ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 977-Լ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Ֆինանսների նախարարություն» բաժնի 3-րդ կետի 3.1-ին ենթակետը՝
1. Հաստատել՝
1) գնումների համակարգի զարգացման հայեցակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
25.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 977-Լ որոշման |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սույն հայեցակարգով սահմանվում են գնումների համակարգի զարգացման մոտեցումները, ներկա դրությամբ բացահայտված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:
2. Գնումների համակարգի զարգացման հայեցակարգը կառուցված է կանոնակարգված ճկունության գաղափարախոսության առանցքի շուրջ: Գնումների համակարգն իր բնույթով կոչված է անորոշության պայմաններում ապահովելու կառավարության գործունեությունը, երբ հայտնի չեն ծառայությունների, ապրանքների և աշխատանքների փաստացի շուկայական արժեքները՝ մինչև պետության կողմից գնումների գործընթացի նախաձեռնումը: Նման փոփոխական միջավայրում համապարփակ և անփոփոխ կարգավորումները չեն կարող ապահովել հանրային օգուտների ժամանակին և արդյունավետ ստեղծումը: Մյուս կողմից մասնավոր գործընկերների և պատվիրատուների որակյալ պլանավորում և ռիսկերի կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է անփոփոխ սկզբունքների առկայություն և պահպանում: Ուստի անհրաժեշտ է սահմանել այն մոտեցումները, որոնք հանդիսանում են գնումների համակարգի շարունակական փոփոխությունների կանոնակարգման հիմք:
Գնումների համակարգի զարգացման վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն պետք է գնահատվի ներքոնշյալ մոտեցումներին համապատասխան՝
1) գնումների համակարգի վերաբերյալ որակյալ տվյալների առավելագույն հասանելիություն՝ պատվիրատուների, հանրային, գործարար և գիտական համայնքների համար.
2) գնումների գործընթացի շրջանակներում փողի դիմաց առավելագույն արժեքի ապահովում.
3) մատակարարների կարողությունների զարգացում և մրցակցության աճ,
4) իրավական հստակություն.
5) նորարարական լուծումների խթանում.
6) գնագոյացման մեխանիզմների մոտարկում իրական շուկայական պայմաններին.
7) որոշումների կայացման իրավասությունների փոխանցում առավել տեղեկացված, ամբողջական պատասխանատվություն կրող անձանց/միավորներին:
II. Գնումների համակարգի խնդիրները
3. Թեև գնումների համակարգի ներդրված մոդելը հիմնականում բնորոշվում է միջազգային չափանիշներին համապատասխան1, սակայն ներկայումս գործնականում տեսանելի են հետևյալ խնդիրները.
1) ղեկավար կազմի, պատասխանատու ստորաբաժանումների և գնումների մասնագետների միջև գնումների համակարգի վերաբերյալ տեղեկատվական խզումների առկայություն.
2) նախնական հսկողության գործառույթի իրականացման կարողության ցածր մակարդակ.
3) հակամրցակցային համաձայնությունների հակազդման ցածր կարողություններ և թույլ զարգացած մեխանիզմներ.
4) գնումների ոչ համարժեք պլանավորման պրակտիկա.
5) տեխնիկական առաջադրանքների մշակման կարողությունների ցածր մակարդակ.
6) պայմանագրերի կառավարման և որակի հսկողության կարողությունների ցածր մակարդակ.
7) ավտոմատացման ցածր մակարդակ և գործառնական անհամաչափ բարձր ծախսեր:
III. Գնումների համակարգի զարգացման հիմնական ուղղությունները
4. Գնումների համակարգի զարգացման հիմնական ուղղություններն են՝
1) կարողությունների զարգացում.
Գնումների համակարգում գործում են շուրջ 1500 որակավորված մասնագետներ և տարեկան կազմակերպվում է շուրջ 100.000 գնման գործընթաց: Գնումների մասնագետների վերապատրաստման և որակավորման համակարգը ներդրվել է 2017 թվականից, մասնավորապես՝ որակավորման շնորհման գործընթացը կազմակերպվում է էլեկտրոնային եղանակով իրականացվող թեսթավորման միջոցով: Որակավորված անձինք յուրաքանչյուր երեք տարին մեկ առնվազն 12 ժամ պարտադիր անցնում են շարունակական մասնագիտական վերապատրաստման կուրս՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ծրագրով:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2019-2021 թթ. պետական կառավարման մարմիններից հավաքագրված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է, որ նշված ժամանակահատվածում պայմանագրերի միակողմանի դադարեցման հավանականությունը կազմում է 0.57%, ավելին՝ պայմանագրի միակողմանի դադարեցման արդյունքում ապահովման միջոց «գանձվել է» միայն 10 դեպքում (այսինքն՝ փաստացի միջոց գանձելու հավանականությունը կազմում է 0.07%):
Առկա է այս իրողության բացատրության 2 տարբերակ՝
ա. գնումների համակարգը գործում է անթերի՝ ապահովելով պահանջված որակի ծառայությունների, աշխատանքների և ապրանքների մատակարարում հանրությանը,
բ. գնումների համակարգում առկա է առաջադրանքների մշակման և վերջիններիս հիման վրա պայմանագրերի կառավարման կրիտիկական խնդիր:
2021 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու վերջիններիս ենթակա միավորների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքներով կարելի է եզրակացնել, որ գնումների գործող համակարգը բավարար չափով ճկուն է մրցութային գործընթացների կազմակերպման տեսանկյունից։
Սակայն վերոնշյալ ցուցանիշները, ինչպես նաև քննարկումների ընթացքում բարձրացված խնդիրները հուշում են, որ պլանավորման և պայմանագրերի կառավարման փուլերում առկա են խորքային խնդիրներ։ Ուստի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ջանքերն ուղղված են գնումների գործընթացում ներգրավված և որոշումներ կայացնող անձանց կարողությունների շարունակական զարգացմանը.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության դերի համապատասխանեցում առկա պահանջներին.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը շարունակելու է իրականացնել մեթոդական աջակցություն՝ կենտրոնանալով խորհրդատվության տրամադրման վրա, մասնավորապես՝ ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացների դեպքում։ Ռազմավարական են համարվում այն գործընթացները, որոնց շրջանակներում մարմնի ղեկավարի կամ տեղակալի կողմից աջակցություն տրամադրելու վերաբերյալ դիմում է ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։ Այնուամենայնիվ, խորհրդատվության տրամադրման գործառույթի իրականացումը չպետք է հանգեցնի գնումների պլանավորման, մրցույթի իրականացման կամ պայմանագրի կառավարման մեջ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուղղակի ներգրավմանը, քանի որ դա կխափանի պետական կառավարման մարմինների անկախությունը՝ հանգեցնելով կարողությունների կորստի և կայացված որոշումների որակի վատթարացմանը։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կունենա խորհրդատուի դեր, սակայն վերջինիս կողմից տրամադրված խորհրդատվությանը հետևելու որոշումը, դրան համապատասխան գնման գործընթացի պատշաճ կազմակերպումը և արդյունքները շարունակելու են մնալ պատվիրատուների պատասխանատվության դաշտում։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հետևելու է ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացների ընթացքում ի հայտ եկող համակարգային խնդիրներին և առաջարկելու է համապատասխան լուծումներ։
Պետական գնումները հաճախ կազմում են մասնավոր շուկայի զգալի մասը, հետևաբար գնումների համակարգի փոփոխությունները և համապատասխանեցումն արդի իրավիճակին, առանց մասնավոր հատվածի համակարգային ուսումնասիրության, անհնար է։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը նախաձեռնելու է գնումների գործընթացներում հաճախ կրկնվող երկու ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների շուկաների ուսումնասիրություն՝ թիրախավորելով.
ա. գնագոյացման մեխանիզմների և արժեշղթաների բացահայտումը,
բ. շուկաներում կենտրոնացումը և այդ ուղղությամբ զարգացումները,
գ. շուկաների զգայունությունը տարածաշրջանին բնորոշ հիմնական ռիսկերի նկատմամբ:
Գնումների համակարգը կարիք ունի շարունակական տվյալահենք ռիսկերի բացահայտման համակարգի ներդրման։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ, ապահովելու է բավարար տեղեկատվության հավաքագրում՝ հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով։
Որպես ամբողջական համակարգ պետական գնումների վերաբերյալ ժամանակակից գիտական համայնքի հետաքրքրությունը ի հայտ է եկել վերջին տարիների ընթացքում, ինչը նշանակում է, որ առկա է նոր գիտելիքի ստեղծման չբացահայտված զգալի ներուժ։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը աջակցելու է գիտական, այդ թվում՝ միջազգային համայնքին, առավել մեծ քանակությամբ տեղեկատվություն տրամադրելով առկա համակարգի վերաբերյալ: Հատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը դիտարկելու է առավել բարձր հետաքրքրություն ներկայացնող գաղափարների թեսթավորման շրջանակներում փորձարկումների իրականացումը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության գնումների համակարգը կկարողանա կլանել միջազգային առաջադեմ գիտելիքը և փորձը։
Գնումների համակարգը ներկա դրությամբ արդեն իսկ թույլ է տալիս հետևել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից բխող միջոցառումների կատարողականի ընթացքին և կանխավ բացահայտել ու չեզոքացնել առկա ռիսկերը։ Սակայն մինչև նոր թվային համակարգի գործարկումը՝ համապատասխան զեկույցի նախապատրաստման համար անհրաժեշտ է լինելու մարդ/ժամերի ծախս։ Ուստի մինչև թվային համակարգի գործարկումը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ստանձնելու է համապատասխան զեկույցների պատրաստման աշխատանքների պատասխանատվությունը՝ որպես համակարգին տիրապետման առավել բարձր կարողություններ ունեցող մարմին.
3) էլեկտրոնային գնումների նոր համակարգի մշակում.
Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրումը ենթադրում է գնումների ողջ գործընթացի հնարավորինս ավտոմատացում, ինչը պարունակում է նաև պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման իրական ներուժ:
Նոր տեխնոլոգիան զգալիորեն բարելավելու է պետական գնումների կառավարումն ու արդյունավետությունը, արդիականացնելու է պետական վարչարարությունը, ինչպես նաև նպաստելու է Հայաստանում գնումների համակարգի համապարփակ բարելավմանը: Տեխնոլոգիաների ներդրմանը զուգընթաց իրականացվելու է առկա գործընթացների ուսումնասիրություն և լավարկում՝ նպատակ ունենալով ապահովել սահուն անցում արդյունավետ ավտոմատացմանը:
Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման ծրագիրը հանդիսանալու է էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխումների բաղկացուցիչ մաս:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թիրախավորելու է էլեկտրոնային գնումների ժամանակակից, լիարժեք, բոլոր բիզնես գործընթացները ներառող, գնումների համակարգին առնչվող այլ համակարգերի հետ ամբողջովին ինտեգրված արդիական ազգային համակարգի ստեղծում՝ դրա տիրույթում ներառելով բոլոր պատվիրատուներին.
4) ստանդարտացում և կանաչ գնումներ.
Գնումների մասնագետները և պատասխանատու ստորաբաժանումները հաճախ ծանրաբեռնված են լինում պարբերական գնումների գործընթացների կազմակերպմամբ, ինչի արդյունքում տուժում են ռազմավարական նշանակություն ունեցող գնումների գործընթացները: Համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ՝ կմշակվեն առավել հաճախ կրկնվող, ինչպես նաև կանաչ համարվող ապրանքների հիմնական նկարագրությունները և վերջիններիս հիման վրա՝ պայմանագրերի կառավարման ուղեցույցները, որոնք ուղենիշային կդառնան դրանց ձեռքբերման ժամանակ առաջադրանքները կազմելիս: Թվային համակարգի միջոցով հնարավորություն է ընձեռվելու փոփոխել վերոնշյալ բնութագրերը, իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տարեկան կտրվածքով վեր է հանելու առավել արդյունավետ համարվածները՝ ուղենիշային բնութագրերի լավարկման նպատակով.
5) համակարգի շարունակական թիրախային բարելավումներ.
Իրավական դաշտի շարունակական կատարելագործումը ենթադրում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության շարունակական ներդաշնակեցում իրավակիրառ փորձին, ինչպես նաև համապատասխանություն միջազգային լավագույն չափանիշներին՝ պարբերաբար համակարգում խնդիրները բացահայտելու նպատակով ախտորոշումների իրականացման միջոցով: Այս նպատակով առանձնապես կարևորվում է համագործակցությունը համապատասխան միջազգային կազմակերպությունների, պատվիրատուների, մասնագիտական, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի միավորների հետ:
Քննարկումները իրականացվելու են կիսամյակային պարբերականությամբ, որոնց արդյունքում արձանագրված խնդիրներն ու լուծումները ներկայացվելու են կառավարությանը՝ որպես սույն հայեցակարգի կատարումից բխող միջոցառումներ։
2021 թվականի ընթացքում իրականացված քննարկումների արդյունքում արձանագրված հիմնական խնդիրները և դրանց լուծման առաջարկությունները ներկայացված են N 2 հավելվածում:
_____________________
1 ՍԻԳՄԱ, ԱԶԲ, ՀԲ, ՎԶԵԲ,
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Բ. Բադալյան |
25.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 977-Լ |
ԾՐԱԳԻՐ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
N |
Նպատակը |
Միջոցառումները |
Ակնկալվող արդյունքը |
Համակատարողը |
Ժամկետը |
1. |
Կարողություն-ների զարգացում |
1.1. Տեխնիկական առաջադրանքների մշակման կարողությունների շարունակական զարգացման նպատակով կարիքների գնահատում և վերապատրաստման ծրագրերի իրականացում |
Պատասխանատու ստորաբաժանումներն ունեն բավարար գիտելիքներ տեխնիկական առաջադրանք կազմելու համար |
Պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
Շարունակական |
1.2. Պայմանագրերի կառավարման կարողությունների շարունակական զարգացման նպատակով կարիքների գնահատում և վերապատրաստման ծրագրերի իրականացում |
Պատասխանատու ստորաբաժանումներն ունեն բավարար գիտելիքներ պայմանագրերի կառավարումն իրականացնելու համար: Պայմանագրերի կառավարման կարողությունների զարգացման արդյունքում հանրային ծառայությունների, ապրանքների և աշխատանքների փողի դիմաց արժեք հարաբերակցության բարելավում |
Պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
Շարունակական | ||
1.3. Գնումների պլանավորման կարողությունների զարգացման նպատակով կարիքների գնահատում և վերապատրաստման ծրագրերի իրականացում |
Նախագծանախահաշվային և (կամ) նախահաշվային և մրցույթի արդյունքում ձևավորված գնի տարբերության նվազեցում |
Պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
Շարունակական | ||
1.4. Գնումների մասնագետների վերապատրաստման իրականացում լիազորված մարմնի կողմից |
Գնումների մասնագետների կողմից Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) ֆինանսների նախարարություն ուղղվող պարզաբանումների քանակի և խորհրդատվական բնույթ կրող հարցադրումների նվազում |
Շարունակական | |||
1.5. Դատավորների վերապատրաստում |
Բողոքարկման գործընթացով սահմանված ժամկետներում տեղեկացված որոշումների կայացում |
Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
Շարունակական | ||
1.6. Գործարարների վերապատրաստում |
Գնումների մասնակից կազմակերպությունների վերապատրաստում, այդ թվում` առցանց հարթակներում տեղեկատվական նյութերի և (կամ) հոլովակների տեղադրման միջոցով |
Պետական կառավարման համակարգի մարմիններ, «Էնթերփրայզ Արմենիա» (Enterprise Armenia)(համաձայնությամբ) |
Շարունակական | ||
1.7. Ղեկավար կազմի վերապատրաստում |
Պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հնարավորության դեպքում դրանց կառուցվածքում գործող առևտրային և ոչ առևտրային ընկերությունների ղեկավարներին և տեղակալներին գնումների գործընթացների կազմակերպման գործառույթներ իրականացնող միավորների իրավասությունների և պարտավորությունների հետ ծանոթացում, առցանց տեղեկատվության ստացման հնարավորությունների ներկայացում և գործընթացի ընթացքում ի հայտ եկող ռիսկերի կառավարման որակի բարձրացում |
Պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
Շարունակական | ||
2. |
Տեղեկատվու-թյան հասանելիու-թյան աճի ապահովում |
2.1. Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ՝ պատվիրատուների և մատակարարների համար |
Գնումների պաշտոնական տեղեկագրում առանձին բաժնով հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների հրապարակում՝ հաճախ հանդիպող խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության աճ |
Պետական կառավարման համակարգի մարմիններ, հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Շարունակական |
3. |
ՀՀ ֆինանսների նախարարու- թյան դերի համապատաս- խանեցում առկա պահանջներին |
3.1. Պետական կառավարման համակարգի մարմիններին խորհրդատվության տրամադրում՝ ռազմավարական նշանակություն ունեցող գնման ընթացակարգերի կազմակերպման դեպքում |
Մարմինների ղեկավարների տեղակալների համար տեղեկատվության հասանելիության բարձրացման արդյունքում որոշումների կայացման արագության բարձրացում՝ գնումների գործընթացի առավել բարձր կառավարելիություն |
Պետական կառավարման համակարգի մարմիններ |
Շարունակական |
3.2. Շուկաների ուսումնասիրություն՝ կրկնվող գնումների համար |
Առավել հաճախ իրականացվող 2 ապրանքատեսակի համար շուկայական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում գնումների պլանավորման որակի բարձրացում |
ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
Շարունակական | ||
3.3. Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում |
Մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ 1. ռիսկերի բացահայտում և կառավարում, 2. արդյունավետության բարձրացում |
ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, ՀՀ հաշվեքննիչ պալատ (համաձայնությամբ), ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ (համաձայնությամբ) |
Շարունակական | ||
3.4. Ակադեմիական կարողությունների ուղղորդում |
Գիտական մտքի ուղղորդում դեպի համակարգի խնդիրների բացահայտումը և նորարարական լուծումների հայտնաբերումը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Շարունակական | ||
3.5 ՀՀ կառավարության ծրագրից բխող միջոցառումների և կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցի պատրաստում՝ կիսամյակային |
ՀՀ կառավարության ծրագրից բխող միջոցառումների և կապիտալ ծրագրերի իրականացման նպատակով գնման գործընթացների կազմակերպման վերաբերյալ զեկույցի նախապատրաստման արդյունքում առավել տեսանելի կդառնան տվյալ միջոցառմանն առնչվող ռիսկերը |
Պետական կառավարման համակարգի մարմիններ |
Շարունակական | ||
4. |
Թվայնացում |
4.1. Թվային համակարգի տեխնիկական առաջադրանքի շրջանառություն և վերջնական հաստատում |
էլեկտրոնային գնումների ժամանակակից, լիարժեք, բոլոր բիզնես գործընթացները ներառող, գնումների համակարգին առնչվող այլ համակարգերի հետ ինտեգրված նոր ազգային համակարգի ստեղծում՝ դրա տիրույթում ներառելով բոլոր պատվիրատուներին։ Ընդ որում` համակարգը պետք է ներառի նաև հակամրցակցային համաձայնությունների հայտնաբերման և ապացուցման ավտոմատացված գործիքակազմ |
Պետական կառավարման համակարգի մարմիններ, Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, «ԷԿԵՆԳ» ՓԲԸ (համաձայնությամբ), Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (համաձայնությամբ) |
2022 թ. |
4.2. Թվային համակարգի մշակման մրցութային գործընթացի մեկնարկ |
2023 թ. | ||||
5. |
Ստանդարտաց ում և կանաչ գնումներ |
5.1. Կրկնվող գնումների ուղղորդող բնութագիրների սահմանում և պայմանագրի կառավարման ձեռնարկների մշակում |
Ուղղորդող բնութագրերի սահմանում՝ համապատասխան պայմանագրի կառավարման ձեռնարկներով։ Արդյունքում պայմանագրերի կառավարման որակի բարձրացում, կրկնվող գնումների համար մարդ/ժամերի ծախսի կրճատում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Շարունակական |
5.2. Կանաչ գնումների սկզբնական ուսումնասիրության իրականացում |
Կանաչ գնումների սահմանումների և արդյունքային չափանիշների ձևակերպման ու հստակեցման արդյունքում համակարգային քաղաքականության իրականացման հիմքի ստեղծում |
Համաշխարհային բանկ (համաձայնությամբ), Ասիական զարգացման բանկ (համաձայնությամբ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (համաձայնությամբ) |
Շարունակական | ||
6. |
Համակարգի շարունակական թիրախային բարելավումներ |
6.1. Կիսամյակային կտրվածքով գործարարների, հասարակական կազմակերպությունների և պատվիրատուների «խնդիրների, լուծումների և առաջարկությունների» զեկույցի պատրաստում |
Գնումների համակարգի համապատասխանեցում արդի պահանջներին |
Պետական կառավարման համակարգի մարմիններ |
Շարունակական |
6.2. Մեկ անձից գնումների իրականացման համակարգի բարելավում՝ պատասխանատվությամբ հակակշռված ճկունության աճ |
Համակարգի կանոնակարգված ճկունության մակարդակի բարձրացում՝ մարմինների ղեկավարների կողմից որոշումների կայացման լիազորությունների համապատասխանեցում պատասխանատվության մակարդակին |
2022 թ. | |||
6.3. Ապրանքների գնման դեպքում հստակ պայմաններով տեխնիկական առաջադրանքների կազմում |
Ապրանքների գնման դեպքում հղումներ օգտագործելիս պատվիրատուի կողմից որպես համարժեք ընդունելի համարվող ապրանքների ֆիրմային անվանումների, մոդելների և արտադրողների սահմանում |
2022 թ. | |||
6.4. Բացառել գների նվազեցման նպատակով բանակցությունների վարումը, բացառությամբ, եթե հայտ ներկայացրել է մեկ մասնակից |
Մրցույթների և գնանշումների իրականացման դեպքում գների նվազեցման նպատակով բանակցությունների վարման բացառում՝ առաջնային գնային առաջարկների արհեստական ուռճացումը և գների բացահայտումը կանխարգելելու համար |
2022 թ. | |||
6.5. Գիտության բնագավառում գիտական հանրույթին հատկացվող դրամաշնորհային գործընթացի կանոնակարգում |
Գիտության զարգացման նպատակով միջազգային գործընկերների կողմից գիտնականներին դրամաշնորհի ձևով հատկացվող միջոցների հաշվին ձեռքբերումների գործընթացի կանոնակարգում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, միջազգային գործընկերներ (համաձայնությամբ) |
2022 թ. | ||
6.6. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից հաստատված գնումների համակարգի գնահատման մեթոդաբանության (MAPS) հիման վրա գնումների համակարգի գնահատում |
Գնումների համակարգի գնահատում՝ իրավական համակարգի, ինստիտուցիոնալ կառավարման կարողությունների, շուկայի, թափանցիկության և պատասխանատվության ուղղություններով |
Պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
2023 թ. | ||
6.7. Գնման գործընթացի մասնակիցների վարկանշավորում |
Մասնակիցների վարկանիշավորման համակարգի ներդրում՝ հիմնված ոչ հայեցողական չափորոշիչների վրա |
Պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
2023 թ. | ||
6.8. Մասնակիցների ծանրաբեռնվածության հանգամանքով պայմանավորված գնման պայմանագրերի ձախողման ռիսկերի նվազեցում |
Գնման պայմանագրերի ձախողման դեպքերի ուսումնասիրության արդյունքներով մասնակիցների ծանրաբեռնվածությունը բացառող համակարգի ներդրում |
Պետական կառավարման համակարգի մարմիններ |
2023 թ. | ||
6.9. Գնումներում փողի դիմաց արժեքի ապահովման նպատակով ուսումնասիրությունների իրականացում |
Փողի դիմաց արժեքի ուսումնասիրությունների իրականացման արդյունքում գնումների համակարգի հետագա զարգացման թիրախների մշակման հիմքերի ստեղծում, գնումների պլանավորման և տեխնիկական առաջադրանքների մշակման որակի աճ |
Համաշխարհային բանկ (համաձայնությամբ), Ասիական զարգացման բանկ (համաձայնությամբ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (համաձայնությամբ) |
Շարունակական |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Բ. Բադալյան |
25.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2022 թվական: