Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.05.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2914/02/17

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2914/02/17

Նախագահող դատավոր՝  Ն. Մարգարյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Ա. Մկրտչյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան

 

2022 թվականի մայիսի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ «ՏՐԱՆՍ ՎԵՅ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ Կազմակերպության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 13.269.256 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 262 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վճարումն ուշացնելու համար սահմանված տուգանքի գումար՝ հաշվարկված 27.07.2017 թվականից մինչև 06.10.2017 թվականը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված տուգանքը՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար ուշացված գումարի 0,1%-ի չափով՝ հաշվարկված 07.10.2017 թվականից մինչև Ընկերության պարտավորության դադարման օրը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Սեդրակյան) (այսուհետ՝ Դատարան) 24.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.12.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 24.07.2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Էմիլ Ամիրխանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ­ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ` Արամազդ Կիվիրյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, 364-րդ հոդվածի 2-րդ մասը, 379-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից՝ իր որոշմամբ անդրադառնալով այնպիսի հարցերի, որոնք պատասխանողի կողմից գործի քննության ընթացքում երբևիցե չեն բարձրացվել:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքում բավարար հիմնավորումների բացակայության պայմաններում գտել է, որ Դատարանը սխալմամբ է սույն գործով կիրառելի համարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել Դատարանի կողմից նշված հոդվածի կիրառման (վկայակոչման) իրավական հետևանքները, այն է՝ գործի ելքի վրա դրա ազդեցությունը: Դրանով իսկ դատական ակտի բեկանման հարցում Վերաքննիչ դատարանը ցուցաբերել է ձևական մոտեցում։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վնասի հատուցման համար պարտադիր պայմանների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավական դիրքորոշումները վերաբերում են ինչպես արտապայմանագրային, այնպես էլ պայմանագրային հարաբերություններին: Առկա են պայմանագրային հարաբերություններից բխող վնասների հատուցման վերաբերյալ դատական գործեր, որոնց շրջանակում ՀՀ վճռաբեկ դատարանը կիրառելի է համարել վնասի հատուցման այն նույն պայմանները, որոնք կիրառելի են արտապայմանագրային հարաբերություններից բխող վնասների հատուցման նկատմամբ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ փոխադրման իրավահարաբերություններում օրենքով սահմանված է ոչ թե սահմանափակ, այլ լրիվ պատասխանատվության սկզբունքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածից հետևում է, որ բեռի ամբողջական կորստի դեպքում պետք է հատուցվի բեռի ամբողջ արժեքը, իսկ վնասվածքի դեպքում՝ այն արժեքի չափով, որով նվազել է դրա արժեքը: Դա ենթադրում է, որ մասնակի վնասվածքի դեպքում հատուցման ենթակա է կոնկրետ վնասված գույքի արժեքը, իսկ ամբողջական վնասվածքի դեպքում հատուցման ենթակա է ամբողջ գույքի արժեքը։ Բացի այդ, վնասները ոչ լրիվ հատուցելու իրավունք նախատեսված չէ նաև Ընկերության և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով:

Սույն գործով Ընկերության կողմից ներկայացված ապացույցներով հիմնավորվել է, որ պատասխանողի կողմից փոխադրված 18.013 կգ ապրանքի 21,7%-ը վնասված է եղել, որի հետևանքով վերջինս հրաժարվել է ընդունել բեռը։ Իսկ պատասխանող Կազմակերպության կողմից ներկայացված՝ ապրանքի ոչնչացման ակտից հետևում է, որ Ընկերության գույքը՝ 18.013 կգ լոլիկն ամբողջությամբ ոչնչացվել է։ Փաստորեն, սույն գործով հաստատվում է, որ պատասխանող Կազմակերպության կողմից իր պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում ոչնչացվել է ամբողջ ապրանքը, և Ընկերությանը հասցվել է վնաս՝ բեռի ողջ արժեքի չափով։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի կողմից ապացուցման բեռը բաշխելիս «փոխադրման հանձնված բեռի չվնասված՝ 78,3% մասը «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կողմից չընդունելու հանգամանքին» չանդրադառնալը հետևանք է այն բանի, որ պատասխանող Կազմակերպության կողմից նման հարցադրում գործի ողջ ընթացքում չի բարձրացվել։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.07.2018 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները և հիմնավորումները

Ընկերության վճռաբեկ բողոքն անհիմն է, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ իրավաչափ:

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը տվյալ դեպքում կիրառելի չէ: Սույն գործով կիրառելի է նույն օրենսգրքի 866-րդ հոդվածը, որը՝ որպես հատուկ նորմ, կարգավորում է փոխադրման հարաբերություններից ծագող վնասների հատուցման հարցը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի կիրառումը Դատարանի ոչ պատշաճ արդարադատության արդյունքն է: Իսկ Վերաքննիչ դատարանը շտկել է այդ սխալը:

Կազմակերպությունը կատարել է իր պայմանագրային պարտավորությունները, քանի որ Ընկերության կողմից իրեն հանձնված բեռը հասցրել է սահմանված վայր: Հետևաբար, Կազմակերպությանը պետք է վճարվի փոխադրման պայմանագրի գինը, ինչն անտեսվել է Դատարանի կողմից: Իսկ Ընկերությունը պատշաճ տեղեկացված է եղել թե՛ բեռի գտնվելու վայրի, թե՛ դրա վիճակի մասին, և վերջինիս անգործությունն է հանգեցրել բեռի առկա վնասի մոտ հնգապատիկի չափով ավելացմանը:

Ընկերության կողմից Կազմակերպությանը հանձնված բեռի միայն մի մասն է վնասված եղել այն «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին հասցնելու պահին: Իսկ «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կողմից բեռն ամբողջությամբ չընդունելու համար Կազմակերպությունը չի կարող պատասխանատվություն կրել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ընկերության (Պատվիրատու) և Կազմակերպության (Փոխադրող) միջև 11.07.2017 թվականին կնքվել է միջազգային հաղորդակցությամբ բեռների տեղափոխման մասին թիվ 08/2017 պայմանագիրը, որի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավորվել է Ընկերության կողմից իրեն վստահված գույքը, այն է՝ մինչև 20.000 կգ լոլիկ, ավտոտրանսպորտային միջոցներով առաքել բեռը ստացողին:

Պայմանագրի 3.2-րդ կետի համաձայն՝ փոխադրման արժեքը վճարվում է (...) 100% բեռը ստացողին նշանակման կետ հանձնելուց 3 բանկային օրվա ընթացքում:

Պայմանագրի 5.2-րդ կետի համաձայն՝ Փոխադրողը պատասխանատվություն է կրում ճանապարհին փոխադրվող բեռի ամբողջականության խախտման պատճառով Պատվիրատուի կրած վնասների համար (...):

Պայմանագրի 5.5-րդ կետի համաձայն՝ Պատվիրատուն պատասխանատվություն է կրում (...) պայմանագրի 3.2-րդ կետում նշված պայմանների խախտման պատճառով նախատեսված արժեքը ժամանակին չվճարելու համար և ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ ուշացված գումարի 0,1%-ի չափով (հատոր 1-ին, գ.թ. 7-11):

2. Նշված պայմանագրի հիման վրա Ընկերության (Պատվիրատու) և Կազմակերպության (Փոխադրող) միջև 14.07.2017 թվականին կազմվել է բեռնափոխադրման թիվ 10/2017 հայտը, որի համաձայն՝ Կազմակերպությունը պետք է Ընկերության կողմից իրեն վստահված բեռը 7 օրվա ընթացքում մեկ սառնարան մեքենայով առաքեր Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաք: Այդ բեռնափոխադրման արժեքը կազմել է 6.200 ԱՄՆ դոլար, իսկ Կազմակերպությանը կանխիկ վճարված գումարը՝ 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 12):

3. 15.07.2017 թվականի թիվ 17018 հաշիվ-ապրանքագրի, ինչպես նաև թիվ 150717 CMR բեռնագրի համաձայն՝ Ընկերության պատվերով Կազմակերպության կողմից փոխադրման ենթակա ապրանքը՝ 18.013 կգ քաշով լոլիկը, ենթակա է եղել առաքման «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին՝ Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաք: Բեռի արժեքը կազմել է 25.218,20 ԱՄՆ դոլար (հատոր 2-րդ, գ.թ. 11, 13, 14, 16):

4. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի պետական ծառայության կողմից 15.07.2017 թվականին Ընկերությանը տրվել է թիվ 0065681 բուսասանիտարական հավաստագիրը, որը հաստատում է, որ Ընկերության կողմից Կազմակերպությանը (Փոխադրողին) հանձնված 18.013 կգ քաշով լոլիկը ենթարկվել է տեսչական ստուգման, զերծ է կարանտին վնասակար օրգանիզմներից և համապատասխանում է ներմուծող պայմանավորվող կողմի բուսասանիտարական պահանջներին (հատոր 2-րդ, գ.թ. 2):

5. Բեռը ստացողի («Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի) կողմից 24.07.2017 թվականին կազմվել է արտադրանքի որակի սահմանված շեղման մասին ակտը, որի համաձայն՝ թիվ CMR 150717 բեռնագրով մատակարարված 18.013 կգ ապրանքի 21,7 % վնասված է եղել, որի հետևանքով «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ն հրաժարվել է ընդունել բեռը (հատոր 2-րդ, գ.թ. 4-6):

6. «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ն, չընդունելով Կազմակերպության կողմից փոխադրված բեռը՝ 18.013 կգ քաշով լոլիկը, կատարել է լուսանկարներ և դրանք ուղարկել է Ընկերության էլեկտրոնային փոստի հասցեին: Լուսանկարներում երևում է նեխած, բորբոսնած և գերհասած լոլիկ (հատոր 2-րդ, գ.թ. 18-19, 23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ, 1058-րդ հոդվածների խախտումներ, ինչը, սակայն, հերքվում է ստորև ներկայացվող պատճառաբանություններով.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցերին.

- արդյո՞ք պատճառված վնասի հատուցման համար սահմանված նյութաիրավական պայմանները (վնասի առկայություն, ոչ օրինաչափ վարքագիծ, վնասի և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապ, պարտապանի մեղք) գործում են պայմանագրային պարտավորություններից առաջացող վնասների հատուցման հարաբերությունների նկատմամբ, թե ոչ,

- փոխադրման իրավահարաբերություններում առաջացող վնասների հատուցման դեպքում գործում է արդյոք լրիվ պատասխանատվության սկզբունքը,

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերից յուրաքանչյուրը պայմանագրով պարտականություն է կրում հօգուտ մյուս կողմի, ապա նա մյուս կողմի պարտապանն է այն բանում, ինչը պարտավոր է անել հօգուտ նրա և միաժամանակ նրա պարտատերն է այն բանով, ինչն իրավունք ունի նրանից պահանջել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը (ստացողը) պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գնորդը (ստացողը) ընդունված ապրանքները պետք է զննի օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված ժամկետում: Գնորդը (ստացողը) պարտավոր է այդ նույն ժամկետում` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված կարգով, ստուգել ընդունած ապրանքների քանակն ու որակը և հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել մատակարարին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 529-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գնորդը, առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարից չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, մատակարարն իրավունք ունի գնորդից պահանջել վճարելու ապրանքի համար:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ մատակարարման պայմանագրի կատարման համար անհրաժեշտ է, որ մատակարարը գնորդին հանձնի պայմանագրով նախատեսված ապրանքները, իսկ գնորդը դրանք ընդունի: Ընդ որում, պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու պարագայում ապրանքը հանձնելու պարտականությունը համարվում է կատարված, եթե ապրանքը փաստացի հանձնվել է գնորդին: Ինչ վերաբերում է գնորդի կողմից ապրանքն ընդունելուն, ապա այն ներառում է վերջինիս կողմից այնպիսի գործողությունների կատարում, որոնցով պետք է ապահովվի մատակարարված ապրանքները փաստացի տիրապետման ընդունելը, ինչպես նաև պարզվի ապրանքի համապատասխանությունը պայմանագրով նախատեսված պայմաններին: Բացի դրանից, ապրանքի համար վճարելու պահանջի իրավունքը մատակարարի մոտ առաջանում է այն դեպքում, երբ գնորդը, առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարից չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց: Տվյալ դեպքում գնորդի կողմից ապրանքից հրաժարվելը պետք է արտահայտվի հստակ և լինի որոշակի: Այսինքն` գնորդը պետք է կատարի այնպիսի գործողություններ կամ դրսևորի այնպիսի անգործություն, որոնք օբյեկտիվորեն վկայում են ապրանքը չընդունելու կամ այն ընդունելուց հրաժարվելու մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 854-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումն իրականացվում է փոխադրման պայմանագրի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 855-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բեռի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է առաքողի կողմից իրեն վստահված բեռը հասցնել նշանակված վայրը և այն հանձնել բեռն ստանալու համար լիազորված անձին (ստացողին), իսկ առաքողը պարտավորվում է վճարել բեռի փոխադրման համար սահմանված վարձը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 863-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխադրման պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում կողմերը կրում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռն ստացողին, նրա լիազորած անձին կամ ուղեբեռն ստանալու համար լիազորված անձին հանձնելը, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ բեռի կամ ուղեբեռի պահպանված չլինելու պատճառների մասին փոխադրողի կազմած միակողմանի փաստաթղթերը (առևտրային ակտ, ընդհանուր ձևի ակտ և այլն) վեճի դեպքում, դատարանի կողմից ենթակա են գնահատման այդ հանգամանքները վկայող այլ փաստաթղթերի հետ միասին, որոնք կարող են հիմք ծառայել բեռ կամ ուղեբեռ փոխադրողի, առաքողի կամ ստացողի պատասխանատվության համար:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ բեռի կամ ուղեբեռի վնասվածքի համար փոխադրողը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքում, երբ վնասվածքը տեղի է ունեցել բեռը կամ ուղեբեռը փոխադրման համար ընդունելուց հետո մինչև այն ստացողին, նրա լիազորած անձին կամ այն ստանալու համար լիազորված անձին հանձնելը: Ընդ որում, այդ վնասվածքը պետք է տեղի ունեցած լինի այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը կարող էր կանխել, և այդ վնասվածքի վերացումը կախված է եղել իրենից: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ վիճարկվում է փոխադրողի կողմից պարտավորությունը պատշաճ կատարված լինելը, մասնավորապես առաքվող ապրանքի վնասման համար վերջինիս պատասխանատվության հարցը, փոխադրողի վրա է դրվում այն փաստն ապացուցելու պարտականությունը, թե արդյոք բեռի վնասվածքը տեղի է ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որը վերացնելն իրենից կախված չէր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ կետով օրենսդիրը նախատեսել է մեղքի բացակայության պարագայում պարտավորությունը խախտած անձի պատասխանատվությունը, եթե պարտավորությունը բխում է ձեռնարկատիրական գործունեության իրականացումից: Նշված իրավանորմի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիu պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատաuխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այuինքն՝ տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեuված չէ oրենքով կամ պայմանագրով։

Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածն ուղղված է վնաս պատճառելուց ծագած պարտավորությունների կարգավորմանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ և 1058-րդ հոդվածները կարգավորում են վնասի հատուցման տարբեր և ինքնուրույն հարաբերություններ: Մասնավորապես, առաջինով կարգավորված է վնասի՝ որպես պայմանագրային պարտավորությունների խախտման արդյունքների հատուցումը, իսկ երկրորդով կարգավորված է վնասի՝ որպես արտապայմանագրային պարտավորական հարաբերությունների ծագման հիմքի հատուցումը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը՝ որպես արտապայմանագրային պատասխանատվություն սահմանող նորմ, կիրառելի չէ այն դեպքերի նկատմամբ, երբ վնասն առաջացել է պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այն դեպքում, երբ պայմանագրային հարաբերությունների առկայության պայմաններում վնասի հատուցումը կարգավորված չէ պայմանագրի դրույթներով և պայմանագրերի տվյալ տեսակին վերաբերող քաղաքացիական օրենսդրությամբ, դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ պատճառված վնասի համար պատասխանատվության պայմանների, դրանց առկայության կամ բացակայության ապացուցման բեռի բաշխման հարցերի վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բեռի կամ ուղեբեռի փոխադրման ժամանակ պատճառված վնասը փոխադրողը հատուցում է`

(...) 2) բեռի կամ ուղեբեռի վնասվածքի դեպքում` այն գումարի չափով, որով նվազել է դրա արժեքը, իսկ վնասված բեռի կամ ուղեբեռի վերանորոգման անհնարինության դեպքում` դրա արժեքի չափով. (...):

Բեռի կամ ուղեբեռի արժեքը որոշվում է վաճառողի հաշիվներում նշված կամ պայմանագրով նախատեսված գնից, իսկ հաշվում կամ պայմանագրում գնի վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում` այն գնից, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի և վնասվածքի հետևանքով առաջացած վնասի հատուցման հետ մեկտեղ փոխադրողն առաքողին (ստացողին) վերադարձնում է փոխադրավարձը, որը գանձվել էր կորած, պակասած կամ վնասված բեռի կամ ուղեբեռի փոխադրման համար, եթե այն չի մտնում բեռի արժեքի մեջ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 2-րդ կետի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ ուղեբեռի փոխադրման ժամանակ պատճառված վնասը փոխադրողը բեռի վնասվածքի դեպքում հատուցում է այն գումարի չափով, որով նվազել է բեռի արժեքը, իսկ վնասված բեռի վերանորոգման անհնարինության դեպքում` դրա արժեքի չափով, այսինքն՝ իր մեղքով պատճառված վնասի չափով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի նյութերից հետևում է, որ մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառող հանդիսացող Ընկերությունը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդ հանդիսացող «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ այլ նպատակներով օգտագործելու համար: Պայմանագրային հարաբերությունները հաստատող թիվ 150717 CMR բեռնագրի համաձայն՝ փոխադրվող 18.013 կգ ապրանքը ենթակա է եղել առաքման «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին՝ Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաք:

Փոխադրման պայմանագրով Կազմակերպությունը պարտավորվել է Ընկերության կողմից իրեն վստահված բեռը հասցնել նշանակված վայրը և այն հանձնել բեռը ստանալու համար լիազորված անձին՝ «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին, իսկ Ընկերությունը պարտավորվել է վճարել բեռի փոխադրման համար սահմանված վարձը, որը կատարվել է մասնակի` 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Միաժամանակ, Փոխադրման պայմանագրի համաձայն՝ Կազմակերպությունը պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռը «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին հանձնելը, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը կամ վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որը վերացնելն իրենից կախված չէր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի պետական ծառայության կողմից 15.07.2017 թվականին Ընկերությանը տրվել է թիվ 0065681 բուսասանիտարական հավաստագիրն առ այն, որ Ընկերության կողմից Կազմակերպությանը հանձնված 18.013 կգ քաշով լոլիկը ենթարկվել է տեսչական ստուգման, զերծ է կարանտին վնասակար օրգանիզմներից և համապատասխանում է ներմուծող պայմանավորվող կողմի բուսասանիտարական պահանջներին: «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կողմից 24.07.2017 թվականին կազմվել է արտադրանքի որակի սահմանված շեղման մասին ակտ, որի համաձայն՝ թիվ CMR 150717 բեռնագրով մատակարարված 18.013 կգ ապրանքի 21,7 % վնասված է եղել, ինչի հետևանքով «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ն հրաժարվել է ընդունել բեռը՝ ապրանքի լուսանկարներն ուղարկելով Ընկերության էլեկտրոնային փոստի հասցեին, որոնցում երևում է նեխած, բորբոսնած և գերհասած լոլիկ:

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 27.718,2 ԱՄՆ դոլարին /2.500+25.718,2/ համարժեք 13.269,256 ՀՀ դրամ, այն է՝ 18.013 կգ քաշով բեռի արժեքը՝ հաշիվ-ապրանքագրում նշված չափով՝ 25.218,20 ԱՄՆ դոլար, ինչպես նաև բեռնափոխադրման համար Պատասխանողին կանխիկ վճարված գումարը՝ 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Դատարանը, բավարարելով Ընկերության հայցը և մերժելով Կազմակերպության հակընդդեմ հայցը, վճռով անդրադարձել է բեռն արդեն վնասված վիճակում ստացողին հանձնելու համար նշանակված վայր հասցնելու փաստին, և արձանագրել է, որ Ընկերությունը որպես նշված փաստը հիմնավորող ապացույց Դատարանին է ներկայացրել բեռը ստացող «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կողմից 24.07.2017 թվականին տրված արտադրանքի որակի սահմանված շեղման մասին ակտը, որի համաձայն՝ թիվ 150717 CMR բեռնագրով մատակարարված 18.013 կգ ապրանքի 21,7 % վնասված է եղել, ինչի հետևանքով վերջինս հրաժարվել է ընդունել բեռը: Անդրադառնալով այն փաստին, թե արդյոք բեռը վնասվել է Պատվիրատուի կողմից բեռը փոխադրողին հանձնելուց հետո՝ Դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից ներկայացվել է ապացույց, այն է՝ Ընկերության կողմից 15.07.2017 թվականին և 18.07.2017 թվականին ՀՀ-ից արտահանված լոլիկի որակի վերաբերյալ բուսասանիտարական թիվ 0065681 հավաստագիրը՝ տրված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի պետական ծառայության կողմից: Վերոգրյալի հիման վրա Դատարանը հաստատված է համարել, որ լոլիկը պատվիրատուի կողմից փոխադրողին է հանձնվել պատշաճ և անվնաս վիճակում:

Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, միաժամանակ անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք բեռը վնասվել է պատասխանողի մեղքով, թե բեռի վնասը տեղի է ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր, և արձանագրել է, որ նշված փաստի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կրում է պատասխանողը: Անդրադառնալով պատասխանողի դիրքորոշմանը՝ Դատարանն արձանագրել է, որ պատասխանողի կողմից ներկայացված՝ տրանսպորտային միջոցի վարորդի գրավոր բացատրության համաձայն՝ բեռնախցիկում պահպանվել են համապատասխան ջերմաստիճանային պայմանները, ուստի բեռը չէր կարող վնասվել ջերմաստիճանի տատանման պատճառով: Դատարանն արձանագրել է, որ պատասխանողը պարտավոր էր ապացուցել ոչ թե այն, թե բեռը ինչ պատճառով չէր կարող վնասվել, այլ այն, որ բեռի վնասը տեղի է ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելն իրենից կախված չէր: Դատարանի համար վիճելի է մնացել այն փաստը, թե որն է եղել բեռի վնասման պատճառը, և արդյոք պատասխանողից էր կախված վնասի պատճառ հանդիսացող հանգամանքները վերացնելը, վնասը կանխելը, թե՝ ոչ: Դատարանը գտել է, որ նշված փաստերի ապացուցման պարտականությունը չկատարելու բացասական հետևանքները կրում է պատասխանողը, հետևաբար Դատարանը հաստատված է համարել, որ պատասխանողը պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը ոչ պատշաճ է կատարել: Անդրադառնալով վնասի չափին՝ Դատարանն արձանագրել է, որ բեռի կամ ուղեբեռի արժեքը որոշվում է վաճառողի հաշիվներում նշված կամ պայմանագրով նախատեսված գնից, իսկ 18.013 կգ լոլիկի արժեքը 15.07.2017 թվականին թիվ 17018 հաշիվ-ապրանքագրի համաձայն կազմել է 25.218,20 ԱՄՆ դոլար:

Անդրադառնալով այն փաստին, թե արդյոք Հայցվորի կրած վնասն առաջացել է պատասխանողի կողմից իր պարտավորությունը ոչ պատշաճ կատարելու հետևանքով, թե այլ պատճառով, Դատարանն արձանագրել է, որ պատասխանողի կողմից իր պարտավորությունը ոչ պատշաճ կատարելու և Հայցվորի կրած վնասի միջև առկա է օբյեկտիվ և անհրաժեշտ կապ, քանի որ հայցվորի կրած վնասն ուղղակի հետևանք է այն բանի, որ ստացողը չի ընդունել առաքված ապրանքը, իսկ ստացողի կողմից ապրանքը չընդունելու պատճառը եղել է պատասխանողի կողմից իր պարտավորությունը ոչ պատշաճ կատարելը, այն է՝ բեռը վնասված տեղ հասցնելը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու մասին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Կազմակերպության և Ընկերության միջև առաջացել են բեռների փոխադրման պարտավորական` պայմանագրային հարաբերություններ, և կողմերի միջև վեճ առաջանալու դեպքում այն պետք է լուծվի բեռների փոխադրման պայմանագրային և պարտավորական հարաբերությունները կարգավորող իրավանորմերի հիման վրա: Մինչդեռ, թեև Դատարանը նշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 345-րդ, 347-րդ, 408-րդ, 409-րդ, 855-րդ, 863-րդ, 866-րդ հոդվածները, սույն գործը քննելիս կիրառել է նաև արտապայմանագրային հարաբերությունների նկատմամբ կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը՝ թույլ տալով նյութական իրավունքի նորմի խախտում, քանի որ սույն գործով վեճի առարկա են հադիսանում բեռների փոխադրման կապակցությամբ առաջացող պայմանագրային հարաբերությունները, որոնց նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը կիրառելի չէ: Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունք է համարել նաև այն հանգամանքը, որ Դատարանը հետագայում իր դիրքորոշումը հիմնավորել է թիվ ՀՔԴ3/0016/02/08, թիվ ԵՔԴ/0036/02/08 քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներով, որոնք ամբողջությամբ նույնպես վերաբերում են արտապայմանագրային հարաբերություններին:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է նաև այն պատճառաբանությունը, որ տվյալ գործով պատասխանողի պատասխանատվությունը վրա է հասնում ոչ թե վերջինիս մեղքի առկայության դեպքում, այլ եթե պատասխանողը չապացուցի, որ վնասը վրա է հասել անհաղթահարելի ուժի, այն է` արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով։ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի կիրառմամբ Դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը հանգեցրել է գործի սխալ լուծման։

Վերոնշյալ իրավական վերլուծության հիման վրա սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում, անդրադառնալով կիրառելի նյութական իրավունքի սխալ ընտրության և գործի ելքի վրա այդ խախտման ազդեցության հարցին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն արձանագրել է, որ սույն գործով վեճի առարկա են հադիսանում բեռների փոխադրման կապակցությամբ առաջացող պայմանագրային հարաբերությունները, ուստի սույն գործի քննության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը կիրառման ենթակա չէ: Ինչ վերաբերում է տվյալ դատական սխալի՝ սույն գործի ելքի վրա ազդեցություն չունենալու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանը, քննարկելով պատճառված վնասի համար պատասխանատվության պայմանները արտապայմանագրային հարաբերությունների կարգավորումների համաձայն, Կազմակերպության՝ որպես փոխադրողի վրա է դրել Ընկերության կրած վնասներն ամբողջությամբ` առաքված բեռի արժեքի չափով հատուցելու պարտականություն, այսինքն՝ կիրառել է լրիվ պատասխանատվության սկզբունքը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ փոխադրման հարաբերություններում գործում է փոխադրողի կողմից պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքը, այն է՝ ուղեբեռի փոխադրման ժամանակ պատճառված վնասը Կազմակերպությունը բեռի վնասվածքի դեպքում հատուցում է այն գումարի չափով, որով նվազել է բեռի արժեքը, իսկ վնասված բեռի վերանորոգման անհնարինության դեպքում` դրա արժեքի չափով: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, սխալ կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը և գնահատելով ամբողջ բեռի վնասվածքը որպես բացառապես Բողոքաբերի գործողությունների հետևանք, պատշաճ քննություն չի կատարել փոխադրման հանձնված բեռի չվնասված` 78,3% մասը «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կողմից չընդունելու հանգամանքը, որպիսի իրավաչափ եզրակացության է հանգել նաև Վերաքննիչ դատարանը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձի հիմնավորումներն ու փաստարկները բավարար չեն բողոքի հիմքերը հիմնավորված համարելու համար:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հիմնավորվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բողոքաբեր Ընկերության դեմ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին։ ՀՀ սնանկության դատարանը 30.09.2020 թվականին «Բիլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի դիմումը է բավարարել է և Ընկերությունը ճանաչվել է սնանկ։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով։

 

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով առկա է պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ, որն էլ հիմք է գործի վարույթը կարճելու համար։

 

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճռաբեկ բողոքը հայցի մասով մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, և Դատարանի 24.07.2018 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2018 թվականի որոշումը հայցի մասով թողնել անփոփոխ, իսկ հակընդդեմ հայցի մասով բեկանել և գործի վարույթը կարճել։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՆԴ/2914/02/17 քաղաքացիական գործով 20052022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

20052022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով «ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ «ՏՐԱՆՍ ՎԵՅ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ Կազմակերպության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, 20052022 թվականին որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2018 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

Վճռաբեկ դատարանի դատավորներ ՍԱնտոնյանս, Ա Բարսեղյանս, Տ Պետրոսյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը որոշման վերաբերյալ։

 

1 Գործի դատավարական նախապատմությունը հետևյալն է

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 13.269.256 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 262 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վճարումն ուշացնելու համար սահմանված տուգանքի գումար՝ հաշվարկված 27.07.2017 թվականից մինչև 06.10.2017 թվականը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված տուգանքը՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար ուշացված գումարի 0,1%-ի չափով՝ հաշվարկված 07.10.2017 թվականից մինչև Ընկերության պարտավորության դադարման օրը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Սեդրակյան) (այսուհետ՝ Դատարան) 24.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.12.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 24.07.2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության (ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյան):

 

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը:

 

2 Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով

Սույն վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, 364-րդ հոդվածի 2-րդ մասը, 379-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից՝ իր որոշմամբ անդրադառնալով այնպիսի հարցադրումների, որոնք պատասխանողի կողմից գործի քննության ընթացքում երբևիցե չեն բարձրացվել: Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է ձևական՝ գործի լուծման համար էական նշանակություն չունեցող անհիմն փաստարկներ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքում բավարար հիմնավորումների բացակայության պայմաններում գտել է, որ Դատարանը սխալմամբ է սույն գործով կիրառելի համարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել Դատարանի կողմից նշված հոդվածի կիրառման (վկայակոչման) իրավական հետևանքները, այն է՝ գործի ելքի վրա դրա ազդեցությունը: Դրանով իսկ դատական ակտի բեկանման հարցում Վերաքննիչ դատարանը ցուցաբերել է ձևական մոտեցում։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վնասի հատուցման համար պարտադիր պայմանների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավական դիրքորոշումները վերաբերում են ինչպես արտապայմանագրային, այնպես էլ պայմանագրային հարաբերություններին: Առկա են պայմանագրային հարաբերություններից բխող վնասների հատուցման վերաբերյալ դատական գործեր, որոնց շրջանակում ՀՀ վճռաբեկ դատարանը կիրառելի է համարել վնասի հատուցման այն նույն պայմանները, որոնք կիրառելի են արտապայմանագրային հարաբերություններից բխող վնասների հատուցման նկատմամբ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ փոխադրման իրավահարաբերություններում օրենքով սահմանված է ոչ թե սահմանափակ, այլ լրիվ պատասխանատվության սկզբունքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածից հետևում է, որ բեռի ամբողջական կորստի դեպքում պետք է հատուցվի բեռի ամբողջ արժեքը, իսկ վնասվածքի դեպքում՝ այն արժեքի չափով, որով նվազել է դրա արժեքը: Դա ենթադրում է, որ մասնակի վնասվածքի դեպքում հատուցման ենթակա է կոնկրետ վնասված գույքի արժեքը, իսկ ամբողջական վնասվածքի դեպքում հատուցման ենթակա է ամբողջ գույքի արժեքը։ Բացի այդ, վնասները ոչ լրիվ հատուցելու իրավունք նախատեսված չէ նաև Ընկերության և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով:

Սույն գործով հայցվոր Ընկերության կողմից ներկայացված ապացույցներով հիմնավորվել է, որ պատասխանողի կողմից փոխադրված 18.013 կգ ապրանքի 21,7%-ը վնասված է եղել, որի հետևանքով վերջինս հրաժարվել է ընդունել բեռը։ Իսկ պատասխանող Կազմակերպության կողմից ներկայացված՝ ապրանքի ոչնչացման ակտից հետևում է, որ Ընկերության գույքը՝ 18.013 կգ լոլիկը, ամբողջությամբ ոչնչացվել է։ Փաստորեն, սույն գործով հաստատվում է, որ պատասխանող Կազմակերպության կողմից իր պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում ոչնչացվել է ամբողջ ապրանքը, և Ընկերությանը հասցվել է վնաս՝ բեռի ողջ արժեքի չափով։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի կողմից ապացուցման բեռը բաշխելիս «պատշաճ քննություն չի կատարել փոխադրման հանձնված բեռի չվնասված՝ 78,3% մասը «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կողմից չընդունելու հանգամանքին» չանդրադառնալը հետևանք է այն բանի, որ պատասխանող Կազմակերպության կողմից նման հարցադրում գործի ողջ ընթացքում չի բարձրացվել։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.07.2018 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները և հիմնավորումները

Ընկերության վճռաբեկ բողոքն անհիմն է, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ իրավաչափ:

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը տվյալ դեպքում կիրառելի չէ: Սույն գործով կիրառելի է նույն օրենսգրքի 866-րդ հոդվածը, որը՝ որպես հատուկ նորմ, կարգավորում է փոխադրման հարաբերություններից ծագող վնասների հատուցման հարցը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի կիրառումը Դատարանի ոչ պատշաճ արդարադատության արդյունքն է: Իսկ Վերաքննիչ դատարանը շտկել է այդ սխալը:

Կազմակերպությունը կատարել է իր պայմանագրային պարտավորությունները, քանի որ Ընկերության կողմից իրեն հանձնված բեռը հասցրել է սահմանված վայր: Հետևաբար, Կազմակերպությանը պետք է վճարվի փոխադրման պայմանագրի գինը, ինչն անտեսվել է Դատարանի կողմից: Իսկ Ընկերությունը պատշաճ տեղեկացված է եղել թե՛ բեռի գտնվելու վայրի, թե՛ դրա վիճակի մասին, և վերջինիս անգործությունն է հանգեցրել բեռի առկա վնասի մոտ հնգապատիկի չափով ավելացմանը:

Ընկերության կողմից Կազմակերպությանը հանձնված բեռի միայն մի մասն է վնասված եղել բեռը «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին հասցնելու պահին: Իսկ «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կողմից բեռն ամբողջությամբ չընդունելու համար Կազմակերպությունը չի կարող պատասխանատվություն կրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական են համարվել հետևյալ հանգամանքները.

1) 11.07.2017 թվականին Ընկերության (Պատվիրատու) և Կազմակերպության (Փոխադրող) միջև կնքվել է միջազգային հաղորդակցությամբ բեռների տեղափոխման մասին թիվ 08/2017 պայմանագիրը, որի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավորվել է Ընկերության կողմից իրեն վստահված գույքը, այն է՝ մինչև 20.000 կգ լոլիկ, ավտոտրանսպորտային միջոցներով առաքել բեռը ստացողին:

Պայմանագրի 3.2-րդ կետի համաձայն՝ փոխադրման արժեքը վճարվում է (...) 100% բեռը ստացողին նշանակման կետ հանձնելուց 3 բանկային օրվա ընթացքում:

Պայմանագրի 5.2-րդ կետի համաձայն՝ Փոխադրողը պատասխանատվություն է կրում ճանապարհին փոխադրվող բեռի ամբողջականության խախտման պատճառով Պատվիրատուի կրած վնասների համար (...):

Պայմանագրի 5.5-րդ կետի համաձայն՝ Պատվիրատուն պատասխանատվություն է կրում (...) պայմանագրի 3.2-րդ կետում նշված պայմանների խախտման պատճառով նախատեսված արժեքը ժամանակին չվճարելու համար և ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ ուշացված գումարի 0,1%-ի չափով (հատոր 1-ին, գ.թ. 7-11):

2) Նշված պայմանագրի հիման վրա Ընկերության (Պատվիրատու) և Կազմակերպության (Փոխադրող) միջև 14.07.2017 թվականին կազմվել է բեռնափոխադրման թիվ 10/2017 հայտը, որի համաձայն՝ Կազմակերպությունը պետք է Ընկերության կողմից իրեն վստահված բեռը 7 օրվա ընթացքում մեկ սառնարան մեքենայով առաքեր Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաք: Այդ բեռնափոխադրման արժեքը կազմել է 6.200 ԱՄՆ դոլար, իսկ Կազմակերպությանը կանխիկ վճարված գումարը՝ 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 12):

3) 15.07.2017 թվականի թիվ 17018 հաշիվ-ապրանքագրի, ինչպես նաև թիվ 150717 CMR բեռնագրի համաձայն՝ Ընկերության պատվերով Կազմակերպության կողմից փոխադրման ենթակա ապրանքը՝ 18.013 կգ քաշով լոլիկը, ենթակա է եղել առաքման «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին՝ Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաք: Բեռի արժեքը կազմել է 25.218,20 ԱՄՆ դոլար (հատոր 2-րդ, գ.թ. 11, 13, 14, 16):

4) ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի պետական ծառայության կողմից 15.07.2017 թվականին Ընկերությանը տրվել է թիվ 0065681 բուսասանիտարական հավաստագիրը, որը հաստատում է, որ Ընկերության կողմից Կազմակերպությանը (Փոխադրողին) հանձնված 18.013 կգ քաշով լոլիկը ենթարկվել է տեսչական ստուգման, զերծ է կարանտին վնասակար օրգանիզմներից և համապատասխանում է ներմուծող պայմանավորվող կողմի բուսասանիտարական պահանջներին (հատոր 2-րդ, գ.թ. 2):

5) Բեռը ստացողի («Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի) կողմից 24.07.2017 թվականին կազմվել է արտադրանքի որակի սահմանված շեղման մասին ակտը, որի համաձայն՝ թիվ CMR 150717 բեռնագրով մատակարարված 18.013 կգ ապրանքի 21,7 % վնասված է եղել, որի հետևանքով «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ն հրաժարվել է ընդունել բեռը (հատոր 2-րդ, գ.թ. 4-6):

6) «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ն, չընդունելով Կազմակերպության կողմից փոխադրված բեռը՝ 18.013 կգ քաշով լոլիկը, կատարել է լուսանկարներ և դրանք ուղարկել է Ընկերության էլեկտրոնային փոստի հասցեին: Լուսանկարներում երևում է նեխած, բորբոսնած և գերհասած լոլիկ (հատոր 2-րդ, գ.թ. 18-19, 23):

 

4. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն ըստ էության համաձայնվել է վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հետ և բողոքը մերժել է ստորև ներկայացված՝ պատճառաբանություններով

«Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու մասին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Կազմակերպության և Ընկերության միջև առաջացել են բեռների փոխադրման պարտավորական` պայմանագրային հարաբերություններ, և կողմերի միջև վեճ առաջանալու դեպքում այն պետք է լուծվի բեռների փոխադրման պայմանագրային և պարտավորական հարաբերությունները կարգավորող իրավանորմերի հիման վրա: Մինչդեռ, թեև Դատարանը նշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 345-րդ, 347-րդ, 408-րդ, 409-րդ, 855-րդ, 863-րդ, 866-րդ հոդվածները, սույն գործը քննելիս կիրառել է նաև արտապայմանագրային հարաբերությունների նկատմամբ կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը՝ թույլ տալով նյութական իրավունքի նորմի խախտում, քանի որ սույն գործով վեճի առարկա են հադիսանում բեռների փոխադրման կապակցությամբ առաջացող պայմանագրային հարաբերությունները, որոնց նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը կիրառելի չէ: Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունք է համարել նաև այն հանգամանքը, որ Դատարանը հետագայում իր դիրքորոշումը հիմնավորել է թիվ ՀԿԴ3/0016/02/08, ԵՔԴ/0036/02/08 քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներով, որոնք ամբողջությամբ նույնպես վերաբերում են արտապայմանագրային հարաբերություններին: Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է նաև այն պատճառաբանությունը, որ տվյալ գործով պատասխանողի պատասխանատվությունը վրա է հասնում ոչ թե վերջինիս մեղքի առկայության դեպքում, այլ եթե պատասխանողը չապացուցի, որ վնասը վրա է հասել անհաղթահարելի ուժի, այն է` արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով։ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի կիրառմամբ Դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը հանգեցրել է գործի սխալ լուծման»։

Վերոնշյալ իրավական վերլուծության հիման վրա սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում, անդրադառնալով կիրառելի նյութական իրավունքի սխալ ընտրության և գործի ելքի վրա դրա այդ խախտման ազդեցության հարցին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն արձանագրել է, որ սույն գործով վեճի առարկա են հադիսանում բեռների փոխադրման կապակցությամբ առաջացող պայմանագրային հարաբերությունները, ուստի սույն գործի քննության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը կիրառման ենթակա չէ: Ինչ վերաբերում է տվյալ դատական սխալի՝ սույն գործի ելքի վրա ազդեցություն չունենալու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանը, քննարկելով պատճառված վնասի համար պատասխանատվության պայմանները արտապայմանագրային հարաբերությունների կարգավորումների համաձայն, Կազմակերպության՝ որպես փոխադրողի վրա է դրել Ընկերության կրած վնասներն ամբողջությամբ` առաքված բեռի արժեքի չափով հատուցելու պարտականություն, այսինքն՝ կիրառել է լրիվ պատասխանատվության սկզբունքը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ փոխադրման հարաբերություններում գործում է փոխադրողի կողմից պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքը, այն է՝ ուղեբեռի փոխադրման ժամանակ պատճառված վնասը Կազմակերպությունը բեռի վնասվածքի դեպքում հատուցում է այն գումարի չափով, որով նվազել է բեռի արժեքը, իսկ վնասված բեռի վերանորոգման անհնարինության դեպքում` դրա արժեքի չափով: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, սխալ կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը և գնահատելով ամբողջ բեռի վնասվածքը որպես բացառապես Բողոքաբերի գործողությունների հետևանք, պատշաճ քննություն չի կատարել փոխադրման հանձնված բեռի չվնասված` 78,3% մասը «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կողմից չընդունելու հանգամանքը, որպիսի իրավաչափ եզրակացության է հանգել նաև Վերաքննիչ դատարանը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է որ, բողոք բերած անձի հիմնավորումներն ու փաստարկները բավարար չեն բողոքի հիմքերը հիմնավորված համարելու համար:

 

Մինչդեռ պետք է նշենք, որ վճռաբեկ բողոքը պետք բավարարվեր հետևյալ պատճառաբանությամբ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են՝ վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են՝ վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները։

Նույն օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում (...):

Վերոնշյալից հետևում է, որ վերաքննիչ բողոքի հիմքը վերաքննիչ բողոքում նշված դատական սխալն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը, ըստ բողոք բերող անձի, ազդել է գործի ելքի վրա: Իսկ վերաքննիչ բողոքի հիմնավորումները վերաքննիչ բողոքի հիմքերի առկայության, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ փաստարկներն են, որոնց հիման վրա բողոք բերող անձը հիմնավորում է վերաքննիչ բողոքում ներկայացրած իր պահանջը:

Վերոգրյալից նաև հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում և չի կարող սեփական հայեցողությամբ անդրադառնալ և քննության առարկա դարձնել այնպիսի իրավական հարցադրումներ, որոնք վերաքննիչ բողոքում չեն նշվել:

Հարկ ենք համարում արձանագրել, որ վերոնշյալ կարգավորումները բխում են նաև դատավարության կողմերի տնօրինչականության և մրցակցության սկզբունքներից:

Այսպես՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, բողոքարկել, թե չբողոքարկել դատական ակտերը, իսկ բողոքարկելու դեպքում նաև որոշել թե ինչ հիմքերով և հիմնավորումներով է այն բողոքարկում, իսկ դատարանն իր հերթին իրավասու չէ սեփական հայեցողությամբ դրանք փոփոխել:

Սույն գործով բերված վերաքննիչ բողոքի 1-ին հիմքով Կազմակերպությունը փաստարկել էր, որ սույն գործով Դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, քանի որ այն կիրառելի է միայն արտապայմանագրային հարաբերությունների նկատմամբ, իսկ սույն գործով կիրառելի է նույն օրենսգրքի 409-րդ հոդվածը։ Այնուհետև, բողոք բերած անձը, փորձելով հիմնավորել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի կիրառության բացասական հետևանքները գործի ելքի վրա, նշել է, որ պայմանագրային պարտավորությունների նկատմամբ կիրառելի է թիվ ԵՇԴ/0177/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը, որով ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է բաց թողնված օգուտի հիմնահարցին և նման հայցերով ապացուցման ենթակա հանգամանքներին։ Վերաքննիչ բողոքում բացակայում է որևէ այլ հիմնավորում, թե ինչու է Դատարանը սխալ կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, և թե նշված ենթադրյալ սխալը ինչպես կարող էր ազդել գործի ելքի վրա։

 

Սակայն Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, և դրանով իսկ խախտելով դատավարության կողմերի տնօրինչականության, հավասարության և մրցակցության սկզբունքները, փորձել է կողմի փոխարեն հիմնավորել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի կիրառելի չլինելը և դրա կիրառման ազդեցությունը գործի ելքի վրա։

 

Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, կատարել է հետևյալ եզրահանգումները.

Ա) Պատճառված վնասի համար պատասխանատվության պայմանների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկան (վնասի առկայություն, ոչ օրինաչափ վարքագծի, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը) վերաբերում է միայն արտապայմանագրային պարտավորություններին և կիրառելի չէ պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում վնասի հատուցման հարաբերությունների նկատմամբ:

Բ) Պայմանագրային և, մասնավորապես, փոխադրման իրավահարաբերությունները նախատեսում են սահմանափակ պատասխանատվության սկզբունքը:

Գ) Դատարանն անտեսել է, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտները պատասխանատվություն են կրում «առանց մեղքի» սկզբունքով:

 

Վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս գալու հանգամանքը լրացուցիչ անգամ հիմնավորվում է հենց Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասի կառուցվածքից և բովանդակությունից։ Մասնավորապես՝ վերջինս իր որոշման պատճառաբանական մասի 1-ին կետով նշել է հետևյալը. «Մինչ վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալը Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ կողմերի միջև վեճը վերաբերում է բեռնափոխադրման հարաբերություններին, ուստի անհրաժեշտ է պարզել կողմերի միջև ծագած հարաբերությունների իրավական բնույթը, ըստ այդմ և՝ վեճի լուծման համար կիրառելի իրավական նորմերը»: Միայն որոշման պատճառաբանական մասի 2-րդ կետով է Վերաքննիչ դատարանն անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին՝ նշված մասը վերնագրելով «Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների մասով»: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը հենց իր դատական ակտով ընդունել է այն հանգամանքը, որ դրա առաջին մասը, որով վերջինս կատարել է վերոնշյալ երեք պնդումները, վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս է։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պետք է արձանագրենք, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, ինչը բավարար է Վերաքննիչ դատարանի որոշման ոչ իրավաչափ լինելը հաստատելու համար։

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասում հերքված չեն վճռաբեկ բողոք բերած անձի պնդումներն այն մասին, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ բարձրացրել է հարցադրումներ, որոնք գործի քննության ընթացքում երբևիցե չեն քննարկվել, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, վճռի բեկանման հիմքում դրել է նյութական իրավունքի նորմի սխալ կիրառման վերաբերյալ պատճառաբանություններ՝ առանց հիմնավորելու դրանց ազդեցությունը գործի ելքի վրա։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին պետք է նշենք, որ այդ եզրահանգումները չեն բխում գործի փաստական հանգամանքներից և չէին կարող կիրառելի լինել սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, քանի որ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաuներ են իրավունքը խախտված անձի ծախuերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուuտը կամ վնաuվածքը (իրական վնաu), ինչպեu նաև չuտացված եկամուտները, որոնք այդ անձը կuտանար քաղաքացիական շրջանառության uովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված oգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները:

Նույն օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը կամ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ընդդեմ Արսեն Մուրադյանի թիվ ԱՎԴ2/0246/02/13 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Հարկ ենք համարում ընդգծել, որ ցանկացած դեպքում վնասի հատուցման պահանջի ներկայացման հիմքում պետք է լինեն վնասի հատուցման պարտադիր պայմանները, ինչպիսիք են վնասի առկայությունը, իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագիծը, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապը և պարտապանի մեղքի առկայությունը, կիրառելի են ոչ միայն արտապայմանագրային, այլ նաև պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանքով ծագած վնասների հատուցման իրավահարաբերությունների նկատմամբ: Ավելին՝ պատճառված վնասի համար պատասխանատվության վերոնշյալ պարտադիր պայմանները ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում առանձնացվել են թե՛ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի կարգավորումների, թե՛ նույն օրենսգրքի 409-րդ և 1058-րդ հոդվածների վերլուծության արդյունքում։ ՀՀ վճռաբեկ դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ որդեգրել է և հետևողականորեն իրացնում է միասնական դատական պրակտիկա, որի համաձայն՝ անկախ այն հանգամանքից, թե վնասը հասցվել է պայմանագրային, թե արտապայմանագրային իրավահարաբերությունների շրջանակում, պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններն ընդհանրական են բոլոր իրավահարաբերությունների համար:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է այն պնդումը, որ վնասի հատուցման պայմանների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկան կիրառելի է միայն արտապայմանագրային հարաբերությունների նկատմամբ: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով թիվ ԵՔԴ/0036/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը, եկել է այն եզրահանգման, որ դրանով արտահայտված իրավական դիրքորոշումները նույնպես նվիրված են արտապայմանագրային հարաբերություններին: Մինչդեռ այդ գործի փաստերի համաձայն՝ վնասների հատուցման հայցապահանջի հիմքում դրվել էր կողմերի միջև կնքված հեռահաղորդակցության պայմանագրով նախատեսված պարտավորության ոչ պատշաճ կատարման փաստը, որը վնաս էր պատճառել իրավաբանական անձին՝ բաց թողնված օգուտի տեսքով։ Հետևաբար, անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ նշված գործը վերաբերում էր արտապայմանագրային հարաբերություններին։

Ավելին, մեկ այլ՝ թիվ ԱՎԴ2/0246/02/13 քաղաքացիական գործով 26.12.2014 թվականի որոշմամբ, որը նույնպես վերաբերում էր պայմանագրային պարտավորությունների չկատարման հետևանքով հասցված վնասի հատուցմանը, ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես կիրառել է վնասի հատուցման վերոնշյալ կանոնները: Հարկ է նաև ընդգծել, որ նշված որոշմամբ հղում է կատարվել թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշմանը՝ այն պայմաններում, երբ սույն գործով Դատարանի կողմից այդ որոշմանը կատարված հղումը Վերաքննիչ դատարանի կողմից գնահատվել է որպես թույլ տրված դատական սխալ։

Այսպիսով, Դատարանը սույն գործով իրավաչափ կերպով է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Անդրադառնալով այն հարցադրմանը, թե արդյոք փոխադրման իրավահարաբերությունները կարգավորող նորմերով նախատեսվում է փոխադրողի սահմանափակ պատասխանատվության սկզբունքը, նախևառաջ պետք է արձանագրենք որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված՝ վնասների հատուցման իրավահարաբերությունները կարգավորող ընդհանուր կանոնի համաձայն՝ գործում է վնասների լրիվ հատուցման սկզբունքը, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն՝ այն անձը, ում վնաս է պատճառվել, կարող է պահանջել իրեն հասցված վնասի հատուցում, որպես կանոն, լրիվ ծավալով։ Ընդ որում, վերոնշյալ սկզբունքը, սահմանված լինելով վնասների հատուցման իրավահարաբերությունները կարգավորող ընդհանուր նորմով, կիրառելի է թե՛ պայմանագրային, և թե՛ արտապայմանագրային իրավահարաբերություններից ծագած վնասի հատուցման դեպքերի նկատմամբ:

Միաժամանակ, օրենսդիրը սահմանել է, որ այդ ընդհանուր կանոնից օրենքով կամ պայմանագրով կարող է նախատեսվել բացառություն՝ վնասի հատուցման ավելի պակաս չափ։

Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունների առանձին տեսակների և գործունեության որոշ տեսակների հետ կապված պարտավորությունների համար օրենքով կարող է սահմանվել վնասները ոչ լրիվ հատուցելու իրավունք (սահմանափակ պատասխանատվություն)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 416-րդ հոդվածների համադրված վերլուծությունից հետևում է, որ կախված կողմերի միջև ծագած պարտավորաիրավական հարաբերության բնույթից, վնաս հասցրած անձի համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել այդ վնասը ոչ լրիվ հատուցելու իրավունք։ Այլ կերպ՝ հասցված վնասի համար սահմանափակ պատասխանատվության հնարավորությունը, այն է՝ վնասները ոչ լրիվ հատուցելու իրավունքը, կարող է սահմանվել կամ օրենքով, կամ էլ կողմերի միջև կնքված պայմանագրով:

Բեռի փոխադրման իրավահարաբերություններում բեռին հասցված վնասի համար փոխադրողի պատասխանատվության չափը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 2-րդ կետով։

Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բեռի կամ ուղեբեռի փոխադրման ժամանակ պատճառված վնասը փոխադրողը հատուցում է՝

1) բեռի կամ ուղեբեռի կորստի կամ պակասորդի դեպքում՝ կորած կամ պակասած բեռի կամ ուղեբեռի արժեքի չափով.

2) բեռի կամ ուղեբեռի վնասվածքի դեպքում՝ այն գումարի չափով, որով նվազել է դրա արժեքը, իսկ վնասված բեռի կամ ուղեբեռի վերանորոգման անհնարինության դեպքում՝ դրա արժեքի չափով.

3) արժեքի հայտարարմամբ փոխադրման հանձնված բեռի կամ ուղեբեռի կորստի դեպքում՝ դրա հայտարարված արժեքի չափով:

Վկայակոչված իրավադրույթներից հետևում է, որ բեռի ամբողջական կորստի դեպքում պետք է հատուցվի բեռի ամբողջ արժեքը, իսկ վնասվածքի դեպքում՝ այն չափով, որով նվազել է դրա արժեքը: Ընդ որում, բեռը վնասվելու դեպքում բեռի արժեքի նվազման չափով պատասխանատվության սահմանումը ոչ թե սահմանափակ պատասխանատվության, այլ պատճառված վնասների լրիվ հատուցման դրսևորում է։ Եթե բեռի փոխադրման ընթացքում դրա մի մասը վնասվել է, իսկ մյուս մասը տեղ է հասցվել պատշաճ վիճակում, ապա բեռին հասցված վնասը չի կարող հաշվարկվել բեռի ամբողջ արժեքի չափով. այդ դեպքում բեռին հասցված վնասի չափը բեռի արժեքի նվազման չափն է: Եթե օրենսդիրը սահմանել է, որ քննարկվող իրավիճակում վնասի հատուցումը պետք է լինի բեռի արժեքի նվազման չափով, ապա դա ոչ այլ ինչ է, քան վնասների հատուցում լրիվ ծավալով, քանի որ այդ դեպքում պատճառված ամբողջ վնասի չափը հենց բեռի արժեքի նվազման չափն է:

Այսպիսով, անհրաժեշտ ենք համարում արձանագրելու բեռնափոխադրման իրավահարաբերություններում գործում է բեռին հասցված վնասի լրիվ հատուցման սկզբունքը, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից։ Ավելին՝ տվյալ դեպքում սահմանափակ պատասխանատվության վերաբերյալ պայման նախատեսված չէ նաև 11.07.2017 թվականին Ընկերության (Պատվիրատու) և Կազմակերպության (Փոխադրող) միջև կնքված միջազգային հաղորդակցությամբ բեռների տեղափոխման մասին թիվ 08/2017 պայմանագրով, որի 5.2-րդ կետի համաձայն՝ Փոխադրողը պատասխանատվություն է կրում ճանապարհին փոխադրվող բեռի ամբողջականության խախտման պատճառով Պատվիրատուի կրած վնասների համար (...):

Սույն գործի փաստերի համաձայն՝ պատասխանողի կողմից փոխադրված 18.013 կգ ապրանքի 21,7%-ը վնասված է եղել, որի հետևանքով բեռը ստացողը հրաժարվել է ընդունել այն՝ ամբողջությամբ։ Հակառակը հիմնավորող որևէ փաստարկ կամ ապացույց պատասխանող Կազմակերպության կողմից չի ներկայացվել։ Այսինքն՝ բեռը ստացողին պատշաճ վիճակում չհանձնելու հետևանքով հայցվոր Ընկերությանը հասցվել է վնաս դրա ողջ արժեքի չափով, քանի որ Կազմակերպության պարտավորությունների խախտման արդյունքում Ընկերությունը զրկվել է բեռի ոչ թե 21,7%-ից, այլ ամբողջ բեռից: Ավելին՝ դատաքննության փուլում պատասխանողն ընդունել է, որ «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ն չի ընդունել ամբողջ բեռը, և Կազմակերպությունը ոչնչացրել է իրեն հանձնված 18.013 կգ ապրանքն ամբողջությամբ: Դա լրացուցիչ անգամ հիմնավորում է, որ պատասխանողի կողմից իր պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում ոչնչացվել է ամբողջ ապրանքը, իսկ հայցվորը զրկվել է ամբողջ ապրանքից և դրա դիմաց բեռը ստացողի կողմից վճարում ստանալու իրավունքից։

 

Նման պայմաններում իրավաչափ է Դատարանի եզրահանգումն այն մասին, որ հայցվոր Ընկերությանը պետք է հատուցվի բեռի ամբողջ արժեքը՝ հաշիվ ապրանքագրում նշված չափով, քանի որ հայցվորին պատկանող ապրանքը ոչնչացվելու պարագայում նրա կրած վնասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն, դրսևորվել է ամբողջ գույքի կորստի տեսքով։

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է նաև այն պատճառաբանությունը, որ տվյալ գործով պատասխանողի պատասխանատվությունը վրա է հասնում ոչ թե վերջինիս մեղքի առկայության դեպքում, այլ եթե պատասխանողը չապացուցի, որ վնասը վրա է հասել անհաղթահարելի ուժի, այն է` արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով։

Մինչդեռ, պետք նկատենք, որ Դատարանը, բավարարելով Ընկերության հայցը, ևս հիմք է ընդունել այդ նույն սկզբունքը:

Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նման հանգամանքներ չեն, մասնավորապես, պարտականությունների խախտումը պարտապանի կոնտրագենտների կողմից, շուկայում անհրաժեշտ ապրանքների կամ պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռն ստացողին, նրա լիազորած անձին կամ ուղեբեռն ստանալու համար լիազորված անձին հանձնելը, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր:

Վերոնշյալ իրավադրույթներից հետևում է, որ ձեռնարկատիրական բնույթ կրող պայմանագրային իրավահարաբերություններում, ինչպիսին հանդիսանում է բեռնափոխադրման իրավահարաբերությունը, պատասխանատվությունից ազատվելու համար պարտապանը պետք է ապացուցի, որ վնասը վրա է հասել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր: Այսինքն՝ Կազմակերպությունը կարող էր ազատվել Ընկերությանը պատճառված վնասը հատուցելու պարտականությունից, եթե ապացուցեր, որ այդ վնասն առաջացել է անհաղթահարելի ուժի հետևանքով։ Մինչդեռ սույն գործով պատասխանող Կազմակերպությունը չի ապացուցել այն հանգամանքը, որ վնասը հասցվել է այնպիսի հանգամանքներում, որոնք ինքը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր։

Փաստորեն, բեռնափոխադրման իրավահարաբերություններում անհաղթահարելի ուժի առկայությամբ պատասխանատվությունից ազատման սկզբունքը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 1-ին մասով, որը Դատարանի կողմից դրվել է վճռի հիմքում և կիրառելով վերոնշյալ կանոնը, իրավացիորեն է հաստատված համարել Կազմակերպության մեղքի առկայությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Տվյալ դեպքում առկա են վնասների հատուցման վերաբերյալ Ընկերության հայցը բավարարելու համար անհրաժեշտ բոլոր նյութաիրավական պայմանները: Այսպես՝ սույն գործով հաստատվում են հետևյալ փաստական հանգամանքները.

1) Ընկերությունը կրել է վնաս. Ընկերությունը զրկվել է իրեն պատկանող 18.013 կգ լոլիկից,

2) առկա է հակաիրավական արարքը. Կազմակերպությունը ոչ պատշաճ է կատարել 11.07.2017 թվականին Ընկերության (Պատվիրատու) և Կազմակերպության (Փոխադրող) միջև կնքված՝ միջազգային հաղորդակցությամբ բեռների տեղափոխման մասին թիվ 08/2017 պայմանագրով ստանձնած պարտավորությունը, քանի որ այդ պայմանագրով Ընկերության կողմից իրեն հանձնված բեռը՝ 18.013 կգ լոլիկը, Կազմակերպությունը հասցրել է առաքման վայր ոչ պատշաճ՝ մասամբ վնասված վիճակում,

3) առկա է պատճառահետևանքային կապը Կազմակերպության հակաիրավական արարքի և Ընկերության կրած վնասների միջև. Կազմակերպության կողմից 18.013 կգ լոլիկը ոչ պատշաճ՝ մասամբ վնասված վիճակում առաքման վայր հասցվելու պատճառով Ընկերության կոնտրագենտ «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ն (փոխադրվող բեռը ստացողը) չի ընդունել ողջ ապրանքը, և 18.013 կգ լոլիկը ոչնչացվել է,

4) առկա է Կազմակերպության մեղքը. վերջինս չի ապացուցել, որ 18.013 կգ լոլիկը պատշաճ վիճակում առաքման վայր հասցնելն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն՝ տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով:

 

Վերոգրյալ իրավական և փաստական հանգամանքների առկայությունը թույլ է տալիս հանգելու եզրակացության, որ Ընկերության հայցը՝ 18.013 կգ լոլիկի ողջ արժեքի չափով վնասների հատուցման պահանջի մասին, հիմնավոր էր և ենթակա էր բավարարման:

 

Այսինքն Ընկերության կողմից Կազմակերպությանը հանձնված 18.013 կգ լոլիկի արժեքը կազմում է 25.218,20 ԱՄՆ դոլար, որը պետք է հատուցվի Կազմակերպության կողմից՝ որպես վնաս:

Բացի այդ, Կազմակերպությունը պարտավոր էր Ընկերությանը վերադարձնել նաև 11.07.2017 թվականին կնքված միջազգային հաղորդակցությամբ բեռների տեղափոխման մասին թիվ 08/2017 պայմանագրի գնի՝ արդեն իսկ վճարված մասը, որը կազմում է 2.500 ԱՄՆ դոլար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կանոնի համաձայն՝ բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի և վնասվածքի հետևանքով առաջացած վնասի հատուցման հետ մեկտեղ փոխադրողն առաքողին (ստացողին) վերադարձնում է փոխադրավարձը, որը գանձվել էր կորած, պակասած կամ վնասված բեռի կամ ուղեբեռի փոխադրման համար, եթե այն չի մտնում բեռի արժեքի մեջ:

Ինչ վերաբերվում է Կազմակերպության հակընդդեմ հայցին՝ փոխադրման պայմանագրի գինն Ընկերությունից բռնագանձելու պահանջի մասին, ապա այն հիմնավորված չէ, քանի որ Կազմակերպությունը ոչ պատշաճ է կատարել փոխադրման պայմանագրից բխող իր պարտավորությունները և այդ պայմաններում չունի փոխադրման պայմանագրի գինն Ընկերությունից պահանջելու իրավունք, քանի որ 11.07.2017 թվականին Ընկերության (Պատվիրատու) և Կազմակերպության (Փոխադրող) միջև կնքված միջազգային հաղորդակցությամբ բեռների տեղափոխման մասին թիվ 08/2017 պայմանագրի 3.2-րդ կետի համաձայն՝ փոխադրման արժեքը վճարելու պարտականությունը ծագում է միայն այն դեպքում, երբ Փոխադրողը իրեն հանձնված բեռը՝ 100% ծավալով, հանձնում է ստացողին:

Փաստորեն, բավարարելով Ընկերության հայցը և մերժելով Կազմակերպության հակընդդեմ հայցը՝ Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից դատարանի կողմից:

 

Գտնում ենք վերոգրյալ պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է բեկանվեր և ուժ տրվեր առաջին ատյանի դատարանի դատական ակտին։

 

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Տ. Պետրոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան