Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

              

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

             

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում      

Վարչական գործ թիվ ՎԴ/3082/05/20

2022 թ.    

Վարչական գործ թիվ ՎԴ/3082/05/20

Նախագահող դատավոր՝

 Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 04-ին

քննելով ըստ «Ռիո» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության, երրորդ անձինք «Տիտան Օիլ» ՍՊԸ-ի ու «Սիվաս» ՍՊԸ` վարչական ակտն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 04.07.2001 թվականի թիվ 694 որոշումը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 13.09.2001 թվականի թիվ 1081 որոշումն ու դրա հիման վրա 21.09.2001 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 25.05.2021 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին միջնորդության քննարկումը հետաձգելու մասին» որոշմամբ Ընկերության միջնորդությունը բավարարվել է` վիճարկման հայցադիմումը Դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.07.2021 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.05.2021 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ Լ. Նարիմանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի և 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, բավարարելով միջնորդությունը և վերականգնելով վիճարկման հայցադիմումը Դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը, որևէ կերպ չի պարզաբանել, մեկնաբանել և հիմնավորել իր հետևությունները, մինչդեռ դատական ակտում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, դատարանը պարտավոր է տալ դատական ակտի փաստական և իրավական հիմնավորումները։ Հայցվորը չի ապացուցել, որ հարգելի պատճառով է բաց թողել դատավարական ժամկետը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևանի Հրաչյա Քոչար փողոցին հարող տարածքում գտնվող բենզալցակայանի և դրանով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ «Սիվաս» ՍՊԸ-ի իրավունքներն ստացել են պետական գրանցում 20.06.2002 թվականին և դեռևս նշված ժամանակահատվածից քննարկման առարկա բենզալցման կայանը բնության մեջ արդեն իսկ առկա է եղել: Հետևաբար, վերջինիս ֆիզիկական գոյության պայմաններում, անկախ դրա ստեղծման հիմք հանդիսացած փաստաթղթերին այդ պահին Ընկերության տիրապետելու հանգամանքից` վերջինս ունեցել է տևական ժամանակ բացահայտելու, նախ, իրավունքի խախտման հանգամանքը, ապա նոր պարզելու խախտման հիմքերը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Երևանի Վ. Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը գրանցվել է 10.11.2017 թվականին, մինչդեռ վեճի առարկա գույքը՝ բենզալցման կայանը, բնության մեջ առկա է եղել մինչև Ընկերության իրավունքը ծագելը, և տվյալ տարածքում գույքը ձեռք բերելիս ու քաղաքաշինական գործունեություն՝ առևտրի կենտրոնի կառուցման աշխատանքներ իրականացնելիս, վեճի առարկա գույքի առկայությունը որևէ խոչընդոտ չի հարուցել (առաջացրել) Ընկերության համար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Ընկերությունը, տեղյակ լինելով վեճի առարկա բենզալցման կայանի՝ բնության մեջ գոյության փաստի մասին, մինչև 2020 թվականը որևէ միջոց չի ձեռնարկել տվյալ կառույցի կառուցման հիմքերի, կառուցապատման հիմքերում դրված ամբողջ իրավական տեղեկատվությունը և փաստաթղթերը ձեռք բերելու համար, այսինքն՝ որևէ գործողություն չի ձեռնարկել իր ենթադրաբար խախտված իրավունքների պաշտպանության համար:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու համար դատավարական ժամկետը հաշվարկման է ենթակա վեճի առարկա հանդիսացող բենզալցակայանի՝ բնության մեջ առկա լինելու փաստի մասին Ընկերության տեղեկանալու պահից կամ այն պահից, երբ Ընկերությունն իրականացրել է իր իրավունքներից բխող գործողություններ, այն է՝ թիվ ԵԴ/45767/02/19 քաղաքացիական գործի հարուցման հիմք հայցադիմումը ներկայացնելը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 26.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` մերժել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքի քննության շրջանակներում վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը՝

արդյո՞ք վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը կարող է վերականգնվել այն պարագայում, երբ հայցադիմումը ներկայացվել է դրա իրավունքը վարչական ակտը կայացնելու պահի դրությամբ ակնհայտորեն չունեցող անձի կողմից:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը: ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե´ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արտահայտել է այն տեսակետը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե ոչ (տե´ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը, «Լուվի» ՍՊԸ-ի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել նույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն նույն օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջ է հանդիսանում նաև հայցադիմումը դատավարական ժամկետներում ներկայացնելը:

Այսպես՝

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է՝ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը՝ ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Միևնույն ժամանակ օրենսդիրը հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով (տե´ս, Նարինե Չարչյանը և մյուսներն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11139/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2021 թվականի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ է սահմանել նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված սուբյեկտների համար, այդ հարցի լուծումը պայմանավորելով վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-60-րդ հոդվածներում ամրագրված կարգավորումներով օրենսդիրը պայմանավորել է ակտի ընդունման մասին վարույթի մասնակիցներին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելու հանգամանքով:

Միաժամանակ, նույն որոշմամբ անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 53-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտը բնորոշող հատկանիշներից արտաքին ներգործությունը կարող է վերաբերելի լինել միայն այն անձանց, ովքեր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ վարչական վարույթի մասնակիցներ: Մասնավորապես, վարչական ակտը կարող է առնչվել միայն վարչական ակտի հասցեատիրոջը և (կամ) վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող այն անձանց, ովքեր վարչական ակտի ընդունման պահին ունեն որոշակի իրավունքներ կամ օրինական շահեր, որոնք կարող են շոշափվել այդ վարչական ակտով։ Վարչարարությունն իրականացնելիս վարչական մարմինները պարտավոր են գործել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները ոչ իրավաչափ վարչական ակտով չխախտելու, այդ իրավունքների ու ազատությունների իրականացման համար խոչընդոտներ չհարուցելու, դրանց իրականացման համար Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով անհրաժեշտ պայմաններ ապահովելու և նրանց վրա ոչ իրավաչափորեն որևէ պարտականություն չդնելու հաշվառմամբ: Ընդ որում, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները պետք է առկա լինեն վարչական ակտն ընդունելու պահի դրությամբ, քանի որ օբյեկտիվորեն հնարավոր չէ կանխատեսել ապագայում ձեռք բերվող իրավունքների ու օրինական շահերի վրա այդ ակտի արտաքին ներգործություն ունենալու հանգամանքը: Նշվածը հիմնավորվում է նաև նրանով, որ վարչական մարմինը ոչ միայն պարտավորություն ունի վարչական վարույթում ներգրավել այն անձանց, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, այլ նաև՝ գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում վարչական մարմինը պարտավոր է հանձնել վարույթի մասնակիցներին, հետևաբար այդ ակտը չի կարող հանձնվել այնպիսի անձի, ով վարչական ակտն ընդունելու պահին չունի վարչական ակտով շոշափվող իրավունքներ կամ օրինական շահեր:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վարչական ակտը որևէ ձևով չի կարող առնչվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վարչական վարույթի մասնակիցներ չհանդիսացող անձանց, ուստիև վարչական ակտի ուժի մեջ մտնելու կանոնը վերաբերելի չի կարող լինել վարչական ակտի հասցեատեր կամ վարչական ակտի ընդունման պահին որոշակի իրավունքներ կամ օրինական շահեր չունեցող անձանց:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վարչական վարույթի մասնակիցներ չհանդիսացող անձանց կողմից վիճարկման հայց ներկայացնելու պարագայում դատավարական ժամկետների հաշվարկման, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու իրավական հնարավորությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ արձանագրել է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից հետևում է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Այսինքն՝ դատավարական գործողությունները պետք է կատարվեն դատավարական ժամկետների ընթացքում, իսկ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով ենթակա է մերժման, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ 

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ` վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հարցին հնարավոր է անդրադառնալ միայն այն պարագայում, եթե անվիճելի է, որ հայցադիմումը ներկայացվել է «իրական (ռեալ)» իրավունքներ ունեցող սուբյեկտի կողմից:

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարել ընդգծել, որ վարչական ակտի արտաքին ներգործությունը կարող է տարածվել միայն վարչական ակտի հասցեատիրոջ և (կամ) վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող այն անձանց վրա, ովքեր վարչական ակտի ընդունման պահին ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ, որոնք խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել այդ վարչական ակտով: Ըստ այդմ, վերջիններս էլ հանդիսանում են վիճարկման հայց հարուցելու «իրական (ռեալ)» իրավունքներ ունեցող սուբյեկտներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցադիմումի ընդունումը մերժելու այն հիմքին, որ հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ ընդգծել է, որ հայցադիմում ներկայացնելու իրավունքի ակնհայտ բացակայության պարագայում դատարանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է մերժել դրա ընդունումը: Օրենսդիրը նման իրավակարգավորմամբ իրավացիորեն խուսափել է ոչ տեղին ու քննության ոչ ենթակա գործերի հետազոտությունից, ինչը հանգեցնում է դատարանի ավելորդ և անհիմն ծանրաբեռնվածության և դատարանի վարույթում գտնվող մյուս գործերի քննության ձգձգումների: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված «ակնհայտություն» եզրույթն իրենից ներկայացնում է անմիջապես աչքի զարնող, առաջին իսկ դիտարկման պահին երևացող, աչքի ընկնող և ոչ մի կերպ չվրիպող ու կասկած չհարուցող ակներևություն: Այսինքն` սույն իրավական կարգավորումը կարող է վերաբերել միայն հայցադիմում ներկայացնելու` չափազանց պարզորոշ, միանշանակ և հստակ իրավունք չունենալուն, երբ դատարանն աներկբայորեն և հիմնավոր կերպով գտնում է, որ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդպիսի հայցադիմում ներկայացնելու իրավունք չուներ:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ակնհայտորեն նման իրավունք չունեցող անձի կողմից հայցադիմում ներկայացվելու պարագայում հայցադիմումը վարույթ չի ընդունվում, քանի որ վարչական դատավարությունում հայցադիմումի ընդունելիության փուլում ինչպես բուն հայցադիմումի, այնպես էլ դրան կից փաստաթղթերի ընդհանրական ուսումնասիրությունն ակնհայտորեն ցույց են տալիս, որ հայցվորն այդ գործով շահագրգիռ անձ չի հանդիսանում (տե´ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը, «Լուվի» ՍՊԸ-ի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայց հարուցելու «իրական (ռեալ)» իրավունքներ ունեցող սուբյեկտներ են վարչական ակտի հասցեատեր հանդիսացող և/կամ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող, սակայն վարչական ակտի ընդունման պահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ ունեցող անձինք, իսկ նշված պայմաններին չբավարարող սուբյեկտները չեն հանդիսանում իրենց համար ներգործող ազդեցություն չունեցող վարչական ակտը վիճարկելու իրավունք ունեցող «շահագրգիռ անձինք»: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի ընդունումից հետո միայն որոշակի իրավունքներ ձեռք բերած սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու իրավունք չունենալը չափազանց պարզորոշ, միանշանակ և հստակ է, անմիջապես աչքի է զարնում, առաջին իսկ դիտարկման պահին երևում, աչքի է ընկնում և ոչ մի կերպ չի կարող վրիպել ու կասկած հարուցել, քանի որ վիճարկվող վարչական ակտով այն ընդունող վարչական մարմինը որևէ կերպ չէր կարող խախտել վարչական ակտի ընդունման պահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ չունեցող անձի իրավունքները, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով նման անձի կողմից ներկայացված վիճարկման հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման, որպես այն ներկայացնելու իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված, որպիսի պարագայում դատավարական ժամկետների հարցն այլևս ենթակա չէ քննարկման (տե´ս, Նարինե Չարչյանը և մյուսներն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11139/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վիճարկման հայցը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունները քննարկելիս նախ անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք հայցը ներկայացվել է նման իրավունք ունեցող անձի կողմից, և բոլոր այն դեպքերում, երբ պարզվում է, որ հայցը ներկայացվել է նման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, ապա հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հարցն այլևս ենթակա չէ քննության և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ պետք է կայացվի հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, կամ եթե հայցադիմումն արդեն իսկ ընդունվել է վարույթ, ապա, ղեկավարվելով նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ ենթակա կլինի կարճման գործի վարույթը:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետի 04.07.2001 թվականի թիվ 694 որոշման 1-ին կետով Երևանի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 32 շենքին հարող տարածքում «Սիվաս» ՍՊԸ-ին պատկանող բենզալցման տաղավարի զբաղեցրած 20քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով թողնվել է «Սիվաս» ՍՊԸ-ի օգտագործմանը: Միաժամանակ, նույն որոշման 4-րդ կետով Երևանի քաղաքապետը Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությանը լիազորել է իր անունից կառուցապատողի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 82):

Երևանի քաղաքապետի 13.09.2001 թվականի թիվ 1081 որոշմամբ վերը նշված որոշման 1-ին կետում կատարվել է փոփոխություն, և վարձակալության ժամկետը 10 տարվա փոխարեն սահմանվել է 20 տարի (հատոր 1-ին, գ.թ. 83):

Նշված որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության և «Սիվաս» ՍՊԸ-ի միջև 21.09.2001 թվականին կնքվել է հողի վարձակալության պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 84-87):

10.11.2017 թվականին գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը Երևանի Արաբկիրի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի նկատմամբ, որի հիման վրա վերջինիս տրվել է թիվ 10112017-01-0019 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 16):

Ընկերությունը 20.05.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 04.07.2001 թվականի թիվ 694 որոշումը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 13.09.2001 թվականի թիվ 1081 որոշումն ու դրա հիման վրա 21.09.2001 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը: Միաժամանակ, Ընկերությունը հայցադիմումում նշել է, որ վիճարկվող վարչական ակտի գոյության մասին իրազեկվել է ՀՀ կադաստրի կոմիտեի 06.03.2020 թվականի թիվ ԱՏ-06032020-01-0438 գրությունից, իր կողմից 23.03.2020 թվականին Երևանի քաղաքապետարան ներկայացվել է վարչական բողոք՝ Երևանի քաղաքապետի 04.07.2001 թվականի թիվ 694 որոշումն անվավեր ճանաչելու մասին, որը քննվել և մերժվել է 08.05.2020 թվականի թիվ 20/1-41616 գրությամբ, ուստի հայցադիմումը ներկայացվում է դատավարական ժամկետների պահպանմամբ (հատոր 1-ին, գ.թ. 2-40)։

Դատարանը 27.05.2020 թվականին նաև որոշում է կայացրել Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 47, 48)։

Երրորդ անձ «Սիվաս» ՍՊԸ-ն ներկայացրել է հայցադիմումի պատասխան՝ խնդրելով կա՛մ կարճել վարչական գործի վարույթը, կա՛մ հայցը մերժել նաև այն հիմքով, որ Ընկերությունը բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը (հատոր 2-րդ, գ.թ. 48-56):

Ընկերությունը ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն` նշելով, որ վիճարկվող որոշման մասին տեղեկացել է ՀՀ կադաստրի կոմիտեից 06.03.2020 թվականին ստացված փաստաթղթերն ուսումնասիրելիս, որի արդյունքում է միայն համոզմունք ձևավորվել, որ իր իրավունքների խախտման անմիջական հնարավորությունն առաջացել է բենզալցակայանի համար անհրաժեշտ հողամասը վարձակալության տրամադրելու մասին որոշմամբ: Ինքը վիճարկվող որոշման հասցեատեր չի հանդիսացել, պարտավոր չէր և չէր կարող դեռևս 2001 թվականին տեղյակ լինել դրա առկայության մասին (հատոր 2-րդ, գ.թ. 72-76):

Դատարանը 25.05.2021 թվականին որոշում է կայացրել Ընկերության միջնորդությունը բավարարելու և վիճարկման հայցադիմումը Դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ «միջնորդությունների ուսումնասիրության արդյունքում Դատարանը գալիս է այն հետևության, որ հայցվորի կողմից բաց է թողնվել հայցադիմումը Դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը», «հայցվորի կողմից Դատարան ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա է բավարարման», «հայցվորը, չհանդիսանալով վիճարկվող որոշման հասցեատեր, պարտավոր չէր և չէր կարող դեռևս 2001 թվականին տեղյակ լինել դրա առկայության մասին: Դատարանի գնահատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հայցվորի մոտ ողջամտորեն կարող էր համոզմունք ձևավորվել, որ իր իրավունքների խախտման անմիջական հնարավորությունն առաջացել է բենզալցակայանի համար անհրաժեշտ հողամասը վարձակալության տրամադրելու մասին որոշմամբ: Այլ կերպ ասած՝ հայցվորը, իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին տեղեկանալով 06.03.2020 թվականին ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթերից, թեև իր իրավունքների մշտական խախտման առկայությանը, այնուամենայնիվ դրանից պաշտպանվելու հնարավորությունը հայցվորի մոտ ծագել է իրավունքների ենթադրյալ խախտման հիմք հանդիսացող փաստաթուղթը ձեռք բերելով, որից հետո ձեռնարկել է որոշակի միջոցներ իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այն է՝ 23.03.2020 թվականին պատասխանողին ներկայացրել է վարչական բողոք՝ խնդրելով անվավեր ճանաչել վիճարկվող որոշումը, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանի 08.05.2020 թվականի թիվ 20/141616 գրությամբ բողոքն ըստ էության մերժվել է: Իրավունքների պաշտպանությանն ուղղված վերոհիշյալ գործողություններից հետո հայցվորը 20.05.2020 թվականին սույն հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան»:

Վերաքննիչ դատարանի 26.07.2021 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ նաև այն պատճառաբանությամբ, որ Ընկերության սեփականության իրավունքը գրանցվելու պահին բենզալցակայանի գոյություն ունենալը որևէ կերպ չի կարող բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի չհամարելու հիմք հանդիսանալ, քանի որ բենզալցակայանի գոյություն ունենալը դեռևս չի նշանակում, որ հայցվոր կողմը պետք է տիրապետեր այն բոլոր փաստաթղթերին և ամբողջ իրավական տեղեկատվությանը, որը դրված է եղել դրա կառուցումն իրականացնելու հիմքում:

 

Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով վիճարկվող՝ Երևանի քաղաքապետի թիվ 694 որոշումն ընդունվել է 04.07.2001 թվականին, մինչդեռ Երևանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի նկատմամբ սեփականության իրավունքն Ընկերությունը ձեռք է բերել միայն 10.11.2017 թվականին: Այսինքն, 04.07.2001 թվականին ընդունված թիվ 694 որոշմամբ Երևանի քաղաքապետը որևէ կերպ չէր կարող խախտել գրեթե 16 տարի անց սեփականության իրավունք ձեռք բերած անձի իրավունքները: Այլ կերպ ասած՝ սույն գործով վիճարկվող վարչական ակտն արտաքին ներգործություն չունի դրա ընդունման պահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ չունեցող անձ Ընկերության վրա, հետևաբար, Երևանի քաղաքապետի 04.07.2001 թվականի թիվ 694 որոշումը վիճարկելու իրավունք Ընկերությունն ակնհայտորեն չունի, ինչն ակներև է: Ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը ենթակա է եղել մերժման, որպիսի պարագայում դատավարական ժամկետների հարցն այլևս ենթակա չի եղել քննարկման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածին 2-րդ մասի կիրառմամբ չէր կարող վերականգնվել, քանի որ հայցադիմումը ներկայացրել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասով վերացնել ՀՀ վարչական դատարանի 25.05.2021 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին միջնորդության քննարկումը հետաձգելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական: