Գլխավոր տեղեկություն
Համար
N 1222-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1222-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին» N 1238-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի և 67-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 113-117-րդ հոդվածները, ինչպես նաև 120-րդ հոդվածը և 123-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացը կանոնակարգելու շրջանակներում զուտ շահույթին ավելացումների որոշման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազայի ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումների մասին հիմնական հասկացություններն օգտագործվում են նույն իմաստով:».

3) որոշման 4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի չափով: Ընդ որում, գործուղվողի` գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի առավելագույն չափը սահմանվում է 30.0 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գումարը չգերազանցող գումարի չափով.».

4) որոշման 4-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար` 12.0 հազ. դրամի չափով։ Շինարարություն իրականացնող ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված՝ տվյալ ամսվա աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը.».

5) որոշման 4-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) ներկայացուցչական ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5.0 մլն դրամը.».

6) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ»-«ժդ» ենթակետերով.

«ժ) վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների չափով (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսների գումարների), բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարները.

ժա) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով ֆինանսական տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարների չափով, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)՝ ֆինանսական տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության կրկնապատիկը։ Ֆինանսական տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի բացասական մեծության դեպքում բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հարկային տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարները շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում.

ժբ) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների չափով, բացառությամբ, եթե այդ վարկերի և (կամ) փոխառությունների գումարներն անտոկոս տրամադրվում են այլ կազմակերպություններին։ Եթե բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գումարների հաշվին այլ կազմակերպություններին տրամադրված փոխառությունների գծով ստացվող տոկոսների գումարները գերազանցում են ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, ապա գերազանցող մասը շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համարվում է համախառն եկամտի մաս.

ժգ) ընկերության կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարների չափով, բացառությամբ՝ եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ կազմակերպություններին: Եթե ընկերության կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները գերազանցում են այդ հիմնական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվներն այլ կազմակերպությունների ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող վարձակալական վճարները, ապա գերազանցող մասը շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում.

ժդ) վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 7.5 տոկոսը:».

7) որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պետական կամ համայնքների բյուջեներ կամ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ գումարների մասով օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող և վճարվող տույժերը, տուգանքները և այլ գույքային պատժամիջոցները.».

8) որոշման 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, ներած պարտավորությունները, բացառությամբ՝

ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ ֆինանսական տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը.

գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, առողջապահական կազմակերպություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջապահական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով հաստատված պայմանագրային գումարների փաստացի ծավալներից ավելի կատարված (նույն թվում 10 տոկոս ռիսկի գոտու շրջանակներում), սակայն կողմերի միջև կնքված պայմանագրերի հիմքով պատվիրատուի կողմից չֆինանսավորվող աշխատանքների արժեքն ամբողջությամբ.».

9) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» ենթակետով.

«է) շահութաբաժին վճարողի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի՝ գործուղման հետ չկապված կեցության ծախսերը (մասնավորապես, այդ ֆիզիկական անձի համար վարձակալված բնակարանի կամ առանձնատան վարձակալական վճարները, վարձակալության պայմանագրով նախատեսված` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռախոսի վճարները և այլ կոմունալ ծախսերը)՝ անկախ շահութահարկ վճարողի և այդ ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերում շահութահարկ վճարողի կողմից այդ ծախսերը կատարելու պարտավորություն ստանձնած լինելու հանգամանքից, բացառությամբ, երբ շահութաբաժին վճարողի և ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված է, որ ֆիզիկական անձի աշխատավարձը կամ վարձատրությունը ներառում է նաև վերոնշյալ ծախսերը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2022 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունքներով պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում ձևավորվող շահութաբաժինների հիման վրա 2023 թվականից սկսած՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում զուտ շահույթին ավելացումների որոշման, ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազայի ճշգրտման և պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

05.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2022 թվական: