Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0408/02/09

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0408/02/09

Նախագահող դատավոր՝  ՆՄարգարյան

Դատավորներ՝

 Մ Հարթենյան

 Ա Մխիթարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի մայիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական քաղաքական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20052020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աննա և Գալինա Խաչատրյանների ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի Վ.Սուրենյանց թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռոստոմ Բուռնազյանի ընդդեմ Աննա և Գալինա Խաչատրյանների, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աննա և Գալինա Խաչատրյանները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևան քաղաքի Սուրենյանց 9 հասցեում գտնվող ժառանգական գույքի նկատմամբ և պարտավորեցնել պատասխանող Ռոստոմ Բուռնազյանին չխոչընդոտել` Երևան քաղաքի Սուրենյանց 9 հասցեում գտնվող ժառանգական գույքի նկատմամբ հայցվորների իրավունքների պետական գրանցման աշխատանքներին։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ռուստամ Բուռնազյանը պահանջել է Երևան քաղաքի Սուրենյանց 9 հասցեի տարածքը ճանաչել տիրազուրկ ու ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչել Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը ք. Երևան, Վ. Սուրենյանց փողոց 9 հասցեում գտնվող 189քմ հողի և դրա վրա գտնվող 98քմ շինության նկատմամբ։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ Ավետիսյան) 19052009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն Բարսեղյան, դատավորներ՝ Ն Հովսեփյան, Ա Մկրտչյան) 24122009 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19052009 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25062010 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24122009 թվականի որոշումը և գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ Ներսիսյան) 02082012 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Լ Գրիգորյան, դատավորներ՝ Գ Մատինյան, Ա Թումանյան) 22112012 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի, Աննա և Գալինա Խաչատրյանների վերաքննիչ բողոքները մերժվել են և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02082012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ Ներսիսյան) 01082013 թվականի որոշմամբ որոշվել է «Պարզաբանել 02.08.2013թ. վճիռը և վճիռը ու եզրափակիչ մասը պարզաբանել առ այն որ Ռոստոմ Բուռնազյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Աննա Խաչատրյանի, Գալինա Խաչատրյանի, 3-րդ անձ՝ Երևանի քաղաքապետարանի՝ ձեռք բերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին բավարարվել է՝ այն է ք. Երևան, Վ. Սուրենյանց փող. հ. 9 հասցեի տարածքը ճանաչել տիրազուրկ ու ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչել Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը ք. Երևան, Վ. Սուրենյանց փող. հ. 9 հասցեում գտնվող 189 քմ հողի և դրա վրա գտնվող 68,3քմ և 6քմ շինության նկատմամբ»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20052020 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 02082012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Կազմակերպությունը (ներկայացուցիչ Վահե Սեդրակյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռոստոմ Բուռնազյանը (ներկայացուցիչ Անետա Սարգսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես Վերաքննիչ դատարան ներկայացված ապացույցներով հաստատվում է, որ քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Մ.Մկրտչյան փողոց թիվ 12/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Կազմակերպության սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեի 0.05462 հա հողամասի նկատմամբ գրանցված է վերջինիս վարձակալության իրավունքը՝ անորոշ ժամկետով։ Իսկ վիճարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանը, որպես բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ, հաստատված է համարել, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանման 03.05.2019 թվականի գրության համաձայն՝ քաղաք Երևան, Վ.Սուրենյանց փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 189քմ հողամասը 0,0008 հա (8քմ) մասով համադրվում է Կազմակերպության անվամբ վարձակալության իրավունքով գրանցված քաղաք Երևան, Մ.Մկրտչյան 12/1 հասցեի 0,05462 հա հողամասի հետ։ Այսինքն՝ ստորադաս դատարանը հաստատված է համարել, որ գործով հակընդդեմ հայցվոր Ռոստոմ Բուռնազյանի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականությունը ճանաչված քաղաք Երևան, Վ.Սուրենյանց փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 189 քմ հողամասը 0,0008 հա (8քմ) մասով համադրվում է գործին մասնակից չդարձված անձին վարձակալության իրավունքով պատկանող քաղաք Երևան, Մ.Մկրտչյան 12/1 հասցեի 0,05462 հա հողամասի հետ։

Ընդ որում, գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ վերը նշված հիմքով ՀՀ կադաստրի կոմիտեն իր 27.11.2018 թվականի թիվ Կ-22/11/2018-1-0239 որոշմամբ կասեցրել է Ռոստոմ Բուռնազյանի՝ սույն գործով կայացված վճռից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելը։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ կայացված վճիռը չի շոշափում բողոքաբերի իրավունքներն ու պարտականությունները, հետևաբար՝ այն ենթակա է մերժման։

Ավելին, Վերաքննիչ դատարանն իրավական հիմքեր վկայակոչելիս մի կողմից նշել է «շոշափել», «ազդել» եզրույթները, իսկ մյուս կողմից, որպես մերժման հիմնավորում նշել է այն հանգամանքը, որ բողոքաբերն այդպես էլ չի հիմնավորել իր համար անբարենպաստ հետևանքների առաջացման հանգամանքը: Բողոք բերած անձը նշել է, որ օրենսդիրը սահմանել է բացառապես «ազդել» հավաքական եզրույթը, որն ավելի ընդգրկուն է և որոշակի դեպքերում դատական ակտը կարող է շոշափել անձի իրավունքները և պարտականությունները կամ ազդել իրավունքների և պարտականությունների վրա, սակայն հնարավոր է դատական ակտի կայացմամբ անմիջական անբարենպաստ հետևանքներ չառաջանան: Այս դեպքում Վերաքննիչ դատարանը բողոքաբերի վրա դրել է ապացուցման պարտականություն, որը վերջինս չուներ:

Այսպես Վերաքննիչ դատարանը, մերժելով Դատարանի 02.08.2012 թվականի թիվ ԵԿԴ/0408/02/09 վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձի բողոքը, անփոփոխ է թողել բողոքաբերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված դատական ակտը՝ զրկելով վերջինիս իր իրավունքներին առնչվող դատական գործի քննությանը մասնակից դառնալու և իր շահերը պաշտպանելու հնարավորությունից։ Արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության բողոքաբերի հիմնարար իրավունքը, ինչը հանգեցնելու է նաև Բողոքաբերի՝ վարձակալության իրավունքով իրեն պատկանող հողամասն օրենքով և պայմանագրով սահմանված կարգով օգտագործելու իրավունքի սահմանափակման։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20052020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Այսպես, բողոքաբերը պարտավոր է հիմնավորել և ներկայացնել բավարար ապացույցներ, թե սույն գործով 02.08.2012 թվականին կայացրած վճիռը իր որ իրավունքներին և պարտականություններին է վերաբերել կամ այդ դատական ակտը իր որ իրավունքների և պարտականությունների վրա է ազդել և այդ ազդեցությունն ինչ կերպ է դրսևորվել:

Բողոքաբերը Մ. Մկրտչյան 12/1 հասցեի հողատարածքն օգտագործում է վարձակալության հիմունքներով, վարձատու է հանդիսացել Երևան համայնքը: Բողոքաբերի այն դիտարկումը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածը կիրառելի չէ սույն գործով և բողոքաբերին վարձակալության հանձնված հողամասի սեփականատիրոջ փոփոխության մասին խոսք լինել չի կարող, բացարձակապես անհիմն և անտրամաբանական է: Բողոքաբերի և Երևան համայնքի միջև հողի վարձակալության պայմանագիր է կնքվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված վարձակալության մասին դրույթների հիման վրա, այդ ինչից ելնելով է այժմ բողոքաբերը հայտնում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածը չի կարող կիրառելի լինել այժմ: Եթե բողոքաբերը դիտարկում է, որ այնուամենայնիվ վարչարարական իրավակարգավորումներ կարող են կիրառվել, ապա պետք է նշեր, թե որ օրենքի կամ օրենսգրքի նորմերով կարող են կարգավորվել, մինչդեռ, բողոքաբերը վերացական շարադրանքով հայտարարում է, որ չի կարող կիրառելի լինել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածը: Բողոքաբերը չի հիմնավորել նաև, թե սույն գործով 02.08.2012 թվականի վճռի առկայությունն ինչպես է շոշափել կամ ազդել իր իրավունքների և պարտականությունների վրա և ինչպիսի անբարենպաստ հետևանք է առաջացրել իր համար: Այսպիսով, բողոքաբերը բողոք է ներկայացրել այն դատական ակտի դեմ, որը չի վերաբերում իր իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է թիվ ԵԿԴ/0408/02/09 գործով 02.08.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա իրավունքի պետական գրանցման կասեցումների ՀՀ կադաստրի կոմիտեի որոշումներին, ապա դրանք չեն կարող հիմնավորել բողոքաբերի պահանջը, քանի որ այդ կասեցումների օրինականությունը այս պահին վիճարկվում են ՀՀ վարչական դատարանում:

Սույն գործի փաստերից և ապացույցներից ակնհայտ է, որ բողոքարկվող դատական ակտը վերաբերում է Երևան քաղաք, Վ. Սուրենյանց 9 հասցեի անշարժ գույքին հողին և շինությանը, որը ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչվել է Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը, իսկ բողոքաբերը բողոք է ներկայացրել Երևան քաղաք, Մ. Մկրտչյան 12/1 հասցեում գտնվող հողի վերաբերյալ, որի նկատմամբ ունի վարձակալության իրավունք, թեև բողոքաբերը չի ներկայացրել հողի վարձակալության պայմանագիրը:

Բողոքաբերը վերաքննիչ բողոքով չէր հիմնավորել, թե սույն գործով 02.08.2012 թվականի դատական ակտի որ մասն է անբարենպաստ իր համար, իր որ իրավունքն է խախտվել կամ ոչ համաչափ պարտականություն է սահմանվել իր համար, ուստի Վերաքննիչ դատարանի 20.05.2020 թվականի թիվ ԵԿԴ/0408/02/09 որոշումն օրինական է և ենթակա չէ բեկանման: Բողոքաբերը զրկված չէ իր իրավունքների և շահերի պաշտպանության իրականացումն ապահովել վարչական դատարանում, քանի որ սույն գործով 02.08.2012 թվականի վճիռը չի վերաբերում բողոքաբերի շահերին: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը չի գրանցվում 2012 թվականից և կարծես թե արդարադատությունը և անձի սեփականության իրավունքը կրում է դեկլարատիվ բնույթ, որը հանգեցնում է արդարադատության բուն էության խաթարման՝ անհիմն բողոքարկումների արդյունքում: Բողոքաբերն անհիմն վեճ է առաջացրել, 02.08.2012 թվականի վճիռը որևէ առումով չի վերաբերում իր իրավունքներին և պարտականություններին, եթե ՀՀ կադաստրի կոմիտեն անհիմն կասեցնում է իրավունքի գրանցումը և այդ կասեցումների որոշումների օրինականությունը այժմ վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում, դա դեռևս չի հիմնավորում, որ բողոքաբերի ինչ-որ իրավունք է խախտվել։

 

Վերոգրյալի հիման վրա բողոքի պատասխան բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի 20052020 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը մերժել ամբողջությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 02.08.2012 թվականի թիվ ԵԿԴ/0408/02/09 վճռով Դատարանը ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել է Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը քաղաք Երևան. Վ. Սուրենյանց փող. 9 հասցեում գտնվող 189քմ հողի և դրա վրա գտնվող 68.3քմ շինության նկատմամբ (հատոր 3-րդ գթ115-124):

2) Ռոստոմ Բուռնազյանը նշված վճիռը 12072013 թվականին ներկայացրել է վճռից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու համար (հատոր 5-րդ գթ46):

3) ՀՀ կադաստրի կոմիտեի 27.11.2018 թվականի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-22/11/2018-1-0239 որոշման համաձայն՝ կրկին անգամ հայտնել են, որ անհրաժեշտ է ներկայացնել ԵԿԴ/0408/02/09 2012 թվականի վճռում նշված քաղաքաշինություն ՓԲԸ-ի կողմից տրամադրված 17.03.2011 թվականի ճշտված՝ դատարանի կողմից սահմանված կարգով վավերացված հատակագիծը:

1- Համադրվում է Մ.Մկրտչյան 12/1 (վկայական 1527019) հասցեի վարձակալությամբ գրանցված հողամասի հետ: 2- համադրվում է Սուրենյանց 9 (վկ. 2042109) հասցեի վարձակալությամբ գրանցված հողամասի հետ (27.11.2018 թվականի Կ-22/11/2018-1-0239 որոշման պատճենը) (հատոր 5-րդ գթ47):

4) ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Ա.Պետրոսյանի 03.05.2019 թվականի գրության համաձայն՝ հայտնվել է, որ ներկայացված հողամասը 0,0008 հա (այսինքն 8քմ) մասով համադրվում է նաև Կազմակերպության անվամբ վարձակալության իրավունքով գրանցված Մ.Մկրտչյան 12/1 հասցեի 0,05462 հա հողամասի հետ (տես՝ 03.05.2019 թվականի գրության պատճենը) (հատոր 5-րդ գթ49):

5) ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը 17.04.2019 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանին ուղղված գրությամբ հայտնել է, որ բարձրացված հարցերի պարզաբանման նպատակով անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում տալ մանրամասն տեղեկատվություն հետևյալի մասին՝ 19.03.2019 թվականի 15/03/2019-2-0271 կասեցման որոշմամբ նշված Երևան քաղաքի Մ.Մկրտչյան 12/1 (վկայական 1527019) և Վ.Սուրենյանց 9 (վկ. 2042109) հասցեների հողակտորները կադաստրային քարտեզում տեղադրված են արդյոք ըստ կադաստրային գործերում առկա տվյալներով, թե ոչ, ինչպես նաև հայտնել հնարավոր է արդյոք նշված տարածքի հողակտորը, ըստ կադաստրային գործերում առկա տվյալներով տեղադրել կադաստրային քարտեզի վրա այնպես, որ համադրման հարց չառաջանա, իսկ եթե հնարավոր չէ՝ ապա տրամադրել համադրման սխեման, որում նշված լինեն համադրվող մասերի մակերեսները (տես՝ 17.04.2019 թվականի գրության պատճենը) (հատոր 5-րդ գթ48):

6) Կադաստրային գործում առկա համադրման սխեմաների համաձայն՝ թիվ ԵԿԴ/0408/02/09 վճռի հիմքում ընկած չափագրման արդյունքում առկա կոորդինատներով և հատակագծով հողամասը էլեկտրոնային քարտեզում տեղադրելիս ակնհայտ է, որ առաջանում է համադրում բողոքաբերին սեփականության իրավունքով պատկանող շինությամբ ծանրաբեռնված և վարձակալած հողամասի հետ (տես՝ համադրման սխեմաների պատճենները) (հատոր 5-րդ գթ50-51):

7) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից 23.05.2005 թվականին տրված թիվ 1527019 սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Մ.Մկրտչյան փողոց թիվ 12/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական քաղաքական կազմակերպության սեփականության իրավունքը, իսկ հողամասի տվյալները բաժնում հողամասի չափը նշված է 0.05462 հա, իսկ իրավունքի տեսակը՝ անորոշ ժամանակով վարձակալություն (տես՝ սեփականության իրավունքի վկայականի պատճենը) (հատոր 5-րդ գթ57-61):

8) Ռոստոմ Բուռնազյանի կողմից 10.07.2019 թվականին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու 19.03.2019 թվականի թիվ Կ-15/03/2019-2-0271 որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 07.05.2019 թվականի ԼՄ/3403-19 և 24.06.2019 թվականի ԼՄ/4699-19 որոշումները վերացնելու և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով 02.08.2012 թվականի վճռի հիման վրա Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Վ. Սուրենյանց փող., 9 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որը ՀՀ վարչական դատարանի կողմից 17072019 թվականին ընդունվել է վարույթ (հիմք` «court.am» պաշտոնական կայք)։ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 22102019 թվականին ՀՀ վարչական դատարան է ներկայացվել միջնորդություն՝ սույն գործով, որպես երրորդ անձ Գեղամ Ղուկասյանին և Կազմակերպությանը ներգրավելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի 25102019 թվականի թիվ ՎԴ/5348/05/19 որոշմամբ բավարարվել է՝ Գեղամ Ղուկասյանը ինչպես նաև Կազմակերպությունը ներգրավել են թիվ ՎԴ/5348/05/19 գործով դատավարության մեջ՝ որպես երրորդ անձ (հատոր 5-րդ գթ63-64):

9) Ի պատասխան բողոքաբերի դիմումի 20.12.2019 թվականին նաև տրամադրվել են կադաստրային գործի պատճենները, որից հետո Բողոքաբերը տեղեկացել է իր իրավունքների վերաբերյալ կայացված դատական ակտի մասին (տես՝ տեղեկանքի պատճենը) (հատոր 5-րդ գթ67):

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք սույն գործով կայացված ստորադաս դատարանի վճիռը, հիմք ընդունելով սույն գործի փաստերը, վերաբերում է գործին մասնակից չդարձված անձ Կազմակերպության իրավունքներին և պարտականություններին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում ու բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին.

Վերը նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ի թիվս այլնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք սահմանել է նաև այն դատական ակտի բեկանումը, որն ազդել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա: Ընդ որում, որպես ընդհանուր կանոնից բացառություն օրենսդիրը նախատեսել է այն դեպքը, երբ դատարանը գործի քննության մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն վերջինս չի ցանկացել ներգրավվել այդ գործին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը սահմանելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ըստ էության առանձնացրել է այնպիսի դատավարական սխալները, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը կապված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտն էլ չի կարող լինել օրինական և հիմնավորված:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված խախտումները վերաբերում են ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը՝ անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո՝ գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում: Նշված պատճառաբանությամբ էլ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման անվերապահ որևէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը:

Ըստ այդմ էլ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն անմիջականորեն առնչվում է գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին և պարտականություններին ու այդ փաստն ապացուցված է համարվում վերաքննիչ դատարանի կողմից, ապա վերջինս օրենքով նախատեսված կարգով պարտավոր է բեկանել դատական ակտը:

Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգման արդյունավետ միջոցների հնարավորություն:

Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին), որպես կանոն բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների և պարտականությունների վրա: Այլ կերպ ասած, դատական ակտը վերաբերում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին ոչ միայն այն դեպքում, երբ դատական ակտով անմիջականորեն շոշափվում են այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները, այլև՝ երբ խոչընդոտներ են ստեղծվում նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունն ըստ էության կոչված է ապահովելու դատական պաշտպանություն հայցած ինչպես գործին մասնակցած, այնպես էլ գործին մասնակից չդարձած անձանց նյութական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ այդմ էլ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը (տե՛ս, նաև ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ գործին մասնակից չդարձված անձանց` դատական ակտը բողոքարկելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ և կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ տվյալ դատական ակտով անմիջականորեն խախտվում են գործին մասնակից չդարձված անձի իրավունքները, այսինքն՝ այն ժամանակ, երբ դատական ակտն ուղղակի առնչվում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին (տե՛ս, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Ա/Ձ Աշոտ Սարիբեկյանի թիվ ԱՐԴ/0017/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցին, ապա այն պետք է գնահատման առարկա դարձվի և պարզվի ՀՀ վերաքննիչ դատարանում` գործի քննության փուլում (տե՛ս, Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանն ընդդեմ Անահիտ և Միքայել Կուրղինյանների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 02082012 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ թիվ ԵԿԴ/0408/02/09 վճռով Դատարանը ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել է Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը քաղաք Երևան, Վ. Սուրենյանց փողոց 9 հասցեում գտնվող 189 քմ հողի և դրա վրա գտնվող 68.3քմ շինության նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը 20052020 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 02082012 թվականի վճիռը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «սույն պարագայում, բողոքաբերը չի հիմնավորել, թե բողոքարկվող դատական ակտն ինչպես է ազդել իր՝ վարձակալության իրավունքի վրա և ինչ անբարենպաստ հետևանքներ է առաջացրել: Ընդ որում, Բողոքաբերը հարց է բարձրացնում վերաքննիչ բողոքում առ այն, որ կայացված վճիռն իր իրավունքներին է առնչվում այնքանով, որքանով` Ռուբեն Բուռնազյանի սեփականությունը ճանաչված հողատարածքը և բողոքաբերի վարձակալած հողատարածքը համադրվում են 8քմ չափով, այն դեպքում, երբ, խոսքը վերաբերում է բողոքաբերի՝ այլ անձի սեփականությունը հանդիսացող հողատարածքի մասի նկատմամբ վարձակալության իրավունքին, որպիսի իրավունքը, սեփականատիրոջ հնարավոր փոփոխության դեպքում պաշտպանված է օրենքով։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածով սահմանված է, որ վարձակալության հանձնված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, ուստի՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոքարկվող դատական ակտը չի կայացվել բողոքաբերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (․․․)»:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Կազմակերպությունը չի հիմնավորել, թե բողոքարկվող դատական ակտն ինչպես է ազդել իր՝ վարձակալության իրավունքի վրա և ինչ անբարենպաստ հետևանքներ է առաջացրել, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է Կազմակերպության կողմից ներկայացված վերոնշյալ ապացույցները, որոնք Դատարան չեն ներկայացվել այն պատճառով, որ Կազմակերպությունը մասնակից չի դարձել գործի քննությանը, իսկ ներկայացված ապացույցներով հաստատվում է Կազմակերպության անվամբ վարձակալության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Մ.Մկրտչյան 12/1 (վկայական 1527019) և Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքով պատկանող քաղաք Երևան. Վ. Սուրենյանց փող. 9 հասցեում գտնվող 189քմ հողի (վկ. 2042109) հասցեների հողամասի 0,0008 հա (այսինքն 8քմ) մասով համադրման փաստը, ինչն էլ հիմնավոր է դարձնում բողոք բերողի փաստարկները՝ վճիռն իր իրավունքներին և պարտականություններին առնչվելու վերաբերյալ։

Տվյալ դեպքում հայցը հարուցված չէ վարձակալությամբ տրամադրված հողամասի սեփականատիրոջ դեմ, նա որևէ կարգավիճակով գործին մասնակից չի դարձվել, սակայն վճիռն ազդում է հողամասի վարձակալի իրավունքների վրա, քանի որ նրա զբաղեցրած հողամասից 8քմ մակերեսով մասը սեփականության իրավունքով այլ անձի տրամադրելով, այդ չափով նվազեցնում է վարձակալի կողմից օգտագործվող հողամասի մակերեսը։

 

Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կայացված դատական ակտը ուղղակիորեն վերաբերում է Կազմակերպության իրավունքներին, ուստիև վերջինս պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 02082012 թվականի վճռի` գործին մասնակից չդարձած անձ Կազմակերպության իրավունքների և պարտականությունների վրա ազդեցության առկայության պայմաններում Դատարանի 02082012 թվականի վճիռը բոլոր դեպքերում ենթակա էր բեկանման։

 

Ավելին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերը նշված խախտումը վերաբերում է ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (մրցակցային դատավարություն), ուստի դրա առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու իրողությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20052020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով 27.05.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

27.05.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) 27.05.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Աննա և Գալինա Խաչատրյանների ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի Վ. Սուրենյանց թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռոստոմ Բուռնազյանի ընդդեմ Աննա և Գալինա Խաչատրյանների, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2020 թվականի որոշման դեմ գործին մասնակից չդարձված անձ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական քաղաքական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը՝ ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Միքայելյանս, Ռ. Հակոբյանս, Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աննա և Գալինա Խաչատրյանները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևան քաղաքի Սուրենյանց 9 հասցեում գտնվող ժառանգական գույքի նկատմամբ և պարտավորեցնել պատասխանող Ռոստոմ Բուռնազյանին չխոչընդոտել` Երևան քաղաքի Սուրենյանց 9 հասցեում գտնվող ժառանգական գույքի նկատմամբ հայցվորների իրավունքների պետական գրանցման աշխատանքներին։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ռուստամ Բուռնազյանը պահանջել է Երևան քաղաքի Սուրենյանց 9 հասցեի տարածքը ճանաչել տիրազուրկ ու ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը ք. Երևան, Վ. Սուրենյանց փողոց 9 հասցեում գտնվող 189քմ հողի և դրա վրա գտնվող 98քմ շինության նկատմամբ։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ Ավետիսյան) 19052009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն Բարսեղյան, դատավորներ՝ Ն Հովսեփյան, Ա Մկրտչյան) 24122009 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19052009 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25062010 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24122009 թվականի որոշումը և գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ Ներսիսյան) 02082012 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Լ Գրիգորյան, դատավորներ՝ Գ Մատինյան, Ա Թումանյան) 22112012 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի, Աննա և Գալինա Խաչատրյանների վերաքննիչ բողոքները մերժվել են և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02082012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ Ներսիսյան) 01082013 թվականի որոշմամբ որոշվել է «Պարզաբանել 02.08.2013թ. վճիռը և վճիռը ու եզրափակիչ մասը պարզաբանել առ այն որ Ռոստոմ Բուռնազյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Աննա Խաչատրյանի, Գալինա Խաչատրյանի, 3-րդ անձ՝ Երևանի քաղաքապետարանի՝ ձեռք բերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին բավարարվել է՝ այն է ք. Երևան, Վ. Սուրենյանց փող. հ. 9 հասցեի տարածքը ճանաչել տիրազուրկ ու ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչել Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը ք. Երևան, Վ. Սուրենյանց փող. հ. 9 հասցեում գտնվող 189 քմ հողի և դրա վրա գտնվող 68,3քմ և 6քմ շինության նկատմամբ»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20052020 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 02082012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Կազմակերպությունը (ներկայացուցիչ Վահե Սեդրակյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռոստոմ Բուռնազյանը (ներկայացուցիչ` Անետա Սարգսյան):

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես Վերաքննիչ դատարան ներկայացված ապացույցներով հաստատվում է, որ քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Մ. Մկրտչյան փողոց թիվ 12/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Կազմակերպության սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեի 0.05462 հա հողամասի նկատմամբ գրանցված է վերջինիս վարձակալության իրավունքը՝ անորոշ ժամկետով։ Իսկ վիճարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանը, որպես բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ, հաստատված է համարել, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանման 03.05.2019 թվականի գրության համաձայն՝ քաղաք Երևան, Վ.Սուրենյանց փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 189քմ հողամասը 0,0008 հա (8քմ) մասով համադրվում է Կազմակերպության անվամբ վարձակալության իրավունքով գրանցված քաղաք Երևան, Մ. Մկրտչյան 12/1 հասցեի 0,05462 հա հողամասի հետ։ Այսինքն՝ ստորադաս դատարանը հաստատված է համարել, որ գործով հակընդդեմ հայցվոր Ռոստոմ Բուռնազյանի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականությունը ճանաչված քաղաք Երևան, Վ. Սուրենյանց փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 189 քմ հողամասը 0,0008 հա (8քմ) մասով համադրվում է գործին մասնակից չդարձված անձին վարձակալության իրավունքով պատկանող քաղաք Երևան, Մ. Մկրտչյան 12/1 հասցեի 0,05462 հա հողամասի հետ։

Ընդ որում, գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ վերը նշված հիմքով ՀՀ կադաստրի կոմիտեն իր 27.11.2018 թվականի թիվ Կ-22/11/2018-1-0239 որոշմամբ կասեցրել է Ռոստոմ Բուռնազյանի՝ սույն գործով կայացված վճռից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելը։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ կայացված վճիռը չի շոշափում բողոքաբերի իրավունքներն ու պարտականությունները, հետևաբար՝ այն ենթակա է մերժման։

Ավելին, Վերաքննիչ դատարանն իրավական հիմքեր վկայակոչելիս մի կողմից նշել է «շոշափել», «ազդել» եզրույթները, իսկ մյուս կողմից, որպես մերժման հիմնավորում նշել է այն հանգամանքը, որ բողոքաբերն այդպես էլ չի հիմնավորել իր համար անբարենպաստ հետևանքների առաջացման հանգամանքը: Բողոք բերած անձը նշել է, որ օրենսդիրը սահմանել է բացառապես «ազդել» հավաքական եզրույթը, որն ավելի ընդգրկուն է և որոշակի դեպքերում դատական ակտը կարող է շոշափել անձի իրավունքները և պարտականությունները կամ ազդել իրավունքների և պարտականությունների վրա, սակայն հնարավոր է դատական ակտի կայացմամբ անմիջական անբարենպաստ հետևանքներ չառաջանան: Այս դեպքում Վերաքննիչ դատարանը բողոքաբերի վրա դրել է ապացուցման պարտականություն, որը վերջինս չուներ:

Այսպես Վերաքննիչ դատարանը, մերժելով Դատարանի 02.08.2012 թվականի թիվ ԵԿԴ/0408/02/09 վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձի բողոքը, անփոփոխ է թողել բողոքաբերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված դատական ակտը՝ զրկելով վերջինիս իր իրավունքներին առնչվող դատական գործի քննությանը մասնակից դառնալու և իր շահերը պաշտպանելու հնարավորությունից։ Արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության բողոքաբերի հիմնարար իրավունքը, ինչը հանգեցնելու է նաև Բողոքաբերի՝ վարձակալության իրավունքով իրեն պատկանող հողամասն օրենքով և պայմանագրով սահմանված կարգով օգտագործելու իրավունքի սահմանափակման։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20052020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Այսպես, բողոքաբերը պարտավոր է հիմնավորել և ներկայացնել բավարար ապացույցներ, թե սույն գործով 02.08.2012 թվականին կայացրած վճիռը իր որ իրավունքներին և պարտականություններին է վերաբերել կամ այդ դատական ակտը իր որ իրավունքների և պարտականությունների վրա է ազդել և այդ ազդեցությունն ինչ կերպ է դրսևորվել:

Բողոքաբերը Մ. Մկրտչյան 12/1 հասցեի հողատարածքն օգտագործում է վարձակալության հիմունքներով, վարձատու է հանդիսացել Երևան համայնքը: Բողոքաբերի այն դիտարկումը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածը կիրառելի չէ սույն գործով և բողոքաբերին վարձակալության հանձնված հողամասի սեփականատիրոջ փոփոխության մասին խոսք լինել չի կարող, բացարձակապես անհիմն և անտրամաբանական է: Բողոքաբերի և Երևան համայնքի միջև հողի վարձակալության պայմանագիր է կնքվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված վարձակալության մասին դրույթների հիման վրա, այդ ինչից ելնելով է այժմ բողոքաբերը հայտնում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածը չի կարող կիրառելի լինել այժմ: Եթե բողոքաբերը դիտարկում է, որ այնուամենայնիվ վարչարարական իրավակարգավորումներ կարող են կիրառվել, ապա պետք է նշեր, թե որ օրենքի կամ օրենսգրքի նորմերով կարող են կարգավորվել, մինչդեռ, բողոքաբերը վերացական շարադրանքով հայտարարում է, որ չի կարող կիրառելի լինել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածը: Բողոքաբերը չի հիմնավորել նաև, թե սույն գործով 02.08.2012 թվականի վճռի առկայությունն ինչպես է շոշափել կամ ազդել իր իրավունքների և պարտականությունների վրա և ինչպիսի անբարենպաստ հետևանք է առաջացրել իր համար: Այսպիսով, բողոքաբերը բողոք է ներկայացրել այն դատական ակտի դեմ, որը չի վերաբերում իր իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է թիվ ԵԿԴ/0408/02/09 գործով 02.08.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա իրավունքի պետական գրանցման կասեցումների ՀՀ կադաստրի կոմիտեի որոշումներին, ապա դրանք չեն կարող հիմնավորել բողոքաբերի պահանջը, քանի որ այդ կասեցումների օրինականությունը այս պահին վիճարկվում են ՀՀ վարչական դատարանում:

Սույն գործի փաստերից և ապացույցներից ակնհայտ է, որ բողոքարկվող դատական ակտը վերաբերում է Երևան քաղաք, Վ. Սուրենյանց 9 հասցեի անշարժ գույքին հողին և շինությանը, որը ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչվել է Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը, իսկ բողոքաբերը բողոք է ներկայացրել Երևան քաղաք, Մ. Մկրտչյան 12/1 հասցեում գտնվող հողի վերաբերյալ, որի նկատմամբ ունի վարձակալության իրավունք, թեև բողոքաբերը չի ներկայացրել հողի վարձակալության պայմանագիրը:

Բողոքաբերը վերաքննիչ բողոքով չէր հիմնավորել, թե սույն գործով 02.08.2012 թվականի դատական ակտի որ մասն է անբարենպաստ իր համար, իր որ իրավունքն է խախտվել կամ ոչ համաչափ պարտականություն է սահմանվել իր համար, ուստի Վերաքննիչ դատարանի 20.05.2020 թվականի թիվ ԵԿԴ/0408/02/09 որոշումն օրինական է և ենթակա չէ բեկանման: Բողոքաբերը զրկված չէ իր իրավունքների և շահերի պաշտպանության իրականացումն ապահովել վարչական դատարանում, քանի որ սույն գործով 02.08.2012 թվականի վճիռը չի վերաբերում բողոքաբերի շահերին: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը չի գրանցվում 2012 թվականից և կարծես թե արդարադատությունը և անձի սեփականության իրավունքը կրում է դեկլարատիվ բնույթ, որը հանգեցնում է արդարադատության բուն էության խաթարման՝ անհիմն բողոքարկումների արդյունքում: Բողոքաբերն անհիմն վեճ է առաջացրել, 02.08.2012 թվականի վճիռը որևէ առումով չի վերաբերում իր իրավունքներին և պարտականություններին, եթե ՀՀ կադաստրի կոմիտեն անհիմն կասեցնում է իրավունքի գրանցումը և այդ կասեցումների որոշումների օրինականությունը այժմ վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում, դա դեռևս չի հիմնավորում, որ բողոքաբերի ինչ-որ իրավունք է խախտվել։

Վերոգրյալի հիման վրա բողոքի պատասխան բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի 20052020 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը մերժել ամբողջությամբ:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 02.08.2012 թվականի թիվ ԵԿԴ/0408/02/09 վճռով Դատարանը ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել է Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը քաղաք Երևան. Վ. Սուրենյանց փող. 9 հասցեում գտնվող 189քմ հողի և դրա վրա գտնվող 68.3քմ շինության նկատմամբ (հատոր 3-րդ գթ115-124):

2) Ռոստոմ Բուռնազյանը նշված վճիռը 12072013 թվականին ներկայացրել է վճռից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու համար (հատոր 5-րդ գթ46):

3) ՀՀ կադաստրի կոմիտեի 27.11.2018 թվականի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-22/11/2018-1-0239 որոշման համաձայն՝ կրկին անգամ հայտնել են, որ անհրաժեշտ է ներկայացնել ԵԿԴ/0408/02/09 2012 թվականի վճռում նշված քաղաքաշինություն ՓԲԸ-ի կողմից տրամադրված 17.03.2011 թվականի ճշտված՝ դատարանի կողմից սահմանված կարգով վավերացված հատակագիծը:

1- Համադրվում է Մ.Մկրտչյան 12/1 (վկայական 1527019) հասցեի վարձակալությամբ գրանցված հողամասի հետ: 2- համադրվում է Սուրենյանց 9 (վկ. 2042109) հասցեի վարձակալությամբ գրանցված հողամասի հետ (27.11.2018 թվականի Կ-22/11/2018-1-0239 որոշման պատճենը) (հատոր 5-րդ գթ47):

4) ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Ա. Պետրոսյանի 03.05.2019 թվականի գրության համաձայն՝ հայտնվել է, որ ներկայացված հողամասը 0,0008 հա (այսինքն 8քմ) մասով համադրվում է նաև Կազմակերպության անվամբ վարձակալության իրավունքով գրանցված Մ. Մկրտչյան 12/1 հասցեի 0,05462 հա հողամասի հետ (տես՝ 03.05.2019 թվականի գրության պատճենը) (հատոր 5-րդ գթ 49):

5) ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը 17.04.2019 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանին ուղղված գրությամբ հայտնել է, որ բարձրացված հարցերի պարզաբանման նպատակով անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում տալ մանրամասն տեղեկատվություն հետևյալի մասին՝ 19.03.2019 թվականի 15/03/2019-2-0271 կասեցման որոշմամբ նշված Երևան քաղաքի Մ. Մկրտչյան 12/1 (վկայական 1527019) և Վ. Սուրենյանց 9 (վկ. 2042109) հասցեների հողակտորները կադաստրային քարտեզում տեղադրված են արդյոք ըստ կադաստրային գործերում առկա տվյալներով, թե ոչ, ինչպես նաև հայտնել հնարավոր է արդյոք նշված տարածքի հողակտորը, ըստ կադաստրային գործերում առկա տվյալներով տեղադրել կադաստրային քարտեզի վրա այնպես, որ համադրման հարց չառաջանա, իսկ եթե հնարավոր չէ՝ ապա տրամադրել համադրման սխեման, որում նշված լինեն համադրվող մասերի մակերեսները (տես՝ 17.04.2019 թվականի գրության պատճենը) (հատոր 5-րդ գթ 48):

6) Կադաստրային գործում առկա համադրման սխեմաների համաձայն՝ թիվ ԵԿԴ/0408/02/09 վճռի հիմքում ընկած չափագրման արդյունքում առկա կոորդինատներով և հատակագծով հողամասը էլեկտրոնային քարտեզում տեղադրելիս ակնհայտ է, որ առաջանում է համադրում բողոքաբերին սեփականության իրավունքով պատկանող շինությամբ ծանրաբեռնված և վարձակալած հողամասի հետ (տես՝ համադրման սխեմաների պատճենները) (հատոր 5-րդ գթ 50-51):

7) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից 23.05.2005 թվականին տրված թիվ 1527019 սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Մ.Մկրտչյան փողոց թիվ 12/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական քաղաքական կազմակերպության սեփականության իրավունքը, իսկ հողամասի տվյալները բաժնում հողամասի չափը նշված է 0.05462 հա, իսկ իրավունքի տեսակը՝ անորոշ ժամանակով վարձակալություն (տես՝ սեփականության իրավունքի վկայականի պատճենը) (հատոր 5-րդ գթ 57-61):

8) Ռոստոմ Բուռնազյանի կողմից 10.07.2019 թվականին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու 19.03.2019 թվականի թիվ Կ-15/03/2019-2-0271 որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 07.05.2019 թվականի ԼՄ/3403-19 և 24.06.2019 թվականի ԼՄ/4699-19 որոշումները վերացնելու և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով 02.08.2012 թվականի վճռի հիման վրա Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Վ. Սուրենյանց փող., 9 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որը ՀՀ վարչական դատարանի կողմից 17072019 թվականին ընդունվել է վարույթ (հիմք` «court.am» պաշտոնական կայք)։ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 22102019 թվականին ՀՀ վարչական դատարան է ներկայացվել միջնորդություն՝ սույն գործով, որպես երրորդ անձ Գեղամ Ղուկասյանին և Կազմակերպությանը ներգրավելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի 25102019 թվականի թիվ ՎԴ/5348/05/19 որոշմամբ բավարարվել է՝ Գեղամ Ղուկասյանը ինչպես նաև Կազմակերպությունը ներգրավել են թիվ ՎԴ/5348/05/19 գործով դատավարության մեջ՝ որպես երրորդ անձ (հատոր 5-րդ գթ63-64):

9) Ի պատասխան բողոքաբերի դիմումի 20.12.2019 թվականին նաև տրամադրվել են կադաստրային գործի պատճենները, որից հետո Բողոքաբերը տեղեկացել է իր իրավունքների վերաբերյալ կայացված դատական ակտի մասին (տես՝ տեղեկանքի պատճենը) (հատոր 5-րդ գթ67):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Միքայելյանս, Ռ. Հակոբյանս, Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես, բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք սույն գործով կայացված ստորադաս դատարանի վճիռը, հիմք ընդունելով սույն գործի փաստերը, վերաբերում է գործին մասնակից չդարձված անձ Կազմակերպության իրավունքներին և պարտականություններին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Վճռաբեկ դատարանը, վկայակոչելով և վերլուծելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի դրույթներն ու կիրառելով իր իրավական դիրքորոշումները սույն գործի փաստերի նկատմամբ, ըստ էության հանգել է հետևյալ հետևության.

Տվյալ դեպքում հայցը հարուցված չէ վարձակալությամբ տրամադրված հողամասի սեփականատիրոջ դեմ, նա որևէ կարգավիճակով գործին մասնակից չի դարձվել, սակայն վճիռն ազդում է հողամասի վարձակալի իրավունքների վրա, քանի որ նրա զբաղեցրած հողամասից 8քմ մակերեսով մասը սեփականության իրավունքով այլ անձի տրամադրելով, այդ չափով նվազեցնում է վարձակալի կողմից օգտագործվող հողամասի մակերեսը։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստել է, որ կայացված դատական ակտը ուղղակիորեն վերաբերում է Կազմակերպության իրավունքներին, ուստիև վերջինս պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Հայտնելով մեր անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքին` գտնում ենք, որ որոշման պատճառաբանական մասում ներկայացված փաստարկները հակասում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձակալության հանձնված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքում, երբ վարձակալված գույքի սեփականատիրոջ իրավունքները փոխանցվել են այլ անձանց, ապա այդպիսի անցումը հիմք չի կարող հանդիսանալ վարձակալության պայմանագրի դրույթները փոխելու կամ այն լուծելու համար, քանի որ այդպիսի փոխանցումը կատարվում է ոչ վարձակալի կամքով և ոչ նրա գործողությունների արդյունքում: Հետևաբար` վարձակալության պայմանագրով ամրագրված բոլոր իրավունքները, ինչպես նաև պայմանագիրն ըստ էության պահպանում են իրենց գործողությունը: Այլ կերպ, եթե վարձակալված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը նախկին վարձատուից անցնում է մեկ այլ անձի, ապա վարձակալը չի կորցնում այդ գույքն օգտագործելու իր իրավունքը: Վարձակալության պայմանագրով վարձատուի բոլոր իրավունքները և պարտականություններն ամբողջությամբ փոխանցվում են գույքի նոր սեփականատիրոջը: Ըստ այդմ, վարձատուին փոխելիս` վարձակալության պայմանագրի փոփոխությունները կարող են կապված լինել միայն վարձատուի անձնական տվյալների փոփոխության հետ: Վարձակալության հանձնված գույքի նոր սեփականատերն իրավունք չունի դադարեցնել վարձակալությունը կամ փոփոխել վարձակալության պայմանագրի պայմանները` որպես հիմք վկայակոչելով նախկին պայմանագրի կողմերի փոփոխությունը: Օրենքի նշված պահանջը կրում է իմպերատիվ բնույթ, պայմանագիրն ուժի մեջ է մտնում մինչև դրանում ամրագրված համապատասխան ժամկետի ավարտը, եթե տվյալ իրավահարաբերությունների նկատմամբ առկա չեն օրենքով սահմանված այլ կարգավորումներ:

Քննարկվող պարագայում, վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումներն ըստ էության հանգում են նրան, որ Դատարանի 02.08.2012 թվականի վճռով ճանաչվել է Ռոստոմ Բուռնազյանի սեփականության իրավունքը քաղաք Երևան, Վ. Սուրենյանց փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 189 քմ հողամասի (ինչպես նաև` դրա վրա գտնվող շինության) նկատմամբ, որի մի հատվածը (8 քմ մակերեսով) համադրվում է անորոշ ժամկետով Կազմակերպությանը վարձակալության պայմանագրով հանձնված քաղաք Երևան, Մ. Մկրտչյան 12/1 հասցեի 0,05462 հա հողամասի հետ: Հետևաբար, ըստ բողոք բերած անձի, Դատարանի 02.08.2012 թվականի վճիռն իր իրավունքներին առնչվում է այնքանով, որ Ռոստոմ Բուռնազյանի սեփականությունը ճանաչված հողատարածքը և Կազմակերպության վարձակալած հողատարածքը համադրվում են 8 քմ չափով:

Փաստորեն, բողոք բերած անձը վիճարկում է այլ անձին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի մի մասի համադրման հանգամանքը վարձակալության իրավունքով իր կողմից օգտագործվող հողամասի մի մասի նկատմամբ: Նշվածն այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 1-ին կետով օրենսդրի կողմից հստակեցվել է, որ վարձակալությամբ հանձնված գույքի սեփականատիրոջ փոփոխության դեպքում վարձակալի իրավունքները չեն կարող ոտնահարվել կամ խախտվել, քանի որ դրանք պաշտպանված են օրենքով: Մասնավորապես, անկախ այն հանգամանքից, որ վարձակալությամբ Կազմակերպությանը հանձնված գույքի մի հատվածի սեփականատերը փոխվել է, այդուհանդերձ` նախկինում կնքված վարձակալության պայմանագրով նշված հատվածի նկատմամբ վարձատուի բոլոր իրավունքները և պարտականություններն ամբողջությամբ փոխանցվում են գույքի նոր սեփականատիրոջը: Ուստի, նշված հիմքով վարձակալված գույքի մի հատվածի նոր սեփականատերը` Ռոստոմ Բուռնազյանը, չի կարող դադարեցնել գույքի վարձակալությունը կամ փոփոխել վարձակալության պայմանագրի պայմանները: Այսինքն, վարձակալության պայմանագիրը շարունակում է պահպանել իր ուժը:

Նման պայմաններում, գտնում ենք, որ բողոք բերած անձի փաստարկներն անհիմն են, քանի որ սույն գործով Դատարանի 02.08.2012 թվականի վճիռը չի կայացվել վերջինիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Հետևաբար, քանի դեռ բողոք բերած անձը չի նշել վիճելի իրավահարաբերության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթից տարբերվող այլ կարգավորում` վերջինիս նկատմամբ կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի դրույթները:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ բողոք բերած անձի հիմնավորումներն ու փաստարկները բավարար չեն բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2020 թվականի որոշումը բեկանելու համար, որպիսի պայմաններում այն պետք է թողնել օրինական ուժի մեջ:

 

Դատավորներ`

Ս. Միքայելյան

 

Ռ. Հակոբյան

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան