Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1587/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1587/02/19

Նախագահող դատավոր  Տ. Նազարյան

Դատավորներ

 Հ Ենոքյան

 Ն. Բարսեղյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2020 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի, գործի ելքով շահագրգռված անձ Հովիկ Շեկվարդանյանի և ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար)` Հաշտարարի 15.08.2019 թվականի թիվ 15-4787/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 15.08.2019 թվականի՝ «Հովիկ Շեկվարդանյանի՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի դեմ ուղղված 25.06.2019թ. թիվ 07-692/19 պահանջը բավարարելու մասին» թիվ 15-4787/19 որոշումը (այսուհետ՝ նաև Որոշում):

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 27.05.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.10.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.05.2020 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Սիրանուշ Գրիգորյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով կարող են վիճարկել օրենքով սահմանված ընթացակարգային նորմերի խախտման հիմքով միայն՝ սահմանափակելով դատական պաշտպանության և արդար դատաքննության Բանկի իրավունքները: Այսինքն՝ ստացվում է մի իրավիճակ, որ անկախ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կայացված որոշման օրինական լինելուց՝ այն հնարավոր չէ բողոքարկել, քանի որ օրենքով հստակ սահմանված չէ նման կարգավորում:

Վերաքննիչ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների պայմաններում Հաշտարարի որոշումներն առանց որևէ համապատասխան օրենսդրական կարգավորման դառնում են անբողոքարկելի ակտեր, իսկ դրանց չեղարկումը հնարավոր է դառնում միայն ընթացակարգային և դատավարական նորմերի խախտման ժամանակ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Բանկի և ֆինանսական համակարգի հաշտարարի միջև կնքված համաձայնագրով Բանկը հրաժարվել է 250.000 ՀՀ դրամը չգերազանցող գործերով Հաշտարարի որոշումները վիճարկելու իր իրավունքից, ուստի այդ գումարը գերազանցող գործերով Հաշտարարի որոշումները վիճարկելու Բանկի իրավունքը սահմանափակված չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 02.10.2020 թվականի որոշումը՝ դիմումը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Թեև ՀՀ Սահմանադրական դատարանը 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը չի սահմանափակում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը, այդուհանդերձ պարզ չեն ըստ էության վիճարկման հիմքերը կամ ինչ ծավալով և ինչ շրջանակներում պետք է վերանայվի այն:

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության վիճարկելու հիմքերի և ծավալների կապակցությամբ առկա օրենսդրական բացի պայմաններում դիմում ներկայացրած անձի դատավարական հակառակորդների համար պարզ և կանխատեսելի չեն դատարանի գործողություններն ու ներկայացված պահանջից պաշտպանվելու հնարավորությունները:

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության վիճարկելու դեպքում՝ առավել ևս վիճարկմանը վերաբերող համապատասխան կարգավորումների բացակայության պայմաններում, խախտվում են օրինականության և իրավական որոշակիության սկզբունքներն ու արդար դատաքննության իրավունքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Հաշտարարի 15.08.2019 թվականի թիվ 15-4787/19 որոշմամբ բավարարվել է Հովիկ Շեկվարդանյանի կողմից Բանկի դեմ ուղղված՝ 25.06.2019 թվականի թիվ 07-692/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 32-42):

2. Հովիկ Շեկվարդանյանը 26.08.2019 թվականին անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվել է Որոշման հետ, որպիսի փաստի հիման վրա Հաշտարարը ծանուցել է Բանկին Որոշման՝ կողմերի համար պարտադիր դառնալու մասին, և հայտնել ծանուցումը ստանալուց հետո Հաշտարարի Որոշումը կատարելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 44-45):

3. Բանկը Հաշտարարի Որոշումը չի կատարել, և դիմում է ներկայացրել Դատարան՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին՝ այն վիճարկելով նաև ըստ էության (հատոր 1-ին, գ.թ. 6-18):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 09.10.2012 թվականին թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 02.12.2016 թվականին թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով որոշմամբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք ընդունվելու դեպքում ևս:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն [ենթաբաժին վեցերորդ] ենթաբաժնի դրույթներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չի կարող վիճարկել այն կազմակերպությունը, որը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ կնքված համաձայնագրով հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

Շարադրված նորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ի տարբերություն 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, սահմանել է նաև ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումով գործի վարույթի իրականացման կարգը, որպիսի իրավակարգավորում նախկին օրենսգիրքը չի պարունակել: Դրա հետ մեկտեղ լրացում է կատարվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում, որի արդյունքում նախատեսվել է, որ Հաշտարարի որոշումը կողմերը կարող են իրավասու դատարան վիճարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նշված կարգի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումով գործի վարույթն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն օրենսգրքի վեցերորդ ենթաբաժնի դրույթներով: Նույն կարգով օրենսդիրը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի իմաստով կողմերին իրավունք է վերապահել Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով վիճարկելու ֆինանսական համակարգի հաշտարարի՝ իրենց համար պարտադիր դարձած որոշումը: Նման դիմում ներկայացնելու դեպքում դրանում պետք է նշվեն նաև Հաշտարարի որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները: Դիմումի քննության ժամանակ դատարանը պետք է պարզի Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով օրենսդիրը բացառապես սահմանել է դատարաններում նման դիմումի հիման վրա հարուցված վարույթի իրականացման դատավարական կարգը, իսկ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը պարզելը պայմանավորել է բացառապես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով: Այսպես՝

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ, կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ, իսկ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային բյուրոյի (այսուհետ՝ վարկային բյուրո) դեմ ներկայացված պահանջների դեպքում՝ նաև ոչ գույքային բնույթի պահանջ:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին և նույն օրը այն հանձնում կողմերին կամ փոստով առաքում որոշման մեկական օրինակ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին, ապա վերջինս պետք է սահմանի Կազմակերպության կողմից որոշումը կատարելու կարգը և ժամկետը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: Երեսուն աշխատանքային օրը լրանալուց հետո Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար՝ որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը կարող է Գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝

1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.

2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.

3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ Հաշտարարն իրավասու է քննելու նաև այն պահանջը, որը հաճախորդի կողմից ներկայացվում է Կազմակերպության դեմ և կապված է վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների հետ, որպիսի պահանջը չի գերազանցում տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը: Նման պահանջի քննության արդյունքներով Հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին՝ նույն օրը դրա մեկական օրինակը հանձնելով կողմերին կամ առաքելով փոստով: Պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին որոշում կայացնելու դեպքում Հաշտարարը սահմանում է Կազմակերպության կողմից այն կատարելու կարգը և ժամկետը: Այն դեպքում, երբ Հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, ապա այդ որոշումը կողմերի համար դառնում է պարտադիր: Երեսուն աշխատանքային օրը լրանալուց հետո Հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար՝ որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:

Կողմերի համար պարտադիր դարձած Հաշտարարի որոշումը կողմերը կարող են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերը նշված կարգով վիճարկել իրավասու դատարան՝ ներկայացնելով Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում: Ընդ որում, Կազմակերպությունը կարող է Հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

Հաշտարարի որոշումը դատարանը ճանաչում է չեղյալ, եթե պահանջը ենթակա չէ քննության Հաշտարարի կողմից կամ Հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ կամ բացահայտվել են Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ–1051 որոշմամբ նշել է, որ «(…) Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, ինչպես նաև այդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված 18-րդ հոդվածի դրույթներով Կազմակերպության` դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը միայն այն իրավակարգավորման շրջանակներում, երբ Կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովին հրաժարվելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ»:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ «(…) մինչև անվերապահորեն և գրավոր ձևով որոշմանը համաձայնելը կամ որոշմանը չհամաձայնելու դեպքում ինչպես Հաճախորդը, այնպես էլ Կազմակերպությունը կարող են դիմել դատարան և պահանջել գործի ըստ էության քննություն: Ինչն էլ փաստում է, որ այդ դեպքերում Հաճախորդը և Կազմակերպությունը չեն զրկվում ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով երաշխավորված իրենց իրավունքների իրացման հնարավորությունից», «այն դեպքում, երբ Կազմակերպությունը Հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով, այսինքն` իր ազատ կամահայտնությամբ, հրաժարվում է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, օրենքով սահմանված հիմքերով Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը վիճարկելու սահմանափակ հնարավորություն նախատեսելն իրավաչափ է և սահմանադրականության խնդիր չի հարուցում: Իսկ այն դեպքում, երբ առկա չէ հիշյալ գրավոր համաձայնագիրը, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումը` այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը: Իսկ մարդու և քաղաքացու հիշյալ իրավունքներն ու ազատությունները, ինչպես և սահմանված է ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածով, տարածվում են իրավաբանական անձանց վրա` այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարևոր է համարում շեշտել, որ այդ իրավունքների ու ազատությունների` իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի լինելու իրավակարգավորիչ դերը երաշխավորում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլև դրանցում միավորված ֆիզիկական անձանց իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության իրավական հնարավորություն»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով բավարարելով «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության վճռաբեկ բողոքը, 02.12.2016 թվականին կայացրած որոշմամբ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի, 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի, 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 74-րդ հոդվածի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 17-րդ հոդվածի վերլուծության արդյունքում և անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմանը, արձանագրել է, որ «(…) Հաշտարարի որոշումը hաճախորդի կողմից ընդունելու պարագայում դառնում է պարտադիր և Կազմակերպությունն այդ որոշումը կարող է ըստ էության վիճարկել դատական կարգով, եթե նա Հաշտարարի գրասենյակի հետ կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից»:

ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումից բխում է, որ վերջինս մինչև ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունելն անդրադառնալով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, ըստ էության, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ինչպես հաճախորդը, այնպես էլ կազմակերպությունը որոշակի դեպքերում դատարան դիմելիս կարող են պահանջել գործի ըստ էության քննություն, որի դեպքում հաճախորդը և կազմակերպությունը չեն զրկվում Սահմանադրության 18 ու 19-րդ հոդվածներով երաշխավորված իրենց իրավունքների իրացման հնարավորությունից, և այն դեպքում, երբ առկա չէ համապատասխան գրավոր համաձայնագիրը, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումը` այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը՝ որ Հաշտարարի որոշումը hաճախորդի կողմից ընդունելու պարագայում դառնում է պարտադիր և Կազմակերպությունն այդ որոշումը կարող է ըստ էության վիճարկել դատական կարգով, եթե նա Հաշտարարի գրասենյակի հետ կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումները կիրառելի են (իրենց ուժը պահպանում են) նաև ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվելուց հետո, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում կատարված լրացումը բացառապես վերաբերում է նրան, որ Հաշտարարի որոշումը կողմերը կարող են իրավասու դատարան վիճարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բացառապես սահմանում է այդ վարույթի իրականացման դատավարական կարգը:

Ավելին՝ ՀՀ սահմանադրական դատարանը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա քննելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ–1571 որոշման մեջ շեշտելով, որ «(…) իր որոշումները պետք է ընկալվեն իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)՝ ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես Սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված և որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության և բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը», արձանագրել է, որ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը, իսկ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) օրենսդրի կողմից կատարված փոփոխության արդյունքում ներկայիս գործող կարգավորումը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չեն Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. ՍԴՈ-1051 որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել էր, որ Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման արգելափակմանը, որի արդյունքում և Օրենսդիրը պետք է կարգավորումը ձևակերպեր այնպես, որ Կազմակերպությանն ընձեռեր Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու հնարավորություն, քանի որ ՍԴՈ-1051 որոշման ամբողջ էությունը հանդիսացել է տվյալ պահին գործող կարգավորմամբ առկա ոչ իրավաչափ սահմանափակման վերացումը»:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Հաշտարարը 15.08.2019 թվականին որոշում է կայացրել Հովիկ Շեկվարդանյանի կողմից Բանկի դեմ ուղղված՝ 25.06.2019 թվականի թիվ 07-692/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով, բավարարելու մասին: Հովիկ Շեկվարդանյանը 26.08.2019 թվականին անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվել է Որոշման հետ, որպիսի փաստի հիման վրա Հաշտարարը ծանուցել է Բանկին Որոշման՝ կողմերի համար պարտադիր դառնալու մասին, և հայտնել ծանուցումը ստանալուց հետո Հաշտարարի Որոշումը կատարելու մասին: Բանկը Հաշտարարի Որոշումը չի կատարել, և դիմում է ներկայացրել Դատարան՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին՝ այն վիճարկելով նաև ըստ էության:

Դատարանը 27.05.2020 թվականի որոշմամբ մերժել է Բանկի դիմումը՝ պատճառաբանելով, որ «(…) գործում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների նկատմամբ օրենքով սահմանված՝ դատական սահմանափակ միջամտության կանխավարկածը (այնքանով, որքանով դատարանը քննարկման առարկա է դարձնում միայն պահանջը ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննության ենթակա լինելու, որոշումը կայացնելիս «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգային կանոնները պահպանված լինելու և Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքները), այն չի կարող մեկնաբանվել տարածական կերպով՝ վերջինիս համատեքստում ներառելով նաև ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննության առարկա վեճի շրջանակներում կիրառման (այդ թվում՝ մեկնաբանման) ենթակա իրավական նորմերի նյութաիրավական կողմը՝ անկախ վերջիններիս ընթացակարգային (պրոցեսուալ) լինելու հանգամանքից: (...) Ինչ վերաբերում է Դիմողի ներկայացրած փաստարկներին, ապա դրանք իրենց բովանդակությամբ վերաբերվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման ըստ էության վերանայելուն, մասնավորապես, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից դիմումը քննելիս ներկայացված փաստական հանգամանքների և դրանց նկատմամբ նյութական իրավունքի կիրառման և մեկնաբանմանը, որը քննարկման ենթակա չէ»։

Վերաքննիչ դատարանը 02.10.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 27.05.2020 թվականի որոշումը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ «(...) Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1051 որոշումը կայացվել է 09.10.2012թ., իսկ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/5370/02/14 որոշումը 02122016 թվականին, այսինքն՝ 17.06.1998 թվականի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու որևէ իրավակարգավորում նախատեսված չէր այդ օրենսգրքով։

Մինչդեռ «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը» բովանդակող (գլուխ 50, հոդվածներ 337-340) 09.04.2018թ. Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 09.02.2018թ. ընդունված և 09.04.2018թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածով Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվել է.

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «կարող են» բառերից հետո լրացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերով՝ արդյունքում ստանալով հետևյալ խմբագրությունը. «Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով»:

Այսինքն՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու իրավակարգավորում՝ հստակ ընթացակարգով և հատուկ կանոններով (…):

(…) Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. թիվ ՍԴՈ-1051 որոշումը և Վճռաբեկ դատարանի 09.10.2012թ. թիվ ԵԿԴ/5370/02/14 որոշումը կայացնելուց հետո օրենսդիրը կանոնակարգել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը և նախանշել հստակ սահմաններ, ուստի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկման ենթակա չէ»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «(...) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը դիմողի կողմից, ի թիվս այլնի, վիճարկվել է կիրառված նյութաիրավական օրենքի կապակցությամբ՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հետ չհամաձայնվելու պատճառաբանությամբ, մինչդեռ Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման չեղյալ ճանաչման հիմքերը, այդ թվում՝ չեղյալ ճանաչման հիմք հանդիսացող ընթացակարգային կանոնները կարող են գնահատման առարկա դառնալ բացառապես Օրենքի համատեքստում, նույն օրենքով սահմանված իրավակարգավորումները պահպանված լինել-չլինելու վերաբերյալ դիմողի ներկայացրած իրավական և փաստական հիմնավորումների շրջանակներում եզրակացության հանգելու արդյունքում: Իսկ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կիրառված նյութաիրավական նորմերը Դատարանի կողմից գնահատման ենթակա չեն, հետևաբար Դատարանի կողմից կայացված որոշումը Վերաքննիչ դատարանը գնահատում է իրավաչափ և հիմնավորված»:

Շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի վերը նշված հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չեն բխում ինչպես սույն գործով հայտնված իրավական դիրքորոշումներից, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումներով և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, ինչի հետևանքով խախտվում է Բանկի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը՝ խաթարելով արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 02.10.2020 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ բեկանված մասով գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ որպես գործի նոր քննության ծավալ սահմանելով վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում Բանկի դիմումի նաև ըստ էության քննությունը՝ պահպանելով Հաշտարարի Որոշումն ըստ էության վիճարկելու Բանկի իրավունքը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԼԴ2/1587/02/19 քաղաքացիական գործով 2022 թվականի ապրիլի 06-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

06․04․2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի ապրիլի 06-ին գրավոր ընթացակարգով քննելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2020 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի, գործի ելքով շահագրգռված անձ Հովիկ Շեկվարդանյանի և ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար)` Հաշտարարի 15.08.2019 թվականի թիվ 15-4787/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս Անտոնյանս, Տ Պետրոսյանս, Ա Բարսեղյանս և Ն Տավարացյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 15.08.2019 թվականի՝ «Հովիկ Շեկվարդանյանի՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի դեմ ուղղված 25.06.2019թ. թիվ 07-692/19 պահանջը բավարարելու մասին» թիվ 15-4787/19 որոշումը (այսուհետ՝ նաև Որոշում):

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 27.05.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.10.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.05.2020 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Սիրանուշ Գրիգորյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով կարող են վիճարկել օրենքով սահմանված ընթացակարգային նորմերի խախտման հիմքով միայն՝ սահմանափակելով դատական պաշտպանության և արդար դատաքննության Բանկի իրավունքները: Այսինքն՝ ստացվում է մի իրավիճակ, որ անկախ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կայացված որոշման օրինական լինելուց՝ այն հնարավոր չէ բողոքարկել, քանի որ օրենքով հստակ սահմանված չէ նման կարգավորում:

Վերաքննիչ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների պայմաններում Հաշտարարի որոշումներն առանց որևէ համապատասխան օրենսդրական կարգավորման դառնում են անբողոքարկելի ակտեր, իսկ դրանց չեղարկումը հնարավոր է դառնում միայն ընթացակարգային և դատավարական նորմերի խախտման ժամանակ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Բանկի և ֆինանսական համակարգի հաշտարարի միջև կնքված համաձայնագրով Բանկը հրաժարվել է 250.000 ՀՀ դրամը չգերազանցող գործերով Հաշտարարի որոշումները վիճարկելու իր իրավունքից, ուստի այդ գումարը գերազանցող գործերով Հաշտարարի որոշումները վիճարկելու Բանկի իրավունքը սահմանափակված չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 02.10.2020 թվականի որոշումը՝ դիմումը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Թեև ՀՀ Սահմանադրական դատարանը 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը չի սահմանափակում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը, այդուհանդերձ պարզ չեն ըստ էության վիճարկման հիմքերը կամ ինչ ծավալով և ինչ շրջանակներում պետք է վերանայվի այն:

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության վիճարկելու հիմքերի և ծավալների կապակցությամբ առկա օրենսդրական բացի պայմաններում դիմում ներկայացրած անձի դատավարական հակառակորդների համար պարզ և կանխատեսելի չեն դատարանի գործողություններն ու ներկայացված պահանջից պաշտպանվելու հնարավորությունները:

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության վիճարկելու դեպքում՝ առավել ևս վիճարկմանը վերաբերող համապատասխան կարգավորումների բացակայության պայմաններում, խախտվում են օրինականության և իրավական որոշակիության սկզբունքներն ու արդար դատաքննության իրավունքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Հաշտարարի 15.08.2019 թվականի թիվ 15-4787/19 որոշմամբ բավարարվել է Հովիկ Շեկվարդանյանի կողմից Բանկի դեմ ուղղված՝ 25.06.2019 թվականի թիվ 07-692/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 32-42):

2. Հովիկ Շեկվարդանյանը 26.08.2019 թվականին անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվել է Որոշման հետ, որպիսի փաստի հիման վրա Հաշտարարը ծանուցել է Բանկին Որոշման՝ կողմերի համար պարտադիր դառնալու մասին, և հայտնել ծանուցումը ստանալուց հետո Հաշտարարի Որոշումը կատարելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 44-45):

3. Բանկը Հաշտարարի Որոշումը չի կատարել, և դիմում է ներկայացրել Դատարան՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին՝ այն վիճարկելով նաև ըստ էության (հատոր 1-ին, գ.թ. 6-18):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

Սույն գործերի փաստերի համաձայն՝ Հաշտարարը 15.08.2019 թվականին որոշում է կայացրել Հովիկ Շեկվարդանյանի կողմից Բանկի դեմ ուղղված՝ 25.06.2019 թվականի թիվ 07-692/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով, բավարարելու մասին: Հովիկ Շեկվարդանյանը 26.08.2019 թվականին անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվել է Որոշման հետ, որպիսի փաստի հիման վրա Հաշտարարը ծանուցել է Բանկին Որոշման՝ կողմերի համար պարտադիր դառնալու մասին, և հայտնել ծանուցումը ստանալուց հետո Հաշտարարի Որոշումը կատարելու մասին: Բանկը Հաշտարարի Որոշումը չի կատարել, և դիմում է ներկայացրել Դատարան՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին՝ այն վիճարկելով նաև ըստ էության:

Դատարանը 27.05.2020 թվականի որոշմամբ մերժել է Բանկի դիմումը՝ պատճառաբանելով, որ «(…) գործում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների նկատմամբ օրենքով սահմանված՝ դատական սահմանափակ միջամտության կանխավարկածը (այնքանով, որքանով դատարանը քննարկման առարկա է դարձնում միայն պահանջը ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննության ենթակա լինելու, որոշումը կայացնելիս «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգային կանոնները պահպանված լինելու և Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքները), այն չի կարող մեկնաբանվել տարածական կերպով՝ վերջինիս համատեքստում ներառելով նաև ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննության առարկա վեճի շրջանակներում կիրառման (այդ թվում՝ մեկնաբանման) ենթակա իրավական նորմերի նյութաիրավական կողմը՝ անկախ վերջիններիս ընթացակարգային (պրոցեսուալ) լինելու հանգամանքից: (...) Ինչ վերաբերում է Դիմողի ներկայացրած փաստարկներին, ապա դրանք իրենց բովանդակությամբ վերաբերվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման ըստ էության վերանայելուն, մասնավորապես, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից դիմումը քննելիս ներկայացված փաստական հանգամանքների և դրանց նկատմամբ նյութական իրավունքի կիրառման և մեկնաբանմանը, որը քննարկման ենթակա չէ»։

Վերաքննիչ դատարանը 02.10.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 27.05.2020 թվականի որոշումը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ «(...) Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1051 որոշումը կայացվել է 09.10.2012թ., իսկ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/5370/02/14 որոշումը 02122016 թվականին, այսինքն՝ 17.06.1998 թվականի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու որևէ իրավակարգավորում նախատեսված չէր այդ օրենսգրքով։

Մինչդեռ «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը» բովանդակող (գլուխ 50, հոդվածներ 337-340) 09.04.2018թ. Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 09.02.2018թ. ընդունված և 09.04.2018թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածով Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվել է.

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «կարող են» բառերից հետո լրացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերով՝ արդյունքում ստանալով հետևյալ խմբագրությունը. «Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով»:

Այսինքն՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու իրավակարգավորում՝ հստակ ընթացակարգով և հատուկ կանոններով (…):

(…) Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. թիվ ՍԴՈ-1051 որոշումը և Վճռաբեկ դատարանի 09.10.2012թ. թիվ ԵԿԴ/5370/02/14 որոշումը կայացնելուց հետո օրենսդիրը կանոնակարգել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը և նախանշել հստակ սահմաններ, ուստի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկման ենթակա չէ»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «(...) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը դիմողի կողմից, ի թիվս այլնի, վիճարկվել է կիրառված նյութաիրավական օրենքի կապակցությամբ՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հետ չհամաձայնվելու պատճառաբանությամբ, մինչդեռ Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման չեղյալ ճանաչման հիմքերը, այդ թվում՝ չեղյալ ճանաչման հիմք հանդիսացող ընթացակարգային կանոնները կարող են գնահատման առարկա դառնալ բացառապես Օրենքի համատեքստում, նույն օրենքով սահմանված իրավակարգավորումները պահպանված լինել-չլինելու վերաբերյալ դիմողի ներկայացրած իրավական և փաստական հիմնավորումների շրջանակներում եզրակացության հանգելու արդյունքում: Իսկ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կիրառված նյութաիրավական նորմերը Դատարանի կողմից գնահատման ենթակա չեն, հետևաբար Դատարանի կողմից կայացված որոշումը Վերաքննիչ դատարանը գնահատում է իրավաչափ և հիմնավորված»:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է որ «Շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի վերը նշված հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չեն բխում ինչպես սույն գործով հայտնված իրավական դիրքորոշումներից, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումներով և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, ինչի հետևանքով խախտվում է Բանկի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը՝ խաթարելով արդարադատության բուն էությունը:»։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս Անտոնյանս, Տ Պետրոսյանս, Ա Բարսեղյանս և Ն Տավարացյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Հայաստանի Հանրապետությունում Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը ներդրվել է 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված և 2008 թվականի օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքով՝ հիմք ընդունելով «Դատարանների աշխատանքի չափազանց ծանրաբեռնվածությունը կանխելու և նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1986 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ R (86)12 հանձնարարականը (Recommendation No R (86) 12 Of The Committee of Ministers to Member States Worklood in the courts) և «Սպառողների վեճերի արտադատական լուծման համար պատասխանատու մարմինների վրա տարածվող սկզբունքների մասին» Եվրոպական հանձնաժողովի 1998 թվականի մարտի 30-ի թիվ 98/257/EC հանձնարարականում (Commission Recommendation of 30 March 1998 on The Principles Applicable Responsible for Out-Of-) ամրագրված սկզբունքները։ Վերջինս, ի թիվս այլնի, նախատեսում է արդյունավետության սկզբունքը, որը մասնավորապես ենթադրում է, որ պահանջի ներկայացման և որոշման կայացման միջև կարճ ժամանակ պետք է լինի։ Ընդ որում, օրենքի ընդունման հիմնավորումներում նշվել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, նրանց բողոքների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը։

 ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1051 որոշման համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի պարտադիր դարձած որոշումը՝

1) կարող էր վիճարկվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակ հիմքերով՝ անկախ նրանից Կազմակերպությունը հրաժարվել է պարտադիր դարձած որոշումը վիճարկելու հնարավորությունից, թե ոչ,

2) իսկ ըստ էության կարող էր վիճարկվել միայն այն Կազմակերպության կողմից, ով չէր հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի պարտադիր դարձած որոշումը վիճարկելու իրավունքից։

ՀՀ Սահմանադրական դատարանի 09102012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշման կայացումից հետո՝ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին, թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ Վճռաբեկ դատարանը կիրառել է Սահմանադրական դատարանի նշված որոշումը և այդ նույն որոշման հիման վրա եզրահանգել, որ Հաշտարարի որոշումը հաճախորդի կողմից ընդունելու պարագայում դառնում է պարտադիր, և Կազմակերպությունն այդ որոշումը կարող է ըստ էության վիճարկել դատական կարգով, եթե նա Հաշտարարի գրասենյակի հետ կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, իսկ այն դեպքում, երբ առկա է նման գրավոր համաձայնություն, ապա Կազմակերպությունը Հաշտարարի որոշումը կարող է վիճարկել ոչ թե ըստ էության, այլ միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակ հիմքերով։

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

 Նույն օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝

1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.

2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.

3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Այսինքն՝ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվել են այն սահմանները, որի շրջանակում դատարանը պետք է քննի Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը։ Մասնավորապես, դատարանը պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը և չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, եթե պարզում է, որ պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կամ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ կամ բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Այլ կերպ ասած` դատարանն իրավասու չէ վերոնշյալ սահմաններից դուրս անդրադառնալ Հաշտարարի որոշման հիմնավորվածությանը և քննության առարկա դարձնել որոշման նյութաիրավական հիմնավորվածությունը և դիմումը քննելիս պարզում է միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված այն հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, որը դիմումատուն վիճարկում է դատարան ներկայացված դիմումով։

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության վիճարկելու անթույլատրելիությունը բխում է վեճերի այլընտրանքային, արտադատական լուծման մեխանիզմների էությունից։ Նույն մոտեցումն օրենսդիրը որդեգրել է ոչ միայն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, այլ նաև օրինակ, արբիտրաժի վճիռների վիճարկման հարցում։ Վեճերի լուծման այլընտրանքային ձևերի էությունը հենց դատարանները շրջանցելն է՝ բացառությամբ խիստ սահմանափակ դեպքերի, երբ կասկած է առաջացնում ոչ թե վեճի լուծումը նյութաիրավական իմաստով, այլ վեճը լուծելու գործընթացի օրինականությունը։

Այսպիսով, ելնելով այն հանգամանքից, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, գտնում ենք, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվել են այնպիսի կանոնակարգումներ, որոնք ուղղված են նշված նպատակի իրագործմանը։ Հաշվի առնելով վերոհիշյալ նպատակները և դրանց կենսագործման անհրաժեշտությունը՝ հենց Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ նշել է, որ կարևորում է Հաշտարարի ինստիտուտի դերը և նշանակությունը անձանց իրավունքների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման և վեճերի լուծման գործում՝ որպես 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացումն ապահովող այլընտրանքային, իրավական հնարավորություն։

ՀՀ Սահմանադրական դատարանի 08122020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել այն դեպքում, երբ Կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովին հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ, իսկ այն դեպքում, երբ առկա չէ գրավոր համաձայնագիր, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չեն գործում, և Կազմակերպությունն ունի Հաշտարարի որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն։

ՀՀ Սահմանադրական դատարանի 08122020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ մասնավորապես արձանագրվել է, որ «(․․․) օրենսդրի կողմից կատարված փոփոխության արդյունքում ներկայիս գործող կարգավորումը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չեն Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. ՍԴՈ-1051 որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել էր, որ Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման արգելափակմանը, որի արդյունքում և Օրենսդիրը պետք է կարգավորումը ձևակերպեր այնպես, որ Կազմակերպությանն ընձեռեր Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու հնարավորություն, քանի որ ՍԴՈ-1051 որոշման ամբողջ էությունը հանդիսացել է տվյալ պահին գործող կարգավորմամբ առկա ոչ իրավաչափ սահմանափակման վերացումը:

Դատարան դիմելու իրավունքը դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի անքակտելի տարրն է։ Միաժամանակ վեճերի այլընտրանքային լուծման մարմինների ստեղծումն ուղղված է վեճերի արագ և արդյունավետ լուծմանը և հենց արդարադատության արդյունավետության և մատչելիության ապահովման տեսանկյունից կարևորվում է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը։ Նման պայմաններում անհրաժեշտ է օրենսդրությամբ հավասարակշռել վեճերի լուծման այլընտրանքային եղանակների արդյունավետ գործունեությունը դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների հետ։ Գործող օրենսդրական կարգավորումն ապահովում է Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով վեճերի այլընտրանքային, արտադատական լուծման արդյունավետության և դատական պաշտպանության իրավունքի միջև արդարացի հավասարակշռությունը՝ ապահովելով ինչպես հաճախորդի կողմից իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, այնպես էլ կազմակերպության կողմից իր սահմանադրական իրավունքների արդյունավետ իրացումը։

Նշվածից հետևում է, որ այն պայմաններում, երբ կազմակերպությունը սեփական կամքով հրաժարվում է վեճը դատարանում քննարկման առարկա դարձնելու իր իրավունքից, նման պայմաններում չի խաթարվում կազմակերպությունների դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը, քանի որ նրանք ոչ թե ընդհանրապես զրկված են դատարան դիմելու իրավունքից, այլ միայն Հաշտարարի որոշումը պարտադիր դառնալուց հետո զրկվում են նույն վեճը նյութաիրավական առումով դատական քննության առարկա դարձնելու հնարավորությունից։

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից չհրաժարված կազմակերպություններն ընդհանրապես զրկված չեն իրենց և Հաշտարարին պահանջ ներկայացրած հաճախորդի միջև առկա վեճը դատարանում ըստ էության քննարկման առարկա դարձնելու հնարավորությունից, ուստի մինչև Հաշտարարի կողմից պահանջի քննության ավարտը սեփական կամքով այդ իրավունքից չօգտվելու դեպքում հետագայում Հաշտարարի որոշումը դատարանում սահմանափակ՝ միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հստակ հիմքերով վիճարկելու հնարավորություն ընձեռելն իրավաչափ է։

Ընդ որում, նման սահմանափակումը բխում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթից։ Հետևաբար, պետք է նշել, որ դատական պաշտպանության արդյունավետության մասին կարելի է խոսել, եթե ի թիվս այլնի, ապահովված է նաև իրավունքների և ազատությունների՝ ողջամիտ ժամկետներում արդյունավետ պաշտպանությունը։ Մինչդեռ այն դեպքում, երբ Հաշտարարի կողմից պահանջի քննության արդյունքներով կայացված որոշումն ըստ էության բողոքարկելու և դատական կարգով նույն վեճը կրկին քննելու հնարավորություն է նախատեսվում, խախտվում է իրավունքների և ազատությունների ողջամիտ ժամկետներում, հետևաբար նաև արդյունավետ դատական պաշտպանության իրավունք ունենալու՝ Սահմանադրությամբ նախատեսված պահանջն այնքանով, որքանով որ անձը, ով դիմում է իրավունքի պաշտպանության այլընտրանքային մարմնին՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին, զրկվում է ողջամիտ ժամկետում իրավունքի պաշտպանության հնարավորությունից և ավելի երկար ժամանակում է հասնում վեճի վերջնական հանգուցալուծմանը, քան անմիջապես դատական պաշտպանության դիմելու դեպքում։ Մինչդեռ վեճերի լուծման այլընտրանքային մարմինները, ինչպիսին է նաև Ֆինանսական համակարգի հաշտարարը, կոչված են ապահովելու պահանջների արդյունավետ և արագ քննությունը։

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթները կազմակերպության համար ապահովում են անհրաժեշտ երաշխիքները։ Նախ, կազմակերպությունը սեփական կամահայտնությամբ է հրաժարվում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից։ Ընդ որում, նկատի ունենալով, որ Կենտրոնական բանկը և Գրասենյակն իրենց ինտերնետային կայքերում հրապարակում են այն կազմակերպությունների ցանկը, որոնք Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագրեր չեն կնքել (հիմք՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մաս), կազմակերպությունը նախքան համաձայնագիր կնքելու կամ չկնքելու մասին որոշում կայացնելը հնարավորություն է ունենում գնահատելու մրցակցային շուկայում իր ռիսկերը, հետագայում հաճախորդներ ներգրավելու հնարավորությունը և ըստ այդմ կայացնել իր որոշումը՝ հրաժարվել կամ չհրաժարվել որոշումների վիճարկման հնարավորությունից։ Բացի այդ, կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության ընթացքում իրավունք ունի դատարանում հայց ներկայացնելու միջոցով բացառել հաշտարարի կողմից պահանջի քննությունը։

Այսպիսով՝ նման պայմաններում պետք է արձանագրել, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննությունն ինքնին չի արգելափակում կազմակերպությունների՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը՝ հաշվի առնելով այն, որ նման իրավունքից կազմակերպությունը կարող է անարգել օգտվել մինչև Հաշտարարի կողմից պահանջի քննության ավարտը, հետևաբար՝ նաև նման սահմանափակմամբ վնաս չի հասցվի դատարանի մատչելիության իրավունքի բուն էությանը։ Հաշտարարի որոշումը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով վիճարկելու իրավական պահանջը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ ողջամիտ ժամկետներում իրավունքի պաշտպանության հնարավորության ապահովումը։

Այսինքն՝ Հաշտարարի կողմից պահանջի քննության ողջ ընթացքում կազմակերպությունը կարող է դիմել դատարան և պահանջել գործի ըստ էության քննություն, որի դեպքում կազմակերպության դեմ ուղղված նույն պահանջի քննությունը Հաշտարարի կողմից բացառվում է, ուստի կազմակերպությունները չեն զրկվում գործի ըստ էության քննության իրավունքից։

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանն իր 08122020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասում բողոքաբերի կողմից վճռաբեկ բողոքում վիճարկվող օրենքի դրույթը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը, չի ճանաչվել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ որոշման եզրափակիչ մասում, դրա սահմանադրաիրավական բովանդակությունը չի բացահայտել։

Միաժամանակ, արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները։ Վերոնշյալ հիմնավորումների համատեքստում դիտարկելով ՍԴՈ-1571 որոշման հիմքով Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու իրավունքի իրացման իրավաչափությունը՝ գտնում ենք, որ, թեև Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կազմակերպությունը կարող է վիճարկել Հաշտարարի որոշումը ըստ էության, եթե չի կնքել այն վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր, այդուհանդերձ, այդ իրավունքի կենսագործումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանի Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկմանը վերաբերող իրավակարգավորումներ: Իսկ այդպիսի կարգավորումների բացակայության դեպքում այն ըստ էության վերանայելը հանգեցնում է իրավական որոշակիության սկզբունքի խախտման: Վերջին դեպքում, Հաշտարարի որոշումն ըստ էության վերանայող դատարանը չունի որևէ օրենսդրական հիմք, իսկ այդպիսին «ստեղծելը» դուրս է դատական մեկնաբանման շրջանակներից, և, ըստ էության, օրենսդիր մարմնի լիազորություն է:

Այլ խոսքով՝ Հաշտարարի որոշման ըստ էության վերանայմանը վերաբերող օրենսդրական բացը հնարավոր չէ հաղթահարել դատական մեկնաբանմամբ, այլ միայն օրինաստեղծ գործունեությամբ: Նշված օրենսդրական բացով պայմանավորված՝ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմում ներկայացրած անձի դատավարական հակառակորդ կողմ(եր)ի համար պարզ և կանխատեսելի չեն դատարանի գործողությունները և ներկայացված հայցից (պահանջից) պաշտպանվելու իրավական հնարավորությունները: Մասնավորապես, պարզ չէ, թե որոնք են Հաշտարարի որոշումը ըստ էության վերանայելու դեպքում այն չեղյալ ճանաչելու հիմքերը կամ ինչ ծավալով դատարանը պետք է վերանայի Հաշտարարի որոշումը և այլն, որոնք կարող են հանգեցնել օրենքով չսահմանափակված անհարկի լայն մեկնաբանությունների: Այսպիսով, թեև ՍԴՈ-1571 որոշմամբ ճանաչվել է Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու իրավունքը, այդուհանդերձ, դրանով Հաշտարարի որոշման ըստ էության վերանայմանը վերաբերող իրավակարգավորումներ սահմանված չեն և չէին էլ կարող լինել: Միաժամանակ, նկատի ունենալով Հաշտարարի որոշումը բացառապես քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկելու օրենսդրի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչված կարգավորումը, ՍԴՈ-1571 արտահայտված մոտեցումը կարող է կյանքի կոչվել միայն այդ իրավունքի կենսագործման համար անհրաժեշտ նյութական և ընթացակարգային հիմքերի ամրագրման դեպքում:

ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող՝ սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Մինչդեռ՝ դատարան դիմելուց չհրաժարվելը դեռևս չի նշանակում, որ դիմումը պետք է քննվի ըստ էության։ Առավել ևս, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության վիճարկելու հնարավորությունը մի շարք օրենսդրական նորմերի կիրառման ընթացքում կարող է առաջացնել խնդիրներ, (օրինակ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության ժամանակ դատարանը պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, ուստի պարզ չէ, թե արդյոք կազմակերպությունն իրավունք ունի հաճախորդի կողմից ներկայացված՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության ժամանակ բարձրացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը նյութական նորմերի (ըստ էության) խախտման հիմքով չեղյալ ճանաչելու հարց, որի հիմնավոր լինելու դեպքում դատարանը պետք է կատարողական թերթ տալու դիմումը մերժի և չեղյալ ճանաչի Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մաս):

Բացի այդ, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի սպառիչ ցանկը: Այսինքն՝ մի կողմից ունենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավակարգավորում, որի համաձայն՝ «Դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը», մյուս կողմից ունենք «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի սպառիչ ցանկ, որում նախատեսված է՝ պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննության ենթակա չլինելու, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ որոշում կայացնելու և Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ բացահայտվելու դեպքերը:

Հաշվի առնելով, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջը չի կարող քննվել շրջանցելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, միաժամանակ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի դիսպոզիցիան իր բնույթով բլանկետային է և հղում է պարունակում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքին, ուստի այդ օրենքում առկա իրավակարգավորումը ևս չի կարող շրջանցվել, հետևաբար նման իրավիճակում առաջանում է իրավական կոլիզիա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի (հաշվի առնելով նորմի սահմանադրաիրավական մեկնաբանությունը) և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի միջև (հաշվի առնելով չեղյալ ճանաչելու հիմքերի սպառիչ լինելը), որպիսի իրավիճակի լուծման համար, գտնում ենք, որ պետք է կիրառվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոնը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման և գործողության դադարեցման, ինչպես նաև իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) և օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները և օրենսդրական տեխնիկայի կանոնները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ իրավական ակտերի համապատասխան նորմերը ենթակա են մեկնաբանման և(կամ) պարզաբանման միայն այն դեպքում, երբ առկա է իրավական հակասություն (իրավական կոլիզիա) և (կամ) օրենսդրական բաց: Ընդ որում, նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանելիս պարտադիր պետք է հաշվի առնել նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով այդ նորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից:

Այսինքն՝ Սահմանադրությանը հակասող չճանաչված նորմը կարող է կիրառվել այլ մեկնաբանությամբ, սակայն գրավոր ձևակերպված նորմը չի կարող կիրառվել այդ նորմում պարունակվող կարգադրությանն ուղղակի հակասող մեկնաբանությամբ։ Այլ խոսքով, եթե Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանափակ հիմքերով դիմումը քննելու դատարանի պարտականությունը սահմանող նորմը շարունակում է գործել, ապա այն չի կարող կիրառվել այդ նորմում նշվածին ուղիղ հակառակ մեկնաբանությամբ, այն է ՝ չի կարող օրենքը սահմանել, որ դիմումը քննվում է սահմանափակ հիմքերով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մաս), սակայն դատարանները պարտավորված լինեն դիմումը քննել առանց որոշակի հիմքերի սահմանափակման (ըստ էության)։

 Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի վերլուծությունները բխում են գործող օրենքի պահանջներից, հետևաբար իրավաչափ են:

 

Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02102020 թվականի որոշումը բեկանելու հիմքեր առկա չեն:

 

Դատավորներ՝

Էդ. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆՏԱՎԱՐԱՑՅԱն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան