Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.03.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/2969/02/17

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/2969/02/17

Նախագահող դատավոր՝  Ս Թորոսյան

Դատավորներ՝

 Ն Բարսեղյան

 Ա Խառատյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ֆրունզիկ Կալոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23012020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անդրանիկ Սերդյանի, Կարինե Սարդարյանի ընդդեմ Ֆրունզիկ Կալոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Ֆրունզիկ Կալոյանի ընդդեմ Անդրանիկ Սերդյանի, Կարինե Սարդարյանի` գործարքն առոչինչ ճանաչելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անդրանիկ Սերդյանը, Կարինե Սարդարյանը պահանջել են պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել 12300000 ՀՀ դրամ՝ որպես վերջիններիս միջև 04.10.2014 թվականին նոտարական կարգով կնքված և նոտարական գրանցամատյանի 11370 համարի տակ գրանցված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով սահմանված և պատասխանողի կողմից չվճարված գումար, ինչպես նաև 12300000 ՀՀ դրամին հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, սկսած պարտավորության խախտման օրվան հաջորդող օրվանից, այն է՝ 05.10.2015 թվականից մինչև պարտավորությունների ամբողջական և փաստացի կատարման պահը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ֆրունզիկ Կալոյանը պահանջել է որպես շինծու գործարք, առոչինչ ճանաչել 04.10.2014 թվականին կնքված քաղաք Երևան, Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 8ա/1 տան նկատմամբ կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագիրը, որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչել դրա հիման վրա իր անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և Անդրանիկ Սերդյանից և Կարինե Սարդարյանից հօգուտ իրեն բռնագանձել 10250000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, սկսած 20.12.2013 թվականից մինչև պարտքի փաստացի մարումը:

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 26092019 թվականի վճռով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակի: Դատարանը վճռել է 04.10.2014 թվականին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի` որպես շինծու գործարքի նկատմամբ կիրառել Անդրանիկ Սեդրյանի և Կարինե Սարդարյանի` որպես փոխառուի, և Ֆրունզիկ Կալոյանի` որպես փոխատուի միջև 10.250.000 ՀՀ դրամի փոխառության և որպես նշված փոխառության պայմանագրով Անդրանիկ Սեդրյանի և Կարինե Սարդարյանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց Երևան քաղաքի Սիլիկյան թաղամաս 4-րդ փողոցի 8ա/1 տան գրավի պայմանագրի նորմերը: Որպես 04.10.2014 թվականին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք անվավեր ճանաչել 04.10.2014 թվականի անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Սիլիկյան թաղամաս 4-րդ փողոցի 8ա/1 տան նկատմամբ Ֆրունզիկ Կալոյանի սեփականության իրավունքի գրանցումը: Հակընդդեմ հայցը՝ 10250000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)  23012020 թվականի որոշմամբ Ֆրունզիկ Կալոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26092019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ֆրունզիկ Կալոյանը (ներկայացուցիչ Ավետիս Քալաշյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետը, 306-րդ հոդվածի 2-րդ կետը, 317-րդ հոդվածը, 337-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիաիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ շինծու գործարք կնքելիս կողմերը նկատի են ունեցել փոխառության և գրավի գործարք, հետևաբար, շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառումը ենթադրում է նաև այն գործարքի կանոնների կիրառումը, որոնք կողմերը նկատի են ունեցել գործարքը կնքելիս: Այնինչ, Վերաքննիչ դատարանը շինծու գործարքի նկատմամբ կիրառելով կողմերի միջև իրականում եղած գործարքի՝ փոխառության և գրավի կանոնները, համարել է, որ դրանից բխող պահանջը շինծու գործարքի անվավերության հետևանք չէ, հետևաբար իրական գործարքից բխող պահանջներն ինքնուրույն են և դրանց նկատմամբ կիրառելի են հայցային վաղեմության ընդհանուր կանոնները, ոչ թե շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնները: Նման մոտեցումը ոչ միայն անտրամաբանական է, այլև կարող է իմաստազրկել, գործնականում անհնարին դարձնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառումը։

Այսպիսով, ստորադաս դատարանի այն դիրքորոշումը, որ հակընդդեմ հայցով հայցվորի` 10250000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները բռնագանձելու պահանջը չի կարող դիտարկվել որպես 04.10.2014 թվականի շինծու գործարքի անվավերության հետևանք, անհիմն է, չի բխում հիշատակված իրավանորմերի պահանջներից: Եթե նույնիսկ ընդունենք, որ Ֆրունզիկ Կալոյանի պահանջի նկատմամբ պետք է կիրառվեր հայցային վաղեմության ընդհանուր՝ եռամյա ժամկետ, ապա Դատարանի կողմից սխալ է հաշվարկվել այդ ժամկետի սկիզբը, քանի որ Ֆրունզիկ Կալոյանն իր իրավունքների խախտման մասին իմացել է շինծու գործարքը կնքելիս` 04.10.2014 թվականից: Մինչդեռ Ֆրունզիկ Կալոյանի մոտ պարտավորության կատարում պահանջելու իրավունքն առաջացել է այն պահից, երբ Կարինե Սարդարյանը և Անդրանիկ Սերդյանը սույն գործով հայց են ներկայացրել դատարան՝ Ֆրունզիկ Կալոյանից անհիմն կերպով պահանջելով գումար, այսինքն՝ այդ պահից է Ֆրունզիկ Կալոյանն իմացել, որ նրանք չեն կատարելու իրենց պարտավորությունը՝ տունը վաճառելու և իր գումարը վերադարձնելու, հետևաբար, այդ պահից է իմացել իր իրավունքների խախտման մասին, այդ ժամանակն է հանդիսացել սուբյեկտիվ իրավունքի խախտման պահը: Հետևաբար, եթե ստորադաս դատարանը գտնում էր, որ Ֆրունզիկ Կալոյանի պահանջի նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմության ընդհանուր՝ եռամյա ժամկետ, ապա այդ ժամկետի սկիզբը պետք է համարեր 22.08.2017 թվականը՝ Կարինե Սարդարյանի և Անդրանիկ Սերդյանի կողմից դատարան հայց ներկայացնելու օրը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.01.2020 որոշումը և Դատարանի 26.09.2019 թվականին կայացված վճիռը մասնակի՝ Ֆրունզիկ Կալոյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Անդրանիկ Սեդրյանի և Կարինե Սարդարյանի` որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք, 10250.000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջը մերժելու մասով փոփոխել՝ Ֆրունզիկ Կալոյանի հակընդդեմ հայցն ամբողջությամբ բավարարել։ Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 04.10.2014 թվականի անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Կարինե Ջումշուդի Սարդարյանը, Անդրանիկ Թովմասի Սերդյանը՝ այսուհետ` վաճառող, և քաղաքացի Ֆրունզիկ Սուրենի Կալոյանը, այսուհետ` գնորդ, կնքել են պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն` վաճառողները վաճառում են, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում Երևան քաղաքի, Աջափնյակ, Սիլիկյան 4-րդ փողոց, թիվ 8ա/1 բնակելի տունը: Պայմանագրի 3-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ կազմում է 22.550.000 դրամ, որից 10.250.000 դրամը վճարվում է պայմանագրի կնքման պահին, իսկ մնացած 12.300.000 դրամը վճարվում է մինչև 04.10.2015 թվականը։ Պայմանագիրը վավերացվել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից: Գրանցված է սեղանամատյանում 11370 համարով (հատոր 1-ին գթ 16):

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 28.09.2015 թվականի տրված` գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի, Սիլիկյան 4-րդ փողոց 8/3 բնակելի տունը 24.10.2014 թվականից սեփականության իրավունքով գրանցված է Ֆրունզիկ Սուրենի Կալոյանի անվամբ (հատոր 1-ին գթ 18):

3) Ֆրունզիկ Կալոյանի և Անդրանիկ Սերդյանի և Կարինե Սարդարյանի միջև 13.09.2013 թվականին կազմված համաձայնագրի համաձայն՝ կողմերը եկել են համաձայնության այն մասին, որ «որպեսզի Ֆրունզիկ Կալոյանի 16.800 դոլարի պահանջով հայցադիմումը հետ վերադարձնի, քանի որ իրենք այդ գումարը շուտով տունը վաճառելուց հետո տալու են առանց դատարանի միջնորդության: Խոստանում են վերադարձնել մինչև 20.12.2013 թվականը» (հատոր 1-ին գթ 56):

4) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.09.2013 թվականի վճռով թիվ ԵԱԴԴ/0882/02/13 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Ֆրունզիկ Կալոյանի ընդդեմ Անդրանիկ Սերդյանի, Կարինե Սարդարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, կարճվել է՝ հայցվորի հայցից հրաժարվելու հիմքով: Նշված գործով հայցվորը հայցադիմումի մեջ նշել է, որ պատասխանողներ Անդրանիկ Սերդյանը և Կարինե Սարդարյանը իրենից պարտքով պարբերաբար գումար են վերցրել, սակայն մինչ օրս չեն վերադարձրել պարտքը: Համաձայն 10112011 թվականի պարտավորագրի` Անդրանիկ Սերդյանը պարտավորվել է իրենից վերցրած 10,000 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնել մինչև 25052012 թվականը, իսկ 20122010 թվականի պարտավորագրի համաձայն` Կարինե Սարդարյանը պարտավորվել է պարտքով վերցրած 6,800 ԱՄՆ դոլարը վերադարձնել մինչև 20052011 թվականը: Ինքը բազմիցս նախապահանջով դիմել է Պատասխանողներին, սակայն մինչ օրս պարտավորությունները չեն կատարվել: Որպես հայցադիմումի հիմնավորում` վկայակոչել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետը, 881-րդ հոդվածի 1-ին կետը, 347-րդ, 362-րդ, 411-րդ հոդվածները: Ելնելով վերոգրյալից` խնդրել է պատասխանողներ Անդրանիկ Սերդյանից և Կարինե Սարդարյանից բռնագանձել 16,800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 20122011 թվականից 6,800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ և 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 25052012 թվականից մինչև պարտավորության կատարման օրը բռնագանձել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները (հատոր 1-ին գթ 51-54):

5) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի՝ պարտապանի գույքի վրա դրված արգելանքները վերացնելու մասին 29.09.2014 թվականի որոշման համաձայն՝ վերացվել է 20.08.2013 թվականի հարկադիր կատարողի կողմից կայացված որոշմամբ Կարինե Սարդարյանին պատկանող Սիլիկյան թաղամաս 4 փողոց, 8ա/1 տան վրա դրված արգելանքները (հատոր 1-ին գթ 55):

6) Գինդ 5 թերթի 2016 թվականի մարտի 25-31 10 (754) համարի «Վաճառք առանձնատներ» բաժնի համաձայն` վաճառվում է Սիլիկյան թաղամաս, կենտրոնական փողոցում առանձնատուն, շտապ, Կարինե...: (հատոր 1-ին, գթ 98)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ և 306-րդ հոդվածների 2-րդ կետերի, 317-րդ և 337-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, հարկ է համարում կրկին անդրադառնալ շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին, ինչպես նաև առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու մասին գործերով հայցային վաղեմության ժամկետի որոշման խնդրին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վերը նշված իրավական նորմերը, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը՝ արձանագրելով, որ «կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը, իսկ «կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տես, «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.

- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.

- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).

- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.

- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.

- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին կետի ընդհանուր կանոնի համաձայն` նշված հանգամանքները պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տես, Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ շինծու գործարքի առկայությունը որոշելիս դատարանը յուրաքանչյուր գործով պետք է բացահայտի շինծու գործարքին բնորոշ բոլոր հատկանիշները: Ընդ որում, յուրաքանչյուր հատկանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը (տե՛ս, Ռեփսիկ և Գեղամ Գասպարյանների ընդդեմ Արտակ Մարտիրոսյանի թիվ ԵԱԴԴ/1557/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07042018 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն դեպքերին, երբ որպես շինծու գործարքով քողարկված իրավահարաբերություն վկայակոչվում է հիմնական պարտավորության կատարման ապահովմանն ուղղված պարտավորությունը (օրինակ` գրավի, երաշխավորության, երաշխիքի և այլն), նշել է, որ պարտավորությունների կատարման ապահովման միջոցները նպատակաուղղված են օժանդակելու իրենց նախատեսման համար հիմք ծառայած պարտավորության կատարմանը, այդ իսկ պատճառով էլ պարտավորությունների ապահովման միջոցներից որևէ մեկն ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող: Դրա արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ որպես շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառում շահագրգիռ անձը դատարանից պահանջում է կիրառել պարտավորության կատարման ապահովման միջոցներից որևէ մեկի կանոնները, վերջինս նախևառաջ պարտավոր է ապացուցել հիմնական պարտավորության առկայության փաստը (տե՛ս, Ասյա Դավթյանը և մյուսներն ընդդեմ Կարինե Սիրեկանյանի թիվ ԵԱԴԴ/0134/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30042015 թվականի որոշումը

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ շինծու գործարքներն ամեն դեպքում կամքի արատով գործարքներ են, քանի որ կողմերի` սահմանված ձևով արտահայտած կամահայտնությունը չի համապատասխանում նրանց ներքին կամքին: Ընդ որում, շինծու գործարք կնքելիս կողմերը նպատակ են հետապնդում հասնելու այն արդյունքին, որը նրանք կունենային քողարկված գործարքը բացահայտ կնքելիս` միաժամանակ խուսափելով քողարկված գործարքի կնքման հետևանքով առաջացող իրենց համար իրավական հետևանքներից: Բոլոր այն դեպքերում, երբ շինծու գործարքով քողարկվում է պարտավորության կատարման ապահովումը, նախքան շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառումը հարկ է ապացուցել հիմնական պարտավորության գոյության փաստը, քանի որ պարտավորությունների կատարման ապահովման միջոցները նպատակաուղղված են օժանդակելու իրենց նախատեսման համար հիմք ծառայած պարտավորության կատարմանը և ինքնուրույն գոյություն ունենալ չեն կարող: Հետևաբար, երբ բավարար ապացույցներ չեն ներկայացվում հիմնական պարտավորության առկայության փաստը հիմնավորելու համար, գործարքի նկատմամբ շինծու լինելու հիմքով պարտավորության ապահովման համապատասխան միջոցի կանոնները չեն կարող կիրառվել (տե՛ս, Ռեփսիկ և Գեղամ Գասպարյանների ընդդեմ Արտակ Մարտիրոսյանի թիվ ԵԱԴԴ/1557/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07042018 թվականի որոշումը)։

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ ամեն դեպքում շինծու գործարքի առկայությունն ապացուցելիս գործարքը վիճարկողը պետք է կարողանա ցույց տալ ոչ միայն գործարքի կողմերի կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը, այլ` նաև շինծու գործարքով այլ գործարք քողարկելու նպատակի առկայությունը, քողարկող գործարքի իրավական նպատակի իրականացված չլինելը, իսկ այնուհետև քողարկված գործարքի իրավական արդյունքի առկայությունը, այսինքն` իրավական նպատակին հասած լինելը, իսկ պարտավորության կատարման ապահովում քողարկելիս՝ նաև հիմնական պարտավորությունը։

Անդրադառնալով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառման իրավաչափությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտած անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

Նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցի ներկայացման համար սահմանված է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ ավելի երկար ժամկետ, ինչպես նաև հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի այլ կարգ. օրենսդրի կողմից այդ տեսակի պահանջների համար սահմանվել է, որ հայցը կարող է ներկայացվել գործարքի կատարման օրվանից տասը տարվա ընթացքում: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ թե այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, այլ առոչինչ գործարքի կատարման օրվանից:

Սույն գործի փաստերի համաձայն՝ դեռևս 2013 թվականին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ներկայացված հայցադիմումով Ֆրունզիկ Կալոյանը հայտնել է, որ Անդրանիկ Սերդյանը և Կարինե Սարդարյանը իրենից պարտքով պարբերաբար գումար են վերցրել, սակայն չեն վերադարձրել պարտքը, խնդրել է Անդրանիկ Սերդյանից և Կարինե Սարդարյանից բռնագանձել 16.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները: Ֆրունզիկ Կալոյանի և Անդրանիկ Սերդյանի, Կարինե Սարդարյանի միջև 13.09.2013 թվականին կազմված համաձայնագրով կողմերը եկել են համաձայնության այն մասին, որ «որպեսզի Ֆրունզիկ Կալոյանի 16.800 ԱՄՆ դոլարի պահանջով հայցադիմումը հետ վերադարձնի, քանի որ իրենք այդ գումարը շուտով տունը վաճառելուց հետո տալու են առանց դատարանի միջնորդության: Խոստանում են վերադարձնել մինչև 20.12.2013 թվականը»: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.09.2013 թվականի վճռով թիվ ԵԱԴԴ/0882/02/13 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Ֆրունզիկ Կալոյանի ընդդեմ Անդրանիկ Սերդյանի, Կարինե Սարդարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, կարճվել է՝ հայցից հայցվորի հրաժարվելու հիմքով: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի 29.09.2014 թվականի որոշմամբ Սիլիկյան թաղամաս 4-րդ փողոց, 8ա/1 տան վրա դրված արգելանքները վերացվել են: 04.10.2014 թվականին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով Կարինե Սարդարյանը, Անդրանիկ Սերդյանը Երևան քաղաքի, Աջափնյակ, Սիլիկյան 4-րդ փողոց, թիվ 8ա/1 բնակելի տունը վաճառել են Ֆրունզիկ Կալոյանին 22.550.000 դրամով, որից 10.250.000 դրամը պետք է վճարվեր պայմանագրի կնքման պահին, իսկ մնացած 12.300.000 դրամը՝ մինչև 04.10.2015 թվականը։ Պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում և Ֆրունզիկ Կալոյանին տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Դատարանը հակընդդեմ հայցը մասնակի բավարարելով պատճառաբանել է, որ շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառումն ավարտվում է միայն շինծու գործարքի նկատմամբ այն գործարքի կանոնների կիրառմամբ, որը կողմերը նկատի են ունեցել գործարքը կնքելիս, իսկ դրանից հետո կողմերի միջև` իրականում կնքված գործարքի հետ կապված հարցերը դուրս են շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման շրջանակներից: Դատարանը արձանագրել է, որ իր իրավունքի խախտման մասին Ֆրունզիկ Կալոյանը իմացել է 20.12.2013 թվականին, մինչդեռ հակընդդեմ հայցը դատարան է ներկայացվել 04.04.2018 թվականին, բաց թողնելով իրավունքի պաշտպանության օրենքով նախատեսված ժամկետը, հետևաբար սույն պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ հակընդդեմ հայցով պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման, իսկ հակընդդեմ հայցվորի պահանջը 1.250.000 ՀՀ դրամի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման մասով անհիմն է, նկատի ունենալով, որ այն չի կարող դիտարկվել որպես 04.10.2014 թվականի շինծու գործարքի անվավերության հետևանք:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը անփոփոխ թողնելով պատճառաբանել է, որ 13.09.2013 թվականի համաձայնագրով պարտավորության կատարման վերջնաժամկետ է համարվել 20.12.2013 թվականը, սակայն Կարինե Սարդարյանի և Անդրանիկ Սերդյանի կողմից նշված ժամանակահատվածում պարտավորությունը չի կատարվել: Հետևաբար, իր իրավունքի խախտման մասին Ֆրունզիկ Կալոյանը իմացել է հենց 20.12.2013 թվականին: Այսինքն` հակընդդեմ հայցվորը բաց է թողել իրավունքի պաշտպանության համար դատարան դիմելու ժամկետը, և քանի որ անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե` ոչ, հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելն արդեն իսկ հիմք է հայցը մերժելու համար, նշված մասով գումարի բռնագանձման հակընդդեմ հայցապահանջի մերժումը ևս հիմնավոր է: Նույն կերպ ենթակա է մերժման նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ հաշվարկելու վերաբերյալ պահանջը:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է.

Տվյալ դեպքում հիմք ընդունելով, որ սույն գործով ներկայացվել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին հայց, որի համար սահմանված է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ ավելի երկար ժամկետ, ինչպես նաև նկատի ունենալով, որ Ֆրունզիկ Կալոյանի և Անդրանիկ Սերդյանի, Կարինե Սարդարյանի միջև անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 04102014 թվականին, իսկ դրա առոչնչության հետևանքները կիրառելու մասին հակընդդեմ հայցը դատարան է ներկայացվել 04042018 թվականին (օրենքով սահմանված 10 տարվա ժամկետի ընթացքում), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից, կողմերի համաձայնությամբ նշված ժամկետները կիրառելի չեն, քանի որ առոչինչ գործարքը հաջորդել է դրան և ըստ էության պետք է պարզվեն գործարքը շինծու ճանաչվելուց հետո կողմերի յուրաքանչյուրի պարտավորությունը ըստ դատարանի կողմից որոշված իրավահարաբերության պայմանների։ Հակառակ դեպքում իմաստազրկվում է գործարքի շինծու ճանաչման ինստիտուտն այն առումով, որ գործարքի այն կողմից, որը ստացել է կատարում, վերադարձնելով (ստացածը), կորցնում է պահանջի իրավունքը, իսկ մյուս կողմը՝ վերականգնելով իր իրավունքները, ազատվում է նաև արդեն իսկ չկատարված պարտավորության կատարումից։

Սույն գործով Դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի պահանջների համաձայն, բավարարել է Ֆրունզիկ Կալոյանի հակընդդեմ հայցը՝ վճռելով 04.10.2014 թվականին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի` որպես շինծու գործարքի նկատմամբ կիրառել Անդրանիկ Սեդրյանի և Կարինե Սարդարյանի` որպես փոխառուի, և Ֆրունզիկ Կալոյանի` որպես փոխատուի միջև 10.250.000 ՀՀ դրամի փոխառության և որպես նշված փոխառության պայմանագրով Անդրանիկ Սեդրյանի և Կարինե Սարդարյանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց Երևան քաղաքի Սիլիկյան թաղամաս 4-րդ փողոցի 8ա/1 տան գրավի պայմանագրի նորմերը, որպես անվավերության հետևանք անվավեր է ճանաչվել Ֆրունզիկ Կալոյանի սեփականության իրավունքի գրանցումը: Սակայն հակընդդեմ հայցը՝ 10250000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու մասով մերժել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինծու գործարքի կնքման արդյունքում խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնումը ենթադրում է ոչ միայն շինծու գործարքի անվավերության անմիջական հետևանքների կիրառում, այլև՝ քողարկված գործարքին վերաբերող կանոնների կիրառում կողմերի միջև փաստացի առկա իրավահարաբերությունների նկատմամբ: Սույն գործով ստորադաս դատարանները, հաստատելով շինծու գործարքի առոչինչ լինելու հանգամանքն ու անդրադառնալով դրա անվավերության հետևանքներին, փոխառության և անշարժ գույքի գրավի իրավահարաբերությունները համարել են դադարած՝ հիմք ընդունելով այն, որ «շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառումն ավարտվում է միայն շինծու գործարքի նկատմամբ այն գործարքի կանոնների կիրառմամբ, որոնք կողմերը նկատի են ունեցել գործարքը կնքելիս, իսկ դրանից հետո կողմերի միջև` իրականում կնքված գործարքի հետ կապված հարցերը դուրս են շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման շրջանակներից»:

Վերոգրյալի հիման վրա ստորադաս դատարանները գտել են, որ կիրառման է ենթակա միայն առուվաճառքի պայմանագրի և դրա պետական գրանցման անվավերության հետևանքները։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործարքը շինծու, ուստիև առոչինչ համարելու դեպքում կիրառման են ենթակա դրա անվավերության հետևանքները, իսկ այդ հետևանքների կիրառումը տվյալ դեպքում ենթադրում է շինծու գործարքը կնքելիս կողմերի իրականում նկատի ունեցած գործարքին վերաբերող կանոնների կիրառում, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատում, որի արդյունքում սխալ հետևություն են արել այն մասին, որ կողմերի միջև գոյություն ունեցած փոխառության և դրա կատարման ապահովման միջոցի` գրավի իրավահարաբերությունները դադարել են հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատարանի կողմից շինծու գործարքի անվավերության հետևանք կիրառելու դեպքում պետք է քննարկման առարկա դարձվի իրականում կողմերի քողարկած փոխառության և ի կատարումն այդ պարտավորության անշարժ գույքի գրավի պայմանագրերին վերաբերող կանոնների կիրառման հարցը: Տվյալ դեպքում Ֆրունզիկ Կալոյանի, ի հաստատումն հակընդդեմ հայցով պատասխանողների հետ առուվաճառքի իրավահարաբերությունից տարբերվող այլ պարտավորական իրավահարաբերությունների փաստի առկայության, ներկայացրել է գրավոր ապացույց` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, ինչպես նաև Ֆրունզիկ Կալոյանի և Անդրանիկ Սերդյանի, Կարինե Սարդարյանի միջև 13.09.2013 թվականին կազմված համաձայնագիրը, որոնք կարող են գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու, թե իրականում որքան է կազմել փոխառության պարտավորության չափը, ինչ չափով է այն փաստացի կատարվել, որից հետո քննարկման է ենթակա նաև գրավադրված անշարժ գույքի նկատմամբ փոխառության պարտավորության չկատարված չափով բռնագանձում տարածելու հնարավորության հարցը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ֆրունզիկ Կալոյանի և Անդրանիկ Սերդյանի, Կարինե Սարդարյանի միջև 04.10.2014 թվականին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի բովանդակությունից հետևում է, որ այն կնքվել է նույն կողմերի միջև նախկինում առկա փոխառության և գրավի իրավահարաբերությունները քողարկելու նպատակով, որպիսի պայմաններում այն առոչինչ է, ուստի դրա նկատմամբ կիրառման են ենթակա առոչինչ գործարքի անվավերության հետևանքները:

Անդրադառնալով սույն գործով հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու վերաբերյալ հակընդդեմ հայցով պատասխանող կողմի միջնորդությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ենթակա չէ բավարարման, նկատի ունենալով, որ տվյալ դեպքում ներկայացվել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջ: Այդ պահանջի համար սահմանված է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ ավելի երկար՝ 10 տարվա ժամկետ: Սույն գործով վիճելի պայմանագիրը կնքվել է 04.10.2014 թվականին, իսկ դրա առոչնչության հետևանքները կիրառելու մասին հակընդդեմ հայցը դատարան է ներկայացվել 04.04.2018 թվականին, այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ֆրունզիկ Կալոյանի հակընդդեմ հայցը փոխառությամբ տրված գումարի և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման մասով ենթակա չէր մերժման հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Հետևաբար, Վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը՝ հակընդդեմ հայցի մերժված մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23012020 թվականի որոշման՝ Ֆրունզիկ Կալոյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Անդրանիկ Սերդյանի և Կարինե Սարդարյանի՝ որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք 10250000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջը մերժելու մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26092019 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասը և այդ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական: