Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2020-13.03.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.02.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2020 թվականի

թիվ 17

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱԿ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՄՈՏ ՏԵՂԱԿԱՅՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 21-րդ ենթակետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (նշված Պայմանագրի թիվ 1 հավելված) 29-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 16 որոշման 5-րդ կետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական ֆորումի մասին» հիմնադրույթը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 69 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից միակ մատակարարի մոտ տեղակայվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7. Եվրասիական տնտեսական ֆորումի կազմակերպումը և անցկացումը»:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ 2020 թվականին Բելառուսի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացման արդյունքներով, անհրաժեշտության դեպքում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական ֆորումի մասին» հիմնադրույթում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման ծավալի մասով փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի փետրվարի 21-ի

թիվ 17 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական ֆորումի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Եվրասիական տնտեսական ֆորումը (այսուհետ՝ ֆորում) տնտեսական ոլորտում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ամենամյա գործարար միջոցառում է, որն անցկացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահող Միության անդամ պետությունում (այսուհետ՝ անդամ պետություն)՝ ըստ հերթականության (այսուհետ՝ ֆորումի անցկացման երկիր):

2. Ֆորումն անցկացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի «Եվրասիական տնտեսական ֆորումի մասին» թիվ 16 որոշման հիման վրա:

3. Ֆորումն ուղղված է դրանում անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, անդամ պետությունների առաջին դեմքերի, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև երրորդ երկրների ղեկավարների ու կառավարությունների անդամների, միջազգային, գիտական և կրթական կազմակերպությունների այն ներկայացուցիչների մասնակցությանը, որոնք հետաքրքրված են Միության շրջանակներում փոխգործակցության զարգացմամբ:

 

II. Ֆորումի նպատակները և խնդիրները

 

4. Ֆորումի անցկացման նպատակներն են անդամ պետությունների տնտեսական համագործակցության հետագա զարգացումը, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցային կապերի ձևավորումը և անդամ պետությունների ներդրումային ու նորարարական ներուժի միավորման արդյունքում սիներգիկ ազդեցության ապահովումը, անդամ պետությունների արտահանման ներուժի զարգացումը:

5. Ֆորումի խնդիրներն են՝

ա) Միության մասսայականացումը՝ որպես ինտեգրացիոն միավորում.

բ) անդամ պետությունների ինտեգրման զարգացման ռազմավարության վերաբերյալ առաջարկությունների կազմում.

գ) անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների միջև Միության շրջանակներում տնտեսական համագործակցության առանցքային հարցերի շուրջ անմիջական երկխոսության հարթակի ստեղծում.

դ) «В2В» հարաբերությունների շրջանակներում փոխգործակցության իրականացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում.

ե) անդամ պետությունների ձեռնարկությունների արտադրական և համագործակցային հնարավորությունների ներկայացում.

զ) անդամ պետությունների տնտեսությունների արդիականացման, համագործակցության և մրցունակության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

է) անդամ պետությունների միջազգային համագործակցության զարգացում:

6. Ֆորումը անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և անդամ պետությունների գործարար համայնքների միջև փոխգործակցության գործնական միջոց է, ինտեգրացիոն միավորման կայուն զարգացման հեռանկարների գնահատման, Միության շրջանակներում ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների և Միության զարգացման հետագա ուղղությունների քննարկման հարթակ:

 

III. Ֆորումի կազմակերպումը և անցկացումը

 

7. Ֆորումի կազմակերպումը և անցկացումն ապահովվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ `Հանձնաժողով) կողմից` ֆորումի անցկացման երկրի հետ համատեղ` մյուս անդամ պետությունների աջակցությամբ:

8. Հանձնաժողովը`

ա) իրականացնում է ֆորումի կազմակերպական ուղեկցումը.

բ) ապահովում է ֆորումի կազմակերպական կոմիտեի աշխատանքը.

գ) մշակում է ֆորումի ծրագրի (այդ թվում՝ ծրագրի գործարար մասի) վերաբերյալ առաջարկություններ.

դ) տեղեկացում է ֆորումի պոտենցիալ մասնակիցներին (այդ թվում՝ երրորդ երկրների մասնակիցներին) ֆորումի անցկացման ամսաթվի (ամսաթվերի) ու վայրի մասին և հրավիրում է նրանց մասնակցելու ֆորումին, ապահովում է «PR» ուղեկցումը, գրանցումը, «Համացանց» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցում ֆորումի կայքի վարումը, հարթակի (հարթակների) դիզայնի մշակումը և ձևավորումը, համաժամանակյա թարգմանությունը, սննդի կազմակերպումը, ֆորումի գործարար մասի կազմակերպումն ու անցկացումը և ֆորումի ցուցահանդեսային մասի կազմակերպումը.

ե) կազմակերպում է ֆորումի կազմակերպման և անցկացման ծառայությունների մատուցման պատվերների տեղադրման աշխատանքը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հունվարի 25-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պատվերների տեղադրման ու պայմանագրերի կնքման մասին» հիմնադրույթին համապատասխան և հսկողություն է իրականացնում ֆորումի կազմակերպման և անցկացման ծառայություններ մատուցող անձի կողմից (այսուհետ՝ օպերատոր) ստանձնված պարտավորությունների կատարման նկատմամբ.

զ) ապահովում է ֆորումին մասնակցող ձեռնարկությունների (կազմակերպությունների) կողմից ցուցահանդեսային և գործարար միջոցառումների անցկացման հարթակի (հարթակների) ընդհանուր ոճով ձևավորումը, համակարգում է նշված միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:

9. Ֆորումի կազմակերպման և անցկացման ծառայությունների մատուցումն իրականացվում է Հանձնաժողովի և օպերատորի կողմից կնքվող պայմանագրի հիման վրա: Ընդ որում` ֆորումը՝ ֆորումի անցկացման երկրում անցկացվող այլ խոշոր տնտեսական ֆորումի հետ համատեղելու դեպքում, Հանձնաժողովը, որպես կանոն, ֆորումի կազմակերպման և անցկացման ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում այդ խոշոր տնտեսական ֆորումի օպերատորի հետ:

10. Ֆորումին մասնակցող ձեռնարկությունները (կազմակերպությունները), անհրաժեշտության դեպքում, օպերատորի հետ կնքում են ֆորումի շրջանակներում իրենց կողմից անցկացվող ցուցահանդեսային և գործարար միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցման պայմանագրեր:

11. Ֆորումի անցկացման երկիրը.

ա) առաջարկում է ֆորումի անցկացման ամսաթիվ (ամսաթվեր) (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար).

բ) տրամադրում է սույն հիմնադրույթի 26-րդ կետում նշված պահանջներին համապատասխանող հարթակ (հարթակներ)՝ ֆորումի անցկացման համար.

գ) իր տարածքում անցկացնում է տեղեկատվական-հրավերային արշավ.

դ) ֆորումի մասնակիցներին տրամադրում է վիզային աջակցություն.

ե) ֆորումի նախապատրաստման և անցկացման հարցում օպերատորին ու Հանձնաժողովին տրամադրում է օժանդակություն.

զ) մասնակցում է ֆորումի հայեցակարգի նախապատրաստմանը.

է) ֆորումի նախապատրաստման և անցկացման համար ներգրավում է առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ.

ը) արտաբյուջետային աղբյուրներից ներգրավում է միջոցներ՝ ֆորումի նախապատրաստման և անցկացման միջոցառումները ֆինանսավորելու համար.

թ) տրամադրում է աջակցություն այլ հարցերի լուծման ուղղությամբ, որոնք կարող են առաջանալ ֆորումի նախապատրաստման և անցկացման գործընթացում:

12. Անդամ պետությունների առաջին դեմքերի ժամանման ծրագիրը ձևավորվում է ֆորումի անցկացման երկրի կողմից:

Ֆորումի անցկացման երկիրն անդամ պետությունների առաջին դեմքերի՝ ֆորումին մասնակցության վերաբերյալ տեղեկությունները տրամադրում է ֆորումի կազմակերպական կոմիտեին՝ ֆորումի ծրագրի կազմման ժամանակ հաշվի առնելու համար:

13. Ֆորումի շրջանակներում անցկացվող միջոցառումներին հրավիրվող պետությունների ղեկավարների և (կամ) երրորդ երկրների կառավարությունների անդամների ցանկը նախապես ուղարկվում է անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ քննարկման համար:

 

IV. Ֆորումի հայեցակարգը

 

14. Ֆորումի հայեցակարգը մշակվում է օպերատորի կողմից՝ Հանձնաժողովի և ֆորումի անցկացման երկրի առաջարկությունների հիման վրա՝ հաշվի առնելով ֆորումի ցուցահանդեսային և գործարար միջոցառումներին մասնակցություն ունենալու ցանկություն հայտնած ձեռնարկությունների (կազմակերպությունների) դիմումները, ֆորումի՝ սույն հիմնադրույթի II բաժնում նշված նպատակներին և խնդիրներին համապատասխան, և հաստատվում է ֆորումի կազմակերպական կոմիտեի կողմից:

15. Ֆորումի ցուցահանդեսային և գործարար ծրագիրը կազմվում է ֆորումի հայեցակարգի հիման վրա:

16. Ֆորումի հայեցակարգով սահմանվում են միջոցառումների ձևաչափը, թեմատիկ բաժինները, թիրախային խմբերը և ցուցահանդեսային էքսպոզիցիայի մասնակիցների, պատվիրակների, խոսնակների, այցելուների տեղաբաշխման կառուցվածքը, ֆորումի անցկացման հարթակի (հարթակների) սրահներին ներկայացվող պահանջները, ֆորումի արարողակարգային ապահովման և տեղեկատվական ուղեկցման հիմնական պարամետրերը, ֆիրմային ոճի տարրերի և այլ անհրաժեշտ տարրերի վիզուալացումը, ինչպես նաև այն ներառում է անդամ պետություններում համանման խոշոր միջոցառումների SWOT վերլուծություն (այդ թվում՝ հնարավոր անուղղակի կամ ուղղակի մրցակցության թեմայով):

Ֆորումի հայեցակարգը պարունակում է ֆորումի կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշիվ՝ նշելով միջոցառումները, ֆինանսավորման ծավալները և աղբյուրները (Միության բյուջեի միջոցներ, ֆորումի անցկացման երկրի միջոցներ, ինչպես նաև (տվյալների առկայության դեպքում) ֆորումի ցուցահանդեսային և գործարար միջոցառումներին մասնակցություն ունենալու ցանկություն հայտնած ձեռնարկությունների (կազմակերպությունների) միջոցներ): Ֆորումի կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշվին կցվում է բացատրագիր, որը պարունակում է կանխատեսվող ծախսերի տնտեսական հիմնավորումը և հաշվարկները՝ ըստ ծախսերի յուրաքանչյուր հոդվածի, համապատասխան պարզաբանումներով՝ նշելով ֆինանսավորման աղբյուրները:

 

IV. Ֆորումի կազմակերպական կոմիտեն

 

17. Ֆորումի կազմակերպական կոմիտեի կազմում ընդգրկվում են անդամ պետությունների ներկայացուցիչները և Հանձնաժողովի կոլեգիայի անդամները:

Անդամ պետությունների առաջարկություներով ֆորումի կազմակերպական կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել միջազգային, հասարակական, գիտական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

18. Ֆորումի կազմակերպական կոմիտեի նախագահը Հանձնաժողովի խորհրդի նախագահն է, եթե ֆորումի անցկացման երկրի կողմից այլ որոշում չի կայացվել: Ֆորումի կազմակերպական կոմիտեի նախագահի տեղակալը Հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է:

19. Անդամ պետությունները ֆորումի կազմակերպական կոմիտեի կազմում ընդգրկելու համար նախօրոք ներկայացնում են թեկնածուների վերաբերյալ իրենց առաջարկությունները (պետական իշխանության մարմինների ղեկավարների տեղակալներից ոչ ցածր մակարդակով):

20. Ֆորումի կազմակերպական կոմիտեի կազմը հաստատում է ֆորումի կազմակերպական կոմիտեի նախագահը:

21. Ֆորումի կազմակերպական կոմիտեի նիստերն անցկացվում են ֆորումի կազմակերպական կոմիտեի նախագահի որոշմամբ (այդ թվում՝ տեսակոնֆերանս կապի ձևաչափով):

22. Ֆորումի կազմակերպական կոմիտեի նիստերի կազմակերպական նախապատրաստումը և անցկացումն ապահովում է Հանձնաժողովը:

23. Ֆորումի կազմակերպական կոմիտեի իրավասությանն են վերապահված՝

ա) ֆորումի հայեցակարգի հաստատումը (ներառյալ դրա կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշիվը).

բ) ֆորումի նախապատրաստման և անցկացման ընդհանուր ղեկավարումն ու դրա ընթացքի նկատմամբ հսկողությունը.

գ) ֆորումի անցկացումը ֆինանսավորելու և համապատասխան միջոցները բաշխելու հետ կապված հարցերի ուսումնասիրությունը.

դ) ֆորումի կազմակերպման և անցկացման հետ կապված այլ հարցերի առնչությամբ որոշումների կայացումը:

 

V. Ֆորումի անցկացման ժամանակը և վայրը

 

24. Ֆորումն անցկացվում է ամեն տարի և հարմարեցվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի անցկացմանը:

Ֆորումի անցկացման ամսաթիվը (ամսաթվերը) որոշվում է (են) Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ հաշվի առնելով ֆորումի անցկացման տարվան նախորդող տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ֆորումի անցկացման երկրի կողմից ներկայացված առաջարկությունները:

25. Ֆորումի անցկացման վայրը որոշում է ֆորումի անցկացման երկիրը:

 

VI. Ֆորումի անցկացման հարթակին (հարթակներին) ներկայացվող պահանջները

 

26. Ֆորումի անցկացման հարթակը (հարթակները) ընտրվում է ֆորումի հայեցակարգին համապատասխան, և որպես կանոն, ունենում է.

ա) միջազգային միջոցառումներ անցկացնելու համար նախատեսված տեխնիկական հագեցվածություն, կահույք և միացում հաղորդակցության միջոցներին.

բ) միաժամանակ մի քանի միջոցառումներ անցկացնելու հնարավորություն ունեցող սրահներ (այդ միջոցառումների մասնակիցների կանխատեսվող թվին համապատասխանող տարողությամբ, համաժամանակյա թարգմանության համար տեղադրված սարքավորումներով).

գ) լիագումար նիստեր անցկացնելու համար նախատեսված սրահներ (այդ նիստերի մասնակիցների կանխատեսվող թվին համապատասխանող տարողությամբ, համաժամանակյա թարգմանության համար տեղադրված սարքավորումներով).

դ) ֆորումին մասնակցող անդամ պետությունների առաջին դեմքերի ժամանակավոր կացության, ԶԼՄ-ների աշխատանքների կազմակերպման, բանակցությունների և երկկողմ հանդիպումների անցկացման, խոսնակների և «VIP» մասնակիցների տեղաբաշխման, ֆորումի կազմակերպատեխնիկական ուղեկցության ապահովման համար նախատեսված տարածքներ.

ե) ցուցահանդեսների կազմակերպման, «В2В» հարաբերությունների շրջանակներում փոխգործակցության ապահովման համար նախատեսված աշխատանքային տարածք, ֆորումի մասնակիցների գրանցման և սնվելու համար նախատեսված գոտիներ:

 

VII. Ֆորումի լեզուն

 

27. Ֆորումի լեզուներն են ռուսերենը և անգլերենը: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է թարգմանություն անդամ պետությունների պետական (պաշտոնական) լեզուներով:

28. Այլ լեզուներով թարգմանությունն իրականացվում է՝ ելնելով տեխնիկական հնարավորություններից՝ ֆորումի կազմակերպական կոմիտեի համաձայնությամբ:

 

VIII. Ֆորումի ֆինանսավորումը

 

29. Ֆորումի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների (սակայն ոչ ավելի, քան 25,0 միլիոն ռուսական ռուբլի՝ Եվրասիական տնտեսական միության՝ համապատասխան ֆինանսական տարվա բյուջեի նախագծի նախապատրաստման ժամանակ ընդունված ամենամյա ինդեքսավորմամբ), ֆորումի անցկացման երկրի բյուջեի միջոցների, ֆորումի ցուցահանդեսային և գործարար միջոցառումներին մասնակցող ձեռնարկությունների (կազմակերպությունների) միջոցների և անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:

30. Սույն հիմնադրույթի 8-րդ կետի «ա», «բ», «դ» - «զ» ենթակետերում, 27-րդ և 28-րդ կետերում նշված միջոցառումներն անցկացվում են Միության՝ համապատասխան ֆինանսական տարվա բյուջեի՝ ֆորումի անցկացման համար նախատեսված միջոցների հաշվին:

31. Սույն հիմնադրույթի 11-րդ կետի «գ» - «թ» ենթակետերում նշված միջոցառումներն անցկացվում են ֆորումի անցկացման երկրի բյուջեի միջոցների և արտաբյուջետային աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին:

32. Սույն հիմնադրույթի 11-րդ կետի «բ» ենթակետում նշված միջոցառումը ֆինանսավորվում է՝ հաշվի առնելով ֆորումի անցկացման համար նախատեսված հարթակին (հարթակներին) ներկայացվող՝ սույն հիմնադրույթի 26-րդ կետում նշված պահանջները, Միության՝ համապատասխան ֆինանսական տարվա բյուջեի՝ ֆորումի անցկացման համար նախատեսված միջոցների և (կամ) ֆորումի անցկացման երկրի բյուջեի միջոցների հաշվին:

33. Ֆորումի անցկացման երկրի և ձեռնարկությունների (կազմակերպությունների) նախաձեռնությամբ կազմակերպվող միջոցառումների ֆինանսական ապահովումն իրականացվում է համապատասխանաբար ֆորումի անցկացման երկրի և ձեռնարկությունների (կազմակերպությունների) կողմից ինքնուրույն:

34. Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների՝ ֆորումի կազմակերպական կոմիտեի նիստերին և ֆորումի միջոցառումներին մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:

35. Միջազգային, հասարակական, գիտական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ֆորումի կազմակերպական կոմիտեի նիստերին և ֆորումի միջոցառումներին մասնակցության հետ կապված ծախսերն այդ կազմակերպությունն է կրում:

36. Երրորդ երկրների ղեկավարների և կառավարության անդամների՝ ֆորումին մասնակցության հետ կապված ծախսերը կրում են համապատասխան երկրները:

 

IX. Ֆորումի անցկացման վերաբերյալ հաշվետվությունը

 

37. Հանձնաժողովը ֆորումի անցկացումից հետո երեք ամսվա ընթացքում անդամ պետություններ է ուղարկում օպերատորի և ֆորումի անցկացման երկրի հետ համատեղ պատրաստված ֆորումի անցկացման վերաբերյալ հաշվետվություն, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) ֆորումի արդյունքները,

բ) ֆորումի մասնակիցների ընդհանուր թիվը (մարդ),

գ) ֆորումին մասնակցող անդամ պետությունների թիվը,

դ) ֆորումին մասնակցող երրորդ երկրների թիվը,

ե) ֆորումի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսային և գործարար միջոցառումների թիվը,

զ) ֆորումի կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշվի փաստացի կատարումը՝ նշելով հետևյալ ծախսերի առնչությամբ ֆինանսավորման ծավալներն ու աղբյուրները,

«PR» ուղեկցման ծախսեր,

ֆորումի մասնակիցների գրանցման ծախսեր,

«Համացանց» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցում ֆորումի կայքի վարման ծախսեր,

ֆորումի հարթակի (հարթակների) դիզայնի մշակման և ձևավորման ծախսեր,

համաժամանակյա թարգմանության ծախսեր,

ֆորումի անցկացման համար նախատեսված հարթակի (հարթակների) ֆինանսավորման ծախսեր,

ֆորումի անցկացման ընթացքում դրա մասնակիցների սննդի կազմակերպման ծախսեր,

ֆորումի գործարար մասի անցկացման ծախսեր,

ֆորումի անցկացման երկրի ծախսեր,

ֆորումի ցուցահանդեսային և գործարար միջոցառումներին մասնակցություն ունեցող ձեռնարկությունների (կազմակերպությունների) ծախսեր (տվյալների առկայության դեպքում),

այլ ծախսեր,

է) այլ տեղեկություններ (անդամ պետությունների պահանջով):

 

X. Եզրափակիչ դրույթներ

 

38. Սույն հիմնադրույթով չկարգավորվող բոլոր հարցերը լուծվում են ֆորումի կազմակերպական կոմիտեի կողմից՝ իր իրավասության շրջանակներում՝ Միության իրավունքին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.01.2022, թիվ 4 13.03.2022, թիվ 17
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան