Գլխավոր տեղեկություն
Համար
N 1264-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2024-19.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2022 թվականի N 1264-Ն

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1. Հաստատել անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

12.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն հավելվածում կիրառվող հասկացությունները մեկնաբանվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին համապատասխան։

3. Անձնական օգնականի ծառայությունը մատուցվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

 

2. ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Անձնական օգնականի ծառայության հիմնական նպատակներն են՝

1) աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների և ազատությունների լիակատար իրականացմանը.

2) աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու, իրենց համայնքում ներառվելու, այդ թվում` հանրությանը հասանելի ծառայություններից օգտվելու իրավունքների իրականացմանը.

3) խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության՝ ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների և համակարգերի մատչելիությունը.

4) բացառել հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացումը համայնքից:

5. Անձնական օգնականի ծառայության հիմնական սկզբունքներն են՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների արժանապատվության նկատմամբ հարգանքը.

2) հաշմանդամություն ունեցող անձանց որոշումների նկատմամբ հարգանքը և իրազեկ համաձայնությունը.

3) հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների անձնական տվյալների գաղտնիությունը.

4) անձնական օգնականի պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և պարտականությունների կատարման նկատմամբ.

5) կամայական միջամտության անթույլատրելիությունը:

6. Անձնական օգնականի ծառայությունը, այդ թվում` անձնական օգնականի ընտրությունն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի, իսկ վերջինիս կամքը և ցանկությունը բացահայտելու անհնարինության դեպքում` օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:

7. Անձնական օգնականի ծառայությունն իրականացնելիս երաշխավորվում է հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) մասնակցությունը հաշմանդամություն ունեցող անձի հետ կապված ցանկացած որոշման կայացմանը:

8. Անձնական օգնականի ծառայությունն իրականացնելիս հայտնի դարձած անձնական տվյալները ենթակա են պաշտպանության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան:

9. Անձնական օգնականի ծառայությունն իրականացվում է համալիր եղանակով` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձի պահանջմունքների և կարիքների ամբողջական բավարարումը:

10.Անձնական օգնականի ծառայություն իրականացնելիս բացառվում է որևէ անձի կամ մարմնի, այդ թվում՝ անձնական օգնականի կամայական միջամտությունը հաշմանդամություն ունեցող անձի որոշումների կայացմանը:

11. Անձնական օգնականի ծառայությունը մատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 369-Լ որոշման N 2 հավելվածի 17-րդ կետով սահմանված անկախ կյանքի կենտրոնների (այսուհետ՝ անկախ կյանքի կենտրոն) կողմից, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգման ներքո։

 

3. ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, ով ունի անկախ կյանքի կենտրոնների կողմից անձնական օգնականի ծառայություն տրամադրելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տիրապետումը հավաստող վկայական։

13. Ընտանիքի անդամ հանդիսացող՝ հաշմանդամություն ունեցող ամուսինների, ծնողի, քրոջ, եղբոր, տատի, պապի, զավակի համար անձնական օգնականի ծառայություն մատուցող կարող է հանդիսանալ ընտանիքի անդամը, եթե սույն կետում նշված անձինք ունեն 10 և ավելի ժամ ծառայություն ստանալու կարիք՝ համաձայն ծառայությունների անհատական ծրագրի։

14. Ցանկացած անձ, ով բավարարում է սույն հավելվածի 12-13-րդ կետերով նախատեսված պահանջները, կարող է դիմել այդ կենտրոններին, մասնակցել վերապատրաստումներին և թեստավորման արդյունքում ստանալ անձնական օգնականի ծառայություն տրամադրելու իրավունքը հավաստող վկայական:

15. Անձնական օգնական չի կարող լինել այն անձը`

1) ով դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար, և դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, իսկ եթե հանցագործությունը կատարվել է անձնական օգնականի ծառայություն ստացող անձի հանդեպ՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից.

2) ով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ 27-րդ գլխով, 203-208-րդ հոդվածներով և 29-րդ գլխով նախատեսված հանցագործությունների համար՝ ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով.

3) ում նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում.

4) ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

5) ով անկախ կյանքի կենտրոնի կողմից հանվել է անձնական օգնականների ցուցակից պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 6-ի N 811-Ն որոշումներով հաստատված ցանկերում ներառված հիվանդություններ ունեցող անձը:

 

4. ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

16. Անձնական օգնականի ծառայությունը ներառում է՝

1) հաշմանդամություն ունեցող անձի խնամքը.

2) աջակցություն հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու):

17. Հաշմանդամություն ունեցող անձի խնամքը ներառում է օգնություն վերջինիս`

1) անձնական հիգիենան պահպանելու․

2) հագուստ կրելու և այն հանելու․

3) սնունդ ընդունելու․

4) բնական կարիքները հոգալու․

5) սեփական առողջությանը հետևելու, այդ թվում՝ դեղամիջոցներ ընդունելու, առողջ ապրելակերպ վարելու, բժշկական օգնություն ստանալու․

6) սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի գնումներ կատարելու․

7) կենցաղային աշխատանքներ կատարելու (սննդի պատրաստում, բնակարանի, օգտագործված իրերի, հագուստի մաքրություն)․

8) այլ գործողություններ կատարելու, որոնք անձի կարիքներից ելնելով կամրագրվեն կնքված պայմանագրում։

18. Սույն գլխի 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աջակցությունը ենթադրում է, որ անձնական օգնականը՝

1) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձին տեղաշարժվելու տանը և դրսում․

2) ուղեկցում է հաշմանդամություն ունեցող անձին որևէ վայր այցելության ժամանակ (կրթական, մշակութային, սպորտային միջոցառումների, խմբակների մասնակցելու, աշխատանքի վայր այցելելու և այլն)․

3) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձին հաղորդակցվելու, այդ թվում` վերջինիս ցանկությամբ կոնկրետ անձանց կամ մարմինների դիմելու, տեղեկություններ ներկայացնելու և ստանալու․

4) նկարագրում է հաշմանդամություն ունեցող անձին շրջակա միջավայրի հիմնական տեսողական, ձայնային և շոշափողական առանձնահատկությունները, աջակցում է որոշելու տարածության մեջ գտնվելու վայրը՝ տարածական կողմնորոշիչների միջոցով․

5) կատարում է պայմանագրում ներառված այլ գործողություններ:

19. Անձնական օգնականի ծառայություն ստացող շահառուներն են (այսուհետ՝ շահառու)՝

1) հենաշարժական, տեսողական և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունի 10-ից բարձր անապահովության միավոր։

20. Անձնական օգնական ունենալու համար շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է անկախ կյանքի կենտրոն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) շահառուի անձը հաստատող փաստաթուղթը, եթե դիմողն օրինական ներկայացուցիչն է, նաև իր անձը հաստատող փաստաթուղթը․

2) ծառայությունների անհատական ծրագիրը․

3) տեղեկանք ընտանիքների անապահովության գնահատման համակարգում անապահովության միավորի վերաբերյալ․

4) դիմում, որի մեջ նշվում են նաև շահառուի պահանջները՝ համաձայն սույն հավելվածի 17-րդ և 18-րդ կետերի:

21. Սույն հավելվածի 20-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դիմումը շահառուն կարող է ներկայացնել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։ Անձնական օգնականի ծառայություն նշանակելուն առնչվող ընթացակարգերը կսահմանվեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված՝ անկախ կյանքի կենտրոնների ստեղծման և գործունեության կարգում։

22․ Հաշմանդամություն ունեցող անձը (նրա օրինական ներկայացուցիչը) իրավունք ունի հրաժարվելու անձնական օգնականի ծառայությունից։

23. Անձնական օգնականն ընտրվում է հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից։

24. Պայմանագրի կատարման նկատմամբ մշտադիտարկումն իրականացվում է անկախ կյանքի կենտրոնների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված կարգով:

 

5. ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂԻ ԵՎ ԱՅՆ ՍՏԱՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Հաշմանդամություն ունեցող անձը (նրա օրինական ներկայացուցիչը) անձնական օգնականի ծառայության առնչությամբ ունի հետևյալ իրավունքները`

1) ստանալու տեղեկություններ անձնական օգնականի ծառայություն ստանալու իրավունքի, դրա իրականացման պայմանների և կարգի վերաբերյալ.

2) ստանալու պատշաճ, իր կյանքի և առողջության համար անվտանգ, իր կարիքներին համապատասխանող անձնական օգնականի ծառայություն.

3) մասնակցելու անձնական օգնականի ծառայության վերաբերյալ որոշումների կայացմանը.

4) ծառայությունների մատուցումից առաջ կամ ընթացքում անձնական օգնականին իր առանձնահատկություններից ելնելով որոշակի հմտությունների ուսուցանում.

5) համաձայնություն տալու կամ հրաժարվելու ինչպես անձնական օգնականի ծառայությունից, այնպես էլ այդ ծառայության իրականացման ընթացքում կատարվող գործողություններից.

6) առաջարկելու փոփոխություններ կատարել պայմանագրում կամ հրաժարվելու դրա կատարումից.

7) բողոքարկելու անձնական օգնականի ծառայության հետ կապված պետական մարմինների (պաշտոնատար անձանց) որոշումները, գործողություններն ու անգործությունը:

26. Հաշմանդամություն ունեցող անձը (նրա օրինական ներկայացուցիչը) անձնական օգնականի հետ հարաբերություններում պարտավոր է`

1) ներկայացնել անձնական օգնականի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ և հավաստի տվյալներ.

2) նպաստել անձնական օգնականի պարտականությունների պատշաճ կատարմանը և չխոչընդոտել դրանց.

3) հարգել անձնական օգնականի արժանապատվությունը և իրավունքները.

4) տեղեկացնել անձնական օգնականին, եթե նա համարվում է սույն հավելվածի 14-րդ կետում սահմանված անձ։

27. Անձնական օգնականը պարտավոր է`

1) բարեխղճորեն և անձամբ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները.

2) հարգանքով և հոգատարությամբ վերաբերվել հաշմանդամություն ունեցող անձին և նրա կայացրած որոշումներին.

3) անձնական օգնականի ծառայության մեջ ներառվող գործողությունները և դրանց կատարման նախընտրելի ձևերը համաձայնեցնել հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) հետ.

4) նպաստել հաշմանդամություն ունեցող անձի` անկախ կյանք վարելու և համայնքում ներառվելու իրավունքների իրացմանը.

5) իր պարտականությունների պատշաճ կատարման համար համագործակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և անկախ կյանքի կենտրոնների հետ, հաշմանդամություն ունեցող անձի կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի առաջացման կամ դրա հավանականության դեպքում դիմել համապատասխան մարմիններին.

6) չսահմանափակել և չխոչընդոտել հաշմանդամություն ունեցող անձին` իրականացնելու օրենքով նախատեսված իր իրավունքները` բացառությամբ վերջինիս կյանքին անմիջական վտանգ սպառնալու դեպքերի.

7) չհրապարակել և չօգտագործել ծառայությունների մատուցման ընթացքում հայտնի դարձած անձնական տվյալները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

28. Անձնական օգնականն իրավունք ունի՝

1) սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձին ծառայություն մատուցելու դեպքում ստանալ լրացուցիչ աջակցություն՝ անկախ կյանքի կենտրոնի համապատասխան աշխատողի և համայնքի իրավապահ մարմինների պարբերական այցելություն, աշխատանքային օրվա ընթացքում անկախ կյանքի կենտրոնի համապատասխան աշխատողի կողմից պարբերաբար ստանալ հեռախոսազանգեր․

2) մասնակցել անձնական օգնականի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման նպա- տակով կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. ԲԱԴԱԼՅԱՆ

         

 

12.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.06.2024, N 853-Ն 08.06.2024, N 1264-Ն
04.01.2024, N 30-Ն 19.01.2024, N 1264-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան