ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2022 թվականի N 1329-Ն
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
24.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիօգոստոսի 24-ի N 1329-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման գործընթացներին առնչվող հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
1) արտադրող՝ սույն կարգի իմաստով ցանկացած լիցենզավորված իրավաբանական անձ, որը նախագծում և (կամ) արտադրում է տիեզերական տեխնիկա կամ օբյեկտ կամ ունի նախագծված և (կամ) արտադրված արտադրանք` սեփական անվանմամբ կամ իր ապրանքային նշանի անվանմամբ շուկայահանման նպատակով.
2) պատվիրատու՝ սույն կարգի իմաստով իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն արտադրողի հետ կնքված պայմանագրի հիման վրա տալիս է պատվեր՝ ստեղծված կամ մշակված տիեզերական տեխնիկան և (կամ) օբյեկտը ձեռք բերելու համար.
3) լիազոր մարմին՝ տիեզերական գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին:
2. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ
3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման գործընթացներն արտադրողի և պատվիրատուի միջև կարգավորվում են պայմանագրային հիմունքներով՝ պատվիրատուի կողմից ներկայացված տեխնիկական բնութագրերին համապատասխան:
4. Աշխատանքային յուրաքանչյուր փուլի ավարտից հետո պատվիրատուի և արտադրողի մասնակցությամբ կազմվում է կատարված աշխատանքների հանձնման-ընդունման ակտ:
5. Արտադրական գործընթացների ընդհանուր համակարգումն իրականացնում է նախագծող կազմակերպությունը:
6. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նախագծային փաստաթղթերով սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանությունը և պայմանագրային երաշխիքային ժամկետները շահագործման հանձնելու պարտադիր պայմաններն են:
7. Շահագործման ենթակա արտադրատեսակի հանձնման-ընդունման գործընթացն իրականացվում է պատվիրատուի և արտադրողի համատեղ կազմած արձանագրությամբ: Հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո արտադրողը եռօրյա ժամկետում պատվիրատուին է փոխանցում շահագործման անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի ամփոփ փաթեթը:
3. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման տեխնոլոգիական գործընթացները ներառում են տեխնոլոգիական ապահովման համակարգը (այսուհետ` տեխնոլոգիական համակարգ), որն օժանդակում է «հետազոտություն-նախագծում-արտադրություն» ցիկլի փուլերի փոխգործակցման արդյունավետ քայլերի ընտրությունը՝ ապահովելով նախագծման և արտադրության գործընթացներում որակի և հուսալիության պահանջվող չափանիշները:
9. Տեխնոլոգիական ապահովման համակարգը նախատեսում է՝
1) տեխնոլոգիական իրագործելիության կանխատեսում, հիմնավորում և գնահատում.
2) տեխնոլոգիական խնդիրների նպատակային լուծման նախադրյալների ապահովում՝ զարգացման պլանների, ուղղությունների կանխատեսում և իրագործում.
3) նախագծային և փորձակոնստրուկտորական տեխնոլոգիական առաջնահերթությունների ճշգրտում և սահմանում.
4) տիեզերական սարքաշինության անհրաժեշտ արտադրական բազայի և որակի ապահովում.
5) նախագծային, փորձակոնստրուկտորական, հետազոտական և արտադրական գործընթացների և ընթացակարգերի հաջորդական իրականացման արդյունքների համակարգված տեղեկատվական հենքի ձևավորվում:
10. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների մշակումն ու ստեղծումը ներառում են հետևյալ գործընթացները՝
1) տեխնիկական պայմանների (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների հստակեցում և համապատասխանեցում.
2) առաջադրված տեխնիկական պայմանների հիման վրա, փորձանմուշների (մոդելների) աշխատանքային տեխնիկական մասնագրերի կազմում, նախագծի իրագործելիության որոշում, էսքիզային և մանրամասն նախագծում, ռիսկերի կանխատեսում և գնահատում, տեխնոլոգիական գործընթացների մշակում և ճշգրտում.
3) տեխնիկական և կազմակերպչական հայեցակարգերի իրագործելիության գնահատում` արտադրության կազմակերպման ժամանակացույցի, շահագործման, պահպանման և ծախսերի հետ կապված սահմանափակումների սահմանում.
4) տիեզերական մեկնարկային համալիրների և ղեկավարման կենտրոնների նախագծում, կառուցում և տեխնոլոգիական սարքավորումներով կահավորում:
11. Նախագծակոնստրուկտորական աշխատանքները ներառում են՝
1) ծրագրի ժամանակացույցի մշակում.
2) անհրաժեշտ սարքավորումների, դրանց մատակարարների վերլուծություն և ընտրություն.
3) տիեզերական սարքաշինության տեխնիկական և կազմակերպչական իրագործելիության, անվտանգության, հուսալիության և ռիսկերի գնահատում.
4) օրենքով սահմանված կարգով տեխնիկատնտեսական և (կամ) ֆինանսատնտեսական հիմնավորման մշակում.
5) նախագծային և տեխնոլոգիական փաստաթղթերի մշակում, ներառյալ՝ տիեզերական սարքերի և բաղադրամասերի հավաքման, ինտեգրման և փորձարկման ժամանակացույցերը.
6) տեխնիկական պայմանների համաձայն նախագծակոնստրուկտորական աշխատանքների կատարման հաջորդականության հստակեցում.
7) մշակված տեխնիկական լուծումների՝ արտոնագրային և հեղինակային իրավունքների հետ համապատասխանության հիմնավորում.
8) տեխնիկական կանոնակարգերով սահմանված հիմնական տեխնիկական բնութագրերի և գործառնական ցուցանիշների հիմնավորում:
12. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման) և փորձարկման աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության ապահովման հիմնական պահանջների ու պայմանների պահպանումը պարտադիր է: Նման աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության ապահովման հիմնական պահանջներն ու պայմաններն են՝
1) տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման անվտանգության ապահովման միջոցառումների պլանավորումը, կազմակերպումը, պատասխանատվությունը և վերահսկումն իրականացնում են վերոնշյալ գործառույթներում ընդգրկված բոլոր պատասխանատու անձինք և կազմակերպությունների ղեկավարները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև այլ փաստաթղթերով նախատեսված անվտանգության պահանջների պարտադիր կատարմամբ կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան.
2) տեխնոլոգիական բոլոր փուլերի պատասխանատուներն իրենց իրավասության սահմաններում իրականացնում են անվտանգության նորմատիվ փաստաթղթերի և հրդեհային անվտանգության վերաբերյալ այլ ակտերի մշակման կազմակերպումը և հաստատումը.
3) տեխնոլոգիական գործընթացների բոլոր փուլերում ընդգրկված մասնակիցների կողմից սահմանված անվտանգության նորմերի և միջոցառումների անվերապահ և ճշգրիտ կատարումը.
4) բնակչության և շրջակա միջավայրի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում լիազոր մարմնին, պետական մարմիններին, կազմակերպություններին և քաղաքացիներին ժամանակին տեղեկացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
24.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|