ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1458/02/202022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1458/02/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Հ. Բեդևյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2022 թվականի մայիսի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով՝ ըստ հայցի Ռուդիկ Եղիազարյանի ընդդեմ Ալեքսանդր Ծատինյանի՝ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, Ռուդիկ Եղիազարյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռուդիկ Եղիազարյանը պահանջել է Ալեքսանդր Ծատինյանից հօգուտ իրեն բռնագանձել 1.861.350 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Զաքարյան) 16.04.2021 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2021 թվականի որոշմամբ Ռուդիկ Եղիազարյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.09.2021 թվականի որոշմամբ Ռուդիկ Եղիազարյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուդիկ Եղիազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալեքսանդր Ծատինյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» պարբերությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը, 362-րդ հոդվածի 1-ին մասը և 368-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի՝ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդության մերժումն անհիմն է, քանի որ բողոք բերած անձի կողմից ներկայացվել են բոլոր անհրաժեշտ ապացույցները, մասնավորապես՝ Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 20.07.2015 թվականի թիվ 967 տեղեկանքի պատճենը, Վանաձորի Կենտրոն համատիրության 05.06.2015 թվականի թիվ 0189 տեղեկանքի պատճենը, ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի 29.09.2017 թվականի որոշման պատճենը, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի 20.07.2021 թվականի հաշվի քաղվածքը, անշարժ գույքի գրանցման վկայականի պատճենը, Կենտրոն համատիրության 20.07.2021 թվականի տեղեկանքը, կենսաթոշակի վկայականի պատճենը:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով բողոք բերած անձի կողմից վճիռը փոստային ծառայության միջոցով 27.04.2021 թվականին ստացված լինելու հանգամանքը, մերժել է դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 10.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը բողոքաբերի կողմից ներկայացված ապացույցները գնահատել է վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից, որի արդյունքում արդարացիորեն եզրահանգել է, որ ներկայացված ապացույցները բավարար չեն բողոքաբերի միջնորդությունը բավարարելու համար անհրաժեշտ փաստերը հաստատելու համար։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար դատարանի մատչելիության իրավունքի իրացման երաշխավորման նպատակով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու հիմքերին, ինչպես նաև դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ դատարանը դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձին, սակայն բողոք բերող անձն ուշ է ստացել այն։
3.1 ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, օրինակ, Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (8225/78) Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] (36760/06) գործով Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշումը, § 229, ինչպես նաև «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը (21638/03), կետ 44):
Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս Բելեշը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության (47273/99) գործով Եվրոպական դատարանի 12.02.2003 թվականի որոշումը, § 49):
Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն՝ դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (4451/70) Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշումը, § 36):
Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ» (տե՛ս Բելլեն ընդդեմ Ֆրանսիայի (23805/94) գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշումը, § 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս նույն որոշումը, § 36, ինչպես նաև Նունեշ Դիասն ընդդեմ Պորտուգալիայի (69829/01, 2672/03) գործով Եվրոպական դատարանի 10.04.2003 թվականի որոշումը): Այն կանոնները, որոնք կարգավորում են դատական վերանայման համար բողոք կամ դիմում ներկայացնելիս ձեռնարկվելիք պաշտոնական քայլերն ու ժամկետների հետ համապատասխանությունը, նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի հետ համապատասխանությունը (տե՛ս Կանյետե դե Գոնին ընդդեմ Իսպանիայի (55782/00) գործով Եվրոպական դատարանի 15.01.2003 թվականի որոշում, § 36): Հետևաբար, նշված կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների՝ իրավական պաշտպանության հասանելի միջոցի օգտագործումը (տե՛ս Միրագալ Էսկոլանոն ընդդեմ Իսպանիայի (38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98) գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի որոշումը, Զվոլսկին և Զվոլսկան ընդդեմ Չեխիայի Հանրապետության (46129/99) գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի որոշումը, § 51):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, օրինակ, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):
Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. « (…) Հայցը կամ դիմումը դատարան՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ (…)»:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բողոքարկման ինստիտուտի դերին և նշանակությանը, փաստում է, որ արդարադատության իրականացման ելակետային նպատակը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ իրացումն է, ինչի ապահովման նպատակով գործում է դատական ակտերի բողոքարկման գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս շտկելու մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները խախտող դատական սխալները։ Այսպիսով, մարդու հիմնական իրավունքները և ազատությունները անվերապահորեն պաշտպանվում են ինչպես գործն ըստ էության քննելու ընթացքում, այնպես էլ վերաքննության շրջանակներում։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս նաև Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները (…):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե (…) բողոք ներկայացրած անձը (…) նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:
ՀՀ սահմանադրական դատարանը 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում, արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու հետ կապված խնդիրներին, մասնավորապես փաստել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը (տե՛ս Արմենակ և Գուլյա Սահակյաններն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի թիվ 3-734(ՎԴ) որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները (…):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
Նույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի գանձման դրույքաչափերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը հանդիսանում է արդարադատության իրականացման համար գանձվող վճար, որն ունի գործառութային մի քանի նշանակություն, մասնավորապես՝ պետական տուրքի գանձման արդյունքում թեթևանում է պետության բեռը՝ կատարած ծախսերի մասնակի հատուցման ձևով, դատական համակարգը զերծ է մնում անհիմն հայցադիմումներից և բողոքներից, անձանց կողմից դատավարական իրավունքների չարաշահումներից, ինչպես նաև խթանվում է անձանց՝ օրենքով սահմանված կամ պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը:
Դատարանի մատչելիության սկզբունքի իրացման կարևոր նախադրյալ են հանդիսանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման օրենսդրական կարգավորումները, որոնք հնարավորություն են տալիս վեճը դատական կարգով լուծելու անհրաժեշտության առկայության պայմաններում առանց ձևական խոչընդոտների հասնել արդարադատության իրականացմանը: Այլ կերպ ասած՝ միայն գույքային անբավարար դրությունը չպետք է անձի համար խոչընդոտ հանդիսանա՝ դիմելու դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սպառիչ ամրագրված են այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռված է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Դատարանի հայեցողությամբ պետական տուրքի վճարումից ազատելու օրենսդրական հնարավորությունն ինքնանպատակ չէ: Նշվածի արդյունքում դատական պաշտպանությունը և արդարադատության իրականացումը հասանելի են դառնում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող և պետական տուրքի վճարումը անհնարին դարձնող գույքային դրություն ունեցող անձանց համար: Դատարանի հայեցողությամբ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու համար պարտադիր պայման է հանդիսանում միջնորդություն ներկայացրած անձի անվճարունակությունը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները.
ա) պետական տուրքի վճարումից ազատում.
բ) պետական տուրքի նվազեցում.
գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում.
դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում.
ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանի հայեցողական լիազորության իրականացման համար անհրաժեշտ է երկու պայմանների՝ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդության և գույքային դրությունը հավաստող ապացույցի միաժամանակյա առկայությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ դատարանները պետական տուրքի արտոնություն կարող են կիրառել, եթե միջնորդություն ներկայացրած անձն ապացուցում է իր անբարենպաստ գույքային դրությունը, որի համար, ի տարբերություն ապացուցման ընդհանուր կանոնի, գործնականում դատարանները պետք է կիրառեն ավելի մեղմ չափանիշ՝ բավարար համարելով նաև անուղղակի ապացույցների առկայությունը (տե՛ս Սիմոն Խաչիկյանը և Մելսինա Խաչիկյանն ընդդեմ «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի թիվ ՍԴ/0393/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ տարիքային կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքը վկայում է անձի՝ որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտությունը, որպիսի փաստական հանգամանքի առկայությունը, գործում հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում, ևս կարող է վկայել պետական տուրքի գծով արտոնություն հայցող անձի՝ գույքային ծանր դրության մասին (տե՛ս Միշա և Յաշա Գրիգորյաններն ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Գոշի գյուղապետարանի և մյուսների թիվ ՏԴ1/0171/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ «(...) նման եզրահանգումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքներով, որոնցից է նաև՝ սոցիալական համերաշխության և սոցիալական արդարություն ապահովումը: Նշված սկզբունքը, ըստ էության, ուղղված է յուրաքանչյուրի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական ապահովության իրավունքի իրացման ապահովմանը: ՀՀ սահմանադրական դատարանը 22.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-865 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) կենսաթոշակի իրավունքը պայմանավորված է (...) նաև անձի տարիքով, ինչի հետևանքով նա անկարող է դառնում իրեն ապահովել ինքնուրույն աշխատանքով (...)»:
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վերաքննիչ դատարանի 10.09.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է նաև հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կանոնների` վերաքննիչ բողոքին կրկին կցված չէ պետական տուրքը վճարելու մասին ապացույցը:
(…) Բողոք ներկայացրած անձը կրկին միջնորդել է Վերաքննիչ դատարանին ազատել պետական տուրքի վճարումից, և ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ հայտնել է, որ կենսաթոշակառու է և կենսաթոշակի գումարը կազմում է 34․650 ՀՀ դրամ, ապրում է հաշմանդամ մոր հետ, ում խնամքն ինքն է իրականացնում, իր անունով բացված հաշիվներ չկան: Միջնորդությանը կից ներկայացրել է Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 20.07.2015 թվականի թիվ 967 տեղեկանքի պատճենը, Վանաձորի Կենտրոն համատիրության 05.06.2015 թվականի թիվ 0189 տեղեկանքի պատճենը, ՀՀ ԱՆ ՀԿԾ Լոռու մարզային բաժնի 29.09.2017 թվականի որոշման պատճենը, ՀՀ ՊԵԿ 20.07.2021 թվականի հաշվի քաղվածքը, անշարժ գույքի գրանցման վկայականի պատճենը, Կենտրոն համատիրության 20.07.2021 թվականի տեղեկանքը, կենսաթոշակի վկայականի պատճենը: (…) Բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանին չի ներկայացրել իր գույքային դրության մասին որևէ ապացույց, ինչի պատճառով վերջինս չի կարող վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը: Ավելին, չի ներկայացրել նաև գույքային դրությունը բնութագրող տեղեկություններ ներկայացնելու անհնարինությունը հավաստող որևէ ապացույց կամ հիմնավորում:
Ինչ վերաբերում է միջնորդությանը կից ներկայացված՝ Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 20.07.2015 թվականի թիվ 967 տեղեկանքի պատճենին, Վանաձորի Կենտրոն համատիրության 05.06.2015 թվականի թիվ 0189 տեղեկանքի պատճենին, ՀՀ ԱՆ ՀԿԾ Լոռու մարզային բաժնի 29.09.2017 թվականի որոշման պատճենին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանք տրամադրվել են բողոք ներկայացնելուն նախորդող չորսամյա կամ վեցամյա վաղեմությամբ, մինչդեռ անձի գույքային դրությունը բնութագրող տեղեկատվությունը չպետք է լինի ժամանակավրեպ այն հիմնավորմամբ, որ նշանակալի վաղեմությամբ տեղեկանքը կամ գրությունը պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու հարցը լուծելիս այլևս արդիական չէ և արժանահավատության տեսանկյունից կասկած է հարուցում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ:
Ինչ վերաբերում է միջնորդությանը կից ներկայացված ՀՀ ՊԵԿ 20.07.2021 թվականի հաշվի քաղվածքին առ այն, որ Ռուդիկ Եղիազարյանի անունով բացված հաշիվներ չկան, անշարժ գույքի գրանցման վկայականի պատճենին, որում որպես սեփականատեր նշված չէ բողոք բերած անձի անունը, Կենտրոն համատիրության 20.07.2021 թվականի տեղեկանքին առ այն, որ Ռուդիկ Եղիազարյանը հաշվառված է տվյալ հասցեում, սակայն սեփականատեր չէ, կենսաթոշակի վկայականի պատճենին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշվածները չեն արտացոլում բողոք ներկայացրած անձի գույքային ծանր դրությունը, և չեն կարող ծառայել պետական տուրքի վճարումից ազատելու արտոնության սահմանմանը այն հիմնավորմամբ, որ չեն արտացոլում գույքի, բանկային հաշիվների բացակայությունը, իսկ անձի կենսաթոշակառու լինելը հիմք չէ հետևություն անելու, որ անձի գույքային դրությունը ծանր է»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Միջնորդությանը կից ներկայացվել են հետևյալ ապացույցները՝ Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 20.07.2015 թվականի թիվ 967 տեղեկանքի պատճենը, Վանաձորի Կենտրոն համատիրության 05.06.2015 թվականի թիվ 0189 տեղեկանքի պատճենը, ՀՀ ԱՆ ՀԿԾ Լոռու մարզային բաժնի 29.09.2017 թվականի որոշումը, ՀՀ ՊԵԿ 20.07.2021 թվականի հաշվի քաղվածքը, անշարժ գույքի գրանցման վկայականի պատճենը, Կենտրոն համատիրության 20.07.2021 թվականի տեղեկանքը, կենսաթոշակի վկայականը (հատոր 6, գ.թ. 27-32)։
Անդրադառնալով վերը նշված փաստաթղթերի արժանահավատությանը և դրանց ապացուցողական նշանակությանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 20.07.2015 թվականի թիվ 967 տեղեկանքի պատճենը, Վանաձորի Կենտրոն համատիրության 05.06.2015 թվականի թիվ 0189 տեղեկանքի պատճենը, ՀՀ ԱՆ ՀԿԾ Լոռու մարզային բաժնի 29.09.2017 թվականի որոշումը տրամադրվել են բողոք ներկայացնելուն նախորդող չորսամյա կամ վեցամյա վաղեմությամբ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ միջնորդությանը կից ներկայացվել է նաև ՀՀ ՊԵԿ-ի կողմից տրված քաղվածք, որի բովանդակած տեղեկատվությունը նկարագրում է անձի գույքային, սոցիալական դրությունը 20.07.2021 թվականի դրությամբ, մասնավորապես դրանով հավաստվում է այն փաստը, որ բողոք բերած անձի համար տեղեկատվական բազայում անհատական հաշիվ բացված չէ։
Միաժամանակ, վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է բողոք բերած անձի՝ կենսաթոշակառու լինելու փաստը հավաստող վկայականը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տարիքային կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքը վկայում է անձի՝ որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտությունը, որպիսի փաստական հանգամանքի առկայությունը, գործում հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում, ևս կարող է վկայել պետական տուրքի գծով արտոնություն հայցող անձի՝ գույքային ոչ բավարար դրության վերաբերյալ: Հետևաբար, ներկայացված փաստաթղթերն իրենց համակցության մեջ գնահատելու արդյունքում Վերաքննիչ դատարանը պետք է գար այն եզրահանգման, որ անձը չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ օրենքով նախատեսված պետական տուրքը վճարելու համար։
3.2 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Եվրոպական դատարանը, անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն՝ ծանոթանալու դատարանի որոշմանը, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում դատարանները հնարավորություն կստանային դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու միջոց և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն, միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Իվանովան և Իվաշովան ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ-ի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Զավոդնիկն ընդդեմ Սլովենիայի գործով ՄԻԵԴ-ի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե դատական իշխանության պաշտոնական կայքում վճիռը հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` օրենսդիրը որդեգրել է այն մոտեցումը, որ վճռի օրինակը կողմին առձեռն հանձնելու եղանակն իրացրած չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումների պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու վերաբերյալ օրենսդրական պահանջը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական գործողություն կատարելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելը հանդիսանում է դատարանի հայեցողական լիազորությունը, և նման եզրակացության հանգելու համար անհրաժեշտ է իրականացնել ժամկետը բաց թողնելու պատճառների գնահատում և դրանց հարգելիության փաստի հաստատման արդյունքում բավարարել բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը: Ներկայացված միջնորդությունը քննության առնելիս անհրաժեշտ է քննարկել դատական ակտը անձին հասու դառնալու և դատավարական գործողություն կատարելու համար օրենքով սահմանված ժամկետի բավարարության ողջամտությունը։ Այսինքն՝ նույնիսկ այն պարագայում, երբ դատարանը պատշաճ է կատարել դատավարության մասնակցին դատական ակտին հաղորդակից դարձնելու իր պարտականությունը, միջնորդության քննության ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել դատական ակտը ստանալուց հետո մնացած ժամկետի բավարար լինելը օրենքով ներկայացվող պահանջներին համապատասխանող վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներ նախապատրաստելու համար։ Հետևաբար, դատարանին վերագրվող նյութական կամ դատավարական խախտումներ վկայակոչելու և դրանք հիմնավորելու համար դատավարության մասնակցին բացի դատական ակտին հասու լինելուց անհրաժեշտ է նաև բավարար և ողջամիտ ժամանակահատված։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատավարական գործողություն կատարելու համար օրենքով սահմանված ժամկետի բավարարության ողջամտության գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել դատական ակտի հրապարակման և այն դատավարության մասնակցին փաստացի հանձնելու միջև առկա ժամանակային գործոնը, որն էլ հենց կանխորոշում է այն ժամանակահատվածը, որը տրվում է անձին՝ ուսումնասիրելու ինչպես բողոքի բովանդակային կողմը, այնպես էլ բողոքը կազմելուն և ներկայացնելուն վերաբերող օրենսդրությունը (հատկապես այն պարագայում, երբ բողոք ներկայացնող անձը փաստաբան չի հանդիսանում), նախապատրաստելու և կազմելու վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք։
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վերաքննիչ դատարանի 10.09.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է նաև հետևյալ պատճառաբանությամբ. «(...) բողոք ներկայացրած անձի՝ բաց թողած ժամկետը հարգելի համարելու պատճառաբանությունները հիմք չեն վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու համար այն հիմնավորմամբ, որ Դատարանը 16.04.2021 թվականի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել է նույն օրը` 16.04.2021 թվականին, հաջորդ աշխատանքային օրը՝ 19.04.2021 թվականին, փոստային ծառայությանը հանձնելու միջոցով ուղարկել է բողոք բերած անձին, որպիսի պայմաններում Դատարանը պատշաճ կարգով իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր պարտականությունը, դրանով իսկ ապահովելով դատական ակտը կողմին հասու դարձնելու դատավարական ընթացակարգը, հետևաբար տվյալ դեպքում բողոքարկվող դատական ակտն անձի կողմից ուշ ստացվելը բողոքարկման իրավունքի իրացման համար որևէ իրավական հետևանք առաջացնել չի կարող»:
Սույն գործի դատավարական փաստերի համաձայն՝
. 16.04.2021 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 16.04.2021 թվականին (հիմք՝ ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայք՝ www.court.am),
. դատական ակտը բողոք բերած անձին փոստային առաքման միջոցով ուղարկվել է դատական ակտը հրապարակելու օրվան հաջորդող աշխատանքային օրը` 19.04.2021 թվականին (հատոր 4, գ.թ. 18),
. առաքանու ստացման մասին ծանուցագրի համաձայն՝ բողոք ներկայացրած անձը վճիռը փոստային առաքման միջոցով ստացել է 27.04.2021 թվականին (հատոր 4, գ.թ. 21):
Տվյալ դեպքում բողոք բերած անձը Դատարանի վճիռը ստացել է վճիռը կայացվելու օրվանից 11 օր հետո: Նման պայմաններում առկա է որոշակի ժամանակային խզում դատական ակտը հրապարակելու, ուղարկելու և այն հասցեատիրոջ կողմից փաստացի ստանալու միջև, որի դեպքում ընթացակարգային կանոններով անհամաչափորեն սահմանափակվում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Այս պարագայում հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար համարված ժամկետը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկվի բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից, տվյալ դեպքում՝ այն ստանալու օրվանից՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ անձը չունի փաստաբան-ներկայացուցիչ, ինչը ավելի է դժվարացնում օրենսդրության ուսումնասիրությունը և դրա հիման վրա բողոքի պատրաստումը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի խախտում, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր, ինչի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, քանի որ օրենքով սահմանված համապատասխան հիմքերի բացակայության պայմաններում մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը՝ բողոք բերած անձին զրկել է Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից՝ խախտելով նրա արդար դատաքննության իրավունքը։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 10.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար։ Ընդ որում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ գործող օրենսդրությունը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի վճարում չի նախատեսում, ուստի դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Հ. Բեդևյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ն. Տավարացյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|