ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 4-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է հանդիսանում գների կայունության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկումը: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 6. | Դրամավարկային քաղաքականության ծրագրերը |
1. Եռամսյակը մեկ անգամ Կենտրոնական բանկը հաջորդ 12 ամիսների համար հրապարակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր, որը կրում է ուղեցուցային բնույթ:
2. Դրամավարկային քաղաքականության ծրագրերը ներառում են`
ա) գնաճի կանխատեսումները.
բ) դրամավարկային քաղաքականության ուղղությունները.
գ) օրենքով սահմանված խնդիրների իրականացման համար Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած անհրաժեշտ այլ դրույթներ:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Կենտրոնական բանկի հաշվեկշռում ֆինանսական տարվա արդյունքում առաջացած վնասը պահուստների հանրագումարը գերազանցելու դեպքում հաշվեկշռի հրապարակման պահից երեսուն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` գերազանցող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում, Կենտրոնական բանկին է տրամադրում անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներ: Այդ մուրհակների մարումը կատարվում է Կենտրոնական բանկի պահանջի դեպքում՝ պետական բյուջեի հաշվին կամ սույն օրենքի 12 հոդվածի համաձայն:»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետի «պարտատոմսերի» բառը փոխարինել «մուրհակների» բառով:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին» բառերը փոխարինել «Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի ընդունած հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին» բառերով:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 17. | Տարեկան և եռամսյակային հաշվետվությունները |
1. Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը հրապարակում է նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է՝
ա) աուդիտորական կազմակերպության հաստատած ֆինանսական հաշվետվությունը.
բ) Կենտրոնական բանկի կառավարման վերաբերյալ դրույթները:
2. Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ հրապարակում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվություն:
Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ հրապարակում է Կենտրոնական բանկի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը:
3. Կենտրոնական բանկը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, նախորդող տասներկուամսյա ժամանակաշրջանի համար դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:
4. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարվա առաջին և երրորդ եռամսյակներին հաջորդող երկու ամսվա ընթացքում Ազգային ժողով է ուղարկում և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է առաջին և երրորդ եռամսյակներում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրերն ու այդ եռամսյակներին հաջորդող երկու ամսվա ընթացքում հրապարակված դրամավարկային քաղաքականության ծրագրերի կատարման հաշվետվությունները: Առաջին եռամսյակից հետո Ազգային ժողով ներկայացվող հաշվետվությանը կցվում է նաև Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
5. Սույն հոդվածով սահմանված հաշվետվություններում կարող են ներառվել նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ դրույթներ կամ տեղեկատվություն:»:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից՝ վեց տարի ժամկետով:»:
Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածում՝
ա) առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Կենտրոնական բանկի նախագահը կարող է պաշտոնից ազատվել կամովին՝ ազատվելու օրվանից երեսուն օր առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողովին: Տեղեկացնելու օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից Կենտրոնական բանկի նախագահը համարվում է պաշտոնից ազատված:».
բ) առաջին մասի երկրորդ պարբերությունը «Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամները» բառերից առաջ լրացնել «Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը,» բառերով.
գ) երկրորդ մասից հանել «նրա տեղակալին,» բառերը, «իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝» բառերից հետո ավելացնել «Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին,» բառերը:
Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի «ժ» կետը:
Հոդված 10. Օրենքի 52-րդ հոդվածի առաջին մասում՝
ա) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) արտարժույթով արտահայտված թղթադրամ և մետաղադրամ, ինչպես նաև օտարերկրյա կենտրոնական բանկերում և օտարերկրյա առաջնակարգ առևտրային բանկերում ցպահանջ և ժամկետային ավանդներ, ավանդային հավաստագրեր, հետադարձ գնման համաձայնագրեր.».
բ) «գ» կետի «Միջազգային Արժութային» բառերը փոխարինել «Արժույթի Միջազգային» բառերով.
գ) «դ» և «ե» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ) ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ և այլ ածանցյալ գործիքներ.
ե) այլ պետությունների, կենտրոնական բանկերի, պետությունների կողմից ուղղակի կամ անուղղակի երաշխավորված գործակալությունների կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների թողարկած ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով պարտատոմսեր, ակտիվներ, հիփոթեքով ապահովված արժեթղթեր:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից, բացառությամբ 1-ին, 2-րդ և 6-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 7-րդ հոդվածը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործող նախագահի և տեղակալի, իսկ 8-րդ հոդվածի «բ» և «գ» կետերը՝ գործող նախագահի տեղակալի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|