Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.03.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

              

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

             

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում      

Վարչական գործ թիվ ՎԴ/6795/05/18

2022 թ.    

Վարչական գործ թիվ ՎԴ/6795/05/18

Նախագահող դատավոր՝

 Ա. Սարգսյան

Դատավորներ՝

 Ա. Առաքելյան

 Ք. Մկոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.07.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արամ Տոնիկյանի ընդդեմ Ծառայության` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արամ Տոնիկյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Ծառայության 24.05.2018 թվականի թիվ 1808069422 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 31.08.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.07.2019 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.08.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ` Լևոն Ադամյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում միակ թույլատրելի ապացույցը Հայաստանի Հանրապետության Մ-4 միջպետական ճանապարհի 80.5 կիլոմետրին տեղադրված լուսանկարահանող արագաչափ սարքից ստացված լուսանկարն է, որի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ լուսանկարում առկա է հայցվորին պատկանող «88 DS 808» հաշվառման համարանիշի «MERCEDES-BENZ» մակնիշի սպիտակ գույնի տրանսպորտային միջոցը: Միաժամանակ, լուսանկարի վերևի մասում առկա գրառումներից ակնհայտ է, որ իրավախախտման պահին իրավախախտման վայրում թույլատրելի առավելագույն արագությունը եղել է 50 կմ/ժ, իսկ հայցվորն իր տրանսպորտային միջոցով 08.05.2018 թվականին, ժամը 16:49-ին երթևեկել է 93 կմ/ժ արագությամբ, այսինքն` գերազանցել է թույլատրելի առավելագույն արագությունը 41 կմ/ժ-ով: Հետևաբար լուսանկարում առկա արարքի հատկանիշներն իրավախախտման հատկանիշների հետ համադրող որևէ պաշտոնատար անձի մոտ չէր կարող ողջամիտ կասկած առաջացնել թույլատրելի առավելագույն արագության ռեժիմի խախտման վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանի այն պնդումը, որ թիվ 3.24 «Առավելության արագության սահմանափակում» ճանապարհային նշանի պահանջները խախտող անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի վարույթի ընթացքում միակ ապացույց հանդիսացող լուսանկարը պարունակի թիվ 3.24 «Առավելության արագության սահմանափակում» ճանապարհային նշանը, օբյեկտիվորեն անհնար է, քանի որ այդ նշանը տեղադրվում է մինչև արագաչափ սարքը, իսկ արագաչափ սարքը` նշանի ազդման գոտում: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թույլատրելի առավելագույն արագության ռեժիմի խախտումներ հայտնաբերող լուսանկարահանող սարքերի տեղադրման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ լուսանկարահանող սարքը չի կարող տեղադրվել մինչ ճանապարհային նշանի ազդման գոտին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.07.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

1) Ծառայության 24.05.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808069422 որոշմամբ Արամ Տոնիկյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 100.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «MERCEDES-BENZ» մակնիշի «88 DS 808» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 08.05.2018 թվականին, ժամը 16:49-ին Գեղարքունիքի մարզում` Մ-4 80.5 կմ հատվածում, երթևեկել է 93կմ/ժ արագությամբ և հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10կմ/ժ չափը` 50կմ/ժ առավելագույն արագություն սահմանող «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի ազդման գոտում գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը 33կմ/ժ-ով (գ.թ. 5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՎԴ/9436/05/18 և թիվ ՎԴ/2032/05/19 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

 

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման որոշ առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը, որը պարունակում է նաև տեխնիկական միջոցով արձանագրված տվյալները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` որպես իրավախախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում կարող են օգտագործվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված ապացույցները:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (...) (գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները (...):

Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթով իրեն վերապահված լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածով հաստատվել են Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները: Ընդ որում, երթևեկության արագության վերաբերյալ կանոնները նախատեսված են նշված որոշման թիվ 1 հավելվածի` «Երթևեկության արագությունը» վերտառությամբ VII բաժնի 65-72-րդ կետերով:

Այսպես, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 65-րդ կետի համաձայն` վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ (...):

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 69-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ (...) (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով):

Նույն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 70-րդ կետի համաձայն` բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ, կարող է թույլատրվել երթևեկելու սահմանված առավելագույնից բարձր արագությամբ:

Նշված որոշման թիվ 1 հավելվածի թիվ 1 Ձևի 3-րդ գլխի համաձայն` արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ. դրանցից է թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» նշանը, որը նշանակում է, որ արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը:

Նույն գլխի համաձայն` թիվ 3.24 նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն:

Բացի այդ, ՀՀ կառավարությունը 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշման թիվ 3 հավելվածով հաստատել է ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները:

Այսպես, նշված որոշման թիվ 3 հավելվածի I բաժնի 3-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց է, որն ունի վահանակի տեսք ու որոշակի ձև և որի վրա կատարված են այնպիսի նշումներ ու մակագրություններ, որոնք ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնում են ճանապարհային պայմանների և երթևեկության ռեժիմների, բնակավայրերի ու այլ օբյեկտների գտնվելու վայրի մասին:

Նույն որոշման թիվ 3 հավելվածի` «Նշանների կիրառման և տեղակայման կանոնները» վերտառությամբ III բաժնի 50.24-րդ կետի համաձայն` 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» նշանը կիրառվում է ճանապարհի տեղամասում` նախորդ տեղամասում սահմանվածից տարբեր առավելագույն արագություն սահմանելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում` բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը նշանի վրա նշվածից ավելի արագությամբ (կմ/ժ) արգելելու համար: (...) Եթե տվյալ տեղամասում սահմանվում է այնպիսի առավելագույն արագություն, որը նախորդ տեղամասի առավելագույն արագությունից տարբերվում է 20 կմ/ժ և ավելի արագությամբ, ապա կիրառվում է ոչ ավելի քան 20 կմ/ժ քայլով արագության աստիճանական սահմանափակում` իրարից 100-150 մ հեռավորության վրա 3.24 նշաններ հաջորդաբար տեղակայելու ճանապարհով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված արգելող ճանապարհային նշաններից մեկը թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» նշանն է, որը սահմանում է երթևեկության արագության որոշակի սահմանափակում, այն է` արգելում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը: Հետևաբար, տրանսպորտային միջոցների վարորդները կարող են պատասխանատվության ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով նաև թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ նշանի գործողության տարածքում գերազանցել են սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը:

 

Սույն վարչական գործը հարուցվել է Արամ Տոնիկյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 24.05.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808069422 որոշումը: Նշված վարչական ակտով Արամ Տոնիկյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 100.000 ՀՀ դրամի չափով, նրա համար, որ վերջինս սեփականության իրավունքով իրեն պատկանող տրանսպորտային միջոցով 08.05.2018 թվականին, ժամը 16:49-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզում` Մ-4 80.5 կմ հատվածում, երթևեկել է 93կմ/ժ արագությամբ` գերազանցելով երթևեկության սահմանված արագությունը 33կմ/ժ-ով, չկատարելով թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի պահանջը:

Դատարանը 31.08.2018 թվականի վճռով բավարարել է Արամ Տոնիկյանի հայցը` պատճառաբանելով, որ առկա չէ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/3314/05/14 վարչական գործով 02.12.2016 թվականի և ՎԴ/1897/05/15 վարչական գործով 27.12.2017 թվականի որոշումներում արտահայտած մեկնաբանություններից շեղվելու հիմք, քանի որ օրենսդրությամբ տվյալ վարույթի համար ապացույցներ սահմանելով, որևէ տարբերակում չի նախատեսվել` կապված իրավախախտման բնույթով, ճանապարհային նշանների տեսակով և այլ հանգամանքով: Հետևաբար` տվյալ վարույթով միակ թույլատրելի ապացույց հանդիսացող լուսանկարով չի հաստատվում իրավախախտումն արձանագրելու վայրում 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի առկայության, ըստ այդմ` նաև վիճարկվող որոշման մեջ նշված իրավախախտում կատարելու փաստերը:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Ծառայության վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ «(...) սույն գործի փաստերով չի ապացուցվում այն հանգամանքը, որ վիճելի իրավախախտման վայրը կահավորված է եղել 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» (50կմ/ժ) ճանապարհային նշանով, ինչը նշանակում է, որ Ոստիկանության կողմից չի ապացուցվել վիճելի փաստն առ այն, որ պահպանված է եղել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` «երթևեկության արագությունը սահմանված լինելու» պահանջը»: Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով պատասխանողի կողմից ներկայացված` ճանապարհային նշանի տեղադրված լինելու վերաբերյալ տեսագրությանը, գտել է, որ այն չէր կարող գնահատվել տվյալ վարչական վարույթի ժամանակ, քանի որ նշված վարույթով միակ ապացույցը տեսանյութը կամ լուսանկարն է, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստին և ստորադաս դատարանների եզրահանգումներին, Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

Ի տարբերություն տեսանկարահանման սարքերի միջոցով արձանագրված իրավախախտման դեպքերի, երբ իրավախախտման փաստը հաստատվում է տեսանկարահանված իրադարձության վերլուծության արդյունքում, արագաչափ սարքով ամրագրվում է տրանսպորտային միջոցի արագությունը և լուսանկարահանվում է ճանապարհի տվյալ հատվածի համար արագության առավելագույն սահմանաչափը գերազանցած տրանսպորտային միջոցը։

Այս առանձնահատկություններով պայմանավորված էլ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Օրենքի կիրառման որոշ առանձնահատկությունների վերաբերյալ։ Մասնավորապես Դատարանի վճռում հիշատակված ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի թիվ ՎԴ/3314/05/14 վարչական գործով արտահայտված իրավական դիրքորոշումը պայմանավորված է եղել այն անվիճելի փաստով, որ «բնակավայրի սկիզբ» ճանապարհային նշանը բացակայել է, մինչդեռ ճանապարհի այդ ուղեմասում դրված արագաչափ սարքի միջոցով արագության ամրագրվող սահմանաչափը որոշվել է 60կմ/ժ, որը համապատասխանում է բնակավայրերի համար սահմանված երթևեկության թույլատրելի առավելագույն արագության սահմանաչափին։ Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է ոչ թե արագաչափ սարքի կողմից կատարված լուսանկարում արագության սահմանաչափը գերազանցած տրանսպորտային միջոցի և ճանապարհային նշանի սինխրոն (համաժամանակյա) լուսանկարի առկայությունը, այլ արագության ռեժիմ որոշող կամ սահմանված ճանապարհային նշանի բացակայությունն ընդհանրապես։ Այսինքն վարչական իրավախախտման հիմքում ընկած փաստական հանգամանքը ոչ թե արագության թույլատրված սահմանաչափի գերազանցելու հարցն է եղել, այլ այդպիսի սահմանաչափ սահմանող ճանապարհային նշանի առկայությունն ընդհանրապես և ոչ թե լուսանկարում այն արտացոլված չլինելը։

Այլ է խնդիրը, երբ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հանգամանքն ամրագրվում է տեսանկարահանման նյութի դիտման և վերլուծության արդյունքում։ Այս դեպքում պարզ է, որ ճիշտ եզրահանգման գալու համար էական է ճանապարհային նշանի, գծանշանի փաստի առկայության ամրագրումը, եթե ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը ճանապարհային նշանի կամ գծանշանի պահանջի չկատարման արդյունք է, կամ ճանապարհային իրավիճակի արտացոլումը, կամ եթե ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը պայմանավորված է տվյալ իրավիճակում տրանսպորտային միջոցի վարորդի գործողությամբ կամ անգործությամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ տեխնիկական միջոցով տրանսպորտային միջոցի արագության գերազանցումը ֆիքսելու դեպքում, այդ հանգամանքը հաստատելու համար, լուսանկարում համապատասխան ճանապարհային նշանի առկայությունը կամ բացակայությունը չունի էական նշանակություն։ Սակայն դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ արագաչափ սարքով տրանսպորտային միջոցի արագության վերաբերյալ տվյալը կարող է հիմք հանդիսանալ վարչական պատասխանատվության համար, եթե չեն խախտվել տվյալ սարքի տեխնիկական և շահագործման պայմանները, որոնք սահմանված են տվյալ սարքի արտադրողի կողմից և ստուգաչափված են չափագիտության լիազոր մարմնի կողմից։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու փաստը վիճելի կհամարվի այն պարագայում, եթե ապացուցվի, որ խախտվել են արագաչափ սարքի տեխնիկական շահագործման պայմանները, այլ ոչ թե լուսանկարում թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի բացակայությունը (տե՛ս, Տիգրան Գեղամյանն ընդդեմ Ծառայության թիվ ՎԴ/8980/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվի, որ Հայաստանի Հանրապետության Մ-4 միջպետական ճանապարհի 80.5 կիլոմետրին տեղադրված լուսանկարահանող արագաչափ սարքի տեխնիկական շահագործման պայմանները խախտվել են:

Ավելին, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված սարքից ստացված լուսանկարը պարունակում է հայցվորին վերագրվող իրավախախտման փաստը հաստատող բավարար տեղեկություններ: Մասնավորապես, քննարկվող վարչական վարույթում միակ թույլատրելի ապացույց հանդիսացող լուսանկարը պարունակող տեսաերիզի հետազոտմամբ ակնհայտ է դառնում, որ իրավախախտման պահին իրավախախտման վայրում թույլատրելի առավելագույն արագությունը եղել է 50կմ/ժ, իսկ հայցվորը լուսանկարում պատկերված իրեն պատկանող «88 DS 808» հաշվառման համարանիշի «MERCEDES-BENZ» մակնիշի տրանսպորտային միջոցով 08.05.2018 թվականին, ժամը 16:49-ին երթևեկել է 93 կմ/ժ արագությամբ, այսինքն` գերազանցել է թույլատրելի առավելագույն արագությունը 43 կմ/ժ-ով: Միաժամանակ վիճարկվող որոշմամբ հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10կմ/ժ չափը` 50կմ/ժ առավելագույն արագություն սահմանող «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի ազդման գոտում` արձանագրվել է, որ Արամ Տոնիկյանը գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը 33կմ/ժ-ով:

Ընդ որում, տվյալ լուսանկարում առկա արարքի հատկանիշներն իրավախախտման հատկանիշների հետ համադրելու արդյունքում թույլատրելի առավելագույն արագության ռեժիմի խախտման վերաբերյալ որևէ ողջամիտ կասկած չի կարող առաջանալ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում առկա չի եղել Ծառայության 24.05.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808069422 որոշումն անվավեր ճանաչելու որևէ հիմք, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վճռաբեկ բողոքում վկայակոչված թիվ ՎԴ/9436/05/18 և թիվ ՎԴ/2032/05/19 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածը կիրառվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ նույն նորմի մեկնաբանությանը հակասող, սակայն սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությանը համանման մեկնաբանությամբ: Մասնավորապես վկայակոչված գործերով ՀՀ վարչական դատարանը վերլուծության ենթարկելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ և «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածները եզրահանգում է արել այն մասին, որ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված` արագության գերազանցման կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտով, անձը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ վարչական վարույթում ձեռք բերված միակ թույլատրելի ապացույցը` իրավախախտումն ամրագրած լուսանկարը, հնարավորություն է տալիս անկասկած հետևություն անելու տվյալ հատվածում սահմանված թույլատրելի առավելագույն արագության կոնկրետ չափի և այն գերազանցված լինելու փաստի մասին։ Սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում ևս իրավախախտման փաստը կարող է հաստատվել բացառապես իրավախախտումն ամրագրած լուսանկարով։

Կարևորելով ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունը` ապահովելու օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում ընդգծել, որ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված` արագության գերազանցման կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի միակ թույլատրելի ապացույց հանդիսացող լուսանկարում թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի առկայության կամ բացակայության հարցի պարզումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման փաստը հաստատված համարելու համար որևէ նշանակություն չունի:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու փաստը կարող է հաստատված համարվել միայն այն պարագայում, եթե ապացուցվի, որ արագաչափ սարքի տեխնիկական շահագործման պայմանները խախտված չեն և վարչական վարույթում ձեռք բերված միակ թույլատրելի ապացույցը` իրավախախտումն ամրագրած լուսանկարը, հնարավորություն է տալիս անկասկած հետևություն անելու տվյալ հատվածում սահմանված թույլատրելի առավելագույն արագության կոնկրետ չափի և այն գերազանցված լինելու փաստի մասին։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշում, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ Ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը)։

Հաշվի առնելով, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից` դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում մերժվում է վճռաբեկ դատարանի կողմից։ Այլ կերպ ասած` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն` անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից: Տվյալ դեպքում, նկատի ունենալով, որ Արամ Տոնիկյանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման, իսկ սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար Ծառայության կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Արամ Տոնիկյանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.07.2019 թվականի որոշումը և այն փոփոխել. Արամ Տոնիկյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական: