Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.03.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

              

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

             

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում      

Վարչական գործ թիվ ՎԴ/9251/05/19

2022 թ.    

Վարչական գործ թիվ ՎԴ/9251/05/19

Նախագահող դատավոր՝

 Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 18-ին,

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 0302.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Աշոտ Գրիգորյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աշոտ Գրիգորյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանող ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությանն ընդունել ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հայցվոր Աշոտ Գրիգորյանին պատճառված ոչ նյութական վնասի համար 4.000.000 ՀՀ դրամ և պատճառված նյութական վնասի համար 240.000 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Ծատուրյան) 12112019 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Աշոտ Գրիգորյանի միջնորդությունը մերժվել է, և հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Դ Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 04122019 թվականի որոշմամբ Աշոտ Գրիգորյանի հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03022020 թվականի որոշմամբ Աշոտ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04122019 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ և 78-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես, Դատարանն ունենալով հայեցողական լիազորություն հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարելու հարցում, մերժել է այն և արդյունքում մերժելով հայցադիմումի ընդունումը՝ խախտել է հայցվորի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված արդարադատության մատչելիության և դատարանի հասանելիության սկզբունքը, ինչպես նաև ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքը։

Միաժամանակ Դատարանն ունենալով բավարար լիազորություններ, հաշվի չի առել հայցվորի կողմից ներկայացված նոր հիմնավորումներով միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումից ազատելու կամ վճարումը հետաձգելու վերաբերյալ։ Բացի այդ, Դատարանը չի հիմնավորել, թե ինչով է կոնկրետ դեպքում պետական տուրքը չվճարելը և նոր միջնորդության ներկայացնելը արգելք հանդիսացել գործի քննության համար՝ պատշաճ քննության չառնելով նոր հիմքերով ներկայացված միջնորդությունը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 0302.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (...):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու՝ սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:

Սույն գործով Աշոտ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությանն ընդունել ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական վնասի համար 4.000.000 ՀՀ դրամ և պատճառված նյութական վնասի համար 240.000 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ: Հայցադիմումին կից հայցվորը ներկայացրել է միջնորդություն, որով միջնորդել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից կամ հետաձգել պետական տուրքի վճարումը՝ դրան անդրադառնալով կայացվելիք վճռով՝ հետևյալ պատճառաբանությամբ. «Անկախ այն հանգամանքից, որ օրենսդիրը պետական տուրքի վճարման արտոնություն սահմանում է բացառապես խոշտանգման զոհերին պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցերով, գտնում եմ, որ հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անձանց այլ հիմնարար իրավունքների խախտման դեպքերում ևս հայցվորները պետք է ազատված լինեն իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով պետական տուրքի վճարից՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության իրավունքի կարևորությունը խախտված իրավունքի պաշտպանության և վերականգնման համար» (հատոր 1-ին գթ 2-10

ՀՀ վարչական դատարանը 12112019 թվականի որոշմամբ Աշոտ Գրիգորյանի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, մերժել է և հայցադիմումը վերադարձրել է այն հիմնավորմամբ, որ հայցվորի վերոնշյալ պատճառաբանությունը չի կարող հիմք հանդիսանալ պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու համար, քանի որ վերջինս չի ներկայացրել իր գույքային դրության վերաբերյալ համապատասխան ապացույց։ Մասնավորապես, հայցադիմումին կից չի ներկայացվել փաստաթուղթ այն մասին, որ Աշոտ Գրիգորյանը համապատասխան միջոցների բացակայության պատճառով հնարավորություն չունի վճարելու 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը (հատոր 1-ին գթ 85-86

Աշոտ Գրիգորյանը 26112019 թվականին կրկին ներկայացրել է հայցադիմում, միաժամանակ միջնորդել է հետաձգել պետական տուրքի վճարումը այն հիմնավորմամբ, որ «Աշոտ Գրիգորյանը, 25092014 թվականից սկսած, Մտավոր Սեփականության գործակալության կողմից իրականացված ոչ իրավաչափ վարչարարության պատճառով ստիպված է եղել պաշտպանել իր իրավունքները քաղաքացիական (թիվ ԵԱՔԴ/3272/02/14 քաղաքացիական գործի շրջանակում), այնուհետև նաև վարչական դատավարության (թիվ ՎԴ/6053/05/14 վարչական գործի շրջանակներում) ընթացակարգերով՝ ծախսելով նաև ֆինանսական ռեսուրսներ, որոնք ի թիվս այլնի, հետ է պահանջում պատասխանողից Դատարան ներկայացվող հայցի շրջանակներում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական գործակալության 2015 թվականի թիվ 11411952 փորձաքննական որոշման համաձայն՝ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ անժամկետ սահմանվել է 2-րդ կարգի հաշմանդամություն (․․․(հատոր 1-ին գթ 91-105

Դատարանը 04122019 թվականի որոշմամբ Աշոտ Գրիգորյանի հայցադիմումի ընդունումը մերժել է այն հիմնավորմամբ, որ ՀՀ վարչական դատարանի 12.11.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը ստանալուց հետո հայցվոր Աշոտ Գրիգորյանը սահմանված ժամկետում՝ 26.11.2019 թվականին, հայցադիմումը կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան: Ընդ որում, կրկին ներկայացված հայցադիմումին կից չեն ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, այլ կրկին ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն։

Վերոգրյալից ելնելով, նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանի 12.11.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ հայցվոր Աշոտ Գրիգորյանի միջնորդությունը մերժվել է, նաև հաշվի առնելով, որ կրկին ներկայացված հայցադիմումին կից չեն ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, Դատարանը փաստել է, որ հայցվոր Աշոտ Գրիգորյանը կրկին ներկայացված հայցադիմումում չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար, հետևաբար Դատարանը գտել է, որ հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա է մերժման:

Ինչ վերաբերում է հայցվոր Աշոտ Գրիգորյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումին կից ներկայացված պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությանը, ապա Դատարանը գտել է, որ նշված հանգամանքը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ՀՀ վարչական դատարանի 12.11.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ մատնանշված՝ հայցադիմումում առկա սխալների վերացում, քանի որ հիշյալ որոշմամբ արդեն իսկ մերժվել է պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ հայցվոր Աշոտ Գրիգորյանի միջնորդությունը՝ անկախ դրանում նշված հիմքերից և հիմնավորումներից (հատոր 1-ին գթ 108-111

Վերաքննիչ դատարանը, մերժելով Աշոտ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Դատարանի վերը նշված պատճառաբանությունը հիմնավոր է, քանի որ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ, ուստի դրա պահանջը ենթակա է եղել կատարման (եթե կողմը ցանկանում է, որ հայցադիմումն ընդունվի Դատարանի վարույթ)` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջ: Մինչդեռ կրկին ներկայացված հայցադիմումին չի կցվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը, ինչը հանդիսանում է հայցի քննությունն արգելակող հիմք: Այսինքն` սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի վերադարձման հիմք հանդիսացած թերությունները, իսկ նման թերությունները չվերացնելն արգելք է գործի քննության համար:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ Դատարանը հաշվի չի առել հայցվորի կողմից ներկայացված նոր հիմնավորումներով միջնորդությունը, ապա Վերաքննիչ դատարանը փաստել է, որ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 12.11.2019 թվականի որոշումը, որով արդեն իսկ մերժվել է պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ հայցվոր Աշոտ Գրիգորյանի միջնորդությունը, օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ, ուստի դրա պահանջը ենթակա է եղել կատարման, որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջ (հատոր 2-րդ գթ 28-32

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Դատարանի կողմից պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը չքննելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի հետ կապված խնդիրներին, մասնավորապես, փաստել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը (տե´ս, Արմենակ և Գուլյա Սահակյաններն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի թիվ 3-734(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանը, Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած իր վճիռներից մեկում անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և պետական տուրք վճարելու պարտավորության հարաբերակցությանը, նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին ինքնին չհամապատասխանող սահմանափակում: Այնուամենայնիվ, այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից` ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար` անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով, թե` ոչ: Համապատասխանաբար, Եվրոպական դատարանն այդ գործով անհրաժեշտ է համարել քննել, թե արդյոք պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին դիմումատու ընկերության դիմումը մերժելով` ՀՀ վճռաբեկ դատարանը հաշվի է առել դիմումատու ընկերության գործի հատուկ հանգամանքները, թե` ոչ, և, առաջին հերթին, վճարելու նրա ունակությունը (տե՛ս, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, 48-րդ կետ): Վերոնշյալ իրավական դիրքորոշումներից բխում է, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս էական նշանակություն ունի անձի վճարելու ունակությունը (գույքային դրությունը) պարզելը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանը 12.11.2019 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը մերժել է` վերջինիս գույքային դրությունը հիմնավորված չլինելու պատճառով: Հայցադիմումը վերադարձնելուց հետո կրկին ներկայացված հայցադիմումին կից բերվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ նոր հիմքերով ներկայացված միջնորդություն, որին կից ներկայացվել է նաև գույքային դրության վերաբերյալ համապատասխան ապացույց՝ բժշկասոցիալական փորձաքննության թիվ 1141952 որոշման պատճենը։ Եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված դիրքորոշումներից բխում է, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու դեպքում առանցքային նշանակություն ունի անձի վճարելու ունակությունը (գույքային դրությունը) պարզելը: Հակառակ դեպքում` եթե դատարանից չպահանջվի պարզել անձի գույքային դրությունը պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու համար, ապա դատարանը կցուցաբերի չափազանց ճկուն մոտեցում` անիմաստ դարձնելով միայն վճարելու ունակություն չունեցող անձանց պետական տուրքի գծով արտոնություններ տալու օրենսդրական պահանջը:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Դատարանն իրավաչափորեն չի քննարկել պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Աշոտ Գրիգորյանի ներկայացրած պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ կրկին ներկայացված միջնորդությունը, Վճռաբեկ դատարանը, հարկ համարելով անդրադառնալ հայցադիմումի (դիմումի) վարույթ ընդունելու փուլում հայցադիմումին (դիմումին) կից ներկայացվող միջնորդությունների քննարկման առանձնահատկություններին, արձանագրում է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 05112019 թվականին հայցադիմումին կից ներկայացված պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդության հիմքում ընկած է եղել այն հանգամանքը, որ հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անձանց այլ հիմնարար իրավունքների խախտման դեպքերում ևս հայցվորները պետք է ազատված լինեն իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով պետական տուրքի վճարից՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության իրավունքի կարևորությունը։ Աշոտ Գրիգորյանը սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է հայցադիմում, որին կցված միջնորդության հիմքում պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ ընկած է եղել բոլորովին այլ հիմնավորում, այն է՝ հայցվորը 2-րդ կարգի հաշմանդամ է և տեսողական խնդիրների պատճառով նվազել է վերջինիս աշխատելու կարողությունը, միաժամանակ հայցվորը միջնորդությանը կից ներկայացրել է նաև նշված փաստը հավաստող ապացույցը՝ բժշկասոցիալական փորձաքննության թիվ 1141952 որոշման պատճենը։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հայցադիմումի (դիմումի) վարույթ ընդունման փուլում էական է պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հիմքում դրված հիմքերի և հիմնավորումների այնպիսի աստիճանը, որը թույլ է տալիս փաստել միջնորդության առկայության և բովանդակային քննարկման հնարավորությունը, և դատարանի կողմից նախկինում հայցադիմումին (դիմումին) կից ներկայացված միջնորդության մերժումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել թերությունները շտկելուց հետո կրկին ներկայացվող հայցադիմումին կից նույն պահանջով սակայն այլ հիմքերով ու հիմնավորումներով միջնորդություն բերելու համար։ Միաժամանակ նախորդ միջնորդության մերժումից հետո նոր հիմքերով և հիմնավորումներով նույն միջնորդություն ներկայացնելը չէր կարող որակվել որպես առաջին անգամ ներկայացված հայցադիմումի թերության չվերացում։

Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը պարտավոր էր քննարկել հայցադիմումի ընդունելիության փուլում պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին նոր հիմքերով և հիմնավորումներով ներկայացված միջնորդությունը և որոշում կայացնել այդ միջնորդության մերժման կամ բավարարման մասին:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը քննարկելու համար:

 

Այսպիսով, ստորադաս դատարանների կողմից սխալ է կիրառվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և նշված հանգամանքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 0302.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, և կայացնել նոր դատական ակտ վերացնել ՀՀ վարչական դատարանի 04122019 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը և պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ Աշոտ Գրիգորյանի միջնորդությունը քննարկելու համար գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական: