Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 179
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


22 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 179

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 46 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տնտեսավարող սուբյեկտների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև վեճերի մինչդատական կարգավորման այն ընթացակարգը կատարելագործելու նպատակով, որի անցկացումը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) 43-րդ կետով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 19-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Մաքսային միության հանձնաժողովի որոշումները (ակտերը), դրանց առանձին դրույթները կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) վիճարկելու մասին տնտեսավարող սուբյեկտների դիմումները քննարկելու կարգի մասին» թիվ 46 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի դեկտեմբերի 22-ի

թիվ 179 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 19-ի թիվ 46 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման մեջ «(ակտերը)» բառը, «Մաքսային միության հանձնաժողովի» բառերը հանել։

2. 1-ին կետում «(ակտերը)» բառը, «, Մաքսային միության հանձնաժողովի» բառերը հանել։

3. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Մաքսային միության հանձնաժողովի որոշումները (ակտերը), դրանց առանձին դրույթները կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) վիճարկելու մասին տնտեսավարող սուբյեկտների դիմումները քննարկելու կարգի մեջ՝

ա) անվանման մեջ «(ակտերը)» բառը, «, Մաքսային միության հանձնաժողովի» բառերը հանել.

բ) տեքստում «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերը» բառերը համապատասխան հոլովով փոխարինել «Միության շրջանակներում պայմանագիրը և միջազգային պայմանագրերը» բառերով.

գ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «1. Սույն կարգով կանոնակարգվում է տնտեսավարող սուբյեկտների՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) թիվ 2 հավելված) 43-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ուղարկվող դիմումների մինչդատական կարգով քննարկման ընթացակարգը՝ Հանձնաժողովի հետ՝ նրա լիազորությունների իրականացման հետ կապված հարցերի վերաբերյալ վեճերը կարգավորելու համար։».

դ) 2-րդ կետում՝

առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

««անգործություն»՝ Հանձնաժողովի կողմից՝ Պայմանագրով կամ Հանձնաժողովի որոշումներով նախատեսված իր պարտականությունները չկատարելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից որոշում չընդունելը, եթե դրա ընդունումը Հանձնաժողովի պարտականությունն է՝ Պայմանագրի կամ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված այլ միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան.».

երկրորդ պարբերությունում «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

««որոշում»՝ Հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի)՝ նորմատիվ իրավական բնույթի և անմիջապես դիմումատուի՝ ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեության ոլորտում իրավունքներն ու օրինական շահերը շոշափող որոշումը։».

ե) 3-րդ կետում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից» բառերը փոխարինել «Հանձնաժողովի կողմից» բառերով.

զ) 4-րդ կետում «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին» բառերը փոխարինել «Պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին» բառերով, «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով» բառերը փոխարինել «Պայմանագրով և Միություն շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով» բառերով.

է) 5-րդ կետում՝

երկրորդ պարբերությունը հանել.

երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառմանն առնչվող հարցերով.».

երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերով Հանձնաժողովի որոշումների վիճարկմանն առնչվող հարցերով.».

չորրորդ պարբերությունը «կրող» բառից հետո լրացնել «, Հանձնաժողովի կողմից որևէ գործողություն կատարելու մասին խնդրանք պարունակող» բառերով.

ը) 6-րդ կետը լրացնել «, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սահմանափակ տարածման (գաղտնի կամ ծառայողական օգտագործման համար) փաստաթղթերի հետ աշխատանքի կարգը հաշվի առնելով» բառերով.

թ) 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Հանձնաժողովի իրավական դեպարտամենտը, համակատարողները դիմումը քննարկում են դրանում ներկայացված պահանջների սահմաններում։

9. Դիմումը ներկայացվում է Հանձնաժողով ռուսերենով՝ հետևյալ ձևերից որևէ մեկով (ըստ դիմումատուի ընտրության)՝

թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ հավելվածի համաձայն դիմումի լրացված տեղեկամատյանն ուղարկելու եղանակով.

էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, որը ձևավորվում է Միության պաշտոնական կայքում տեղադրված դիմումի տեղեկամատյանի լրացման եղանակով։

Դիմումատուի պահանջները և դրանց հիմնավորումը պետք է հակիրճ և պարզ շարադրված լինեն անմիջապես դիմումի տեղեկամատյանի համապատասխան բաժիններում այնպես, որ Հանձնաժողովի կողմից դիմումն ստանալու փուլում՝ լրացված տեղեկամատյանի հիման վրա հնարավորություն լինի պարզելու դիմումատուի պահանջների էությունը և ծավալը, առանց լրացումներին կամ հավելվածներին հղում կատարելու անհրաժեշտության։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվող դիմումը ստորագրվում է դիմումատուի կամ նրա ներկայացուցչի կողմից, որի լիազորությունները ձևակերպվում են Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) կամ այն երրորդ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է դիմումատուն։».

ժ) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Այն դեպքում, երբ դիմումատուի կողմից վիճարկվում են Հանձնաժողովի գործողությունները (անգործությունը), դիմումի մեջ նշվում են Հանձնաժողովի կողմից որևէ գործողության կատարման հարցին առնչվող՝ Հանձնաժողովում ստացված դիմումատուի նախորդ դիմումների մասին տեղեկությունները։».

ժա) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1» ենթակետով՝

«ե1) վիճարկվող որոշման, դրա առանձին դրույթների և (կամ) Հանձնաժողովի գործողությունների (անգործության) ու, ըստ դիմումատուի կարծիքի, Պայմանագրով և Միության շրջանակներում կնքված այլ միջազգային պայմանագրերով նրան տրված իրավունքների, ինչպես նաև ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեության ոլորտում նրա օրինական շահերի առկա խախտումների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը.».

ժբ) 14-րդ կետում «2 ամիս» բառերը փոխարինել «3 ամիս» բառերով.

ժգ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 181 և 182 կետերով՝

«181. Հանձնաժողովի և տնտեսավարող սուբյեկտի միջև վեճի կարգավորման մինչդատական կարգը համարվում է պահպանված միայն այն պահանջների նկատմամբ, որոնք նշված են եղել դիմումի մեջ և Հանձնաժողովի կողմից քննարկվել են սույն կարգին համապատասխան։

Այլ պահանջների նկատմամբ, որոնք դիմումի մեջ չեն նշվել, վեճերի կարգավորման մինչդատական կարգը համարվում է չպահպանված։

182. Այն դեպքում, երբ դիմումատուն համաձայն չէ Հանձնաժողովի՝ իր այն դիմումի պատասխանին, որը քննարկվել է սույն կարգին համապատասխան, նա իրավունք ունի դիմումի մեջ նշված միևնույն պահանջները պարունակող դիմումով դիմելու Միության դատարան։

Հանձնաժողովի կողմից նախկինում քննարկված պահանջներից տարբերվող պահանջները կարող են ներկայացվել Միության դատարան միայն վեճերի մինչդատական կարգավորման կարգը պահպանելուց հետո՝ սույն կարգին համապատասխան։».

ժդ) լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելվածով՝

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, դրանց առանձին դրույթները կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) վիճարկելու մասին տնտեսավարող սուբյեկտների դիմումները քննարկելու կարգի

 

ՏԵՂԵԿԱՄԱՏՅԱՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումը, դրա առանձին դրույթները կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) վիճարկելու մասին տնտեսավարող սուբյեկտի դիմումի

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

Սմոլենսկի բուլվար, տ. 3/5, շին. 1, Մոսկվա, 119121

 

ԴԻՄՈՒՄ

 

վեճի կարգավորման մինչդատական կարգով՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի 43-րդ կետին համապատասխան

 

I. Տեղեկություններ դիմումատուի մասին

 

Իրավաբանական անձանց համար՝ կազմակերպաիրավական ձևը, անվանումը, գտնվելու վայրի հասցեն։

Անհատ ձեռնարկատերերի համար՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), գրանցման հասցեն։

Եթե դիմումատուի գտնվելու վայրի հասցեն (գրանցման հասցեն) տարբերվում է այն փոստային հասցեից, որով նա ստանում է թղթակցությունը, ապա անհրաժեշտ է նշել երկու հասցեները։

 

II. Տեղեկություններ ներկայացուցչի մասին

 

Նշվում են այն դեպքում, երբ դիմումը ստորագրվում է ներկայացուցչի կողմից՝ լիազորագրով։

 

III. Դիմումով շոշափվող իրավական կարգավորման ոլորտը

 

Նշվում է իրավական կարգավորման համապատասխան ոլորտը՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) թիվ 1 հավելված) 3-րդ կետին համապատասխան։

 

IV. Դիմումի առարկան

 

Նշվում է դիմումատուի պահանջների հստակ առարկան (հենց ինչն է նրա կողմից վիճարկվում)՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշման անվանումը և դրա վավերապայմանները.

Հանձնաժողովի գործողությունները կամ անգործությունը (հղում կատարելով դիմումատուի կողմից նախկինում Հանձնաժողով ուղարկված գրությանը պատասխաններ պարունակող՝ Հանձնաժողովի համապատասխան գրությունների վավերապայմաններին)։

 

V. Դիմումատուի կողմից Հանձնաժողով ուղարկված նախորդ դիմումների մասին տեղեկությունները

 

Եթե դիմումատուն դիմումի առարկայի մասով նախկինում դիմել է Հանձնաժողով, ապա անհրաժեշտ է նշել Հանձնաժողովի հասցեին դիմումատուի համապատասխան գրությունների, ինչպես նաև Հանձնաժողովի համապատասխան պատասխանների վավերապայմանները (բացառությամբ այն գրությունների, որոնք նշվում են սույն դիմումի IV բաժնում)։

 

VI. Դիմումատուի պահանջների հիմնավորումը

 

Շարադրվում է փաստական հանգամանքներին և դիմումի էությանն առնչվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝

1) համառոտ նկարագրվում են փաստական հանգամանքները, որոնք պատճառ են հանդիսացել Հանձնաժողով դիմելու համար.

2) նշվում են Պայմանագրի և (կամ) Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերի դրույթները, որոնք, ըստ դիմումատուի կարծիքի, խախտվում են Հանձնաժողովի կողմից (նշվում է հստակ իրավական նորմը (նորմերը)).

3) նկարագրվում է պատճառահետևանքային կապը վիճարկվող որոշման, դրա առանձին դրույթների և (կամ) Հանձնաժողովի գործողությունների (անգործության) ու դիմումատուի իրավունքների ենթադրյալ խախտման միջև.

4) նշվում է՝ Պայմանագրով և (կամ) Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով դիմումատուին տրամադրված որ հստակ իրավունքներն են խախտվում որոշմամբ և (կամ) Հանձնաժողովի գործողություններով (անգործությամբ)։

 

VII. Դիմումատուի պահանջները

 

Նշվում է դիմումատուի պահանջը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, դրանց առանձին դրույթները կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) վիճարկելու մասին տնտեսավարող սուբյեկտների դիմումները քննարկելու կարգի 4-րդ կետին համապատասխան։

 

VIII. Հավելվածները

 

Եթե դիմումին կցվում են փաստաթղթեր, ապա անհրաժեշտ է բերել դրանց ցանկը։

 

IX. Ստորագրությունը և կնիքը

 

Վերջին թերթին դրվում է դիմումատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը, ինչպես նաև իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կնիքը (առկայության դեպքում)։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան