Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-267
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2004-31.01.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

2 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության կազմակերպչական, տնտեսական և իրավական հիմքերը` բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 1. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենքով` Հայրենական մեծ պատերազմի վետերաններ (այսուհետ` վետերաններ) են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները: Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող կամ գտնվող Հայրենական մեծ պատերազմին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(1-ին հոդվածը լրաց. 06.02.02 ՀՕ-298)

 

ՀՈԴՎԱԾ 2. ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության վետերանների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերից:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում:

Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով տրվում է դրամական օգնություն ամսական 2000 դրամի, իսկ հաշմանդամ վետերաններին` էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու, գազի, ջերմամատակարարման վարձերը վճարելու համար դրամական օգնություն` ամսական 3500 դրամի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: (նախադասությունը հանվել է 25.12.03 ՀՕ-60-Ն)

Հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն նաև`

ա) արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով.

բ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, ջրահեռացման, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը.

գ) ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վետերանն ստանում է 1750 դրամ ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:

Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 06.02.02 ՀՕ-298, փոփ., խմբ. 25.12.03 ՀՕ-60-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 5. ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման երաշխիքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` պետական նպատակային ծրագրերի իրականացման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

 

Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է լիազորված մարմինը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցուցակի և սահմանած կարգի:

(6-րդ հոդվածը խմբ. 06.02.02 ՀՕ-298)

 

ՀՈԴՎԱԾ 7. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 2000 թվականի հունվարի 1-ից հավասարեցնել Հայաստանի Հանրապետությունում սահմանված բազային կենսաթոշակի կրկնապատիկին, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի մեկուկեսապատիկից:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-267

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան