ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 751-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը`
Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 11 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 751-Լ որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն) Հայաստանի Հանրապետության վարչապետին (այսուհետ՝ վարչապետ) ենթակա մարմին է:
2. Ոստիկանությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Ոստիկանությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:
4. Ոստիկանության անվանումն է՝
1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն.
2) ռուսերեն` Полиция Республики Армения.
3) անգլերեն` Police of the Republic of Armenia.
4) ֆրանսերեն՝ Police de la République d’Arménie:
5. Ոստիկանությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Ոստիկանությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Ոստիկանության կառուցվածքում ընդգրկվում են ոստիկանության պետի, ոստիկանության պետի տեղակալի, ոստիկանության պետի խորհրդականի, ոստիկանության պետի օգնականի, ոստիկանության պետի տեղակալի օգնականի պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները:
7. Ոստիկանության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ՝ առանց հիմնադրի իրավասությունների փոխանցման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
8. Ոստիկանությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
9. Ոստիկանության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նալբանդյան 130:
II. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Ոստիկանության նպատակներն են`
1) մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից.
2) իր լիազորությունների սահմաններում օրինականության և իրավակարգի պահպանումն ու պաշտպանությունը:
11. Ոստիկանության խնդիրներն են՝ ապահովել՝
1) մարդու անվտանգությունը՝ օրենքով նախատեսված դեպքերում.
2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.
3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական վարույթի շրջանակներում հետաքննության իրականացումը.
4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը.
5) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը.
6) օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս, օգնություն ցույց տալը:
(11-րդ կետը խմբ. 16.09.22 N 1066-Լ)
III. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
12. Ոստիկանության գործառույթներն են`
1) մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների, սեփականության բոլոր ձևերի պաշտպանության, հասարակական կարգի ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, հանցավորության դեմ պայքարի բնագավառում պետական քաղաքականության մշակմանն ու իրագործմանը մասնակցությունը.
2) հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումների ու հաղորդումների գրանցման և հաշվառման, դրանց համապատասխան ընթացք տալու կազմակերպումն ու իրականացումը, իրավախախտման (պատահարի) վայրի պահպանությունը.
3) իր իրավասության սահմաններում օպերատիվ-հետախուզական, քրեադատավարական և վարչաիրավական գործունեության իրականացումը.
4) քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներով փորձաքննությունների, օպերատիվ-հետախուզական գործունեության նյութերով գիտատեխնիկական հետազոտությունների կատարումը.
5) իր իրավասության սահմաններում` ահաբեկչական բնույթի, կոռուպցիոն, վերազգային և կազմակերպված այլ հանցավորության դեմ պայքարի գերատեսչական ուղղությունների և մարտավարության մեխանիզմների մշակումն ու իրականացումը, տվյալ բնագավառներում միջազգային համագործակցության ապահովումը.
6) քննությունից, դատից, պատիժը կրելուց խուսափող անձանց, հափշտակված գույքի հետախուզման, անհայտ կորած անձանց հայտնաբերման կազմակերպումը և իրականացումը, չճանաչված դիակների ինքնության պարզումը.
7) ոչ հոժարակամ հետազոտությունից և (կամ) բուժումից կամ ոչ հոժարակամ հոսպիտալացումից խուսափող անձանց, օրենքով սահմանված կարգով և դեպքերում, բժշկական կամ հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկելը.
8) իրավախախտումների կանխարգելման նպատակով հոգեկան հիվանդությամբ, գինեմոլությամբ, թմրամոլությամբ, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ առողջապահական մարմինների հետ համատեղ հսկողության ապահովումը, հոգեկան հիվանդությամբ տառապող կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող անձանց՝ օրենքով սահմանված կարգով հոսպիտալացնելու կամ հետազոտելու վերաբերյալ միջնորդություններ առողջապահական մարմիններ ներկայացնելը.
9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձերբակալված և կալանավորված անձանց պահելու և ուղեկցելու կազմակերպումն ու իրականացումը.
10) օրենքով սահմանված դեպքերում վկաների, տուժողների, քրեական դատավարության այլ մասնակիցների, դատավորների, դատախազների, քննիչների, պաշտպանության ենթակա այլ անձանց կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցների ձեռնարկումը.
11) իր իրավասության սահմաններում մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության ապահովումը, ինչպես նաև հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի պաշտպանության ապահովումը.
12) պետական պահպանության ենթակա, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող այլ օբյեկտների ու գույքի պահպանության և անձանց պաշտպանության ապահովումը, այդ թվում` պայմանագրային հիմունքներով.
13) իրեն հանձնված տիրազուրկ գույքի, գտանքի և գանձերի պահպանությունն ապահովելու ուղղությամբ անհետաձգելի միջոցների ձեռնարկումը՝ մինչև դրանք համապատասխան պետական մարմիններ կամ պաշտոնատար անձանց հանձնելը, առանց հսկողության մնացած կենդանիների պահպանության ապահովման և սեփականատիրոջը գտնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.
14) գտնված և ոստիկանություն հանձնված փաստաթղթերի, իրերի, թանկարժեք և այլ գույքի պահպանության ապահովումը, օրենքով սահմանված կարգով դրանք օրինական տիրապետողին վերադարձնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.
15) հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողի անունից լիազորագրի հիման վրա գործողությունների կատարումը՝ անշարժ գույքի տարածք ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ.
16) փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ) հասարակական կարգի պահպանության ապահովումը.
17) մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով հասարակական կարգի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը.
18) մինչև դաստիարակչական հսկողության հանձնելը կամ այլ իրավասու մարմին ներկայացնելը` առանց հսկողության թողնված անչափահասներին պահելը.
19) իր իրավասության սահմաններում՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների կիրառումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, ընտանիքում բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառումն ու հաշվառված անչափահասների մշտադիտարկումը, ինչպես նաև ընտանիքում բռնություն գործադրած անչափահաս անձի` վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ուղղորդումը.
20) ճանապարհային երթևեկության կարգավորումը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ճանապարհապարեկային ծառայության կազմակերպումն ու իրականացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցների ուղեկցումը.
21) տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման իրականացումը, հաշվառման համարանիշերի տրամադրումը, հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվության տրամադրումը, վարորդական վկայական ստանալու քննությունների ընդունումը և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականների, իսկ դրանց հիման վրա` նաև միջազգային վարորդական վկայականների տրամադրումը.
22) Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի գործունեության կազմակերպումը, իրականացումն ու վերահսկողությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը (փոխանակումը), հանրային ծառայությունների համարանիշի, բնակչության պետական ռեգիստրում հաշվառման և քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը, ըստ բնակության վայրի անձանց հաշվառումը, բնակչության պետական ռեգիստրի և ընտրողների ռեգիստրի վարումը, ընտրողների ցուցակների կազմումը.
23) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ եզրակացությունների կազմումը և դրանք Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ներկայացնելը.
24) քաղաքացիություն չունեցող անձանց և փախստականների փաստաթղթավորումը, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր, կացության կարգավիճակներ տալը, նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, տարանցիկ տեղաշարժվելու, տարածքից դուրս գալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ հսկողության կազմակերպումն ու իրականացումը.
25) օրենքով սահմանված կարգի խախտմամբ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած, Հայաստանի Հանրապետությունում ապօրինի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսումը, ինչպես նաև արտաքսելու կամ այլ պետությանը հանձնելու նպատակով այդ անձանց հատուկ կացարանում պահելը.
26) իր իրավասության սահմաններում լիցենզիաներ, թույլտվություններ տալը (ուժը կորցրած ճանաչելը), ինչպես նաև օրենքով նախատեսված սահմանափակ շրջանառություն ունեցող իրերի և առարկաների (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգներգործուն), խիստ ներգործող և թունավոր նյութեր, ինչպես նաև դրանց բաղադրիչներ և այլն) շրջանառության նկատմամբ հսկողության իրականացումը.
27) հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքի` օրենքով ահմանված կարգով անհատույց առգրավումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացումը.
28) մասնավոր պահնորդական կազմակերպությունների` օրենքով նախատեսված գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը.
29) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա մի մասում հայտարարված ռազմական կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ուղղությամբ պետական միասնական միջոցառումների իրականացմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը մասնակցելը.
30) տեխնածին և տարերային աղետների, խոշոր վթարների ու հրդեհների, զանգվածային անկարգությունների, այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, ինչպես նաև արտակարգ այլ պատահարների և հատուկ միջոցառումների ժամանակ բնակչության փրկության, առանց հսկողության մնացած գույքի պահպանության և հասարակական կարգի ապահովման աշխատանքներում ոստիկանության համակարգի ծառայողների ու զինծառայողների ներգրավումը, անհետաձգելի միջոցառումների ձեռնարկումը.
31) իր իրավասության սահմաններում զորահավաքային առաջադրանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման կազմակերպումը, ռազմական դրության պայմաններում և խաղաղ ժամանակ ծագած արտակարգ իրավիճակներում ոստիկանության ծառայությունների մարտունակության բարձրացման համալիր միջոցառումների մշակումն ու իրականացումը.
32) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը ոստիկանության զորքերի մասնակցության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովումը.
33) հանցավորության և այլ իրավախախտումների վերլուծությունը, ծնող պատճառների և նպաստող պայմանների վերհանումը, դրանց վերացման համար միջոցների ձեռնարկումը, քրեածին իրավիճակի զարգացման կանխատեսումը.
33.1) ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ոստիկանության կառուցվածքի և դրա փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
34) հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ պայքարի, հասարակական կարգի ու հասարակական անվտանգության ապահովման գործում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ համագործակցությունը.
35) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական հաշվառումների իրականացումը, այդ թվում՝ օպերատիվ, հետախուզական, քրեագիտական, վիճակագրական և այլ տեղեկատվական շտեմարանների ձևավորումը, վարումն ու օգտագործումը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների տեղեկատվական սպասարկումը և պետական կառավարման համակարգի մարմիններին տեղեկատվության փոխանցումը՝ օրենքով սահմանված դեպքերում.
36) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց, ինչպես նաև քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառումների իրականացումը.
37) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսումնական գործընթացի կազմակերպումը և վերահսկումը.
38) ոստիկանության կադրերի ընտրության, տեղաբաշխման, ատեստավորման, ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության, վերապատրաստման, որակավորման աշխատանքների իրականացումը.
39) ոստիկանության ծառայողների, զինծառայողների, քաղաքացիական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործունեության օրինականության պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը, ոստիկանության համակարգում օրինականության խախտման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման միջոցառումների իրականացումը.
40) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ոստիկանության գործավարության ու արխիվային գործի կազմակերպումն ու վարումը.
41) քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների, ինչպես նաև ոստիկանության համակարգի գործունեությանը վերաբերող հարցերով զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ու հաղորդումների քննարկման և համապատասխան որոշումների ընդունման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպումը.
42) հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման հարցերով ոստիկանության գործունեության լուսաբանման ու իրավական քարոզչության կազմակերպումը.
43) ոստիկանության ծառայողների, զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների, ոստիկանության կենսաթոշակի անցած անձանց առողջության պահպանման կանխարգելիչ-բժշկական, առողջարանային-կուրորտային, վերականգնողական համալիր միջոցառումների մշակումը և իրականացումը, ոստիկանության համակարգի բժշկական հաստատությունների գործունեության կազմակերպումը.
44) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:
(12-րդ կետը լրաց. 30.10.19 N 1568-Լ, փոփ. 16.09.22 N 1066-Լ)
IV. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
13. Ոստիկանության կառավարումն իրականացնում է վարչապետը:
14. Վարչապետը՝
1) հաստատում է ոստիկանության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կանոնադրության մեջ կատարում փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
2) սահմանում է ոստիկանությունում ծառայողների (աշխատողների) թվաքանակը.
3) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները.
4) իրականացնում է ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
5) լսում է ոստիկանության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.
6) վերահսկողություն է իրականացնում ոստիկանությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
7) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
15. Ոստիկանության գործունեությունը ղեկավարում է ոստիկանության պետը:
16. Ոստիկանության պետին, վարչապետի առաջարկությամբ, նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
17. Ոստիկանության պետն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով։
18. Ոստիկանության պետը հաշվետու է վարչապետին:
19. Ոստիկանության պետը ոստիկանության պետի տեղակալների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարների, իր խորհրդականների և օգնականների, ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի անմիջական ղեկավարն է:
20. Ոստիկանության պետը՝
1) պատասխանատու է ոստիկանության առջև դրված նպատակների, խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) իրականացնում է ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կառավարումը.
3) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
4) հանդիսանում է ոստիկանությանը հատկացված բյուջետային հատկացումների (այդ թվում` արտարժութային) կարգադրիչը և հաստատում է ոստիկանության պահպանման ծախսերի նախահաշիվները.
5) ոստիկանության գործունեության առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգումը վերապահում է իրեն կամ ոստիկանության պետի տեղակալներին.
6) իրականացնում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գլխավոր քարտուղարի համար սահմանված լիազորությունները կամ դրանք պատվիրակում ոստիկանության պետի տեղակալներին.
7) կատարում է իր խորհրդականների և օգնականների միջև պարտականությունների բաշխում.
8) իր իրավասության սահմաններում ընդունում է իրավական ակտեր, այդ թվում՝ այլ մարմինների հետ համատեղ.
9) սահմանում է ոստիկանության գործունեության գնահատման գերատեսչական չափորոշիչները.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.
11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետին է ներկայացնում առաջարկություններ ոստիկանության կանոնադրությունում, այդ թվում՝ կառուցվածքում, փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
12) հաստատում է ոստիկանության հաստիքացուցակը.
13) հաստատում է ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, այդ թվում՝ ներքին կառուցվածքը.
14) հաստատում է իր խորհրդականի, ոստիկանության ծառայողների, զինծառայողների, քաղաքացիական ծառայողների՝ տվյալ պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը).
15) ոստիկանության համակարգի գործունեությանը վերաբերող կարևորագույն հարցերի քննարկման, առանձին բնագավառներում առկա խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ (կոլեգիա), հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր և այլն, որոշում է դրանց անհատական կազմերը, գործունեության շրջանակներն ու իրավասությունների սահմանները.
16) նախագահում է ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) նիստերը, վարում է իր մոտ հրավիրված օպերատիվ խորհրդակցությունները.
17) ոստիկանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնելու, ոստիկանության թափանցիկ և հաշվետվողական գործելակերպ ապահովելու նկատառումներով ոստիկանությանը կից կարող է ստեղծել հասարակական վերահսկողության խորհրդատվական մարմին` հասարակական խորհուրդ, հաստատել դրա կազմը և աշխատակարգը.
18) միջազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման նպատակով այլ պետությունների ոստիկանական կառույցների ղեկավարների հետհամատեղ կարող է ստեղծել կոլեգիալ կառավարման մարմիններ.
19) սահմանված կարգով վարչապետի քննարկմանն է ներկայացնում ոստիկանության գործունեությանն ու աշխատանքի կազմակերպմանը վերաբերող իրավական ակտերի նախագծեր և առաջարկություններ, մասնակցում է պետական մարմիններում ոստիկանությանը վերաբերող հարցերի քննարկմանը.
20) իր իրավասությունների սահմաններում ոստիկանության անունից կնքում է պայմանագրեր.
21) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
22) նշանակում և ազատում է իր խորհրդականին, իր և տեղակալի օգնականներին.
23) օրենքով կամ ոստիկանության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և քաղաքացիական աշխատանք կատարողներին.
24) լիազորում է ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների պետերին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու, կրտսեր, միջին կոչում շնորհելու, նրանց՝ ոստիկանությունում ծառայությունից ազատելու, քաղաքացիական աշխատանք կատարողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու, ինչպես նաև ոստիկանության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, զինծառայողներին ու քաղաքացիական ծառայողներին` նույն խմբում այլ պաշտոնի փոխադրելու լիազորություններով.
25) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է ոստիկանության և զինվորական կոչումներ, վարչապետին ներկայացնում է միջնորդություն ոստիկանության և զինվորական բարձրագույն կոչումներ շնորհելու վերաբերյալ.
26) օրենքով սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին, քաղաքացիական ծառայողներին, քաղաքացիական աշխատանք կատարողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, լիազորում է ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց՝ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու իրավասությամբ.
27) ոստիկանության գործնեությանն օժանդակելու համար խրախուսում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների պետական կառավարման մարմինների ղեկավարներին կամ այլ պաշտոնատար անձանց, քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց.
28) հիմնում է ոստիկանության մեդալներ, կրծքանշաններ, պատվոգիր և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կոչում և հաստատում դրանց նկարագրերը և շնորհման կարգը.
29) թույլատրում է ոստիկանության ծառայողների, զինծառայողների, քաղաքացիական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ծառայողական գործուղումները.
30) կատարում է ոստիկանության ծառայողների, զինծառայողների, քաղաքացիական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և քաղաքացիների ընդունելություն, կազմակերպում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների, զինծառայողների, քաղաքացիական ծառայողների զեկուցագրերի, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դիմումների քննարկում.
31) լսում է ոստիկանության պետի տեղակալների, իր խորհրդականների և օգնականների, կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
32) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
21. Ոստիկանության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի բացակայության դեպքում՝ ոստիկանության պետի տեղակալներից առավել բարձր կոչում ունեցողը, իսկ միևնույն կոչումն ունենալու դեպքում՝ ոստիկանության պետի տեղակալի առավել երկար ստաժ ունեցողը:
22. Ոստիկանության պետի տեղակալներին, ոստիկանության պետի միջնորդության հիման վրա, վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
23. Ոստիկանության պետի տեղակալը՝
1) գործում է ոստիկանության պետից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն (գործունեությունն) իրեն հանձնարարված ոլորտում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներին, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպություններին փոխանցում է ոստիկանության պետի հանձնարարականները, ապահովում է ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կողմից ոստիկանության պետի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարկաններ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով ոստիկանության պետին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ոստիկանության պետին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է ոստիկանության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
24. Ոստիկանության պետի տեղակալը կարող է ունենալ օգնական: Ոստիկանության պետի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Ոստիկանության պետի տեղակալի օգնականն անմիջականորեն հաշվետու է ոստիկանության պետի տեղակալին:
25. Ոստիկանության պետի խորհրդականը՝
1) համակարգում է աշխատանքները ոստիկանության համակարգի առանձին կարևորություն ներկայացնող ոլորտներում.
2) ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ իր համակարգման ոլորտի խնդիրների արդյունավետ լուծման վերաբերյալ.
3) ապահովում է առանձին հանձնարարականների կատարումը.
4) անմիջականորեն ենթակա և հաշվետու է ոստիկանության պետին:
26. Ոստիկանության պետի օգնականը՝
1) օժանդակում է ոստիկանության պետի ծառայողական գործունեությանը.
2) կատարում է ոստիկանության պետի առանձին հանձնարարականներ.
3) անմիջականորեն ենթակա և հաշվետու է ոստիկանության պետին:
27. Ոստիկանության պետի տեղակալի օգնականը՝
1) օժանդակում է ոստիկանության պետի տեղակալի ծառայողական գործունեությանը.
2) կատարում է ոստիկանության պետի տեղակալի առանձին հանձնարարականներ.
3) անմիջականորեն ենթակա և հաշվետու է ոստիկանության պետի տեղակալին:
V. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
28. Ոստիկանությունը բաղկացած է ոստիկանության կենտրոնական ապարատից, դրա անմիջական ենթակայության կառուցվածքային ստորաբաժանումներից, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչություններից և դրանց ենթակա ստորաբաժանումներից։
29. Ոստիկանության կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) ոստիկանության շտաբը.
2) ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը.
3) ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունը.
4) ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը.
5) ոստիկանության զորքերը.
6) ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչությունը.
7) Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն.
8) ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը.
9) ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն).
10) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը.
11) ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը.
12) պարեկային ծառայություն.
13) օպերատիվ կառավարման կենտրոն:
(29-րդ կետը խմբ. 30.10.19 N 1568-Լ, լրաց. 30.06.20 N 758-Լ)
30. Ոստիկանության կենտրոնական ապարատի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) ոստիկանության իրավաբանական վարչությունը.
2) ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունը.
3) ոստիկանության տնտեսական վարչությունը.
4) ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունը.
5) ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը.
6) ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժինը.
7) ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունը.
8) ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը.
9) ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը.
10) ոստիկանության բժշկական վարչությունը:
(30-րդ կետը խմբ. 30.10.19 N 1568-Լ)
31. ոստիկանության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) ոստիկանության զորքերին ենթակա գնդերը, գումարտակները.
2) ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը ենթակա գնդերը, բաժինները, բաժանմունքները, ռազմականացված ջոկատները.
3) ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանը ենթակա առանձին ոստիկանության կարանտին վաշտը.
4) ճանապարհային ոստիկանությանը ենթակա բաժինները, գումարտակները, վաշտերը, բաժանմունքները.
5) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը ենթակա բաժինները, բաժանմունքները, խմբերը.
6) ոստիկանության պարեկային ծառայությանը ենթակա շարային ստորաբաժանումները.
7) ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնին ենթակա ստորաբաժանումները:
(31-րդ կետը խմբ. 30.10.19 N 1568-Լ, լրաց. 30.06.20 N 758-Լ, 18.04.22 N 398-Լ)
32. Ոստիկանության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության աջակցող մասնագիտական ստորաբաժանումներն են՝
1) ոստիկանության բժշկական վարչությանը ենթակա պոլիկլինիկան, հիգիենիկ համաճարակային հսկողության կենտրոնը, ոստիկանության բժշկական հանձնաժողովը.
2) ոստիկանության տնտեսական վարչությանը ենթակա բաժիններ, բաժանմունքներ:
(32-րդ կետը փոփ. 28.12.20 N 1444-Լ)
33. Ոստիկանության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումների ղեկավարները համապատասխան վերադաս կառուցվածքային ստորաբաժանումների պետերն են:
34. Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները և դրանց ենթակա ստորաբաժանումները հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են: Դրանք են՝
1) ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը.
2) ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժինը.
3) ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժինը.
4) ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժինը.
5) ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժինը.
6) ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժինը
7) ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժինը.
8) ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժինը.
9) ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժինը.
10) ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինը.
11) ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժինը.
12) ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը.
13) ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժինը.
14) ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժինը.
15) ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժինը.
16) ոոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժինը.
17) ոստիկանության Արարատի մարզային վարչությունը.
18) ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժինը.
19) ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժինը.
20) ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժինը.
21) ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունը.
22) ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժինը.
23) ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժինը.
24) ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժինը.
25) ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժինը.
26) ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը.
27) ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժինը.
28) ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժինը.
29) ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժինը.
30) ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժինը.
31) ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժինը.
32) ոստիկանության Լոռու մարզային վարչությունը.
33) ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժինը.
34) ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժինը.
35) ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժինը.
36) ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժինը.
37) ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժինը.
38) ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժինը.
39) ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժինը.
40) ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը.
41) ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժինը.
42) ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժինը.
43) ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժինը.
44) ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժինը.
45) ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը.
46) ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժինը.
47) ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժինը.
48) ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժինը.
49) ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժինը.
50) ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժինը.
51) ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժինը.
52) ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժինը.
53) ոտիկանության Սյունիքի մարզային վարչությունը.
54) ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժինը.
55) ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժինը.
56) ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժինը.
57) ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժինը.
58) ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունը.
59) ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժինը.
60) ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժինը.
61) ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժինը.
62) ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը
63) ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժինը.
64) ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժինը.
65) ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժինը.
66) ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը:
VI. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
35. Ոստիկանությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
36. Ոստիկանության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոստիկանության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
37. Ոստիկանությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
38. Ոստիկանությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
39. Ոստիկանությունը հաշվապահական հաշվառումը վարում է և ֆինանսական հաշվետվությունները պատրաստում ու ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
40. Ոստիկանությունը հաշվապահական հաշվառումը վարում է ֆինանսաբյուջետային վարչության և հաշվապահական ծառայությունների միջոցով:
41. Ոստիկանության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց մուտքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։
(հավելվածը լրաց., խմբ. 30.10.19 N 1568-Լ, լրաց. 30.06.20 N 758-Լ, փոփ. 28.12.20 N 1444-Լ, լրաց. 18.04.22 N 398-Լ, խմբ., փոփ. 16.09.22 N 1066-Լ )
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.03.2023, N 268-Լ | 15.03.2023, N 751-Լ | |
16.09.2022, N 1066-Լ | 17.09.2022, N 751-Լ | |
18.04.2022, N 398-Լ | 20.04.2022, N 751-Լ | |
28.12.2020, N 1444-Լ | 01.01.2021, N 751-Լ | |
30.06.2020, N 758-Լ | 03.07.2020, N 751-Լ | |
30.10.2019, N 1568-Լ | 02.11.2019, N 751-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|