ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 19 |
քաղ. Երևան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցություն իրականացնելու կարգի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հաստատել կից ներկայացվող՝ 2020 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 19 որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության 2020 թվականի միջազգային գործունեության
Սույն հիմնական ուղղություններում սահմանվել են 2020 թվականի համար Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) միջազգային գործունեության առանցքային վեկտորներն ու գործնական առաջնահերթությունները։
Փաստաթուղթը նախապատրաստվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) առաջարկների, այդ թվում՝ Միության մարմիններում դրանց նախագահության ընթացքում նախաձեռնությունների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության 2018 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրագործման մասին զեկույցի եզրահանգումները։
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հռչակագրին համապատասխան՝ սույն հիմնական ուղղությունների իրագործմամբ պետք է ապահովվի Միության ձևավորումը որպես անդամ պետությունների միջև, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների հետ փոխշահավետ և իրավահավասար համագործակցության համար բաց, ժամանակակից աշխարհի զարգացման ամենանշանակալից կենտրոններից մեկը, և փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, այդ թվում՝ «ինտեգրումների ինտեգրում» գաղափարի և Մեծ եվրասիական գործընկերության մասով, որի բաղկացուցիչ մասերն են Միության զարգացման և չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության զուգակցմանն ուղղված նախագծերի իրագործումը, ինչպես նաև առանցքային տարածաշրջանային տնտեսական միավորումների և Եվրասիայի խոշորագույն ազգային տնտեսությունների հետ փոխգործակցության խորացումը։
Միության միջազգային գործունեության նպատակների և խնդիրների հաջող իրագործմանը կնպաստի անդամ պետությունների ներգրավումը տնտեսական հարաբերությունների համաշխարհային ճարտարապետության մեջ, այդ թվում՝ անդամ պետությունների տնտեսական զարգացման նպատակներով արտահանման աշխարհագրությունը և ծավալներն ընդլայնելու, անդամ պետությունների տնտեսավարման սուբյեկտներին միջազգային արտադրական շղթաներում ընդգրկելու, նոր համագործակցային կապեր ստեղծելու, օտարերկրյա ներդրումներ և տեխնոլոգիաներ ներգրավելու միջոցով։
2020 թվականին Միության կողմից միջազգային գործունեություն իրականացնելիս առաջնահերթ են հետևյալ ուղղությունները`
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հետ համագործակցության խորացում.
Եվրոպական միության (ԵՄ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ), «Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն» (ԱԽՏՀ) ֆորումի, այլ առանցքային տարածաշրջանային տնտեսական միավորումների և Եվրասիայի խոշորագույն ազգային տնտեսությունների հետ՝ առաջընթաց և փոխշահավետ համագործակցություն նախատեսող համակարգային երկխոսության ձևավորում.
այն երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացում, որոնց հետ փոխգործակցությունը փոխադարձ տնտեսական շահ է ներկայացնում, այդ թվում՝ առանձնաշնորհային, ոչ առանձնաշնորհային համաձայնագրեր, ինչպես նաև հուշագրեր կնքելու միջոցով.
այն երրորդ երկրների շուկաներում անդամ պետությունների արտահանողների ներկայության ընդլայնում, որտեղ անդամ պետությունների ապրանքներն ու ծառայությունները բավարար չափով ներկայացված չեն։
I. Փոխգործակցություն երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ՝ հանուն համագործակցության առկա մեխանիզմների զարգացման
2020 թվականին միջազգային գործունեության բնագավառում Միության հիմնական ջանքերը կենտրոնացված կլինեն համագործակցության արդեն ստեղծված մեխանիզմների զարգացման վրա՝
միջազգային կազմակերպությունների հետ՝
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համակարգի կազմակերպությունների հետ, այդ թվում՝ տարածաշրջանային հանձնաժողովների հետ՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ), Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի (ԱԽՏՍՀ) և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի (ԼԱԿՏՀ), ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունների հետ՝ Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ), Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ), Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ), Առևտրի և զարգացման հարցերով ՄԱԿ-ի համաժողովի (ՄԱԱԶՀ) հետ՝ որպես ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի մարմին, և այլ կազմակերպությունների հետ՝ համագործակցության հուշագրերի և համատեղ դիմումների դրույթներն իրագործելու նպատակով.
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ ԱՀԿ-ի աշխատանքային մարմինների, աշխատանքային խմբերի և մշտական կոմիտեների աշխատանքին, Միության իրավասության շրջանակներում գտնվող միջոցների՝ առաջին հերթին Միության շրջանակներում ազգային և վերազգային իրավասության բաշխմանը համապատասխան՝ Միության ներքին շուկայի պաշտպանության միջոցների մասով ԱՀԿ-ի վեճերի լուծման ընթացակարգերին մասնակցելու միջոցով, ինչպես նաև Միության իրավասության շրջանակներում ԱՀԿ-ի առանձին մարմիններում Միության կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու համար աշխատանքները շարունակելու միջոցով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներին համապատասխան.
Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ՝ Միության իրավասության սահմաններում դրա աշխատանքային և կառավարչական մարմինների գործունեությանը, ՀՄԿ-ի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցելու միջոցով, ինչպես նաև անդամ պետությունների աջակցությամբ այդ կազմակերպության աշխատանքին Միության լրիվ ձևաչափով մասնակցության մասին երկխոսության շրջանակներում.
Միջազգային առևտրային կենտրոնի հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առևտրի միջազգային կենտրոնի միջև 2019-2020 թվականների համագործակցության ծրագրի հիմնական դրույթների իրագործման նպատակներով.
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության մասին» 2013 թվականի ապրիլի 12-ի հուշագրին համապատասխան՝ միգրացիայի, նորմատիվ փաստաթղթերի մշակման և աշխատանքային միգրացիայի գործընթացների իրավական կարգավորման առաջատար փորձի ուսումնասիրման ոլորտում կոնկրետ խնդրահարույց ասպեկտների լուծման վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով համատեղ միջոցառումներ և փորձագիտական խորհրդակցություններ անցկացնելու, ինչպես նաև տեղեկատվական ու վերլուծական նյութեր փոխանակելու միջոցով.
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԲ) հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2014 թվականի հունվարի 10-ի հուշագրի իրագործման և դրա իրագործման՝ 2018-2020 թվականների միջոցառումների պիլոտային ծրագրի շրջանակներում.
Կենսաթոշակային և սոցիալական ֆոնդերի միջազգային ասոցիացիայի (ԿՍՖՄԱ) հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Կենսաթոշակային և սոցիալական ֆոնդերի միջազգային ասոցիացիայի միջև համագործակցության մասին» 2018 թվականի փետրվարի 20-ի հուշագրին համապատասխան՝ Միության իրավասության շրջանակներում ԿՍՖՄԱ-ի աշխատանքային խմբերի գործունեությանը, ինչպես նաև տվյալ ասոցիացիայի մասով միջոցառումներին մասնակցելու միջոցով.
«Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա. արհմիությունների միջազգային միավորում» (ԱՀԿ) հասարակական կազմակերպության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա. արհմիությունների միջազգային միավորում» հասարակական կազմակերպության միջև համագործակցության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 25-ի հուշագրին համապատասխան՝ անդամ պետությունների սոցիալ-աշխատանքային ոլորտի արդյունավետ կարգավորման համար պայմանների ստեղծման նպատակով փոխգործակցություն իրականացնելու միջոցով.
ստանդարտացման, հավատարմագրման և չափագիտության ոլորտներում միջազգային կազմակերպությունների հետ՝ կնքված հուշագրերի և փոխգործակցության այլ ձևերի շրջանակներում՝ համագործակցության մեխանիզմների հետագա զարգացման նպատակով.
տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝
Անկախ պետությունների համագործակցության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության մասին» 2012 թվականի դեկտեմբերի 17-ի հուշագրին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության խորացման մասին» 2018 թվականի նոյեմբերի 27-ի հուշագրին համապատասխան.
Միութենական պետության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միութենական պետության մշտական կոմիտեի միջև փոխըմբռնման մասին» 2012 թվականի դեկտեմբերի 13-ի հուշագրին համապատասխան.
Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ), Անդյան համայնքի գլխավոր քարտուղարության, Լատինաամերիկյան տնտեսական համակարգի (ԼԱՏՀ), Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) և Խաղաղօվկիանոսյան դաշինքի (ԽԴ) հետ՝ փոխըմբռնման (համագործակցության) մասին հուշագրերի (հռչակագրի) իրագործման շրջանակներում.
երրորդ երկրների հետ՝
Մոլդովայի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության միջև համագործակցության մասին» 2017 թվականի ապրիլի 3-ի հուշագրին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Մոլդովայի Հանրապետության՝ որպես Միությանը կից դիտորդ պետության կարգավիճակը.
Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Ինդոնեզիայի Հանրապետության, Կամբոջայի Թագավորության, Կուբայի Հանրապետության, Մարոկկոյի Թագավորության, Մոնղոլիայի, Պերուի Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության, Թաիլանդի Թագավորության, Ֆարերյան կղզիների և Չիլիի Հանրապետության կառավարությունների հետ՝ համագործակցության (փոխըմբռնման) մասին հուշագրերի (հռչակագրերի) իրագործման շրջանակներում՝ շեշտը դնելով տվյալ հուշագրերին համապատասխան ձևավորվող և գործող համատեղ աշխատանքային խմբերի անցկացման գործելակերպը զարգացնելու, ինչպես նաև անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի, ինչպես նաև անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչներին դրանց աշխատանքին ներգրավելու վրա, այդ թվում՝ ճյուղային համագործակցությունն ակտիվացնելու նպատակով՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունը։
Անդամ պետություններն օժանդակություն կցուցաբերեն կնքված հուշագրերի շրջանակներում ֆորումների, համաժողովների, կլոր սեղանների և այլնի անցկացմանը՝ անդամ պետությունների գործարար համայնքների և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունների ձևավորման ընթացքում տեղեկատվություն տրամադրելու և աջակցության միջոցով.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրին և «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման մասին» 2019 թվականի հունիսի 6-ի համաձայնագրին համապատասխան.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան.
Սերբիայի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագրին (պլանավորվում է ստորագրել 2019 թվականին) համապատասխան.
Սինգապուրի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագրին (պլանավորվում է ստորագրել 2019 թվականին) համապատասխան, ինչպես նաև ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների կատարման մասին երկկողմ համաձայնագրերի շրջանակներում, որոնք պլանավորվում են կնքվել անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև.
Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրին համապատասխան։
Կշարունակվի երրորդ երկրների ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը՝ այդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցերով՝ ներառյալ հանդիպումները և խորհրդակցությունները, այդ թվում՝ երրորդ երկրների տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման թեմայով.
երրորդ երկրների հետ միջգերատեսչական ձևաչափով՝
Արգենտինայի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Արգենտինայի Հանրապետության արտադրության և աշխատանքի նախարարության ագրոարդյունաբերության գծով կառավարական քարտուղարության միջև ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում համագործակցության մասին» 2019 թվականի օգոստոսի 1-ի փոխըմբռնման հուշագրին համապատասխան.
Հունգարիայի հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման մասին» 2016 թվականի սեպտեմբերի 26-ի հուշագրին համապատասխան.
Կորեայի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության պետական գնումների ծառայության միջև փոխըմբռնման մասին» 2015 թվականի հոկտեմբերի 22-ի հուշագրին համապատասխան.
Մոնղոլիայի հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների ոլորտում մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության միջև համագործակցության մասին» 2017 թվականի հոկտեմբերի 4-ի հուշագրին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի ստանդարտի ու չափագիտության գործակալության միջև տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման ոլորտում համագործակցության մասին» 2017 թվականի հոկտեմբերի 4-ի հուշագրին համապատասխան.
Էկվադորի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Էկվադորի Հանրապետության արտաքին առևտրի և ներդրումների նախարարության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման մասին» 2017 թվականի նոյեմբերի 24-ի հուշագրին համապատասխան, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Էկվադորի Հանրապետության արտաքին առևտրի և ներդրումների նախարարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ կոմիտեի գործունեության շրջանակներում։
II. Համագործակցություն հնարավոր գործընկերների հետ, որոնց հետ Միությունն առաջնահերթ կարգով ձգտում է խորացնել կապերը
Կշարունակվեն փոխգործակցության զարգացման համար ինստիտուցիոնալ հիմքի ձևավորման աշխատանքները՝
երրորդ երկրների հետ՝
Ուզբեկստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և մյուս այնպիսի երկրների հետ, որոնց հետ համագործակցությունը տնտեսական շահ է ներկայացնում, մասնավորապես համագործակցության մասին հուշագրեր կնքելու նպատակով բանակցային գործընթացի շրջանակներում՝ նկատի ունենալով երրորդ երկրների նախաձեռնությունն ու անդամ պետությունների առաջարկները, հաշվի առնելով Միության մարմիններում անդամ պետությունների նախագահության շրջանակներում առաջ քաշվող առաջնահերթություններն ու նախաձեռնությունները.
Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման շուրջ բանակցությունների շրջանակներում։
Կշարունակվեն ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին երրորդ երկրների հետ Միության միջազգային պայմանագրերի կնքման աշխատանքները, և կձևավորվի երկրների ցանկ՝ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման նպատակահարմարության ուսումնասիրման հարցերով համատեղ հետազոտական խմբեր ստեղծելու համար.
տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝
Եվրոպական միության (ԵՄ) հետ՝ ԵԱՏՄ-ԵՄ ձևաչափով երկխոսության հաստատման և Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական միության այլ վերազգային մարմինների և եվրոպական տարածաշրջանի պետությունների կառավարությունների հետ ճյուղային փոխգործակցության զարգացման միջոցով համագործակցության ինստիտուցիոնալացման, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, սպառողների իրավունքների պաշտպանության, մաքսային վարչարարության, մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, տնտեսական առևտրային վեճերի կարգավորման (հաշտարարության) և ներքին շուկայի գործունեության, սանիտարական և բուսասանիտարական հսկողության, դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության, մտավոր սեփականության ոլորտներում, ինչպես նաև եվրասիական խնդիրների վերաբերյալ՝ ինչպես անդամ պետությունների տարածքներում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս կազմակերպվող հանրային միջոցառումներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցության ակտիվացում.
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ՝ առավել սերտ գործնական համագործակցություն հաստատելու մասով՝ փոխգործակցության մասին շրջանակային փաստաթուղթ ստորագրելու միջոցով.
«Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն» (ԱԽՏՀ) ֆորումի, Ինտեգրման լատինաամերիկյան ասոցիացիայի (ԻԼԱ), Կարիբյան համայնքի (ԿԱՐԻԿՈՄ), Աֆրիկյան միության (ԱՄ), Աֆրիկայի հարավի զարգացման համայնքի (ՍԱԴԿ), Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) և այլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հաստատման և փոխգործակցության զարգացման նպատակով.
միջազգային կազմակերպությունների հետ՝
Միավորված ազգերի կազմակերպության համակարգի կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Միությանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին կից դիտորդի կարգավիճակ տալու հետ կապված աշխատանքների շրջանակներում.
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ նախագծերի առաջխաղացման նպատակով.
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ փոխըմբռնման մասին հուշագրի կնքմանն ուղղված աշխատանքների շրջանակներում.
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ՝ տնտեսական զամբյուղի և տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության հարցերի մասով (մասնավորապես՝ միգրացիոն քաղաքականության, թվային տնտեսության և աշխատանքային ռեսուրսների ոլորտում).
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և այլ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների (այդ թվում՝ տարածաշրջանային), միությունների և այլն, դրանց ճյուղային մարմինների ու հաստատությունների հետ՝ Միության իրավասության սահմաններում համաշխարհային և ճյուղային բնույթի լայնամասշտաբ հարցերով, այդ թվում՝ արտասահմանյան գործընկերների առաջատար փորձի ուսումնասիրման և անդամ պետություններում ներդրման նպատակով.
Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) հետ՝ թվային էկոնոմիկայի, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման, տվյալների էկոնոմիկայի, տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ հաշվի առնելով փոխըմբռնման մասին համապատասխան հուշագիր կնքելու շուրջ բանակցությունները։
Նշված տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն ուղղված կլինի Միության՝ միջազգային լայն ճանաչման ապահովմանը, տնտեսական հարաբերությունների համաշխարհային ճարտարապետության մեջ ԵԱՏՄ-ն ներառելու խնդրի համալիր լուծմանը, արտահանման աշխարհագրության և ծավալի ընդլայնմանը, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ու տեխնոլոգիաների ներգրավմանը։
Արտասահմանում կշարունակվի եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարի մասսայականացման և պարզաբանման նպատակաուղղված աշխատանքը՝ կոնֆերանսների, ֆորումների, շնորհանդեսների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացմամբ, որոնք նվիրված կլինեն եվրասիական տնտեսական ինտեգրման թեմային այն հնարավորությունների համատեքստում, որոնք երրորդ երկրների տնտեսություններին է տրամադրում Միության միասնական շուկան:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անդամ պետությունների օժանդակությամբ կշարունակի Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի, Աստանայի տնտեսական ֆորումի, Արևելյան տնտեսական ֆորումի, «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորումի, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում անցկացվող՝ միջազգային մակարդակի այլ միջոցառումների հարթակներում Միության միջազգային օրակարգի առաջխաղացման ջանքերը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կշարունակի սերտ աշխատանքը Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի հետ և երկխոսությունն անդամ պետությունների գործարար համայնքների հետ։ Ընդ որում, կարևոր նշանակություն կունենա գործարար շրջանակների համախմբված դիրքորոշման առկայությունն արտասահմանյան գործընկերների հետ բանակցային գործընթացի ընթացքում։ Միջազգային հարթակում Միության խնդիրների արդյունավետ լուծմանը կնպաստի միջազգային միջոցառումների մասին Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդին և անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչներին տեղեկացնելու՝ իրեն դրական դրսևորած գործելակերպը՝ նշված միջոցառումներին մասնակցության համար համապատասխան գործարար պատվիրակություններ ձևավորելու նպատակով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հետևողականորեն կզարգացնի փոխգործակցությունը միջազգային գործարար և փորձագիտական համայնքի հետ, այդ թվում՝ առևտրաարդյունաբերական պալատների, գործարար համագործակցության խորհուրդների, զարգացման տարածաշրջանային բանկերի և առանցքային միջազգային դիսկուսիոն հարթակների հետ՝ ներառյալ Համաշխարհային տնտեսական ֆորումը, Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտը և այլն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կձեռնարկի միջոցներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների՝ երրորդ երկրներ գործուղումների արդյունքների մասին՝ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարություններ ուղարկվող հաշվետվությունների տեղեկատվայնության և պարբերականության բարձրացման համար։
Միության միջազգային օրակարգի նպատակներն ու խնդիրները կիրագործվեն անդամ պետությունների արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական գերատեսչությունների, դիվանագիտական և առևտրային ներկայացուցչությունների հետ սերտ փոխգործակցության միջոցով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: