ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0106/02/17 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0106/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2022 թվականի ապրիլի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գրիգոր Կասպարյանի օրինական ներկայացուցիչ Անուշ Պողոսյանի, Անուշ Պողոսյանի և Սիրանուշ Կասպարյանի ներկայացուցիչ Տաթևիկ Բուջատյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22․06․2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նվարդ Ստեփանյանի ընդդեմ Անուշ Պողոսյանի` Երևանի Նիզամի փողոցի 13-րդ շենքի թիվ 25 հասցեի անշարժ գույքի 1/2-րդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սիրանուշ Կասպարյանի, Գրիգոր Կասպարյանի (օրինական ներկայացուցիչ Անուշ Պողոսյան) ընդդեմ Նվարդ Ստեփանյանի՝ Երևանի Նիզամի փողոցի 13-րդ շենքի թիվ 25 հասցեի անշարժ գույքի 1/2-րդ բաժնի նկատմամբ փաստացի տիրապետման ուժով Ավագ Կասպարյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նվարդ Ստեփանյանը պահանջել է իրեն ճանաչել հանգուցյալ եղբոր Ավագ Գրիգորի Կասպարյանի ժառանգական գույքի՝ Երևան քաղաքի Նիզամի փողոցի 13-րդ շենքի թիվ 25 բնակարանի 1/2-րդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Սիրանուշ Կասպարյանը, Գրիգոր Կասպարյանը (օրինական ներկայացուցիչ Անուշ Պողոսյան) պահանջել են փաստացի տիրապետման հիմքով իրենց ճանաչել Ավագ Գրիգորի Կասպարյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ Երևան քաղաքի, Նիզամի փողոցի 13-րդ շենքի, թիվ 25 բնակարանի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա․ Կուբանյան) 22․05․2018 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա․ Խառատյան, դատավորներ՝ Մ․ Հարթենյան, Ա․ Մկրտչյան) 08.10․2018 թվականի որոշմամբ Նվարդ Ստեփանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 22․05․2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16․01․2019 թվականի որոշմամբ Սիրանուշ Կասպարյանի և Գրիգոր Կասպարյանի օրինական ներկայացուցիչ Անուշ Պողոսյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ․Վարդանյան) (այսուհետ՝ Դատարան) 20․12․2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22․06․2020 թվականի որոշմամբ Անուշ Պողոսյանի և Սիրանուշ Կասպարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 20․12․2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգոր Կասպարյանի օրինական ներկայացուցիչ Անուշ Պողոսյանի և Գրիգոր Կասպարյանի օրինական ներկայացուցիչ Անուշ Պողոսյանի և Սիրանուշ Կասպարյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նվարդ Ստեփանյանի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի, 63-րդ, 66-րդ հոդվածների, 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 71-րդ հոդվածի 3-րդ մասի, 192-րդ հոդվածի, 379-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի, 1226-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Այսպես. ստորադաս դատարանն առաջին անգամ բարձրացնելով առաջին հերթի ժառանգի իրավական կարգավիճակ ունենալու հարցը, անտեսել է վերջիններիս կողմից փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունելուն ուղղված գործողությունները հիմնավորող ապացույցները: Ստորադաս դատարանն առաջին հերթի ժառանգ լինելու կարգավիճակի առկայությունը կապել է ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուն ուղղված գործողությունների գիտակցված, կանխամտածված և նպատակային լինելու հետ, և գտել է, որ եթե ժառանգները վեց ամսվա ընթացքում որոշակի գործողություններ են կատարել, ապա դրանք, միևնույն է, չեն կարող լինել գիտակցված և ժառանգությունն ընդունելու նպատակ հետապնդող, քանի որ ժառանգ լինելու իրավական կարգավիճակ այդ գործողությունները կատարելու պահին չեն ունեցել:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին և բողոքը մերժել է վերացական դատողությունների հիման վրա:
Վերաքննիչ դատարանը խախտել է Սիրանուշ Կասպարյանի և Գրիգորի Կասպարյանի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված և ՀՀ օրենքներով ամրագրված գույք ժառանգելու, ինչպես նաև սեփականության իրավունքը, ինչն էլ խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.06.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հակընդդեմ հայցադիմումն ամբողջությամբ բավարարել, կամ բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ․
Սույն գործով ներկայացված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում չի հիմնավորվում գործի քննության համար էական նշանակություն ունեցող՝ Ավագ Կասպարյանի մահից հետո վեց ամսվա ընթացքում ժառանգական գույքը փաստացի տիրապետելու փաստը։ Անդրադառնալով Նվարդ Ստեփանյանի կողմից ներկայացված սկզբնական հայցին, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 2-րդ մասը և 1217-րդ հոդվածը, նշել է, որ Նվարդ Ստեփանյանը հանդիսանում է Ավագ Կասպարյանի հարազատ քույրը՝ երկրորդ հերթի ժառանգը և վերջինս Ավագ Կասպարյանի մահից հետո վեց ամսվա ընթացքում ժառանգության բացման վայրի նոտարին դիմում հանձնելու միջոցով ժառանգությունն ընդունել է։ Վերաքննիչ դատարանը կայացրել է օրինական և հիմնավոր որոշում:
Վերոգրյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:
3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը․
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01․02․2014 թվականի թիվ ԱՏ-31/01/2014-1-0111 տեղեկանքի պատճենի համաձայն՝ Երևան քաղաքի, Նիզամի փողոցի, 13-րդ շենքի, թիվ 25 բնակարան հասցեի անշարժ գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Ավագ Գրիգորիի Կասպարյանի և Զիտա Կասպարյանի անվամբ (հատոր 1-ին, գ․թ․ 10)։
2) Զիտա Կասպարյանի և Ավագ Կասպարյանի ամուսնությունը 17․03․1998 թվականին լուծվել է (հատոր 2-րդ, գ․թ․107) :
3) ՀՀ Կենտրոն Նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյանի կողմից վավերացված մահվան վկայականի թարգմանության պատճենի համաձայն՝ Ավագ Գրիգորիի Կասպարյանը (ծնված՝ 11․10․1956 թվականին) մահացել է 19․06․2013 թվականին (հատոր 1-ին, գ․թ․ 13):
4) Երևան քաղաքի Նոր Նորք ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից 03․05․2016 թվականին տրված ԱԲ թիվ 500255 ծննդյան վկայականի պատճենի համաձայն` Սիրանուշ Ավագի Պողոսյանը ծնվել է 22․11․1998 թվականին, հայրը տողում գրառված է Ավագ Գրիգորի Կասպարյան, մայրը տողում` Անուշ Սերգեյի Պողոսյան (հատոր 1-ին, գ․թ․ 30):
5) Նոր Նորք ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից 03․05․2016 թվականին տրված ԱԲ թիվ 500254 ծննդյան վկայականի պատճենի համաձայն` Գրիգոր Ավագի Պողոսյանը ծնվել է 08․01․2000 թվականին, հայրը տողում գրառված է Ավագ Գրիգորի Կասպարյան, մայրը տողում` Անուշ Սերգեյի Պողոսյան (հատոր 1-ին, գ․թ․ 30):
6) Թիվ ԱԲ 271418 ծննդյան վկայականի կրկնօրինակի պատճենի համաձայն` Նվարդ Գրիգորի Կասպարյանը ծնվել է 28․11․1954 թվականին, հայրը տողում գրառված է Գրիգոր Սերգեյի Կասպարյան, մայրը տողում` Էմմա Սուրենի Կասպարյան (հատոր 1-ին, գ․թ․ 11):
7) Թիվ ЗЖ 974627 ծննդյան վկայականի պատճենի համաձայն` Ավագ Գրիգորի Կասպարյանը ծնվել է 11․10․1956 թվականին, հայրը տողում գրառված է Գրիգոր Սերգեյի Կասպարյան, մայրը տողում` Էմմա Սուրենի Կասպարյան (հատոր 1-ին, գ․թ․ 12):
8) ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Ա. Հայրապետյանի կողմից Նվարդ Ստեփանյանին ուղղված 26․09․2016 թվականի գրությամբ հայտնվել է, որ Ավագ Գրիգորիի Կասպարյանի՝ մահացած 19.06.2013 թվականին, մահից հետո ՀՀ Կենտրոն նոտարական տարածք 01.08.2013 թվականին դիմել է Նվարդ Ստեփանյանը ժառանգական գործերի մուտքագրման մատյանում թիվ 1933 համարի տակ մուտքագրվել է ժառանգական գործ (հատոր 1-ին, գ․թ․ 15):
9) Կարինե Ասատրյանի կողմից 03.09.2016 թվականին կազմված «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթղթի պատճենի համաձայն՝ 2013 թվականի մայիսին կնքելով պայմանագիր Ավագ Գրիգորիի Կասպարյանի հետ, իր երկու երեխաների հետ բնակվել է Նիզամի փողոցի 13-րդ շենքի թիվ 25 բնակարանում: Մահվան լուրը ստանալուց հետո խոսել է Անուշ Պողոսյանի հետ և որ ժամկետը լրանալուց մի քանի ամիս հետո՝ 06․01․2015 թվականին բնակարանի բանալիները հանձնել է Անուշին: Այժմ Անուշ Պողոսյանն իր երեխաներ Սիրանուշ և Գրիգոր Կասպարյանների (Պողոսյան) հետ բնակվում է Նիզամի փողոցի 13-րդ շենքի թիվ 25 բնակարանում (հատոր 1-ին, գ․թ․ 31):
10) Կարինե Ասատրյանի կողմից 01.12.2014 թվականին կազմված «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի պատճենի համաձայն՝ վերջինս պարտավորվել է Երևան քաղաքի Նիզամի փողոցի 13-րդ շենքի թիվ 25 բնակարանն ազատել մինչև 30․01․2015 թվականը՝ բնակարանը հանձնելով Նվարդ Ստեփանյանին (հատոր 1-ին, գ․թ․ 62):
11) Թիվ 11815314 քրեական գործի շրջանակներում Անուշ Պողոսյանի կողմից 2015 թվականի մարտին տրված վկայի հարցաքննության արձանագրության համաձայն՝« (…) 1996թ. ճանաչում է Ավագ Կասպարյանին և մինչև 2002թ. նրա հետ գտնվել է ամուսնական հարաբերությունների մեջ: (…) Ավագի հարևաններից կոնկրետ չեմ կարող ասել թե ումից իմացա, որ նա գնացել է ՌԴ և այդ տանը մարդիկ են ապրում: Դա կլիներ 2013թ. հունիսի վերջերին: Ես այդ ժամանակ տեսա Կարինե անունով մի կնոջ ով ինձ ասաց, որ այդ տունը մեկ տարի վարձով վեկալել է և գումարը տվել է Ավագին: Ավագի մահվան մասին իմացել է 2014թ. օգոստոս ամսին Ավագի հարևաններից, Կարինեից, բայց կոնկրետ չի կարող ասել, թե որ հարևաններից» (հատոր 1-ին, գ․թ․ 67-69):
12) Թիվ 11815314 քրեական գործի շրջանակներում Կարինե Ասատրյանի կողմից 2015 թվականի մարտին տրված վկայի լրացուցիչ հարցաքննության արձանագրության համաձայն՝ «(…) Անուշ Պողոսյանի հետ ծանոթացել է 2014թ. նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին: Այդ ժամանակ բնակվում էր Երևանի Նիզամի փ. 13-րդ շենքի 25-րդ բնակարանում: Անուշ Պողոսյանին միայն ասել է, որ դուրս է գալիս բնակարանից, քանի որ Նվարդի հետ դրա վերաբերյալ պայմանավորվել էին» (հատոր 5-րդ, գ․թ․ 25-26):
13) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 07․10․2015 թվականի թիվ ԵՇԴ/0191/02/15 վճռով 11.10.1956 թվականին ծնված և 19.06.2013 թվականին մահացած Ավագ Գրիգորի Կասպարյանը ճանաչվել է 27.11.1998 թվականին ծնված Սիրանուշ Ավագի Պողոսյանի և 12.01.2000 թվականին ծնված Գրիգոր Ավագի Պողոսյանի հայր: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 58-60):
14) Սույն քաղաքացիական գործով 07․05․2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում որպես վկա հարցաքննված Կարինե Ասատրյանի ցուցմունքի համաձայն՝ Ավագ Կասպարյանի կենդանության օրոք Անուշ Պողոսյանին չի ճանաչել, սակայն, Ավագից նրանց մասին շատ է լսել, Ավագը նաև ցույց է տվել երեխաների լուսանկարները: Անուշ Պողոսյանի հետ ծանոթացել է Ավագի մահից հետո, ժամանակահատված չի կարող ստույգ հիշել, բայց մոտավորապես օգոստոս ամսին: Բնակարանից դուրս գալիս բնակարանի բանալիները ինչպես նաև Ավագին պատկանող որոշ իրեր հանձնել է Անուշ Պողոսյանին (2-րդ հատոր, գ․թ․ 151-152)։
15) Երևանի Շենգավիթ վարչական տարածքի «Նժդեհ» համատիրության 06․09․2016 թվականի և 20․05․2017 թվականի տեղեկանքների համաձայն՝ Անուշ Սերգեյի Պողոսյանը բնակվում է Նիզամի փողոցի, 13-րդ շենքի, թիվ 25 բնակարանում, աղջկա՝ Կասպարյան Սիրանուշի և տղայի՝ Կասպարյան Գրիգորի հետ և 2014 թվականից կատարում է պարտադիր նորմերի, աղբահանության վճարները (հատոր 1-ին, գ․թ․ 70, 74):
16) Անուշ Պողոսյանի կողմից ներկայացվել են Գասպարյան Ավագի և Կասպարյան Ավագի անվամբ կատարված գույքահարկի և հողի վճարման, էլեկտրաէներգիայի, ջրի, աղբի վճարման, ինչպես նաև «Նժդեհ» համատիրությանը պարտադիր նորմերի վճարումների անդորրագրերի պատճեններ (հատոր 2-րդ, գ․թ․ 15-49):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում, որը սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու իրավական կարգավորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի համաձայն՝ երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար օրենսդիրն ամրագրել է այնպիսի գործողությունների ոչ սպառիչ ցանկ, որոնց իրականացումը ժառանգի կողմից ենթադրում է, որ ժառանգն ընդունել է ժառանգությունը: Որպես այդպիսի գործողություններ՝ օրենսդիրը, ի թիվս այլնի, դիտարկում է ժառանգի կողմից գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելը, իր հաշվին գույքը պահպանելու ծախսեր կատարելը, իր հաշվից ժառանգատուի պարտքերը վճարելը կամ երրորդ անձանցից ժառանգատուին հասանելիք գումարներն ստանալը:
Միաժամանակ ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
1) «(…) ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (…)» (տե՛ս, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):,
2) «(…) եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը» (տե՛ս, Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի և մյուսների թիվ 3-1224(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը),
3) ժառանգական գույքի փաստացի տիրապետման փաստը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով, ընդ որում` «(…) գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը, կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն փաստը, որ ժառանգատուի մահից հետո ժառանգը փաստացի տիրապետել և կառավարել է ժառանգությունը» (տե՛ս, Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ 3-938 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):
4) «(…) ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի մահից հետո վեցամսյա ժամկետում ժառանգի կողմից ժառանգված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն արդեն իսկ գիտակցված, ակտիվ գործողություններ են, որոնք նպատակաուղղված են ժառանգության ընդունմանը: Եթե ժառանգը գիտակցելով, որ գույքը պատկանել է ժառանգատուին, վերջինիս մահվանից հետո տիրապետում և կառավարում է այդ գույքը, ըստ էության գիտակցաբար կատարում է ակտիվ գործողություններ, իսկ նման գործողությունների կատարումն օրենսդիրը համարում է ժառանգության ընդունման եղանակներից մեկը: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ գործով հիմնավորված է ժառանգատուի մահվանից հետո ժառանգված գույքի փաստացի տիրապետման և կառավարման հանգամանքը, ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար այլևս անհրաժեշտություն չկա ապացուցելու այլ ակտիվ, գիտակցված գործողությունների կատարման վերաբերյալ փաստեր»:
5) «(…) ժառանգության ընդունման փաստը հաստատված համարելու համար որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, որ ժառանգը գույքը տիրապետել և կառավարել է նաև մինչև ժառանգատուի մահը: Ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված ժառանգության զանգվածի մեջ մտնող որևէ գույք ժառանգման իրավունք ունեցող անձի փաստացի տիրապետման և կառավարման ներքո կարող է գտնվել նաև մինչև ժառանգության բացումը: Նման պարագայում ժառանգության ընդունման համար էական է այն փաստը, որ ժառանգը ժառանգատուին պատկանող գույքի փաստացի տիրապետման և կառավարման գործողությունները շարունակի կատարել նաև ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում:
6) «(…) ըստ օրենքի, այդ թվում նաև` փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման համար օրենսդիրը սահմանել է վեցամսյա ժամկետ, որը հաշվվում է ժառանգության բացման, այն է` ժառանգատուի մահվան օրվանից (տե´ս Սուսաննա Նեմչինովայի հայցն ընդդեմ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, Սուրեն Առաքելյանի` 30.05.2008 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/2472/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը)։
7) «(…) ժառանգության բացման պահից առաջացել է իրավահարաբերություն, որի բովանդակության տարրերից մեկը եղել է ժառանգի սուբյեկտիվ իրավունքը ժառանգելու ժառանգատուի ունեցվածքը: Եվ այդ սուբյեկտիվ իրավունքի դադարման փաստը եղել է ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված ժամկետի ավարտը: (տես` Աթանես Ստեփանյանն ընդդեմ Ռազմիկ Ստեփանյանի, երրորդ անձինք Գառնիի գյուղապետարան և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանում` սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և ժառանգական գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչելու պահանջների մասին թիվ 3-753 (ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից նման ժամկետային սահմանափակում նախատեսելն ինքնանպատակ չէ: Այն մի կողմից կոչված է ապահովելու քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը և որոշակիությունը, մյուս կողմից ուղղված է ժառանգման իրավահարաբերությունների մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանությանը: Մասնավորապես` օրենքով սահմանված դեպքերում ժառանգության իրավունքն առաջանում է այլ ժառանգի կողմից ժառանգությունը սահմանված ժամկետում չընդունելու դեպքում:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների` oրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով հայրությունը որոշելիս երեխաները ծնողների և նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները։
Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ծնողների և երեխաների միջև իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմք է դիտում օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստը` սահմանելով որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստի (հայրության) որոշման դատական կարգ։ Ընդ որում, այդ դեպքում դատարանը պետք է հաշվի առնի ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ իր կենդանության ժամանակ հոր կողմից ընդունվել է երեխայի հայրության ճանաչման փաստը:
Միևնույն ժամանակ օրենսդիրը հատուկ սահմանել է, որ հայրությունը որոշելիս երեխաները ծնողների և նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները։
Սակայն որոշ դեպքերի համար օրենսդիրը որոշակի իրավունքների և պարտականությունների ծագումը պայմանավորել է կոնկրետ իրավաբանական փաստերի առկայությամբ։ ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված հավասարության սկզբունքի իրացումը կարող է նշանակություն ունենալ միայն այդ տվյալ իրավաբանական փաստը հաստատվելուց հետո կատարված իրավաբանական հետևանքներ առաջացնող գերծողությունների համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույցի տեսակներն են`
1) վկայի ցուցմունքը.
2) գրավոր ապացույցները.
3) իրեղեն ապացույցները.
4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.
5) փորձագետի եզրակացությունը.
6) մասնագետի բացատրությունը։
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի, Նիզամի փողոցի, 13-րդ շենք, թիվ 25 բնակարան հասցեի անշարժ գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Ավագ Գրիգորիի Կասպարյանի և Զիտա Կասպարյանի անվամբ։ Ավագ Գրիգորիի Կասպարյանը մահացել է 19․06․2013 թվականին: Նվարդ Գրիգորի Կասպարյանը Ավագ Կասպարյանի քույրն է, ով եղբոր մահից հետո՝ 01.08.2013 թվականին դիմել է ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարին՝ եղբոր ժառանգությունն ընդունելու համար: ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակ նոտար Է. Շաբոյանի կողմից Նվարդ Ստեփանյանին ուղղված 14․02․2014 թվականի գրությամբ հայտնվել է, որ Ավագ Գրիգորի Կասպարյանի՝ մահացած 19.06.2013 թվականին, մահից հետո ժառանգության ձևակերպում չեն կարող կատարել, քանի որ տեղեկատվություն չունեն հանգուցյալի ամուսնության կամ ամուսնալուծության վերաբերյալ և չեն կարող որոշել ժառանգական զանգվածի մասը, ուստի հարցը կարող է լուծվել դատական կարգով: Անուշ Պողոսյանը և Ավագ Գրիգորի Կասպարյանը գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, և համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա` Սիրանուշ Ավագի Պողոսյանին և Գրիգոր Ավագի Պողոսյանին: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 07․10․2015 թվականի վճռով 11.10.1956 թվականին ծնված և 19.06.2013 թվականին մահացած Ավագ Գրիգորի Կասպարյանը ճանաչվել է 27.11.1998 թվականին ծնված Սիրանուշ Ավագի Պողոսյանի և 12.01.2000 թվականին ծնված Գրիգոր Ավագի Պողոսյանի հայր: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:Դիմելով դատարան` Նվարդ Ստեփանյանը պահանջել է իրեն ճանաչել հանգուցյալ եղբոր Ավագ Գրիգորի Կասպարյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Սիրանուշ Կասպարյանը, Գրիգոր Կասպարյանը (օրինական ներկայացուցիչ Անուշ Պողոսյան) պահանջել են՝ փաստացի տիրապետման հիմքով իրենց ճանաչել Ավագ Գրիգորի Կասպարյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ Երևան քաղաքի, Նիզամի փողոցի 13-րդ շենքի, թիվ 25 բնակարանի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ:
Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, իսկ հակընդդեմ հայցը մերժելով՝ Նվարդ Ստեփանյանին ճանաչել է Երևան քաղաքի, Նիզամի փողոցի 13-րդ շենքի, թիվ 25 բնակարանի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ Ավագ Գրիգորի Կասպարյանի ժառանգությունն ընդունած ժառանգ: Հակընդդեմ հայցը մերժելով՝ Դատարանը պատճառաբանել է, որ հակընդդեմ հայցվորի կողմից ներկայացված ապացույցներն արժանահավատ չեն, բացի այդ, անգամ արժանահավատ լինելու պարագայում դրանք չեն պարունակում բավարար տեղեկատվություն՝ գործողություններն Ավագ Գրիգորի Կասպարյանի մահից հետո վեց ամսվա ընթացքում տեղի ունեցած լինելու վերաբերյալ։
Վերաքննիչ դատարանը, մերժելով Գրիգոր Կասպարյանի օրինական ներկայացուցիչ Անուշ Պողոսյանի և Սիրանուշ Կասպարյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ.
«(...) երեխաների նկատմամբ ժառանգատուի հայրությունը ճանաչվել է 2015 թվականի հունվարին երեխաների մոր` Անուշ Պողոսյանի, ներկայացրած հայցադիմումի հիման վրա հարուցված թիվ ԵՇԴ/0191/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 07.10.2015 թվականի հրապարակված վճռով և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքում գրանցվել է 03.05.2016 թվականին, իսկ մինչև 2015 թվականն անչափահաս Սիրանուշ և Գրիգոր Պողոսյանները (03.05.2016թ․ ի վեր` Կասպարյաններ) ժառանգատուի առաջին հերթի ժառանգների` նրա երեխաների, իրավական կարգավիճակ չեն ունեցել, և այդ կարգավիճակի հավաստմանն ուղղված որևէ գործընթաց մեկնարկած չի եղել, ինչը նշանակում է, որ 19.06.2013թ. Ավագ Կասպարյանի ժառանգության բացման պահից առնվազն մինչև վերը նշված գործով հայցադիմումի ներկայացման պահը (շուրջ տասնութ ամիս) ներառող ժամանակահատվածում Անուշ Պողոսյանի կատարած որևէ գործողություն որպես նրա և ժառանգատուի երեխաների անունից ժառանգության ընդունմանն ուղղված գործողություն որակվել չի կարող առնվազն այն պատճառաբանությամբ, որ այդ գործողություններից որևէ մեկի կատարման պահի դրությամբ երեխաները համապատասխան սուբյեկտի` առաջին հերթի ժառանգի, իրավական կարգավիճակ չեն ունեցել, և այդ գործողությունները չեն կարող համարվել կատարված առաջին հերթի ժառանգների անունից ու հենց ժառանգության ընդունման նպատակով։
Անուշ Պողոսյանի գործողությունների` վերը մեկնաբանված նշանակությունը բացառում է նրա և ժառանգատու Ավագ Կասպարյանի երեխաների կողմից Ավագ Կասպարյանի ժառանգությունն օրենքով սահմանված ժամկետում և կարգով ընդունված լինելու փաստը հաստատված համարելու և նրանց որպես Ավագ Կասպարյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու իրավաչափ հնարավորությունը, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ ժառանգատուի երկրորդ հերթի ժառանգ Նվարդ Ստեփանյանի կողմից նոտարին դիմում ներկայացնելու պահի դրությամբ բացակայել են ժառանգատուի առաջին հերթի ժառանգի իրավական կարգավիճակ ունեցող անձինք, իսկ հետագայում այդպիսի կարգավիճակ ստացած երեխաների անունից ժառանգությունն օրենքով սահմանված ժամկետում և կարգով ընդունված չի եղել։ Սա իր հերթին նշանակում է, որ ժառանգատուի երկրորդ հերթի ժառանգ Նվարդ Ստեփանյանի` առաջին հերթի ժառանգների բացակայության (կամ նրանց անունից ժառանգությունն ընդունված չլինելու) պայմաններում ժառանգության ընդունման ուղղությամբ նախաձեռնած գործողություններն իրավաչափ են ու կարող էին առաջացնել նրա ակնկալած իրավական հետևանքները։ (...)»:
Վճռաբեկ դատարանը, վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով ստորադաս դատարանների հետևությունները, արձանագրում է հետևյալը.
Սույն գործով ստորադաս դատարաններն անտեսել են, որ ազգակցական կապը հաստատելու, տվյալ դեպքում հայրության ճանաչման պահանջով դատարան հայց ներկայացնելու գործողությունն ուղղված չի եղել ժառանգական գույքի փաստացի տիրապետմանը, դրանով պայմանավորված նշված գործողությունը որևէ կերպ չի կարող գնահատվել որպես ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու հանգամանք, այն պարզ պատճառով, որ հակընդդեմ հայցվորի կողմից հայրության ճանաչման պահանջով հայց ներկայացնելը բացառապես պայմանավորված է եղել սույն գործով պահանջի իրավունք ունեցող սուբյեկտ հանդիսանալու փաստի հաստատմանը, այլ կերպ ասած՝ առաջին հերթի ժառանգի իրավական կարգավիճակ ձեռք բերելուն, իսկ հայցի առարկային՝ տվյալ դեպքում փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջին առաջադրվող ապացուցման ենթակա իրավաբանական փաստերն այլ են, մասնավորապես, որ երեխաների՝ որպես առաջին հերթի ժառանգների անունից կատարվել են գիտակցված գործողություններ հենց ժառանգության ընդունման նպատակով։
Սակայն գործի նյութերով և Անուշ Պողոսյանի կողմից ներկայացված փաստարկներով և ապացույցներով չի հաստատվում Ավագ Կասպարյանի առաջին հերթի ժառանգների կողմից ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում օրենքով սահմանված որևէ եղանակով ժառանգությունն ընդունելու հանգամանքը։
Մասնավորապես՝ Կարինե Ասատրյանի կողմից 03.09.2016 թվականին կազմված «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթղթի պատճենի համաձայն՝ 2013 թվականի մայիսին կնքելով պայմանագիր Ավագ Գրիգորիի Կասպարյանի հետ, իր երկու երեխաների հետ բնակվել է Նիզամի փողոցի 13-րդ շենքի թիվ 25 բնակարանում: Մահվան լուրը ստանալուց հետո խոսել է Անուշ Պողոսյանի հետ և ժամկետը լրանալուց մի քանի ամիս հետո՝ 06․01․2015 թվականին բնակարանի բանալիները հանձնել է Անուշին: Այժմ Անուշ Պողոսյանն իր երեխաներ Սիրանուշ և Գրիգոր Կասպարյանների (Պողոսյան) հետ բնակվում է Նիզամի փողոցի 13-րդ շենքի թիվ 25 բնակարանում: Սույն քաղաքացիական գործով 07․05․2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում որպես վկա հարցաքննված Կարինե Ասատրյանի ցուցմունքի համաձայն՝ Ավագ Կասպարյանի կենդանության օրոք Անուշ Պողոսյանին չի ճանաչել, սակայն, Ավագից նրանց մասին շատ է լսել, Ավագը նաև ցույց է տվել երեխաների լուսանկարները: Անուշ Պողոսյանի հետ ծանոթացել է Ավագի մահից հետո, ժամանակահատված չի կարող ստույգ հիշել, բայց մոտավորապես օգոստոս ամսին: Բնակարանից դուրս գալիս բնակարանի բանալիները ինչպես նաև Ավագին պատկանող որոշ իրեր հանձնել է Անուշ Պողոսյանին։
Այսպիսով Անուշ Պողոսյանը, ի հավաստումն Ավագ Կասպարյանի առաջին հերթի ժառանգների կողմից ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունելու փաստի, ներկայացրել է «Նժդեհ» համատիրության նախագահի կողմից 06.09.2016 թվականին և 20.05.2017 թվականին տրված տեղեկանքները, որոնք տեղեկություններ են բովանդակում և վերաբերում են 2014 թվականից սկսած և դրանից հետո ընկած ժամանակահատվածում կատարված գործողություններին, ներկայացվել են 2017 թվականի դեկտեմբերին, 2015 թվականի փետրվարին, 2016 թվականի հուլիսին, 2014 թվականի դեկտեմբերին, 2017 թվականի մայիսին կատարված վճարումների անդորրագրեր, որոնք ևս վերաբերում են 2014 թվականից սկսած և դրանից հետո ընկած ժամանակահատվածին, ներկայացվել է նաև սկսած 2013 թվականի հուլիսից կատարված բազմաթիվ վճարման փաստաթղթեր, որոնցում որպես վճարող նշված է՝ Ավագ Կասպարյանը, Կարինե Ասատրյանի կողմից 03.09.2016 թվականին կազմված «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթուղթը տեղեկություններ է բովանդակում 06․01․2015 թվականին բնակարանի բանալիները Անուշ Պողոսյանին հանձնելու և նշված ժամանակահատվածից հետո Անուշ Պողոսյանի՝ իր երեխաներ Սիրանուշ և Գրիգոր Կասպարյանների (Պողոսյան) հետ Նիզամի փողոցի 13-րդ շենքի թիվ 25 բնակարանում բնակվելու մասին:
Վերոգրյալից ուղղակիորեն հետևում է, որ ներկայացված ապացույցները վերաբերում են բացառապես 2014 թվականին և դրանից հետո ընկած ժամանակահատվածում կատարված գործողություններին, մինչդեռ ինչպես արդեն վերը նշվեց՝ ըստ օրենքի, այդ թվում նաև` փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման համար օրենսդիրը սահմանել է վեցամսյա ժամկետ, որը հաշվվում է ժառանգության բացման, այն է` ժառանգատուի մահվան օրվանից և ժառանգի սուբյեկտիվ իրավունքը ժառանգելու ժառանգատուի ունեցվածքը՝ դադարում է ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված ժամկետի ավարտով:
Տվյալ դեպքում ժառանգությունը բացվել է 19.06.2013 թվականին և ժառանգությունն ընդունելու վեցամսյա ժամկետն ավարտվել է 19.12.2013 թվականին, ինչն էլ հիմք է արձանագրելու, որ գործի նյութերով և Անուշ Պողոսյանի կողմից ներկայացված փաստարկներով և ապացույցներով չի հաստատվում Ավագ Կասպարյանի առաջին հերթի ժառանգների կողմից ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունելու հանգամանքը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձանց հիմնավորումներն ու փաստարկները բավարար չեն բողոքի հիմքերը՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած լինելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, հիմնավորված համարելու համար
Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ Վճռաբեկ դատարանի՝ դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բողոք բերած անձանց կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով, որ վերջիններիս բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով`Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22․06․2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2․Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ս. Անտոնյան |
Ա. Բարսեղյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|