Գլխավոր տեղեկություն
Համար
N 1313-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2022-21.10.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2022 թվականի N 1313-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (բացառությամբ Արարատի և Արմավիրի մարզպետների)՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ն ապահովել համայնքների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև աջակցության և մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարների տրամադրման պայմանագրերի կնքումը։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 11-ի N 1313-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է աշխարհաքաղաքական իրադրության, արտաքին սահմանափակումների, շրջանառու միջոցների թանկացման հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես՝ սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, տեղական արտադրության ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը, ցորենի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովմանը։

2. Ծրագիրը կիրականացվի 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում` բացառությամբ Արարատի և Արմավիրի մարզերի։

3. Ծրագրի մասնակիցներն են՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանները (այսուհետ՝ մարզպետարան).

3) Հայաստանի Հանրապետության համայնքները (այսուհետ՝ համայնք).

4) գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր (այսուհետ՝ շահառու)։

4. Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

5. Ծրագրի շրջանակում ցորենի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների կիրառման, սերմերի ախտահանված լինելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով նախարարությանը դիմած շահառուներին կտրամադրվի անվճար խորհրդատվություն։

6. Ծրագրի շրջանակում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ ցածրադիր շրջաններում, եղանակային պայմաններից կախված, մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակը:

7. Ծրագրի շրջանակում 1 հա-ի հաշվով աշնանացան ցորենի մշակության ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով գնահատվել են սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերը շուրջ 235,5 հազար դրամ։ 1 հա-ի հաշվով յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի՝

1) հավաստագրված, աղյուսակում ընդգրկված սորտերի էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում՝ 120,0 հազար դրամ (սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի հաշվով).

2) չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70,0 հազար դրամ (միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի հաշվով)։

8. Փոխհատուցման գումարը գնահատվել է սերմի, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի շուրջ 50 տոկոսը՝ պայմանավորված վերջիններիս ձեռքբերման գների աճով։

9. Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2022 թվականի հոկտեմբերի 15-ը դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) ցորենի ցանքատարածության տեղը, մակերեսը, սորտերը, բանկային հաշվեհամարը։

10. Դիմումին կից շահառուն ներկայացնում է նաև՝

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենը (պատճենները), պայմանագրային հիմունքներով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), կամ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ հողամասը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից հողամասի փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկատվություն)։

11. Համայնքի ղեկավարը դիմումը (նաև բնակավայրի վարչական ղեկավարին դիմած շահառուների դիմումները) ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է ծրագրի մասնակցության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր, որի օրինակելի ձևը մշակում և հաստատում է նախարարությունը և մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը հրապարակում նախարարության կայքում։ Պայմանագրում ամրագրվում է դրույթ՝ կատարվելիք ցանքի տարածքի մակերեսի վերաբերյալ), ստեղծում շահառուների բանկ:

12. Շահառուները ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը փոխհատուցում ստանալու նպատակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով ցորենի փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը և հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում՝ ներկայացնում նաև սերմերի հավաստագրերի պատճենները, սերմերի պարկերի պիտակների բնօրինակները, սերմերի հանձնման-ընդունման ակտը, որում պետք է պարտադիր նշված լինեն սերմերի սորտերը։ Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում շահառուն կհամարվի չհավաստագրված սերմերով ցանք կատարող։

13. Համայնքի ղեկավարը ծրագրի 12-րդ կետում նշված դիմումի և փաստաթղթերի (առկայության դեպքում) պատճենները 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մարզպետարան։

14. Համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով իրականացվում է համատարած մոնիթորինգ՝ ցորենի սերմերի ծլելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի մայիսի 1-ը։

15. Համայնքի ղեկավարը մոնիթորինգն իրականացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է իր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները և մոնիթորինգի դրական եզրակացությամբ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն՝ նախարարության կողմից մշակված ու հաստատված և մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը համայնքին և մարզպետարանին տրամադրված ձևաչափով։ Կից ներկայացվում է նաև յուրաքանչյուր շահառուի մոտ իրականացված մոնիթորինգի արձանագրությունը։

16. Մարզպետարանը, ցորենի սերմերի ծլելուց հետո, բայց ոչ ուշ, քան 2023 թվականի մայիսի 1-ը, ծրագրի 13-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա, իր կողմից սահմանված կարգով իրականացնում է ընտրանքային մոնիթորինգ, ընդ որում, մոնիթորինգի ընդգրկելիության նվազագույն շեմը պետք է կազմի մարզի շահառուների թվի առնվազն 15 %-ը։

17. Մարզպետարանը մինչև 2023 թվականի մայիսի 10-ն ամփոփում է իր կողմից իրականացված ընտրանքային մոնիթորինգի արդյունքները և ներկայացնում է նախարարություն՝ ծրագրի 15-րդ կետով նախատեսված ձևաչափով։

18. Նախարարությունն ամփոփում է ծրագրի 15-րդ կետով նշված տեղեկատվությունը և մոնիթորինգի արձանագրությունները՝ դրանք ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում, և փոխհատուցման համար նախատեսված գումարները փոխանցում համայնքների հաշվեհամարներին։

19. Համայնքները ծրագրի 18-րդ կետով նախատեսված գումարները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում են շահառուների բանկային հաշվեհամարներին և 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն են ներկայացնում վճարման ցուցակները և վճարումները հավաստող փաստաթղթերը։

20. Ծրագրի 17-րդ կետին համապատասխան ներկայացված մոնիթորինգի բացասական արդյունքների առկայության դեպքում (ծրագրի պայմանների կամ 11-րդ կետում նշված պայմանագրի դրույթների խախտում), տվյալ պայմանագրի (պայմանագրերի) շրջանակում փոխհատուցման գումար չի տրամադրվում, իսկ տրամադրված լինելու դեպքում նախարարության կողմից համայնքին ներկայացվում է պետական բյուջե հետվերադարձման պահանջ շահառուին փոխհատուցված և մոնիթորինգի համար համայնքին տրամադրված գումարների մասով։ Ընդ որում, մոնիթորինգի համար տրամադրված գումարը հետվերադարձման ենթակա է տվյալ շահառուին փոխհատուցված գումարի ծրագրի 22-րդ կետում նշված տոկոսային կետերի չափերին համամասնորեն։ Հետվերադարձման պահանջ ներկայացվելու դեպքում շահառուի և համայնքի կողմից 1-ամսյա ժամկետում գումարները չվճարելու պարագայում այն գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

21. Նախարարությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ն ուսումնասիրում է համայնքների կողմից ծրագրի 19-րդ կետով ներկայացված փաստաթղթերը, և անճշտությունների առկայության դեպքում համայնքներին առաջարկվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում կատարել համապատասխան ճշգրտումներ ու տեղեկատվություն ներկայացնել նախարարություն։ Ճշգրտումից հետո շահառուներին չփոխանցված գումարները 1-ամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։

22. Նախարարությունը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 15-ը մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարները (մինչև 5000 հա-ի մոնիթորինգի դեպքում փոխհատուցված գումարի 3%-ի չափով, իսկ 5000 հա-ից ավելի դեպքում՝ փոխհատուցված գումարի 5%-ի չափով) փոխանցում է համայնքների հաշվեհամարներին։

23. Համայնքները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը նախարարություն են ներկայացնում ամփոփ հաշվետվություն՝ ծրագրի շրջանակում կատարված աշնանացան ցորենի ցանքատարածքների, միջին բերքատվության և համախառն բերքի վերաբերյալ։

24. Ծրագրի հնարավոր ռիսկերն են՝

1) շրջանառու միջոցների գների թանկացումները.

2) եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բերքի կորուստը.

3) չհավաստագրված սերմերի ցածր որակը.

4) սերմերի ծլունակության անբավարար մակարդակը.

5) փոխարժեքի զգալի տատանումները։

25. Ծրագրի ռիսկերի մեղմմանն են ուղղված 1 հա-ի հաշվով ծախսերի մասնակի փոխհատուցումը, ցորենի ցանքատարածությունների ապահովագրության հնարավորությունը։

26. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ծրագրի բյուջեն կկազմի շուրջ 6,8 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք են հանդիսացել ծրագրով նախատեսված 75,0 հազար հա (25,0 հազար հա-ը հավաստագրված սերմերով ցանքի իրականացում, իսկ 50,0 հազար հա-ը՝ չհավաստագրված սերմերով) աշնանացան ցորենի հաշվով փոխհատուցման և համայնքներին մոնիթորինգի իրականացման համար տրվող գումարները (հաշվարկվել է փոխհատուցվող գումարի 4,0 %-ը` շուրջ 260,0 մլն դրամ): 2022 թվականի համար ծրագրի բյուջեն գնահատվել է 3,9 մլրդ դրամ, իսկ 2023 թվականի համար՝ 2,9 մլրդ դրամ։

27. Ծրագրի իրականացումից ակնկալվում է շուրջ 75,0 հազար հա աշնանացան ցորենի ցանքի իրականացում, նոր հողատարածքների շրջանառության մեջ ներգրավում, ինչպես նաև շուրջ 25 %-ով ցորենի համախառն բերքի ավելացում։

 

Աղյուսակ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՓԱՓՈՒԿ ՑՈՐԵՆԻ ՍՈՐՏԵՐԻ

 

1.

Ախթամար

Akhtamar

Ахтамар

2.

Ալեկսեիչ

Alekseich

Алексеич

3.

Ամալիա

Amalia

Амалия

4.

Անի 326

Ani 326

Ани 326

5.

Արա

Ara

Ара

6.

Արագած

Aragats

Арагац

7.

Արայ

Aray

Арай

8.

Արեգակ

Aregak

Арегак

9.

Արմիկ

Armik

Армик

10.

Արմյանկա 60

Armyanka 60

Армянка 60

11.

ԱՐՄՍԻՄ

ARMSIM

АРМСИМ

12.

Բատկո

Batko

Батько

13.

Բեզոստայա 1

Bezostaya 1

Безостая 1

14.

Բեզոստայա 100

Bezostaya 100

Безостая 100

15.

ԳԱԽ 5

GAKH 5

ГАХ 5

16.

Գռացիա

Gracia

Грация

17.

Գռոմ

Grom

Гром

18.

ԳՍԿ-95

GSK-95

ГСК-95

19.

Գրաֆ

Graf

Граф

20.

Դավիթ 1

Davit 1

Давид 1

21.

Դոնսկոյ սյուրպրիզ

Donskoy syurpriz

Донской сюрприз

22.

Դվին

Dvin

Двин

23.

ԵԳԿ 90

EGK 90

ЕГК 90

24.

Եսաուլ

Esaul

Есаул

25.

Էլթան

Eltan

Элтан

26.

Էջմիածին-2700

Ejmiatsin-2700

Эчмиадзин-2700

27.

Լալվարի 10

Lalvari 10

Лалвари 10

28.

Լեբեդ

Lebed

Лебедь

29.

Լենինականի 5

Leninakani 5

Ленинакани 5

30.

Կարավան

Karavan

Караван

31.

Կոլլեգա

Collega

Коллега

32.

Կոտայք

Kotayk

Котайк

33.

Հայասա

Hayasa

Айаса

34.

Մակար

Makar

Макар

35.

Մերձավանի 149

Merdzavani 149

Мердзавани 149

36.

Միրլեբեն

Mirleben

Мирлебен

37.

Մոսկվիչ

Moskvich

Москвич

38.

Յուբիլեյնայա 100

Yubileynaya 100

Юбилейная 100

39.

Յուկա

Yuka

Юка

40.

Նաիրի 68

Nairi 68

Наири 68

41.

Նեմրութ

Nemrut

Немрут

42.

Նժդեհ

Nzhdeh

Нжде

43.

Նիրսա

Nirsa

Нирса

44.

Նոտա

Nota

Нота

45.

Ոսկեհասկ

Voskehask

Воскеаск

46.

Պրիկումսկայա 140

Prikumskaya 140

Прикумская 140

47.

Ռիմա

Rima

Рима

48.

Ռոստովչանկա-5

Rostovchanka-5

Ростовчанка-5

49.

Սաթենի 22

Sateni 22

Сатени 22

50.

Սթիվենս

Stevens

Стивенс

51.

Սիլա

Sila

Сила

52.

Ստեպ

Step

Степ

53.

Սյունիք

Syunik

Сюник

54.

Վ-301

W-301

В-301

55.

Վան

Van

Ван

56.

Վասսա

Vassa

Васса

57.

Վարս

Vars

Варс

58.

Վեսթոն

Weston

Вестон

59.

Վելենա

Velena

Велена

60.

Վիկտորիա

Victoria

Виктория

61.

Տաթև

Tatev

Татев

62.

Տանաիս

Tanais

Танаис

63.

Տանյա

Tanya

Таня

64.

Տարոն

Taron

Тарон

65.

Քրիստինե

Christine

Кристине

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

23.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական: