Գլխավոր տեղեկություն
Համար
N 977-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 977-Լ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Ֆինանսների նախարարություն» բաժնի 3-րդ կետի 3.1-ին ենթակետը՝

1. Հաստատել՝

1) գնումների համակարգի զարգացման հայեցակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

25.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի N 977-Լ

որոշման

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն հայեցակարգով սահմանվում են գնումների համակարգի զարգացման մոտեցումները, ներկա դրությամբ բացահայտված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:

2. Գնումների համակարգի զարգացման հայեցակարգը կառուցված է կանոնակարգված ճկունության գաղափարախոսության առանցքի շուրջ: Գնումների համակարգն իր բնույթով կոչված է անորոշության պայմաններում ապահովելու կառավարության գործունեությունը, երբ հայտնի չեն ծառայությունների, ապրանքների և աշխատանքների փաստացի շուկայական արժեքները՝ մինչև պետության կողմից գնումների գործընթացի նախաձեռնումը: Նման փոփոխական միջավայրում համապարփակ և անփոփոխ կարգավորումները չեն կարող ապահովել հանրային օգուտների ժամանակին և արդյունավետ ստեղծումը: Մյուս կողմից մասնավոր գործընկերների և պատվիրատուների որակյալ պլանավորում և ռիսկերի կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է անփոփոխ սկզբունքների առկայություն և պահպանում: Ուստի անհրաժեշտ է սահմանել այն մոտեցումները, որոնք հանդիսանում են գնումների համակարգի շարունակական փոփոխությունների կանոնակարգման հիմք:

Գնումների համակարգի զարգացման վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն պետք է գնահատվի ներքոնշյալ մոտեցումներին համապատասխան՝

1) գնումների համակարգի վերաբերյալ որակյալ տվյալների առավելագույն հասանելիություն՝ պատվիրատուների, հանրային, գործարար և գիտական համայնքների համար.

2) գնումների գործընթացի շրջանակներում փողի դիմաց առավելագույն արժեքի ապահովում.

3) մատակարարների կարողությունների զարգացում և մրցակցության աճ,

4) իրավական հստակություն.

5) նորարարական լուծումների խթանում.

6) գնագոյացման մեխանիզմների մոտարկում իրական շուկայական պայմաններին.

7) որոշումների կայացման իրավասությունների փոխանցում առավել տեղեկացված, ամբողջական պատասխանատվություն կրող անձանց/միավորներին:

 

II. Գնումների համակարգի խնդիրները

 

3. Թեև գնումների համակարգի ներդրված մոդելը հիմնականում բնորոշվում է միջազգային չափանիշներին համապատասխան1, սակայն ներկայումս գործնականում տեսանելի են հետևյալ խնդիրները.

1) ղեկավար կազմի, պատասխանատու ստորաբաժանումների և գնումների մասնագետների միջև գնումների համակարգի վերաբերյալ տեղեկատվական խզումների առկայություն.

2) նախնական հսկողության գործառույթի իրականացման կարողության ցածր մակարդակ.

3) հակամրցակցային համաձայնությունների հակազդման ցածր կարողություններ և թույլ զարգացած մեխանիզմներ.

4) գնումների ոչ համարժեք պլանավորման պրակտիկա.

5) տեխնիկական առաջադրանքների մշակման կարողությունների ցածր մակարդակ.

6) պայմանագրերի կառավարման և որակի հսկողության կարողությունների ցածր մակարդակ.

7) ավտոմատացման ցածր մակարդակ և գործառնական անհամաչափ բարձր ծախսեր:

 

III. Գնումների համակարգի զարգացման հիմնական ուղղությունները

 

4. Գնումների համակարգի զարգացման հիմնական ուղղություններն են՝

1) կարողությունների զարգացում.

Գնումների համակարգում գործում են շուրջ 1500 որակավորված մասնագետներ և տարեկան կազմակերպվում է շուրջ 100.000 գնման գործընթաց: Գնումների մասնագետների վերապատրաստման և որակավորման համակարգը ներդրվել է 2017 թվականից, մասնավորապես՝ որակավորման շնորհման գործընթացը կազմակերպվում է էլեկտրոնային եղանակով իրականացվող թեսթավորման միջոցով: Որակավորված անձինք յուրաքանչյուր երեք տարին մեկ առնվազն 12 ժամ պարտադիր անցնում են շարունակական մասնագիտական վերապատրաստման կուրս՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ծրագրով:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2019-2021 թթ. պետական կառավարման մարմիններից հավաքագրված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է, որ նշված ժամանակահատվածում պայմանագրերի միակողմանի դադարեցման հավանականությունը կազմում է 0.57%, ավելին՝ պայմանագրի միակողմանի դադարեցման արդյունքում ապահովման միջոց «գանձվել է» միայն 10 դեպքում (այսինքն՝ փաստացի միջոց գանձելու հավանականությունը կազմում է 0.07%):

Առկա է այս իրողության բացատրության 2 տարբերակ՝

ա. գնումների համակարգը գործում է անթերի՝ ապահովելով պահանջված որակի ծառայությունների, աշխատանքների և ապրանքների մատակարարում հանրությանը,

բ. գնումների համակարգում առկա է առաջադրանքների մշակման և վերջիններիս հիման վրա պայմանագրերի կառավարման կրիտիկական խնդիր:

2021 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու վերջիններիս ենթակա միավորների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքներով կարելի է եզրակացնել, որ գնումների գործող համակարգը բավարար չափով ճկուն է մրցութային գործընթացների կազմակերպման տեսանկյունից։

Սակայն վերոնշյալ ցուցանիշները, ինչպես նաև քննարկումների ընթացքում բարձրացված խնդիրները հուշում են, որ պլանավորման և պայմանագրերի կառավարման փուլերում առկա են խորքային խնդիրներ։ Ուստի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ջանքերն ուղղված են գնումների գործընթացում ներգրավված և որոշումներ կայացնող անձանց կարողությունների շարունակական զարգացմանը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության դերի համապատասխանեցում առկա պահանջներին.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը շարունակելու է իրականացնել մեթոդական աջակցություն՝ կենտրոնանալով խորհրդատվության տրամադրման վրա, մասնավորապես՝ ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացների դեպքում։ Ռազմավարական են համարվում այն գործընթացները, որոնց շրջանակներում մարմնի ղեկավարի կամ տեղակալի կողմից աջակցություն տրամադրելու վերաբերյալ դիմում է ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։ Այնուամենայնիվ, խորհրդատվության տրամադրման գործառույթի իրականացումը չպետք է հանգեցնի գնումների պլանավորման, մրցույթի իրականացման կամ պայմանագրի կառավարման մեջ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուղղակի ներգրավմանը, քանի որ դա կխափանի պետական կառավարման մարմինների անկախությունը՝ հանգեցնելով կարողությունների կորստի և կայացված որոշումների որակի վատթարացմանը։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կունենա խորհրդատուի դեր, սակայն վերջինիս կողմից տրամադրված խորհրդատվությանը հետևելու որոշումը, դրան համապատասխան գնման գործընթացի պատշաճ կազմակերպումը և արդյունքները շարունակելու են մնալ պատվիրատուների պատասխանատվության դաշտում։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հետևելու է ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացների ընթացքում ի հայտ եկող համակարգային խնդիրներին և առաջարկելու է համապատասխան լուծումներ։

Պետական գնումները հաճախ կազմում են մասնավոր շուկայի զգալի մասը, հետևաբար գնումների համակարգի փոփոխությունները և համապատասխանեցումն արդի իրավիճակին, առանց մասնավոր հատվածի համակարգային ուսումնասիրության, անհնար է։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը նախաձեռնելու է գնումների գործընթացներում հաճախ կրկնվող երկու ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների շուկաների ուսումնասիրություն՝ թիրախավորելով.

ա. գնագոյացման մեխանիզմների և արժեշղթաների բացահայտումը,

բ. շուկաներում կենտրոնացումը և այդ ուղղությամբ զարգացումները,

գ. շուկաների զգայունությունը տարածաշրջանին բնորոշ հիմնական ռիսկերի նկատմամբ:

Գնումների համակարգը կարիք ունի շարունակական տվյալահենք ռիսկերի բացահայտման համակարգի ներդրման։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ, ապահովելու է բավարար տեղեկատվության հավաքագրում՝ հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով։

Որպես ամբողջական համակարգ պետական գնումների վերաբերյալ ժամանակակից գիտական համայնքի հետաքրքրությունը ի հայտ է եկել վերջին տարիների ընթացքում, ինչը նշանակում է, որ առկա է նոր գիտելիքի ստեղծման չբացահայտված զգալի ներուժ։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը աջակցելու է գիտական, այդ թվում՝ միջազգային համայնքին, առավել մեծ քանակությամբ տեղեկատվություն տրամադրելով առկա համակարգի վերաբերյալ: Հատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը դիտարկելու է առավել բարձր հետաքրքրություն ներկայացնող գաղափարների թեսթավորման շրջանակներում փորձարկումների իրականացումը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության գնումների համակարգը կկարողանա կլանել միջազգային առաջադեմ գիտելիքը և փորձը։

Գնումների համակարգը ներկա դրությամբ արդեն իսկ թույլ է տալիս հետևել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից բխող միջոցառումների կատարողականի ընթացքին և կանխավ բացահայտել ու չեզոքացնել առկա ռիսկերը։ Սակայն մինչև նոր թվային համակարգի գործարկումը՝ համապատասխան զեկույցի նախապատրաստման համար անհրաժեշտ է լինելու մարդ/ժամերի ծախս։ Ուստի մինչև թվային համակարգի գործարկումը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ստանձնելու է համապատասխան զեկույցների պատրաստման աշխատանքների պատասխանատվությունը՝ որպես համակարգին տիրապետման առավել բարձր կարողություններ ունեցող մարմին.

3) էլեկտրոնային գնումների նոր համակարգի մշակում.

Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրումը ենթադրում է գնումների ողջ գործընթացի հնարավորինս ավտոմատացում, ինչը պարունակում է նաև պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման իրական ներուժ:

Նոր տեխնոլոգիան զգալիորեն բարելավելու է պետական գնումների կառավարումն ու արդյունավետությունը, արդիականացնելու է պետական վարչարարությունը, ինչպես նաև նպաստելու է Հայաստանում գնումների համակարգի համապարփակ բարելավմանը: Տեխնոլոգիաների ներդրմանը զուգընթաց իրականացվելու է առկա գործընթացների ուսումնասիրություն և լավարկում՝ նպատակ ունենալով ապահովել սահուն անցում արդյունավետ ավտոմատացմանը:

Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման ծրագիրը հանդիսանալու է էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխումների բաղկացուցիչ մաս:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թիրախավորելու է էլեկտրոնային գնումների ժամանակակից, լիարժեք, բոլոր բիզնես գործընթացները ներառող, գնումների համակարգին առնչվող այլ համակարգերի հետ ամբողջովին ինտեգրված արդիական ազգային համակարգի ստեղծում՝ դրա տիրույթում ներառելով բոլոր պատվիրատուներին.

4) ստանդարտացում և կանաչ գնումներ.

Գնումների մասնագետները և պատասխանատու ստորաբաժանումները հաճախ ծանրաբեռնված են լինում պարբերական գնումների գործընթացների կազմակերպմամբ, ինչի արդյունքում տուժում են ռազմավարական նշանակություն ունեցող գնումների գործընթացները: Համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ՝ կմշակվեն առավել հաճախ կրկնվող, ինչպես նաև կանաչ համարվող ապրանքների հիմնական նկարագրությունները և վերջիններիս հիման վրա՝ պայմանագրերի կառավարման ուղեցույցները, որոնք ուղենիշային կդառնան դրանց ձեռքբերման ժամանակ առաջադրանքները կազմելիս: Թվային համակարգի միջոցով հնարավորություն է ընձեռվելու փոփոխել վերոնշյալ բնութագրերը, իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տարեկան կտրվածքով վեր է հանելու առավել արդյունավետ համարվածները՝ ուղենիշային բնութագրերի լավարկման նպատակով.

5) համակարգի շարունակական թիրախային բարելավումներ.

Իրավական դաշտի շարունակական կատարելագործումը ենթադրում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության շարունակական ներդաշնակեցում իրավակիրառ փորձին, ինչպես նաև համապատասխանություն միջազգային լավագույն չափանիշներին՝ պարբերաբար համակարգում խնդիրները բացահայտելու նպատակով ախտորոշումների իրականացման միջոցով: Այս նպատակով առանձնապես կարևորվում է համագործակցությունը համապատասխան միջազգային կազմակերպությունների, պատվիրատուների, մասնագիտական, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի միավորների հետ:

Քննարկումները իրականացվելու են կիսամյակային պարբերականությամբ, որոնց արդյունքում արձանագրված խնդիրներն ու լուծումները ներկայացվելու են կառավարությանը՝ որպես սույն հայեցակարգի կատարումից բխող միջոցառումներ։

2021 թվականի ընթացքում իրականացված քննարկումների արդյունքում արձանագրված հիմնական խնդիրները և դրանց լուծման առաջարկությունները ներկայացված են N 2 հավելվածում:

 

_____________________

1 ՍԻԳՄԱ, ԱԶԲ, ՀԲ, ՎԶԵԲ,

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

25.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի N 977-Լ
որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

N

Նպատակը

Միջոցառումները

Ակնկալվող արդյունքը

Համակատարողը

Ժամկետը

1.

Կարողություն-ների զարգացում

1.1. Տեխնիկական առաջադրանքների մշակման կարողությունների շարունակական զարգացման նպատակով կարիքների գնահատում և վերապատրաստման ծրագրերի

իրականացում

Պատասխանատու ստորաբաժանումներն ունեն բավարար գիտելիքներ տեխնիկական առաջադրանք կազմելու համար

Պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

Շարունակական

1.2. Պայմանագրերի կառավարման կարողությունների շարունակական զարգացման նպատակով կարիքների գնահատում և վերապատրաստման ծրագրերի իրականացում

Պատասխանատու ստորաբաժանումներն ունեն բավարար գիտելիքներ պայմանագրերի կառավարումն իրականացնելու համար: Պայմանագրերի կառավարման կարողությունների զարգացման արդյունքում հանրային ծառայությունների, ապրանքների և աշխատանքների փողի դիմաց արժեք

հարաբերակցության բարելավում

Պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

Շարունակական

1.3. Գնումների պլանավորման կարողությունների զարգացման նպատակով կարիքների գնահատում և

վերապատրաստման ծրագրերի

իրականացում

Նախագծանախահաշվային և (կամ) նախահաշվային և մրցույթի արդյունքում ձևավորված գնի տարբերության նվազեցում

Պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման

մարմիններ (համաձայնությամբ)

Շարունակական

1.4. Գնումների մասնագետների վերապատրաստման իրականացում լիազորված մարմնի կողմից

Գնումների մասնագետների կողմից Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) ֆինանսների նախարարություն ուղղվող պարզաբանումների քանակի և խորհրդատվական բնույթ կրող հարցադրումների նվազում

 

Շարունակական

1.5. Դատավորների վերապատրաստում

Բողոքարկման գործընթացով

սահմանված ժամկետներում տեղեկացված որոշումների կայացում

Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

Շարունակական

1.6. Գործարարների վերապատրաստում

Գնումների մասնակից կազմակերպությունների վերապատրաստում, այդ թվում` առցանց հարթակներում տեղեկատվական նյութերի և (կամ) հոլովակների տեղադրման միջոցով

Պետական կառավարման համակարգի մարմիններ,

«Էնթերփրայզ Արմենիա» (Enterprise Armenia)(համաձայնությամբ)

Շարունակական

1.7. Ղեկավար կազմի վերապատրաստում

Պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հնարավորության դեպքում դրանց կառուցվածքում գործող առևտրային և ոչ առևտրային ընկերությունների ղեկավարներին և տեղակալներին գնումների գործընթացների կազմակերպման գործառույթներ իրականացնող միավորների իրավասությունների և պարտավորությունների հետ ծանոթացում, առցանց տեղեկատվության ստացման հնարավորությունների ներկայացում և գործընթացի ընթացքում ի հայտ եկող ռիսկերի կառավարման որակի բարձրացում

Պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

Շարունակական

2.

Տեղեկատվու-թյան հասանելիու-թյան աճի ապահովում

2.1. Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ՝ պատվիրատուների և մատակարարների համար

Գնումների պաշտոնական տեղեկագրում առանձին բաժնով հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների հրապարակում՝ հաճախ հանդիպող խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ տեղեկատվության

հասանելիության աճ

Պետական կառավարման համակարգի մարմիններ, հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Շարունակական

3.

ՀՀ

ֆինանսների նախարարու- թյան դերի համապատաս- խանեցում առկա պահանջներին

3.1. Պետական կառավարման համակարգի մարմիններին խորհրդատվության տրամադրում՝ ռազմավարական նշանակություն ունեցող գնման ընթացակարգերի կազմակերպման դեպքում

Մարմինների ղեկավարների տեղակալների համար տեղեկատվության հասանելիության բարձրացման արդյունքում որոշումների կայացման արագության բարձրացում՝ գնումների գործընթացի առավել բարձր

կառավարելիություն

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Շարունակական

3.2. Շուկաների ուսումնասիրություն՝ կրկնվող գնումների համար

Առավել հաճախ իրականացվող 2 ապրանքատեսակի համար շուկայական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում գնումների պլանավորման որակի

բարձրացում

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Շարունակական

3.3. Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում

Մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝

1. ռիսկերի բացահայտում և կառավարում,

2. արդյունավետության բարձրացում

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, ՀՀ հաշվեքննիչ պալատ (համաձայնությամբ), ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ կոռուպցիայի

կանխարգելման հանձնաժողով՝

(համաձայնությամբ)

Շարունակական

3.4. Ակադեմիական կարողությունների ուղղորդում

Գիտական մտքի ուղղորդում դեպի համակարգի խնդիրների բացահայտումը և նորարարական

լուծումների հայտնաբերումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Շարունակական

3.5 ՀՀ կառավարության ծրագրից բխող միջոցառումների և կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցի պատրաստում՝ կիսամյակային

ՀՀ կառավարության ծրագրից բխող միջոցառումների և կապիտալ ծրագրերի իրականացման նպատակով գնման գործընթացների կազմակերպման վերաբերյալ զեկույցի նախապատրաստման արդյունքում առավել տեսանելի կդառնան տվյալ միջոցառմանն

առնչվող ռիսկերը

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Շարունակական

4.

Թվայնացում

4.1. Թվային համակարգի տեխնիկական առաջադրանքի շրջանառություն և վերջնական

հաստատում

էլեկտրոնային գնումների ժամանակակից, լիարժեք, բոլոր բիզնես գործընթացները ներառող, գնումների համակարգին առնչվող այլ համակարգերի հետ ինտեգրված նոր ազգային համակարգի ստեղծում՝ դրա տիրույթում ներառելով բոլոր պատվիրատուներին։ Ընդ որում` համակարգը պետք է ներառի նաև հակամրցակցային համաձայնությունների հայտնաբերման և ապացուցման

ավտոմատացված գործիքակազմ

Պետական կառավարման համակարգի մարմիններ, Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ,

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

(համաձայնությամբ), Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (համաձայնությամբ)

2022 թ.

4.2. Թվային համակարգի մշակման մրցութային գործընթացի մեկնարկ

2023 թ.

5.

Ստանդարտաց ում և կանաչ գնումներ

5.1. Կրկնվող գնումների ուղղորդող բնութագիրների սահմանում և պայմանագրի կառավարման ձեռնարկների մշակում

Ուղղորդող բնութագրերի սահմանում՝ համապատասխան պայմանագրի կառավարման ձեռնարկներով։ Արդյունքում

պայմանագրերի կառավարման

որակի բարձրացում, կրկնվող

գնումների համար մարդ/ժամերի ծախսի կրճատում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Շարունակական

5.2. Կանաչ գնումների սկզբնական ուսումնասիրության իրականացում

Կանաչ գնումների սահմանումների և արդյունքային չափանիշների ձևակերպման ու հստակեցման արդյունքում համակարգային քաղաքականության իրականացման հիմքի ստեղծում

Համաշխարհային բանկ (համաձայնությամբ), Ասիական զարգացման բանկ (համաձայնությամբ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

(համաձայնությամբ)

Շարունակական

6.

Համակարգի շարունակական թիրախային բարելավումներ

6.1. Կիսամյակային կտրվածքով գործարարների, հասարակական կազմակերպությունների և պատվիրատուների «խնդիրների, լուծումների և առաջարկությունների»

զեկույցի պատրաստում

Գնումների համակարգի համապատասխանեցում արդի պահանջներին

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Շարունակական

6.2. Մեկ անձից գնումների իրականացման համակարգի բարելավում՝ պատասխանատվությամբ հակակշռված ճկունության աճ

Համակարգի կանոնակարգված ճկունության մակարդակի բարձրացում՝ մարմինների ղեկավարների կողմից որոշումների կայացման լիազորությունների համապատասխանեցում պատասխանատվության

մակարդակին

 

2022 թ.

6.3. Ապրանքների գնման դեպքում հստակ պայմաններով տեխնիկական առաջադրանքների կազմում

Ապրանքների գնման դեպքում հղումներ օգտագործելիս պատվիրատուի կողմից որպես համարժեք ընդունելի համարվող ապրանքների ֆիրմային անվանումների, մոդելների և

արտադրողների սահմանում

 

2022 թ.

6.4. Բացառել գների նվազեցման

նպատակով բանակցությունների

վարումը, բացառությամբ, եթե հայտ ներկայացրել է մեկ մասնակից

Մրցույթների և գնանշումների

իրականացման դեպքում գների

նվազեցման նպատակով բանակցությունների վարման բացառում՝ առաջնային գնային առաջարկների արհեստական ուռճացումը և գների բացահայտումը

կանխարգելելու համար

 

2022 թ.

6.5. Գիտության բնագավառում գիտական հանրույթին հատկացվող դրամաշնորհային գործընթացի կանոնակարգում

Գիտության զարգացման նպատակով միջազգային գործընկերների կողմից գիտնականներին դրամաշնորհի ձևով հատկացվող միջոցների հաշվին ձեռքբերումների

գործընթացի կանոնակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, միջազգային գործընկերներ (համաձայնությամբ)

2022 թ.

6.6. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից հաստատված գնումների համակարգի գնահատման մեթոդաբանության (MAPS) հիման վրա գնումների համակարգի գնահատում

Գնումների համակարգի գնահատում՝ իրավական համակարգի, ինստիտուցիոնալ կառավարման կարողությունների, շուկայի, թափանցիկության և պատասխանատվության

ուղղություններով

Պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

2023 թ.

6.7. Գնման գործընթացի մասնակիցների վարկանշավորում

Մասնակիցների վարկանիշավորման համակարգի ներդրում՝ հիմնված ոչ հայեցողական չափորոշիչների վրա

Պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման

մարմիններ (համաձայնությամբ)

2023 թ.

6.8. Մասնակիցների ծանրաբեռնվածության հանգամանքով պայմանավորված գնման պայմանագրերի ձախողման ռիսկերի

նվազեցում

Գնման պայմանագրերի ձախողման դեպքերի ուսումնասիրության արդյունքներով մասնակիցների ծանրաբեռնվածությունը բացառող

համակարգի ներդրում

Պետական կառավարման համակարգի մարմիններ

2023 թ.

6.9. Գնումներում փողի դիմաց արժեքի ապահովման նպատակով ուսումնասիրությունների իրականացում

Փողի դիմաց արժեքի ուսումնասիրությունների իրականացման արդյունքում գնումների համակարգի հետագա

զարգացման թիրախների մշակման հիմքերի ստեղծում, գնումների պլանավորման և տեխնիկական առաջադրանքների մշակման որակի աճ

Համաշխարհային բանկ (համաձայնությամբ), Ասիական զարգացման բանկ (համաձայնությամբ),

Վերակառուցման և զարգացման

եվրոպական բանկ (համաձայնությամբ)

Շարունակական

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

25.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան