ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/6001/05/212022 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/6001/05/21 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Գ. Հակոբյան Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Հ. ԲԵԴևՅԱՆ
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Սարգիս Գարգարյանի հայցի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) և երրորդ անձ Լարիսա Թոթոլյանի` վարչական ակտը վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Ծառայության վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սարգիս Գարգարյանը պահանջել է վերացնել «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու մասին» 24.05.2021 թվականի որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 07.06.2021 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ Սարգիս Գարգարյանի միջնորդությունը բավարարվել է` ամբողջությամբ կասեցվել է Ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող Հ. Բեգյանի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու մասին» 24.05.2021 թվականի որոշման կատարումը՝ մինչև սույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.08.2021 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.06.2021 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Է. Մեջլումյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 28-րդ և 62-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ և 123-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանի հիմնավորումները պայմանավորված են ենթադրություններով, և զուրկ են փաստական հանգամանքներից։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սարգիս Գարգարյանը, իր ներկայացուցչի միջոցով 31.05.2021 թվականին ակնհայտ անհիմն հայցադիմում ներկայացնելով Դատարան և վիճարկելով հարկադիր կատարողի կայացրած որոշումը, նպատակ է ունեցել ձգձգելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը, որի համար և միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ հարկադիր կատարողի կողմից կայացրած որոշումը կասեցնելու համար:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, կասեցնելով հարկադիր կատարողի կայացրած որոշման կատարումը, որևէ կերպ չի հիմնավորել հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության հիմնավոր կասկածը, ինչպես նաև, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելու հետևանքով հայցվորին կարող է պատճառվել զգալի վնաս կամ անհնարին դառնալ նրա իրավունքների պաշտպանությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.08.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ «փոփոխել այն՝ հայցը մերժել»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի 30.08.2021 թվականի դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով 25.06.2021 թվականին կայացված որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:
Սույն բողոքի քննության շրջանակներում վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը և այլն:
Միաժամանակ, անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք) 83-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը` բացառությամբ այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է՝ մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նշված ընդհանուր կանոնից սահմանվել են բացառություններ։ Մասնավորապես, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկելու դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական ակտի կատարումը կասեցնող կանոնը նույն իրավանորմի 3-րդ կետի հիմքով չի գործում։ Միևնույն ժամանակ, նման դեպքերի համար օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության առկայության պարագայում:
ՀՀ վճռաբեկ դատարանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում ևս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու վարչական ակտի կատարումը։ Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները և դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը)։
Վերոգրյալ իրավանորմերի և նախկինում կայացրած որոշումներով արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.
- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ
- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։
Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, և ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության: Օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը)։
Նույն որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթը կարելի է մեկնաբանել որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռևս միանշանակ չի համարվոմ։ «Հիմնավոր կասկած» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձևավորվի ողջամիտ կասկած։ «Հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: «Հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ «Կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։ Քննարկվող նորմի իմաստով «hիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է։ Այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված:
Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև վերոնշյալ իրավակարգավորմանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պարտադիրության և կատարելիության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից, նույն որոշմամբ արձանագրել է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար: ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք` դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել է ընդհանուր կանոն, որի համաձայն՝ վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում ինքնաբերաբար` օրենքի ուժով, կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է բացառություններ այդ ընդհանուր կանոնից. հատուկ դեպքերում վարույթ ընդունելուց հետո վարչական ակտը «մեխանիկորեն» չի կասեցվում, և որոշակի փաստակազմի առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետևյալ երկու ինքնուրույն պայմաններով՝ եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Օրենսդրորեն ամրագրված հիմքերից է նաև կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի վիճարկման դեպքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վերոնշյալ իրավակարգավորումը սահմանելու օրենսդրի նպատակն է եղել, ըստ էության, ապահովել, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ողջամիտ ժամկետներում կատարվի, և հարկադիր կատարման գործողություններն անհարկի չերկարաձգվեն, որոնք անհամատեղելի կլինեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի համատեքստում ողջամիտ ժամկետներում քննության հետ, քանի որ ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներում կարևորել է նաև կատարողական վարույթների ողջամիտ ժամկետներում իրականացումը: Հակառակ պարագայում՝ անհարկի ձգձգումը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է: Օրենսդրորեն ամրագրված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող պայմաններից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված: Տվյալ դեպքում վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունը անհնարին դառնալու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ և որոշակի լինեն իր սեփականության իրավունքի ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը:
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից վարչական ակտի պարտադիր կատարման կանխավարկածի սահմանման ուժով ինքնին դատական քննության ընթացքում վարչական ակտի կատարումը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական պաշպանության իրավունքի իրացման անհնարինության հիմք հանդիսանալ, և որոշ բավարար, հստակ հիմնավորումների ու ապացույցների առկայության պարագայում միայն դատարանը կարող է միջնորդությունը բավարարելով կասեցնել վարչական ակտի կատարումը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության կողմից 24.05.2021 թվականին կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություներ կատարելուն պարտադրելու մասին» որոշումը, որտեղ նշված է, որ ՀՀ սնանկության դատարանի կողմից 21.05.2021 թվականին տրված թիվ ԵԿԴ/0071/04/17 կատարողական թերթի համաձայն՝ պետք է Լաուրա Ստեփանյանին և Սարգիս Գարգարյանին պարտավորեցնել Երևանի Մ. Սարյան փողոցի թիվ 40 շենքի 34-րդ բնակարանն ազատ վիճակում հանձնել գույքի սեփականատեր Լարիսա Թոթոլյանին (հավելված, գ.թ. 10):
Հայցվոր Սարգիս Գարգարյանի կողմից 31.05.2021թ. ներկայացված հայցադիմումին կից Դատարան է ներկայացվել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել է կասեցնել վիճարկվող որոշումն այն պատճառաբանությամբ, որ միջնորդության մեջ նշված հիմնավորումներով վարչական ակտը զգալի վնաս կպատճառի իրեն և վարչական ակտը չկասեցնելը անհնարին կդարձնի իր իրավունքների պաշտպանությունը (հավելված, գ.թ. 3-7)։
Դատարանը 07.06.2021 թվականին կայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ «ներկայացված հայցով հայցվորը նպատակ է հետապնդում չկատարելու իր վրա դրված ենթադրաբար ոչ իրավաչափ պարտականությունը, որի պայմաններում վարչական ակտի պահանջը կատարելու դեպքում հայցվորի իրավունքների պաշտպանությունը դառնում է անհնարին և իմաստազուրկ, հետևաբար, Դատարանը գտնում է որ միջնորդությունը պետք է բավարարել»:
Վերաքննիչ դատարանի 30.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ Ծառայության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «եթե չկասեցվի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» 24.05.2021 թվականի որոշման կատարումը և այն ի կատար ածվի, ապա սույն գործով ներկայացված հայցապահանջն այլևս կդառնա առարկայազուրկ և ըստ այդմ անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների հետագա պաշտպանությունը ներկայացված հայցապահանջի պայմաններում: Խնդիրը կայանում է նրանում, որ վարչական ակտի ի կատար ածվելու պայմաններում և խնդրո առարկա բնակարանը այլ անձի հանձնելուց հետո այլևս կիմաստազրկվի այդ գործողության կատարման համար կայացված վարչական ակտի վիճարկումը, քանզի այդ վարչական ակտով սահմանված պարտավորությունն ըստ էության կատարված կլինի: Իսկ վարչական ակտի վիճարկման հնարավորության բացակայությունն արդեն իսկ խոսում է հայցվորի իրավունքների պաշտպանությունը հետագայում առնվազն ներկայացված վիճարկման հայցատեսակի հայեցակարգերի շրջանակներում անհնարին դառնալու մասին»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 30.08.2021 թվականի դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով 25.06.2021 թվականին կայացված որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը, քանի որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, բավարարվելով միայն այն հանգամանքը նշելով, որ «եթե վարչական ակտը չկասեցվի և այն ի կատար ածվի, ապա սույն գործով ներկայացված հայցապահանջն այլևս կդառնա առարկայազուրկ ու անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների հետագա պաշտպանությունը ներկայացված հայցապահանջի պայմաններում», անտեսել է ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումները նաև այն մասին, որ վերը նշված պատճառաբանությամբ դատական քննության ընթացքում ինքնին վարչական ակտի կատարումը չի կարող հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական պաշպանության իրավունքի իրացման անհնարինության հիմք: Ավելին՝ հայցվորի կողմից բավարար չափով ծանրակշիռ հիմնավորումներ և ապացույցներ չեն ներկայացվել վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, տվյալ գործով հայցադիմումի բավարարման պարագայում հայցվորը չի զրկվում իր իրավունքների պաշտպանության՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, կասեցնելով Ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող Հ. Բեգյանի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու մասին» 24.05.2021 թվականի որոշման կատարումը, կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 30.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 07.06.2021 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Գ. Հակոբյան Ս. Անտոնյան |
Ա. Բարսեղյան | |
Հ. ԲԵԴևՅԱՆ
Մ. Դրմեյան | |
Ս. Միքայելյան | |
Ա. Մկրտչյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
27.05.2022թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/6001/05/21 վարչական գործով 27.05.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 27.05.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Սարգիս Գարգարյանի հայցի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) և երրորդ անձ Լարիսա Թոթոլյանի` վարչական ակտը վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Ծառայության վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը՝ Սիրվարդ Խաչատրյանի մասով վերաքննիչ բողոքը մերժելու մասով, և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.08.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը՝ Սիրվարդ Խաչատրյանի միջնորդությունը բավարարելու մասով:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Հովսեփ Բեդևյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության կողմից 24.05.2021 թվականին կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություներ կատարելուն պարտադրելու մասին» որոշումը, որտեղ նշված է, որ ՀՀ սնանկության դատարանի կողմից 21.05.2021 թվականին տրված թիվ ԵԿԴ/0071/04/17 կատարողական թերթի համաձայն՝ պետք է Լաուրա Ստեփանյանին և Սարգիս Գարգարյանին պարտավորեցնել Երևանի Մ. Սարյան փողոցի թիվ 40 շենքի 34-րդ բնակարանն ազատ վիճակում հանձնել գույքի սեփականատեր Լարիսա Թոթոլյանին (հավելվածի գ.թ. 10):
Հայցվոր Սարգիս Գարգարյանի կողմից 31.05.2021թ. ներկայացված հայցադիմումին կից Դատարան է ներկայացվել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել է կասեցնել վիճարկվող որոշումն այն պատճառաբանությամբ, որ միջնորդության մեջ նշված հիմնավորումներով վարչական ակտը զգալի վնաս կպատճառի իրեն և վարչական ակտը չկասեցնելը անհնարին կդարձնի իր իրավունքների պաշտպանությունը (հավելվածի գ.թ. 3-7)։
Դատարանը 07.06.2021 թվականին կայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ «ներկայացված հայցով հայցվորը նպատակ է հետապնդում չկատարելու իր վրա դրված ենթադրաբար ոչ իրավաչափ պարտականությունը, որի պայմաններում վարչական ակտի պահանջը կատարելու դեպքում հայցվորի իրավունքների պաշտպանությունը դառնում է անհնարին և իմաստազուրկ, հետևաբար, Դատարանը գտնում է որ միջնորդությունը պետք է բավարարել»:
Վերաքննիչ դատարանի 30.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ Ծառայության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «եթե չկասեցվի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» 24.05.2021 թվականի որոշման կատարումը և այն ի կատար ածվի, ապա սույն գործով ներկայացված հայցապահանջն այլևս կդառնա առարկայազուրկ և ըստ այդմ անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների հետագա պաշտպանությունը ներկայացված հայցապահանջի պայմաններում: Խնդիրը կայանում է նրանում, որ վարչական ակտի ի կատար ածվելու պայմաններում և խնդրո առարկա բնակարանը այլ անձի հանձնելուց հետո այլևս կիմաստազրկվի այդ գործողության կատարման համար կայացված վարչական ակտի վիճարկումը, քանզի այդ վարչական ակտով սահմանված պարտավորությունն ըստ էության կատարված կլինի: Իսկ վարչական ակտի վիճարկման հնարավորության բացակայությունն արդեն իսկ խոսում է հայցվորի իրավունքների պաշտպանությունը հետագայում առնվազն ներկայացված վիճարկման հայցատեսակի հայեցակարգերի շրջանակներում անհնարին դառնալու մասին»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Է. Մեջլումյան):
Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը՝ Սիրվարդ Խաչատրյանի մասով վերաքննիչ բողոքը մերժելու մասով, և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.08.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը՝ Սիրվարդ Խաչատրյանի միջնորդությունը բավարարելու մասով:
Վճռաբեկ դատարանն իր վերոգրյալ եզրահանգումը հիմնավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի վերաբերյալ իրավական դիրքորոշումներով, այդ թվում նաև նշված իրավանորմի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներում արված վերլուծություններով, մասնավորապես արձանագրելով, որ
«(...) օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.
- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ
- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
(...) վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։
(...) հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, և ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության: Օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը)1»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «(…) հայցվորի կողմից բավարար չափով ծանրակշիռ հիմնավորումներ և ապացույցներ չեն ներկայացվել վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար: (…) տվյալ գործով հայցադիմումի բավարարման պարագայում հայցվորը չի զրկվում իր իրավունքների պաշտպանության՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունից:
Նման պայմաններում (…) Դատարանը, կասեցնելով Ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող Հ. Բեգյանի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու մասին» 24.05.2021 թվականի որոշման կատարումը, կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»:
Համակարծիք ենք Վճռաբեկ դատարանի այն վերլուծության հետ, որ վարչական ակտի կատարումը կասեցնելն օրենսդիրը պայմանավորել է հետևյալ երկու պայմաններից որևէ մեկի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկածով.
1) վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի,
2) վարչական ակտի կատարումը անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը։
Միևնույն ժամանակ գտնում ենք, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունները որևէ կերպ չեն հակասում Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշմանը:
Այսպես. սույն գործով բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը ևս անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում օգտագործված «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» և «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթների բովանդակությանը՝ մասնավորապես արձանագրելով հետևյալը.
«(…) վերը նշված վավերապայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացված փաստարկներով, որոնց միջոցով հայցվորը դատարանին պետք է ներկայացնի ծանրակշիռ փաստարկներ, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և իր կարգավիճակը վատթարացնում են:
Սույն գործով հայցի առարկան վերաբերում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կայացված «պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» 24.05.2021 թվականի որոշման վիճարկմանը, որպիսի որոշմամբ պատասխանող վարչական մարմինը պարտավորեցրել է հայցվորին եռօրյա ժամկետում Երևան քաղաքի Մ. Սարյան փ., 40 շ., 34 բնակարանը ազատ վիճակում հանձնել Լարիսա Թոթոլյանին:
Ներկայացրած հայցադիմումով հայցվորը, վիճարկելով վերը նշված որոշումը, ըստ էության համարում է, որ չպետք է կատարի այդ որոշմամբ իրեն առաջադրված պարտավորությունը:
Նման պայմաններում ակներև է, որ եթե չկասեցվի «պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» 24.05.2021 թվականի որոշման կատարումը և այն ի կատար ածվի, ապա սույն գործով ներկայացված հայցապահանջն այլևս կդառնա առարկայազուրկ և ըստ այդմ անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների հետագա պաշտպանությունը ներկայացված հայցապահանջի պայմաններում:
(…) վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը որևէ կերպ չի կարող խոչընդոտ հանդիսանալ երրորդ անձի սեփականության իրավունքի իրացմանը կամ այդ իրավունքի հիմք հանդիսացող այլ դատական ակտի կատարման համար, քանզի վարչական ակտի կատարման կասեցման հայեցակարգը միայն ժամանակավոր է պահպանում առկա իրավիճակը` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի կատարումը: Իսկ այդ հայեցակարգի կիրառումը չի կարող մեկնաբանվել որպես այլ դատական ակտի կատարաման անհնարինության նախապայման (…)»:
Փաստորեն Վերաքննիչ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով ամրագրված սպառիչ հիմքերի վերաբերյալ՝ առավել մանրամասն անդրադառնալով «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» և «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթների բովանդակությանը, որն ամբողջությամբ համահունչ է Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշմանը:
Հիմք ընդունելով հենց վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վերաքննիչ դատարանը սույն գործով վարչական ակտի կասեցումը պայմանավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պայմաններից երկրորդով՝ մասնավորապես արձանագրելով հետևյալը.
«(...) վարչական ակտի ի կատար ածվելու պայմաններում և խնդրո առարկա բնակարանը այլ անձի հանձնելուց հետո, այլևս կիմաստազրկվի այդ գործողության կատարման համար կայացված վարչական ակտի վիճարկումը, քանզի այդ վարչական ակտով սահմանված պարտավորությունն ըստ էության կատարված կլինի: Իսկ վարչական ակտի վիճարկման հնարավորության բացակայությունն արդեն իսկ խոսում է հայցվորի իրավունքների պաշտպանությունը հետագայում առնվազն ներկայացված վիճարկման հայցատեսակի հայեցակարգերի շրջանակներում անհնարին դառնալու մասին (...)»:
Այսպիսով, գտնում ենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ սույն գործով Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների արտահայտած իրավական դիրքորոշումները նույնական են, սակայն նույնական չեն այդ դիրքորոշումների և սույն գործով ներկայացված միջնորդությամբ պարունակվող փաստարկների համադրման արդյունքում դատարանների մոտ ձևավորված կասկածը հիմնավոր լինելու կամ չլինելու գնահատականը: Մասնավորապես, միևնույն փաստարկների նկատմամբ կիրառելով միևնույն իրավական դիրքորոշումները, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը, իսկ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հիմնավոր կասկածի ձևավորման համար հիմքեր առկա չեն: Ընդ որում, ինչպես վերը նշվեց, սույն գործով վարչական ակտի կասեցումը Վերաքննիչ դատարանը պայմանավորել է միայն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու հանգամանքով, հետևաբար բացակայել է «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությանն անդրադառնալու իրավական հիմքը, մինչդեռ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև այդ հարցին՝:
Այսպիսով, գտնում ենք, որ սույն գործով վարչական ակտի կասեցումը պայմանավորելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին համանման իրավական դիրքորոշումներով և դրանք համադրելով Սարգիս Գարգարյանի կողմից ներկայացված միջնորդության մեջ պարունակվող փաստարկների հետ Վերաքննիչ դատարանը հանգել է այն հիմնավոր եզրակացության, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը բավարարելու մասին Դատարանի որոշումը ենթակա չէ վերացման:
Ամփոփելով վերոգրյալը, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում ամբողջությամբ պատճառաբանել և հիմնավորել է վերոգրյալ եզրահանգումը, իսկ Աղավնի Տոլմաջյանի վճռաբեկ բողոքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերացնելու համար, ուստի նման պայմաններում վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
_______________________
1 Նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանը, Գոռ Հակոբյանը և Ստեփան Միքայելյանը հայտնել են հատուկ կարծիք
Դատավոր Ռ. Հակոբյան |
Դատավոր Հ. ԲԵԴևՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|