Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 30.08.2022
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2022
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/25922/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/25922/02/19

Նախագահող դատավոր՝  Ա. Կուրեխյան

Դատավորներ՝

 Ս. Գրիգորյան

 Գ. Թորոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան

 

2022 թվականի հունիսի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վարսենիկ Քալամդարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10112021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարսենիկ Քալամդարյանի ընդդեմ Արմեն Գալստյանի, երրորդ անձ Երևան նոտարական տարածքի նոտար Էլմիրա Դանիելյանի՝ առոչինչ գործարքի հետևանքների կիրառման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարսենիկ Քալամդարյանը պահանջել է իր և Արմեն Գալստյանի միջև 18.02.2019 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի հետևանքներ՝ վերացնել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը (վավերացված նոտար Էլինա Դանիելյանի կողմից), վերացնել ՀՀ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի կողմից կատարված պետական գրանցումը և ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա թիվ 31 հասցեի անշարժ գույքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Դ Մխեյան) 02072021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10112021 թվականի որոշմամբ Վարսենիկ Քալամդարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02072021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարսենիկ Քալամդարյանը (ներկայացուցիչ Վլադիմիր Գաբրիելյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ, 180-րդ, 374-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով երկու հաջորդական դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերը չեն բովանդակել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով ամրագրված տեղեկությունները, մասնավորապես՝ դատական նիստին չներկայանալու հետևանքների, այդ թվում` հայցն առանց քննության թողնելու հնարավորության մասին։ Մինչդեռ, դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների, մասնավորապես հայցն առանց քննության թողնելու հետևանքի մասին նշում չպարունակելը խախտել է կողմի արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները։

 Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոք բերած անձը գրեթե բոլոր դատական նիստերին ներկայանալով՝ ակնհայտորեն ցուցաբերել է բավարար հետևողականություն և շահագրգռվածություն իր իրավունքի պաշտպանության նկատմամբ, իսկ դատական նիստերին չներկայանալու պատճառի, այն է ՝ հաշտության բանակցություններ ընթանալու մասին հայտնել է ներկայացված միջնորդություններով, որպիսի փաստն ընդունել է նաև պատասխանողը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10112021 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վարսենիկ Քալամդարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան` առոչինչ գործարքի նկատմամբ կիրառվող հետևանքների կիրառման պահանջի մասին, նաև միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց (հատոր 1-ին, գ.թ. 7-12):

2) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Տ Գրիգորյան) 23.08.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հայցի ապահովման միջնորդությունը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ.3-5)։

3) 22012021 թվականին դատավոր Տ Գրիգորյանի այլ դատարան գործուղվելու կապակցությամբ գործը վերամակագրվել է դատավոր Դ Մխեյանին (հատոր 3-րդ, գ.թ. 1-2):

4) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Դ Մխեյան) 01022021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ։ Նույն որոշմամբ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին պատասխանողի միջնորդությունը (հատոր 2-րդ, գ.թ. 93-94) քննության առնելու նպատակով 16022021 թվականին նշանակվել է դատական նիստ (հատոր 3-րդ, գ.թ. 22-23):

5) 16022021 թվականին նշանակված դատական նիստում քննելով հակընդդեմ ապահովում կիրառելու մասին պատասխանողի միջնորդությունը, նույն օրվա որոշմամբ այն մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 29-31, 33-35)։

6) Պատասխանող Արմեն Գալստյանը 22032021 թվականին միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու մասին (հատոր 3-րդ, գ.թ. 52-54)։

7) Դատարանը 20042021 թվականին ժամը 1700-ին դատական նիստ է նշանակել հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու մասին միջնորդությունը քննելու համար, որը կողմերի միջնորդությունների հիման վրա հետաձգվել է և նշանակվել 25052021 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 66-67)։

8) Դատարանի 28042021 թվականին կողմերին ուղարկված և 03052021 թվականին հայցվոր Վարսենիկ Քալամդարյանի կողմից ստացված դատական ծանուցագրով վերջինս տեղեկացվել է «Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/25922/02/19 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2021 թվականի մայիսի 25-ին ժամը 1400-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե ք Երևան, Մ Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 7 դահլիճ)։

Միաժամանակ տեղեկացվում է, որ 22032021 թվականին պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված՝ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու միջնորդությունը կքննարկվի նույն օրը նույն ժամին» (հատոր 3-րդ, գ.թ.69)։

9) 25.05.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստին պատշաճ ծանուցված կողմերը չեն ներկայացել, Դատարանի որոշմամբ նախնական դատական նիստը հետաձգվել է 02072021 թվականին ժամը 1600-ին (հատոր 3-րդ, գ.թ.76-77): Նույն օրվա որոշմամբ Դատարանը պատասխանողի միջնորդությունը հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին բավարարել է, իսկ ձևափոխելու մասով՝ մերժել (հատոր 3-րդ, գ.թ.79-81):

10) 0207.2021 թվականին հրավիրված դատական նիստի մասին հայցվորը 25052021 թվականի ծանուցագրով ծանուցվել է 0406.2020 թվականին, նշված ծանուցագրով հայցվորին հայտնվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (հատոր 3-րդ, գ.թ. 82, 85)։

11) 02.07.2021 թվականին նշանակված դատական նիստին պատշաճ ծանուցված կողմերը չեն ներկայացել (հատոր 3-րդ, գ.թ.86-88): Դատարանի 02.07.2021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության (հատոր 3-րդ, գ.թ. 89-90):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյոք դատարանն իրավասու է հայցը թողնել առանց քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հիմքով, եթե դատավարության մասնակիցներին չի իրազեկել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների վերաբերյալ և որը հաստատվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծանուցագիրը պետք է բովանդակի` 1) դատարանի անվանումը. 2) դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը). 3) նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. 4) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 5) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. 6) նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին. 7) գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձանց կարող է գրավոր պարզաբանել իրենց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի բովանդակությանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից հստակ սահմանվել է այն պայմանների միաժամանակյա առկայությունը, որոնց դեպքում դատարանը հայցը կարող է թողնել առանց քննության, մասնավորապես՝

- պատշաճ ծանուցված հայցվորի (դիմողի) կամ նրա ներկայացուցչի՝ երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալու,

- գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու,

- ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու դեպքում:

- ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոնշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է դատարանն իրավասու ներկայացված հայցը կամ դիմումը թողնել առանց քննության։ Այսինքն՝ պատշաճ ծանուցված հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից երկու հաջորդական դատական նիստերին մասնակցությունն ապահովված չլինելու և գործի քննությունը հետաձգելու կամ իր բացակայությամբ այն իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացված չլինելու պայմանների, ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդության բացակայության միաժամանակյա առկայությունը բավարար է դատարանի կողմից հայցն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու համար։ Հետևաբար նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում դատարանն իրավասու չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով հայցը կամ դիմումը թողնել առանց քննության (տե՛ս, Ալվարդ Սահակյանն ընդդեմ Հենրիկ Մարտիկյանի թիվ ԱՎԴ1/0452/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.09.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորումը հարկ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի կարգավորումների լույսի ներքո:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը գործող օրենսդրությամբ դատարանների վրա դրել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու միջոցներից մեկը ծանուցագիրն է, որը պետք է բովանդակի` դատարանի անվանումը, դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը), նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին, նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:

- ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված պայմանների առկայության դեպքում նույն իրավանորմի հիմքով դատարանն իրավասու է հայցը թողնել առանց քննության, եթե պատշաճ կերպով իրականացրել է դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը, հակառակ պարագայում հայցվորը կհամարվի պատշաճ չծանուցված, քանի որ միայն դատական նիստերի ժամանակի և վայրի մասին հայցվորին ծանուցելու ու վերջինիս կողմից երկու հաջորդական նիստերին չներկայանալու դեպքում հայցն առանց քննության թողնելու պարագայում կխախտվի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքը: (տե՛ս Նազիկ Մաշուրյանի ընդդեմ «ԳԱՆԵՇԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/7186/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02022022 թվականի որոշումը):

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է նաև այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին` նշելով, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը, պահանջում է որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, այդ թվում ներկայացնելու ապացույցներ այնպես, որ կողմերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից (տե՛ս, Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի թիվ 3-346(ՏԴ) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Դ Մխեյան) 01022021 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ։ Նույն որոշմամբ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին պատասխանողի միջնորդությունը քննության առնելու նպատակով 16022021 թվականին նշանակվել է դատական նիստ: 16022021 թվականին նշանակված դատական նիստում քննելով հակընդդեմ ապահովում կիրառելու մասին պատասխանողի միջնորդությունը, նույն օրվա որոշմամբ այն մերժվել է։ Պատասխանող Արմեն Գալստյանը 22032021 թվականին միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու մասին։ Դատարանը 20042021 թվականին ժամը 1700-ին դատական նիստ է նշանակել հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու մասին միջնորդությունը քննելու համար, որը կողմերի միջնորդությունների հիման վրա հետաձգվել է և նշանակվել 25052021 թվականին։

Դատարանի 28042021 թվականին կողմերին ուղարկված և 03052021 թվականին հայցվոր Վարսենիկ Քալամդարյանի կողմից ստացված դատական ծանուցագրով վերջինս տեղեկացվել է «Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/25922/02/19 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2021 թվականի մայիսի 25-ին ժամը 1400-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե ք Երևան, Մ Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 7 դահլիճ)։

Միաժամանակ տեղեկացվում է, որ 22032021 թվականին պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված՝ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու միջնորդությունը կքննարկվի նույն օրը նույն ժամին»։

25.05.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստին պատշաճ ծանուցված կողմերը չեն ներկայացել, Դատարանի որոշմամբ նախնական դատական նիստը հետաձգվել է 02072021 թվականին ժամը 1600-ին։ Նույն օրվա որոշմամբ Դատարանը պատասխանողի միջնորդությունը հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին բավարարել է, իսկ ձևափոխելու մասով՝ մերժել:

0207.2021 թվականին հրավիրված դատական նիստի մասին հայցվորը 25052021 թվականի ծանուցագրով ծանուցվել է 0406.2020 թվականին, նշված ծանուցագրով հայցվորին հայտնվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար։ 02.07.2021 թվականին նշանակված դատական նիստին պատշաճ ծանուցված կողմերը չեն ներկայացել։ Դատարանի 02.07.2021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:

Դատարանը 02072021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ պատճառաբանել է, որ հայցվոր կողմը պատշաճ ծանուցվել է սույն քաղաքացիական գործով 2505.2021 թվականին և 02.07.2021 թվականին կայանալիք երկու հաջորդական նախնական դատական նիստերի վայրի և ժամանակի վերաբերյալ, սակայն չի ներկայացել և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, իսկ պատասխանող կողմը չի ներկայացրել գործի քննությունը շարունակելու միջնորդություն, հետևաբար առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հայցն առանց քննության թողնելու հիմքի կիրառման համար անհրաժեշտ պայմանները։

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ 02.07.2021 թվականին նշանակված դատական նիստի վերաբերյալ դատական ծանուցագիրը բողոքաբերը ստացել է 04.06.2021 թվականին, դրանում նշվել են գործը քննող դատարանի անվանումը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, ներկայանալու ժամանակը՝ 02.07.2021 թվականին, ժամը 16.00-ին, և վայրը՝ ք.Երևան, Մ.Խորենացի 162ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ: Նշված տեղեկությունների առկայությունը Վերաքննիչ դատարանին հիմք է տվել արձանագրելու, որ դատական ծանուցագիրը բավարար տեղեկություններ է պարունակել գործը քննող դատարանի և դրա գտնվելու վայրի մասին, որպիսի պայմաններում ծանուցագիրը ոչ պատշաճ համարվել չի կարող: Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա են եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված պայմանները, որոնց պարագայում էլ Դատարանը կայացրել է իրավաչափ որոշում՝ հայցը առանց քննության թողնելու մասին։

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով այն հիմքով, որ պատշաճ ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին, չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իրենց բացակայությամբ լուծելու միջնորդություն, անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի ուժով Դատարանը պարտավոր էր դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցներին ուղարկված ծանուցագրերով իրազեկելու դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, ինչը սույն գործով Դատարանը չի արել:

Ավելին, Դատարանի կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին ուղարկված ծանուցագրերը բացառապես պարունակել են նշում այն մասին, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ինչը դատավարության մասնակցի մոտ կարող է համոզմունք ձևավորել առ այն, որ իր կողմից դատական նիստերին չներկայանալը չի կարող առաջացնել որևէ բացասական հետևանք:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, պատշաճ կերպով չի իրականացրել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը և հայցը թողել է առանց քննության, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հայցվորի արդար դատաքննության իրավունքը: Այսինքն տվյալ դեպքում Դատարանն իրավասու չէր հայցը թողնելու առանց քննության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Հայցադիմումը դատարան ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով:

Վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Նկատի ունենալով, որ սույն գործով բողոքարկվել է Վերաքննիչ դատարանի՝ Դատարանի 02.07.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու վերաբերյալ կայացված դատական ակտը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

 2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը համարել լուծված:

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

16.06.2022թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/25922/02/19 քաղաքացիական գործով 16.06․2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ

 

 1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 16.06.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Վարսենիկ Քալամդարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10112021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարսենիկ Քալամդարյանի ընդդեմ Արմեն Գալստյանի, երրորդ անձ Երևան նոտարական տարածքի նոտար Էլմիրա Դանիելյանի՝ առոչինչ գործարքի հետևանքների կիրառման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է՝ վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, բեկանել Վերաքննիչ դատարանի 10.11.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան) 02.07.2021 թվականին կայացրել է Վարսենիկ Քալամդարյանի կողմից ներկայացված «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշում, այն պատճառաբանությամբ, որ հայցվոր կողմը պատշաճ ծանուցվել է սույն քաղաքացիական գործով 2505.2021 թվականին և 02.07.2021 թվականին կայանալիք երկու հաջորդական նախնական դատական նիստերի վայրի և ժամանակի վերաբերյալ, սակայն չի ներկայացել և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, իսկ պատասխանող կողմը չի ներկայացրել գործի քննությունը շարունակելու միջնորդություն, հետևաբար առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հայցն առանց քննության թողնելու հիմքի կիրառման համար անհրաժեշտ պայմանները։

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ 02.07.2021 թվականին նշանակված դատական նիստի վերաբերյալ դատական ծանուցագիրը բողոքաբերը ստացել է 04.06.2021 թվականին, դրանում նշվել են գործը քննող դատարանի անվանումը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, ներկայանալու ժամանակը՝ 02.07.2021 թվականին, ժամը 16.00-ին, և վայրը՝ ք.Երևան, Մ.Խորենացի 162ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ: Նշված տեղեկությունների առկայությունը Վերաքննիչ դատարանին հիմք է տվել արձանագրելու, որ դատական ծանուցագիրը բավարար տեղեկություններ է պարունակել գործը քննող դատարանի և դրա գտնվելու վայրի մասին, որպիսի պայմաններում ծանուցագիրը ոչ պատշաճ համարվել չի կարող: Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա են եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված պայմանները, որոնց պարագայում էլ Դատարանը կայացրել է իրավաչափ որոշում՝ հայցը առանց քննության թողնելու մասին։

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարսենիկ Քալամդարյանը (ներկայացուցիչ Վլադիմիր Գաբրիելյան):

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, բեկանել Վերաքննիչ դատարանի 21.08.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, վկայակոչելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և այդ իրավանորմի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները մասնավորապես արձանագրել է հետևյալը.

«(…) Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, (…) անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի ուժով Դատարանը պարտավոր էր դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցներին ուղարկված ծանուցագրերով իրազեկելու դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, ինչը սույն գործով Դատարանը չի արել:

Ավելին, Դատարանի կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին ուղարկված ծանուցագրերը բացառապես պարունակել են նշում այն մասին, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ինչը դատավարության մասնակցի մոտ կարող է համոզմունք ձևավորել առ այն, որ իր կողմից դատական նիստերին չներկայանալը չի կարող առաջացնել որևէ բացասական հետևանք:

(…) տվյալ դեպքում Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, պատշաճ կերպով չի իրականացրել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը և հայցը թողել է առանց քննության, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հայցվորի արդար դատաքննության իրավունքը: Այսինքն տվյալ դեպքում Դատարանն իրավասու չէր հայցը թողնելու առանց քննության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»:

Համակարծիք ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ, այդուհանդերձ գտնում ենք, որ այդ դիրքորոշումը կիրառելի չէ սույն գործով, քանի որ տվյալ դեպքում հայցն առանց քննության թողնելու հիմքը բացակայել է, ոչ թե այն պատճառով, որ Դատարանը պատշաճ կերպով չի իրականացրել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը, այլ այն պատճառով, որ գործի քննությունն իրականացնելու նպատակով Դատարանի կողմից հրավիրված չեն եղել երկու հաջորդական դատական նիստեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իմաստով։

Այսպես, վկայակոչված իրավակարգավորումը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Գտնում ենք, որ սույն գործով բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման իր գործառույթը, պետք է բացահայտեր քննարկվող իրավակարգավորման բովանդակությունում «երկու հաջորդական դատական նիստեր» արտահայտության էությունը, կիրառման շրջանակը և ըստ այդմ պատասխաներ այն հարցին, թե արդյոք հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու մասին պատասխանողի միջնորդությունը քննարկելու նպատակով հրավիրված դատական նիստը ևս ընդգրկվում է վկայակոչված իրավանորմի կիրառելիության շրջանակներում։

Այսպես.

I. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու այն:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու հարցը լուծվում է նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե բացակայում են նույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

 

II. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերի շրջանակը» վերտառությամբ 167-րդ հոդվածով նախատեսվել են այն գործողությունները, որոնք միտված են գործի արդյունավետ քննության ապահովմանը:

 

III. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:

 

Վերոգրյալ 3 բաժիններում վկայակոչված իրավանորմերից հետևում է, որ օրենսդիրը, ի թիվս այլ դեպքերի, նախատեսել է, որ դատական նիստ է հրավիրվում և անցկացվում, երբ

I. պետք է քննարկվի հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը,

II. պետք է իրականացվեն գործի արդյունավետ քննության ապահովմանն ուղղված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածում թվարկված դատավարական գործողություններ,

III. պետք է իրականացվի գործի դատաքննություն:

 

Այսպիսով ակնհայտ է, որ օրենսդիրը հստակ սահմանել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում հրավիրվում կամ նշանակվում են դատական նիստեր:

Մասնավորապես, Դատարանը պարտավոր է դատական նիստ նշանակել բոլոր այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը ներկայացնում է հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդություն կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն:

Դատարանը պարտավոր է նաև նախնական դատական նիստ հրավիրել և իրականացնել հայցային վարույթի բոլոր գործերով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:

Դատարանը նաև պարտավոր է դատական նիստ հրավիրել գործի դատաքննությունն իրականացնելու նպատակով:

Վերոգրյալի համատեքստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորման բովանդակությունում «երկու հաջորդական դատական նիստեր» արտահայտության էությունը բացահայտելու համար նախ և առաջ հարկ է բացահայտել քննարկվող իրավակարգավորման նպատակը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով, իսկ 14-րդ հոդվածի 1-ին մասն էլ ամրագրում է, որ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասը միաժամանակ սահմանում է, որ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա, այսինքն՝ միայն այն դեպքում, երբ շահագրգիռ անձն իրացնում է իր դատական պաշտպանության իրավունքը։ Քանի որ քաղաքացիական գործի հարուցումը և հետագա ընթացքն առավելապես պայմանավորված է հայցվորի նախաձեռնությամբ, դատական պաշտպանության միջոցները և եղանակները տնօրինելու հայեցողությամբ, վերջինս պետք է նաև դրսևորի որոշակի հետևողականություն գործի քննությանը մասնակցելու առումով։ Հենց այս նկատառումով էլ օրենսդիրը սահմանել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության։ Ընդ որում, քննարկվող իրավակարգավորման շրջանակներում «գործի քննություն» արտահայտության ներքո հարկ է նկատի ունենալ մասնակցությունն այն դատավարական գործողությունների իրականացմանը, որոնք ուղղված են գործի ըստ էության քննության և լուծման ապահովմանը։ Այդպիսի դատավարական գործողություններ իրականացվում են ինչպես նախնական դատական նիստի, այնպես էլ՝ գործի դատաքննության շրջանակներում։ Հենց այս նպատակով նշանակված դատական նիստերի շրջանակներում հայցվորը կարող է դրսևորել այնպիսի նախաձեռնություն կամ իրացնել այնպիսի դատավարական իրավունք, որն իր անմիջական ազդեցությունը կարող է ունենալ գործի հետագա ընթացքի վրա։

 Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ գործի քննության ընթացքում կարող են իրականացվել նաև այնպիսի դատավարական գործողություններ, որոնք թեև չեն ազդում գործի հետագա ընթացքի կամ ելքի վրա, սակայն ուղղված են դատավարության մասնակիցների առանձին իրավունքների պաշտպանությանը։ Նշված դատավարական գործողությունները ևս որոշ դեպքերում կարող են իրականացվել դատական նիստի շրջանակներում։ Այսպես, օրինակ, օրենսդիրը նախատեսել է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում։ Նշված միջնորդության քննությունը որևէ կերպ չի պայմանավորում գործի վարույթի հետագա ընթացքը կամ ելքը, այդուհանդերձ, իրականացվում է դատական նիստում՝ տվյալ հարցի շուրջ կողմերի լսված լինելու իրավունքի ապահովման նկատառումով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավանորմի նպատակային և տառացի մեկնաբանությունից հետևում է, որ այն չի կարող կիրառելի լինել հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին դատավարության մասնակցի միջնորդությունը քննության առնելու նպատակով հրավիրված (նշանակված) դատական նիստի կապակցությամբ, քանի որ նման միջնորդությունների քննարկման համար հրավիրված դատական նիստերի շրջանակներում չի իրականացվում «գործի քննություն» վերոգրյալ հոդվածի իմաստով։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ նույնացրել է հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու մասին պատասխանողի միջնորդությունը քննարկելու նպատակով հրավիրված դատական նիստը գործի քննությունն իրականացնելու նպատակով հրավիրված նախնական դատական նիստի (կամ դատաքննության) հետ։

Այսպիսով, գտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի կիրառմամբ հայցը կամ դիմումը կարող է թողնվել առանց քննության միայն այն դեպքում, երբ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել գործի քննության, այդ թվում գործի արդյունավետ քննությունն ապահովելուն ուղղված դատավարական գործողություններ իրականացնելու նպատակով հրավիրված երկու հաջորդական նախնական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Սույն գործի փաստերի համաձայն` հայցադիմումը վարույթ է ընդունվել դատավոր ՏԳրիգորյանի կողմից՝ 23.08.2019 թվականին (հատոր 1-ին, գթ 3)։

Դատավոր ՏԳրիգորյանի այլ դատարան գործուղվելու պատճառով, գործը վերամակագրվել է դատավոր ԴՄխեյանին և վերջինիս կողմից գործը վարույթ է ընդունվել 01.02.2021 թվականին։ Նույն որոշմամբ, հակընդդեմ ապահովում կիրառելու պատասխանողի միջնորդությունը (հատոր 2-րդ, գթ 93-94) քննության առնելու նպատակով 16.02.2021 թվականին նշանակվել է դատական նիստ (հատոր 3-րդ, գթ 22-23)։

16.02.2021 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում Դատարանը քննության է առել հակընդդեմ ապահովում կիրառելու պատասխանողի միջնորդությունը և նույն օրվա որոշմամբ այն մերժել է (հատոր 3-րդ, գթ 29-31, 33-35)։

22.03.2021 թվականին դատարանում ստացվել է պատասխանողի միջնորդությունը հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու մասին (հատոր 3-րդ, գթ 52-54)։

Դատարանը դատավարության մասնակիցներին է ուղարկել 20.04.2021 թվականին ժամը 17։00-ին դատարան ներկայանալու ծանուցագիր՝ հետևյալ բովանդակությամբ

«Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/25922/02/19 քաղաքացիական գործով 22032021 թվականին պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված՝ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու միջնորդությունը կքննարկվի 2021 թվականի ապրիլի 20-ին ժամը 17։00-ին նշանակված դատական նիստի շրջանակներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք Երևան, Մ Խորենացի 162ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ)։

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:

Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար» (հատոր 3-րդ, գթ 60)։

20.04.2021 թվականին կայացած դատական նիստի արձանագրության համաձայն՝ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու մասին պատասխանողի ներկայացուցչի միջնորդության քննարկման համար նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ դատավարության մասնակիցների միջնորդությունների բավարարման արդյունքում և հաջորդ դատական նիստը նշանակվել է 25052021 թվականին ժամը 14։00-ին (հատոր 3-րդ, գթ 66-67)։

25.05.2021 թվականին կայացած դատական նիստի արձանագրության համաձայն՝ Դատարանը կողմերի բացակայությամբ քննության է առել հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու մասին պատասխանողի միջնորդությունը և նույն օրվա որոշմամբ այն բավարարել է (հատոր 3-րդ, գթ 76-81)։

Դատարանը դատավարության մասնակիցներին է ուղարկել 02.07.2021 թվականին ժամը 16։00-ին դատարան ներկայանալու ծանուցագիր՝ հետևյալ բովանդակությամբ

«Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/25922/02/19 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 25052021 թվականին կայացրել է որոշում հայցի ապահովման միջոցը ձևափոխելու միջնորդությունը քննության առնելու մասին։

Դատական նիստը կկայանա 2021 թվականի հուլիսի 02-ին ժամը 16։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք Երևան, Մ Խորենացի 162ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ)։

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:

Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար» (հատոր 3-րդ, գթ 82)։

Դատարանը 02.07.2021 թվականի որոշմամբ հայցը թողել է առանց քննության այն հիմնավորմամբ, որ հայցվոր կողմը պատշաճ ծանուցվել է սույն քաղաքացիական գործով 2505.2021 թվականին և 02.07.2021 թվականին կայանալիք երկու հաջորդական նախնական դատական նիստերի վայրի և ժամանակի վերաբերյալ, սակայն չի ներկայացել և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, իսկ պատասխանող կողմը չի ներկայացրել գործի քննությունը շարունակելու միջնորդություն, հետևաբար առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հայցն առանց քննության թողնելու հիմքի կիրառման համար անհրաժեշտ պայմանները (հատոր 3-րդ, գթ 86-90)։

Հարկ ենք համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքում ներկայացված դիրքորոշումների հաշվառմամբ 2505.2021 թվականին նշանակված դատական նիստը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, այդ թվում նաև 167-րդ հոդվածի իմաստով, չի հանդիսանում նախնական դատական նիստ, նշված օրը նշանակված դատական նիստը, ինչպես արդեն իսկ վերը նշվել է, ուղղված է եղել բացառապես հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու մասին պատասխանողի միջնորդությունը քննության առնելուն, որի պարագայում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի կիրառմամբ հայցը չէր կարող է թողնվել առանց քննության՝ երկու հաջորդական նախնական դատական նիստերի չներկայանալու պատճառով։

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում արձանագրել, որ գործում առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ և 174-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված՝ «Նախնական դատական նիստ նշանակելու» կամ «Գործը դատաքննության նշանակելու մասին» Դատարանի կողմից կայացված որոշումներ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 175-178-րդ հոդվածների իմաստով Դատարանը չի իրականացրել նախնական դատական նիստ կամ դատաքննություն:

Այդուհանդերձ Դատարանի կողմից դատավարության մասնակիցներին ուղարկված 02072021 թվականին նշանակված դատական նիստին հրավիրելու ծանուցագրի բովանդակությունից նույնիսկ եթե հետևություն արվի այն մասին, որ նշված դատական նիստը հրավիրվել է գործի արդյունավետ քննության ապահովմանն ուղղված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելու, այսինքն՝ գործի քննություն իրականացնելու նպատակով, ապա պարզ կդառնա, որ սույն գործի քննությանն ուղղված միակ նախնական նիստը տեղի է ունեցել 02072021 թվականին և հենց նույն օրն էլ հայցը թողնվել է առանց քննության՝ հայցվոր կողմի 2 անգամ անընդմեջ դատական նիստերին չներկայանալու հիմքով։

Գտնում ենք, որ ինչպես ստորադաս դատարանները, այնպես էլ Վճռաբեկ դատարանը սխալ եզրահանգում են կատարել առ այն, որ հայցվոր կողմը 2 անգամ անընդմեջ չի ներկայացել դատական նիստերին:

Ըստ այդմ, գտնում ենք, որ թեև Վճռաբեկ դատարանը ճիշտ եզրահանգման է եկել Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանման ենթակա լինելու և գործը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին, այդուհանդերձ Վճռաբեկ դատարանի այն դատողությունը, որ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների վերաբերյալ դատավարության մասնակիցներին իրազեկելու իր պարտականությունը չկատարելու պարագայում Դատարանն իրավասու չէր հայցը թողնելու առանց քննության, սույն գործի փաստերի նկատմամբ վերաբերելի չեն, քանի որ տվյալ դեպքում առկա չէ այնպիսի փաստ, որ հայցվորը երկու անգամ անընդմեջ չի ներկայացել դատական նիստերին, իսկ վերջին՝ 02.07.2021 թվականի դատական նիստին նախորդող՝ 25.05.2021 թվականի դատական նիստը, ինչպես արդեն նշել ենք, հանդիսացել է հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձևափոխելու մասին պատասխանողի կողմից 22.03.2021 թվականին դատարանում ստացված միջնորդությունը քննության առնելու համար 20.04.2021 թվականին ժամը 17։00-ին նշանակված, սակայն հետաձգված դատական նիստի շարունակությունը, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնակարգումների իմաստով չի կարող դիտվել որպես գործի քննության նպատակով երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալ:

Այսպիսով, գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները վերաբերելի չեն սույն գործի փաստերին, ուստի համաձայնելով Վճռաբեկ դատարանի որոշման եզրափակիչ մասի հետ՝ մեր անհամաձայնությունն ենք հայտնում նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

 

Դատավոր

Դատավոր

Ռ. Հակոբյան

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական: