ էության, չի անդրադարձել նշված հիմնավորումներին՝ այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերը հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների կապակցությամբ դիրքորոշում Դատարանում չի ներկայացրել: Անդրադառնալով նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորության հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով արտահայտված իրավական դիրքորոշումների՝ սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի լինելու մասին հիմնավորմանը, Վերաքննիչ դատարանը նշել է, որ տարբեր են այդ գործի և սույն գործի փաստերը: Մասնավորապես, նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը վերաբերելի է որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերին, մինչդեռ այս գործի փաստերից հետևում է, որ ի սկզբանե 1 տարի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրից ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի 19.02.2016 թվականի թիվ 169-Ա հրամանի հիմքով հանվել են «1 (մեկ) տարի ժամկետով» բառերը, այսինքն՝ աշխատանքային իրավահարաբերությունները շարունակվել են անորոշ ժամկետով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 14.10.2020 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանի 12-րդ էջում նշվել է պահանջը՝ հայցվորի հայցն ամբողջությամբ մերժելու մասին, ինչն իր մեջ ներառել է նաև նախկին աշխատանքում վերականգնելու պահանջ:

Ինչ վերաբերում է հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին դիրքորոշում չհայտնելուն, ապա կիրառելի իրավական նորմերի վերաբերյալ դիրքորոշում չհայտնելը չի կարող հանգեցնել բացասական հետևանքի, քանի որ գործի փաստերի նկատմամբ կիրառելի իրավական նորմերի շրջանակը որոշելը գործը քննող դատարանի բացառիկ լիազորությունն է: Ուստի անկախ այդ հանգամանքից՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է կիրառվեր:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 27.11.2015 թվականի թիվ 1238-Ա հրամանի բովանդակությունից պարզ է, որ այն ընդունվել է ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 224-Ն որոշման թիվ 1 հավելվածի 14-րդ կետի և թիվ 2 հավելվածի, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 18.04.2015 թվականի թիվ 350-Ն հրամանով հաստատված թիվ 1 հավելվածի 100-րդ կետի հիմքով։ Հետևաբար` պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 224-Ն որոշման հավելված 2-ով սահմանված օրինակելի ձևին համապատասխան և առավելագույնը 5 տարի ժամկետով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.06.2021 թվականի որոշումը և փոփոխել այն:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Դատական ողջ գործընթացում պատասխանողը զրկված չի եղել իր դիրքորոշումները հայտնելու հնարավորությունից և մշտապես մասնակցել է դատական նիստերին, այդ թվում՝ ապացուցման բեռի բաշխման ընթացքին, սակայն Դատարանին չի հայտնել աշխատանքի վերականգնման իբրև անհնարինության մասին այն դեպքում, երբ նման հնարավորություն ուներ:

Բողոք բերած անձի վկայակոչած՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող վերաբերելի լինել սույն գործին, քանի որ այդ գործի փաստական հանգամանքները այլ են եղել՝ սույն գործից էապես տարբերվող, մասնավորապես՝ այն դեպքում գործատուն հանդիսացել է տնտեսվարող իրավաբանական անձ, որը աշխատանքային պայմանագիր կնքելու կամ աշխատանքային հարաբերությունները շարունակելու այլ օրենսդրական ռեժիմ ունի, իսկ այս դեպքում գործատուն պետական մարմին է, որի պարագայում աշխատանքային հարաբերությունները շարունակելու կամ նոր պայմանագիր կնքելու ընթացակարգը նախատեսված է կառավարության որոշմամբ, ինչը և էական է հարցի լուծման համար ու նույնաբովանդակ չի կարող լինել, հետևաբար Դատարանը չէր կարող կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը 27.11.2015 թվականի «Ամատունի Սասունիկի Վիրաբյանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին» թիվ 1238-Ա հրամանով Ամատունի Վիրաբյանին նշանակել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում՝ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 1(մեկ) տարի ժամկետով: Ի թիվս այլնի, հրամանի հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 224-Ն որոշման թիվ 1 հավելվածի 14-րդ կետը և թիվ 2 հավելվածը (հատոր 1, գ.թ. 62),

2) Գործատուի՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, և ՀՀ ՏԿԱԻՆ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ամատունի Վիրաբյանի միջև 27.11.2015 թվականին կնքվել է «Հայաստանի Ազգային Արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքվող աշխատանքային պայմանագիր (այսուհետ՝ Աշխատանքային պայմանագիր) (հատոր 1, գ.թ. 63-67),

3) ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի 19.02.2016 թվականի թիվ 169-Ա հրամանով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 27.11.2015 թվականի «Ամատունի Սասունիկի Վիրաբյանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին» թիվ 1238-Ա հրամանի 1-ին կետից հանվել են «1 (մեկ) տարի ժամկետով» բառերը (հատոր 1, գ.թ. 68),

4) ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են և լուծվել է նրա հետ 27.11.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով սահմանված հիմքով (հատոր 1, գ.թ. 21),

5) Դիմելով դատարան՝ Ամատունի Վիրաբյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարի 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը (հատոր 1, գ.թ. 5-16),

6) 23.11.2020 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատարանը գործին մասնակցող անձանց միջև բաշխել է ապացուցման պարտականությունը և սահմանել, որ պատասխանողի կողմից ապացուցման ենթակա փաստերն են՝ 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանի իրավաչափությունը, մասնավորապես, որ այն կայացվել է օրենքով սահմանված պայմանների պահպանմամբ, հիմքում ընկած հանգամանքները, այդ գործողությունների կատարման օրենքով սահմանված ժամկետները պահպանված լինելը, հայցվորի մեղքը (հատոր 2, գ.թ. 15-17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի 22.06.2021 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով 20.07.2017 թվականի որոշմամբ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին՝ արդյո՞ք վերաքննիչ բողոքը չի կարող քննվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում այն հիմնավորմամբ, որ կողմը բողոքում շոշափվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում, եթե բողոքը ներկայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից գործի փաստերի նկատմամբ կիրառելի իրավական կարգավորումները սխալ որոշված լինելու հիմքով։

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ներկայացվել է հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասով վերաքննիչ բողոքը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների դեմ, Վճռաբեկ դատարանը, առաջնորդվելով դատական ակտը վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, քննարկման առարկա է դարձնում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների իրավաչափությունը միայն այդ պահանջին վերաբերող մասով:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ սահմանադրական դատարանը 06.12.2011 թվականի թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի1 սահմանադրականության գնահատմանը սահմանափակ վերաքննության ինստիտուտի առանձնահատկությունների տեսանկյունից և արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը պետք է դիտարկել նույն օրենսգրքով սահմանված` կողմերի դատավարական պարտականությունների, ինչպես նաև վերաքննիչ բողոքի հիմքերի՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման հասկացության համատեքստում: Սահմանադրական դատարանը, մասնավորապես նշել է, որ վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող նորմատիվ պահանջները համահունչ են բողոք ներկայացնող կողմի դատավարական իրավունքներին ու պարտականություններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումում կարող են նշվել վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածը սահմանում է նաև հայցադիմումի պատասխանին ներկայացվող պահանջները, ըստ որի հայցադիմումի պատասխանը, ի թիվս այլնի, պետք է պարունակի հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պատասխանում կարող են նշվել վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը:

Շարադրվածից բխում է, որ օրենսդիրը, հայցվորի համար սահմանելով հայցապահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողի համար՝ հայցադիմումի պատասխանում այդ փաստերի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու պարտադիր կանոն, միաժամանակ վերջիններիս համար հայցադիմումում և դրա պատասխանում վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը ներառելու առումով դրանք նախատեսել է որպես իրավունք: Հետևաբար` վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը վկայակոչելու և այդ կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու պարտականություն կողմերի համար օրենսգրքով սահմանված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերը:

Նույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի վերլուծություն՝ կիրառելի իրավունքի վերաբերյալ՝ միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումների վկայակոչմամբ, որոնք առաջին ատյանի դատարանը կիրառելի է համարում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու՝ որպես քաղաքացիական դատավարության ինքնուրույն փուլի բովանդակությունը կազմում են գործի հարուցման փուլի ավարտից հետո գործի քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով դատարանի և գործին մասնակցող անձանց կողմից իրականացվող նախապատրաստական բնույթի գործողությունները (տե՛ս, Գագիկ Խաչատրյանն ընդդեմ Իսակ Դիլանչյանի, Անահիտ Բաբայանի, Հռիփսիմե Ավետիսյանի, Հասմիկ Մելիքյանի և Վիկտորյա Հովսեփյանի թիվ ԵԿԴ/4715/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): Մասնավորապես, գործը դատաքննության նախապատրաստելու փուլում դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը, որոնց վերաբերյալ վերջնական եզրահանգումները պետք է արտացոլվեն կայացվող դատական ակտում: Ըստ այդմ, դատարանը կրում է պարտականություն՝ ճիշտ ընտրելու կիրառելի իրավունքը` անկախ դրա վերաբերյալ կողմերի դիրքորոշումից: Դատարանը կաշկանդված չէ կողմերի` վիճելի իրավահարաբերության որակման և դրա նկատմամբ կիրառելի նորմերի վերաբերյալ դիրքորոշումներով: Դատարանի խնդիրն է, ի թիվս այլնի, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը և դրա նկատմամբ կիրառելի իրավանորմ(եր)ը:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմք հանդիսացող նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման հասկացությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հետևյալ դրսևորումները՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, այն է՝ դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Վերոգրյալից բխում է, որ կիրառելի իրավունքի սխալ ընտրության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ուղղված են համապատասխան իրավունքի նորմի խախտման՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը հիմնավորելուն: Ուստի, դրանք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում», որը կարող է արտահայտվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ և կանխորոշված է դատավարության կողմերի իրավունքների և պարտականությունների ծավալով:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Տվյալ դեպքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքով Դատարանին վերագրվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի խախտում՝ այն հիմնավորմամբ, որ Դատարանը կիրառել է նշված հոդվածի 1-ին մասը՝ նույն հոդվածի 2-րդ մասի փոխարեն, ինչի հետևանքով հայցվորին վերականգնել է նախկին աշխատանքում՝ անտեսելով, որ գործի քննության ժամանակ լրացել է որոշակի ժամկետով կնքված Աշխատանքայի պայմանագրի գործողության ժամկետը, իսկ գործատուին չի կարող պարտադրվել կնքել աշխատանքային նոր պայմանագիր:

Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքի նշված հիմնավորումը՝ այն պատճառաբանությամբ, որ «պատասխանողը որևէ առարկություն չի ներկայացրել նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին հայցվորի կողմից ներկայացված պահանջի վերաբերյալ», իսկ «բողոքում չեն բերվել հիմնավորումներ այդ հարցի վերաբերյալ դատարանում գործի քննության ժամանակ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ»:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 15.01.2021 թվականի վճռի դեմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքով վիճարկվել է Դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի փոխարեն նույն հոդվածի 1-ին մասը կիրառելու իրավաչափությունը: Այսինքն՝ վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները վերաբերել են Դատարանի կողմից վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերին, որի մասին բողոքաբերը կարող էր դիրքորոշում արտահայտել բացառապես վճռի կայացումից հետո՝ դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո և վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու շրջանակներում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի վկայակոչմամբ չքննարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի փոխարեն նույն հոդվածի 1-ին մասը կիրառելու կապակցությամբ վերաքննիչ բողոքի հիմնավորումը՝ այդ հարցի կապակցությամբ Դատարանում դիրքորոշում արտահայտած չլինելու պատճառաբանությամբ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշված օրենսդրական սահմանափակումը կիրառելի չէ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի հիմնավորումները վերաբերում են վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը որոշելու հետ կապված ենթադրյալ թույլ տրված դատավարական կամ նյութական իրավունքի նորմի խախտմամբ։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 23.11.2020 թվականին գործին մասնակցող անձանց միջև բաշխելով ապացուցման պարտականությունը՝ Դատարանը պատասխանողի վրա չի դրել աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորության առկայությունն ապացուցելու պարտականություն, հետևաբար վերջինս այդ մասով դիրքորոշում չի հայտնել և չէր էլ կարող կանխատեսել դիրքորոշում չհայտնելու դեպքում վերաքննության վարույթում իր համար բացասական հետևանքներ առաջանալը: Ավելին, հնարավոր է, որ գործատուի մոտ գործել է այն կանխավարկածը, որ եթե պայմանագրի ժամկետը լրացել է, ուստի որևէ պարագայում աշխատողը չի կարող վերականգնվել նախկին աշխատանքում։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչի հետևանքով չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտը վերանայելու հնարավորությունը՝ այդկերպ խախտելով բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը խախտելու հետևանքով Վերաքննիչ դատարանը չի քննարկել Աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կքնված լինելու և գործողության ժամկետը լրացած լինելու հիմքով նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության վերաբերյալ վերաքննիչ բողոքում բերված հիմնավորումները, ինչի հետևանքով չէր կարող իրավաչափ եզրահանգման գալ թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշման մեջ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ արտահայտած դիրքորոշումները սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի լինելու կամ չլինելու մասին: Վկայակոչված քաղաքացիական գործի շրջանակներում աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված հնարավորության հարցը Վճռաբեկ դատարանի կողմից քննարկվել է որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հարաբերակցությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «նշված հոդվածով օրենսդիրը, անդրադառնալով աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերին, կարգավորել է աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողների խախտված իրավունքների վերականգման դեպքերը` առանձնացնելով երկու խումբ իրավիճակներ.

1. աշխատողը վերականգնվում է իր նախկին աշխատանքում` ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ,

2. աշխատողը չի վերականգնվում նախկին աշխատանքում` ստանալով հատուցումներ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց:

Վերոնշյալ երկրորդ իրավիճակը հնարավոր է հետևյալ դեպքերում.

1. Առկա են տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներ: Մասնավորապես, նման իրավիճակ հնարավոր է այն դեպքում, երբ գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է աշխատողը, և առկա չէ աշխատողի մաuնագիտական պատրաuտվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատաuխան այլ աշխատանք (տե՛ս, օրինակ, Անաստաս Գիշյանը, Նորայր Եղիկյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0605/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշումը):

2. Գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունները վերականգնելն անհնարին է այլ պատճառներով: Ընդ որում, նշված հիմքի կիրառման համար օրենսդիրը կոնկրետ դեպքեր չի նախատեսել` հնարավորություն տալով դատարաններին յուրաքանչյուր դեպքում գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատել աշխատանքում աշխատողի վերականգնման անհնարինությունը»:

Շարադրված դիրքորոշման հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քանի դեռ քննարկման առարկա չի դարձել Աշխատանքային պայմանագրի տեսակը, չի կարող պարզվել հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորության հարցը, ուստի նաև՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառելիությունը:

Քանի որ ո՛չ Դատարանում գործի քննության ընթացքում և ո՛չ Վերաքննիչ դատարանում բողոքի քննության շրջանակներում Աշխատանքային պայմանագրի տեսակը չի քննարկվել՝ չնայած հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորությունը պարզելու և այդ պահանջի իրավաչափությունը գնահատելու հարցում այդ փաստի ունեցած էական նշանակության, Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքում նշված հիմնավորումների գնահատմանը:

Նկատի ունենալով, որ Դատարանը չի քննարկել հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան հատուցում վճարելու հարցը, իսկ այդ կապակցությամբ վերաքննիչ բողոքում ներկայացված հիմնավորումները Վերաքննիչ դատարանի կողմից չեն գնահատվել, և վճռաբեկ բողոք ներկայացվել է այդ պահանջներին վերաբերող մասերով միայն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասերով, բեկանելու և այդ մասերով գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմքը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշումը՝ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասերով, և գործն այդ մասերով ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.01.2021 թվականի վճիռը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու մասը անփոփոխ թողնելու մասով՝ թողնել օրինական ուժի մեջ:

3. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

__________________________________________

1 Թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի («Վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից») սահմանադրաիրավական բովանդակությունը վերաբերելի է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության 09.02.2018 թվականի օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասին, քանի որ նշված իրավանորմերն ունեն համանման բովանդակություն։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28124/02/20

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28124/02/20

Նախագահող դատավոր՝  Ն. Մարգարյան

Դատավորներ՝

 Կ. Համբարձումյան

 Հ. Ենոքյան

 

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/28124/02/20 քաղաքացիական գործով 29․06․2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

 «29» հունիսի 2022թ.

  ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 29062022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ամատունի Վիրաբյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարի` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշումը և գործն ամբողջ ծավալով ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս և Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ամատունի Վիրաբյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարի 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ՝ Դատարան) 15.01.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է, վճռվել է՝ անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը և Ամատունի Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.06.2021 թվականի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.01.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ամատունի Վիրաբյանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Գրիգորյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, և սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 

Ամատունի Վիրաբյան հետ 27.11.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 7.1 կետով սահմանված է եղել դրա գործողության հնգամյա ժամկետ, այսինքն՝ մինչև 27.11.2020 թվականը ներառյալ: Այս գործով վճիռը կայացվել է 15.01.2021 թվականին, որպիսի պահի դրությամբ լրացած է եղել նշված աշխատանքային պայմանագրի ժամկետը, բայց Վերաքննիչ դատարանն անտեսել է այդ փաստը և կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը՝ հայցվորին վերականգնելով նախկին աշխատանում: Նման պայմաններում պետք է կիրառվեր նշված հոդվածի 2-րդ մասը:

Վերաքննիչ դատարանն, ըստ էության, չի անդրադարձել նշված հիմնավորումներին՝ այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերը հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների կապակցությամբ դիրքորոշում Դատարանում չի ներկայացրել: Անդրադառնալով նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորության հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով արտահայտված իրավական դիրքորոշումների՝ սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի լինելու մասին հիմնավորմանը, Վերաքննիչ դատարանը նշել է, որ տարբեր են այդ գործի և սույն գործի փաստերը: Մասնավորապես, նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը վերաբերելի է որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերին, մինչդեռ այս գործի փաստերից հետևում է, որ ի սկզբանե 1 տարի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրից ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի 19.02.2016 թվականի թիվ 169-Ա հրամանի հիմքով հանվել են «1 (մեկ) տարի ժամկետով» բառերը, այսինքն՝ աշխատանքային իրավահարաբերությունները շարունակվել են անորոշ ժամկետով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 14.10.2020 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանի 12-րդ էջում նշվել է պահանջը՝ հայցվորի հայցն ամբողջությամբ մերժելու մասին, ինչն իր մեջ ներառել է նաև նախկին աշխատանքում վերականգնելու պահանջ:

Ինչ վերաբերում է հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին դիրքորոշում չհայտնելուն, ապա կիրառելի իրավական նորմերի վերաբերյալ դիրքորոշում չհայտնելը չի կարող հանգեցնել բացասական հետևանքի, քանի որ գործի փաստերի նկատմամբ կիրառելի իրավական նորմերի շրջանակը որոշելը գործը քննող դատարանի բացառիկ լիազորությունն է: Ուստի անկախ այդ հանգամանքից՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է կիրառվեր:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 27.11.2015 թվականի թիվ 1238-Ա հրամանի բովանդակությունից պարզ է, որ այն ընդունվել է ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 224-Ն որոշման թիվ 1 հավելվածի 14-րդ կետի և թիվ 2 հավելվածի, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 18.04.2015 թվականի թիվ 350-Ն հրամանով հաստատված թիվ 1 հավելվածի 100-րդ կետի հիմքով։ Հետևաբար` պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 224-Ն որոշման հավելված 2-ով սահմանված օրինակելի ձևին համապատասխան և առավելագույնը 5 տարի ժամկետով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.06.2021 թվականի որոշումը և փոփոխել այն:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Դատական ողջ գործընթացում պատասխանողը զրկված չի եղել իր դիրքորոշումները հայտնելու հնարավորությունից և մշտապես մասնակցել է դատական նիստերին, այդ թվում՝ ապացուցման բեռի բաշխման ընթացքին, սակայն Դատարանին չի հայտնել աշխատանքի վերականգնման իբրև անհնարինության մասին այն դեպքում, երբ նման հնարավորություն ուներ:

Բողոք բերած անձի վկայակոչած՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող վերաբերելի լինել սույն գործին, քանի որ այդ գործի փաստական հանգամանքները այլ են եղել՝ սույն գործից էապես տարբերվող, մասնավորապես՝ այն դեպքում գործատուն հանդիսացել է տնտեսվարող իրավաբանական անձ, որը աշխատանքային պայմանագիր կնքելու կամ աշխատանքային հարաբերությունները շարունակելու այլ օրենսդրական ռեժիմ ունի, իսկ այս դեպքում գործատուն պետական մարմին է, որի պարագայում աշխատանքային հարաբերությունները շարունակելու կամ նոր պայմանագիր կնքելու ընթացակարգը նախատեսված է կառավարության որոշմամբ, ինչը և էական է հարցի լուծման համար ու նույնաբովանդակ չի կարող լինել, հետևաբար Դատարանը չէր կարող կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի՝ 27.11.2015 թվականի թիվ 1238-Ա հրամանի համաձայն` Ամատունի Սասունիկի Վիրաբյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում` նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 1 (մեկ) տարի ժամկետով (հատոր 1, գ.թ. 62):

2) Գործատուն, ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և տնօրեն ՀՀ ՏԿԱԻՆ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Սասունիկի Վիրաբյանի միջև 27.11.2015 թվականին կնքվել է «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ գործադիր մարմնի հետ կնքվող աշխատանքային պայմանագիր:

Պայմանագրի 1.1. կետի համաձայն` Պայմանագրով գործատուն կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը հանձնում է տնօրենին, իսկ տնօրենը պարտավորվում է բարեխղճորեն և խելամտորեն կատարել կազմակերպության գործադիր մարմնի գործառույթները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին, կազմակերպության կանոնադրությանը, պայմանագրին համապատասխան, ի շահ կազմակերպության:

Պայմանագրի 6.1. կետի համաձայն`Պայմանագիրը լուծվում է, եթե` /…/

ժէ) կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի վճարներն իր մեղքով`սահմանված ժամկետից հետո հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել (հատոր 1, գ.թ. 63-70):

3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի 19.02.2016 թվականի թիվ 169-Ա հրամանի համաձայն` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի նոյեմբերի 27-ի «Ամատունի Սասունիկի Վիրաբյանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին» թիվ 1238-Ա հրամանի 1-ին կետից հանել «1 (մեկ) տարի ժամկետով» բառերը (հատոր 1, գ.թ. 68):

4) Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի` 20.09.2018 թվականի թիվ 3001199 հանձնարարագրի՝ 02.10.2018 թվականից մինչև 30.10.2018 թվականը «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում իրականացվել է համալիր հարկային ստուգում, որի արդյունքում 15.11.2018 թվականին կազմվել է թիվ 3001199 ակտը (հատոր 1, գ.թ. 71-78):

5) ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի՝ 24.12.2018 թվականի թիվ 025035/20 որոշմամբ պարզվել է` «Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության 15.11.2018 թվականի թիվ 3001199 ակտի «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը` հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որն առաջացրել է հարկի նվազեցում»: ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի՝ 24.12.2018 թվականի թիվ 025035/20 որոշման համաձայն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 1-ին մասի` Ամատունի Վիրաբյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ` նշանակվել է տուգանք 15.000 դրամի չափով (հատոր 1, գ.թ. 79):

6) ՀՀ ֆինանսների նախարարի՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի՝ 16.01.2019 թվականի թիվ 01/24.1/232-19 գրությանն ի պատասխան ուղարկված գրության 2-րդ և 3-րդ պարբերությամբ հայտնվել է. /…/ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի մոտ առաջացած ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով հարկային պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 800,341.4 հազար դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: /…/ շահութահարկի մասով հարկային պարտավորությունները (այդ թվում՝ տույժերը և տուգանքները) առաջացել են իրացումից հասույթը պակաս ցույց տալու, ամորտիզացիոն մասհանումների և չփոխհատուցվող հարկերի հետ կապված ծախսերը ավել ցույց տալու արդյունքում, որոնք կապված չեն պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաների և դրամաշնորհների մասով ԱԱՀ-ի գումարներ չնախատեսելու հետ /…/: Առաջարկվել է Նախագծում ճշտել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հարկային պարտավորության գծով հատկացվող գումարի չափը և ներկայացնել Նախագծի լրամշակված տարբերակը (հատոր 1, գ.թ. 58-59):

7) «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից հարցում է կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե` 27.08.2020 թվականի թիվ 01/28.1/19445-2020 գրությամբ (հատոր 1, գ.թ. 69-70):

8) Նշված գրությանն ի պատասխան 02.09.2020 թվականին ստացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի թիվ 01/4-5/56850-2020 գրությունն առ այն, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի գծով վերը նշված գրությամբ ներկայացված հարցադրումների վերաբերյալ հայտնվել է հետևյալը.

1. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում 18.07.2008 թվականին, 07.10.2009 թվականին, 08.11.2010 թվականին, 21.12.2011 թվականին և 15.11.2018 թվականին իրականացվել են համալիր հարկային ստուգումներ (բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ),

2. Վերջին համալիր հարկային ստուգումն իրականացվել է 15.11.2018 թվականին, որի ստուգվող ժամանակաշրջանը ներառել է 01.10.2011 թվականից մինչև 31.07.2018 թվականն ընկած ժամանակահատվածը,

3. 15.11.2018 թվականին կազմված թիվ 3001199 ստուգման ակտով արձանագրվել է 742,413,614 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից հարկի գումար` 345,449,204 ՀՀ դրամ, տույժ` 152,689,870 ՀՀ դրամ, տուգանք` 244,274,540 ՀՀ դրամ։

4. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի նկատմամբ ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից 24.12.2018թ-ին կայացված թիվ 025035/20 որոշմամբ, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 1-ին մասի, կիրառվել է վարչական տույժ` նշանակվել է տուգանք 15.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1, գ.թ. 80-81):

9) Կառավարության՝ 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1007-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության` 2002 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1406-Ն որոշման մեջ, որով ՊՈԱԿ-ի նկատմամբ լիազոր մարմնի լիազորությունները փոխանցվել են արդարադատության նախարարությանը:

10) ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության 07.09.2020 թվականի թիվ 28.1/20270-2020 գրությամբ` ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին առաջարկվել է դադարեցնել Գործադիր մարմնի պաշտոնում «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները (հատոր 1, գ.թ. 56-57):

11) ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանի համաձայն` «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ամատունի Սասունիկի Վիրաբյանի լիազորությունները դադարեցնել և լուծել նրա հետ 27.11.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով սահմանված հիմքով (հատոր 1, գ.թ. 21):

 

4. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործը հարուցվել է Ամատունի Վիրաբյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում՝ որպես «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Դատարանը 15.01.2021 թվականի վճռով հայցը բավարարել է, անվավեր է ճանաչել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը և վերականգնել է Ամատունի Վիրաբյանին Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:

Վերաքննիչ դատարանը 22.06.2021 թվականի որոշմամբ մերժել է ՀՀ արդարադատության նախարարի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Դատարանի 15.01.2021 թվականի վճիռը:

Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.06.2021 թվականի որոշումը և գործն ամբողջ ծավալով ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, այն պատճառաբանությամբ, որ «(…) Դատարանի 15.01.2021 թվականի վճռի դեմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքով վիճարկվել է Դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի փոխարեն նույն հոդվածի 1-ին մասը կիրառելու իրավաչափությունը: Այսինքն՝ վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները վերաբերել են Դատարանի կողմից վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերին, որի մասին բողոքաբերը կարող էր դիրքորոշում արտահայտել բացառապես վճռի կայացումից հետո՝ դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո և վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու շրջանակներում։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի վկայակոչմամբ չքննարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի փոխարեն նույն հոդվածի 1-ին մասը կիրառելու կապակցությամբ վերաքննիչ բողոքի հիմնավորումը՝ այդ հարցի կապակցությամբ Դատարանում դիրքորոշում արտահայտած չլինելու պատճառաբանությամբ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշված օրենսդրական սահմանափակումը կիրառելի չէ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի հիմնավորումները վերաբերում են վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը որոշելու հետ կապված ենթադրյալ թույլ տրված դատավարական կամ նյութական իրավունքի նորմի խախտմամբ։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 23.11.2020 թվականին գործին մասնակցող անձանց միջև բաշխելով ապացուցման պարտականությունը՝ Դատարանը պատասխանողի վրա չի դրել աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորության առկայությունն ապացուցելու պարտականություն, հետևաբար վերջինս այդ մասով դիրքորոշում չի հայտնել և չէր էլ կարող կանխատեսել դիրքորոշում չհայտնելու դեպքում վերաքննության վարույթում իր համար բացասական հետևանքներ առաջանալը: Ավելին, հնարավոր է, որ գործատուի մոտ գործել է այն կանխավարկածը, որ եթե պայմանագրի ժամկետը լրացել է, ուստի որևէ պարագայում աշխատողը չի կարող վերականգնվել նախկին աշխատանքում։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչի հետևանքով չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտը վերանայելու հնարավորությունը՝ այդկերպ խախտելով բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքը: (…) Քանի դեռ քննարկման առարկա չի դարձել աշխատանքային պայմանագրի տեսակը, չի կարող պարզվել հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորության հարցը, ուստի նաև՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառելիությունը: Նկատի ունենալով, որ ո՛չ Դատարանում գործի քննության ընթացքում և ո՛չ Վերաքննիչ դատարանում բողոքի քննության շրջանակներում Աշխատանքային պայմանագրի տեսակը չի քննարկվել՝ չնայած հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորությունը պարզելու և այդ պահանջի իրավաչափությունը գնահատելու հարցում այդ փաստի ունեցած էական նշանակության, Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում դրան անդրադառնալ: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է Վերաքննիչ դատարանի 22.06.2021 թվականի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված լիազորությունը կիրառելու հիմքը՝ հաշվի առնելով սույն որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշումները»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս և Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Նախ, անհրաժեշտ ենք համարում կրկին անդրադառնալ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի իրավաչափությանը:

ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը:

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Համանման կարգավորում է նախատեսվել նաև «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, որի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր կայացրած դատական ակտերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը:

Վերահաստատելով Վճռաբեկ դատարանի 26.01.2022 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու» որոշման դեմ մեր կողմից հայտնած հատուկ կարծիքում արձանագրված մեր դիրքորոշումը՝ գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր ստուգել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը՝ անդրադառնալով վճռաբեկ բողոքում վկայակոչված իրավակարգավորումներում ամրագրված պայմաններին, որից հետո միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու եզրահանգում կատարեր:

Բողոք բերած անձի պնդմամբ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասն առհասարակ չի կիրառվել այն դեպքում, երբ նշված նորմը պետք է կիրառվեր: Տվյալ դեպքում, նշվածը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով հանդիսանում է նյութական իրավունքի նորմի խախտում, որի հետևանքով արդարադատության բուն էության խաթարումն օրենսդիրը նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, որպիսինը, սակայն, սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը չի պարունակում:

Վճռաբեկ բողոք ներկայացրած անձի պնդմամբ Վերաքննիչ դատարանը նույնպես առհասարակ չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, այդուհանդերձ վերջինս փաստարկել է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք: Նշված փաստարկի ուժով հենց անվիճելի է դառնում, որ սույն պարագայում բացակայում է այն ելակետային մեկնաբանությունը, որի հետ համեմատելով հնարավոր կլինի եզրահանգում կատարել այն մասին, որ թիվ ՎԴ1/0007/05/17 քաղաքացիական գործով 12.07.2018 թվականին կայացված վճռում ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը չի կիրառել հակասող մեկնաբանությամբ։ Այլ կերպ ասած, քանի դեռ գոյություն չունի կոնկրետ իրավանորմի որևէ (ելակետային) մեկնաբանություն, հնարավոր չէ փաստել, որ նույն իրավանորմի վերաբերյալ մեկ այլ մեկնաբանությունը հակասում է արդեն իսկ առկա մեկնաբանությունը։ Իսկ տվյալ դեպքում, ինչպես նշվեց, բացակայում է Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ այն ելակետային մեկնաբանությունը, որի հետ համեմատելու արդյունքում Վճռաբեկ դատարանի մոտ համոզմունք կձևավորվեր առ այն, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը չի կիրառել այդ մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ և հիմք կհանդիսանար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որոշում կայացնելու համար։

Ավելին, բողոք բերող անձի կողմից վկայակոչված թիվ ՎԴ1/0007/05/17 քաղաքացիական գործով 12.07.2018 թվականին կայացված վճռում ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը որևէ կերպ չի մեկնաբանել:

Միևնույն ժամանակ, թեև բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում վկայակոչել է թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով 20.07.2017 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը և դրանով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումը, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով բողոքարկված որոշմամբ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը չի կիրառել ընդհանրապես և այդ չկիրառումը չի պայմանավորել որևէ մեկնաբանությամբ, գտնում ենք, որ ավելի քան ակնհայտ է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի բացակայությունը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն իրավասու չէր կիրառել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու իր լիազորությունը:

Այսպիսով, գտնում ենք, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի պարագայում իսպառ բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և ըստ այդմ նաև նույն հոդվածի 2-րդ մասի ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ կետերով նախատեսված հիմքերը, ուստի դատական իշխանության համակարգում Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակից բխող դերով ու նշանակությամբ պայմանավորված սույն գործը վարույթ ընդունվել չէր կարող, քանի որ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու առումով սույն գործով վկայակոչված որոշումներում իրավունքի նորմերի հակասական մեկնաբանությունը բացակայում է:

Ավելին, գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի իսպառ բացակայության պարագայում Վճռաբեկ դատարանի կողմից 26.01.2022 թվականին «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշման կայացումը խնդրահարույց է ոչ միայն իրավական որոշակիության ու իրավական անվտանգության սահմանադրական հիմնարար սկզբունքների տեսանկյունից, այլ նաև վտանգել է Վճռաբեկ դատարանի հեղինակությունը։

Սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ակնհայտ ոչ իրավաչափ լինելուն առավել մանրամասն և հանգամանալից անդրադարձ կատարվել է Վճռաբեկ դատարանի 26.01.2022 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու» որոշման դեմ մեր կողմից հայտնած հատուկ կարծիքում:

 

2. Անհրաժեշտ ենք համարում նաև անդրադառնալ հետևյալ հարցադրմանը՝ արդյո՞ք Վճռաբեկ դատարանը կայացրել է օրինական որոշում՝ ոչ իրավաչափ ճանաչելով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության 379-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառումը վերաքննիչ բողոքում նշված նախկին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ դիրքորոշման նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, վարում է դատավարությունը, անհրաժեշտության դեպքում սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին, պայմաններ է ստեղծում գործի փաստական հանգամանքները պարզելու, ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Այսպես, Հայաստանի Հանրապետությունում գործող ոչ լրիվ կամ սահմանափակ վերաքննության ինստիտուտի հիմնական առանձնահատուկ բաղադրիչն այն է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և, ըստ այդմ, դատական ակտը վերանայվում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում (տե՛ս՝ ՀՀ սահմանադրական դատարանի 06.12.2011 թվականի թիվ ՍԴՈ-1004 որոշում): Նշված նորմը մեկնաբանելիս ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում ամրագրել է, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը պետք է որոշի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում (տե՛ս՝ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0583/02/11 քաղաքացիական գործով 05.04.2013 թվականի որոշումը և ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-207 (ՎԴ) քաղաքացիական գործով 25.12.2009 թվականի որոշումը) և պարտադիր կերպով պետք է անդրադառնա վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տե՛ս՝ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականի որոշումը, թիվ ԼԴ/0365/02/09 քաղաքացիական գործով 01.07.2011 թվականի որոշումը, թիվ ԵԱՆԴ/1097/02/10 քաղաքացիական գործով 23.03.2012 թվականի որոշումը և թիվ ԳԴ4/0092/02/11 քաղաքացիական գործով 23.03.2012 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ, օրենսդիրը ոչ լրիվ վերաքննության պարագայում սահմանել է, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Այսինքն, վերաքննիչ դատարանը չպետք է անդրադառնա վերաքննիչ բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ բողոք բերած անձը իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից նախատեսում է բացառություն, այն է՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ նաև վերաքննիչ բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ բողոք բերած անձը առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի հայտնել իր դիրքորոշումը միայն այն պարագայում, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Նշվածի համատեքստում, կարող ենք արձանագրել, որ երբ բողոքաբերը վերաքննիչ բողոքում նշել է այնպիսի հիմքեր և հիմնավորումներ, որոնց վերաբերյալ ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ չի հայտնել իր դիրքորոշումը, տվյալ պարագայում վերջինս պետք է հիմնավորի, թե ինչու է զրկված եղել այդ հարցի վերաբերյալ ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից: Հակառակ պարագայում վերաքննիչ դատարանն իրավունք չունի անդրադառնալու տվյալ հիմքերին և հիմնավորումներին:

Սույն գործը հարուցվել է Ամատունի Վիրաբյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում՝ որպես «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Այսպես, բողոք բերած անձը նախկին աշխատանքում վերականգնելու հայցվորի պահանջի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Մասնավորապես՝ հայցադիմումի պատասխան ներկայացնելով պատասխանողը որևէ առարկություն չի ներկայացրել նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին հայցվորի կողմից ներկայացված պահանջի վերաբերյալ: Այսինքն՝ չի բարձրացրել այն հարցերը, որոնք նշված էին վերաքննիչ բողոքում: Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը եկել է իրավաչափ այն եզրակացության, որ եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում բողոք բերած անձը որևէ առարկություն, դիրքորոշում չի ներկայացրել, ապա այդ հարցերը չեն կարող քննարկման առարկա դառնալ նաև վերաքննիչ դատարանում՝ նշելով, որ ներկայացված բողոքում չեն բերվել հիմնավորումներ նշված հարցերի վերաբերյալ դատարանում գործի քննության ժամանակ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ:

Նշվածի պայմաններում, Վճռաբեկ դատարանը անտեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության իրավակարգավորումների և սույն գործի փաստական հանգամանքների համակցման և համալիր վերլուծության անհրաժեշտությունը՝ ամրագրելով, որ տվյալ դեպքում «(…) նշված օրենսդրական սահմանափակումը կիրառելի չէ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի հիմնավորումները վերաբերում են վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը որոշելու հետ կապված ենթադրյալ թույլ տրված դատավարական կամ նյութական իրավունքի նորմի խախտմամբ։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 23.11.2020 թվականին գործին մասնակցող անձանց միջև բաշխելով ապացուցման պարտականությունը՝ Դատարանը պատասխանողի վրա չի դրել աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորության առկայությունն ապացուցելու պարտականություն, հետևաբար վերջինս այդ մասով դիրքորոշում չի հայտնել և չէր էլ կարող կանխատեսել դիրքորոշում չհայտնելու դեպքում վերաքննության վարույթում իր համար բացասական հետևանքներ առաջանալը: Ավելին, հնարավոր է, որ գործատուի մոտ գործել է այն կանխավարկածը, որ եթե պայմանագրի ժամկետը լրացել է, ուստի որևէ պարագայում աշխատողը չի կարող վերականգնվել նախկին աշխատանքում»:

Մինչդեռ նշված անհիմն դիրքորոշումը հերքվում է սույն գործով ներկայացված հայցադիմումով, որտեղ հստակ, որպես պահանջ նշված են անվավեր ճանաչել 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում՝ որպես «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը, ինչպես նաև ներկայացված են նշված պահանջի վերաբերյալ համապատասխան հիմքերը և հիմնավորումները:

Ավելին, ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման հավելված 1-ի 14-րդ կետի համաձայն՝ մրցույթում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 2 տարի ժամկետով:

Տվյալ դեպքում, աշխատանքային պայմանագիրը կնքվել էր 27.11.2015 թվականին՝ հինգ տարի ժամկետով, և հաշվի առնելով վերոնշյալ իրավական կարգավորումները՝ ևս երկու տարի պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ:

Այսինքն, սույն գործով բողոք բերած անձը հստակ գիտեր և տեղյակ էր, թե որն է հայցվորի պահանջը, այդ պահանջի հիմքերը, հիմնավորումները և սույն գործով ցանկալի արդյունքը: Միևնույն ժամանակ, պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող էր երկարաձգվել ընդհուպ մինչև 27.11.2022 թվականը:

Հետևաբար, առավել քան ակնհայտ է, որ նշվածի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը կամ կանխատեսումներ անելը ուղղակիորեն դրված է գործին մասնակցող անձի վրա և բխում է քաղաքացիական դատավարության տնօրինչականության և մրցակցության սկզբունքների ողջ էությունից, որոնք հանգում են նրան, որ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով, իսկ քննության ողջ ընթացքում դատարանը պարտավոր է լինել անաչառ և անկողմնակալ:

Ավելին, ապացույց պահանջելու որոշմամբ դատարանն իրավասու է պահանջել ներկայացնել բացառապես որևէ փաստական հանգամանքի կամ երևույթի վերաբերյալ ապացույց, սակայն ոչ դիրքորոշում այս կամ այն հարցի կամ պահանջի որևէ մասի վերաբերյալ: Այսինքն, գործին մասնակցող անձանց պաշտպանական եղանակների կառուցման փուլում դրանց վերաբերյալ Դատարանի ցանկացած դիտարկում կվկայեր հակաօրինական դատական ակտի կայացման մասին: Հետևաբար, տվյալ դեպքում իրավաչափ վարքագիծ են դրսևորել ինչպես Դատարանը՝ չմիջամտելով կողմերի պաշտպանական մեխանիզմների և եղանակների ընտրությանն ու կիրառմանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ քննության չառնելով այն հիմքերը և հիմնավորումները, որոնց վերաբերյալ բողոքաբերը չէր ներկայացրել դիրքորոշումներ Դատարանում և չէր հիմնավորել նման դիրքորոշումներ ներկայացնելու հնարավորության բացակայությունը:

Վերոնշյալի հաշվառմամբ՝ գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանն անտեսել է ոչ միայն ՀՀ քաղաքացիական դատավարության հիմնարար և հենասյունային սկզբունքները և իրավակարգավորումները, այլև սույն գործում առկա փաստական հանգամանքները:

 

Դատավորներ`  Հ. Բեդևյան
   Ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական: