Գլխավոր տեղեկություն
Համար
N 1276-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 19.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1276-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1289-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 4-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1289-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրում, առաջին նախադասությունում և առաջին կետում, որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագրում և առաջին կետում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Միջազգային իրավական հարցերով» բառերով:

2. Հավելվածի 5-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«V. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺՆԵՐՈՒՄ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ

6. Միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում և հաշտարարության գործընթացում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ ընթացող վեճերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելիս Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնում է հետևյալ կարգով՝

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից կամ ներկայացուցիչներից պահանջում է անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ աջակցություն, ուսումնասիրում ու վերլուծում է ստացված նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները.

2) ուսումնասիրում և վերլուծում է վեճերի հիմքում ընկած փաստական հանգամանքներն ու իրավական փաստարկները, իսկ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ արբիտրաժային կամ դատական գործընթաց մեկնարկելու դեպքում գնահատում է պետության ռիսկերը և իրավասու մարմինների հաստատմանն է ներկայացնում արբիտրաժային կամ դատական կարգով վեճի լուծումը նախաձեռնելու իր դիրքորոշումը և իրավական վերլուծությունը․

3) կազմակերպում և իրականացնում է քննարկումներ կողմի հետ, վարում պետության անունից վերջինիս հետ նամակագրությունը՝ ծագած վեճը բանակցությունների կամ հաշտարարության եղանակով լուծելու նպատակով.

4) վեճը բանակցությունների միջոցով լուծելու դեպքում, ըստ անհրաժեշտության, պետական իրավասու մարմինների հետ կազմակերպում է ներքին քննարկումներ, վարում բանակցություններ կողմի հետ, բանակցությունների փուլում ներգրավում շահագրգիռ կողմերին, արդյունքների մասին ծանուցում պետական իրավասու մարմիններին․

5) վեճը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ կողմերի համաձայնության առկայության պարագայում պետական իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո կարող է ներգրավել վեճը լուծող մասնագետի՝ հաշտարարի, վերջինիս հետ բանակցելով ծառայությունների մատուցման շրջանակը, արժեքը և այլ անհրաժեշտ պայմաններ: Միաժամանակ կողմի հետ քննարկում և որոշում է հաշտարարի միջոցով վեճի լուծման դեպքում ծախսերի փոխհատուցման կարգը, ապահովում հաշտարարի հետ պայմանագրի կնքումը և կատարումը.

6) միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում քննվող վեճերի շրջանակներում, ըստ անհրաժեշտության, կարող է ներգրավել միջազգային իրավախորհրդատու ընկերությունների, միջազգային իրավունքի մասնագետների և փորձագետների՝ վերջիններիս հետ բանակցելով ծառայությունների մատուցման շրջանակը, արժեքը և այլ անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև ապահովելով նրանց հետ պայմանագրերի կնքումը և կատարումը.

7) վեճերի շրջանակներում նախագծում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ինչպես նաև աջակցում է ներգրավված միջազգային իրավախորհրդատու ընկերություններին և միջազգային իրավունքի մասնագետներին Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը նախապատրաստելիս, մշակում է վեճերի լուծման հնարավոր ուղիները, պետության շահերն առավելագույնս պաշտպանելու նպատակով՝ վեճի լուծման ռազմավարությունը և քայլերի հաջորդականությունը․

8) իրականացնում է վեճը քննող դատավորին կամ արբիտրին բացարկ հայտնելու, ինչպես նաև վեճը լուծող արբիտրաժային տրիբունալի կազմավորման գործընթացները՝ ուսումնասիրելով և ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվող արբիտր(ներ)ի թեկնածությունը, վիճարկելով առաջադրված թեկնածությունները և ընտրելով տրիբունալի նախագահին.

9) իրականացնում է վեճերի շրջանակներում բարձրացված հարցերի առնչությամբ ներպետական վերաբերելի օրենսդրության, միջազգային վերաբերելի փաստաթղթերի, ինչպես նաև այլ աղբյուրների ուսումնասիրության աշխատանքները․

10) ներկայացնում և Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության և ներկայացման նպատակով ներգրավված միջազգային իրավախորհրդատու ընկերությունների կամ միջազգային իրավունքի մասնագետների հետ քննարկում է վերաբերելի ներպետական օրենսդրության և անհրաժեշտ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքները․

11) միջազգային իրավախորհրդատու ընկերության հետ մշակում և քննարկում է արբիտրաժային և դատական վարույթի շրջանակում ներկայացվող դիմումները, միջնորդությունները, դրանց առնչությամբ ներկայացվող պատասխան-առարկությունները և այլ փաստաթղթեր.

12) մասնակցում է արբիտրաժային և դատական լսումներին՝ կազմակերպելով վկաների, փորձագետների և իրավախորհրդատուների մասնակցությունը նշված լսումներին, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հաշտարարության գործընթացում.

13) համագործակցում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ներկայացված արբիտրաժային վերապահում պարունակող կամ օտարերկրյա դատարանի ընդդատություն նախատեսող պայմանագրերի նախագծերի վերաբերյալ ուսումնասիրություն, մասնագիտական վերլուծություն և ռիսկերի գնահատում իրականացնելով․

14) կազմակերպում է վեճի շրջանակներում ընդունված որոշումների կամ վճիռների ճանաչման և կատարման, արբիտրաժային վճիռների չեղյալ ճանաչման կամ մյուս կողմի մեկնարկած արբիտրաժային վճռի չեղյալ ճանաչումը վիճարկելու, վերադաս դատական ատյաններում դատական ակտերի բողոքարկման գործընթացները։»:

3. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին գլխով՝

«V.I. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ

6.1. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջպետական վեճերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելիս Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնում է հետևյալ կարգով՝

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից կամ ներկայացուցիչներից պահանջում է անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ աջակցություն, ուսումնասիրում ու վերլուծում է ստացված նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները.

2) ուսումնասիրում և վերլուծում է վեճերի հիմքում ընկած փաստական հանգամանքներն ու իրավական փաստարկները, իսկ միջպետական իրավական գործընթաց մեկնարկելու դեպքում գնահատում է պետության ռիսկերը և իրավասու մարմինների հաստատմանն է ներկայացնում միջպետական վեճ նախաձեռնելու իր դիրքորոշումը և իրավական վերլուծությունը․

3) կազմակերպում և իրականացնում է քննարկումներ կողմի հետ, վարում պետության անունից վերջինիս հետ նամակագրությունը՝ ծագած վեճը բանակցությունների կամ կիրառելի օրենսդրությամբ սահմանված այլ եղանակով լուծելու նպատակով.

4) վեճը բանակցությունների միջոցով լուծելու դեպքում, ըստ անհրաժեշտության, պետական իրավասու մարմինների հետ կազմակերպում է ներքին քննարկումներ, վարում բանակցություններ կողմի հետ, բանակցությունների փուլում ներգրավում շահագրգիռ կողմերին, արդյունքների մասին ծանուցում պետական իրավասու մարմիններին.

5) միջազգային արբիտրաժներում և միջազգային դատարաններում քննվող վեճերի շրջանակներում, ըստ անհրաժեշտության, ներգրավում է միջազգային իրավախորհրդատու ընկերությունների, միջազգային իրավունքի մասնագետների և փորձագետների՝ վերջիններիս հետ բանակցելով ծառայությունների մատուցման շրջանակը, արժեքը և այլ անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև ապահովելով նրանց հետ պայմանագրերի կնքումը և կատարումը.

6) վեճերի շրջանակներում նախագծում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ինչպես նաև աջակցում է ներգրավված միջազգային իրավախորհրդատու ընկերություններին, միջազգային իրավունքի մասնագետներին և փորձագետներին Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը նախապատրաստելիս, մշակում է վեճերի լուծման հնարավոր ուղիները, պետության շահերն առավելագույնս պաշտպանելու նպատակով՝ վեճի լուծման ռազմավարությունը և քայլերի հաջորդականությունը․

7) իրականացնում է վեճը քննող դատավորին բացարկ հայտնելու, ad hoc դատավոր նշանակելու և վեճը լուծող արբիտրաժային տրիբունալի կազմավորման գործընթացները՝ ուսումնասիրելով և ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվող ad hoc դատավորի, արբիտր(ներ)ի թեկնածությունը, վիճարկելով առաջադրված թեկնածությունները և ընտրելով տրիբունալի նախագահին.

8) կազմակերպում է վեճերի շրջանակներում արբիտրաժային տրիբունալին կամ միջազգային դատարանին ներկայացնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման, ուսումնասիրման և Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող միջազգային իրավախորհրդատու ընկերություններին, միջազգային իրավունքի մասնագետներին և փորձագետներին փոխանցման աշխատանքները․

9) իրականացնում է վեճերի շրջանակներում բարձրացված հարցերի առնչությամբ ներպետական վերաբերելի օրենսդրության, միջազգային վերաբերելի փաստաթղթերի, ինչպես նաև այլ աղբյուրների ուսումնասիրության աշխատանքները․

10) ներկայացնում և Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության և ներկայացման նպատակով ներգրավված միջազգային իրավախորհրդատու ընկերությունների, միջազգային իրավունքի մասնագետների և փորձագետների հետ քննարկում է վերաբերելի ներպետական օրենսդրության և անհրաժեշտ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքները․

11) միջազգային իրավախորհրդատու ընկերության հետ մշակում և քննարկում է արբիտրաժային և դատական վարույթի շրջանակում ներկայացվող դիմումները, միջնորդությունները, դրանց առնչությամբ ներկայացվող պատասխան-առարկությունները և այլ փաստաթղթեր.

12) մասնակցում է արբիտրաժային և դատական լսումներին՝ կազմակերպելով վկաների, փորձագետների և իրավախորհրդատուների մասնակցությունը նշված լսումներին.

13) համագործակցում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ միջազգային դատարանի կամ այլ միջազգային մարմնի ընդդատություն նախատեսող պայմանագրերի նախագծերի վերաբերյալ ուսումնասիրություն, մասնագիտական վերլուծություն և ռիսկերի գնահատում իրականացնելով․

14) կազմակերպում է միջպետական վեճի շրջանակներում ընդունված որոշումների կամ վճիռների ճանաչման և կատարման, արբիտրաժային վճիռների չեղյալ ճանաչման կամ մյուս կողմի մեկնարկած արբիտրաժային վճռի չեղյալ ճանաչումը վիճարկելու գործընթացները։»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան