ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2022 թվականի N 1429-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ», «Թ. ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 64-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04878), «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04880) և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04855) միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ՝
1) «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին.
3) «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում միասնական մշակութային գործունեության իրականացումն է.
4) «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են՝
ա. ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը,
բ. հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը,
գ. գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը և կատարողական արվեստի քարոզչությունը,
դ. ժողովրդական երաժշտության և պարարվեստի հանրային վարկանիշի բարձրացումը և միջազգայնացումը,
ե. ժողովրդական երաժշտական ստեղծագործություններին ու մշակույթին հանրությանը հաղորդակից դարձնելը:
3. «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) թատերահամերգային դահլիճներում համերգային և գովազդային գործունեություն՝ կապված իր հիմնական գործունեության հետ.
2) հրատարակչական գործունեություն՝ համերգային ազդագրերի, ծրագրերի, բուկլետների պատրաստում.
3) իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրաների ստեղծում և հրատարակում, համերգների կազմակերպում.
4) կազմակերպության գործունեությունից բխող արտադրական գործունեության իրականացում և արտադրանքի իրացում.
5) ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում մասնագիտական առարկաների դասավանդում՝ մինչև մեկ տարի ժամանակով, ինչպես նաև մասնագետների վերապատրաստում.
6) hանրային սննդի կազմակերպում այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը:
4. «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթը կօգտագործվի կանոնադրական նպատակների իրականացման համար:
5. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
6. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
7. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված միաձուլվող կազմակերպությունների գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միաձուլման պայմանագիրը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 419 որոշման 6.2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության համերգային կազմակերպությունների ցանկի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|