Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-270
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.07.2006-01.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

28 դեկտեմբերի 1998 թ.

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական և բնօգտագործման վճարների (այսուհետ` վճարներ) հասկացությունները, վճարողների շրջանակը, վճարների տեսակները, հաշվարկման և վճարման կարգը, սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը, կարգավորում է վճարների հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հասկացությունները

 

Բնապահպանական վճար` բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքին համապատասխան պետական բյուջե, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի բյուջե վճարվող պարտադիր վճարն է:

Բնօգտագործման վճար` պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաև տարբեր որակի բնական պաշարներ օգտագործողների համար տնտեսավարման հավասար պայմաններ ստեղծելու նպատակով այդ պաշարների օգտագործման դիմաց սույն օրենքին համապատասխան պետական բյուջե վճարվող վճարն է:

(2-րդ հոդվածը լրաց. 15.05.01 ՀՕ-184)

 

Հոդված 3. Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողները

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համարվում ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրականացնում են  սույն օրենքի 4 և 5 հոդվածներով սահմանված գործառույթներ:

 

Հոդված 4. Բնապահպանական վճարի տեսակները

 

Բնապահպանական վճարի տեսակներն են`

ա) վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու համար.

բ) արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար.

գ) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար:

 

Հոդված 5. Բնօգտագործման վճարի տեսակները

 

Բնօգտագործման վճարի տեսակներն են`

ա) ջրօգտագործման համար.

բ) պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար.

գ) կենսապաշարների օգտագործման համար:

(5-րդ հոդվածը խմբ. 05.12.00 ՀՕ-122)

 

Հոդված 6. Վճարողների հաշվառման կարգը

 

Վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 7. Վճարների դրույքաչափերը

 

Բնապահպանական վճարների դրույքաչափերը սահմանվում են օրենքով, իսկ բնօգտագործման վճարներինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 8. Վճարների հաշվարկման և վճարման կարգը

 

Վճարողները վճարների գումարները հաշվարկվում են սույն օրենքին համապատասխան ինքնուրույն, եռամսյակի կտրվածքով, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ, և պետական բյուջե են վճարում սույն օրենքին համապատասխան:

(8-րդ հոդվածը փոփ. 05.12.00 ՀՕ-122)

 

Հոդված 9. Բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման կարգը

 

1. Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի հիման վրա` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքի:

2. Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող վճարողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնում են օգտագործված ջրի ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա:

3. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների հիման վրա:

Ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալների հիման վրա:

Սույն օրենքով պինդ օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:

Սույն օրենքով ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:

Սույն օրենքով հանքային ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:

Ըստ օգտակար հանածոների առանձին տեսակների և առանձին հանքավայրերի` բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Անտառանյութի օգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա:

Մնացած կենսապաշարների համար վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա` սույն օրենքին համապատասխան, և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) ստուգում է կենսապաշարների օգտագործման համար վճարի սույն օրենքին համապատասխան հաշվարկված լինելը:

6. Կենսապաշարների օգտագործման համար վճարը պակաս մուծելու կամ վճարումն ուշացնելու դեպքում սույն օրենքի համաձայն հաշվարկված տույժերի գումարները գանձում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները (այսուհետ` հարկային մարմիններ):

(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.12.00 ՀՕ-122)

 

Հոդված 10. Բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման կարգը

 

1. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջակա միջավայր արտանետված վնասակար նյութերի ծավալի հիման վրա և վճարվում է սույն օրենքին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում և վճարվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե է վճարվում ներմուծելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը` իրացման շրջանառության հիման վրա և վճարում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամասնորեն:

3. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում աղբյուսներում և արտադրական հարթակներում տեղադրված արտադրական և սպառման թափոնների ծավալներից և վտանգավորության դասից և վճարվում է սույն օրենքին համապատասխան:

(10-րդ հոդվածը խմբ. 05.12.00 ՀՕ-122, լրաց. 01.06.06 ՀՕ-98-Ն)

 

Հոդված 11. Վճարների հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները

(վերնագիրը փոփ. 05.12.00 ՀՕ-122)

 

1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:

Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:

2. Վճարողները հաշվարկված եռամսյակային վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ, իսկ տարեկան վճարները` մինչև հաշվետու տարվան հաջորդող երրորդ ամսվա 1-ը:

3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:

4. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարը վճարվում է մինչև դրանց մաքսային ձևակերպումը կամ մաքսային ձևակերպման ժամանակ` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:

(11-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.12.00 ՀՕ-122)

 

Հոդված 12. Վճարների վճարման արժույթը

 

Վճարները վճարվում են հայկական դրամով:

 

Հոդված 13. Ավելի վճարված վճարների գումարների վերադարձը

 

Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված գումարները վճարողի դիմումի համաձայն հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ վերադարձվում են` դիմումն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 14. Վճարողների իրավունքները

 

Վճարողներն իրավունք ունեն`

ա) վճարներ գանձող մարմիններից պահանջել կատարելու հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` վերահաշվարկ.

բ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել վճարներ գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

գ) սույն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա վճարների գումարները.

դ) ստանալ համապատասխան տեղեկանք` վճարների վճարման մասին:

 

Հոդված 15. Վճարողների պարտականությունները

 

Վճարողները պարտավոր են`

ա) սույն օրենքին համապատասխան, սահմանված դրույքաչափերից ելնելով, ինքնուրույն հաշվարկել և ժամանակին վճարել վճարների գումարները.

բ) անհրաժեշտության դեպքում վճարները գանձող մարմիններին ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և տեղեկություններ.

գ) ներկայացնել վճարների գծով արտոնության` իրենց իրավունքը հաստատող փաստաթղթերը.

դ) իրավասու մարմինների անցկացրած ստուգումների հետևանքով բացահայտված` թաքցված կամ պակաս ցույց տրված վճարների գումարների չափով ուղղումներ մտցնել հաշվապահական հաշվառումներում:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 16. Վճարների արտոնությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների համար:

2. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարից ազատվում են`

ա) դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները.

բ) Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնողները: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ բնույթի որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.

գ) Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը:

3. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող ապրանքները:

4. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարից ազատվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` սպառման թափոնների համար:

(16-րդ հոդվածը լրաց. 05.12.00 ՀՕ-122)

 

Հոդված 17. Վճարների արտոնությունների սահմանումը

 

Բնապահպանական վճարների այլ արտոնությունները սահմանվում են օրենքով, իսկ բնօգտագործման վճարներինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 18. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

2. Վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են վճարողները, իսկ իրավաբանական անձանց դեպքում` դրանց օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

Անուղղակի եղանակներով վճարի հաշվարկման ժամանակ հարկային մարմինները կարող են կիրառել վճարողների հարկվող օբյեկտները և հարկային պարտավորություններն անուղղակի եղանակներով գնահատելու` օրենքով սահմանված կարգը:

3. Վճարումներն ուշացնելու համար վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0.2 տոկոսի չափով:

Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) վճարման օբյեկտի գծով վճարի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

4. Վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում հաջորդ յուրաքանչյուր 15 օրվա համար գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի այդ վճարի ընդհանուր գումարից:

5. Սույն օրենքի 4 և 5 հոդվածներով սահմանված գործառույթներ իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ գործառույթն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կրում են վճարման պարտավորություններ` սույն օրենքով սահմանված կարգով:

6. Վճարը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու (սահմանված հաշվարկ-հաշվետվություններում վճարի գումարը ցույց չտալու, պակաս ցույց տալու կամ գործունեություն չիրականացնելու մասին կեղծ տվյալներ ներկայացնելու) դեպքում գանձվում է սույն օրենքին համապատասխան հաշվարկված` թաքցված կամ պակաս ցույց տրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում վճարը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում նաև տուգանք` վճարի ամբողջ գումարի չափով:

Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև վճարի օբյեկտ հանդիսացող գույք չունենալու դեպքում վճարողը ներկայացնում է հայտարարություն, որը համարվում է լիազոր և հարկային մարմիններ ներկայացվող փաստաթղթերի ամփոփ ձև:

7. Թաքցված կամ պակաս ցույց տրված վճարը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տույժերը և տուգանքները պետական բյուջե, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 15-օրյա ժամկետում:

8. Վճարման պարտավորությունների գծով գումարի մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դիմել դատարան` վճարի բռնագանձման կամ գույքի վրա արգելանք դնելու պահանջով:

9. Եթե բնապահպանական կամ հարկային մարմիններն ունեն փաստեր այն մասին, որ չմարված վճարային պարտավորություններ ունեցող վճարողները վերացնում (լուծարում) են վճարման պարտավորություն առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են դրանք, որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել սույն օրենքով սահմանված վճարները, ապա այդ մարմինները կարող են միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակաշրջանը դրանք գանձելու համար: Այդ դեպքում բնապահպանական կամ հարկային մարմինները կարող են պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվություններ և օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր` մինչև դրանք ներկայացնելու ժամկետը լրանալը:

(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.12.00 ՀՕ-122, լրաց. 15.05.01 ՀՕ-184)

 

Հոդված 19. Վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը

 

Վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 20. Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները

 

1. Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

ա) տասնապատիկը` բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար վճարի հաշվարկման դեպքում.

բ) հնգապատիկը` պինդ օգտակար հանածոների օգտագործման համար վճարի հաշվարկման դեպքում.

գ) եռապատիկը` վճարի մյուս (բացառությամբ օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերի) տեսակների հաշվարկման դեպքում:

3. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային ու լիազոր մարմիններ ներկայացրած` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերությունն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման համար համամասնորեն բաշխվում է ստուգվող ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների վրա:

4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի օբյեկտների համար սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

1) հնգապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) մինչև 5 անգամ գերազանցող մասի համար.

2) տասնապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) 5-ից ավելի անգամ գերազանցող մասի համար:

Անկախ սույն մասի դրույթներից, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա սահմանված` օդային ավազան վնասակար նյութերի արտանետումների ժամանակավոր (մինչև հինգ տարի ժամկետով) չափաքանակները (սահմանափակումները) գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը:

5. Զրոյական չափաքանակների (սահմանափակումների)`

1) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում` ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները կամ ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տվյալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը.

2) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում` պայմանագրում մարման կամ արդյունահանման ենթակա ծավալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը.

3) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման պայմանագրեր (այդ թվում` անտառհատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդեր) չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի տասնապատիկը.

4) օրենսդրության համաձայն կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում` պայմանագրում օգտագործման ենթակա ծավալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը.

5) օրենսդրության համաձայն սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություն չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

ա) տասնապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները չեն գերազանցում ըստ վճարի օբյեկտների ներքոհիշյալ չափաքանակները`

փոշի 2 տոննա
ածխածնի մոնօքսիդ 1.5 տոննա
ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) 1.0 տոննա
ծծմբային անհիդրիդ 0.5 տոննա
քլոր 0.1 տոննա
վճարի օբյեկտ հանդիսացող մյուս նյութերի համար 0.05 տոննա,

բ) քսանհինգապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները հավասար են կամ գերազանցում են ըստ վճարի օբյեկտների սույն կետի «ա» ենթակետում նշված չափաքանակները:

(20-րդ հոդվածը փոփ. 05.12.00 ՀՕ-122, խմբ. 11.06.04 ՀՕ-107-Ն, խմբ., լրաց. 11.04.05 ՀՕ-81-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-98-Ն)

 

Հոդված 21. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ:

(21-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-107-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 22. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար 1999 թվականին վճարների հաշվարկման և վճարման կարգը

 

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները 1999 թվականին վճարները հաշվարկում և վճարում են իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-270

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան